ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի հոկտեմբերի 11-ին
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը կարգավորում է կազմակերպությունների, պայմանագրային ներդրումային ֆոնդերի և ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման կանգնելու և հաշվառումից դուրս գալու, հարկ վճարողի հաշվառման համար ստանալու, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման միասնական ռեեստրի վարման, ինչպես նաև հարկ վճարողների հաշվառման հետ կապված այլ հարաբերություններ:
(1-ին հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-278-Ն)
Հոդված 2. |
Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման մասին օրենսդրությունը |
Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման կանգնելու և հաշվառումից դուրս գալու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և այլ իրավական ակտերով:
Հոդված 3. |
Օրենքի գործողության ոլորտը |
Սույն օրենքը տարածվում է՝
1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած (կանոնները գրանցած) կազմակերպությունների, պայմանագրային ներդրումային ֆոնդերի, պետական կառավարչական և համայնքային հիմնարկների, օտարերկրյա կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) (այսուհետ՝ կազմակերպություն) վրա.
2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ Կենտրոնական բանկը հանդես է գալիս որպես հարկային գործակալ՝ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով.
3) Հայաստանի Հանրապետության անհատ ձեռնարկատերերի վրա.
4) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց վրա:
(3-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-278-Ն)
Հոդված 4. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում բերված հասկացություններն օգտագործված են հետևյալ իմաստներով՝
հարկային մարմին՝ «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տրված սահմանված հարկային մարմին.
հարկ վճարող՝ օրենսդրությամբ սահմանված հարկեր և (կամ) այլ պարտադիր վճարներ վճարելու պարտավորություն կրող ֆիզիկական և իրավաբանական անձ (այդ թվում՝ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ, օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկ, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղ, ներկայացուցչություն), հիմնարկ, տեղական ինքնակառավարման մարմին, ինչպես նաև ներդրումային ֆոնդ: Ընդ որում, ներդրումային ֆոնդի` որպես հարկ վճարողի հետ կապված սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով կարգավորվող բոլոր հարաբերություններում նրա փոխարեն հանդես է գալիս տվյալ ներդրումային ֆոնդի կառավարիչը.
հարկ վճարողի հաշվառում՝ պետական գրանցում ստացած (կանոնները գրանցած) կազմակերպությունների և հաշվառված անհատ ձեռնարկատերերի, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկ վճարողի հաշվառման համարների տրամադրում և հաշվառում.
հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)՝ պետական գրանցում կամ հաշվառում ստացած (կանոնները գրանցած) կազմակերպությունների և հաշվառված անհատ ձեռնարկատերերի, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրվող հաշվառման համար.
հարկ վճարողների վերաբերյալ տվյալների միասնական բանկ՝ Հայաստանի Հանրապետության հարկային մարմնում հաշվառված կազմակերպությունների և ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) վերաբերյալ տվյալների միասնական բանկ.
անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ՝ հարկեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտավորություն կրող ֆիզիկական անձ, ում եկամուտները չեն ձևավորվում բացառապես հարկային գործակալ հանդիսացող անձանցից ստացվող եկամուտների հաշվին.
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպություն՝ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ռեզիդենտ կազմակերպություններ.
Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպություն՝ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ռեզիդենտ չհանդիսացող կազմակերպություն.
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձ՝ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ռեզիդենտ ֆիզիկական անձ.
Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ՝ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձ.
հարկ վճարողի հարկային գործ` հարկային մարմնի կողմից վարվող յուրաքանչյուր հարկ վճարողի անհատական թղթապանակ, որում ամփոփվում են հարկ վճարողից ստացված, հարկային մարմնի կազմված, ինչպես նաև երրորդ անձանցից ստացված նրան վերաբերող բոլոր փաստաթղթերը` սկսած հիմնադիր փաստաթղթերից մինչև հարկ վճարողի լուծարումը (գործունեության դադարեցումը)` հարկային հաշվառումից հանելը հավաստող փաստաթղթերը:
2. Սույն օրենքում այլ բան նշված չլինելու դեպքում, ֆիզիկական անձ հասկացությունը կիրառվում է նաև անհատ ձեռնարկատեր իմաստով:
(4-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-278-Ն, լրաց., փոփ. 08.12.10 ՀՕ-198-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 5. |
Հարկային հաշվառումը |
1. Հայաստանի Հանրապետությունում գործում է հարկ վճարողների հարկային հաշվառման միասնական համակարգ:
2. Հարկ վճարողների հարկային հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմինը:
3. Կազմակերպությունների հարկային հաշվառման միասնական ռեեստրի և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման միասնական ռեեստրի ձևը և վարման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ կառավարություն):
Հոդված 6. |
Հարկ վճարողի հաշվառման համարները |
1. Հարկ վճարողների հաշվառման համարների տրամադրումը, բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, նոտարների, դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցում ստացած կազմակերպությունների, իրականացվում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցում ստացած կազմակերպությունների հարկ վճարողների հաշվառման համարների տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած կարգով: Հարկ վճարողի հաշվառման համարը նրա նույնականացման կոդն է:
Պետական գրանցում ստացող կազմակերպություններին և հաշվառվող անհատ ձեռնարկատերերին հարկ վճարողների հաշվառման համարներ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության հարկային մարմինը գրանցող (հաշվառող) մարմնին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրում է իր ավտոմատացված կառավարման համակարգում տվյալների բազայից առցանց ռեժիմով օգտվելու թույլտվություն:
Օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերն ստանալուց և ավտոմատացված տվյալների բազա մուտքագրելուց հետո համակարգչային ծրագրի միջոցով հարկ վճարողին անմիջապես տրամադրվում է հաշվառման համար:
Պետական գրանցում ստացած կազմակերպությունների և հաշվառված անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման մասին տեղեկությունները պետական գրանցման (հաշվառման) օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրամադրվում են հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմնին:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցում ստացած կազմակերպությունների պետական գրանցման մասին տեղեկությունները պետական գրանցման օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում են հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմնին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ սահմանած կարգով:
2. Կառավարությունը կարող է սահմանել ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարների տրամադրման կարգ:
3. Հարկ վճարողի հաշվառման համարը միակն է և ենթակա չէ փոփոխման: Հարկ վճարողի հաշվառման համարը չի կարող տրամադրվել այլ հարկ վճարողների: Կազմակերպության վերակազմավորման դեպքում հարկ վճարողի հաշվառման համարը փոխանցվում է նրա իրավահաջորդին, իսկ վերակազմակերպման մյուս եղանակների դեպքում՝
1) կազմակերպությունների միացման եղանակով վերակազմակերպման դեպքում շարունակում է գործել այն կազմակերպության ՀՎՀՀ-ն, որին միանում է մեկ այլ կազմակերպություն, իսկ միացող կազմակերպության ՀՎՀՀ-ն համարվում է չեղյալ և հանվում է հաշվառումից.
2) կազմակերպությունների միաձուլման եղանակով վերակազմակերպման դեպքում ստեղծված նոր կազմակերպությանը տրամադրվում է նոր ՀՎՀՀ, իսկ միաձուլվող կազմակերպությունների ՀՎՀՀ-ները համարվում են չեղյալ և հանվում են հաշվառումից.
3) կազմակերպությունների առանձնացման եղանակով վերակազմակերպման դեպքում առանձնացված նոր կազմակերպությանը տրամադրվում է նոր ՀՎՀՀ, իսկ նախկին կազմակերպությունը (որից կատարվել է առանձնացումը) շարունակում է հաշվառվել իր ՀՎՀՀ-ով.
4) կազմակերպությունների բաժանման եղանակով վերակազմակերպման դեպքում ստեղծված նոր կազմակերպություններից յուրաքանչյուրին տրամադրվում է նոր ՀՎՀՀ:
4. Ֆիզիկական անձին տրամադրվող հարկ վճարողի հաշվառման համարը մնում է անփոփոխ վերջինիս տարբեր կարգավիճակներում, և´ որպես անհատ ձեռնարկատեր հանդիսացող, և´ որպես անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ համարվելու ժամանակ:
5. Նոտարների՝ հարկային մարմնում հաշվառման կանգնելու ընթացակարգերը սահմանում է կառավարությունը:
6. Դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների հարկային մարմնում հաշվառման կանգնելու ընթացակարգերը սահմանում է կառավարությունը:
7. Անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցումից հետո կրկին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու դեպքում նրան տրամադրվում է իր նախորդ հարկ վճարողի հաշվառման համարը: ՀՎՀՀ-ն չի փոխվում նաև այն ժամանակ, երբ անհատ ձեռնարկատերը գործունեության դադարեցումից հետո հարկային մարմին է ներկայացնում հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր՝ որպես ֆիզիկական անձ:
8. Հարկ վճարողի հաշվառման համարը կազմված է ութանիշ թվից: Առաջին յոթ նիշը հանդիսանում է հերթական համար, ութերորդ նիշը ստուգիչ է և հաշվառվում է նախորդ յոթ նիշերի հիման վրա: Հարկ վճարողների հաշվառման համարների մասնատումը, ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների, ինչպես նաև ստուգիչ նիշի հաշվառման բանաձևը սահմանում է հարկային մարմինը:
9. Հարկ վճարողի հաշվառման համարի առկայությունը պարտադիր է կառավարության սահմանած ցանկում ներառված վճարահաշվարկային փաստաթղթերի վրա:
10. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար բանկային հաշիվներ բացվում են միայն հարկ վճարողի հաշվառման համարի առկայության դեպքում:
11. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար բանկային հաշիվների բացման վերաբերյալ հարկային մարմին տեղեկությունների տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ:
(6-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 08.12.10 ՀՕ-198-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-61-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3
ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
Հոդված 7. |
Հարկային մարմնում հաշվառման կանգնելը |
1. (մասն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-198-Ն)
2. (մասն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-198-Ն)
3. (մասն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-198-Ն)
4. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման հարկային մարմինը կարող է փոփոխվել հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ, եթե՝
1) կազմակերպության իրավաբանական (անհատ ձեռնարկատիրոջ գրանցման (բնակության)) և գործունեության փաստացի իրականացման հասցեները չեն համապատասխանում միմյանց.
2) կազմակերպությունը (անհատ ձեռնարկատերը) գործունեություն է իրականացնում մեկից ավելի հասցեներում:
Ընդ որում, հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը մեկ հարկային մարմնից կարող է տեղափոխվել մեկ այլ հարկային մարմին հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում՝
1) գործունեության հիմնական վայրի փոփոխության.
2) համախառն հասույթի (եկամտի) կազմում որևէ մեկ վայրից ստացվող հասույթի (եկամտի) տեսակարար կշռի գերակայության.
3) գործարար շահերի կենտրոնի, կազմակերպության ղեկավար մարմնի գտնվելու վայրի փոփոխության.
4) գործունեության ոլորտային, սեզոնային, տարածքային կամ նմանատիպ այլ առանձնահատկությունների:
5. (մասն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-198-Ն)
6. Պետական գրանցում ստացած կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք հաշվառվում են իրենց տարածքի հարկային մարմնում (տեսչությունում)` ըստ իրենց գտնվելու վայրի կամ ըստ իրենց բնակության վայրի:
(7-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-278-Ն, փոփ., խմբ. 08.12.10 ՀՕ-198-Ն)
Հոդված 8. |
Հարկային հաշվառման կանգնելու համար ներկայացվող փաստաթղթերը |
1. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկային մարմնում հաշվառման կանգնելու և հարկ վճարողի հաշվառման համար ստանալու համար հարկային մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) անձնագրի և սոցիալական քարտի պատճենները (առկայության դեպքում), բացակայության դեպքում` սոցիալական քարտի բացակայության վերաբերյալ լիազորված մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենը.
2) ֆիզիկական անձի կողմից լրացված` հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման դիմում:
2. ՀՎՀՀ-ի տրամադրման դիմումի ձևը և դրանում լրացման ենթակա տվյալների ցանկը սահմանում է կառավարությունը:
(8-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-278-Ն, խմբ. 08.12.10 ՀՕ-198-Ն)
Հոդված 9. |
Հարկ վճարողի վերաբերյալ տվյալների փոփոխման մասին տեղեկություններ ներկայացնելը |
(վերնագիրը խմբ. 08.12.10 ՀՕ-198-Ն)
Կազմակերպությունների պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, նոտարների, դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցում ստացած կազմակերպությունների հաշվառման ժամանակ պահանջվող տվյալների փոփոխության դեպքում հարկ վճարողը պարտավոր է այդ մասին գրավոր տեղյակ պահել իրենց սպասարկող հարկային մարմնին մինչև փոփոխությունների տեղի ունենալուն հաջորդող ամսվա 20-ը:
(9-րդ հոդվածը խմբ. 08.12.10 ՀՕ-198-Ն)
Հոդված 10. |
Հարկային հաշվառման վերցնելը |
1. Հարկային մարմինը հարկ վճարողների կողմից սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված բոլոր փաստաթղթերն ստանալուց հետո ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը ֆիզիկական անձանց հաշվառում, տրամադրում է հարկ վճարողի հաշվառման համար և հարկ վճարողի հաշվառման վկայական:
2. Հարկային մարմնում հարկ վճարողներին հաշվառման վերցնելուց և հարկ վճարողի հաշվառման համար տրամադրելուց հետո նրանց տրամադրվում է հաշվառման վկայական, որի ձևաթուղթը և դրանում պարունակվող տեղեկությունների ցանկը սահմանում է կառավարությունը:
3. Հարկային մարմնում ստուգվում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունն օրենքների պահանջներին: Նմուշային ձևեր ներկայացնելու դեպքում ստուգվում է միայն լրացված տեղեկությունների լիարժեքությունը և ճշտությունը:
4. Փաստաթղթերի ստուգումից հետո հարկ վճարողի հարկային հաշվառումը կասեցնելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում հարկային մարմնի ղեկավարը տրամադրում է հարկ վճարողի հաշվառման համարը, գրանցում է անհրաժեշտ տեղեկություններ հարկային հաշվառման ռեեստրում և հարկ վճարողին տրամադրում է հարկային հաշվառման վկայական:
5. Հարկային մարմինը հարկային հաշվառման վերցված յուրաքանչյուր հարկ վճարողի համար վարում է հարկային գործ: Հարկային գործում ընդգրկվող փաստաթղթերի ցանկը, հարկային գործերի վարման, օգտագործման և պահպանության կարգը հաստատում է վերադաս հարկային մարմնի ղեկավարը:
(10-րդ հոդվածը փոփ. 08.12.10 ՀՕ-193-Ն, փոփ., լրաց. 08.12.10 ՀՕ-198-Ն)
Հոդված 11. |
Հարկային հաշվառման կասեցումը |
1. Հարկ վճարողների կողմից ներկայացված՝ հաշվառման կանգնելու մասին դիմումի ընթացքը կարող է կասեցվել հետևյալ հիմքերի առկայության դեպքում՝
1) եթե ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն, լրացված են թերի կամ խախտումներով, չեն համապատասխանում սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի ցանկին.
2) ներկայացված տեղեկություններում առկա են անճշտություններ կամ ներառված են կեղծ տվյալներ ֆիզիկական անձի վերաբերյալ:
2. Եթե հարկ վճարողի կողմից հաշվառման կանգնելու դիմումը ներկայացվել է ոչ այն հարկային մարմին, ապա դիմումն ստացած հարկային մարմինը ոչ ուշ, քան դիմումի ներկայացման հաջորդ աշխատանքային օրն այն վերահասցեագրում է իրավասու հարկային մարմին` այդ մասին ծանուցելով դիմողին:
3. Սույն հոդվածի 1-ին մասում բերված հիմքերով հաշվառման կանգնելու մասին հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումի ընթացքի կասեցման վերաբերյալ հարկ վճարողին գրավոր տեղյակ է պահվում դիմումն ստանալուց հետո` հաջորդ աշխատանքային օրը:
4. Հաշվառման կանգնելու մասին հարկ վճարողի դիմումի ընթացքի կասեցման հիմքերի վերաբերյալ դիմողին տեղյակ պահելուց հետո սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև դիմումի կասեցման հիմքերի վերացումը:
(11-րդ հոդվածը փոփ. 08.12.10 ՀՕ-198-Ն)
Հոդված 12. |
Հարկ վճարողներին հաշվառումից հանելը |
1. Օրենքով սահմանված կարգով գրանցում ստացած կազմակերպությունները լուծարման (հաշվառված անհատ ձեռնարկատերերը` գործունեության դադարեցման) համար դիմում են ներկայացնում պետական ռեգիստրի մարմին, իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցված կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:
2. Հարկ վճարողից լուծարային հաշվարկները և հաշվետվություններն ստանալուց հետո հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան իրականացնում է լուծարային ստուգում:
3. Օրենքով սահմանված կարգով հարկ վճարողների մոտ իրականացված լուծարային ստուգման արդյունքներով հարկ վճարողներին տրամադրվում է տեղեկանք պետական բյուջեի հանդեպ հարկային (այդ թվում՝ հարկային մարմնի կողմից գանձվող պարտադիր այլ վճարների) պարտավորությունների վերաբերյալ:
4. Կազմակերպությունը համարվում է հանված հարկային հաշվառումից՝ այդ մասին հարկային մարմնում հաշվառված կազմակերպությունների վերաբերյալ տվյալների միասնական ռեեստրում համապատասխան գրառում կատարելու պահից:
5. Ֆիզիկական անձը համարվում է հանված հարկային հաշվառումից՝ այդ մասին հարկային մարմնում հաշվառված անհատ ձեռնարկատերերի և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային հաշվառման միասնական ռեեստրում համապատասխան գրառում կատարելու պահից:
6. Ֆիզիկական անձի մահվան դեպքում հարկային մարմինը սահմանված կարգով նրան հանում է հարկային հաշվառումից:
7. Պետական բյուջեի հանդեպ հարկային (այդ թվում՝ հարկային մարմնի կողմից գանձվող պարտադիր այլ վճարների) պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանքի ձևը, տրամադրման կարգը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի ղեկավարը:
(12-րդ հոդվածը փոփ. 08.12.10 ՀՕ-193-Ն, խմբ. 08.12.10 ՀՕ-198-Ն)
Հոդված 13. |
Հարկային գործերի պահպանությունը |
(վերնագիրը խմբ. 08.12.10 ՀՕ-198-Ն)
1. Հարկային գործերը վարող հարկային մարմինն ապահովում է հարկային գործերի պահպանությունը հետագա օգտագործման նպատակով:
2. Հարկային գործերը հարկային մարմնում պահպանվում են 5 տարի ժամկետով, ապա օրենքով սահմանված կարգով ենթարկվում փորձաքննությամբ արժեքավորման, բացառությամբ հարկ վճարողների հիմնադիր փաստաթղթերի և չկատարված հարկային պարտավորությունները հավաստող փաստաթղթերի, որոնք փորձաքննությամբ արժեքավորման ենթակա են միայն հարկ վճարողի լուծարումից (գործունեության դադարեցումից) 5 տարի հետո:
(13-րդ հոդվածը խմբ. 08.12.10 ՀՕ-198-Ն)
Հոդված 14. |
Հարկային հաշվառման վերցնելու կամ հաշվառումից հանելու դիմումի կասեցման բողոքարկումը |
Հարկային հաշվառման վերցնելը կամ հարկային հաշվառումից հանելն անհիմն կասեցնելու դեպքում հարկային մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները կարող են բողոքարկվել հարկային այն մարմին, որին անմիջականորեն ենթակա են նրանք: Բողոքները հարկային մարմնի կողմից քննության են առնվում և դրանց մասին որոշումներ են ընդունվում ոչ ուշ, քան բողոքն ստացվելու օրվանից հետո՝ 3 օրվա ընթացքում: Ընդունված որոշումները կարող են բողոքարկվել վերադաս հարկային մարմին բողոքարկողի կողմից որոշման կրկնօրինակն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում, կամ անմիջապես դատարան:
Հոդված 15. |
Սույն օրենքի պահանջները խախտելու համար պատասխանատվությունը |
Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:
Հոդված 16. |
Սույն օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.10.2016, ՀՕ-165-Ն | 01.01.2018, ՀՕ-215-Ն | |
19.03.2012, ՀՕ-61-Ն | 28.04.2012, ՀՕ-215-Ն | |
08.12.2010, ՀՕ-198-Ն | 01.04.2011, ՀՕ-215-Ն | |
22.12.2010, ՀՕ-278-Ն | 09.01.2011, ՀՕ-215-Ն | |
08.12.2010, ՀՕ-193-Ն | 01.01.2011, ՀՕ-215-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|