Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.09.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.11.07/54(578)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
05.09.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.09.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական
վերաքննիչ
դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 07-556/2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-1315 (ՎԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան
դատավորներ՝ Կ. ՀԱԿՈԲՅԱՆ
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Մկրտումյանի

Է. Հայրիյանի

Վ. Աբելյանի

Ս. Գյուրջյանի

2007 թվականի սեպտեմբերի 5-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Գայանե և Առնոլդ Նախտմանների վճռաբեկ բողոքն ըստ հայցի Գայանե և Առնոլդ Նախտմանների ընդդեմ Սուսաննա Սարգսյանի՝ պարտավորությունը կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին թիվ 07-556 քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 05.03.2007 թվականի վճռի դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ հայցվորները պահանջել են պատասխանողին պարտավորեցնել կատարել՝ 4.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ իրենց վճարելու պարտավորությունը:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 26.07.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վերաքննիչ դատարանի 05.03.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Գայանե և Առնոլդ Նախտմանները:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի, 345-րդ, 347-րդ, 348-րդ և 408-րդ հոդվածների պահանջները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հայցը մերժելիս անտեսել է այն հանգամանքը, որ հայցվորների պահանջը հիմնված է եղել պայմանագրով ստանձնած պարտավորությունների վրա: Իրենց պայմանագրային պարտավորությունները հայցվորները կատարել են, մինչդեռ պատասխանողն իր պարտավորությունը չի կատարել՝ հրաժարվելով վճարել գույքի արժեքի չվճարված մասը:

2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը մեկնաբանելով օրինական ուժի մեջ մտած վճիռը, իր կայացրած վճռում այնպիսի հանգամանքներ է նշել, որոնք օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված չեն:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձինք պահանջել են բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 05.03.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 26.07.2006 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Արթուր Նախտմանի (որը հանդես է եկել նաև կնոջ՝ Գայանե Նախտմանի անունից) և Սուսաննա Սարգսյանի միջև 22.03.2004 թվականին կնքվել է Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի 31 շենքի 33 բնակարանի (նոր հասցեն՝ Ջիվանու փողոց, 12 շենք, բնակարան 33) ներքին առուվաճառքի պայմանագիրը:

2) Գույքի վաճառքի արժեքը նշվել է 13.500 ԱՄՆ դոլար, որից 9.000 ԱՄՆ դոլարը վճարվել է պայմանագրի կնքման պահին:

3) Պայմանագրի կնքումից հետո Արթուր Նախտմանը բնակարանը հանձնել է Սուսաննա Սարգսյանին:

4) Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի վճռով վավեր է ճանաչվել Արթուր Նախտմանի և Սուսաննա Սարգսյանի միջև կնքված պայմանագիրը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է՝ վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և քաղաքացիական օրենսգրքում նշված այլ հիմքերով:

Նույն օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ՝ պարտավորության պայմաններին, օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

Վերոնշյալ նորմերից բխում է, որ պարտավորությունների պատշաճ կատարումը որպես պարտավորությունների կատարման ընդհանուր և հիմնարար սկզբունք, ենթադրում է պարտավորության բովանդակությունը կազմող գործողությունների կատարում՝ պարտավորության պայմաններին, օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

Տվյալ պարագայում պայմանագրով կողմերի ստանձնած պարտավորությունները հետևյալն են՝ գումարի վճարումը վաճառողին (պարտատիրոջը) և բնակարանի փոխանցումը գնորդին (պարտապանին):

Սույն գործի փաստերի համաձայն՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով պայմանագիրը վավեր է ճանաչվել:

Փաստորեն պայմանագրով գույքի գին է սահմանվել 13.500 ԱՄՆ դոլար գումար, որից գնորդ Սուսաննա Սարգսյանը վճարել է 9.000 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած գումարը պարտավորվել վճարել առուվաճառքի գործարքը նոտարական կարգով վավերացնելուց հետո: Չվճարված 4.500 ԱՄՆ դոլարի վճարման պարտավորությունը կրում է գնորդը, քանի որ մինչ դատարանի կողմից պայմանագիրը վավեր ճանաչելը, Արթուր Նախտմանը բնակարանը հանձնել է գնորդին, ամբողջությամբ կատարելով իր պարտավորությունը, որպիսի պայմաններում գնորդն իր հերթին պարտավոր է կատարել պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե կողմերից մեկը լրիվ կամ մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական վավերացումից, դատարանն իրավունք ունի, գործարքը կատարած կողմի պահանջով, այն վավեր ճանաչել: Այդ դեպքում գործարքի հետագա նոտարական վավերացում չի պահանջվում:

Սույն գործի փաստերի համաձայն՝ պայմանագրով Սուսաննա Սարգսյանը պարտավորվել է 4.500 ԱՄՆ դոլար գումարը վճարել այն ժամանակ, երբ կողմերը առուվաճառքի գործարքը կվավերացնեն նոտարական կարգով: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պայմանագրի այդ պայմանն արդեն իսկ կատարվել է, քանի որ տվյալ դեպքում նոտարական վավերացումը փոխարինվել է դատարանի կողմից պայմանագիրը վավեր ճանաչելով, որի դեպքում գործարքի հետագա նոտարական վավերացում այլևս չի պահանջվում: Հետևաբար, Սուսաննա Սարգսյանը պարտավոր է վճարել իր կողմից գնված անշարժ գույքի արժեքի չվճարված 4.500 ԱՄՆ դոլար գումարը:

Վերոնշյալ պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 348-րդ և 408-րդ հոդվածների կիրառելիության վերաբերյալ բողոքի սույն հիմքի փաստարկները հիմնավոր է համարում:

2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

Այս նորմով օրենսդիրը սահմանել է, որ հանրահայտ ճանաչված և օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքները ապացուցման կարիք չունեն կամ կրկին չեն ապացուցվում:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը խախտելով վերոնշյալ նորմի պահանջը՝ վճռի հիմքում դրել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 29.12.2004 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով իբր հաստատված՝ Սուսաննա Սարգսյանի կողմից Արթուր Նախտմանին որպես կանխավճար 9000 ԱՄՆ դոլար վճարած լինելու հանգամանքը, մինչդեռ նշված վճռով այդպիսի հանգամանք չի հաստատվել:

Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոքի սույն հիմքում նշված՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի խախտման վերաբերյալ փաստարկը և գտնում է, որ նշված դատավարական իրավունքի խախտումը հանգեցրել է գործի սխալ լուծման, հետևաբար՝ հանդիսանում է բողոքարկվող դատական ակտի բեկանման հիմք:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանը սույն գործով յուրաքանչյուր ապացույց գնահատել է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ և 26.07.2006 թվականին կայացրել է հիմնավորված և օրինական վճիռ: Հետևաբար, ելնելով դատական քննության արդյունավետության սկզբունքից՝ Վճռաբեկ դատարանը սույն գործով հարկ է համարում կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու լիազորությունը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն վճռաբեկ բողոքի հիմքերը վերը նշված պատճառաբանություններով հիմնավոր է համարում և դրանք բավարար է դիտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ, 227-րդ հոդվածների ուժով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 05.03.2007 թվականի վճիռը բեկանելու և նույն օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 26.07.2006 թվականի վճռին օրինական ուժ տալու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 05.03.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ ՀՀ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 26.07.2006 թվականի վճռին:

2. Պատասխանող Սուսաննա Սարգսյանից հօգուտ Գայանե Նախտմանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումար, ինչպես նաև հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել վճռաբեկ բողոքի ներկայացման համար սահմանված պետական տուրքի չվճարված մասը՝ 25.225 ՀՀ դրամ գումար:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան
 

Է. Հայրիյան

  Վ. Աբելյան
 

Ս. Գյուրջյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան