ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2012 թվականի N 1685-Ն
ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՄԱՆ ՔԱՆԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ֆինանսական գործիքներում ներդրման քանակային և արժութային սահմանափակումները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունվարի 17 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1685-Ն որոշման |
ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՄԱՆ ՔԱՆԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն իրավական ակտում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստով: Սույն փաստաթղթի իմաստով արտասահմանյան պետություններ են համարվում «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պետությունները:
II. ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
2. Պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների հաշվին կատարվող՝ արտասահմանյան արժույթով ներդրումների առավելագույն չափը չպետք է գերազանցի տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընդհանուր ակտիվների 40 տոկոսը:
3. Պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների հաշվին ոչ փոխարկելի արտասահմանյան արժույթով կատարվող ներդրումների առավելագույն չափը չպետք է գերազանցի տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընդհանուր ակտիվների 3 տոկոսը:
III. ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՄԱՆ ՔԱՆԱԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
4. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները, պահպանելով սույն սահմանափակումների 2-րդ և 3-րդ կետերը, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածում նշված ներդրումները կարող են իրականացնել միայն հետևյալ առավելագույն սահմանաչափերով`
1) բանկային հաշիվներում և ավանդներում (այդ թվում՝ բանկում միջոցների ավանդագրումը հավաստող արժեթղթերում) (այսուհետ` բանկային ավանդ) կատարվող ներդրումների ընդհանուր ծավալը չի կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 40 տոկոսը: Միևնույն ժամանակ մեկ բանկում, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն փոխկապակցված ճանաչված բանկերում կատարվող ներդրումները չեն կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 5 տոկոսը: Ընդ որում, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները որպես ավանդ կարող են ներդրվել միայն այնպիսի օտարերկրյա բանկում, որն ունի առնվազն Ստանդարտ և Փուրզի «ԲԲԲ» խմբի` «ԲԲԲ», Մուդիզի «Բաա» խմբի` «Բաա3» կամ Ֆիթչի «ԲԲԲ» խմբի` «ԲԲԲ-» վարկանիշ.
2) Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, արտասահմանյան պետության կամ այդ պետության կենտրոնական բանկի կողմից թողարկված կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում կատարվող ներդրումների ընդհանուր ծավալը չի կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 60 տոկոսը, ընդ որում, մեկ թողարկումում (տրանշում) ներդրումների արժեքը չի կարող գերազանցել ֆոնդի ակտիվների 20 տոկոսը: Այս սահմանափակումը չի տարածվում միայն կենսաթոշակային ֆոնդերի համար թողարկված արժեթղթերում կատարվող ներդրումների վրա, որի դեպքում մեկ թողարկումում (տրանշում) ներդրումների արժեքը չի կարող գերազանցել ֆոնդի ակտիվների 50 տոկոսը.
3) «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն արժեթղթավորման հիմնադրամների կողմից թողարկված արժեթղթերում կարող են ներդրումներ իրականացվել միայն հիփոթեքային վարկով ապահովված արժեթղթերում: Ընդ որում, այդ ներդրումները չպետք է գերազանցեն տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 5 տոկոսը: Բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն թողարկված ապահովված հիփոթեքային պարտատոմսերում կատարվող ներդրումների ընդհանուր ծավալը չի կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 30 տոկոսը: Ապահովված հիփոթեքային պարտատոմսերում կատարվող ներդրումների ընդհանուր ծավալի համար նախատեսված սահմանափակումները տարածվում են նաև օտարերկրյա բանկերի թողարկած պարտքային արժեթղթերի վրա, որոնց տեղաբաշխումից ստացված միջոցները ներդրվում են այնպիսի ակտիվներում, որոնք`
ա. այդ պարտքային արժեթղթերի վավերականության ամբողջ ժամանակահատվածի համար բավարար ապահովություն (ծածկույթ) են դրանց գծով ամրագրված պարտավորությունների կատարման համար, և`
բ. թողարկող բանկի անվճարունակության կամ սնանկության դեպքում առաջնահերթորեն օգտագործվում են այդ պարտքային արժեթղթերի գծով դրանց սեփականատերերի հանդեպ պարտավորությունների կատարման (արժեթղթի մայր գումարի (անվանական արժեքի) և հաշվեգրված տոկոսների փոխհատուցման) համար.
4) պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները չեն կարող ներդրվել՝
ա. մեկ թողարկողի ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթերի 10 և ավելի տոկոսում,
բ. մեկ թողարկողի ձայնի իրավունք չտվող բաժնային արժեթղթերի ավելի քան 10 տոկոսում,
գ. մեկ թողարկողի կողմից թողարկված պարտքային արժեթղթերի ավելի քան 10 տոկոսում,
դ. այլ ֆոնդի փայերի կամ բաժնետոմսերի ավելի քան 25 տոկոսում,
ե. սույն ենթակետը չի կիրառվում սույն կետի երկրորդ ենթակետով նախատեսված արժեթղթերի նկատմամբ.
5) ներդրումային ֆոնդերի կողմից թողարկված արժեթղթերում կատարվող ներդրումները չպետք է գերազանցեն տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 20 տոկոսը: Ընդ որում, ներդրումային ֆոնդերի կողմից թողարկված արժեթղթերում կատարվող ներդրումները չեն կարող գերազանցել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 2 տոկոսը, եթե դրանք`
ա. Հայաստանի Հանրապետությունում գրանցված բաց, հրապարակային, ստանդարտ, տարատեսականացված ներդրումային ֆոնդ չեն,
բ. արտասահմանյան պետության կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից գրանցված ու վերահսկվող բաց և հրապարակային ներդրումային ֆոնդ չեն, որի կանոնների (կանոնադրության) համաձայն ներդրումային ֆոնդի ակտիվների առնվազն 90 տոկոսը պետք է ներդրվի միայն բանկային ավանդներում, պետական պարտատոմսերում, կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված կամ թույլատրվող արժեթղթերում կամ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ իրացվելի ակտիվներում.
6) միևնույն կառավարչի կողմից կառավարվող ներդրումային ֆոնդերում կամ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 36-րդ մասի համաձայն փոխկապակցված համարվող կառավարիչների ներդրումային ֆոնդերում կատարվող ներդրումները չեն կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 10 տոկոսը.
7) մեկ թողարկողի արժեթղթերում ներդրումների առավելագույն չափը չի կարող գերազանցել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 10 տոկոսը, իսկ փոխկապակցված թողարկողների արժեթղթերում ներդրումների առավելագույն չափը չի կարող գերազանցել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 15 տոկոսը, եթե այլ բան նախատեսված չէ սույն իրավական ակտով.
8) ֆոնդի ակտիվներում ընդգրկված մեկ անձի կողմից թողարկված արժեթղթերի, տվյալ անձի մոտ ներդրված բանկային ավանդների և տվյալ անձի հետ կնքված ածանցյալ գործիքների հետ կապված ռիսկի ընդհանուր արժեքը չպետք է գերազանցի տվյալ ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 20 տոկոսը.
9) ածանցյալ գործիքներում ներդրումներն իրականացվում են միայն հեջավորման նպատակով, երբ տվյալ ֆոնդը ներառում է այդ ածանցյալի հիմքում առկա հիմնական արժեթուղթը, կամ տվյալ ֆոնդին բնորոշ է հեջավորվող ռիսկը: Մեկ անձի հետ ածանցյալ գործիքով կնքված գործարքի չափը չի կարող գերազանցել ֆոնդի ակտիվների արժեքի 10 տոկոսը, եթե գործարքի կողմը բանկ է, և չի կարող գերազանցել 5 տոկոսը, եթե գործարքի կողմն այլ ֆինանսական կազմակերպություն է: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվներում ներառված բոլոր ածանցյալ գործիքների հետ կապված ռիսկի ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի տվյալ ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքը:
5. Մեկ արտասահմանյան պետությունում կատարվող ներդրումները չեն կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 15 տոկոսը:
6. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ֆինանսական գործիքներում ներդրման քանակային և արժութային սահմանափակումների հաշվարկման համար հիմք է ընդունվում ֆոնդի ակտիվների ընդհանուր շուկայական արժեքը:
7. Սույն իրավական ակտով նախատեսված քանակային և արժութային սահմանափակումները տարածվում են պարտադիր կենսաթոշակային ֆոնդի վրա` առաջին կուտակային վճարը տվյալ ֆոնդին կատարելու օրվանից 6 ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |