Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-488-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.12.09-2024.12.22 Պաշտոնական հրապարակման օրը 17.12.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.12.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի դեկտեմբերի 4-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 27-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասի երկրորդ նախադասությունից հանել «, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-5.5-րդ մասերով.

«5.1. Դատարանի կազմը փոխվելու կամ դատական կազմում փոփոխության դեպքում գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը որոշում է կայացնում գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկզբից սկսելու կամ գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն ընդհատման պահից շարունակելու մասին, բացառությամբ առաջին ատյանի դատարանում գործի դատաքննությունն ավարտված լինելու դեպքերի: Գործի դատաքննությունն ավարտված լինելու դեպքում առաջին ատյանի դատարանը գործը վարույթ ընդունելու հետ միաժամանակ որոշում է կայացնում գործի քննությունն սկզբից սկսելու կամ գործը դատաքննության փուլից վերսկսելու մասին:

5.2. Եթե սույն հոդվածով նախատեսված կարգով գործի (վերաքննիչ բողոքի) քննությունը շարունակվում է ընդհատման պահից, սակայն գործի (վերաքննիչ բողոքի) քննության համար սույն օրենսգրքով սահմանված և մնացած ժամկետը պակաս է մեկ ամսից, ապա այդ ժամկետը երկարաձգվում է մեկ ամսով, իսկ եթե տվյալ գործի (վերաքննիչ բողոքի) քննության համար սույն օրենսգրքով նախատեսված ժամկետը մեկ ամիս է կամ պակաս է մեկ ամսից, ապա տվյալ գործի (վերաքննիչ բողոքի) քննության համար՝ սույն օրենսգրքով նախատեսված ժամկետով:

5.3. Գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն ընդհատման պահից շարունակելու մասին որոշում կայացվելու դեպքում գործի (վերաքննիչ բողոքի) քննությունը շարունակվում է գործի (վերաքննիչ բողոքի) քննության ընդհատման՝ դատարանի կազմը փոխվելու կամ դատական կազմում փոփոխության պահից:

5.4. Գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն ընդհատման պահից շարունակելու մասին որոշում կայացվելու դեպքում մինչև գործի (վերաքննիչ բողոքի) քննության ընդհատման պահն ավարտված դատավարական ժամկետները չեն վերսկսվում, իսկ դատավարության մասնակիցները չեն կարող կատարել այնպիսի գործողություններ, որոնց կատարման ժամկետը լրացել է մինչև գործի (վերաքննիչ բողոքի) քննության ընդհատման պահը:

5.5. Գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն ընդհատման պահից շարունակվելու դեպքում մինչև գործի (վերաքննիչ բողոքի) քննության ընդհատման պահը կատարված գործողությունները կամ ընդունված որոշումները պարտադիր են և ունեն իրավական ուժ այնպես, ինչպես դատարանի կազմի կամ դատական կազմում փոփոխություն տեղի չունենալու դեպքում:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 29-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

«11. Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված ինքնաբացարկի հիմքերը բացահայտելու անհրաժեշտության դեպքում դատարանը դատական նիստի ծանուցագրում նշում է կատարում այդ մասին: Եթե կողմը, ծանուցված լինելով ինքնաբացարկի հիմքերը բացահայտելու նպատակով հրավիրված դատական նիստի մասին, չի ներկայանում դատական նիստին կամ չի ներկայացնում դատական նիստը հետաձգելու վերաբերյալ հիմնավորված միջնորդություն, ապա դատարանն ինքնաբացարկի հիմքերը կողմերին բացահայտում է գրավոր: Նշված ծանուցագիրն ստանալու պահից եռօրյա ժամկետում ինքնաբացարկի հիմքերի վերաբերյալ գրավոր դիրքորոշում չներկայացվելու դեպքում ինքնաբացարկը համարվում է կողմի կողմից անտեսված:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 153-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) իրավունքի իրականացման սահմանափակում:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Որպես ներկայացուցիչ հանդես եկող փաստաբանի նկատմամբ մեկ դատական վարույթի շրջանակում յուրաքանչյուր դատական ատյանում դատական տուգանք կարող է կիրառվել, եթե մինչև դատական տուգանքի կիրառման հանգեցնող արարքը կատարելը փաստաբանի նկատմամբ կիրառվել է առնվազն երկու այլ սանկցիա:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 155-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.

«4. Եթե վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը վերացնում է դատական տուգանք կիրառելու մասին որոշումը, ապա դատական ակտով լուծում է նաև նախապես վճարված տուգանքի վերադարձի հարցը:

5. Մեկ դատական վարույթի շրջանակում յուրաքանչյուր դատական ատյանում որպես ներկայացուցիչ հանդես եկող փաստաբանի նկատմամբ դատական տուգանք կարող է կիրառվել ոչ ավելի, քան մեկ անգամ:»:

 

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 155.1-ին և 155.2-րդ հոդվածներով.

 

«Հոդված 155.1. Դատական նիստից դուրս դատական տուգանք կիրառելու առանձնահատկությունները

 

1. Եթե դատարանը գտնում է, որ դատավարության մասնակիցը դրսևորել է այնպիսի վարքագիծ կամ կատարել է այնպիսի արարք, որը կարող է հանգեցնել դատական տուգանքի կիրառման, ապա այդ անձից պահանջում է գրավոր պարզաբանում վերոնշյալ վարքագծի կամ արարքի վերաբերյալ: Պարզաբանում պահանջելու մասին ծանուցագրում նշվում են այն հանգամանքները, որոնք դատարանի գնահատմամբ կարող են հանգեցնել դատական տուգանքի կիրառման:

2. Գրավոր պարզաբանումը կարող է ներկայացվել պարզաբանում պահանջելու մասին դատարանի ծանուցագիրն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում:

3. Գրավոր պարզաբանում ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ 20-օրյա ժամկետում, դատարանն առանց դատական նիստ հրավիրելու որոշում է դատական տուգանք կիրառելու հարցը: Դատական տուգանք կիրառելու հիմքերի բացակայության դեպքում նույն ժամկետում դատարանը դատավարության մասնակցին ծանուցում է այդ մասին:

 

Հոդված 155.2. Իրավունքի իրականացման սահմանափակում կիրառելու առանձնահատկությունները

 

1. Իրավունքի իրականացման սահմանափակումը դատավարության մասնակցի` սույն օրենսգրքով սահմանված որոշակի իրավունքների պարբերաբար չարաշահման դեպքում համապատասխան որոշմամբ դրանց իրականացման համար ժամանակային կամ քանակական պայմանների սահմանումն է:

2. Սույն հոդվածով նախատեսված դատական սանկցիան կարող է կիրառվել միայն հետևյալ իրավունքները պարբերաբար չարաշահելու դեպքում.

1) գործի նյութերին ծանոթանալը, դրանց պատճեններ ստանալը, քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ անելը.

2) բացարկ հայտնելը.

3) ապացույցներ ներկայացնելը և դրանց հետազոտմանը մասնակցելը.

4) դատավարության մասնակիցներին հարցեր տալը.

5) միջնորդություններ ներկայացնելը, ցուցմունքներ տալը.

6) դիրքորոշում ներկայացնելը:

3. Սույն հոդվածով նախատեսված դատական սանկցիայի կիրառումը չպետք է բացառի համապատասխան իրավունքի բուն իրացումը:

4. Եթե դատարանը գտնում է, որ դատավարության մասնակիցը դրսևորել է այնպիսի վարքագիծ կամ կատարել է այնպիսի արարք, որը կարող է հանգեցնել իրավունքի իրականացման սահմանափակում սանկցիայի կիրառման, ապա այդ անձը հասկանալի ձևով նախազգուշացվում է դատարանի` սանկցիա կիրառելու իրավասության մասին, պարզաբանվում են սանկցիա կիրառելու հիմքերը և հետևանքները: Եթե դատավարության մասնակիցը նախազգուշացումից հետո կատարում է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողություններից որևէ մեկը, ապա դատավորն իրավասու է այդ անձի նկատմամբ կիրառելու իրավունքի իրականացման սահմանափակում սանկցիան:

5. Իրավունքի իրականացման սահմանափակումը դատական նիստում կիրառվելու դեպքում կայացվում է նույն դատական նիստում դատարանի արձանագրային որոշմամբ, որն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ դատական նիստից դուրս կայացվելու դեպքում՝ առանձին դատական ակտով:

6. Իրավունքի իրականացման սահմանափակման ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի միջնորդությամբ դատարանն իրավունք ունի վերականգնելու իրավունքի իրականացումը՝ վերացնելով կիրառված ժամանակային կամ քանակական պայմանները:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 371-րդ հոդվածի 3.1-ին մասի առաջին նախադասության «սույն հոդվածի 368-րդ հոդվածի 1-ին մասի» բառերը փոխարինել «սույն օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերով:

 

Հոդված 7. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքը տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների (դիմումների) հիման վրա հարուցված գործերի վրա։

3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կիրառված դատական տուգանքների կամ դատական տուգանք կիրառելու մասին միջնորդությունների նկատմամբ կիրառելի են տուգանքի կիրառման կամ միջնորդության ներկայացման պահին գործող նորմերը:

4. Սույն օրենքի 1-ին հոդվածը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դատարանի կազմը փոխվելու կամ դատական կազմում փոփոխության դեպքի վրա։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. դեկտեմբերի 16

Երևան

ՀՕ-488-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 դեկտեմբերի 2024 թվական: