Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-96-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.06.30/42(1317) Հոդ.660
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.06.2017
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի հունիսի 9-ին

 

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, անկախության երաշխիքները, գործառույթներն ու լիազորությունները, անդամներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև հայտարարագրերի վերլուծության և վարույթների անցկացման հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը

 

1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ինքնավար պետական մարմին է:

2. Հանձնաժողովի գտնվելու վայրը Երևան քաղաքն է:

3. Հանձնաժողովն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, ինչպես նաև իր գործունեության նպատակներին և ամրացված գույքի նշանակությանը համապատասխան՝ տիրապետել և օգտագործել այդ գույքը:

 

ԳԼՈՒԽ 2

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 3.

Հանձնաժողովի գործունեության սկզբունքները

 

1. Հանձնաժողովը գործում է կոլեգիալության, ֆինանսական ինքնուրույնության, հանրային հաշվետվողականության և թափանցիկության, համագործակցության և քաղաքական չեզոքության սկզբունքների հիման վրա:

 

Հոդված 4. Կոլեգիալությունը

 

1. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում, որոշումներն ու եզրակացություններն ընդունում է կոլեգիալ:

 

Հոդված 5. Ֆինանսական ինքնուրույնությունը

 

1. Հանձնաժողովը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում յուրաքանչյուր տարի կազմում և Հայաստանի Հանրապետության կառավարություն (այսուհետ՝ Կառավարություն) է ներկայացնում Հանձնաժողովի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (պետական բյուջեով Հանձնաժողովի գծով նախատեսվելիք ծախսերի նախահաշվի նախագիծը)՝ առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում ներառելու համար:

2. Հանձնաժողովի բյուջետային ֆինանսավորման հայտը Կառավարության կողմից ընդունվելու դեպքում՝ անփոփոխ, իսկ առարկությունների դեպքում՝ փոփոխված, ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում: Կառավարությունը Հանձնաժողովի բյուջետային ֆինանսավորման հայտը պետական բյուջեի նախագծի հետ ներկայացնում է Ազգային ժողով:

3. Պետական բյուջեի ծախսային մասում Հանձնաժողովի ծախսերը ներկայացվում են առանձին տողով:

 

Հոդված 6. Հանրային հաշվետվողականությունը և թափանցիկությունը

 

1. Հանձնաժողովը յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո` տասնօրյա ժամկետում, հաշվետու ժամանակահատվածի գործունեության վերաբերյալ հաղորդումը տեղադրում է Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում:

2. Հանձնաժողովն իր պաշտոնական կայքէջում հրապարակում է իր ընդունած որոշումները և եզրակացությունները, ինչպես նաև իր ներկայացրած առաջարկությունները և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկությունները:

3. Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Հանձնաժողովն իր նախորդ տարվա գործունեության մասին հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով:

4. Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ավարտից հետո` երկու ամսվա ընթացքում, Հանձնաժողովը նախորդ տարվա բարեվարքության համակարգի վիճակի վերաբերյալ հաղորդումը տեղադրում է Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում:

(6-րդ հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-208-Ն)

(հոդվածը 04.12.24 ՀՕ-486-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը)

 

Հոդված 7. Համագործակցությունը

 

1. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և այլ կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների շրջանակներում օժանդակում են Հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը:

 

Հոդված 8.  Քաղաքական չեզոքությունը

 

1. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս պահպանում է քաղաքական չեզոքություն:

 

Հոդված 9. Հանձնաժողովի կազմավորման կարգը

 

1. Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից` նախագահ և չորս անդամ: Հանձնաժողովի անդամների պաշտոնները ինքնավար պաշտոններ են:

2. Հանձնաժողովի անդամներին «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակում է Ազգային ժողովը՝ վեց տարի ժամկետով, բացառությամբ Հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման դեպքերի:

3. Հանձնաժողովն իր կազմից Հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետով ընտրում է Հանձնաժողովի նախագահ:

4. Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար Ազգային ժողովի նախագահը ձևավորում է մրցութային խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ):

5. Խորհուրդը կազմված է Կառավարության, Ազգային ժողովի խմբակցությունների կամ Ազգային ժողովի խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի և Փաստաբանների պալատի նշանակած մեկական անդամներից: Խորհրդի անդամ կարող է նշանակվել սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները բավարարող անձը: Խորհրդի կազմում ընդգրկվելու համար Ազգային ժողովի նախագահը Հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտից իննսուն օր առաջ, ինչպես նաև Հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, գրությամբ դիմում է Կառավարություն, Բարձրագույն դատական խորհուրդ, Ազգային ժողովի խմբակցություններ, Մարդու իրավունքների պաշտպանին և Փաստաբանների պալատ՝ նրանց կողմից Ազգային ժողովի նախագահի գրությունը ստանալու պահից՝ տասնօրյա ժամկետում մեկական անդամ նշանակելու համար: Խորհուրդը համարվում է ձևավորված սահմանված ժամկետում դրա կազմի բոլոր անդամների նշանակումից հետո՝ եռօրյա ժամկետում, Ազգային ժողովի նախագահի կողմից Խորհրդի անհատական կազմը հաստատելու օրվանից։ Սահմանված ժամկետում որևէ իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) կողմից Խորհրդի անդամ չնշանակվելու դեպքում եռօրյա ժամկետում Ազգային ժողովի նախագահի կողմից Խորհրդի անհատական կազմը հաստատելու օրվանից Խորհուրդը համարվում է ձևավորված նշանակված անդամների կազմով, եթե սույն մասով սահմանված կարգով նշանակվել է Խորհրդի առնվազն երեք անդամ։

6. Եթե Կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը, Մարդու իրավունքների պաշտպանը կամ Փաստաբանների պալատը սահմանված ժամկետում Խորհրդում անդամ չի նշանակում, ապա նույն մարմինը (պաշտոնատար անձը) անդամ կարող է նշանակել սույն հոդվածի 5-րդ մասում նշված ժամկետի ավարտից հետո՝ տասնօրյա ժամկետում:

6.1. Ազգային ժողովի խմբակցությունների կամ Ազգային ժողովի խորհրդի կողմից Խորհրդի անդամը նշանակվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով։

7. (մասն ուժը կորցրել է 25.03.20 ՀՕ-199-Ն)

8. Հանձնաժողովի անդամի պաշտոնում նշանակումը կատարվում է այդ պաշտոնում սույն օրենքի 10.2-րդ հոդվածի 25-րդ մասով սահմանված կարգով թեկնածու առաջադրվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Եթե Հանձնաժողովի անդամ նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումը չի ընդունվում, ապա Ազգային ժողովի նախագահը սույն հոդվածով սահմանված կարգով՝ 10-օրյա ժամկետում, դիմում է իրավասու մարմիններ՝ նոր մրցութային խորհուրդ ձևավորելու նպատակով:

9. Հանձնաժողովի անդամի յուրաքանչյուր պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձևավորվում է նոր Խորհուրդ, բացառությամբ այն դեպքերի, երբ մրցույթը կազմակերպվում է Հանձնաժողովի մեկից ավելի անդամների պաշտոններում թեկնածուներ ընտրելու նպատակով, որի պարագայում մրցույթն անցկացնում է միևնույն Խորհուրդը։

10. Հանձնաժողովի նորընտիր անդամը Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնն ստանձնում է այդ պաշտոնում նշանակվելուց հետո՝ անհապաղ, իսկ Հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտին նախորդող ժամանակահատվածում նշանակվելու դեպքում Հանձնաժողովի նորընտիր անդամն իր պաշտոնն ստանձնում է Հանձնաժողովի համապատասխան անդամի լիազորությունների դադարման օրը:

(9-րդ հոդվածը խմբ. 13.09.19 ՀՕ-180-Ն, խմբ., փոփ., լրաց. 25.03.20 ՀՕ-199-Ն, 18.09.20 ՀՕ-440-Ն, փոփ., լրաց. 19.01.21 ՀՕ-25-Ն)

(18.09.20 ՀՕ-440-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(19.01.21 ՀՕ-25-Ն օրենքն ունի  եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 10. Հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները

 

1. Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, բարձրագույն կրթությամբ և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք, ով ունի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին՝ քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից):

2. Հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը պետք է ունենա բարձրագույն իրավաբանական, առնվազն մեկը` բարձրագույն տնտեսագիտական կրթություն:

3. Հանձնաժողովի անդամ չի կարող նշանակվել այն անձը, որը դատապարտվել է հանցագործության կատարման համար` անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքերով, որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում, որն ունի Կառավարության սահմանած ցանկով նախատեսված՝ դատավորի նշանակմանը խոչընդոտող հիվանդություն:

4. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Հանձնաժողովի անդամ:

5. Հանձնաժողովի անդամը պաշտոնավարում է մինչև 65 տարին լրանալը:

(10-րդ հոդվածը խմբ. 13.09.19 ՀՕ-180-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-163-Ն)

(23.03.18 ՀՕ-208-Ն օրենքի 3-րդ հոդվածի փոփոխությունը հնարավոր չէ կատարել, քանի որ 10-րդ հոդվածի 5-րդ մասում «քաղաքացիական» բառը բացակայում է)

 

Հոդված 10.1. Խորհրդի գործառույթները և գործունեության կազմակերպումը

 

1. Խորհուրդը՝

1) ապահովում է մրցույթի անցկացման պայմանների և ժամկետների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը.

2) սահմանում է մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

3) համադրում է թեկնածուի համապատասխանությունը սույն օրենքով նախատեսված պահանջներին (փաստաթղթերի գնահատման փուլ).

4) փաստաթղթերի գնահատման փուլի արդյունքում ընտրում է հարցազրույցի փուլ անցած թեկնածուների.

5) հարցազրույցի փուլի անցկացման նպատակով սահմանում է՝

ա. թեկնածուի՝ Հանձնաժողովի անդամի պաշտոնի համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների ստուգման նպատակով կազմված հարցերից բաղկացած հարցարանը (այսուհետ՝ Հարցարան),

բ. Հանձնաժողովի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորը,

գ. առավելագույն միավորի բաշխումը՝ ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների,

դ. գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները,

ե. չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը՝ համապատասխան պահանջի համար նախատեսված առավելագույն միավորի շրջանակներում,

զ. գնահատման և միավորների հաշվարկման կարգը.

6) հարցազրույցի փուլի ավարտից հետո կազմում և Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում մրցույթում հաղթող ճանաչված թեկնածուների ցուցակը.

7) մրցույթի կազմակերպմանն ու անցկացմանը, ինչպես նաև մրցույթի արդյունքներին վերաբերող հարցերի կապակցությամբ ընդունում է որոշումներ։

2. Խորհրդի նիստն իրավազոր է Խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության մասնակցության դեպքում: Նիստը վարում է Խորհրդի՝ նիստին մասնակցող տարիքով ավագ անդամը:

3. Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ Խորհրդի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ: Խորհուրդն իր նիստերը հրավիրում է Ազգային ժողովի նստավայրում: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար:

4. Խորհրդի նիստերն արձանագրվում են:

(10.1-ին հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-199-Ն, 19.01.21 ՀՕ-25-Ն)

(19.01.21 ՀՕ-25-Ն օրենքն ունի  եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 10.2. Մրցույթի անցկացումը

 

1. Ազգային ժողովի նախագահը մրցույթն Ազգային ժողովի աշխատակազմի (սույն հոդվածում այսուհետ՝ աշխատակազմ) միջոցով հայտարարում է մրցութային խորհրդի ձևավորման օրվանից հետո` 30 օրվա ընթացքում։

2. Հայտարարությունը հրապարակվում է առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների, Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքերում (այսուհետ՝ պաշտոնական կայքեր):

3. Հայտարարությունը պետք է պարունակի հետևյալ տվյալները.

1) թեկնածուին ներկայացվող պահանջները.

2) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, այդ թվում՝ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը.

3) մրցույթի անցկացման պայմանները, Հարցարանը, թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորը, առավելագույն միավորի բաշխումը՝ ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների, գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները, չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը՝ համապատասխան պահանջի համար նախատեսված առավելագույն միավորի շրջանակներում, գնահատման և միավորների հաշվարկման կարգը.

4) փաստաթղթերը ներկայացնելու ժամկետը և վայրը:

4. Մրցույթին մասնակցելու հավակնություն ունեցող անձը (այսուհետ՝ հավակնորդ) հայտարարության հրապարակմանը հաջորդող 20 օրվա ընթացքում աշխատակազմ է ներկայացնում մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր), այդ թվում՝ բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը, ինչպես նաև իր բնակության և էլեկտրոնային փոստի հասցեները:

5. Փաստաթղթերը կարող են հանձնվել առձեռն կամ ուղարկվել փոստով:

6. Փաստաթղթերն ընդունելու նպատակով աշխատակազմում վարվում է համապատասխան գրանցամատյան:

7. Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են սահմանված ժամկետում ներկայացված, եթե աշխատակազմը դրանք ստացել է մինչև սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետը լրանալը:

8. Փոստով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հավակնորդը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ օրվա ընթացքում՝ իր ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով:

9. Մրցույթն անցկացվում է երկու փուլով, որոնցից առաջինը փաստաթղթերի ամբողջականության և համապատասխանության ստուգման (այսուհետ՝ փաստաթղթային ստուգման) փուլն է, երկրորդը՝ հարցազրույցի:

10. Փաստաթղթային ստուգման փուլում Խորհուրդը ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը, դրանց համապատասխանությունն անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին, իսկ ողջամիտ կասկածի դեպքում՝ նաև փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստիությունը: Խորհրդի որոշման հիման վրա աշխատակազմի միջոցով ստացվում են նաև թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատմանը վերաբերող հավելյալ տեղեկություններ: Հավակնորդի ներկայացրած փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստիությունը Խորհրդի որոշման հիման վրա պարզվում է աշխատակազմի միջոցով: Բարեվարքության լրացված հարցաթերթիկով ներկայացված տվյալները Խորհուրդը ստուգում է աշխատակազմի միջոցով՝ սույն օրենքի 26.1-ին հոդվածով սահմանված կարգին համապատասխան:

11. Փաստաթղթերի թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքում հավակնորդին այդ մասին ծանուցում է աշխատակազմը մեկ օրվա ընթացքում՝ աշխատակազմի ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով:

12. Փաստաթղթերի թերությունները հավակնորդը կարող է վերացնել փաստաթղթերը ներկայացնելու համար սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետը լրանալուն հաջորդող երեք օրվա ընթացքում:

Սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու կամ կրկին ներկայացված փաստաթղթերը անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքում Խորհուրդը եռօրյա ժամկետում կայացնում է որոշում հայտի ընդունումը մերժելու մասին, և այդ մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմն էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցում է հավակնորդին: Մրցութային խորհրդի` հայտի ընդունումը մերժելու մասին որոշումը հավակնորդը կարող է դատական կարգով բողոքարկել մերժումն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկելու դեպքում հավակնորդը կարող է մասնակցել մրցույթին: Հայտի ընդունման մերժումը դատարանի կողմից ոչ իրավաչափ ճանաչվելու դեպքում հավակնորդն առանց նոր հայտ ներկայացնելու շարունակում է մասնակցել մրցույթին, իսկ եթե մրցույթն ավարտվել է, մասնակցում է նոր մրցույթի: Հայցը մերժվելու դեպքում հավակնորդը դուրս է մնում մրցույթից, իսկ եթե մասնակցել է որևէ փուլի, համարվում է չմասնակցած՝ անկախ արդյունքից:

13. Սույն հոդվածի 10-րդ մասում նշված գործողությունների արդյունքում Խորհուրդը կազմում է հարցազրույցի փուլ անցած հավակնորդների ցուցակը: Խորհուրդը հարցազրույցի մասնակիցների ցուցակը, ինչպես նաև հարցազրույցի անցկացման օրը, ժամը և վայրը հրապարակում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում։

14. Հարցազրույցի նպատակն է Հանձնաժողովի անդամի պաշտոնում արդյունավետ գործելու համար հավակնորդի անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտելը:

15. Հարցազրույցը կազմված է երկու մասից՝

1) հավակնորդի մասնագիտական փորձի, անձնական որակների և հմտությունների ուսումնասիրություն.

2) Հանձնաժողովի անդամի կարգավիճակին վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջների իմացության ուսումնասիրություն:

16. Սույն հոդվածի 15-րդ մասի 1-ին կետով նախատեսված ուսումնասիրության ընթացքում Խորհրդի անդամներից մեկը հանդես է գալիս հավակնորդի վերաբերյալ զեկույցով։ Հավակնորդն իրավունք ունի պարզաբանումներ տալու իր փաստաթղթերում առկա տեղեկությունների վերաբերյալ: Հանձնաժողովի անդամի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ այլ անձնական հմտություններն ու որակները գնահատելու, Հանձնաժողովի անդամ դառնալու շարժառիթն ու ակնկալիքը պարզելու նպատակով Խորհրդի անդամները կարող են հարցեր տալ հավակնորդին: Խորհուրդն իրավասու է նաև հավակնորդից պարզաբանումներ պահանջելու բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում լրացված տվյալների վերաբերյալ:

17. Սույն հոդվածի 15-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հարցերի ընտրությունը կատարվում է հրապարակված Հարցարանի հարցերը վիճակահանությամբ հավակնորդի կողմից ընտրելու միջոցով:

18. Յուրաքանչյուր հավակնորդի հետ հարցազրույցի առավելագույն տևողությունը մեկուկես ժամ է:

19. Հարցազրույցի ժամանակ Խորհրդի անդամներին տրամադրվում է հարցաթերթ, որտեղ նշվում են սույն հոդվածով սահմանված գնահատման ենթակա հատկանիշները: Խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ գնահատում է յուրաքանչյուր հավակնորդի՝ նշելով իր նկատառումները գնահատվող հատկանիշների վերաբերյալ:

20. Հաղթող է ճանաչվում խորհրդի անդամների՝ մասնակիցներին տրված միավորների հանրագումարի արդյունքով առավելագույն միավոր ստացած հավակնորդը։

21. Եթե հավակնորդների միավորների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել հաղթող թեկնածուին, ապա անցկացվում է բաց քվեարկություն, որի ընթացքում Խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ քվեարկում է առավելագույն հավասար ձայներ ստացած այս կամ այն հավակնորդի օգտին։

22. Քվեարկության ժամանակ Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

23. Քվեարկության արդյունքներով ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է մասնագիտական աշխատանքի առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին, իսկ փորձառության հավասարության դեպքում՝ տարիքով ավագին:

24. Եթե մրցույթը կազմակերպվում է Հանձնաժողովի մեկից ավելի անդամների պաշտոններում թեկնածուներ ընտրելու նպատակով, ապա Խորհուրդը հարցազրույցի արդյունքների ամփոփման հիման վրա հաստատում է մրցույթում հաղթող ճանաչված թեկնածուների ցուցակը՝ դրանում ներառելով այդ պաշտոնների քանակին հավասար թվով հաղթողներ` յուրաքանչյուր պաշտոնի համար մեկ թեկնածու սկզբունքով:

25. (մասն ուժը կորցրել է 19.01.21 ՀՕ-25-Ն)

(10.2-րդ հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-199-Ն, խմբ. 18.09.20 ՀՕ-440-Ն, լրաց., փոփ. 19.01.21 ՀՕ-25-Ն)

(18.09.20 ՀՕ-440-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(19.01.21 ՀՕ-25-Ն օրենքն ունի  եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 10.3.

Մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը Ազգային ժողովի նախագահին ներկայացնելը

 

1. Խորհուրդը Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածու ընտրելու վերաբերյալ իր որոշումը, իսկ սույն օրենքի 10.2-րդ հոդվածի 24-րդ մասով նախատեսված դեպքում Հանձնաժողովի անդամների պաշտոնում թեկնածուներ ընտրելու վերաբերյալ իր որոշումը և թեկնածուների ցուցակը, ինչպես նաև սույն օրենքի 10-րդ հոդվածի պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը երեք աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմի միջոցով ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերին կից ներկայացվում են Խորհրդի նիստերի արձանագրությունները և որոշումները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մրցույթի ընթացքում ներկայացված այլ փաստաթղթեր:

(10.3-րդ հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-199-Ն, խմբ. 19.01.21 ՀՕ-25-Ն)

(19.01.21 ՀՕ-25-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 10.4. Նոր մրցույթի անցկացումը

 

1. Նոր մրցույթ հայտարարվում է, եթե՝

1) Ազգային ժողովը չի նշանակում թեկնածուին.

2) հավակնորդների թիվը պակաս է թափուր տեղերի քանակից.

3) ի հայտ են եկել սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի 1.3-5-րդ կետերով նախատեսված հանգամանքներ, թեկնածուի մոտ Կառավարության սահմանած ցանկով նախատեսված՝ դատավորի նշանակմանը խոչընդոտող հիվանդություն, կամ առկա են թեկնածուների ընտրությունն իրականացնելու անհնարինության այլ դեպքեր:

2. Խորհուրդը նոր մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքի մասին տեղեկանալու օրվան հաջորդող 20 օրվա ընթացքում:

3. Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր կարգով:

(10.4-րդ հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-199-Ն)

 

Հոդված 11. Մրցութային խորհրդի ձևավորման կարգը

(հոդվածն ուժը կորցրել է 13.09.19 ՀՕ-180-Ն)

 

Հոդված 12. Խորհրդի գործառույթները և գործունեության կազմակերպումը

  (հոդվածն ուժը կորցրել է 13.09.19 ՀՕ-180-Ն)

 

Հոդված 13. Մրցույթի անցկացումը

(հոդվածն ուժը կորցրել է 13.09.19 ՀՕ-180-Ն)

 

Հոդված 14. Մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը Ազգային ժողովի նախագահին ներկայացնելը

(հոդվածն ուժը կորցրել է 13.09.19 ՀՕ-180-Ն)

 

Հոդված 15. Նոր մրցույթի անցկացումը

(հոդվածն ուժը կորցրել է 13.09.19 ՀՕ-180-Ն)

 

Հոդված 16. Հանձնաժողովի անդամի անհամատեղելիությունը և նրա նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները

 

1. Հանձնաժողովի անդամը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

2. Հանձնաժողովի անդամը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հանձնաժողովի անդամն իր հրապարակային ելույթներում պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն:

3. Հանձնաժողովի անդամի վրա տարածվում են օրենքով՝ հանրային պաշտոն և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումներ:

(16-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-208-Ն)

 

Հոդված 17. Հանձնաժողովի անդամի անկախությունը և անձեռնմխելիությունը

 

1. Հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով: Ոչ ոք իրավունք չունի միջամտելու Հանձնաժողովի աշխատանքներին և տալու ցուցումներ:

2. Հանձնաժողովի անդամը չի կարող պատասխանատվության ենթարկվել իր լիազորություններն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած որոշման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նրա արարքում առկա են վարչական իրավախախտման կամ հանցագործության հատկանիշներ:

3. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Հանձնաժողովի անդամի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել, կամ Հանձնաժողովի անդամը կարող է ազատությունից զրկվել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա միայն Հանձնաժողովի համաձայնությամբ: Հանձնաժողովի անդամն առանց Հանձնաժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել 72 ժամից ավելի: Հանձնաժողովի անդամին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Հանձնաժողովի նախագահը:

4. Հանձնաժողովի անդամը պարտավոր չէ բացատրություններ տալ Հանձնաժողովի վարույթում գտնվող կամ Հանձնաժողովի կողմից քննարկվող հարցերի կամ փաստաթղթերի էության վերաբերյալ կամ դրանք տրամադրել ծանոթացման այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

 

Հոդված 18. Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարումը, դադարեցումը և կասեցումը

(վերնագիրը փոփ. 13.09.19 ՀՕ-180-Ն)

 

1. (մասը հանվել է 13.09.19 ՀՕ-180-Ն) 

2. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե`

1) ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը.

1.1) լրացել է նրա պաշտոնավարման տարիքը.

1.2) նա «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական է տվել.

1.3) նա օրենքով սահմանված կարգով զրկվել է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

2) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.

3) նա դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած.

4) նրա նկատմամբ կայացվել է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով.

5) նա մահացել է:

3. (մասը հանվել է 13.09.19 ՀՕ-180-Ն)

4. Հանձնաժողովի անդամի լիազորությունները Հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով դադարեցվում են, եթե՝

1) նա պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերել Հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն.

2) նա երկարատև անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով մեկ տարվա ընթացքում բացակայել է Հանձնաժողովի նիստերի առնվազն կեսից.

3) նա մեկ տարվա ընթացքում ավելի քան երկու անգամ անհարգելի բացակայել է Հանձնաժողովի նիստերից.

4) նա խախտել է Հանձնաժողովի անդամի անհամատեղելիության պահանջները.

5) նա խախտել է քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքը.

6) ի հայտ են եկել փաստեր, որ նա նշանակման պահին չի համապատասխանել ներկայացվող պահանջներին:

4.1. Հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող Հանձնաժողովի անդամը սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված եզրակացությունը դրա ընդունման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:

4.2. Հանձնաժողովի անդամի լիազորությունները կասեցվում են սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված եզրակացության ընդունման դեպքում:

5. Ազգային ժողով հրաժարական ներկայացնելիս Հանձնաժողովի անդամն անհապաղ տեղեկացնում է Հանձնաժողովի նախագահին: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված այլ դեպքերում Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարելուց, ինչպես նաև Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, Հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող Հանձնաժողովի անդամն այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին:

 (18-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 13.09.19 ՀՕ-180-Ն, խմբ. 25.03.20 ՀՕ-199-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-163-Ն)

 

Հոդված 18.1. Հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարումը և դադարեցումը

 

1. Հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարում են, եթե՝

1) նրա՝ որպես Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարել կամ դադարեցվել են.

2) նա Հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական է տվել:

2. Հանձնաժողովի նախագահի կողմից իր պարտականությունները չկատարելը հիմք է Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ նրա՝ որպես Հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու համար:

 (18.1-ին հոդվածը լրաց. 13.09.19 ՀՕ-180-Ն)

 

Հոդված 19. Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումները

(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-208-Ն)

 

1. Հանձնաժողովի բնականոն գործունեությունն ապահովում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները:

2. Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակը և հաստիքացուցակը հաստատում է Կառավարությունը՝ հանձնաժողովի առաջարկությամբ, իսկ կառուցվածքն ու կանոնադրությունը՝ Հանձնաժողովը:

(19-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-208-Ն)

 

Հոդված 20. Պետական ծառայությունը Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումներում

(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-208-Ն)

 

1. Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումներում մասնագիտական գործունեությունը, բացառությամբ տեխնիկական սպասարկման գործառույթների հետ կապված աշխատանքային գործունեության, քաղաքացիական ծառայություն է, իսկ կառուցվածքային ստորաբաժանումներում համապատասխան հաստիքներ զբաղեցնող աշխատողները քաղաքացիական ծառայողներ են։ Հանձնաժողովի գլխավոր քարտուղարը քաղաքացիական ծառայող է:

2. Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումներում ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(20-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-208-Ն)

 

ԳԼՈՒԽ 3

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Հոդված 21. Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման կարգը

 

1. Հանձնաժողովի աշխատանքներն իրականացվում են նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը վարում է Հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող Հանձնաժողովի անդամը:

2. Հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Հանձնաժողովի նիստը հրավիրում է Հանձնաժողովի նախագահը՝ իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի առնվազն երկու անդամի պահանջով: Հանձնաժողովի աշխատակարգը սահմանում է Հանձնաժողովը:

3. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է վնաս պատճառել պետական անվտանգությանը, անձնական կյանքին կամ օրենքով պաշտպանվող այլ իրավաչափ շահերի: Դռնփակ նիստն անցկացվում է Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ:

4. Նիստերի անցկացման վայրի, օրվա, ժամի, քննարկման ենթակա հարցերի մասին հայտարարում է Հանձնաժողովը՝ աշխատակարգին համապատասխան: Հանձնաժողովի նիստերին հրավիրվում են շահագրգիռ անձինք:

5. Նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է Հանձնաժողովի առնվազն երեք անդամ:

6. Նիստի օրակարգը հրապարակում է նիստը վարողը և առաջարկում է օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման հաջորդականությունը: Նիստի օրակարգը և նյութերը նախապես տրամադրվում են Հանձնաժողովի անդամներին:

7. Նիստի օրակարգը հաստատում է Հանձնաժողովը՝ քվեարկությամբ:

8. Նիստի օրակարգում լրացուցիչ հարց կարող է ընդգրկվել, կամ հարցը կարող է հանվել նիստի օրակարգից, կամ դրա քննարկումը կարող է հետաձգվել նիստը վարողի կամ Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի որոշմամբ:

9. Նիստին հրավիրված անձինք նիստը վարողի թույլտվությամբ մասնակցում են համապատասխան հարցի քննարկմանը:

10. Նիստը նշանակված օրը չավարտվելու դեպքում շարունակվում է վարողի սահմանած այլ ժամկետում:

11. Հանձնաժողովը քննարկվող հարցի վերաբերյալ ընդունում է որոշում կամ եզրակացություն:

12. Վարքագծի կանոնների, բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների խախտումների, շահերի բախման հարցերով, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հանրային ծառայողների էթիկայի հանձնաժողովների (այսուհետ՝ էթիկայի հանձնաժողովներ) եզրակացությունների վերանայման արդյունքում Հանձնաժողովն ընդունում է եզրակացություններ:

Հանձնաժողովի իրավասությանը վերապահված այլ հարցերով Հանձնաժողովն ընդունում է որոշումներ:

13. Հանձնաժողովի եզրակացություններն ու որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

14. Բանավոր որոշման մասին նշվում է նիստի արձանագրության մեջ:

15. Օրենքով սահմանված դեպքերում Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունվում են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

16. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է անձամբ՝ տվյալ որոշմանը կամ եզրակացությանը կողմ կամ դեմ: Քվեարկությանը չի մասնակցում Հանձնաժողովի այն անդամը, որին վերաբերում է քննարկվող հարցը:

17. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրության մեջ նշվում են համառոտ տեղեկություններ նիստի անցկացման վայրի, ժամանակի, մասնակիցների, օրակարգի, ելույթների և քվեարկության արդյունքների վերաբերյալ: Արձանագրությունն ստորագրում են նիստին ներկա Հանձնաժողովի բոլոր անդամները:

18. Հանձնաժողովի որոշումները և եզրակացությունները դրանց ընդունման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում են Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, բացառությամբ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակողների:

19. Հանձնաժողովի նախագահը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 153-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունները դրանց ընդունման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:

(21-րդ հոդվածը լրաց., փոփ. 13.09.19 ՀՕ-180-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-208-Ն, լրաց․, փոփ․ 07․12․22 ՀՕ-541-Ն)

 

Հոդված 22. Հանձնաժողովի նախագահը և անդամները

 

1. Հանձնաժողովի նախագահը`

1) համակարգում է Հանձնաժողովի գործունեությունը և կազմակերպում նրա բնականոն աշխատանքը.

2) հրավիրում և վարում է Հանձնաժողովի նիստերը, ստորագրում է Հանձնաժողովի որոշումները և եզրակացությունները.

3) ընդունում է հրամաններ, Հանձնաժողովի անունից ստորագրում է պաշտոնական փաստաթղթեր, տալիս լիազորագրեր և կնքում պայմանագրեր.

4) ներկայացնում է Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում:

2. Արձակուրդի կամ գործուղման դեպքում Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է իրեն փոխարինող: Փոխարինող չնշանակելու, ինչպես նաև Հանձնաժողովի նախագահի ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում Հանձնաժողովի նախագահին փոխարինում է Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

3. Հանձնաժողովի անդամը՝

1) համակարգում է Հանձնաժողովի գործունեության առանձին ոլորտներում աշխատանքների կատարման գործընթացը.

2) ներկայացնում է առաջարկություն Հանձնաժողովի նիստերի օրակարգում ընդգրկվող հարցերի վերաբերյալ.

3) մասնակցում է Հանձնաժողովի նիստերին.

4) ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները:

4. Հանձնաժողովի անդամների միջև համակարգման ոլորտների բաշխման հետ կապված հարցերը կարգավորվում են Հանձնաժողովի որոշմամբ:

(22-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 13.09.19 ՀՕ-180-Ն)

 

ԳԼՈՒԽ 4

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 23. Հանձնաժողովի գործառույթները

 

1. Հանձնաժողովի գործառույթներն են`

1) պետական պաշտոն զբաղեցնող անձանց, համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների պահպանմանը հետևելը.

1.1) պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների, բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների, և շահերի բախման կարգավորումների պահպանմանը հետևելը.

1.2) հանրային պաշտոն և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի սկզբունքների մեկնաբանման, ինչպես նաև հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնների պահպանման միասնականությունն ապահովելը.

1.3) հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու սահմանափակումների պահպանմանը հետևելը, նվերների հաշվառման գործընթացը կանոնակարգելը և վերահսկելը.

2) հայտարարագրման գործընթացը կանոնակարգելը, հայտարարագրերն ստուգելն ու վերլուծելը.

3) օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների կիրառման միասնականությունն ապահովելը.

4) կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող քաղաքականության մշակմանը մասնակցելը.

5) իր մշակած հակակոռուպցիոն ծրագրերի և միջոցառումների կատարման նկատմամբ մոնիտորինգ իրականացնելը և դրանց վերաբերյալ իրավասու մարմիններ առաջարկություններ ներկայացնելը.

6) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման.

7) օրենքով սահմանված դեպքերում ու կարգով Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման.

7.1) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն իրականացնելը և բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման.

8) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքում նույն օրենքով սահմանված հայտարարագիրը վերլուծելը.

9) «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում և կարգով կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը, ներառյալ՝ կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների (այսուհետ` կուսակցությունների տարեկան հաշվետվություններ) ներկայացման պահանջների պահպանման և դրանցում առկա տեղեկատվության և տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգումը.

10)

11)

12)

13) ազդարարման դեպքում իր իրավասության ոլորտին առնչվող յուրաքանչյուր հաղորդման հաշվառումը, քննարկման ապահովումը, միջոցների ձեռնարկումը, վիճակագրության վարումը և «Ազդարարման համակարգի մասին» օրենքով սահմանված մյուս գործառույթների իրականացումը:

(23-րդ հոդվածը լրաց. 13.09.19 ՀՕ-180-Ն, խմբ., լրաց. 23.03.18 ՀՕ-208-Ն, փոփ. 15.04.20 ՀՕ-213-Ն, խմբ. 25.03.20 ՀՕ-199-Ն, լրաց. 16.04.20 ՀՕ-253-Ն, 29.12.20 ՀՕ-5-Ն, 07.12.22 ՀՕ-496-Ն, լրաց․, փոփ․ 07․12․22 ՀՕ-541-Ն, լրաց. 11.04.24 ՀՕ-160-Ն)

(29.12.20 ՀՕ-5-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(հոդվածը 07.05.21 ՀՕ-208-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից)

(07.05.21 ՀՕ-208-Ն օրենքն ունի  եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի վիճակագրության վարման վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում ազդարարման հետ կապված համապատասխան վիճակագրության վարման կարգը սահմանող իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից` համաձայն 07.12.22 ՀՕ-496-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի)

(07.12.22 ՀՕ-496-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

(11.04.24 ՀՕ-160-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 24. Հանձնաժողովի լիազորությունները

 

1. Հանձնաժողովը`

1) քննում և լուծում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց, համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումներ.

2) իրավասու մարմնին կամ պաշտոնատար անձին ներկայացնում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների, ինչպես նաև շահերի բախման իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված առաջարկություններ (այդ թվում՝ պաշտոն զբաղեցնող անձին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ).

2.1) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում կարգապահական վարույթ է հարուցում դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ, ինչպես նաև դիմում է Ազգային ժողովի խմբակցություններ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցի քննարկման առաջարկությամբ.

3) վարում է հայտարարատու պաշտոնատար անձանց, այդ թվում` «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով նախատեսված՝ կուսակցությունների ղեկավար մարմինների պաշտոնատար անձանց և հայտարարագրերի, ինչպես նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների նվերների հաշվառման ռեեստրները.

4) սահմանում է հայտարարագրի ձևանմուշը, հայտարարագրի լրացմանը ներկայացվող պահանջները, հայտարարագրերի ռեեստրի տվյալների ցանկը, հայտարարագրերի ռեեստրի վարման, հայտարարագրի ներկայացման և հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու, հայտարարագրի արխիվացման կարգերը, ինչպես նաև հայտարարագրերի վերլուծության մեթոդաբանությունը և ռիսկային չափորոշիչները.

5) հրապարակում է հայտարարագրերը.

5.1) հրապարակում է նվերների հաշվառման ռեեստրի հրապարակման ենթակա տվյալները.

6) քննում և լուծում է հայտարարագրմանը և նվերներ ընդունելու սահմանափակումներին առնչվող խախտումների վերաբերյալ գործեր.

7) էթիկայի հանձնաժողովներին, բարեվարքության հարցերով կազմակերպիչներին տրամադրում է անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև վարքագծի սկզբունքների և դրանցից բխող վարքագծի տիպային կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն.

8) ներկայացնում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ, ինչպես նաև շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություն.

9) մեկնաբանում է օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները և այլ սահմանափակումներ, վարքագծի սկզբունքները, ինչպես նաև հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնները.

10) վերանայում է էթիկայի հանձնաժողովների եզրակացությունները.

11) վարում է անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների, շահերի բախման դեպքերի վիճակագրություն և հրապարակում տվյալներ.

12) իրականացնում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող ռազմավարությունների և միջոցառումների ծրագրերի (այդ թվում՝ ոլորտային) նախագծերի փորձագիտական վերլուծություն և դրանց վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ իրավասու մարմին.

13) մշակում է կոռուպցիայի կանխարգելման ծրագրեր և դրանք ներկայացնում է Կառավարություն.

14) իրավասու մարմին կարծիք է ներկայացնում կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

15) իրավասու մարմին ներկայացնում է իր գործունեության ընթացքում վեր հանված՝ կոռուպցիայի կանխարգելմանն առնչվող հարցերի կարգավորման բացերի և թերությունների շտկմանն ուղղված առաջարկություններ.

16) մշակում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերով կրթական և հանրային իրազեկման բարձրացման ծրագրեր և իրականացնում միջոցառումներ.

17) առաջարկություններ է ներկայացնում կրթական, այդ թվում՝ պաշտոնատար անձանց և հանրային ծառայողների վերապատրաստումների ծրագրերում հակակոռուպցիոն դասընթացներ ներառելու և կազմակերպելու վերաբերյալ.

18) կրթական ծրագրերի իրականացման համար տրամադրում է ուսումնամեթոդական ուղեցույցներ և այլ նյութեր.

19) կազմում է իր մշակած հակակոռուպցիոն ծրագրերի և դրանց իրականացման միջոցառումների ծրագրի (այդ թվում՝ ոլորտային) կատարման վերաբերյալ մոնիտորինգի զեկույցներ, դրանց վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում իրավասու մարմիններ.

20) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության իրականացնում է ուսումնասիրություններ և դրանց արդյունքներով ներկայացնում խորհրդատվական բնույթի եզրակացություններ.

21) օրենքով սահմանված դեպքերում ու կարգով Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում բարեվարքության վերաբերյալ իրականացնում է ուսումնասիրություններ և դրանց արդյունքներով ներկայացնում խորհրդատվական եզրակացություններ.

21.1) օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն և ներկայացնում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ, որոնք ենթակա չեն հրապարակման.

22) ընդունում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները (կանոնագիրքը).

23) ընդունում է հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնագիրքը.

24) մշակում է հանրային ծառայողների վարքագծի ոլորտային կանոնագրքերի նախագծերի մշակման և կիրարկման վերաբերյալ ուղեցույցը.

25) ամփոփում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի սկզբունքների և դրանցից բխող վարքագծի կանոնների, ինչպես նաև շահերի բախման վերաբերյալ դրույթների իրացման պրակտիկան, ներկայացնում դրա միասնականության ապահովմանն ուղղված առաջարկություններ.

26)ուղղ. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքում մեկամսյա ժամկետում վերլուծության է ենթարկում նույն օրենքին համապատասխան ներկայացված հայտարարագիրը և դրա արդյունքները տրամադրում դիմող մարմնին.

27) ստուգում է կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ներկայացման պահանջների պահպանումը և դրանցում առկա տեղեկատվության և տվյալների արժանահավատությունն ու ամբողջականությունը․

28) քննում և լուծում է կուսակցությունների ֆինանսական գործունեությանը և կուսակցությունների տարեկան հաշվետվություններին առնչվող խախտումների վերաբերյալ գործերը․

29) իրականացնում է սույն օրենքով և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով նախատեսված այլ լիազորություններ.

30)

31)

32)

33)

34)

35) ապահովում է իր իրավասության ոլորտին առնչվող յուրաքանչյուր հաղորդման հաշվառումը, քննարկումը, իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկում է միջոցներ, իրականացնում է վիճակագրության վարումը և «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ լիազորություններ․

36) մշակում է հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից նվերների ընդունման սահմանափակումների կիրառման ուղեցույցներ:

1.1. (մասն ուժը կորցրել է 25.03.20 ՀՕ-199-Ն)

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 12-րդ, 15-րդ և 22-րդ կետերով նախատեսված դեպքերում առաջարկությունն ստացած մարմինը կամ պաշտոնատար անձը պարտավոր է 30-օրյա ժամկետում քննարկել այն և արդյունքների մասին տեղեկացնել Հանձնաժողովին:

3. (մասն ուժը կորցրել է 25.03.20 ՀՕ-199-Ն)

(24-րդ հոդվածը լրաց. 13.09.19 ՀՕ-180-Ն, խմբ., փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-208-Ն, փոփ. 15.04.20 ՀՕ-213-Ն, խմբ., փոփ., լրաց. 25.03.20 ՀՕ-199-Ն, լրաց. 16.04.20 ՀՕ-253-Ն, 29.12.20 ՀՕ-5-Ն, 07.12.22 ՀՕ-496-Ն, խմբ․, լրաց․, փոփ․ 07․12․22 ՀՕ-541-Ն, լրաց. 11.04.24 ՀՕ-160-Ն)

(29.12.20 ՀՕ-5-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(հոդվածը 07.05.21 ՀՕ-208-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից)

(07.05.21 ՀՕ-208-Ն օրենքն ունի  եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(հոդվածի 1-ին մասի 35-րդ կետի վիճակագրության վարման վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում ազդարարման հետ կապված համապատասխան վիճակագրության վարման կարգը սահմանող իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից` համաձայն 07.12.22 ՀՕ-496-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի)

(07.12.22 ՀՕ-496-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

(11.04.24 ՀՕ-160-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(հոդվածը 05.12.24 ՀՕ-519-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից)

 

ԳԼՈՒԽ 5

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ, ՍՏՈՒԳՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ

(վերնագիրը լրաց. 29.12.20 ՀՕ-5-Ն)

 

Հոդված 25.

Հայտարարագրերի ստուգումը և վերլուծությունը

 

1. Հանձնաժողովն իրականացնում է՝

1) հայտարարագիր լրացնելու և ներկայացնելու պահանջների պահպանման ստուգում.

2) հայտարարագրված տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգում.

3) հայտարարագրված տվյալների մաթեմատիկական վերլուծություն.

4) ռիսկային ցուցանիշների հիման վրա հայտարարագրերի վերլուծություն.

5) հայտարարագրերի վերլուծության համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարունակող լրատվամիջոցների հրապարակումների կամ անձանց գրավոր դիմումների հիման վրա հայտարարագրերի վերլուծություն:

2. Հայտարարագրերի վերլուծության ընթացքում Հանձնաժողովն իրավասու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ անձանցից պահանջելու և ստանալու (այդ թվում՝ էլեկտրոնային հարցման եղանակով) հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկություններ, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաև վարկային բյուրոյից վարկային տեղեկատվություն կամ վարկային պատմություն: Հայտարարագրերի վերլուծության ընթացքում գույքի փաստացի տիրապետումը, ինչպես նաև երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքը հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերելը կամ հայտարարատուի կողմից այդ գույքից փաստացի օգուտ ստանալը կամ այդ գույքը տնօրինելն ստուգելու նպատակով Հանձնաժողովն իրավասու է դիմելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին և ստանալու անհրաժեշտ տեղեկություններ։

2.1. Հայտարարագրերի վերլուծության ընթացքում Հանձնաժողովն իրավասու է Կենտրոնական բանկ ուղղված հարցման միջոցով պահանջելու և ստանալու հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց բանկային պահատուփերի առկայության, հաշիվների առկայության, հաշվի մնացորդի, հայտարարագրման ենթակա գործարքի վերաբերյալ տեղեկություն, ինչպես նաև պահանջվող ժամանակահատվածում հաշվի համախառն մուտքի և համախառն ելքի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն` հարցման մեջ նշելով անձի տվյալները, վերաբերելի ժամանակահատվածը կամ ամսաթիվը։ Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի և հանձնաժողովի համատեղ իրավական ակտով: Հանձնաժողովն իրավասու է նաև հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու օտարերկրյա բանկերից, ինչպես նաև օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերից կամ ներկայացուցչություններից։

2.2. Բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալուց հետո Հանձնաժողովն իրավասու է հայտարարատուից պահանջելու ներկայացնել լրացուցիչ նյութեր, իսկ սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝ նյութերն ուղարկելու գլխավոր դատախազություն։

3. Տեղեկությունները և փաստաթղթերը Հանձնաժողովին տրամադրվում են անվճար՝ հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան հարցումն ստանալուց հետո՝ տասն օրվա ընթացքում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ հարցման հասցեատերը պահանջը կատարելու համար այլ ողջամիտ ժամկետ չի առաջարկում, որը չի կարող գերազանցել 30 օրը։ Կենտրոնական դեպոզիտարիան և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձինք, ինչպես նաև վարկային բյուրոները տեղեկություններն ու փաստաթղթերը տրամադրում են անվճար՝ Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի ներկայացրած հայտարարագրերի թվին հավասար թվով հարցումներ ներկայացվելու դեպքում:

4. Հայտարարագրերի վերլուծության գործընթացում ապահովվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասում նշված կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակված տեղեկատվական բազաների հետ Հանձնաժողովի տեղեկատվական բազայի փոխգործարկելիությունը և հայտարարագրման ենթակա տվյալներին Հանձնաժողովի առցանց հասանելիությունը:

5. Հանձնաժողովն իրավասու է իր կողմից բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու անցկացնել անվճար ուսումնասիրություններ, կատարելու անվճար փորձաքննություններ և ներկայացնելու դրանց արդյունքները։

5.1. Հանձնաժողովն իրավասու է հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո՝ երկու տարվա ընթացքում, անձի գույքի էական փոփոխության (գույքի ավելացում, պարտավորությունների նվազում կամ ծախս) կասկածի դեպքում նրանից պահանջելու ներկայացնել գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի իրավիճակային հայտարարագիր։

6. Եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում Հանձնաժողովը հանգում է եզրակացության, որ հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում ներկայացված չէ կամ ներկայացված է համապատասխան պահանջների կամ կարգի խախտմամբ, կամ հայտարարագրված տվյալը սխալ է կամ ոչ ամբողջական, ապա հարուցում է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ:

6.1. Եթե սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված հայտարարատուն դատավոր կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամ է, ապա Հանձնաժողովը, վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելուն զուգահեռ, հարուցում է կարգապահական վարույթ։ Վարույթի ընթացքում ձեռք բերված նյութերը դատավորին կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հետ ներկայացվում են Բարձրագույն դատական խորհուրդ։

6.2. Եթե սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված հայտարարատուն Սահմանադրական դատարանի դատավոր է, ապա Հանձնաժողովը, վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելուն զուգահեռ, նյութերն ուղարկում է Ազգային ժողովի խմբակցություններ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցի քննարկման առաջարկությամբ։

7. Եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում մնում են կասկածներ, որ հայտարարատու պաշտոնատար անձի, այդ թվում՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով սահմանված՝ կուսակցության ղեկավար մարմնի պաշտոնատար անձի կամ իր ընտանիքի կազմի մեջ մտնող անձի գույքի էական փոփոխությունը (գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը) կամ ծախսը ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ վերջիններիս մոտ առկա է չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, կամ եկամտի աղբյուրն օրինական կամ արժանահավատ չէ, ապա Հանձնաժողովն իրավասու է՝

1) հայտարարատուից հայցելու պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր՝ դրանք ներկայացնելու համար տրամադրելով նվազագույնը 10, իսկ առավելագույնը՝ 30 օր ժամկետ.

2) «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հայտարարատուի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձից, հայտարարագրված կամ հայտարարագրման ենթակա գործարքի կողմ հանդիսացող յուրաքանչյուր անձից կամ այն անձից, որին սեփականության իրավունքով կարող է պատկանել հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող կամ օգտագործվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցը կամ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով թանկարժեք գույքը, պահանջելու ներկայացնել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր, եթե վերը նշված կասկածները կարող են փարատվել իրավիճակային հայտարարագրով ներկայացնելու ենթակա տվյալների վերլուծությամբ: Սույն կետով նախատեսված դեպքում Հանձնաժողովը կայացնում է որոշում՝ նշելով այն հանգամանքները, որոնք կարող են պարզվել իրավիճակային հայտարարագիրը ներկայացնելով:

8. Ստացված եկամուտը չի համարվում օրինական, եթե միանվագ ստացվող կամ տրվող գումարը գերազանցում է 1.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, սակայն հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձը դրամական միջոցներով փոխառություն հանձնելը կամ ստանալը, հանձնած կամ ստացած դրամական միջոցներով փոխառության դիմաց վճարներ (տոկոսներ կամ այլ հատուցում) հանձնելը կամ ստանալը, դրամական միջոցներ նվիրատվություն ստանալը, դրամական միջոցներով արտահայտված շահաբաժիններ ստանալը, ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտ ստանալը, գույքը օտարելուց եկամուտ ստանալը, վարձակալության դիմաց վճար կամ այլ հատուցում ստանալը, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտ ստանալը, վճարներ ստանալը, գույքային իրավունքներից եկամուտ ստանալը կատարել է կանխիկ ձևով:

9. Եթե հայտարարատուն սահմանված ժամկետում չի տրամադրում պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր, կամ դրանք բավարար չեն առկա կասկածները փարատելու համար, ապա Հանձնաժողովը նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է գլխավոր դատախազություն:

9.1. Եթե սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված հայտարարատուն դատավոր կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամ է, ապա Հանձնաժողովը, նյութերը գլխավոր դատախազություն ուղարկելուն զուգահեռ, հարուցում է կարգապահական վարույթ։ Վարույթի ընթացքում ձեռք բերված նյութերը դատավորին կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հետ ներկայացվում են Բարձրագույն դատական խորհուրդ։

9.2. Եթե սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված հայտարարատուն Սահմանադրական դատարանի դատավոր է, ապա Հանձնաժողովը, նյութերը գլխավոր դատախազություն ուղարկելուն զուգահեռ, դրանք ուղարկում է Ազգային ժողովի խմբակցություններ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցի քննարկման առաջարկությամբ։

10. Գլխավոր դատախազությունը նյութերի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկացնում է Հանձնաժողովին՝ կցելով համապատասխան փաստաթղթի պատճենը:

(25-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 25.03.20 ՀՕ-199-Ն, լրաց., փոփ. 19.01.21 ՀՕ-52-Ն, լրաց. 29.12.20 ՀՕ-5-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-163-Ն, խմբ.07․12․22 ՀՕ-541-Ն)

(29.12.20 ՀՕ-5-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 25.1.

Իրավիճակային հայտարարագիր պահանջելու հիմքերը

 

1. Հանձնաժողովի պատճառաբանված որոշման հիման վրա գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի իրավիճակային հայտարարագիր պահանջելու հիմքերն են՝ հայտարարագրման ենթակա տվյալների արժանահավատության, ամբողջականության, գույքի էական փոփոխության (գույքի ավելացում, նվազում կամ ծախս) օրինականության վերաբերյալ հրապարակումները, Հանձնաժողովին ուղղված ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները, Հանձնաժողովի լիազորությունների իրականացման ընթացքում, ինչպես նաև այլ պետական մարմիններից Հանձնաժողովին հայտնի դարձած տեղեկությունները:

2. Իրավիճակային հայտարարագիրը Հանձնաժողով է ներկայացվում սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումն ստանալու պահից մեկամսյա ժամկետում:

3. Իրավիճակային հայտարարագրերի վերլուծությունն իրականացվում է սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված կարգով:

(25․1-ին հոդվածը լրաց․ 07․12․22 ՀՕ-541-Ն)

 

Հոդված 26. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթը

 

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ հաշվի առնելով սույն օրենքով սահմանված առանձնահատկությունները:

2. Սույն հոդվածով սահմանված վարույթ հարուցելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է հայտարարատուին, իսկ եթե վարույթը հարուցվել է դիմումի հիման վրա՝ նաև դիմողին:

3. Հանձնաժողովը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի արդյունքում ընդունում է որոշումներ, որոնք կարող են բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` դատական կարգով:

4. Եթե վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի ընթացքում Հանձնաժողովը գալիս է այն հետևության, որ կատարված արարքում առկա են հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու կամ հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու առերևույթ հատկանիշներ, ապա վարույթի նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում Հանձնաժողովն ուղարկում է գլխավոր դատախազություն՝ ընդունելով վարույթը կասեցնելու մասին որոշում։ Որոշումն ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում, որոշման պատճենն ուղարկվում է հայտարարատուին, իսկ եթե վարույթը հարուցվել է դիմումի հիման վրա՝ նաև դիմողին:

5. Գլխավոր դատախազությունը նյութերի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկացնում է Հանձնաժողովին՝ կցելով համապատասխան փաստաթղթի պատճենը:

6. Քրեական վարույթ չնախաձեռնելու մասին տեղեկանալու, քրեական վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումն ստանալու պահից Հանձնաժողովը հնգօրյա ժամկետում վերսկսում է կասեցված վարույթը, իսկ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռն ստանալու դեպքում նույն ժամկետում կարճում է վարույթը:

(26-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-163-Ն)

 

Հոդված 26.1. Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունը

 

1. Հանձնաժողովը օրենքով սահմանված ժամկետում իրականացնում է սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ և 21-րդ կետերով նախատեսված անձանց բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն։

2. Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում լրացման ենթակա տվյալներն են՝

1) թեկնածուի և «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով նրա ընտանիքի անդամների (սույն հոդվածում այսուհետ՝ ընտանիքի անդամներ) գույքային դրության՝ գույքի և եկամտի վերաբերյալ «Հանրային ծառայության մասին» օրենքի 40-րդ և 41-րդ հոդվածներով նախատեսված տեղեկություն.

2) թեկնածուի կրթության, աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ ուսումնական հաստատության, աշխատավայրի (նախկին և ներկա) անվանումը (անվանումները), զբաղեցրած պաշտոնը (պաշտոնները).

3) թեկնածուի քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու, նրա նկատմամբ ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացված լինելու, հայցվոր կամ պատասխանող հանդիսանալու վերաբերյալ տեղեկություն.

4) «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հանրային պաշտոն զբաղեցնող անձանց հետ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով մերձավոր ազգակցությամբ և խնամիությամբ կապված լինելու վերաբերյալ տեղեկատվություն.

5) քրեական ենթամշակույթին հարելու վերաբերյալ տեղեկատվություն:

3. Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացնելու փաստի ուժով անձը համարվում է տեղեկացված Հանձնաժողովի՝ սույն օրենքով նախատեսված մարմիններից և անձանցից սույն օրենքով նախատեսված տեղեկություններ պահանջելու և ստանալու լիազորության մասին:

4. Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը, լրացման կարգը, հարցաթերթիկում ներառվող տվյալների մանրամասները, ինչպես նաև բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության և գնահատման մեթոդաբանությունը սահմանում է Հանձնաժողովը:

5. Սույն օրենքի իմաստով բարեվարքության ուսումնասիրությունը ներառում է՝

1) բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում ներկայացված տվյալների արժանահավատության ստուգում.

2) անձի կողմից քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու, նրա նկատմամբ ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացված լինելու, հայցվոր կամ պատասխանող հանդիսանալու, անձի՝ կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության, նրա կողմից վարքագծի կանոնների, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտում կատարված լինելու հանգամանքների ուսումնասիրություն.

3) անձի վերաբերյալ զանգվածային լրատվական միջոցներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում հրապարակված տեղեկությունների ուսումնասիրություն.

4) անձի և «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով նրա ընտանիքի անդամների գույքային դրության` փաստացի ստացած եկամուտներին համապատասխանության, ինչպես նաև նախկինում ներկայացված հայտարարագրերի ուսումնասիրություն.

5) անձի աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկությունների ուսումնասիրություն.

6) անձի քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրություն:

5.1. Սույն օրենքի իմաստով՝ քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրությունը ներառում է թեկնածուի կամ նրա ընտանիքի անդամի կողմից քրեական ենթամշակույթ կրող անձի հետ (օրինակ՝ օրենքով գող, քրեական հեղինակություն) ազգակցական կամ ընկերական կապի առկայության, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի խնդրանքը կատարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը կամ անձին խնդրանքով կամ որևէ այլ հարցով դիմելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումից կամ անձից ցանկացած այլ օգուտ ստացած լինելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի հետ անհատական հանդիպման կամ հեռահար հաղորդակցություն ունենալու վերաբերյալ, ինչպես նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի հետ անձնական այլ կապ ունենալու վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրություն:

5.2. Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների բարեվարքության ուսումնասիրությունը ներառում է նաև անձի (այդ թվում՝ փաստաբանական գործունեություն իրականացնող անձի)՝ որպես անհատ ձեռնարկատիրոջ, ինչպես նաև նրա հիմնադրած կամ նրա կողմից ղեկավարվող իրավաբանական անձի գործունեության օրինականության, ֆինանսական թափանցիկության ուսումնասիրություն:

6. Հանձնաժողովը սույն օրենքով նախատեսված անձի բարեվարքության ուսումնասիրությունն իրականացնում է համապատասխան օրենքներով նախատեսված ժամկետներում։

7. Հանձնաժողովը բարեվարքության ուսումնասիրության գործընթացում իրավասու է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կազմակերպություններից կամ դրանց պաշտոնատար անձանցից, այլ անձանցից պահանջելու և ստանալու (ներառյալ՝ էլեկտրոնային հարցման եղանակով) Հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող անձանց վերաբերյալ տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկություններ, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաև վարկային բյուրոյից՝ վարկային տեղեկատվություն կամ վարկային պատմություն: Բարեվարքության ուսումնասիրության գործընթացում անձի՝ քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության, գույքային դրության ուսումնասիրության շրջանակում՝ գույքի փաստացի տիրապետման, անձի հետ համատեղ բնակության, ինչպես նաև երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքն անձի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերելու կամ անձի կողմից այդ գույքից փաստացի օգուտ ստանալու կամ այդ գույքը տնօրինելու փաստերի ուսումնասիրության նպատակով Հանձնաժողովն իրավասու է դիմելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին և ստանալու տեղեկություններ։

7.1. Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում լրացված տվյալների և սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված տվյալների համադրության արդյունքում Հանձնաժողովն իրավասու է թեկնածուից պահանջելու և ստանալու պարզաբանումներ:

8. Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության գործընթացին Հանձնաժողովի որոշմամբ կարող են ներգրավվել նաև միջազգային փորձագետներ:

9. Հանձնաժողովը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում ներառված և ձեռք բերված տվյալների ուսումնասիրության, համադրման և ամփոփման արդյունքով կազմում և իրավասու մարմին է ներկայացնում անձի բարեվարքության վերաբերյալ դրական կամ բացասական բնույթի խորհրդատվական եզրակացություն:

10. Անձի բարեվարքության վերաբերյալ դրական եզրակացություն ներկայացվում է այն դեպքում, երբ տվյալների ուսումնասիրության, համադրման և ամփոփման արդյունքով չեն հայտնաբերվում սույն հոդվածով ուսումնասիրության առարկա հանդիսացող գործոններ, կամ թեև հայտնաբերվում են անհամապատասխանություններ, սակայն դրանք անձի բարեվարքության գնահատման համար բացասական ազդեցություն չունեն:

11. Անձի բարեվարքության վերաբերյալ բացասական եզրակացություն ներկայացվում է բացառապես այն դեպքում, երբ տվյալների ուսումնասիրության, համադրման և ամփոփման արդյունքով հայտնաբերվում են տվյալներ, որոնք ինքնին հանդիսանում են բավարար գործոն անձի բարեվարքության վերաբերյալ բացասական բնույթի եզրակացության տրամադրման համար, մասնավորապես՝

1) անձի և «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով նրա ընտանիքի անդամների գույքային դրության առնչությամբ արձանագրված այնպիսի տվյալներ, որոնք ձևավորում են ողջամիտ կասկած առ այն, որ վերջիններիս գույքի ծագումը, փոփոխությունը, իրականացրած գործարքները կամ հայտարարագրման ենթակա տվյալներն օրինական և արժանահավատ չեն, կամ գույքային դրության և փաստացի ստացած եկամուտների միջև առկա է էական և ակնհայտ անհամապատասխանություն․

2) հիմնավոր և հավաստի տվյալներ, որոնց բնույթը, քանակը կամ դրանց ամբողջությունն էական ազդեցություն ունեն անձի մասնագիտական գործունեության անկախության, անաչառության վրա կամ ձևավորում են հանրային անվստահություն՝ նվազեցնելով հանրային իշխանության մարմինների հեղինակությունը, և որոնք վերաբերում են՝

ա. անձի կողմից նախկինում քրեական պատասխանատվության ենթարկված լինելու, նրա նկատմամբ ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումներ կայացված լինելու հանգամանքին՝ հաշվի առնելով արարքի բնույթը և դրա հնարավոր ազդեցությունը անձի հետագա մասնագիտական գործունեության վրա,

բ. անձի վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու, անձի կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության, նրա կողմից վարքագծի կանոնների, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների պահպանման վերաբերյալ տվյալներին, որոնք ձևավորում են բարեվարքության առնչությամբ ռիսկ՝ հաշվի առնելով արարքի բնույթը, դրա հնարավոր ազդեցությունն անձի հետագա մասնագիտական գործունեության վրա, խախտումների քանակը և դրանց առնչությամբ հնարավոր հանրային ընկալումը,

գ. անձի աշխատանքային գործունեության ընթացքում դրսևորած վարքագծի, այդ թվում՝ իրականացրած գործողությունների (անգործության), կայացրած որոշումների վերաբերյալ տեղեկություններին, որոնք վկայում են մարդու իրավունքների խախտումների մասին, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներում առկա այնպիսի հրապարակումներ, որոնք կարող են անձի մասնագիտական գործունեության անկախության, անաչառության վերաբերյալ ձևավորել կասկած և անվստահություն՝ նվազեցնելով հանրային իշխանության մարմինների հեղինակությունը:

12. Անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը հրապարակման ենթակա չէ և չի տրամադրվում այլ անձանց։ Հանձնաժողովը, ինչպես նաև անձին նշանակելու կամ ընտրելու իրավասություն ունեցող մարմինը (անձը) չեն կարող հրապարակել անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությամբ իրենց հայտնի դարձած տեղեկությունները։

13. Եթե Հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքով բացահայտվում են առերևույթ հանցագործության հատկանիշներ, ապա այդ տեղեկությունները չեն ներառվում եզրակացության հիմնական մասում և կցվում են եզրակացությանը՝ որպես հավելված։ Հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով եզրակացության հավելվածը (առկայության դեպքում) չի կարող տրամադրվել անձին (թեկնածուին):

(26.1-ին հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-199-Ն, 19.01.21 ՀՕ-52-Ն, փոփ., լրաց. 14.04.21 ՀՕ-339-Ն, լրաց., խմբ., փոփ. 11.04.24 ՀՕ-160-Ն)

(11.04.24 ՀՕ-160-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 26.2. Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունը

 

1. Հանձնաժողովն օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն։

2. Հանձնաժողովը սահմանում է բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության շրջանակներում բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ներկայացման կարգը, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկի ձևանմուշը, լրացման կարգը, հարցաթերթիկում ներառվող տվյալների մանրամասները։

3. Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է սույն օրենքի 26.1-ին հոդվածով սահմանված կարգով և պայմաններով՝ սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ։

4. Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկը Հանձնաժողով է ներկայացվում էլեկտրոնային համակարգի միջոցով։

5. Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է եռամսյա ժամկետում։

6. Այն դեպքում, երբ բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնող անձը դատավոր է, և նրա բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության արդյունքով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացությունը ներկայացվել է բացառապես գույքային դրության հիմքով, ապա Հանձնաժողովը հարուցում է կարգապահական վարույթ։ Վարույթի ընթացքում ձեռք բերված նյութերը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հետ ներկայացվում են Բարձրագույն դատական խորհուրդ։

7. Այն դեպքում, երբ բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնող անձը դատավոր է, բարեվարքության ուսումնասիրության արդյունքով բացասական եզրակացություն ներկայացնելու համար, գույքային դրությունից բացի, այլ հիմքերի առկայության դեպքում (այդ թվում՝ գույքային դրության ուսումնասիրության արդյունքների համակցությամբ) Հանձնաժողովը համապատասխան եզրակացությունն ուղարկում է դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու նպատակով:

(26․2-րդ հոդվածը լրաց․ 11.04.24 ՀՕ-160-Ն)

(11.04.24 ՀՕ-160-Ն օրենքի 4-րդ հոդվածով լրացվող 26.2-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվող իրավական կարգավորումներն ուժի մեջ են մտնում 2024 թվականի դեկտեմբերի 31-ից)

(11.04.24 ՀՕ-160-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 27. Անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման վերաբերյալ վարույթները և դրանց հարուցման հիմքերը

(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-208-Ն, 07․12․22 ՀՕ-541-Ն)

 

1. Վարույթ կարող է հարուցվել՝

1) յուրաքանչյուր անձի (անձանց) գրավոր դիմումի հիման վրա.

2) լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա.

3) Հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ հայտարարագրերը վերլուծելիս կամ օրենքով նախատեսված վարույթ իրականացնելիս առերևույթ խախտումներ կամ դեպքեր հայտնաբերելու դեպքում:

 Շահերի բախման վերաբերյալ վարույթն օրենքով նախատեսված դեպքերում հարուցվում է նաև պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց ներկայացրած գրավոր հայտարարության հիման վրա:

2. Հանձնաժողովը պետական պաշտոն զբաղեցնող անձանց, համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների առերևույթ խախտումների, ինչպես նաև պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտումների, բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումներին առնչվող խախտումների, կամ շահերի բախման առերևույթ դեպքերի առկայության պարագայում հարուցում է համապատասխան վարույթ:

3. Հանձնաժողովը, հայտարարագրերի վերլուծության գործընթացում հայտնաբերելով շահերի բախման առերևույթ դեպքեր կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների առերևույթ խախտումներ, հարուցում է վարույթ:

4. Եթե խախտումն առնչվում է վարքագծի կանոնի այնպիսի խախտման, որով անմիջականորեն շոշափվում են կոնկրետ անձի իրավունքները, ապա այդ դեպքում Հանձնաժողովը վարույթ կարող է հարուցել բացառապես շահագրգիռ անձի դիմումի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ այն դեպքերում, երբ հարցն ունի հանրային մեծ հետաքրքրություն, կամ խախտումը կրում է համակարգային բնույթ:

5. Լրատվամիջոցների հրապարակումները կարող են վարույթ հարուցելու հիմք հանդիսանալ, եթե պարունակում են կոնկրետ անձի կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների կամ շահերի բախման դեպքի առերևույթ հատկանիշներ:

(27-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-208-Ն, 15.04.20 ՀՕ-213-Ն, լրաց․, փոփ․ 07․12․22 ՀՕ-541-Ն)

 

Հոդված 28. Դիմումը Հանձնաժողով ներկայացնելու ժամկետը

 

1. Հանձնաժողովը քննության է առնում սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված դիմումը, եթե այն ներկայացվել է խախտման կատարման պահից մեկ տարվա ընթացքում:

(28-րդ հոդվածը խմբ. 25.03.20 ՀՕ-199-Ն)

 

Հոդված 29. Դիմումին ներկայացվող պահանջները

 

1. Սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված դիմումը պետք է պարունակի՝

1) դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` դրա լրիվ անվանումը, հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը).

2) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների առերևույթ խախտում թույլ տված պետական պաշտոն զբաղեցնող անձի կամ համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի կամ Երևան համայնքի վարչական շրջանի ղեկավարի կամ նրա տեղակալի պաշտոն զբաղեցնող անձի կամ վարքագծի կանոնի առերևույթ խախտում թույլ տված կամ շահերի բախման վիճակում առերևույթ հայտնված պետական պաշտոն զբաղեցնող անձի (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի) կամ համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի կամ Երևան համայնքի վարչական շրջանի ղեկավարի կամ նրա տեղակալի` պաշտոն զբաղեցնող անձի անունը, ազգանունը, որին վերաբերում է դիմումը, նրա զբաղեցրած պաշտոնը, և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որտեղ անձը պաշտոն է զբաղեցնում.

3) խախտումը կամ շահերի բախման դեպքը.

4) փաստական հանգամանքները, որոնցով ողջամտորեն հիմնավորվում է առերևույթ խախտումը կամ դեպքը, առկայության դեպքում՝ այդ հանգամանքների հիմնավորվածությունը հավաստող ապացույցները (փաստաթղթեր, նյութեր).

5) դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկան).

6) դիմում տալու տարին, ամիսը և ամսաթիվը.

7) դիմողի ստորագրությունը, իրավաբանական անձի դեպքում՝ դրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը: Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա դիմումին պետք է կցվի նաև օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը.

8) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը:

(29-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-208-Ն, փոփ. 15.04.20 ՀՕ-213-Ն, 07․12․22 ՀՕ-541-Ն)

 

Հոդված 30. Դիմումը վերադարձնելը կամ վարույթի հարուցումը մերժելը

 

1. Դիմումը վերադարձնելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին Հանձնաժողովն ընդունում է որոշում դիմումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

2. Հանձնաժողովը որոշում է ընդունում դիմումը վերադարձնելու մասին, եթե չեն պահպանվել սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները: Դիմողը կարող է որոշումն ստանալու պահից 48 ժամվա ընթացքում դիմումը համապատասխանեցնել սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին և ներկայացնել Հանձնաժողով:

3. Հանձնաժողովը մերժում է վարույթի հարուցումը, եթե`

1) դիմումի ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ առկա չեն վարույթ հարուցելու հիմքեր.

2) դիմումում բարձրացված հարցերը դուրս են Հանձնաժողովի իրավասությունից.

3) սույն օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում դիմումը ներկայացրել է ոչ շահագրգիռ անձը.

4) նույն անձի վերաբերյալ նույն հիմքով առկա է Հանձնաժողովի եզրակացություն:

4. Սույն հոդվածով նախատեսված որոշումները եռօրյա ժամկետում ուղարկվում են դիմողին:

 

Հոդված 31. Վարույթի հարուցումը և դրա հետագա ընթացքը

 

1. Հանձնաժողովը վարույթ հարուցելու մասին որոշումն ընդունում է դիմումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

2. Վարույթ հարուցելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է դիմողին և համապատասխան պաշտոն զբաղեցնող անձին:

3. Հանձնաժողովն իրավասու է դիմողից պահանջելու տասնօրյա ժամկետում քննարկվող հարցի առնչությամբ ներկայացնել լրացուցիչ նյութեր, իսկ սույն գլխով նախատեսված համապատասխան պաշտոն զբաղեցնող անձից՝ գրավոր պարզաբանում՝ դրան կցելով իր փաստարկների հիմնավորվածությունը հավաստող նյութեր:

4. Վարույթի շրջանակում Հանձնաժողովն իրավասու է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կազմակերպություններից կամ դրանց պաշտոնատար անձանցից, այլ անձանցից պահանջելու և ստանալու Հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող ցանկացած նյութ, փաստաթուղթ կամ տեղեկություն, ինչպես նաև իր կողմից բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու անցկացնել անվճար ուսումնասիրություններ, կատարելու անվճար փորձաքննություններ և ներկայացնելու դրանց արդյունքները։

5. Եթե վարույթի ընթացքում Հանձնաժողովը գալիս է այն հետևության, որ կատարված արարքը պարունակում է առերևույթ հանցագործության հատկանիշներ, ապա վարույթի նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է գլխավոր դատախազություն՝ ընդունելով վարույթը կասեցնելու մասին որոշում։ Որոշումն ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում, որոշման պատճենն ուղարկվում է համապատասխան պաշտոն զբաղեցնող անձին, իսկ եթե վարույթը հարուցվել է դիմումի հիման վրա՝ դիմողին:

6. Գլխավոր դատախազությունը նյութերի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկացնում է Հանձնաժողովին՝ կցելով համապատասխան փաստաթղթի պատճենը:

7. Քրեական վարույթ չնախաձեռնելու մասին տեղեկանալու, քրեական վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումն ստանալու պահից Հանձնաժողովը հնգօրյա ժամկետում վերսկսում է կասեցված վարույթը, իսկ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռն ստանալու դեպքում նույն ժամկետում կարճում է վարույթը:

(31-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-208-Ն, խմբ. 25.03.20 ՀՕ-199-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-163-Ն)

 

Հոդված 32. Վարույթի ժամկետը

 

1. Վարույթի առավելագույն ժամկետը 90 օր է:

2. Վարույթի ժամկետը սկսվում է վարույթ հարուցելու մասին որոշումն ընդունելու օրվանից:

 

Հոդված 33. Վարույթի արդյունքում եզրակացություն ընդունելը

 

1. Հանձնաժողովը վարույթի արդյունքում խախտման կամ դեպքի վերաբերյալ ընդունում է եզրակացություն:

2. Վարույթի արդյունքում Հանձնաժողովն ընդունում է եզրակացություն պաշտոն զբաղեցնող անձի կողմից անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների խախտման առկայության կամ բացակայության մասին կամ համապատասխան պաշտոն զբաղեցնող անձի կողմից վարքագծի կանոնների խախտման առկայության կամ բացակայության մասին, իսկ իրավիճակային շահերի բախման դեպքի կապակցությամբ՝ շահերի բախման իրավիճակի առկայության կամ բացակայության մասին:

3. Եզրակացությունն ընդունելու պահից եռօրյա ժամկետում ուղարկվում է դիմողին, պաշտոն զբաղեցնող անձին և նրա վերադաս անձին կամ անմիջական ղեկավարին (առկայության դեպքում):

4. Պաշտոն զբաղեցնող անձի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման մասին եզրակացությունը և այդ առնչությամբ վարույթի բոլոր փաստաթղթերը, նյութերը եզրակացությունն ընդունելու պահից եռօրյա ժամկետում ուղարկվում են պաշտոն զբաղեցնող անձի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման հիմքով նրա լիազորությունները դադարեցնելու հարցը քննարկելու (քննելու) իրավասություն ունեցող մարմիններ:

Այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտման կամ շահերի բախման իրավիճակի առկայության դեպքում Հանձնաժողովն իրավասու մարմնին կամ պաշտոնատար անձին առաջարկում է կարգապահական պատասխանատվության ենթարկել պաշտոն զբաղեցնող անձին, եթե նրա արարքում առկա չեն վարչական իրավախախտման կամ հանցագործության (այդ թվում՝ առերևույթ) հատկանիշներ: Հանձնաժողովը կարող է առաջարկել նաև ձեռնարկել խախտման հետևանքների կամ իրավիճակի չեզոքացմանն ուղղված քայլեր:

5. Իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը պարտավոր է քննարկել Հանձնաժողովի առաջարկը և արդյունքների մասին ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան եզրակացությունն ստանալու պահից 15-օրյա ժամկետում տեղեկացնել Հանձնաժողովին:

6. Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող պաշտոն զբաղեցնող անձի կողմից վարքագծի կանոնների խախտման և վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի շահերի բախման հարցերով Հանձնաժողովի եզրակացությունները դրանց ընդունման պահից եռօրյա ժամկետում հրապարակվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքում:

Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական համապատասխան պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է Հանձնաժողովի եզրակացությամբ արձանագրված խախտման կամ շահերի բախման վերաբերյալ ներկայացնել հրապարակային պարզաբանում, որն ստացվելու պահից եռօրյա ժամկետում հրապարակվում է այն մարմնի կայքէջում, որտեղ պաշտոն զբաղեցնող անձն զբաղեցնում է պաշտոն:

(33-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-208-Ն, խմբ․ 07․12․22 ՀՕ-541-Ն)

 

Հոդված 34. Հանձնաժողովի եզրակացությունների բողոքարկումը

 

1. Հանձնաժողովի եզրակացությունները (այդ թվում՝ վերանայման վարույթի արդյունքում ընդունված) կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դրանք փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթի շրջանակում:

2. Վարչական դատարանի՝ Հանձնաժողովի հաստատած փաստերը փոփոխելու և նոր փաստեր հաստատելու մասին որոշման հիման վրա Հանձնաժողովի կողմից իր եզրակացության վերանայման արդյունքում ընդունված եզրակացությունը ենթակա չէ բողոքարկման:

3. Պատգամավորների, դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների կողմից անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների մասին Հանձնաժողովի եզրակացությունները ենթակա չեն բողոքարկման սույն հոդվածի 1-ին և 4-րդ մասերով սահմանված կարգով:

4. Հանձնաժողովի եզրակացությունները շահագրգիռ անձը (անձինք) կարող է (են) բողոքարկել նաև ընթացակարգային կանոնների խախտման հիմքով՝ դատական կարգով, եթե դրանք էապես սահմանափակել են նրա (նրանց) իրավունքներն ու իրավաչափ շահերը:

 

Հոդված 35. Վերանայման վարույթը

 

1. Հանձնաժողովն անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը վերանայում է այն հանրային ծառայողի դիմումի հիման վրա, որի վերաբերյալ ընդունվել է եզրակացությունը:

(35-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-208-Ն)

 

Հոդված 36. Դիմում ներկայացնելու հիմքերը

 

1. Հանրային ծառայողն անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ եզրակացության վերանայման դիմում (այսուհետ՝ վերանայման դիմում) կարող է ներկայացնել, եթե իր կարծիքով՝

1) էթիկայի հանձնաժողովի հաստատած փաստը չի համապատասխանում իրականությանը, կամ

2) անհամատեղելիության կամ այլ սահմանափակման վերաբերյալ դրույթը սխալ է մեկնաբանվել, կամ

3) անհամատեղելիության կամ այլ սահմանափակման վերաբերյալ դրույթի մեկնաբանությունը հակասում է Հանձնաժողովի՝ նախկինում դրան տրված մեկնաբանությանը:

(36-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-208-Ն)

 

Հոդված 37. Վերանայման դիմումը և այն ներկայացնելու ժամկետները

 

1. Վերանայման դիմումը ներկայացվում է գրավոր: Դիմումում պետք է նշվեն՝

1) հանրային ծառայողի անունը, ազգանունը, հասցեն, զբաղեցրած պաշտոնը.

2) տվյալներ այն պետական մարմնի վերաբերյալ, որի էթիկայի հանձնաժողովի կողմից ընդունվել է եզրակացությունը.

3) էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը.

4) հիմնավորումներ սույն օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության մասին.

5) դիմումով ներկայացվող պահանջը.

6) դիմողի ստորագրությունը:

Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ներկայացվի նաև օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը:

Դիմումին կցվում են սույն օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայությունը հավաստող նյութեր:

2. Վերանայման դիմումը կարող է ներկայացվել անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ էթիկայի հանձնաժողովի եզրակացությունն ստանալու պահից եռօրյա ժամկետում:

(37-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-208-Ն)

 

Հոդված 38. Վերանայման դիմումի նախնական քննությունը

 

1. Հանձնաժողովը դիմումն ստանալու պահից եռօրյա ժամկետում որոշում է ընդունում դիմումը վերադարձնելու կամ դիմումն առանց քննության թողնելու կամ դիմումի հիման վրա վերանայման վարույթ հարուցելու մասին: Հանձնաժողովը վարույթ հարուցելուց հետո՝ մեկօրյա ժամկետում, էթիկայի հանձնաժողովին ծանուցում է դրա մասին: Վերանայման վարույթ հարուցելը կասեցնում է էթիկայի հանձնաժողովի եզրակացությունից բխող գործողությունների կատարումը:

2. Հանձնաժողովը որոշում է ընդունում դիմումը վերադարձնելու մասին, եթե չեն պահպանվել սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները:

Դիմողը կարող է որոշումն ստանալու պահից 48 ժամվա ընթացքում դիմումը համապատասխանեցնել սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին և ներկայացնել Հանձնաժողով:

3. Հանձնաժողովը որոշում է ընդունում դիմումն առանց քննության թողնելու մասին, եթե՝

1) չի պահպանվել դիմումը ներկայացնելու՝ սույն օրենքով սահմանված ժամկետը, և ժամկետը բաց թողնելը հարգելի չի համարվել.

2) դիմումի քննությունը դուրս է Հանձնաժողովի իրավասությունից.

3) դիմումը ներկայացրել է այդ իրավունքը չունեցող անձը:

4. Հանձնաժողովը որոշում է ընդունում եզրակացության վերանայման վարույթ հարուցելու մասին, եթե բացակայում են դիմումը վերադարձնելու կամ դիմումն առանց քննության թողնելու՝ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հիմքերը:

5. Դիմումը վերադարձնելու կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշման պատճենը Հանձնաժողովը ոչ ուշ, քան այդ որոշումն ընդունելուն հաջորդող օրն ուղարկում է հանրային ծառայողին:

(38-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-208-Ն)

 

Հոդված 39. Վերանայման վարույթի ընթացքը

 

1. Հանձնաժողովը սույն օրենքի 38-րդ հոդվածով սահմանված կարգով եզրակացության վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում ընդունելուց հետո՝ մեկօրյա ժամկետում, հանրային ծառայողին և էթիկայի հանձնաժողովին պատշաճ ձևով ծանուցում է հարուցված վարույթի մասին:

2. Հանձնաժողովն իրավասու է հանրային ծառայողից պահանջելու իր սահմանած ժամկետում ներկայացնել իրեն հայտնի ամբողջ տեղեկատվությունը, իր մոտ առկա փաստաթղթերը և այլ նյութեր, որոնց միջոցով հնարավոր է պարզել դիմումում նշված հիմքերի առկայությունը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հիմնավորումներ չներկայացնելու դեպքում Հանձնաժողովը շարունակում է վարույթը` սույն օրենքին համապատասխան:

4. Հանձնաժողովն իրավասու է էթիկայի հանձնաժողովից, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ մարմիններից պահանջելու քննարկվող հարցի առնչությամբ առկա բոլոր փաստաթղթերը, նյութերը, եզրակացության հիմքում դրված փաստարկների հիմնավորվածությունը հավաստող կամ հերքող այլ ապացույցներ (առկայության դեպքում), ինչպես նաև ներկայացնելու պարզաբանումներ, որոնք պետք է Հանձնաժողով ներկայացվեն երկօրյա ժամկետում: Դրանք սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքում Հանձնաժողովը շարունակում է դիմումի քննությունը:

(39-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-208-Ն)

 

Հոդված 40. Վերանայման վարույթի արդյունքում ընդունվող եզրակացությունները

 

1. Վերանայման վարույթ հարուցելու մասին որոշման ընդունման պահից 15-օրյա ժամկետում եզրակացության վերանայման արդյունքներով Հանձնաժողովը՝

1) էթիկայի հանձնաժողովի հաստատած փաստերը և եզրակացությունը թողնում է անփոփոխ.

2) էթիկայի հանձնաժողովի հաստատած փաստերը թողնում է անփոփոխ և ընդունում եզրակացություն.

3) փոփոխում է էթիկայի հանձնաժողովի հաստատած փաստերը, հաստատում նոր փաստեր և ընդունում եզրակացություն:

2. Եզրակացության պատճենը դրա ընդունման պահից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկվում է հանրային ծառայողին և էթիկայի հանձնաժողով:

(40-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-208-Ն)

 

Հոդված 40.1. Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգումը

 

1. Հանձնաժողովն ստուգում է կուսակցության ներկայացրած տարեկան հաշվետվության համապատասխանությունը «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով սահմանված պահանջներին:

2. Եթե կուսակցության հաշվետվության ստուգման արդյունքում Հանձնաժողովը պարզում է, որ հաշվետվության մեջ առկա են սխալ կամ ոչ ամբողջական տվյալներ, ապա կուսակցությանը տրամադրում է նվազագույնը 10-օրյա, առավելագույնը՝ 30-օրյա ժամկետ՝ դրանց վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու և տվյալները շտկելու նպատակով:

3. Հաշվետվության հավաստիությունն ստուգելու նպատակով Հանձնաժողովի պահանջի դեպքում կուսակցությունը պարտավոր է հինգ օրվա ընթացքում տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն՝ կուսակցության բանկային մուտքերի և ելքերի վերաբերյալ, ներկայացնել հաշվապահական հաշվառման և ներկայացրած հաշվետվության հավաստիությունն ստուգելու համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր, ներառյալ՝ բանկային ավանդի, վարկային, գույքի առուվաճառքի, վարձակալության պայմանագրերը:

4. Հաշվետվության ստուգման ընթացքում Հանձնաժողովն իրավասու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից պահանջելու և ստանալու (այդ թվում՝ էլեկտրոնային հարցման եղանակով) կուսակցության հաշվետվության ստուգման համար անհրաժեշտ առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կապված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկություններ, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաև վարկային բյուրոյից վարկային տեղեկատվություն կամ վարկային պատմություն:

5. Հաշվետվության ստուգման նպատակով Հանձնաժողովն իրավասու է բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին ծանոթանալու նպատակով Կենտրոնական բանկին ուղղված հարցման միջոցով պահանջելու և ստանալու հաշվետվություն ներկայացնելու պարտականություն ունեցող կուսակցության հաշիվների առկայության, հաշվի համախառն մուտքի և համախառն ելքի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, ինչպես նաև բանկային պահատուփերի առկայության վերաբերյալ տվյալներ` հարցման մեջ նշելով կուսակցության տվյալները, վերաբերելի ժամանակահատվածը կամ ամսաթիվը: Սույն մասում նշված տեղեկությունների փոխանցման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի և հանձնաժողովի համատեղ իրավական ակտով:

6. Բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալուց հետո Հանձնաժողովն իրավասու է կուսակցությունից պահանջելու ներկայացնել լրացուցիչ նյութեր։

7. «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով նախատեսված պետական նպատակային ֆինանսավորման միջոցների օգտագործումն ստուգելիս Հանձնաժողովը կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կազմի և տարածքային ստորաբաժանումների վերաբերյալ տեղեկատվությունը ստանում է իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից։

8. Հանձնաժողովը կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման արդյունքում իրականացնում է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 10-13-րդ մասերով նախատեսված լիազորությունները։

9. Կուսակցության կողմից Հանձնաժողովի սահմանած ժամկետում հաշվետվության համապատասխանությունը «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով սահմանված պահանջներին չհիմնավորվելու և հաշվետվության ստուգման արդյունքում «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի պահանջների խախտումներ հայտնաբերվելու դեպքում Հանձնաժողովը հարուցում է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։

10. Առերևույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում Հանձնաժողովը գործի նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան համապատասխան որոշումն ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկում է գլխավոր դատախազություն:

11. Եթե վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի ընթացքում Հանձնաժողովը հանգում է այն հետևության, որ կատարված արարքում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ, ապա վարույթի նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան համապատասխան որոշումն ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում, Հանձնաժողովն ուղարկում է գլխավոր դատախազություն՝ ընդունելով վարույթը կասեցնելու մասին որոշում։ Քրեական վարույթ չնախաձեռնելու մասին տեղեկանալու, քրեական վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումն ստանալու պահից Հանձնաժողովը հնգօրյա ժամկետում վերսկսում է կասեցված վարույթը, իսկ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռն ստանալու դեպքում նույն ժամկետում կարճում է վարույթը:

12. Գլխավոր դատախազությունը նյութերի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկացնում է Հանձնաժողովին՝ կցելով համապատասխան փաստաթղթի պատճենը:

13. Այն կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգումը, որոնց հաշվետվությունները ենթակա են պարտադիր աուդիտի, իրականացվում է սույն օրենքով սահմանված՝ աուդիտորական եզրակացությունն ստանալուց հետո։

14. Պետական ֆինանսավորում ստանալու իրավունք ունեցող կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգումն իրականացվում է աուդիտորական եզրակացությունը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի 30-ը: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում, ինչպես նաև սույն հոդվածի 3-6-րդ մասերով նախատեսված՝ անհրաժեշտ տեղեկություններ, փաստաթղթեր կամ լրացուցիչ նյութեր ստանալու և ուսումնասիրելու անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի որոշմամբ պետական ֆինանսավորում ստանալու իրավունք ունեցող կուսակցության տարեկան հաշվետվության ստուգման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 60 օրով:

15. Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգը սահմանում է Հանձնաժողովը:

(40.1-ին հոդվածը լրաց. 29.12.20 ՀՕ-5-Ն, փոփ., լրաց. 04.05.22 ՀՕ-117-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-163-Ն)

(29.12.20 ՀՕ-5-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 40.2 Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի կազմակերպումը

 

1. Հանձնաժողովը կազմակերպում է կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտը։

2. Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներից և իրականացվում Հանձնաժողովի կողմից բաց մրցույթով ընտրված աուդիտորական կազմակերպությունների կողմից։

3. Աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով բաց մրցույթն անցկացվում է կուսակցության կողմից «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված անհրաժեշտ տեղեկությունները Հանձնաժողովին տրամադրելուց հետո, բայց ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 31-ը: Բաց մրցույթն անցկացվում է մրցույթի մասին հայտարարությունը հրապարակվելուց ոչ շուտ, քան 14 օր հետո, բացառությամբ նոր մրցույթ հայտարարվելու դեպքերի: Նոր մրցույթ հայտարարվելու դեպքում Հանձնաժողովը կարող է սահմանել բաց մրցույթի անցկացման՝ սույն հոդվածով նախատեսված ժամկետի համեմատ առավել կարճ ժամկետ: Նոր մրցույթ հայտարարվելու դեպքում սույն օրենքով և «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով անցկացվող բաց մրցույթին վերաբերող ժամկետները կարող են համապատասխանաբար հետաձգվել:

4. Բաց մրցույթի արդյունքում Հանձնաժողովը յուրաքանչյուր կուսակցության տարեկան հաշվետվության աուդիտի նպատակով ընտրում է առավելագույնը երեք աուդիտորական կազմակերպությունների, որոնց միջև վերջնական ընտրությունն իրականացվում է հրապարակային վիճակահանության միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ մրցույթին մասնակցել և ընտրվել է միայն մեկ աուդիտորական կազմակերպություն։

5. Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանում է Հանձնաժողովը։ Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը պետք է հնարավորինս երաշխավորի մեկ կուսակցության հաշվետվության աուդիտի իրականացման համար մի քանի աուդիտորական կազմակերպությունների մասնակցության հնարավորությունը՝ ապահովելով ընտրված աուդիտորական կազմակերպությունների միջև հրապարակային վիճակահանությունը:

(40.2-րդ հոդվածը լրաց. 29.12.20 ՀՕ-5-Ն, խմբ. 04.05.22 ՀՕ-117-Ն)

(29.12.20 ՀՕ-5-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(04.05.22 ՀՕ-117-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 05.12.24 ՀՕ-519-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից)

(05.12.24 ՀՕ-519-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 40.3. Նախընտրական հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողությունը

(հոդվածը 07.05.21 ՀՕ-208-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից)

(07.05.21 ՀՕ-208-Ն օրենքն ունի  եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 40.4. Հանրաքվեի և տեղական հանրաքվեի քարոզչության նպատակով կատարված նվիրատվությունների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողությունը

(հոդվածը 07.05.21 ՀՕ-208-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից)

(07.05.21 ՀՕ-208-Ն օրենքն ունի  եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 41. Ազդարարման վարույթը

 

1. Հանձնաժողովն իրականացնում է ազդարարման վարույթ, որի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

 

Հոդված 41.1. Ծանուցումները

 

1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացվող վերլուծության և վարույթների շրջանակում անձին ծանուցում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով կամ ծանուցվող անձի մասնակցությամբ` այդ մասին փաստաթուղթ կազմելով, կամ ծանուցվողի համաձայնությամբ` այլ եղանակով:

2. Թղթային ծանուցումը հանձնվում է անմիջականորեն կամ փոստով` ծանուցվող անձի կողմից հայտարարագրում կամ դիմումում նշված հասցեով: Էլեկտրոնային ծանուցումն ուղարկվում է ծանուցվող անձի նշած էլեկտրոնային փոստի հասցեով կամ հեռախոսահամարին:

Էլեկտրոնային ծանուցումը պատշաճ է, եթե առկա է էլեկտրոնային ծանուցումն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում:

(41.1-ին հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-208-Ն)

 

Հոդված 42. Եզրափակիչ և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի կողմից Հանձնաժողովի առաջին կազմի անդամների ընդհանուր թվի մեծամասնության նշանակման օրվանից, բացառությամբ 9-րդ, 10-րդ հոդվածների, 23-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերի, ինչպես նաև 24-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ և 21-րդ կետերի և 1.1-ին մասի, որոնք ուժի մեջ են մտնում սույն հոդվածի 2-րդ և 2.1-ին մասերով սահմանված ժամկետներում:

2. Սույն օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2018 թվականի ապրիլի 10-ից:

2.1. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, ինչպես նաև 24-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետն ուժի մեջ են մտնում «Հանրային ծառայության մասին» օրենքում համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո:

3. (մասն ուժը կորցրել է 25.03.20 ՀՕ-199-Ն)

4. (մասն ուժը կորցրել է 25.03.20 ՀՕ-199-Ն)

4.1. Հայտարարագրերի վերլուծության վերաբերյալ սույն օրենքով սահմանված դրույթները կիրառելի են նաև 2017 թվականի հուլիսի 1-ից ներկայացված կամ ներկայացման ենթակա հայտարարագրերի նկատմամբ:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 8-րդ գլուխը:

6. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանդիսանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդը:

7. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմը գործում է մինչև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների ձևավորումը:

8. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակը և հաստիքացուցակը, կառուցվածքն ու կանոնադրությունը հաստատվում են մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը:

9. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումներում համապատասխան նշանակումները կատարվում են Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակը և հաստիքացուցակը, կառուցվածքն ու կանոնադրությունը հաստատվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

(42-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. ՀՕ-180-Ն, լրաց. 23.03.18 ՀՕ-208-Ն, խմբ., փոփ., լրաց. 25.03.20 ՀՕ-199-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. հունիսի 28

Երևան

ՀՕ-96-Ն