ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի հունիսի 17-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 158-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով.
«Առևտրի իրականացման վայրերը, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերը օրենսդրությանը համապատասխան կառուցված վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններով չապահովելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով:
Առևտրի իրականացման վայրը տեսակը հաստատված և ստուգաչափված ստուգիչ չափման միջոցներով չապահովելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Վաճառվող հացի գնապիտակի վրա մեկ միավոր հացի քաշը և դրա շեղումների թույլատրելի չափերը չնշելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 327.1-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի «2008» թիվը փոխարինել «2011» թվով:
Հոդված 3. Օրենսգրքի 327.1-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ մասերով.
«2. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 23-րդ մասը ուժի մեջ է մտնում`
ա) 2009 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության բնակավայրերում գործող առևտրի իրականացման վայրերի և հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերի համար.
բ) 2008 թվականի հոկտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության բնակավայրերից դուրս` միջպետական, հանրապետական և միջհամայնքային նշանակության ճանապարհներին գործող առևտրի իրականացման վայրերի և հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերի համար:
3. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 24-րդ մասը ուժի մեջ է մտնում 2008 թվականի հոկտեմբերի 1-ից:»:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|