Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Էստոնիայի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ «Կողմեր»),
Ելնելով իրենց պետությունների միջև առկա հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման անհրաժեշտությունից,
Նպատակ ունենալով զարգացնել և խորացնել համագործակցությունը կրթության և գիտության բնագավառում,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Կողմերը պայմանավորվում են իրականացնել համագործակցություն կրթության և հետազոտության բնագավառում սույն Համաձայնագրի, իրենց պետությունների ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի համաձայն:
Հոդված 2
Կողմերն իրենց միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության հիմնական ձևն են համարում իրենց ընդհանուր կրթության, մասնագիտական կրթության և վերապատրաստման, բարձրագույն կրթության, չափահասների կրթության, երիտասարդական կազմակերպությունների և գիտահետազոտական հաստատությունների միջև փոխադարձ կարիքների և հետաքրքրությունների հիման վրա ուղիղ համագործակցությունը:
Հոդված 3
Կողմերը խրախուսում են դասավանդող և գիտական անձնակազմերի, ուսուցիչների, ուսանողների և աշակերտների համար փոխանակման ծրագրերի իրականացումը՝ միմյանց գիտահետազոտական և կրթական հաստատությունների կրթության և հետազոտության բնագավառում ունեցած փորձին և ձեռքբերումներին ծանոթանալու նպատակով:
Փոխանակման ծրագրերի ստույգ ժամկետները և պայմանները կհամաձայնեցվեն Կողմերի շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների միջև:
Հոդված 4
Կողմերը կխրախուսեն համատեղ գիտահետազոտական ծրագրերի և նախագծերի մշակումը և իրականացումը՝ իրենց համապատասխան հաստատությունների գիտական համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու նպատակով:
Հոդված 5
Կողմերը կնպաստեն միմյանց պետությունների լեզվի, գրականության, պատմության և մշակույթի ուսումնասիրմանը և դասավանդմանը իրենց կրթական հաստատություններում և հնարավորությունների սահմաններում կաջակցեն մասնագետների, մեթոդական ձեռնարկների և դասագրքերի փոխանակմանը:
Հոդված 6
Անհրաժեշտության դեպքում Կողմերը կկազմակերպեն պատվիրակությունների փոխանակում` իրենց հարաբերությունների ամրապնդման, աշխատանքային փորձի փոխանակման, համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով, ինչպես նաև կկազմակերպեն խորհրդաժողովներ` ուղղված սույն Համաձայնագրի իրականացմանը:
Հոդված 7
Կողմերը կխրախուսեն համագործակցության համապատասխան ծրագրերի մշակումը` սույն Համաձայնագրի իրականացման նպատակով:
Հոդված 8
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերի կատարման մասին Կողմերի` դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցելու միջոցով: Վերջին գրավոր ծանուցման ամսաթիվը կհամարվի սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվ:
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կլինի հինգ տարի ժամկետով և յուրաքանչյուր անգամ կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Կողմերից մեկն առնվազն վեց ամիս առաջ մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր չծանուցի այն դադարեցնելու իր մտադրության մասին: Կողմերի միջև այլ պայմանավորվածության բացակայության դեպքում, սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդի Համաձայնագրով նախատեսված այն համատեղ աշխատանքների իրականացման վրա, որոնք նախաձեռնվել, բայց չեն ավարտվել Համաձայնագրի գործողության դադարեցման պահին:
Կատարված է Վիլնյուս քաղաքում 2014 թ. սեպտեմբերի 22-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, էստոներեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Համաձայնագրի մեկնաբանման հետ կապված տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015 թ. մայիսի 27-ին:
