ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
(օրենքը խմբ. 18.06.20 ՀՕ-346-Ն)
Ընդունված է 2004 թվականի մայիսի 25-ին
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 18.06.20 ՀՕ-346-Ն)
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Սույն օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա քաղաքացիների հոգեկան առողջության պահպանման, հոգեբուժական օգնության և սպասարկման, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների և դրանց իրականացման, պաշտպանության և սահմանափակման դեպքերի և կարգի հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. | Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին օրենսդրությունը |
1. Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին օրենսդրությունը բաղկացած է Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից և այլ իրավական ակտերից:
2. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և սույն օրենքի նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. | Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.
1) հոգեկան առողջություն` մարդու անօտարելի և անփոխանցելի ոչ նյութական բարիք, որը ներառում է շրջակա միջավայրի համապատասխան ընկալումը, սեփական ներուժը գիտակցելու, կյանքի սթրեսային վիճակները հաղթահարելու, արդյունավետ աշխատելու, ինչպես նաև հասարակական կյանքում սեփական ներդրումն ունենալու կարողությունը, կայուն հուզականության դրսևորումը և պահպանումը.
2) հոգեկան առողջության պահպանում` հոգեկան առողջության ամրապնդում, հոգեկան խանգարումների կանխարգելում, հոգեկան խանգարում ունեցող անձանց բուժում և վերականգնում, հոգեկան լիակատար բարեկեցության վիճակի ապահովում.
3) հոգեկան խանգարում` օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված հիվանդությունների դասակարգչով նախատեսված, հոգեկան և վարքային խանգարումների դասին համապատասխանող խանգարումներ.
4) հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ` անձ, որի մոտ սույն օրենքով սահմանված կարգով ախտորոշված է հոգեկան խանգարում.
5) հոգեբուժական օգնություն և սպասարկում` հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպում սույն օրենքով նախատեսված հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային պայմաններում․
6) հիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում` «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքին համապատասխան հիվանդանոցային հոգեբուժական օգնության և սպասարկման կազմակերպման պայման․
7) արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում` «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքին համապատասխան արտահիվանդանոցային հոգեբուժական օգնության և սպասարկման կազմակերպման պայման․
8) հոգեբուժական կազմակերպություն` համապատասխան տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքային հիմնարկ, որը տրամադրում է հոգեբուժական օգնություն և սպասարկում հիվանդանոցային և (կամ) արտահիվանդանոցային ձևով.
9) ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունք` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության կազմում գործող բաժանմունք, որի հիմնական խնդիրը հիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնության և սպասարկման իրականացումն է.
10) հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունք` հոգեբուժական կազմակերպության կազմում գործող բաժանմունք, որտեղ դատարանի որոշմամբ հարկադիր բուժման նպատակով գտնվում է այն անձը, որը հոգեկան վիճակով վտանգավոր է իր կամ այլ անձանց համար և պահանջում է մշտական հսկողություն և բուժում.
11) բժիշկ-հոգեբույժ` բարձրագույն բժշկական կրթություն, որակավորում ու հոգեբուժության գծով հետբուհական մասնագիտացում ստացած, հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող ֆիզիկական անձ.
12) ընտանեկան բժիշկ` բարձրագույն բժշկական կրթություն, որակավորում ստացած, վերջին հինգ տարիների ընթացքում հոգեկան առողջության վերաբերյալ թեմաներով վերապատրաստում անցած՝ առողջության առաջնային պահպանման օղակում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող ֆիզիկական անձ.
13) հոգեբան` բարձրագույն հոգեբանության կրթություն ստացած, հոգեբանական ծառայություններ իրականացնող ֆիզիկական անձ․
14) հոսպիտալացում` հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հոժարակամ կամ ոչ հոժարակամ կամ հարկադիր ձևերով ընդունում հոգեբուժական կազմակերպություն հիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում տրամադրելու նպատակով․
15) ոչ հոժարակամ բուժում` սույն օրենքով սահմանված հիմքերով առանց անձի համաձայնության նրան հոգեբուժական կազմակերպություն տեղափոխելը և հոգեբուժական հիվանդանոցային բուժման ենթարկելը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով․
16) հարկադիր հսկողություն կամ բուժում` բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու մասին դատարանի որոշման հիման վրա առանց անձի համաձայնության նրան հարկադիր արտահիվանդանոցային հսկողության կամ բուժման կամ հիվանդանոցային (ընդհանուր հսկողության հոգեբուժական կամ հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում) բուժման ենթարկելը՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով․
17) հոգեբուժական հանձնաժողով` առնվազն երկու բժիշկ-հոգեբույժներից, անհրաժեշտության դեպքում նաև այլ բժիշկ-մասնագետներից կազմված խումբ, որն ստեղծվում է հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմնի իրավական ակտով, ոչ հոժարակամ հոսպիտալացման դեպքում` յուրաքանչյուր դեպքի համար, և իրավասու է տալու անձի մոտ հոգեկան խանգարման առկայության կամ բացակայության, անձի` տվյալ հոգեվիճակում իր կամ հանրության համար վտանգ ներկայացնելու և դրանից բխող բոլոր բժշկական հարցերի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն կամ պատճառաբանված որոշում:
Երկու բժիշկ-հոգեբույժներից կազմված հոգեբուժական հանձնաժողովի բժիշկ-հոգեբույժների իրարամերժ կարծիքի դեպքում գործադիր մարմնի իրավական ակտով հանձնաժողովում ներգրավվում է երրորդ բժիշկ-հոգեբույժը․
18) իրազեկման թերթիկ` Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) հաստատած համապատասխան ձևի փաստաթուղթ, որում նշված են հոգեբուժական կազմակերպությունում հոգեբուժական օգնություն և սպասարկում ստացող անձի իրավունքները, ազատությունները և դրանց սահմանափակումները․
19) երեխա` «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված անձ․
20) ֆիզիկական զսպման միջոց` ֆիզիկական ուժի և (կամ) զսպման մեխանիկական միջոցների (գոտու, ամրակապի) կիրառումն է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին պահելու կամ շարժումների զսպման նպատակով․
21) մեկուսացման միջոց` հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի տեղավորումն է առանձնացված սենյակում նրա տեղաշարժի սահմանափակման նպատակով․
22) հանդարտեցման մեթոդ` հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին նրա կամքին հակառակ դեղերի տրամադրումն է անձի վարքագիծը մեղմելու (հանդարտեցնելու) նպատակով․
23) ֆիզիկական ուժ` ֆիզիկական զսպման միջոցի տեսակ, որն ուղղված է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի զսպմանը կամ անշարժացմանը` համաչափ ֆիզիկական ուժ գործադրելու միջոցով (ձեռքերով հսկողություն)․
24) պատշաճ ծանուցում` հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին և նրա օրինական ներկայացուցչին (առկայության դեպքում) տեղեկատվության կամ փաստաթղթի առաքում` հանձնման մասին ծանուցմամբ կամ ստացականով ստորագրությամբ առձեռն հանձնելու կամ հաղորդագրության ձևակերպում ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ (նախապես նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում` օրինական ներկայացուցչի նշած էլեկտրոնային փոստի միջոցով)․
25) իրազեկված համաձայնություն` հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի տված համաձայնությունը` նրան հասկանալի լեզվով տրամադրված ամբողջական, օբյեկտիվ և հասանելի տեղեկատվության հիման վրա․
26) կոնտակտային անձ` «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով սահմանված անձ․
27) հոգեբուժական վկայարկում՝ անձի մոտ հոգեկան խանգարման առկայությունը կամ բացակայությունը պարզելու կամ հոգեբուժական օգնության և սպասարկման անհրաժեշտությունը գնահատելու կամ հոգեբուժական օգնության և սպասարկման ձևը որոշելուն ուղղված գործընթաց․
28) հոգեբուժական հետազոտում՝ անձի հոգեկան խանգարման ախտորոշումը ճշտելուն, ինչպես նաև հոգեբուժական օգնության և սպասարկման իրականացման անհրաժեշտությունը գնահատելու նպատակով իրականացվող գործընթաց:
ԳԼՈՒԽ 2
ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 4. | Հոգեկան առողջության պահպանումը |
1. Հոգեկան առողջության պահպանումը ներառում է`
1) հոգեկան առողջության բարելավումն ու հոգեկան խանգարումների կանխարգելումը.
2) հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց անհրաժեշտ, բազմակողմանի և մատչելի հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման տրամադրման, խնամքի ու օգնության այլ ձևերի ապահովումը։
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված գործընթացն իրականացնում են հոգեբուժական կամ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները օրենքով սահմանված լիցենզիայի առկայության դեպքում:
3. Հոգեբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու կարգն ու պայմանները սահմանվում են սույն օրենքով և այլ իրավական ակտերով:
Հոդված 5. | Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները և հոգեբուժական կազմակերպության պարտականությունները |
1. Հոգեկան առողջության խնդիր ունեցող յուրաքանչյուր ոք իրավունք ունի՝ 1) ինքնուրույն լինելու և հասարակության մեջ ներգրավվելու.
2) իր նկատմամբ բարեկիրթ, մարդասիրական և արժանապատվությունը չնվաստացնող վերաբերմունք ստանալու.
3) իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ իրազեկ լինելու և դրանց պաշտպանության միջոցների ընտրություն կատարելու.
4) հիվանդանոցային հոգեբուժական կազմակերպությունում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու ընթացքում բավարար սնունդ ստանալու․
5) առողջության պահպանման, այդ թվում` շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու, ինչպես նաև սեփական միջոցների հաշվին ենթարկվելու բժշկական զննության և անհրաժեշտության դեպքում՝ բուժման իր նախընտրած բժշկի կողմից.
6) փորձաքննվելու կամ վերափորձաքննվելու բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող պետական իրավասու մարմինների կողմից.
7) ոչ հոժարակամ հոսպիտալացման նպատակով հոգեբուժական կազմակերպություն տեղափոխվելու դեպքում անհապաղ այդ մասին անձամբ տեղեկացնելու իր կոնտակտային անձին, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցչին.
8) տալու իրազեկված համաձայնություն և ցանկացած փուլում հրաժարվելու գիտական կամ փորձարարական նպատակներով կիրառվող բուժական մեթոդներից և միջոցներից.
9) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում մայրենի կամ իրեն հասկանալի լեզվով տեղեկություններ ստանալու իր առողջական վիճակի, իրավունքների, ազատությունների, դրանց սահմանափակման դեպքերի վերաբերյալ.
10) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում կոչվելու իր անվամբ կամ ազգանվամբ.
11) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում պահանջելու իր ընտրած բժիշկ-հոգեբույժի մասնակցությունը սույն օրենքով նախատեսված հոգեբուժական հանձնաժողովի աշխատանքներին.
12) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում հանգստի, ներառյալ` բացօթյա զբոսանքի կամ մարմնամարզության և ութժամյա գիշերային քնի, որի ընթացքում արգելվում է նրան ներգրավել բժշկական կամ այլ գործողություններում.
13) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում հաղորդակցվելու արտաքին աշխարհի հետ, հաստատելու նամակագրական կապ.
14) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում օգտվելու հեռախոսակապից.
15) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում հանդիպելու այցելուների հետ.
16) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում ունենալու և ձեռք բերելու առաջին անհրաժեշտության իրեր ու պարագաներ, օգտվելու անձնական հագուստից.
17) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում ստանալու իրավաբանական օգնություն, այդ թվում` «Փաստաբանության մասին» օրենքով նախատեսված հանրային պաշտպանություն․
18) անձնական ընդունելության խնդրանքով դիմելու հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմին, դրա գործունեության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններ.
19) իր իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով ինչպես անձամբ, այնպես էլ փաստաբանի կամ ներկայացուցչի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմելու հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմին, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ, դատարան, Մարդու իրավունքների պաշտպանին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ կամ միջազգային մարմիններ․
20) հոգեբուժական կազմակերպությունում ունենալու լիազոր մարմնի հաստատած պայմաններին համապատասխան կեցության պայմաններ․
21) օգտվելու օրենքով չսահմանափակված այլ իրավունքներից:
2. Հոգեբուժական կազմակերպությունը պարտավոր է`
1) հոգեբուժական կազմակերպություն ընդունված անձին, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև նրա օրինական ներկայացուցչին ծանոթացնել հոգեբուժական կազմակերպության ներքին կանոնակարգին և բուժման սխեմային․
2) սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված իրավունքի իրականացման անհնարինության դեպքում ոչ հոժարակամ հոսպիտալացման վերաբերյալ տեղեկացնել հոգեբուժական կազմակերպություն ընդունված անձի կոնտակտային անձին, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցչին` հնարավոր հասանելի եղանակով (հեռախոսային կապի, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով)․
3) հոգեբուժական կազմակերպություններում գտնվող անձանց մոտ մարմնական վնասվածքների հայտնաբերման կամ ենթադրյալ բռնությունների վերաբերյալ գանգատների դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացնել իրավապահ մարմիններին․
4) չխոչընդոտել սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված՝ սեփական միջոցների հաշվին իր նախընտրած բժշկի կողմից զննության ենթարկվելու իրավունքի իրականացմանը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված իրավունքն իրացնելու դեպքում հոգեկան առողջության խնդիր ունեցող յուրաքանչյուր ոք պետք է իրեն հասկանալի լեզվով տեղեկացվի գիտական, բժշկական կամ այլ փորձերի հնարավոր հետևանքների մասին: Գիտական, բժշկական կամ այլ փորձերի հնարավոր հետևանքների տեղեկացման կարգը և ժամկետները սահմանում է լիազոր մարմինը:
4. Հոգեբուժական կազմակերպություն ընդունված անձը, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցիչը, բժիշկ-հոգեբույժի կողմից իրազեկվում են հոգեբուժական կազմակերպություն ընդունված անձի իրավունքների, ազատությունների, դրանց սահմանափակումների մասին` սույն օրենքի հավելվածով սահմանված կարգով:
5. Հոգեբուժական կազմակերպությունում բժշկական օգնություն և սպասարկում ստացող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների իրականացման ընթացակարգը սահմանվում է սույն օրենքի հավելվածով:
6. Սույն հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով սահմանված հանգստի, ներառյալ` բացօթյա զբոսանքի, մարմնամարզության իրականացման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
7. Հոգեբուժական կազմակերպությունում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կեցությանն անհրաժեշտ պայմանները սահմանում է լիազոր մարմինը:
Հոդված 6. | Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի իրավունքների սահմանափակման դեպքերը և կարգը |
1. Սահմանափակման ենթակա՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 12-15-րդ (բացառությամբ գիշերային քնի իրավունքի) կետերով սահմանվող իրավունքները սահմանափակվում են մինչև իրավունքների սահմանափակման համար սույն հոդվածով սահմանված հիմքերի վերացումը օրենքով սահմանված դեպքում կամ հոգեբուժական հանձնաժողովի, իսկ տվյալ պահին դրա ստեղծման անհնարինության դեպքում (հոգեբուժական հանձնաժողովում ընդգրկված մասնագետների արձակուրդում գտնվելու, հիվանդության, ոչ աշխատանքային ժամի, հաստիքի թափուր լինելու դեպքերում)՝ հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժի պատճառաբանված որոշմամբ, եթե այդ իրավունքների իրականացումն իրական վտանգ է ներկայացնում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կամ շրջապատի համար: Հոգեբուժական հանձնաժողովի կամ հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժի պատճառաբանված որոշման, ինչպես նաև իրավունքների սահմանափակման պատճառների վերացման վերաբերյալ գրառում է կատարվում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի բժշկական փաստաթղթում:
2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված իրավունքը կարող է իրականացնել միայն հոգեկան առողջության խնդիր ունեցող չափահաս այն անձը, որը սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ունի իրազեկված համաձայնություն տալու իրավունք:
3. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի իրավունքի սահմանափակման վերաբերյալ պատճառաբանված որոշում կայացնելուց հետո բժիշկ-հոգեբույժը կամ հոգեբուժական հանձնաժողովը, նույն օրը գրավոր իրազեկման թերթիկ հանձնելով, տեղեկացնում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում պատշաճ ծանուցում է նաև օրինական ներկայացուցչին և նրանց հանձնում պատճառաբանված որոշման կրկնօրինակը, որի վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի բժշկական փաստաթղթում:
Հոդված 7. | Ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների և հանդարտեցման մեթոդների կիրառման կարգն ու պայմանները |
1. Հոգեբուժական հանձնաժողովի, իսկ տվյալ պահին դրա ստեղծման անհնարինության դեպքում (հոգեբուժական հանձնաժողովում ընդգրկված մասնագետների արձակուրդում գտնվելու, հիվանդության, ոչ աշխատանքային ժամի, հաստիքի թափուր լինելու դեպքերում) հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժի կամ հերթապահ բժիշկ-հոգեբույժի պատճառաբանված որոշման հիման վրա հոգեբուժական օգնություն և սպասարկում ստացող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի նկատմամբ կարող են կիրառվել ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ:
2. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի նկատմամբ ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցները կամ հանդարտեցման մեթոդները կիրառվում են իրեն կամ շրջապատին ֆիզիկական վնաս պատճառելու կամ դրա իրական սպառնալիքի դեպքում, և եթե այդ սպառնալիքի վերացմանն ուղղված այլ միջոցների (բանավոր խոսքի, ներառյալ՝ համոզելու միջոցով) կիրառումը բավարար չէ այն վերացնելու համար:
3. Ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցները կամ հանդարտեցման մեթոդները չեն կարող կիրառվել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին ծաղրուծանակի ենթարկելու, դիմադրությունը հաղթահարելուն ուղղված անհամաչափ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն գործադրելու կամ ֆիզիկական կամ հոգեկան բռնություն գործադրելու սպառնալիքի կամ պատիվը կամ արժանապատվությունը նվաստացնելու ձևով կամ պատժելու նպատակով:
4. Ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների և հանդարտեցման մեթոդների կիրառումը կարող է զուգակցվել, եթե դրանց զուգակցումից դրանց կիրառման տևողությունը կկրճատվի, կամ եթե դա անհրաժեշտ է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին կամ այլ անձանց սպառնացող վտանգը կանխելու համար:
5. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի նկատմամբ ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների և հանդարտեցման մեթոդների կիրառման բժշկական ցուցումներն են՝
1) հոգեշարժական գրգռվածությունը․
2) գիտակցության խանգարմամբ ընթացող վիճակները․
3) ծանր դիսֆորիան․
4) ագրեսիվ կամ աուտոագրեսիվ վարքը․
5) ծանր դեպրեսիվ խանգարումները` պացիենտի արտահայտված հոգեշարժական գրգռվածությամբ (աժիտացիայով) և (կամ) կայուն ինքնասպանության (սուիցիդալ) միտումներով․
6) կախյալության ծանր վիճակները նարկոլոգիական ոլորտի հիվանդների մոտ, որոնք ընթանում են հոգեշարժական գրգռվածությամբ և (կամ) ագրեսիայով, և (կամ) աուտոագրեսիայով:
6. Ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցները և հանդարտեցման մեթոդներն ընտրելիս բժիշկ-հոգեբույժը պարտավոր է հաշվի առնել դրանց կիրառման հակացուցումները:
7. Ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցները կամ հանդարտեցման մեթոդները չեն կարող կիրառվել այլ պացիենտների ներկայությամբ, բացառությամբ ֆիզիկական ուժի անհապաղ կիրառման անհրաժեշտություն առաջանալու դեպքերի, որոնք կարող են կիրառվել վարքագծի կտրուկ փոփոխության և ագրեսիվացման դեպքերում, այլ անձանց կյանքի կամ առողջության պաշտպանության և վերահաս ծանր հետևանքները կանխելու նպատակով:
8. Աշխատանքային օրերին և ժամերին ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների և հանդարտեցման դեղորայքային մեթոդների կիրառման յուրաքանչյուր դեպքի մասին անմիջապես զեկուցվում է հոգեբուժական կազմակերպության բաժանմունքի վարիչին և հոգեբուժական կազմակերպության տնօրենին, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին` հաջորդ աշխատանքային օրը:
9. Բժիշկ-հոգեբույժը`
1) ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ կիրառելու դեպքում նույն օրը դրանց կիրառումը հիմնավորող գրառում է կատարում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի բժշկական փաստաթղթում, ինչպես նաև ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ կիրառելու վերաբերյալ հաշվառման մատյանում․
2) երեխայի, ինչպես նաև անգործունակ ճանաչված անձանց նկատմամբ ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ կիրառելու դեպքում դրա մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցում է նրանց օրինական ներկայացուցիչներին:
10. Ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ կիրառելու վերաբերյալ հաշվառման մատյանի ձևը հաստատում է լիազոր մարմինը:
11. Ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցների կամ հանդարտեցման մեթոդների կիրառման ամբողջ ժամանակահատվածում պացիենտը մշտապես բուժանձնակազմի հսկողության տակ է:
12. Եթե ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցների կամ հանդարտեցման մեթոդների կիրառումը արդյունք չի տալիս, ապա հոգեբուժական հանձնաժողովը, իսկ տվյալ պահին դրա ստեղծման անհնարինության դեպքում հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժը կամ հերթապահ բժիշկ-հոգեբույժը ընդունում է ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցների կամ հանդարտեցման մեթոդների կիրառումը շարունակելու մասին որոշում և յուրաքանչյուր դեպքի մասին աշխատանքային օրերին և ժամերին զեկուցում է հոգեբուժական կազմակերպության բաժանմունքի վարիչին և հոգեբուժական կազմակերպության տնօրենին, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին կիրառելու դեպքում զեկուցում է հաջորդ աշխատանքային օրը:
Հոդված 8. | Ֆիզիկական զսպման միջոցների կիրառման առանձնահատկությունները |
1. Ֆիզիկական զսպումը մեխանիկական միջոցներով իրականացնելիս կիրառվում են տարբեր նյութերից պատրաստված ոչ տրավմատիկ, հարմարավետ օգտագործմամբ ամրակապեր, գոտիներ, հատուկ հագուստներ:
2. Ֆիզիկական զսպման մեխանիկական միջոցները պետք է լինեն հեշտությամբ արձակվող և չպետք է ցավ պատճառեն հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին:
3. Եթե ֆիզիկական զսպումն իրականացվում է ֆիզիկական ուժ գործադրելու միջոցով, ապա դա պետք է իրականացվի այնպես, որ չոտնահարվի հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի արժանապատվությունը, և նվազագույնի հասցվեն հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին վնասելու կամ ցավ պատճառելու ռիսկերը:
4. 24 ժամվա ընթացքում ֆիզիկական զսպման կիրառման ընդհանուր տևողությունը չպետք է գերազանցի`
1) 18 տարեկանից բարձր անձանց համար` չորս ժամը․
2) 9-17 տարեկան անձանց համար` երկու ժամը:
5. Մինչև ինը տարեկան անձի նկատմամբ արգելվում է կիրառել ֆիզիկական զսպման մեխանիկական միջոցներ:
6. Ֆիզիկական զսպումն իրականացնում է միջին և կրտսեր բուժանձնակազմը` բուժող բժիշկ-հոգեբույժի կամ հերթապահ բժիշկ-հոգեբույժի հսկողությամբ:
7. Ոչ ուշ, քան 30 րոպե պարբերականությամբ բժիշկ-հոգեբույժը զննում է հոգեկան առողջության խնդիր ունեցող ֆիզիկական զսպման ենթարկված անձին, որի ընթացքում ստուգվում են կապերի ամրությունը, վերջույթների արտաքին տեսքը (գունավորումը, հնարավոր այտուցվածությունը), վերջույթների ջերմությունը, կապիչից ստորև գտնվող վերջույթների անոթազարկը, կապիչի տեղադրման հատվածում ցավի զգացողությունը, կապիչից ստորև վերջույթների զգայունությունը, և ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ կիրառելու վերաբերյալ հաշվառման մատյանում կատարում է համապատասխան գրառում:
8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված պարբերականությամբ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի զննությամբ բժիշկ-հոգեբույժը պարզում է ֆիզիկական զսպման միջոցների կիրառումը շարունակելու անհրաժեշտության հարցը: Ֆիզիկական զսպման միջոցների կիրառման պատճառների վերացման դեպքում հոգեբուժական հանձնաժողովը, իսկ տվյալ պահին դրա ստեղծման անհնարինության դեպքում հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժը կամ հերթապահ բժիշկ-հոգեբույժը որոշում է ֆիզիկական զսպման միջոցների կիրառումը դադարեցնել:
Հոդված 9. | Հանդարտեցման մեթոդների կիրառման առանձնահատկությունները |
1. Հանդարտեցման նպատակով տրամադրվում են լիազոր մարմնի կողմից հաստատած ցանկով սահմանված դեղերը:
2. Եթե պերօրալ դեղերի ընդունումն անհնարին է, կամ անհրաժեշտ է սեդատիվ էֆեկտի արագ ստացում, ապա կիրառվում է պարենտերալ ճանապարհը (միջմկանային կամ ներերակային):
3. Հանդարտեցնող դեղերի կողմնակի ազդեցությունները կառավարելու նպատակով կարող են կիրառվել կողմնակի ազդեցությունները շտկող՝ կորեկտորներ հանդիսացող դեղեր, ինչպես նաև հնարավոր մարմնական (սոմատիկ) խնդիրների դեպքում` սոմատիկ վիճակը կարգավորող դեղեր` ըստ բժշկական ցուցումների:
4. Դեղորայքային հանդարտեցման միջոցներ կիրառող բժիշկը պարտավոր է ոչ ուշ, քան մեկ ժամ պարբերականությամբ զննել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին (անոթազարկը, շնչառության արագությունը, մարմնի ջերմաստիճանը, հիդրատացիայի աստիճանը և գիտակցության մակարդակը) և ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ կիրառելու վերաբերյալ հաշվառման մատյանում կատարել համապատասխան գրառում:
5. Հանդարտեցման մեթոդի կիրառմամբ անհրաժեշտ հանգստացնող (սեդատիվ) արդյունքի հասնելուց անմիջապես հետո ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցները պետք է անհապաղ դադարեցվեն, եթե այդպիսիք կիրառվել են:
Հոդված 10. | Մեկուսացման միջոցների կիրառման առանձնահատկությունները |
1. Մեկուսացման միջոցների կիրառումն իրականացվում է այդ նպատակով առանձնացված, հատուկ կահավորում ունեցող սենյակում:
2. Մեկուսացման միջոցների կիրառման դեպքում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը պետք է լինի մշտական հսկողության ներքո: Սույն դեպքում համապատասխան բուժաշխատողը պետք է գտնվի մեկուսացման սենյակից դուրս կամ մեկուսացման սենյակի հետ ընդհանուր պատուհանով միացված հարևան սենյակում այնպես, որ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը հնարավորություն ունենա ամբողջությամբ տեսնելու բուժաշխատողին, իսկ բուժաշխատողը հնարավորության ունենա հսկելու և լսելու հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին: Տեսանկարահանման միջոցները չեն կարող փոխարինել անձնակազմի մշտական ներկայությանը:
3. Մեկուսացման միջոցները 24 ժամվա ընթացքում կիրառվում են 18 տարեկանից բարձր անձանց համար՝ առավելագույնը չորս ժամ տևողությամբ, իսկ 9-17 տարեկան անձանց համար` առավելագույնը երկու ժամ տևողությամբ:
4. Մինչև ինը տարեկան անձի նկատմամբ արգելվում է կիրառել մեկուսացման միջոցներ:
Հոդված 11. | Պետության կողմից տրամադրվող երաշխիքները հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնելիս և հոգեբուժական օգնության և սպասարկման իրականացումը վճարովի հիմունքներով |
1. Պետությունը երաշխավորում է պետության միջոցների հաշվին` Սահմանադրությամբ նախատեսված բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրումը` մարդասիրության ու մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների հիման վրա:
2. Օրենսդրությամբ նախատեսված կարգով և դեպքերում պետությունը յուրաքանչյուր հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար երաշխավորում է`
1) բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում անհետաձգելի հոգեբուժական օգնությունը և սպասարկումը, ինչպես նաև հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնությունը և սպասարկումը.
2) բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում հոգեբուժական փորձաքննության բոլոր ձևերի իրականացումը, ժամանակավոր անաշխատունակության փորձաքննության իրականացումը.
3) հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց՝ օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալ-կենցաղային վիճակին օժանդակությունը.
4) խնամակալությունը.
5) իրավական հարցերով օժանդակությունը հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ժամանակահատվածում.
6) հոգեկան առողջության խնդիր ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց ուսուցումը և խնամքը.
7) արտակարգ իրավիճակների ժամանակ հոգեբուժական օգնության և սպասարկման կազմակերպումը.
8) Կառավարության սահմանած կարգին համապատասխան՝ դեղերի անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրումը:
3. Իրավաբանական անվճար օգնությունը հոգեբուժական կազմակերպությունում բժշկական օգնություն և սպասարկում ստացող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա տրամադրում է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի նշանակած փաստաբանը:
4. Հոգեբուժական կազմակերպությունները պետության կողմից երաշխավորված անվճար հոգեբուժական օգնությունը և սպասարկումը իրականացնում են լիազոր մարմնի հետ կնքած պայմանագրով նախատեսված հոգեբուժական բժշկական և հարբժշկական օգնության և սպասարկման տեսակների և ծավալների շրջանակներում:
5. Լիազոր մարմնի հետ կնքած պայմանագրում չընդգրկված հոգեբուժական բժշկական և հարբժշկական օգնության և սպասարկման տեսակները և ծավալներն իրականացվում են վճարովի հիմունքներով: Հոգեբուժական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների մատուցման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
6. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց անհետաձգելի հոգեբուժական օգնությունը և սպասարկումը տրամադրվում են անվճար հիմունքներով:
7. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հոգեբուժական օգնության և սպասարկման կազմակերպումն ու իրականացումը նկարագրող և կանոնակարգող չափորոշիչը հաստատում է լիազոր մարմինը:
8. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով սահմանված միջոցառումներն իրականացնում է աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառի պետական կառավարման մարմինը:
Հոդված 12. | Կառավարության լիազորությունները հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հոգեբուժական օգնության և սպասարկման և սոցիալական պաշտպանության ոլորտում |
1. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հոգեբուժական օգնությունը և սպասարկումը, սոցիալական պաշտպանությունն ապահովելու նպատակով Կառավարությունը`
1) ստեղծում է հիվանդանոցային և արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մեծահասակների և երեխաների համար․
2) ապահովում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հանրակրթական և մասնագիտական ուսուցումը.
3) ստեղծում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց բուժական-արտադրական ուղղվածության կազմակերպություններ, ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային թերապիայի, նոր մասնագիտությունների տիրապետման և զբաղվածության ապահովման համար միջոցներ է ձեռնարկում աշխատանքի հարմարեցված պայմաններով աշխատատեղեր կամ հատուկ արտադրամասեր ստեղծելու ուղղությամբ.
4) ստեղծում է կացարաններ սոցիալական կապերը կորցրած հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց համար.
ԳԼՈՒԽ 3
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՁԻ ՄՈՏ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄԸ ԱԽՏՈՐՈՇԵԼՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 13. | Հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնողները |
1. Հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են բժիշկ-հոգեբույժները և ընտանեկան բժիշկները` մասնագիտական անհրաժեշտության դեպքում համագործակցելով հոգեբանի, ինչպես նաև այլ բժիշկ-մասնագետների հետ:
2. Ընտանեկան բժշկի կողմից տրամադրվող հոգեբուժական օգնության և սպասարկման ծավալը և կարգը սահմանում է լիազոր մարմինը:
Հոդված 14. | Հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնողների անկախությունը |
1. Հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնելիս հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնողներն անկախ են իրենց կայացրած մասնագիտական որոշումներում և ղեկավարվում են մարդասիրության, բժշկական էթիկայի, պացիենտի լավագույն շահերով առաջնորդվելու սկզբունքներով:
2. Բժիշկ-հոգեբույժը, որի կարծիքը չի համընկնում հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությանը, իրավունք ունի կազմելու սեփական եզրակացությունը, որը պարտադիր կցվում է հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությանը և հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի բժշկական փաստաթղթին:
Հոդված 15. | Անձի մոտ հոգեկան խանգարում ախտորոշելուն ներկայացվող պահանջը |
1. Անձի մոտ հոգեկան խանգարում կարող է ախտորոշել միայն բժիշկ-հոգեբույժը:
2. Անձի հոգեկան առողջության վերաբերյալ այլ բժիշկ-մասնագետի (ոչ բժիշկ-հոգեբույժի) եզրակացությունը հիմք չէ անձի մոտ հոգեկան խանգարում ախտորոշելու համար:
ԳԼՈՒԽ 4
ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Հոդված 16. | Անձի հոգեկան առողջության վերաբերյալ տեղեկություններ փոխանցելուն ներկայացվող պահանջները |
1. Անձի` բժիշկ-հոգեբույժին կամ հոգեբուժական կազմակերպություն դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունները բժշկական գաղտնիք են: Այդպիսի տեղեկությունները տրամադրվում են հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` օրինական ներկայացուցչին` նրանց պահանջով: Բժշկական գաղտնիք համարվող տեղեկություններն առանց անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ առանց օրինական ներկայացուցչի համաձայնության, կարող են փոխանցվել այլ անձանց կամ մարմիններին՝ միայն օրենքով նախատեսված դեպքերում:
2. Բժշկական գաղտնիք համարվող տվյալները կարող են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով նախատեսված կարգով փոխանցվել միայն`
1) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այլ անձանց կամ կազմակերպություններին (հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կյանքին սպառնացող վիճակի կամ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության կամ դրա կասկածի դեպքում, կամ եթե հոգեկան առողջության խնդիր ունեցող անձն իր հոգեկան վիճակով ունակ չէ հասկանալու և համաձայնություն տալու անձնական տվյալների փոխանցմանը և չունի օրինական ներկայացուցիչ) ախտորոշման կամ հետազոտման կամ բուժման նպատակով, եթե առկա է մասնագիտական անհրաժեշտություն, այն է` առանց այդ տեղեկությունների հնարավոր չէ իրականացնել անձի պատշաճ ախտորոշումը կամ հետազոտումը կամ բուժումը․
2) լիազոր մարմնին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համաձայն` պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին կնքված պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի և որակի ստուգման աշխատանքներ իրականացնելիս․
3) հետաքննության մարմնին (օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին), քննիչին, դատախազին, դատարանին` իրենց վարույթային պարտականությունները կատարելիս․
4) արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկին, արդարադատության նախարարության քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին` օրենքով նախատեսված դեպքերում․
5) զինվորական կոմիսարիատների և այլ ռազմաբժշկական հանձնաժողովների հարցման դեպքում` ռազմաբժշկական փորձաքննություն անցկացնելու նպատակով․
6) առողջապահության բնագավառի վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի հարցման դեպքում` առողջապահության, սանիտարահամաճարակային անվտանգության, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` աշխատանքի անվտանգության ապահովման և աշխատողների առողջության պահպանման նորմերի կիրառման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելիս․
7) ոստիկանությանը՝ վարորդական իրավունք տրամադրելու (փոխանակելու), զենքի շրջանառությունը վերահսկելու, հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման նպատակներով․
8) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
3. Հոգեբուժական կազմակերպություններում բժշկական գաղտնիք համարվող տվյալները պահպանվում են Կառավարության՝ պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկով առողջապահության ոլորտի փաստաթղթերի պահպանության համար սահմանված ժամկետներով:
4. Բժշկական գաղտնիք համարվող տվյալներ մշակողները պարտավոր են պահպանել իրենց աշխատանքային կամ պաշտոնեական պարտականությունների կատարման ընթացքում հայտնի դարձած բժշկական գաղտնիք հանդիսացող տվյալները: «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով նախատեսված պահանջների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
ԳԼՈՒԽ 5
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Հոդված 17. | Հոգեբուժական օգնություն և սպասարկում տրամադրելուն ներկայացվող ընդհանուր պահանջները և հոգեբուժական օգնություն և սպասարկում ստանալու համաձայնությունը |
1. Հոգեբուժական օգնությունը և սպասարկումն իրականացվում են հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` օրինական ներկայացուցչի գրավոր իրազեկված համաձայնության (դիմումի) դեպքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
2. 16 տարին լրացած երեխան կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձը հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ գրավոր իրազեկված համաձայնությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, տալիս է, եթե`
1) բժիշկ-հոգեբույժի կարծիքով 16 տարին լրացած երեխան կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձն ունակ է հասկանալու հոգեբուժական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետևանքները․
2) այդ տեղեկությունները չեն վնասի 16 տարին լրացած երեխային կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձին․
3) կդյուրացնեն նրանց հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրումը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանների բացակայության դեպքում 16 տարին լրացած երեխայի կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով, եթե հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությամբ նրանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել հոգեբուժական միջամտություն:
4. 16 տարին չլրացած երեխայի գրավոր իրազեկված համաձայնությունը տալիս է նրա օրինական ներկայացուցիչը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
5. Երեխայի կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի հոգեբուժական օգնությունը և սպասարկումն իրականացնելիս նրա կարծիքն ամրագրելը պարտադիր է:
6. Հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման շրջանակում հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժը պարտավոր է անձին, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ նաև օրինական ներկայացուցչին`
1) ներկայանալ որպես բժիշկ-հոգեբույժ․
2) տրամադրել տեղեկություններ հոգեկան խանգարման բնույթի, առաջարկվող բուժման նպատակի, մեթոդաբանության, տևողության, ինչպես նաև կողմնակի ազդեցության և ակնկալվող արդյունքների, հոգեբուժական օգնությունից և սպասարկումից հրաժարվելու և դրա հետևանքների մասին ու դրանց վերաբերյալ բժշկական փաստաթղթում կատարել համապատասխան գրառումներ և հաստատել դրանք ստորագրությամբ՝ լիազոր մարմնի սահմանած կարգով:
7. Հոգեբուժական օգնություն և սպասարկում ստանալու համար դիմած անձը, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցիչը, իրավունք ունեն ցանկացած պահի հրաժարվելու հոգեբուժական օգնություն և սպասարկում ստանալուց կամ պահանջելու դադարեցնել այն, բացառությամբ oրենքով նախատեսված դեպքերի: Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ նաև օրինական ներկայացուցչին, բժիշկ-հոգեբույժը պետք է պարզաբանի հոգեբուժական օգնությունից և սպասարկումից հրաժարվելու հնարավոր հետևանքները:
8. Հոգեբուժական օգնությունից և սպասարկումից հրաժարվելու փաստը բժիշկ-հոգեբույժը գրառում է անձի բժշկական փաստաթղթում, և այն հաստատվում է բժիշկ-հոգեբույժի և հրաժարվող անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցչի ստորագրությամբ:
9. Հոգեբուժական օգնություն և սպասարկում տրամադրելու վերաբերյալ տվյալները բժիշկ-հոգեբույժը գրառում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի բժշկական փաստաթղթում և այն հաստատում ստորագրությամբ:
10. Բժշկական փաստաթղթի ձևերը, դրանց լրացման կարգը հաստատում է լիազոր մարմինը:
Հոդված 18. | Հիվանդանոցային և արտահիվանդանոցային հոգեբուժական օգնության և սպասարկման ձևերը և դրանց բովանդակությունը |
1. Հոգեբուժական օգնությունը և սպասարկումն իրականացվում են արտահիվանդանոցային և հիվանդանոցային ձևերով:
2. Արտահիվանդանոցային հոգեբուժական օգնությունը և սպասարկումը ներառում են՝
1) հոգեբուժական վկայարկումը.
2) ախտորոշման նպատակով հետազոտումը․
3) հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հաշվառումը.
4) հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց խորհրդատվական բժշկական օգնության տրամադրումը.
5) հաշվառման մեջ գտնվող` հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց արտահիվանդանոցային շարունակական բուժումը և հսկողությունը.
6) արտահիվանդանոցային փորձաքննությունը.
7) հարկադիր բուժումը և հսկողությունը` դատարանի որոշման հիման վրա․
8) առողջ ապրելակերպի մասին քարոզչությունը․
9) բժշկական ցուցումների համաձայն ուղեգրումը հիվանդանոցային պայմաններում հետազոտման, բուժման կամ մասնագիտական խնամքի նպատակով:
3. Հիվանդանոցային հոգեբուժական օգնությունը և սպասարկումը ներառում են`
1) հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց ընդունումը.
2) հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հետազոտումը․
3) հիվանդանոցային բուժումը.
4) հիվանդանոցային փորձաքննությունը.
5) հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց դուրսգրումը.
6) հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հիվանդանոցային մասնագիտացված խնամքը.
7) ոչ հոժարակամ հոսպիտալացումը կամ հարկադիր բուժումը` դատարանի որոշման հիման վրա:
4. Արտահիվանդանոցային և հիվանդանոցային հոգեբուժական օգնության և սպասարկման իրականացման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
5. Զինծառայողների հոգեբուժական օգնության և սպասարկման իրականացման առանձնահատկությունները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով:
Հոդված 19. | Հոգեբուժական վկայարկումը |
1. Հոգեբուժական վկայարկումն իրականացվում է անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցչի իրազեկված համաձայնությամբ:
2. Հոգեբուժական վկայարկումն իրականացվում է առանց անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` առանց օրինական ներկայացուցչի համաձայնության, այն դեպքերում, երբ անձի գործողությունները հիմք են տալիս ենթադրելու, որ անձն ունի հոգեկան խանգարում, որի հետևանքով նա վտանգ է ներկայացնում իր կամ այլ անձանց համար։
3. Եթե բժիշկ-հոգեբույժը հոգեբուժական վկայարկմամբ հաստատում է, որ անձը, իր ներկա հոգեկան վիճակով պայմանավորված, վտանգ է ներկայացնում իր կամ այլ անձանց համար, ապա նա հոսպիտալացվում է հոժարակամ կամ սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով:
Հոդված 20. | Հոգեբուժական հետազոտումը և բուժումը |
1. Հոգեբուժական հետազոտումն իրականացվում է անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցչի գրավոր իրազեկված համաձայնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
2. Հոգեբուժական հետազոտման (ներառյալ՝ ախտորոշման) կամ բուժման իրականացումը չի կարող պայմանավորվել հասարակության ընդունած բարոյական կամ մշակութային կամ քաղաքական կամ կրոնական արժեքների հետ անձի անհամաձայնության կամ հոգեկան առողջության հետ անմիջական կապ չունեցող այլ պատճառներով:
3. Հոգեբուժական հետազոտման (ներառյալ՝ ախտորոշման) և բուժման մեթոդները, կիրառվող դեղերը, բժշկական նշանակության ապրանքները կարող են օգտագործվել բացառապես ախտորոշիչ և բուժական նպատակներով՝ հոգեկան խանգարման բնույթին և դրա բուժման համար անհրաժեշտ միջոցներին համապատասխան, և որևէ դեպքում չեն կարող կիրառվել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին պատժելու նպատակով կամ այլ անձանց կողմից հետապնդվող այլ նպատակներով:
Հոդված 21. | Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հաշվառումը |
1. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձինք հոգեբուժական կազմակերպությունների կողմից ենթակա են հաշվառման:
2. Անձին հոգեբուժական կազմակերպությունում հաշվառելու հիմք է նրա մոտ առաջին անգամ ախտորոշված հոգեկան խանգարման առկայությունը:
3. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հաշվառումից հանելու հիմք են`
1) հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մահը.
2) հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը` հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի համաձայն․
3) հոգեբուժական հանձնաժողովի գրավոր տված «Ներկայում հոգեպես առողջ է» եզրակացությունը:
4. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին հոգեբուժական կազմակերպությունում հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը հաստատում է լիազոր մարմինը:
Հոդված 22. | Հոժարակամ հոսպիտալացման հիմքերը |
1. Ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունք հոժարակամ հոսպիտալացման հիմք են անձի հոգեկան խանգարման առկայությունը և բժիշկ-հոգեբույժի` անձի հիվանդանոցային ձևով հետազոտության կամ բուժման անհրաժեշտության մասին եզրակացությունը կամ օրենսդրությամբ սահմանված դեպքերում փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտությունը: Փորձաքննության իրականացման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
2. Ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունք հոժարակամ հոսպիտալացումը կարող է իրականացվել միայն անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի կամ գրավոր իրազեկված համաձայնության հիման վրա: Անգործունակ ճանաչված անձին, սույն հոդվածին համապատասխան, ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունք հոսպիտալացնելուց հետո խնամակալը այդ մասին «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է խնամակալության և հոգաբարձության մարմնին:
3. Առանց անձը հաստատող փաստաթղթի անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում բժիշկ-հոգեբույժը կամ հոգեբուժական հանձնաժողովը գրավոր տեղեկացնում է իրավապահ մարմիններին հոսպիտալացման փաստի վերաբերյալ:
4. Եթե հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը օտարերկրացի է, ապա հոգեբուժական կազմակերպության գործադիր տնօրենը նույն օրը, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին` հաջորդ աշխատանքային օրը միաժամանակ գրավոր տեղեկացնում է նաև լիազոր մարմնին, որն էլ իր հերթին այդ մասին հայտնում է արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման մարմնին:
Հոդված 23. | Հոժարակամ հոսպիտալացված անձի դուրսգրումը |
1. Ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքից հոժարակամ հոսպիտալացված հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի դուրսգրումը իրականացվում է`
1) անձի ցանկությամբ կամ
2) անձի առողջացման և հոգեկան վիճակի բավարար լինելու դեպքում, եթե վերացել է հետագա հիվանդանոցային ձևով բուժման անհրաժեշտությունը` բժիշկ-հոգեբույժի եզրակացության հիման վրա, կամ
3) հետազոտման կամ փորձաքննության ժամկետները ավարտվելու դեպքում:
2. Դուրսգրումից առաջ հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմինը պատշաճ ծանուցում է անգործունակ ճանաչված անձի կամ երեխայի օրինական ներկայացուցչին` ծանուցման մեջ նշելով դուրսգրման օրը, ամիսը տարին և ժամը:
3. Ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունք հոժարակամ հոսպիտալացված հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցիչը, իրավունք ունեն ցանկացած պահի հրաժարվելու հոգեբուժական օգնություն և սպասարկում ստանալուց կամ պահանջելու դադարեցնել այն:
Հոդված 24. | Ոչ հոժարակամ հոսպիտալացման հիմքը և կարգը |
1. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձն առանց իր, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցչի համաձայնության հոգեբուժական վկայարկման արդյունքով կարող է ոչ հոժարակամ հոսպիտալացվել` hոգեկան առողջության խնդիր ունեցող անձից բխող վտանգը (ներառյալ՝ իր կամ այլ անձանց կյանքի կամ առողջության համար) կանխելու նպատակով, եթե առանց հոսպիտալացման անձի բուժումն արդյունավետ չի կարող կազմակերպվել, և հոգեբուժական օգնության ուշացումը կարող է վտանգ ներկայացնել անձի կյանքին, առողջությանը կամ շրջապատին:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում հոսպիտալացվելուց հետո՝ 72 ժամվա ընթացքում`
1) հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին պարտադիր հետազոտում է հոգեբուժական հանձնաժողովը, և
2) ոչ հոժարակամ հոսպիտալացման հիմնավորվածությունը մասնագիտական հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությամբ հաստատվելու դեպքում հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմինը դիմում է դատարան` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով անձին հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկելու համար: Սույն մասով նախատեսված դեպքերում մինչև դատարանի կողմից ոչ հոժարակամ կարգով հոսպիտալացնելու վերաբերյալ բուժման ենթարկելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելը հոգեբուժական կազմակերպությունում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին առանց նրա իրազեկված համաձայնության տրամադրվում են միայն շտապ և անհետաձգելի հոգեբուժական օգնություն և սպասարկում:
3. Հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժում իրականացնող բժիշկ-հոգեբույժը ամիսը առնվազն մեկ անգամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի վիճակի մասին մասնագիտական գրավոր կարծիք է ներկայացնում հոգեբուժական կազմակերպության հոգեբուժական հանձնաժողով անձի նկատմամբ ոչ հոժարակամ բուժումը շարունակելու կամ դադարեցնելու հետ կապված հարցերը լուծելու նպատակով: Հոգեբուժական հանձնաժողովը մասնագիտական կարծիքն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, քննում և տալիս է եզրակացություն ոչ հոժարակամ բուժումը շարունակելու կամ դադարեցնելու մասին:
4. Ոչ հոժարակամ բուժումը կարող է տևել ոչ ավելի, քան վեց ամիս: Եթե վեց ամիսը լրանալու դեպքում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մոտ չեն վերացել ոչ հոժարակամ բուժման՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերը, ապա վեցամսյա ժամկետը լրանալուց հետո՝ 72 ժամվա ընթացքում, հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմինը դիմում է ներկայացնում դատարան՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով անձին հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկելու պահանջով: Սույն մասով նախատեսված դեպքերում մինչև դատարանի կողմից ոչ հոժարակամ կարգով հոսպիտալացնելու վերաբերյալ բուժման ենթարկելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելը հոգեբուժական կազմակերպությունում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին առանց նրա իրազեկված համաձայնության տրամադրվում են միայն շտապ և անհետաձգելի հոգեբուժական օգնություն և սպասարկում:
5. Մինչև սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված վեցամսյա ժամկետի լրանալը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մոտ ոչ հոժարակամ բուժման օրենքով սահմանված հիմքերը վերանալու դեպքում հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմինը դիմում է դատարան` անձին հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելու պահանջով:
Հոդված 25. | Դատահոգեբուժական փորձաքննության տեսակները և դրա իրականացման առանձնահատկությունները |
1. Դատահոգեբուժական փորձաքննությունը կարող է իրականացվել ինչպես հիվանդանոցային պայմաններում (հիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննություն), այնպես էլ արտահիվանդանոցային պայմաններում (արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննություն):
2. Դատահոգեբուժական փորձաքննությունը նշանակվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքերով սահմանված դեպքերում և կարգով` համապատասխան իրավասություն ունեցող մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման հիման վրա:
3. Դատահոգեբուժական փորձաքննությունը կարող է իրականացնել միայն բժիշկ-հոգեբույժներից, իսկ փորձաքննություն նշանակելու որոշման մեջ նախատեսված լինելու դեպքում` նաև այլ բժիշկ-մասնագետներից կազմված փորձագետների հանձնաժողովը: Փորձագետների հանձնաժողովի եզրակացությունը հաստատվում է դրա անդամների ստորագրությամբ:
4. Դատահոգեբուժական փորձաքննություն իրականացնող (փորձագետների) հանձնաժողովը պետք է բաղկացած լինի առնվազն երկու բժիշկ-հոգեբույժներից:
5. Հիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունն իրականացվում է մինչև 45-օրյա ժամկետում, իսկ արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունն իրականացվում է 25-օրյա ժամկետում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանված հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման փուլում նշանակված փորձաքննությունների, որոնց դեպքում հիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունն իրականացվում է մինչև 24-օրյա ժամկետում, իսկ արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունն իրականացվում է 15-օրյա ժամկետում:
6. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության կարգով նշանակված դատահոգեբուժական փորձաքննության իրականացմանը փորձաքննության ենթարկվող անձի ներկայանալն ապահովում է փորձաքննություն նշանակելու իրավասություն ունեցող մարմինը, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և վարչական դատավարության կարգերով նշանակված դատահոգեբուժական փորձաքննության իրականացմանը` համապատասխան դատավարության կողմը:
7. Դատահոգեբուժական փորձաքննության համար ներկայացված անձը չի ենթարկվում փորձաքննության անձը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում, կամ երբ հնարավոր չէ ներկայացված փաստաթղթերի հիման վրա հավաստիանալ, որ փորձաքննությանը ներկայացված անձը այն անձն է, որը նշված է փորձաքննություն նշանակելու մասին որոշման մեջ:
8. Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը տրվում է փորձաքննության ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
9. Եթե դատահոգեբուժական փորձաքննության արդյունքով փորձագետները հանգել են միասնական կարծիքի, ապա կազմվում է մեկ միասնական եզրակացություն, որն ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները: Դատահոգեբուժական փորձաքննության արդյունքների վերաբերյալ հատուկ կարծիք ունենալու դեպքում նման կարծիք ունեցող փորձագետը կազմում է առանձին եզրակացություն, որը հաստատվում է նրա ստորագրությամբ:
10. Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաև հատուկ կարծիք պարունակող եզրակացությունը կազմվում են երեք օրինակից, որից մեկը տրվում է դատահոգեբուժական փորձաքննություն նշանակած պաշտոնատար անձին (մարմնին), մյուս օրինակը կցվում է փորձաքննության ենթարկված անձի բժշկական փաստաթղթերին, երրորդ օրինակը տրամադրվում է դատահոգեբուժական փորձաքննության ենթարկված անձին:
Հոդված 26. | Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հարկադիր հսկողությունը կամ բուժումը |
1. Անձին հարկադիր արտահիվանդանոցային հսկողության կամ բուժման կամ հիվանդանոցային բուժման ընդունելու համար հիմք է տվյալ անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու մասին դատարանի որոշումը: Անձի հարկադիր արտահիվանդանոցային հսկողությանը կամ բուժմանը կամ հիվանդանոցային (ընդհանուր հսկողության հոգեբուժական կամ հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում) բուժմանը ներկայացվող ընդհանուր պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով:
2. Հարկադիր արտահիվանդանոցային հսկողության կամ բուժման կամ հիվանդանոցային բուժման ընդունվելիս հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը սույն օրենքով սահմանված կարգով տեղեկացվում է իր իրավունքների, ազատությունների, դրանց սահմանափակումների, հարկադիր հսկողություն կամ բուժում ստանալու նպատակի և պատճառների մասին:
3. Հարկադիր արտահիվանդանոցային հսկողության և բուժման նպատակով հոգեբուժական կազմակերպություն հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի այցերի հաճախականությունը սահմանում է բժիշկ-հոգեբույժը՝ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հոգեկան վիճակին համապատասխան, ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:
4. Հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն կամ բուժում կամ հիվանդանոցային բուժում իրականացնող բժիշկ-հոգեբույժը առնվազն վեց ամիսը մեկ անգամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հոգեկան վիճակի մասին մասնագիտական գրավոր կարծիք է ներկայացնում հոգեբուժական կազմակերպության հոգեբուժական հանձնաժողով` անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելը շարունակելու կամ փոխելու կամ դադարեցնելու հետ կապված հարցերը լուծելու նպատակով: Հոգեբուժական հանձնաժողովը մասնագիտական կարծիքն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, քննում և տալիս է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելը շարունակելու կամ փոխելու կամ դադարեցնելու մասին եզրակացություն:
5. Հոգեբուժական հանձնաժողովի կողմից բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները փոխվելու կամ դադարեցվելու մասին եզրակացություն տրվելու դեպքում տվյալ հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում, կցելով հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությունը, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները փոխելու կամ դադարեցնելու մասին միջնորդություն է ներկայացնում դատարան։
6. Հարկադրանքի միջոցը փոխելու կամ դադարեցնելու դեպքում տվյալ հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմինը երկօրյա ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացնում է անձի բնակության վայրի ոստիկանության ստորաբաժանմանը:
7. Սույն օրենքով սահմանված դրույթները այնքանով, որքանով կիրառելի են, տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 459-րդ հոդվածով սահմանված՝ որպես անվտանգության միջոց անձին հոգեբուժական կազմակերպությունում տեղավորելու դեպքերի վրա:
ԳԼՈՒԽ 6
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ) ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 27. | Հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնողների գործողությունների բողոքարկումը և պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար |
1. Հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնողների գործողությունները (անգործությունը), որոշումները, մասնագիտական եզրակացությունները կարող են բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
2. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն:
ԳԼՈՒԽ 7
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ) ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ
Հոդված 28. | Հոգեբուժական օգնության և սպասարկման իրականացման նկատմամբ պետական վերահսկողությունը |
1. Հոգեբուժական օգնության և սպասարկման իրականացման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է առողջապահության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:
Հոդված 29. | Հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնողների գործողությունների (ներառյալ՝ անգործության) նկատմամբ հասարակական մշտադիտարկումը |
1. Հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնողների գործողությունների (անգործության) նկատմամբ հասարակական մշտադիտարկումն իրականացվում է լիազոր մարմնի կազմավորած հասարակական դիտորդների խմբի միջոցով:
2. Հասարակական դիտորդների խմբի անդամների թիվը չի կարող գերազանցել քսանմեկը: Հասարակական դիտորդների խմբի անդամի լիազորությունների ժամկետը երեք տարի է:
3. Հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնողների գործողությունների (ներառյալ՝ անգործության) նկատմամբ հասարակական մշտադիտարկման իրականացման կարգը, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբի անհատական կազմը և իրավասությունը սահմանում է լիազոր մարմինը:
Հոդված 30. | Հասարակական մշտադիտարկման ընթացքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ առողջապահության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին տեղեկատվություն տրամադրելը |
1. Հասարակական դիտորդների խումբը պարտավոր է մշտադիտարկումների արդյունքով արձանագրված թերությունների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել առողջապահության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Հավելված
«Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ընթացակարգը կարգավորում է հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԵՎ ՆԱՄԱԿԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
2. Հոգեբուժական կազմակերպությունն իր տարածքում տեղադրում է առնվազն մեկ տաքսոֆոն (հեռախոս) հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց համար հասանելի վայրում: Հեռախոսային խոսակցության վճարումները կատարվում են տվյալ անձի հաշվին: Հոգեբուժական կազմակերպության վարչակազմը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց համար հասանելի վայրում պետք է փակցնի հեռախոսային խոսակցության սակագները` «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքին համապատասխան:
3. Հոգեբուժական կազմակերպություն տեղափոխվող յուրաքանչյուր անձ հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում իրավունք ունի յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարելու առնվազն երեք անվճար հեռախոսազանգ Հայաստանի Հանրապետության տարածքում, ընդ որում առաջին հեռախոսազանգի իրավունքը ապահովվում է հոգեբուժական կազմակերպություն տեղափոխվելուց անմիջապես հետո:
4. Հոգեբուժական կազմակերպությունն իր տարածքում տեղադրում է առնվազն մեկ փոստարկղ` «Փոստային կապի մասին» օրենքին համապատասխան: Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին պետք է հասանելի լինի փոստարկղից օգտվելը: Հոգեբուժական կազմակերպության վարչակազմը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց համար հասանելի վայրում պետք է փակցնի փոստային ծառայությունների սակագները` «Փոստային կապի մասին» օրենքին համապատասխան:
5. Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձն իրավունք ունի իր միջոցների հաշվին նամակագրական (փոստային) կապ հաստատելու ցանկացած անձի հետ: Հոգեբուժական կազմակերպությունն ապահովում է նամակագրական կապի միջոցով հաղորդակցվելու հասանելիությունը և դրա գաղտնիությունը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար: Հոգեբուժական կազմակերպության վարչակազմն ապահովում է հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի գրած նամակների փոխանցումը փոստային ծառայությանը և փոստային առաքման անդորրագրի, ինչպես նաև փոստով ստացված, չբացված նամակների հանձնումը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին: Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի ուղարկած և ստացած նամակները հոգեբուժական կազմակերպությունը չի կարող ենթարկել գրաքննության:
3. ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԻՐԵՐԻ ԵՎ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ
6. Հոգեբուժական կազմակերպության վարչակազմը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց համար, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, այցելուների հետ ազատ հանդիպելու պայմաններ է ստեղծում` չխախտելով տվյալ հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմնի հաստատած ներհիվանդանոցային ռեժիմը:
7. Երեխայի կամ անգործունակ ճանաչված անձանց հետ այցելուների հանդիպման ժամանակ բժշկական համապատասխան ցուցումների դեպքում բժիշկ-հոգեբույժի հանձնարարությամբ ուղեկցում է տվյալ բաժանմունքի բուժքույրը, որի վերաբերյալ գրառում է կատարվում բժշկական փաստաթղթերում:
8. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձինք իրավունք ունեն`
1) անձամբ, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցչի միջոցով, հոգեբուժական կազմակերպություն տեղափոխելու լիազոր մարմնի սահմանած ցանկին համապատասխան առաջին անհրաժեշտության իրեր և պարագաներ, բացառությամբ ծակող, կտրող իրերի, կամ
2) իրենց միջոցների հաշվին ձեռք բերելու (այդ թվում` էլեկտրոնային հեռահաղորդակցության միջոցներով) առաջին անհրաժեշտության իրեր և պարագաներ, բացառությամբ ծակող, կտրող իրերի, ընդ որում`
ա. գործունակ լինելու դեպքում անձամբ, եթե տվյալ հոգեբուժական կազմակերպության տարածքում առկա է առևտրի օբյեկտ,
բ. անգործունակ ճանաչված լինելու դեպքում՝ իրենց օրինական ներկայացուցիչների կամ համապատասխան աշխատակցի միջոցով:
4. ԹԵՐԹԵՐՈՎ ԵՎ ԱՄՍԱԳՐԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
9. Յուրաքանչյուր հոգեբուժական կազմակերպությունում պետք է առկա լինի թերթերի և ամսագրերի բաժանորդագրություն իրականացնող կազմակերպության բաժանորդագրության անվանացանկ, որը պետք է հասանելի լինի հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց:
10. Հոգեբուժական կազմակերպության վարչակազմը պարտավոր է ապահովել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կողմից թերթերի բաժանորդագրությունը և բաժանորդագրված թերթերի և ամսագրերի հանձնումը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին:
5. ԱՆՁՆԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՈՒԺՄԱՆ, ՀԵՏԱԶՈՏՄԱՆ, ԴՈՒՐՍԳՐՄԱՆ, ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻՆ ԿԱՄ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՎԱՐԻՉԻՆ ԴԻՄԵԼԸ, ԻՐ ԸՆՏՐԱԾ ԲԺԻՇԿ-ՀՈԳԵԲՈՒՅԺԻ` ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
11. Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող յուրաքանչյուր անձ իրավունք ունի գրավոր կամ բանավոր անձնական ընդունելության համար դիմելու հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմին, որը պարտավոր է դիմումն ստանալու օրը, իսկ դրա անհնարինության դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպելու հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հետ անձնական հանդիպումը (ընդունելությունը):
12. Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող յուրաքանչյուր անձ իրավունք ունի իր բուժման, հետազոտման, դուրսգրման՝ օրենքով սահմանված իր իրավունքների պաշտպանության հարցերով գրավոր կամ բանավոր դիմելու հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմին կամ բաժանմունքի վարիչին:
13. Հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմինը կամ բաժանմունքի վարիչը, ստանալով դիմումը կամ բանավոր հարցումը և այդ մասին նշում կատարելով հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի բժշկական փաստաթղթում, ոչ ավելի, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան տեղեկատվությունը տրամադրում է դիմումատուին և ձեռնամուխ լինում համապատասխան հարցերի կարգավորմանը:
14. Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձն իրավունք ունի գրավոր կամ բանավոր դիմելու հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմին` պահանջելով սեփական միջոցների հաշվին ապահովել իր ընտրած բժիշկ-հոգեբույժի մասնակցությունը հոգեբուժական հանձնաժողովի աշխատանքներին, բժշկական զննման և (կամ) բուժման ընթացքին:
15. Դիմումը կամ բանավոր հաղորդագրությունն ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմինը դիմում է դիմումում նշված բժիշկ-հոգեբույժին և, նրա համաձայնությունը ձեռք բերելով, տվյալ բժիշկ-հոգեբույժին ընդգրկում է հանձնաժողովային բժշկական զննման և (կամ) բուժման գործընթացում: Դիմումում նշված բժիշկ-հոգեբույժի հրաժարվելը չի սահմանափակում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի` այլ բժիշկ-հոգեբույժ ընտրելու իրավունքը:
6. ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄԸ
16. Հոգեբուժական կազմակերպություն ընդունված անձը, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցիչը, բժիշկ-հոգեբույժի կողմից ընդունվելուց հետո՝ մեկ օրացուցային օրվա ընթացքում, իրազեկվում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի իրավունքների, ազատությունների, դրանց սահմանափակումների, ինչպես նաև հոգեկան խանգարման բնույթի, առաջարկվող բուժման նպատակի, մեթոդաբանության, տևողության, ինչպես նաև կողմնակի ազդեցության և ակնկալվող արդյունքների, հոգեբուժական օգնությունից և սպասարկումից հրաժարվելու հետևանքների վերաբերյալ` այդ մասին համապատասխան նշում կատարելով հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի բժշկական փաստաթղթում:
17. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին սույն ընթացակարգի 16-րդ կետին համապատասխան իրազեկելու փաստը հաստատվում է սույն օրենքով նախատեսված իրազեկման թերթիկ հանձնելով: Իրազեկման թերթիկը կազմվում է երկու օրինակից, որոնք ստորագրում են հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` օրինական ներկայացուցիչը և իրազեկման համար պատասխանատուն: Իրազեկման թերթիկի մեկ օրինակը հանձնվում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում պատշաճ ծանուցմամբ` նաև օրինական ներկայացուցչին, իսկ մյուս օրինակը կցվում է բժշկական փաստաթղթին:
18. Եթե հոգեկան առողջության խնդիր ունեցող անձն օտարերկրացի է, ապա հոգեբուժական կազմակերպության գործադիր տնօրենը նույն օրը, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին` հաջորդ աշխատանքային օրը միաժամանակ գրավոր տեղեկացնում է նաև լիազոր մարմնին, որն էլ իր հերթին այդ մասին հայտնում է արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման մարմնին: Առանց անձը հաստատող փաստաթղթի անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում բժիշկ-հոգեբույժը կամ հոգեբուժական հանձնաժողովը բուժման փաստի վերաբերյալ գրավոր տեղեկացնում է իրավապահ մարմիններին:
19. Հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմինը գրավոր սահմանում է հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին սույն ընթացակարգի 16-րդ կետին համապատասխան իրազեկելու համար պատասխանատու անձանց:
20. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը, սույն ընթացակարգի 16-րդ կետին համապատասխան, թարգմանչի միջոցով իրազեկվում է այն լեզվով և այն եղանակով, որը հասկանալի է տվյալ անձին: Ընդ որում, տվյալ իրավունքների, իրավունքների սահմանափակումների իրազեկումը ներառում է նաև դրանց իրականացման մեխանիզմների պարզաբանումը: Սույն կետով սահմանված կարգը տարածվում է նաև անձի իրավունքների բանավոր իրազեկման կարգի վրա: Թարգմանչի ծախսերը փոխհատուցում է հոգեբուժական կազմակերպությունը:
21. Եթե հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը, ելնելով իր առողջական վիճակից, ի վիճակի չէ հասկանալ իր իրավունքները կամ ստորագրել իրազեկման թերթիկը, ապա տվյալ անձի իրավունքների և պարտականությունների մասին իրազեկվում է միայն նրա օրինական ներկայացուցիչը, եթե առկա է, որն էլ ստորագրում է նշված իրազեկման թերթիկը: Դրա մասին նշում է կատարվում բժշկական փաստաթղթերում:
22. Եթե հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձը, իր առողջական վիճակից ելնելով, չի ստորագրել իրազեկման թերթիկը, ապա դրա վերաբերյալ նշում է կատարվում բժշկական փաստաթղթերում, իսկ անձի առողջական վիճակի բարելավման դեպքում տվյալ անձն իրազեկվում է իր իրավունքների, իրավունքների սահմանափակումների մասին, և նրան առաջարկվում է ստորագրել իրազեկման թերթիկը, իսկ դրանից հրաժարվելու դեպքում կրկին նշում է կատարվում բժշկական փաստաթղթերում:
23. Անկախ տվյալ անձի տվյալ հոգեբուժական կազմակերպությունում նախկինում բուժվելու փաստից, յուրաքանչյուր անգամ այդ կազմակերպություն ընդունվելու դեպքում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին, սույն ընթացակարգին համապատասխան, իրազեկում են իր իրավունքների, իրավունքների սահմանափակումների մասին: