Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.12.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 08.02.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
25.12.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
25.12.2020
Дата вступления в силу
25.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

 Վարչական գործ թիվ ՎԴ/5145/05/16

2020 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/5145/05/16

Նախագահող դատավոր՝  Ա. Սարգսյան

Դատավորներ՝

 Ա. Աբովյան

 

 Ք. Մկոյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

նախագահող

Ռ. Հակոբյան

 

զեկուցող

Ս. Միքայելյան

   

Ս. Անտոնյան

   

Վ. Ավանեսյան

   

Ա. Բարսեղյան

   

Մ. Դրմեյան

   

Տ. Պետրոսյան

   

Է. Սեդրակյան

   

Ն. Տավարացյան

 

2020 թվականի դեկտեմբերի 25-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արման Յարալյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.02.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արման Յարալյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան)՝ Քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության (այսուհետ` Ծառայություն) պետի 27.07.2016 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-29/1 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Արման Յարալյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության պետի 27.07.2016 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-29/1 որոշումը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ. Այվազյան) (այսուհետ` Դատարան) 02.12.2016 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ`Վերաքննիչ դատարան) 14.02.2018 թվականի որոշմամբ Արման Յարալյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.12.2016 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արման Յարալյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի վճռի ողջ տեքստում բացակայում է արարքի նկարագրության և բողոքաբերի նկատմամբ կիրառված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայի համընկնման որևէ պատճառաբանություն: Փոխարենը, Դատարանը սահմանափակվել է ՀՀ օրենսդրության վերլուծության արդյունքում իր այն եզրահանգմամբ, որ օրենսդրությամբ նախատեսված է եղել իրավական պարտականություն՝ բողոքաբերի կողմից շարժական տնակը վերջինիս հողամասում տեղադրել միայն համապատասխան թույլտվության դեպքում: Այս կապակցությամբ Դատարանը հղում է կատարել ՀՀ կառավարության 24.09.2001 թվականի թիվ 896 որոշմանը:

ՀՀ կառավարության նշված որոշմամբ նախատեսված է ոչ հիմնական շինությունների տեղադրման կարգը: Այս որոշման ողջ տեքստը վերաբերում է այդ շինությունների տեղադրմանը, այլ ոչ՝ կառուցմանը, և դրա պատճառներից ամենակարևորն այն է, որ ոչ հիմնական շինությունները, ինչպիսին Դատարանն իրավացիորեն համարել է բողոքաբերի տնակը, ոչ թե կառուցվում, այլ՝ տեղադրվում է:

Վճռաբեկ բողոք բերած անձը չի առարկում, որ իր կողմից փայտե տնակ տեղադրելուց առաջ պարտավոր է ձեռք բերել դրա տեղադրման թույլտվություն: Սակայն, ըստ բողոք բերած անձի, այդ պարտականությունը չկատարելը չի հանգեցնում վարչական պատասխանատվության, քանի որ տվյալ արարքը նախատեսված չէ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի որևէ հոդվածով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.02.2018 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Քաղաքապետարանի աշխատակազմի կողմից կազմված 23.06.2016 թվականի թիվ 023544 արձանագրության համաձայն՝ Երևան քաղաքի Մինսկի փողոցի թիվ 37/2 հասցեում գտնվող հողամասում քաղաքացի Արման Յարալյանի կողմից առանց համապատասխան թույլտվության իրականացվել է բնակելի տան կառուցման շինարարական աշխատանքներ, մասնավորապես` մետաղական և փայտե կոնստրուկցիաներով իրականացվել է մոտ 40քմ մակերեսով բնակելի տան կառուցման աշխատանքներ (հատոր 1-ին գ.թ. 13):

2. Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետը 12.07.2016 թվականի գրությամբ հայտնել է, որ ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշման համաձայն՝ բնակելի տան կառուցումը պահանջում է համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրում: Ուստի առանց շինարարական թույլտվություն ստանալու Արման Յարալյանին պատկանող՝ Երևան քաղաքի Մինսկի փողոցի թիվ 37/2 հասցեում գտնվող հողամասում քննարկվող բնակելի տան «տեղադրումը» կարելի է դիտարկել որպես ինքնակամ շինարարություն (հատոր 1-ին գ.թ. 28)։

3. Ծառայության պետի կողմից 27.07.2016 թվականի թիվ Վ-29/1 որոշմամբ Երևան քաղաքի Մինսկի փողոցի թիվ 37/2 հասցեում գտնվող հողամասում մետաղական և փայտե կոնստրուկցիաներով բնակելի տան ինքնակամ կառուցման համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով Արման Յարալյանի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ երկու հարյուր հազար ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին գ.թ. 30-31):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից բողոքարկվող դատական ակտը կայացնելիս թույլ է տրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցին, թե արդյո՞ք անձը կարող է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական պատասխանատվության իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածքում առանց համապատասխան թույլտվության ոչ հիմնական շինություն տեղադրելու համար:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, (...) քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով օրենսդիրը վարչական պատասխանատվություն է նախատեսել շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու համար: Ընդ որում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված են շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու զանցակազմի հետևյալ դրսևորումները.

1) սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը (բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան),

2) գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը,

3) հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը:

Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման՝ թեև վկայակոչված իրավախախտումներից յուրաքանչյուրն ունի միայն իրեն բնորոշ առանձնահատկությունները (արարքի կատարման վայրը, կառուցվող շինության տեսակը, արարքը կատարող սուբյեկտը, կիրառվող սանկցիան), սակայն դրանց համար ընդհանուրն այն է, որ բոլոր դեպքերում այդ զանցակազմերը կարող են առկա լինել միայն ինքնակամ կառույցի (շենքի, շինության) կառուցման պարագայում: Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված բոլոր արարքներն ընդգրկվում են շենքեր ու շինություններ ինքնակամ կառուցելու զանցանքի միասնական հասկացության մեջ, որի ոտնձգության օբյեկտը քաղաքաշինության բնագավառում օրենսդրությամբ սահմանված իրավակարգի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների ամբողջությունն է (տե՛ս Սասունիկ Մշեցյանն ընդդեմ Երևանի քաղաքապետի թիվ ՎԴ/9692/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը

ՀՀ կառավարության 24.09.2001 թվականի թիվ 896 որոշմամբ հաստատվել է ոչ հիմնական շինությունների տեղադրման կարգը, որի 2-րդ կետի համաձայն` ոչ հիմնական շինությունները կենցաղային, արտադրական, կոմունալ, առևտրի, սպասարկման, ինչպես նաև այլ նպատակներով օգտագործվող շինություններ են, որոնք տեղադրվում են հողի մակերեսին (հողի մակերեսի բարեկարգման ծածկույթի վրա), հողի մեջ չունեն հիմքեր, չեն պահանջում թաց շինարարական պրոցեսներ և անհրաժեշտության դեպքում կարող են անջատվել հողից` առանց էական վնաս հասցնելու հողի ծածկույթին, այդ շինությանը կամ դրա առանձին մասերին, այդ թվում` մանրածախ առևտրի ու սպասարկման կրպակներն ու տաղավարները, շարժական կացարաններն ու ավտոտնակները, շվաքարանով և առանց շվաքարանների ավտոկանգառները, հեռախոսային խցերը, խաղերի, ցուցահանդեսների, զվարճանքի, հանդիսությունների և ատրակցիոնների տաղավարները, շարժական կրկեսները, թատրոնները, բեմահարթակները և ամբիոնները, հիմնական (կապիտալ) օբյեկտների շինարարության սպասարկման կառույցները:

Նշված կարգի 10-րդ կետի համաձայն` ոչ հիմնական շինությունների տեղադրման թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ իրավասությամբ օժտված մարմինը` նրա կողմից համաձայնեցված և պատվիրատուի կողմից հաստատված նախագծի հիման վրա:

Սույն գործը հարուցվել է Արման Յարալյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության պետի 27.07.2016 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-29/1 որոշումը:

Դատարանը հայցը մերժել է` հիմքում դնելով այն պատճառաբանությունը, որ շարժական տնակն իր հողամասում տեղադրելու (կառուցելու) համար անհրաժեշտ էր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ իրավասությամբ օժտված մարմնի կողմից տրված թույլտվությունը և պատվիրատուի կողմից հաստատված նախագիծը, որոնց բացակայությունն էլ հիմք է հանդիսացել Դատարանի կողմից շինությունը տեղադրելու գործողությունը ինքնակամ դիտարկելու համար։

Վերաքննիչ դատարանը մերժել է Արման Յարալյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի 02122016 թվականի վճիռը թողել է անփոփոխ` վերահաստատելով Դատարանի դիրքորոշումը:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ բողոքաբերին վարչական տույժի ենթարկելն իրավաչափ համարելու վերաբերյալ եզրահանգումների հիմնավորվածությանը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն՝ հայցվորը վարչական պատասխանատվության է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ այն բանի համար, որ վերջինս սեփական հողամասում առանց համապատասխան թույլտվության տեղադրել է ոչ հիմնական շինություն, որպիսի հանգամանքը նույնացվել է առանց համապատասխան թույլտվության ինքնակամ շինություն կառուցելու հետ: Մինչդեռ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասը վարչական պատասխանատվություն է նախատեսում առանց համապատասխան թույլտվության սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելու համար: Այսինքն՝ նշված հոդվածի դիսպոզիցիայում բացակայում է առանց համապատասխան թույլտվության ոչ հիմնական շինություն տեղադրելու արարքը: Այլ կերպ ասած՝ առանց համապատասխան թույլտվության ոչ հիմնական շինություն տեղադրելու արարքում առկա չեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված զանցակազմի հատկանիշները:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ կառուցապատում իրականացնելու համար և ոչ հիմնական շինության տեղադրման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված են իրարից էականորեն տարբերվող չափանիշներ և ընթացակարգեր: Դրան համապատասխան իրավասու մարմինը կառուցապատման համար նախատեսել է, որ շինարարություն սկսելու համար անհրաժեշտ է ձեռք բերել համապատասխան շինարարության թույլտվություն, իսկ ոչ հիմնական շինության տեղադրման համար` տեղադրման թույլտվություն, որոնք ունեն իրենց բնորոշ տարբեր ընթացակարգերը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները հաստատված համարելով այն փաստական հանգամանքը, որ Արման Յարալյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում տեղադրել է շարժական տնակ, որն այլ նպատակներով օգտագործվող շինություն է, որը տեղադրվել է հողի մակերեսին (հողի մակերեսի բարեկարգ ծածկույթի վրա), հողի մեջ չունի հիմքեր, տնակը տեղադրելու համար չի պահանջվում թաց շինարարական պրոցեսներ և անհրաժեշտության դեպքում կարող է անջատվել հողից`առանց էական վնաս հասցնելու հողի ծածկույթին, այդ շինությանը կամ դրա առանձին մասերին, այդուհանդերձ կիրառելի են համարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասը` անտեսելով այն հանգամանքը, որ նշված հոդվածով նախատեսված պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ փաստական կազմը հայցվորի արարքում բացակայում է:

Անդրադառնալով գործում առկա` Քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 12.07.2016 թվականի թիվ 06/661 գրությանն այն մասին, որ առանց շինարարության թույլտվություն ստանալու քննարկվող բնակելի տան «տեղադրումը» կարելի է դիտարկել որպես ինքնակամ շինարարություն, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ փաստաթղթով չի կարող հիմնավորվել, որ հայցվորի կողմից կատարվել է այլ բնակելի տան կառուցապատման աշխատանքներ:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վարչական մարմինը պարտավոր էր ապացուցել, որ հայցվորի կողմից կատարվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտում, մասնավորապես՝ կատարվել են բնակելի տան կառուցման շինարարական աշխատանքներ: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվոր Արման Յարալյանը ոչ իրավաչափորեն է ենթարկվել վարչական պատասխանատվության, քանի որ վարչական մարմինը չի հիմնավորել վարչական պատասխանատվության ենթարկելու զանցակազմի համար անհրաժեշտ փաստական կազմի առկայությունը, հետևաբար հայցը ենթակա էր բավարարման, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ բողոք ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցվոր Արման Յարալյանը հայցադիմումը, վերաքննիչ և վճռաբեկ բողոքները ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության ուժով ազատված է հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար պետական տուրքի վճարման պարտականությունից: Մինչդեռ Արման Յարալյանը վճարել է պետական տուրք հայցադիմումի (4.000 ՀՀ դրամի չափով), վերաքննիչ բողոքի (10.000 ՀՀ դրամի չափով) և վճռաբեկ բողոքի (20.000 ՀՀ դրամի չափով) համար: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արման Յարալյանի կողմից վճարված, սակայն օրենքով չպահանջվող պետական տուրքը՝ հայցադիմումի համար 4.000 ՀՀ դրամի չափով, վերաքննիչ բողոքի համար 10.000 ՀՀ դրամի չափով և վճռաբեկ բողոքի համար 20.000 ՀՀ դրամի չափով, ենթակա է վերադարձման այն վճարած անձին:

Այս եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության այն մեկնաբանությունը, որի համաձայն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտերի վիճարկման համար օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտները՝ ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք, չեն կարող կրել պետական տուրք վճարելու կամ վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի գումարները փոխհատուցելու պարտականություն՝ թե՛ վարչական դատարանում, թե՛ դատական բողոքարկման փուլերում՝ անկախ գործի ելքից (տե´ս Գագիկ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

Մյուս կողմից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պետական տուրք վճարելու պարտականություն չունի նաև պատասխանող վարչական մարմինը: Տվյալ դեպքում Քաղաքապետարանը պարտավոր չէ պետությանը հատուցել հայցադիմումի, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար սահմանված պետական տուրքի գումարը, որի վճարումից Արման Յարալյանն ազատված է օրենքի ուժով, քանի որ սույն գործով պետական տուրքի գծով ծախսի կատարումը անհրաժեշտ չէր: Իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի տեսանկյունից՝ դատական ծախսերի հատուցման պարտականություն կրող կողմը պարտավոր է հատուցել միայն այն դատական ծախսերը, որոնք մյուս կողմը կրել է, և որոնք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար (տե´ս Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.02.2018 թվականի որոշումը և փոփոխել այն. հայցը բավարարել՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի 27.07.2016 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-29/1 որոշումը ճանաչել անվավեր։

2. Արման Յարալյանի կողմից հայցադիմումի, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարված պետական տուրքի հարցը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան