ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2012 թվականի նոյեմբերի 12-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 905-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Այն դեպքերում, երբ ցպահանջ չհանդիսացող ավանդը ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչև ժամկետի ավարտը (կուտակային կենսաթոշակային ավանդի դեպքում` մինչև կենսաթոշակային տարիքը լրանալը) կամ մինչև բանկային ավանդի պայմանագրում նշված հանգամանքների վրա հասնելը, ավանդատուին տոկոսները վճարվում են բանկի կողմից ցպահանջ ավանդների համար սահմանված չափերով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, և տոկոսների այլ չափ նախատեսված չէ պայմանագրով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 968.9-րդ հոդվածում`
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Ֆոնդի կառավարչի կողմից սույն մասով նախատեսված հատուցումն իրականացվում է ֆոնդի (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդի) համապատասխան մասնակիցներին ֆոնդի կառավարչի հաշվին ֆոնդի համապատասխան քանակի փայեր տեղաբաշխելու միջոցով, բացառությամբ հատուցման վճարման պահին տվյալ ֆոնդի մասնակից չհանդիսացող անձանց պատճառած վնասի, որի հատուցումն իրականացվում է համապատասխան գումար վճարելու միջոցով: Կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին պատճառած վնասները հատուցվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:».
2) 2-րդ մասի «ֆոնդի ակտիվների կազմում ներառման ենթակա» բառերը փոխարինել «կարգով» բառով:
Հոդված 3. Օրենսգրքի 1014-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.
«11. Կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման առանձնահատկությունները սահմանվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2012 թ. դեկտեմբերի 8 ՀՕ-216-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|