Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (07.03.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2023
Принят
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի առաջին տեղակալ
Дата принятия
07.03.2023
Подписан
Նալբանդյանի գյուղական համայնքի ավագանի
Дата подписания
07.03.2023
Дата вступления в силу
07.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/10849/05/21

2023 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/10849/05/21

Նախագահող դատավոր`

 Ա. Առաքելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող

ռ. Հակոբյան

հ. ԲԵԴևՅԱՆ

ա. Թովմասյան

քՄԿՈՅԱՆ

 

2023 թվականի մարտի 07-ին

գրավոր ընթացակարգով քննելով Սուսաննա Հակոբյանի, Գոռ Մնացականյանի, Կարեն Մնացականյանի, Հռիփսիմե Մնացականյանի, Նենսի Մնացականյանի և Ստեֆանի Մնացականյանի օրինական ներկայացուցիչ Հռիփսիմե Մնացականյանի (այսուհետ` Համահայցվորներ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08082022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Համահայցվորների ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ՝ «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)՝ ք. Երևան, Այգեստան 9-րդ փողոց, 39/10 հասցեի անշարժ գույքից հարկադիր վտարմանն ուղղված գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են պարտավորեցնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը ձեռնպահ մնալ ք. Երևան, Այգեստան 9-րդ փողոց, 39/10 հասցեի անշարժ գույքից հարկադիր վտարմանն ուղղված գործողությունների կատարումից:

Միաժամանակ համահայցվորները ներկայացրել են հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ Սոսյան) 15112021 թվականի որոշմամբ Համահայցվորների միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Լ Հակոբյան) 1001.2022 թվականի որոշմամբ Համահայցվորների վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ ՀՀ վարչական դատարանի 15112021 թվականի «Հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը վերացվել է՝ Համահայցվորների միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին, բավարարվել է։

Երրորդ անձ՝ «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն 19.01.2022 թվականին ներկայացրել է միջնորդություն, որով խնդրել է վերացնել կիրառված հայցի ապահովման միջոցը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ Սոսյան) 29032022 թվականի որոշմամբ երրորդ անձ՝ «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ, մերժվել է:

Երրորդ անձ՝ «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն 12042022 թվականին կրկին ներկայացրել է միջնորդություն, որով խնդրել է վերացնել կիրառված հայցի ապահովման միջոցը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ Սոսյան) (այսուհետ` Դատարան) 26042022 թվականի որոշմամբ երրորդ անձ «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ, բավարարվել է՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.01.2022 թվականի որոշմամբ ձեռնարկված հայցի ապահովման միջոցը վերացվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.08.2022 թվականի որոշմամբ Համահայցվորների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 26.04.2022 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Համահայցվորները (ներկայացուցիչ՝ Լևոն Բաղդասարյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն (ներկայացուցիչ՝ Գարիկ Գևորգյան)։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ, 91-րդ, 93-րդ, 123-րդ և 144-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-9-րդ հոդվածները։

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Սույն գործով Դատարանը 26.04.2022 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոցը վերացրել է, քանի որ գտել է, որ այլևս բացակայում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.01.2022 թվականի որոշմամբ ձեռնարկված հայցի ապահովման միջոցի պահպանման իրավական անհրաժեշտությունն այն պատճառաբանությամբ, որ ոչ ճիշտ հայցատեսակի առկայության պայմաններում կիրառված հայցի ապահովման պահպանումն առնվազն մատնանշումից հետո առարկայազուրկ է և չի ծառայում հայցի ապահովմամբ հետապնդվող նպատակին։ Նման որոշում կայացվել է առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ հայցվորներ Գոռ Մնացականյանի, Կարեն Մնացականյանի, Հռիփսիմե Մնացականյանի, Նենսի Մնացականյանի և Ստեֆանի Մնացականյանի օրինական ներկայացուցիչ՝ Հռիփսիմե Մնացականյանի մասով Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը բնակարանից վտարելու մասին որոշում չի կայացրել, որոշում կայացվել է բացառապես հայցվոր Սուսաննա Հակոբյանի մասով, որպիսի եզրահանգման եկել է նաև ՀՀ վարչական դատարանը 19.05.2022 թվականի թիվ ՎԴ/2935/05/22 վարչական գործով՝ վերջիններիս հայցադիմումի ընդունումը մերժելիս։ Ուստի վերջիններիս գործողության կատարման հայցի ներկայացումն եղել է ճիշտ հայցատեսակ։

Բացի այդ, տնօրինչականության սկզբունքի լույսի ներքո Համահայցվորներն իրենք են որոշում ինչպիսի հայցատեսակով արդյունավետ դատական պաշտպանություն իրականացնել դատարանում և դատարանի՝ ոչ ճիշտ հայցատեսակը ճիշտ հայցատեսակով փոխարինելու մասին որոշումը չէր կարող հանդիսանալ հայցի ապահովման վերացման փաստական հիմք:

Հատկանշական է այն հանգամանքը, որ եթե Դատարանը գտել էր, որ գործի վարույթը ենթակա է կարճման՝ մատնանշմամբ նախատեսված գործողությունները Համահայցվորների կողմից չկատարվելու հիմքով, ապա գործի վարույթն արդեն իսկ պետք է կարճված լիներ 29.03.2022 թվականի որոշման դրությամբ՝ հաշվի առնելով, որ մատնանշում կատարելու մասին որոշումը կայացվել է 11.03.2022 թվականին, իսկ Համահայցվորներն իրենց կամահայտնությունը՝ հայցատեսակը չփոփոխելու վերաբերյալ հայտնել են մինչև դատական նիստը՝ 25.03.2022 թվականին, ուստի՝ միջնորդության ներկայացման պահին արդեն իսկ գործի վարույթը պետք է կարճվեր, այնինչ՝ կարճվել է երկրորդ անգամ ներկայացված հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդության քննությունից հետո՝ 26.04.2022 թվականի որոշմամբ:

Այսպիսով, ՀՀ վարչական դատարանի 11.03.2022 թվականի որոշումը չէր կարող հանդիսանալ հիմք հայցի ապահովման վերացման համար՝ հաշվի առնելով, որ միայն ՀՀ վարչական դատարանի 11.03.2022 թվականի որոշումը բավարար չէր կարող լինել հայցի ապահովման վերացման համար, քանի որ Համահայցվորներն իրենք են որոշում իրենց դատական պաշտպանության համար նախատեսված հայցատեսակը:

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձինք պահանջել են վերացնել Վերաքննիչ դատարանի 08082022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը՝ վերացնելով Դատարանի 26.04.2022 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Սույն գործով թե՛ Դատարանի, և թե՛ Վերաքննիչ դատարանի դատական ակտերը օրինական և հիմնավորված են, և այդ դատական ակտերով չի խախտվել հայցվորների որևէ իրավունք, ուստի այն վերացնելու հիմքեր առկա չեն։

Կիրառված հայցի ապահովման միջոցը չէր կարող ապահովել սույն գործով ներկայացված գործողության կատարման հայցը բավարարող վճռի կատարումը, քանի որ գործողության կատարման հայցը Համահայցվորների կողմից վիճարկման հայցատեսակով չփոխարինելու դեպքում գործի վարույթը ենթակա է կարճման, և նույնիսկ սույն գործով գործողության կատարման հայցի բավարարումն այլևս բացառված է։

Համահայցվորներն այնուամենայնիվ սույն գործի վարույթը կարճվելուց հետո ընդունել են ՀՀ վարչական դատարանի 11032022 թվականի մատնանշում կատարելու մասին որոշման մեջ արտահայտված դիրքորոշումը և ներկայացրել են վիճարկման հայցադիմում, ինչի հիման վրա հարուցվել է թիվ ՎԴ/2935/05/22 վարչական գործը, որի շրջանակում քննվում է Սուսաննա Հակոբյանի հայցադիմումն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ բնակարանը հարկադիր վտարելու մասին 17122020 թվականի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։

Այսպիսով, սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման։ Ավելին, վիճարկվող որոշմամբ Համահայցվորների որևէ իրավունք չի խախտվել, քանի որ Համահայցվորները դեռևս տիրապետում են «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ին պատկանող գույքը և արդեն իսկ ներկայացրել են իրենց համար միջամտող վարչական ակտի վիճարկման հայցադիմում։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան հայցի ապահովման միջոցը վերացնելու հիմքերին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը։

 

Անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու գործուն կառուցակարգերից է դատավարական օրենսգրքերով սահմանված հայցի ապահովման ինստիտուտը: Վերջինիս կարևորությունը պայմանավորված է նրանով, որ այս ինստիտուտի միջոցով ապահովվում է արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ հանդիսացող՝ վերջնական դատական ակտերի կատարելիության սկզբունքի արդյունավետ իրացումը։

Այս ինստիտուտի գործառույթն ու բովանդակությունը բացահայտված են ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք իրավական դիրքորոշումներում։

ՀՀ սահմանադրական դատարանը 24.11.2020 թվականի թիվ ՍԴՈ-1561 որոշմամբ արձանագրել է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու օրենսդրական հնարավորություն նախատեսվել է այն անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու և երաշխավորելու համար, որոնք տարբեր պահանջներով դիմել են դատարան՝ ակնկալելով իրենց խնդիրների լուծում, սակայն, կախված հանգամանքներից՝ կան ռիսկեր, որոնք կարող են դժվարացնել կամ անհնարին դարձնել դատական ակտի կատարումը, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում ձեռնարկել լրացուցիչ քայլեր, որոնք կապահովեն հետագայում կայացված դատական ակտի պատշաճ կատարումը: Ուստի նման ինստիտուտի նախատեսումն ինքնին իրավաչափ և ընդունելի է պայմանով, որ առկա են համարժեք և բավարար հիմքեր՝ մյուս կողմի իրավունքները և ազատությունները մինչև դատական ակտի կայացումը սահմանափակելու համար:

Որպեսզի դատարանը բավարարի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, պետք է միջնորդությամբ ներկայացված հանգամանքների լույսի ներքո համոզվի, որ նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել համապատասխան դատական ակտի պատշաճ կատարումը՝ հայցվորի պահանջը բավարարելու դեպքում:

Միևնույն ժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ գործին մասնակցող անձի ներկայացրած պահանջը դատարանի կողմից բավարարվելու դեպքում դատական ակտի կատարման անհնարինությունը կամ ցածր հավանականությունը իմաստազրկում են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի իրականացումը, քանի որ այդ իրավունքների իրականացման արդյունքում ակնկալվող նպատակին անձն այդպես էլ չի հասնում:

ՀՀ վճռաբեկ դատարանի բնորոշմամբ` հայցի ապահովման ինստիտուտը հանդես է գալիս որպես օրենսդրությամբ նախատեսված՝ անձանց իրավունքների պաշտպանության երաշխիքներից մեկը, որով պաշտպանվում են հայցվորի օրինական շահերն այն դեպքերից, երբ պատասխանողը կարող է գործել անբարեխիղճ, կամ երբ այդպիսի միջոցները չկիրառելն անհնարին կարող է դարձնել դատական ակտի կատարումը: Քննարկվող դատավարական ինստիտուտը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող որոշակի միջոցներով հնարավոր բացասական հետևանքներից պաշտպանել հայցվորի (ապագա հնարավոր պահանջատիրոջ) իրավունքները և օրինական շահերը: Դրանով իսկ այն ուղղված է անձանց խախտված իրավունքների իրական ու ամբողջ ծավալով վերականգնելուն (տե՛ս, Մհեր Ավետիսյանը և այլոք ընդդեմ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/1807/02/13 քաղաքացիական գործով 27.11.2015 թվականի որոշումը):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցի ապահովման ինստիտուտը հետապնդում է կայացվելիք վերջնական դատական ակտի կատարման համար անհրաժեշտ երաշխիքներ ապահովելու նպատակ: Այլ կերպ՝ հայցի ապահովման միջոցի կիրառման նպատակն անձանց ենթադրյալ խախտված իրավունքների իրական և ամբողջ ծավալով վերականգնումը երաշխավորելն է: Ըստ այդմ, հայցի ապահովման միջոց ձեռնարկելով՝ դատարանն ըստ էության կանխում է հայցվորի ենթադրյալ խախտված իրավունքների անվերականգնելի դառնալու հավանականությունը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի «Հայցի ապահովումը» վերտառությամբ 15-րդ գլխով սահմանված են հայցի ապահովման հիմքերը, հայցի ապահովում կիրառելու, հայցի ապահովման մասին որոշման կատարման կարգը, ինչպես նաև հայցի ապահովման միջոցը փոփոխելու, փոխարինելու և վերացնելու իրավական հնարավորությունն ու կարգը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցերի դեպքում վարչական դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոցներն են` (...) դատավարության մասնակցին որոշակի գործողություն կատարելն արգելելը. (...

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության յուրաքանչյուր փուլում։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ իրավունք ունի հայցի ապահովման մեկ միջոցը փոխարինելու մեկ այլ միջոցով, փոփոխելու այն կամ վերացնելու:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված են հայցի ապահովման միջոցի կիրառման հիմքերը, այն է՝

-հայցի ապահովման միջոցը չկիրառելը կարող է անհնարին դարձնել դատական ակտի կատարումը, կամ

-հայցի ապահովման միջոցը չկիրառելը կարող է դժվարացնել դատական ակտի կատարումը։

Հայցի ապահովման միջոցի կիրառման նշված հիմքերն ուղղակիորեն բխում են հայցի ապահովման ինստիտուտի գործառույթից ու նպատակից, և չափանիշ են հայցի ապահովման կիրառման անհրաժեշտությունը գնահատելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցի ապահովման դատավարական ինստիտուտը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող որոշակի միջոցներով հնարավոր բացասական հետևանքներից պաշտպանելու հայցվորի (ապագա հնարավոր պահանջատիրոջ) իրավունքները և օրինական շահերը: Ընդ որում, հայցի ապահովումը կիրառվում է համարժեք և բավարար հիմքերի առկայության պայմաններում՝ մյուս կողմի իրավունքները և ազատությունները մինչև դատական ակտի կայացումը սահմանափակելու համար: Նման պարագայում դատարանի վրա դրված է պարտականություն` հիմնավորելու հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու համար համարժեք և բավարար հիմքերի առկայությունը (տե´ս, Արտավազդ Փարսադանյանը և Նարինե Փարսադանյանն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/6921/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2022 թվականի որոշումը):

Հաշվի առնելով, որ հայցի ապահովման միջոցի կիրառումը որպես կանոն ենթադրում է դատավարության մյուս մասնակցի (մասնակիցների) իրավունքների սահմանափակում՝ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությամբ հայցվորից պահանջվում է բավարար, համարժեք և ամբողջական փաստարկների համակցությամբ հիմնավորել հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտությունը, իսկ դատարանի իմպերատիվ պարտականությունն է միջնորդությամբ ներկայացված փաստարկների բազմակողմանի և օբյեկտիվ վերլուծության ու գնահատման արդյունքում հաստատել կամ հերքել նման անհրաժեշտության առկայությունը: Հայցի ապահովման միջոցը կիրառելու համար դատարանից պահանջվում է բավարար և համարժեք փաստարկների համակցությամբ հիմնավորել, որ հայցի ապահովման տվյալ միջոցը չկիրառելու դեպքում կամ անհնարին կդառնա դատական ակտի կատարումը կամ կդժվարանա դրա կատարումը:

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս առանձնացնել վարչական դատավարությունում հայցի ապահովման ինստիտուտին բնորոշ հետևյալ առանձնահատկությունները

-հայցի ապահովում կիրառվում է պարտավորեցման հայցի (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդված), գործողության կատարման հայցի (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդված) և ճանաչման հայցի (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդված) հիման վրա հարուցված գործերով բացառություն են հանդիսանում վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործերը, որպիսի պարագայում օրենսդիրը՝ որպես հայցվորի շահերի պաշտպանության ապահովման իրավական երաշխիք, նախատեսել է վիճարկվող վարչական ակտի կասեցման իրավական հնարավորությունը (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդված),

-հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ որոշումը ենթակա չէ բողոքարկման, որպիսի պայմաններում դատավարության մյուս մասնակիցների շահերի պաշտպանության դատավարական միջոցը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածով սահմանված՝ հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, այն փոփոխելու կամ վերացնելու միջնորդությամբ դատարան դիմելու իրավական հնարավորությունն է ընդ որում՝ հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, հայցի ապահովումը վերացնելու մասին ՀՀ վարչական դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ),

-օրենսդիրը, ամրագրելով դատավարության մասնակցի միջնորդությամբ հայցի ապահովման կիրառված միջոցը վերացնելու իրավական հնարավորություն, չի սահմանել հայցի ապահովման միջոցը վերացնելու կոնկրետ հիմքեր։

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ, հայցի ապահովման միջոցը վերացնելու հիմքերն ու պայմաններն անհրաժեշտ է համարել հստակեցնել հայցի ապահովման ինստիտուտի վերը բացահայտված գործառույթի ու նպատակի լույսի ներքո և հայցի ապահովման միջոցի կիրառման՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերի համատեքստում:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ որոշման ընդունումից հետո կարող են ի հայտ գալ նոր փաստեր, կարող է տեղի ունենալ փաստական դրության այնպիսի փոփոխություն, որ վերջիններիս առկայության պայմաններում վերանա կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանելու անհրաժեշտությունը: Ըստ այդմ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով հայցի ապահովման գործառույթն ու նպատակը, ինչպես նաև հայցի ապահովում կիրառելու օրենքով սահմանված հիմքերը, արձանագրել է, որ նախ՝ հայցի ապահովման միջոցը կարող է վերացվել, եթե հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման ընդունումից հետո տեղի ունեցած փաստական դրության փոփոխության ուժով վերացել է կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանելու անհրաժեշտությունը, այն է՝ հայցի ապահովման միջոց չկիրառելն այլևս չի կարող դժվարացնել կամ անհնարին դարձնել դատական ակտի կատարումը։ Այլ կերպ՝ կիրառված հայցի ապահովման միջոցը կարող է վերացվել այն դեպքում, երբ առկա է գործի փաստական հանգամանքների այնպիսի փոփոխություն, որպիսի պայմաններում հայցի ապահովումը այլևս չի ծառայում իր գործառույթին ու նպատակին և դառնում է ինքնանպատակ:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ որպես կանոն հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության քննարկման արդյունքում որոշում կայացնելիս դատարանն իր տրամադրության տակ ունենում է միայն հայցվոր կողմի ներկայացրած փաստարկները, փաստերն ու ապացույցները՝ ինչով պայմանավորված, գործնականում չի բացառվում, որ դատարանը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշում կայացնելիս հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունը գնահատի միջնորդության քննարկման համար էական նշանակություն ունեցող այնպիսի փաստի և/կամ ապացույցի բացակայության պայմաններում, որին տիրապետելու պարագայում կմերժեր հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը։

Ըստ այդմ՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցի ապահովման միջոցը կարող է վերացվել նաև այն դեպքում, երբ հայցի ապահովման միջոցը կիրառելիս դատարանի տրամադրության տակ չի գտնվել այնպիսի փաստ և/կամ ապացույց, որի առկայության պայմաններում դատարանի կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը չէր բավարարվի։

Վերոհիշյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր դեպքում հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդություն ներկայացնելիս դատավարության մասնակցից պահանջվում է ներկայացնել

-կամ հայցի ապահովման միջոց կիրառելու որոշումից հետո ի հայտ եկած նոր փաստ և/կամ ապացույց, փաստական դրության փոփոխություն՝ հիմնավորելով, որ վերջիններիս առկայության պայմաններում վերանում է կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանելու անհրաժեշտությունը,

-կամ այնպիսի փաստ և/կամ ապացույց, որը դատարանի տրամադրության տակ չի եղել հայցի ապահովման միջոց կիրառելու որոշում կայացնելիս՝ հիմնավորելով, որ այդ փաստին և/կամ ապացույցին տիրապետելու պայմաններում դատարանի կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը չէր բավարարվի։

Վերոհիշյալի համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությամբ ներկայացված փաստարկները չեն կարող գտնվել հայցի ապահովման միջոց կիրառելու որոշման հիմնավորվածությունն ու իրավաչափությունը վիճարկելու տրամաբանության մեջ։ Այլ կերպ՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու իրավունքի իրացումը չպետք է վերածվի հայցի ապահովում կիրառելու մասին որոշման քողարկված բողոքարկման, որպիսի իրավական հնարավորություն օրենսդիրը չի սահմանել: Ըստ այդմ՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդության քննարկման շրջանակներում չի կարող գնահատման առարկա դառնալ հայցի ապահովման միջոց կիրառելու որոշման հիմնավորվածությունն ու իրավաչափությունը։

Ի ամփոփումն՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցի ապահովման միջոցը կարող է վերացվել, եթե

-հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությամբ ներկայացված՝ հայցի ապահովման միջոցը կիրառելու որոշումից հետո ի հայտ եկած նոր փաստի և/կամ ապացույցի լույսի ներքո գնահատելով հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտությունը՝ դատարանը եզրահանգում է, որ վերացել է կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանելու անհրաժեշտությունը, այսինքն՝ այլևս առկա չէ դատական ակտի կատարման անհնարինության կամ կատարումը դժվարանալու հավանականություն, կամ

- դատարանը գնահատելով հայցի ապահովման միջոցը կիրառելու միջնորդության քննարկման ժամանակ իր տրամադրության տակ չգտնված և հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությամբ վկայակոչված փաստը և/կամ ապացույցը՝ եզրահանգում է, որ այդ փաստի ուժով բացակայել է հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտությունը (տե´ս, «Ուստր Մամիկոն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/3731/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27122022 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը, ևս մեկ անգամ արձանագրում է, որ հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը կարող է բավարարվել և հայցի ապահովումը կարող է վերացվել, եթե հայցի ապահովման միջոցը կիրառելու որոշումից հետո տեղի է ունեցել գործի փաստական հանգամանքների այնպիսի փոփոխություն, որի հետևանքով վերացել է կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանելու անհրաժեշտությունը, կամ հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությամբ ներկայացվել է այնպիսի փաստ կամ ապացույց, որը դատարանը հայցի ապահովման միջոցը կիրառելու միջնորդության քննարկման ժամանակ իր տրամադրության տակ չի ունեցել և որի առկայության պարագայում կբացակայեր հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտությունը։ Նշված հիմքերից բացի որևէ այլ հիմքով հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը ենթակա չէ բավարարման։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Համահայցվորների կողմից ներկայացված հայցադիմումի հիման վրա, որով վերջիններս պահանջել են պարտավորեցնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը ձեռնպահ մնալ ք. Երևան, Այգեստան 9-րդ փողոց, 39/10 հասցեի անշարժ գույքից հարկադիր վտարմանն ուղղված գործողությունների կատարումից:

Միևնույն ժամանակ, Համահայցվորների կողմից ներկայացվել է հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ միջնորդություն։

ՀՀ վարչական դատարանի 15112021 թվականի որոշմամբ Համահայցվորների միջնորդությունը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 1001.2022 թվականի որոշմամբ Համահայցվորների վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ ՀՀ վարչական դատարանի 15112021 թվականի «Հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը վերացվել է՝ Համահայցվորների միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին, բավարարվել է։

Երրորդ անձ «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն 19.01.2022 թվականին ներկայացրել է միջնորդություն, որով խնդրել է վերացնել կիրառված հայցի ապահովման միջոցը:

ՀՀ վարչական դատարանի 29032022 թվականի որոշմամբ երրորդ անձ «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ, մերժվել է:

Երրորդ անձ «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն 12042022 թվականին կրկին ներկայացրել է միջնորդություն, որով խնդրել է վերացնել կիրառված հայցի ապահովման միջոցը:

Դատարանը 26042022 թվականի որոշմամբ բավարարել է ներկայացված միջնորդությունը և վերացրել է ձեռնարկված հայցի ապահովման միջոցը՝ արձանագրելով հետևյալը. «սույն գործով Դատարանի 11.03.2022 թվականի որոշմամբ հայցվորներին կատարվել է մատնանշում, որով ըստ էության արձանագրվել է, որ վերջիններիս ներկայացրած գործողության կատարման հայցը ոչ ճիշտ հայցատեսակ է, այլ սույն գործով ճիշտ հայցատեսակ կարող է լինել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վիճարկման հայցը, քանի որ միջամտող վարչական ակտերի առկայության պայմաններում պետք է վիճարկման առարկա դառնան հենց այդ ակտերը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ հիշյալ դատավարական գործողությունների չկատարման դեպքում սույն գործի վարույթը ենթակա կլինի կարճման, սակայն հայցվորների կողմից մատնանշման պահանջները որոշմամբ սահմանված մեկշաբաթյա ժամկետում չեն կատարվել, որպիսի դեպքում պետք է լուծվի սույն պահանջի իրավական ճակատագիրը, ուստի ոչ ճիշտ հայցատեսակի առկայության պայմաններում կիրառված հայցի ապահովման պահպանումն առնվազն մատնանշումից հետո առարկայազուրկ է և չի ծառայում հայցի ապահովմամբ հետապնդվող նպատակին»:

Վերաքննիչ դատարանը 08.08.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշմամբ Համահայցվորների վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 26.04.2022 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշմամբ կատարված մեկնաբանությունները հիմնավոր համարելով անփոփոխ է թողել այն։ Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է հետևյալը. «(․․․) ներկայացված բողոքով հայցվորների կողմից չի ներկայացվել որևէ հիմնավոր փաստարկ՝ ձեռնարկված հայցի ապահովման միջոցը վերացվելու դեպքում սույն գործով դատական ակտի կատարումն անհնարին դառնալու կամ դժվարանալու վերաբերյալ: Ավելին, (․․․) բողոքաբերի փաստարկները՝ կապված սույն գործով դատական ակտի կատարումն անհնարին դառնալու կամ դժվարանալու վերաբերյալ, վերջինիս ենթադրությունների արդյունքն է, իսկ այդ փաստարկները հիմնավորող որևէ ապացույց սույն գործում առկա չէ: Այսինքն՝ հայցի ապահովումը չվերացնելու դեպքում դատական ակտի կատարման դժվարացման կամ անհնարինության հանգամանքը որևէ կերպ չապացուցվեց բողոքաբերի կողմից»:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով էական է այն հանգամանքը, որ «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի 12042022 թվականի միջնորդությամբ չի ներկայացվել և ըստ այդմ նաև՝ Դատարանի կողմից քննարկման առարկա չի դարձվել որևէ փաստ, որը Դատարանին հայտնի չի եղել և հայտնի լինելու դեպքում Դատարանը չէր բավարարի հայցի ապահովում կիրառելու միջնորդությունը։ Նշված միջնորդությամբ չի ներկայացվել և ըստ այդմ՝ Դատարանի կողմից քննարկման առարկա չի դարձվել նաև Դատարանի 26042022 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշման ընդունումից հետո ի հայտ եկած որևէ նոր փաստ, փաստական դրության փոփոխություն, որպիսի պայմաններում վերացած կլիներ կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանելու անհրաժեշտությունը։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ միջնորդությամբ ներկայացվել է ՀՀ վարչական դատարանի 11.032022 թվականի մատնանշման որոշումը չկատարելու փաստը, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այն չի կարող հանդիսանալ հայցի ապահովման միջոցը կիրառելուց հետո տեղի ունեցած այնպիսի փաստական հանգամանքի փոփոխություն, որն այլևս բացառում է կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանելու անհրաժեշտությունը, քանի որ նախ՝ այն չի հանդիսանում կիրառված հայցի ապահովման պահպանման անհրաժեշտությունը հիմնավորող կամ հերքող հանգամանք, և բացի այդ, այն կայացված է եղել դեռևս «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված առաջին միջնորդությունը մերժելու ՀՀ վարչական դատարանի 29032022 թվականի որոշման կայացումից առաջ, ուստի այդ որոշման գոյության պայմաններում «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի առաջին միջնորդությունն արդեն իսկ մերժվել էր և դրանով պայմանավորված փաստական հանգամանքի փոփոխության վերաբերյալ խոսք լինել չէր կարող։

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ստորադաս դատարանների այն պատճառաբանությանը, որ Համահայցվորները չեն կատարել հայցատեսակը փոխելու վերաբերյալ դատարանի մատնանշումը, ուստի սույն գործով կիրառված հայցի ապահովումը պահպանելն այլևս անհրաժեշտ չէ, արձանագրում է, որ նման մեկնաբանությունը բացի այն, որ չի կարող հանդիսանալ կիրառված հայցի ապահովումը վերացնելու հիմք, այլ նաև ուղղակիորեն հակասում է անձի տնօրինչականության սկզբունքին։ Տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքն անձի` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով նրան տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական և դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները: Տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքն անձանց հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել՝ դիմել, թե չդիմել դատարան իրենց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար, այսինքն՝ իրականացնել, թե չիրականացնել իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքը: Անձինք իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքն իրացնելիս, ինչպես նաև դատարաններն արդարադատություն իրականացնելիս պետք է առաջնորդվեն վերը նշված սկզբունքով։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու հիմքեր առկա չեն եղել, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից։

 

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է Վերաքննիչ դատարանի դատական ակտը վերացնելու համար, հետևաբար, սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` նոր դատական ակտ կայացնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.08.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ վերացնել ՀՀ վարչական դատարանի 2604.2022 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

 

Հ. Բեդևյան

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ք. Մկոյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական: