Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.11.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.04.10/23(1476).1 Հոդ.277.19
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
15.11.2018
Подписан
Նախագահող
Дата подписания
15.11.2018
Дата вступления в силу
15.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

   

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

  

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0047/04/15

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0047/04/15
2018թ.

Նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան  

Դատավորներ՝

 Լ. Գրիգորյան

 

 Գ. Խանդանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(
այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

նախագահող

Ռ. Հակոբյան

 

զեկուցող

Գ. Հակոբյան

   

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

   

Վ. Ավանեսյան

   

Ա. Բարսեղյան

   

Մ. Դրմեյան

   

Ե. Խունդկարյան

   

Ս. Միքայելյան

   

Տ. Պետրոսյան

   

Է. Սեդրակյան

   

Ն. Տավարացյան

 

2018 թվականի նոյեմբերի 15-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.12.2017 թվականի որոշման դեմ` ըստ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) դիմումի ընդդեմ «Արմենիա Հոսփիթալիթի Հոլդինգ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 27.07.2015 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Ընկերության սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանը 15.06.2017 թվականին դատարան է ներկայացրել Ընկերության գույքի իրացումից առաջացած միջոցների բաշխման միջանկյալ ծրագիր, որի դեմ առարկություն է ներկայացրել Կոմիտեն:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 30.08.2017 թվականի որոշմամբ Կոմիտեի առարկությունը մերժվել է, իսկ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.12.2017 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 30.08.2017 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը, 80-րդ և 82-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սնանկության գործով կառավարչի վարձատրությունը հաշվարկվում է պարտատերերի պահանջների բավարարման չափից, այլ ոչ թե գույքի իրացումից ստացված միջոցներից: Այսինքն` կառավարչի վարձատրության գումարի հաշվարկման հիմքը ոչ թե գույքի իրացումից ստացված ամբողջ գումարն է, այլ դրա` պարտատերերի պահանջների բավարարմանն ուղղվող մասը: Սույն գործի պարագայում պարտապանի գույքի իրացումից ստացված գումարը կազմել է 23.817.000 ՀՀ դրամ, իսկ պարտատերերի պահանջների բավարարման ենթակա չափը կազմել է 21.148.300 ՀՀ դրամ, հետևաբար կառավարչի վարձատրության չափը պիտի որոշվեր՝ ելնելով պարտատերերի պահանջների բավարարման չափից, այլ ոչ թե գույքի իրացումից ստացված գումարի չափից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն, որ Դատարանը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածով սահմանված բաշխման գումարի հասցեատերերին, որում ընդգրկված է նաև կառավարիչը, բաշխված գումարները համարել է ամբողջությամբ պահանջների բավարարմանն ուղղված միջոցներ՝ դրանով իսկ անտեսելով այն հանգամանքը, որ կառավարչի վարձատրությանն ուղղվող գումարի նկատմամբ ևս կիրառվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածը, այսինքն՝ կառավարչի վարձատրության չափը դիտվել է որպես պահանջի բավարարում, և այդ գումարի համապատասխան տոկոսադրույքների չափերով կրկին կառավարչին վարձատրություն է հաշվարկվել: Ավելին` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի որևէ դրույթով սահմանված չէ, որ կառավարիչը հավաքագրված գումարների բաշխման դեպքում կարող է դիտվել որպես պարտատեր, և օգտվել պարտատերերի համար սահմանված իրավունքներից: Նման կարգավորում օրենքը չի նախատեսել, և դրա կիրառումը հակասում է օրենքի պահանջներին: Տվյալ դեպքում սնանկության գործով կառավարիչը վարձատրվում է իր կողմից կատարված աշխատանքների կամ մատուցած ծառայությունների դիմաց:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.12.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Սնանկ ճանաչված Ընկերության գույքի իրացումից ստացված գումարը կազմել է 23.817.000 ՀՀ դրամ (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 32, 33).

2) Ընկերության սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի կողմից 15.06.2017 թվականին Դատարան է ներկայացվել Ընկերության գույքի իրացումից առաջացած միջոցների միջանկյալ բաշխման ծրագիրը` հետևյալ բովանդակությամբ.  

- գրավով ապահովված պահանջ` 21.148.300 ՀՀ դրամ,

- կառավարչի վարձատրություն` 2.381.700 ՀՀ դրամ,

- վարչական ծախսեր, այդ թվում` գույքի պահպանման և տնօրինման համար անհրաժեշտ ծախսեր՝ 217.000 ՀՀ դրամ,

- վարչական աշխատողների աշխատավարձ՝ 70.000 ՀՀ դրամ, պահումներ՝ 17.080 ՀՀ դրամ, վճարման ենթակա գումար՝ 52.920 ՀՀ դրամ (հավելված հատոր 1-ին, գ.թ. 34, 37-38):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի  2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանների կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի  3-րդ մասի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, հարկ է համարում կրկին անդրադառնալ սնանկության գործով միջանկյալ բաշխման ծրագրով կառավարչի վարձատրության հաշվարկման առանձնահատկություններին:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 79-րդ հոդվածի համաձայն` պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները փոխանցվում են պարտապանի սնանկության հատուկ հաշվին, իսկ անդորրագրերը հանձնվում են կառավարչին:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները բաշխվում են նույն օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե պարտատերը (պարտատերերը) բաշխման ծրագրի օրինակն ստանալու կամ հայտարարությունը հրապարակելուց հետո` 7 օրվա ընթացքում, բաշխման ծրագրի վերաբերյալ գրավոր առարկություն է ներկայացնում դատարան, ապա դատավորն առարկությունն ստանալուց հետո` յոթ օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ առարկությունների քննարկման արդյունքում դատարանը որոշում է կայացնում կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրն անփոփոխ թողնելու, փոփոխելու կամ մերժելու վերաբերյալ:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` պարտատերերի չապահովված պահանջները բավարարվում են հետևյալ հերթականությամբ` կառավարչի վարձատրությունը և վարչական ծախսերը…:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կառավարչի վարձատրությունը կատարվում է պարտապանի դրամական միջոցներից, պարտապանի, երրորդ անձանց գույքի վաճառքից (օտարումից) կամ ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքագրումից գոյացած միջոցներից, չներառելով գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունների գումարը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն`կառավարչի վարձատրությունը սահմանվում է դատարանի որոշմամբ, պարտատերերի պահանջների բավարարման չափի հետևյալ տոկոսադրույքներով`

ա) մինչև 25 միլիոն դրամ` 10 տոկոս.

բ) 25-50 միլիոն դրամ` 2.500.000 դրամին գումարած 25 միլիոն դրամը գերազանցող գումարի 8 տոկոսը.

գ) 50-75 միլիոն դրամ` 4.500.000 դրամին գումարած 50 միլիոն դրամը գերազանցող գումարի 7 տոկոսը.

դ) 75-100 միլիոն դրամ` 6.250.000 դրամին գումարած 75 միլիոն դրամը գերազանցող գումարի 6 տոկոսը.

ե) 100-500 միլիոն դրամ` 7.750.000 դրամին գումարած 100 միլիոն դրամը գերազանցող գումարի 4 տոկոսը.

զ) 500 միլիոն դրամից ավելին` 23.750.000 դրամին գումարած 500 միլիոն դրամը գերազանցող գումարի 3 տոկոսը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «ՓՐԱՅՄ ԼԻԳԱ ՄԱՐԿԵՏ» ՓԲԸ-ի գործով անդրադառնալով վերը նշված իրավական նորմերի մեկնաբանությանը, արձանագրել է, որ սնանկության գործով կառավարչի կողմից պարտապանին պատկանող գույքի վաճառք իրականացնելուց հետո դրանից ստացված միջոցները փոխանցվում են պարտապանի սնանկության հատուկ հաշվին, որոնք բաշխվում են նույն օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան:

Միևնույն ժամանակ օրենսդիրը որոշակի բացառություն է կատարել այն գույքի վաճառքն իրականացնելուց հետո ստացված միջոցների բաշխման մասով, որը գրավ է դրվել սնանկ ճանաչված պարտապանի պարտավորությունների դիմաց` արձանագրելով, որ նման գույքի վաճառքի դեպքում ստացված միջոցներից արտահերթ վճարվում են միայն գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը, որից բխում է, որ մնացած գումարն ուղղվում է ապահովված պահանջի բավարարմանը: Ավելին` օրենսդիրն արտահերթ վճարման ենթակա ծախսերի մեջ որպես վարչական ծախս ներառել է միայն գրավի առարկա գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը` բացառելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում նշված` մնացած վարչական ծախսերի, այդ թվում` գույքի տնօրինման համար անհրաժեշտ ծախսերի (սնանկության դիմումը ներկայացնելու օրվանից մինչև ֆինանսական առողջացման ծրագրի նախագծի հաստատումն ընկած ժամանակահատվածում ֆինանսավորումները), վարչական աշխատողների աշխատավարձի, եկամտային հարկի վճարումների և պարտադիր սոցիալական վճարների, վարչական ապարատը պահպանելու համար այլ անհրաժեշտ ծախսերի, պարտադիր սոցիալական վճարների, աշխատավարձի, եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների վերաբերյալ փաստաթղթերի արխիվացման ծախսերի ներառումը վարչական ծախսերի մեջ:

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ կառավարչի վարձատրությունը կատարվում է պարտապանի դրամական միջոցներից, պարտապանի, երրորդ անձանց գույքի վաճառքից (օտարումից) կամ ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքագրումից գոյացած միջոցներից` չներառելով գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունների գումարը:

Օրենսդիրը նաև հստակ կարգավորել է ինչպես կառավարչի վարձատրությունը սահմանող մարմնի, այնպես էլ այդ վարձատրության չափի հարցերը` ամրագրելով, որ վարձատրության չափը սահմանվում է դատարանի որոշմամբ` ելնելով պարտատերերի պահանջների բավարարման չափից որոշակի տոկոսադրույքներով: Այսինքն` տվյալ դեպքում կառավարչի վարձատրության չափն անմիջականորեն կախվածության մեջ է գտնվում միայն պարտատերերի բավարարված պահանջների չափից, և վարձատրության չափը որոշելիս պետք է պարզել, թե որ պարտատերերի պահանջներն են բավարարվել և ինչ չափով:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ինչպես սնանկության կառավարիչը` իրեն տրվելիք վարձատրության գումարի մասով, այնպես էլ վարչական ծախսերի հասցեատերերը` դրանց դիմաց տրվելիք հատուցման մասով, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իմաստով պարտատերեր (պահանջատերեր) չեն հետևյալ պատճառաբանությամբ.

«Սնանկության մասին» ՀՀ օրենքը ենթարկելով վերլուծության, մեկնաբանելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «պահանջատեր» եզրույթն օգտագործելիս օրենսդիրը մի դեպքում ի նկատի է ունեցել սնանկության վերաբերյալ դիմումում նշված պարտատիրոջը, մյուս դեպքում` պարտապանի նկատմամբ գրանցման նպատակով պահանջ ներկայացրած պարտատիրոջը, իսկ մեկ այլ դեպքում` արդեն պարտատերերի ցուցակում ընդգրկված անձին: Բացի այդ, օրենսդիրը տարբեր ձևակերպումներ է օգտագործել նաև սնանկության կառավարչին, վարչական ծախսերի հասցեատերերին և պահանջատերերին սնանկության վարույթում պարտապանի գույքի և այլ ակտիվների հավաքագրման ու իրացման արդյունքում ստացված դրամական միջոցները վճարելիս: Այսպես, վարչական ծախսերի հասցեատերերին տրվելիք գումարի մասով օրենսդիրն օգտագործել է «ծախսերի վճարում», կառավարչին տրվելիք գումարի մասով` «վարձատրության վճարում», իսկ վերը նշված պահանջատերերին տրվելիք գումարների մասով`«պահանջի բավարարում» ձևակերպումները: Ընդ որում, նման տարբերակումը պայմանավորված է նաև նրանով, որ ի տարբերություն սնանկության կառավարչի և վարչական ծախսերի հասցեատերերի, որոնց վճարման ենթակա գումարները կարող են առաջանալ միայն սնանկ ճանաչելու մասին դիմումը դատարան ներկայացնելուց հետո, պահանջատիրոջ պահանջը կարող է վերաբերել ինչպես մինչ այդ դիմումը դատարան ներկայացնելու ժամանակահատվածին, այնպես էլ դրանից հետո: Բացի այդ, պարտատիրոջը բավարարում տալու համար պարտադիր պայման է վերջինիս կողմից նույն օրենքով սահմանված կարգով և ժամկետում համապատասխան պահանջի ներկայացումը: Մինչդեռ կառավարչի և վարչական ծախսերի հասցեատերերի դեպքում նման պահանջը բացակայում է:

Ավելին` օրենսդիրն անգամ նախատեսել է, որ եթե կառավարիչն իրականացնում է իր լիազորությունները, սակայն պարտապանը գույք չունի, կամ նրա գույքի արժեքը պակաս է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից, կառավարչին փոխհատուցումը տրամադրվում է ՀՀ պետական բյուջեից: Հետևաբար կառավարիչը վարձատրվում է իր կատարած աշխատանքի համար, որը չի կարող նույնացվել պարտատիրոջ պահանջների հետ, որոնք, որպես կանոն, ծագում են նախքան պարտապանին սնանկ ճանաչելը, անգամ պայմանավորում են պարտապանի սնանկության հատկանիշների առաջացումը:

Նշվածից ելնելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սնանկության կառավարչին հասանելիք վարձատրության գումարը և վարչական ծախսերի հասցեատերերին վճարվելիք հատուցումները չեն կարող դիտվել պահանջի բավարարում ու այդ գումարների դիմաց կառավարչին տրվել վարձատրություն:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ կառավարչի վարձատրության չափը պետք է որոշվի հետևյալ կերպ.

Նկատի ունենալով այն, որ ի սկզբանե կառավարչին հայտնի են միայն պարտապանի դրամական միջոցների, պարտապանի և երրորդ անձանց գույքի վաճառքից կամ ակտիվների հավաքագրումից ստացված միջոցների գումարը և վարչական ծախսերի չափը, իսկ գրավադրված գույքի դեպքում՝ միայն դրա պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերի չափը, ապա այդ միջոցներից պետք է հանել համապատասխան վարչական ծախսերը: Դրանից հետո ստացված գումարի մի մասը պետք է ուղղվի պարտատիրոջ պահանջների բավարարմանը և կառավարչի վարձատրությանը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի դեպքում հաշվարկը կորոշվի հետևյալ բանաձևով ՝

 

ՄՀ = ՎԾ+ՊԳ+ԿՎ

 

Որտեղ «ՄՀ»-ն պարտապանի դրամական միջոցների, պարտապանի և երրորդ անձանց գույքի վաճառքից կամ ակտիվների հավաքագրումից ստացված միջոցների հանրագումարն է,

«ՎԾ»-ն` համապատասխան վարչական ծախսերը,

«ՊԳ»-ն` պարտատերերի պահանջների բավարարմանն ուղղվելիք գումարի չափը,

«ԿՎ»-ն` կառավարչի վարձատրության չափը, որի բանաձևն է`

 

ԿՎ=ՊԳx10%

(տե՛ս, թիվ ԵԿԴ/0075/04/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` սնանկ ճանաչված Ընկերության գույքի իրացումից ստացված գումարը կազմել է 23.817.000 ՀՀ դրամ: Ընկերության սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի կողմից Դատարան ներկայացված միջանկյալ բաշխման ծրագրի համաձայն` կառավարչի վարձատրության գումարը հաշվարկվել է որպես պարտապանի գույքի իրացումից ստացված 23.817.000 ՀՀ դրամի 10% (2.381.700 ՀՀ դրամ):

Դատարանը, Կոմիտեի ներկայացրած առարկությունը մերժելով և Ընկերության սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի ներկայացրած ծրագիրն անփոփոխ թողնելով, արձանագրել է, որ «…սնանկության գործով կառավարիչը որպես չապահովված պարտատեր «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածով սահմանված կարգով ունի իր վարձատրության և իր կողմից կատարված վարչական ծախսերի առաջնահերթ բավարարման իրավունք, իսկ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթը՝ բավարարման չափի հետ կապված, օրենսդիրն օգտագործել է կառավարչի վարձատրության չափը որոշելու համար, քանզի պահանջների բավարարման առաջնահերթությունն արդեն իսկ սահմանված է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածով»:

Վերաքննիչ դատարանը, ըստ էության համաձայնելով Դատարանի դիրքորոշման հետ, վերաքննիչ բողոքը մերժել է՝ պատճառաբանելով, որ Դատարանը, պահպանելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ, 80-րդ և 82-րդ հոդվածների պահանջները, հանգել է իրավաչափ եզրակացության առ այն, որ սնանկության գործով կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրը պետք է թողնվի անփոփոխ:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը, գտնում է, որ վերջիններս նյութական իրավունքի նորմի սխալ մեկնաբանման արդյունքում հաշվի չեն առել այն հանգամանքը, որ սնանկության կառավարչի վարձատրության գումարի հաշվարկման հիմքը ոչ թե գույքի իրացումից ստացված ամբողջ գումարն է, այլ դրա` պարտատերերի պահանջների բավարարմանն ուղղվող մասը, այսինքն` սնանկության կառավարչի վարձատրությունը հաշվարկվում է պարտատերերի պահանջների բավարարման չափից, այլ ոչ թե գույքի իրացումից ստացված միջոցներից: Սույն գործի պարագայում կառավարչի վարձատրության չափը ենթակա էր որոշման՝ ելնելով պարտատերերի պահանջների բավարարման չափից, այլ ոչ թե գույքի իրացումից ստացված գումարի չափից՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները և առաջարկված բանաձևը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, սխալ մեկնաբանելով համապատասխան նյութական նորմը՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածը, սխալ եզրահանգման են եկել Կոմիտեի ներկայացրած առարկության վերաբերյալ, ինչն էլ ազդել է գործի ելքի վրա:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի ներկայացման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածով սահմանված` վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` Վերաքննիչ դատարանի 01.12.2017 թվականի որոշումը բեկանելու և գործը՝ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրը քննարկելու մասով, նոր քննության ուղարկելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.12.2017 թվականի որոշումը և գործը` «Արմենիա Հոսփիթալիթի Հոլդինգ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրը քննարկելու մասով, ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Գ. Հակոբյան

  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան
  Մ. Դրմեյան
 

Ե. Խունդկարյան

  Ս. Միքայելյան
 

Տ. Պետրոսյան

  Է. Սեդրակյան
  Ն. Տավարացյան