ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հոկտեմբերի 2010 թվականի N 1461-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 1229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1096-Ն ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1241-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 22.12.16 N 1389-Ն)
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 11-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումներիի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1229-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված N 1 հավելվածի 9-րդ կետում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 1-ին ենթակետի «բ», «գ», «ե», «զ», «է», «ը», «թ», «ժ», «ժա», «ժբ», «ժգ», «ժդ», «ժե» և «ժզ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ և նույն ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժէ» և «ժը» պարբերություններով.
«բ. մշակում է պետության սոցիալ-տնտեսական զարգացման (ԿԶԾ) և տնտեսական աճի երկարաժամկետ քաղաքականությունը, իրականացնում դրանց դիտանցում,»,
«գ. մշակում է միկրոտնտեսական քաղաքականությունը և իրականացնում դրա դիտանցում, առաջարկություններ է ներկայացնում մակրոտնտեսական քաղաքականության վերաբերյալ` կարճաժամկետ տնտեսական աճի կանխատեսման և դրա ապահովմանն ուղղված ծրագրերի մասով,»,
«ե. իրականացնում է տնտեսության զարգացման պետական և մասնավոր երկարաժամկետ ներդրումային ծրագրերի ընթացքի դիտանցումը և արդյունքների գնահատումը,»,
«զ. առաջարկություններ է ներկայացնում մաքսային, հարկային և ոչ հարկային եկամուտների քաղաքականության վերաբերյալ` երկարաժամկետ տնտեսական աճի մարտահրավերների տեսակետից,»,
«է. առաջարկություններ է ներկայացնում սոցիալական, ֆինանսական, բյուջետային, դրամավարկային և սակագնային քաղաքականության վերաբերյալ,»,
«ը. մշակում է արտաքին տնտեսական քաղաքականությունը և իրականացնում է դրա դիտանցում,»,
«թ. դիտանցում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների հետ համատեղ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը` Հայաստանի Հանրապետության կառավարության մակրոտնտեսական և բյուջետային ծախսերի քաղաքականությանը համապատասխան,»,
«ժ. դիտանցում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրի և եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում «Հայաստան-Եվրոպական միություն» գործողությունների ծրագրի իրականացումը, և այդ ծրագրերի մասով իրականացնում է Եվրոպական միության կառույցների հետ տարվող աշխատանքները,»,
«ժա. դիտանցում է Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող ծրագրերը,»,
«ժբ. իրականացնում է օտարերկրյա պետությունների և միջազգային կառույցների հետ առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության աշխատանքները,»,
«ժգ. դիտանցում է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում և միջազգային այլ տնտեսական կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության առևտրական և մշտական ներկայացուցիչների գործունեությունը,»,
«ժդ. մշակում է օտարերկրյա պետությունների հետ կնքվող համաձայնագրերի և միջկառավարական պայմանագրերի նախագծեր,»,
«ժե. մշակում է «պետական-մասնավոր» համագործակցության շրջանակը և քաղաքականությունը,»,
«ժէ. իր իրավասության սահմաններում իրականացնում է կարգավորման ազդեցության գնահատում, այդ թվում` իրականացնելով վարչական ծախսերի գնահատման մեխանիզմի ներդրման աշխատանքները»,
«ժը. իր իրավասության սահմաններում վարում է տնտեսության ճյուղերի վարչական ռեգիստր».
2) 2-րդ ենթակետի «ա», «բ», «դ», «ե», «ը» և «ժա» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ, նույն ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժբ» և «ժգ» պարբերություններով և նույն ենթակետի «գ», «է», «թ» և «ժ» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել՝
«ա. մշակում է տնտեսության մրցունակության բարձրացման քաղաքականությունը,»,
«բ. առաջարկություններ է ներկայացնում տարածքային տնտեսական քաղաքականության մշակման և իրականացման վերաբերյալ, նախաձեռնում տարածքային տնտեսական զարգացմանն ուղղված նպատակային ծրագրեր և իրականացնում դրանց դիտանցում,»,
«դ. մշակում է զբոսաշրջության պետական քաղաքականությունը և դիտանցում զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը,»,
«ե. մշակում է բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման քաղաքականությունը և դիտանցում դրա իրականացումը,»,
«ը. ներկայացնում է կարծիքներ ռազմարդյունաբերության քաղաքականության մշակման և իրականացման վերաբերյալ»,
«ժա. մշակում է տնտեսության զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի կազմակերպման պետական քաղաքականությունը, մշակում և դիտանցում է զորահավաքային նախապատրաստության աշխատանքները, մշակում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման մեթոդաբանական հիմքերը»,
«ժբ. մշակում և իրականացնում է երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության բնագավառում պետական քաղաքականությունը»,
«ժգ. կազմակերպում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական մասի աշխատանքները և մասնակցում դրանց իրականացմանը».
3) 3-րդ ենթակետի «ա», «բ», «գ», «է», «ը», «թ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ և նույն ենթակետի «ե» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել՝
«ա. մշակում է գիտելիքի տնտեսության ենթակառուցվածքների ձևավորման քաղաքականությունը,»,
«բ. մշակում է նորամուծության խթանման քաղաքականությունը,»,
«գ. մշակում է գիտելիքի տնտեսության և նորամուծական նպատակային ծրագրերը և դիտանցում դրանց իրականացումը,»,
«է. մշակում է գիտական գործունեության արդյունքի առևտրայնացման քաղաքականությունը,»,
«ը. դիտանցում է տնտեսական աճին նպաստող գիտահետազոտական պետական կառույցների ծրագրերի իրականացումը,»,
«թ. մշակում է մտավոր սեփականության պաշտպանության քաղաքականությունը.».
4) 4-րդ ենթակետի «ա», «գ», «դ» և «զ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ և նույն ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ» պարբերությամբ՝
«ա. ուսումնասիրում է ներքին շուկաները, բացահայտում առկա խոչընդոտները, մշակում է ներքին շուկայի պաշտպանության և հակագնագցման միջոցների կիրառման քաղաքականությունը և իրականացնում դիտանցում,»,
«գ. մշակում է բարենպաստ առևտրային ռեժիմների ձևավորման և արտաքին շուկաներ մուտք գործելու խոչընդոտները վերացնելու ուղղությամբ միջոցառումներ, դիտանցում է Եվրոպական միության, Առևտրի համաշխարհային կազմակերպության և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունից և (կամ) անդամակցությունից բխող առևտրատնտեսական պարտավորությունների կատարումը,»,
«դ. ներդնում է որակի արդյունավետ համակարգ (ստանդարտացում, չափագիտություն, սերտիֆիկացում և հավատարմագրում), մշակում է տվյալ ոլորտի քաղաքականությունը, և իրականացնում դիտանցում,»,
«զ. մշակում է կորպորատիվ կառավարման իրավական դաշտը և կանոնները,»,
«թ. իրականացնում է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների նախապատրաստման և անցկացման գործընթացը.».
5) 5-րդ ենթակետի «ա», «բ», «գ», «է» և «թ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ և նույն ենթակետի «զ» և «ը» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել՝
«ա. մշակում է գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականությունը, իրականացնում է Հայաստանի Հանրապետությունը որպես «Գործարարությամբ զբաղվելու գերազանցության կենտրոն» ծրագրի դիտանցում,»,
«բ. ձևավորում է Հայաստանի Հանրապետության` որպես գործարարության իրականացման համար բարենպաստ երկրի նկարագիրը և առաջարկություններ ներկայացնում դրա գովազդման ուղղությամբ,»,
«գ. մշակում է ներդրումների և ներդրողների պաշտպանության քաղաքականությունը և իրականացնում դիտանցում,»,
«է. մշակում է տեղեկատվական հասարակության ձևավորման և զարգացման պետական քաղաքականությունը, դիտանցում է տեղեկատվական հասարակության ձևավորման գործընթացի իրականացումը,»,
«թ. մշակում է պետության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունների լիարժեք հասանելիության ծրագրերը և դիտանցում դրանց իրականացումը:»:
(1-ին կետը փոփ. 22.12.16 N 1389-Ն)
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ծրագրերի կառավարման գործակալությունը վերակազմավորման միջոցով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի Եվրամիության և միջազգային համագործակցության վարչության` աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով:
(2-րդ կետը փոփ. 22.12.16 N 1389-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1229-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ծրագրերի կառավարման գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1230-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1096-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1229-Ն որոշման մեջ լրացում կատարելու, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պետական-մասնավոր գործընկերության գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1241-Ն որոշումները:
4. Հաստատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի լիցենզավորման և թույլտվությունների գործակալության կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի:
(4-րդ կետը փոփ. 22.12.16 N 1389-Ն)
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. նոյեմբերի 17 |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1461-Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1229-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
(վերնագիրը փոփ. 22.12.16 N 1389-Ն)
I. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
1. Վարչություններ
Տնտեսական զարգացման և քաղաքականության պլանավորման վարչություն
Գործարար միջավայրի բարելավման վարչություն
Առևտրի և որակի ենթակառուցվածքների վարչություն
Արդյունաբերության և ձեռնարկությունների աջակցման վարչություն
Ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչություն
Պետական-մասնավոր գործընկերության և տարածքային տնտեսական զարգացման վարչություն
Շուկաների կարգավորման վարչություն
Զբոսաշրջության վարչություն
Բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ու գիտելիքի տնտեսության վարչություն
Եվրամիության և միջազգային համագործակցության վարչություն
Անձնակազմի կառավարման վարչություն
Իրավաբանական վարչություն
Ֆինանսաբյուջետային վարչություն
Կազմակերպատնտեսական վարչություն
2. Քարտուղարություն
3. Բաժիններ
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Առաջին բաժին
II. ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
Մտավոր սեփականության գործակալություն
Լիցենզավորման և թույլտվությունների գործակալություն
Հավատարմագրման գործակալություն
Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչություն
(հավելվածը փոփ. 22.12.16 N 1389-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1461-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
(վերնագիրը փոփ. 22.12.16 N 1389-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի լիցենզավորման և թույլտվությունների գործակալությունը (այսուհետ` գործակալություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մատուցում է ծառայություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթներից բխող ոլորտներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
(1-ին կետը խմբ. 28.04.11 N 519-Ն, լրաց. 15.12.11 N 1766-Ն, փոփ. 28.04.16 N 422-Ն, 22.12.16 N 1389-Ն)
2. Գործակալությունն ստեղծվում ու վերակազմակերպվում է, և դրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(2-րդ կետը փոփ. 22.12.16 N 1389-Ն)
3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ինչպես նաև այլ իրավական ակտերով:
4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և գործակալության` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Գործակալության նպատակները և խնդիրները Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված ոլորտներում հայտատուներին սահմանված լիցենզիաների, թույլտվությունների, հավաստագրերի, որակավորումների և եզրակացությունների տրամադրման աշխատանքների կազմակերպումն է:
(7-րդ կետը փոփ. 28.04.11 N 519-Ն, 22.12.16 N 1389-Ն)
III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման՝ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գործընթացի ապահովում.
2) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման՝ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գործընթացի ապահովում.
3) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից սպիտակ շաքարի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 և 1701 99 100 9)՝ երրորդ երկրներից ներմուծման լիցենզավորման գործընթացի ապահովում.
4) Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղների հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման լիցենզավորման գործընթացի ապահովում.
5) շրջանառության հսկողության ոլորտում երկակի նշանակության ապրանքների արտահանման, հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման թույլտվությունների տրամադրման և Հայաստանի Հանրապետության տարածքով երկակի նշանակության ապրանքների տարանցիկ փոխադրման մասին ծանուցագրերի ընդունման գործընթացի ապահովում.
6) Հայաստանի Հանրապետություն ալմաստների ներմուծման և արտահանման ժամանակ Քիմբերլիի գործընթացի հավաստագրերի հաշվառման, տրամադրման և Քիմբերլիի գործընթացի գրասենյակ հաշվետվությունները ներկայացնելու հետ կապված աշխատանքների իրականացում.
7) հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման վկայականի տրամադրման, որակավորման գործընթացի և պարբերական գնահատման հետ կապված աշխատանքների իրականացում.
8) Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման գործընթացի ապահովում.
9) Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև կնքված շրջանակային համաձայնագրով արտոնություններից օգտվելու համար ներկայացված փաստաթղթերի ընդունում և ուսումնասիրում, ինչպես նաև գործառույթի հետ կապված աշխատանքների հետագա ընթացքի իրականացում.
10) վերջնական օգտագործողի հավաստագրի պետական հաստատման և ներմուծման հավաստագրի տրամադրման գործընթացի ապահովում.
11) առանց ներմուծման մաքսատուրքի վճարման՝ «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» 1950 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների ներմուծման նպատակային նշանակության վերաբերյալ եզրակացությունների տրամադրում և գործառույթից բխող աշխատանքների իրականացում.
12) Հայաստանի Հանրապետություն շաքարի արտադրության համար առանց ներմուծման մաքսատուրքի վճարման՝ ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ծածկագրերին դասվող ապրանքների (եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների, բացառությամբ շաքարի ճակնդեղի), նպատակային նշանակության հավաստման վերաբերյալ եզրակացությունների տրամադրում և գործառույթից բխող աշխատանքների իրականացում.
13) թանկարժեք քարերի կամ թանկարժեք մետաղների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման (ներմուծման) համար տրամադրվող պետական վերահսկողության ակտերի տրամադրում և գործառույթից բխող աշխատանքների իրականացում.
14) ներմուծվող (արտահանվող), վերամշակվող արտադրանքի և վերամշակման նպատակով ներմուծվող (արտահանվող) թանկարժեք իրերի ու ներմուծվող (արտահանվող) բնական ալմաստների վերամշակվող արտադրանքի և վերամշակման նպատակով ներմուծվող (արտահանվող) բնական ալմաստների ցանկերի հաստատում ու գործառույթից բխող աշխատանքների իրականացում.
15) սույն կետում նշված գործառույթներն իրականացնելու նպատակով ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը և դրանց՝ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի պահանջներին համապատասխանեցման աշխատանքների իրականացում:
(8-րդ կետը փոփ. 28.04.11 N 519-Ն, լրաց. 15.12.11 N 1766-Ն, խմբ. 28.04.16 N 422-Ն)
IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Գործակալությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը (այսուհետ` նախարար): Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(9-րդ կետը փոփ. 22.12.16 N 1389-Ն)
10. Գործակալության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
11. Գործակալության պետը պատասխանատու է գործակալությանը վերապահված բնագավառներում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերի համապատասխանության համար:
12. Գործակալության պետը հաշվետու է նախարարին, գործակալության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
13. Գործակալության պետը`
1) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.
3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
5) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
6) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.
7) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` սահմանում է գործակալության աշխատողների իրավասությունները.
8) լսում է գործակալության աշխատողների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
9) իրականացնում է վերահսկողություն գործակալության աշխատողների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
10) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի վերաբերյալ.
11) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
12) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին գործակալության մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
15. Գործակալությունը կարող է ունենալ կառուցվածքային ստորաբաժանումներ:
16. Գործակալության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
17. Գործակալության վերակազմակերպման և դրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
(հավելվածը խմբ., փոփ. 28.04.11 N 519-Ն, լրաց. 15.12.11 N 1766-Ն, փոփ., խմբ. 28.04.16 N 422-Ն, փոփ. 22.12.16 N 1389-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.06.2018, N 705-Ն | 30.06.2018, N 1461-Ն | |
12.04.2018, N 421-Ն | 19.04.2018, N 1461-Ն | |
22.12.2016, N 1389-Ն | 28.01.2017, N 1461-Ն | |
28.04.2016, N 422-Ն | 12.05.2016, N 1461-Ն | |
15.12.2011, N 1766-Ն | 22.12.2011, N 1461-Ն | |
28.04.2011, N 519-Ն | 12.05.2011, N 1461-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|