ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐԹՈՒՐ ԳԱԶԱԶՅԱՆԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վարչական գործ թիվ ՎԴ/4857/05/11
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
22 հոկտեմբերի 2012 թ. |
ք. Երևան |
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը
նախագահությամբ` մասնակցությամբ` հայցվորի`
պատասխանող՝ |
դատավոր` |
Ռուզաննա Հակոբյանի
ՀՀ առողջապահության նախարարություն /ներկայացուցիչ Շուշանիկ Ղուկասյանի/ ա/ձ Արթուր Գազազյանի |
2012 թ. հոկտեմբերի 5-ին դռնբաց դատական նիստում քննելով վարչական գործն ըստ հայցի ՀՀ առողջապահության նախարարության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արթուր Գազազյանի` 2004 թ. փետրվարի 17-ին ստացած դեղատնային գործունեության թիվ Ա-XX-000146 լիցենզիայի գործողությունը, լիցենզիան ուժը կորցրած ճանաչելով, դադարեցնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
ՀՀ վարչական դատարան ներկայացրած հայցադիմումով ՀՀ առողջապահության նախարարությունը խնդրել է ուժը կորցրած ճանաչելով դադարեցնել անհատ ձեռնարկատեր Արթուր Գազազյանին 2004թ. փետրվարի 17-ին տրված դեղատնային գործունեության թիվ Ա-XX-000146 լիցենզիայի գործողությունը։
Պատասխանող անհատ ձեռնարկատեր Արթուր Գազազյանը 10.10.2011 թ. ՀՀ վարչական դատարան է ներկայացրել հայցադիմումի պատասխան։
Հրավիրված նախնական դատական նիստերի ընթացքում պարզաբանվել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հարցերը, սահմանվել է ապացուցում պահանջվող փաստերի շրջանակը և կողմերի միջև բաշխվել է ապացուցման բեռը։
Դատարանի 12.06.2012 թ. որոշմամբ սույն գործը նշանակվել է դատաքննության։ Վարչական գործի դատաքննությունն ավարտվել է 05.10.2012 թ-ին և դատական ակտի հրապարակման օր հայտարարվել 22.10.2012 թ.։
Հայցվորի ներկայացրած փաստերը, հիմնավորումները.
Անհատ ձեռնարկատեր Արթուր Գազազյանը դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա ստանալու համար 2004 թ. նոյեմբերի 25-ին ՀՀ առողջապահության նախարարություն է ներկայացրել համապատասխան հայտ և 2004 թ. փետրվարի 17-ին ստացել է դեղատնային գործունեության թիվ Ա-XX-000146 լիցենզիան։
ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության կողմից ՀՀ առողջապահության նախարարությանը ներկայացված տվյալների համաձայն՝ ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության աշխատանքային խմբի կողմից առողջապահության նախարարությունում իրականացվող ուսումնասիրության շրջանակներում ստուգվել են նախկինում լիցենզավորման համար ներկայացված հայտեր՝ այդ թվում անհատ ձեռնարկատեր Արթուր Գազազյանի կողմից լիցենզավորման համար ներկայացված հայտը և կից փաստաթղթերը, ինչի արդյունքում կասկածներ են առաջացել հայտին կից ներկայացված անշարժ գույքի վարձակալության իրավունքի վկայականի պատճենում առկա տվյալների իսկության հետ։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև նույն օրենքի 15-րդ հոդվածի հիման վրա ՀՀ առողջապահության նախարարությունը հարցում է կատարել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արաբկիրի տարածքային ստորաբաժանմանը՝ ներկայացված անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականի իսկությունը պարզելու նպատակով։
Հարցմանն ի պատասխան ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման 07.06.2011 թ. թիվ Յ/Հ Ել-2053ա գրությամբ (ՀՀ առողջապահության նախարարության կողմից ստացվել է 2011 թ. օգոստոսի 30-ին) տրամադրվել է Կոմիտասի 51 շենքի թիվ 61 հասցեի վարձակալ ա/ձ Արթուր Գազազյանի վարձակալության վկայականի (թիվ 0102773) լուսապատճենը։
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման թիվ Յ/Հ Ել-2053ա գրությանը կից ներկայացրած և անհատ ձեռնարկատեր Արթուր Գազազյանի կողմից լիցենզավորման ժամանակ ներկայացված վարձակալության վկայականի պատճենների համեմատության արդյունքում պարզվել է, որ լիցենզավորման ժամանակ հայտին կից ներկայացված վարձակալության վկայականի պատճենում կատարված են փոփոխություններ և այն չի համապատասխանում կադաստրային գործում պահվող օրինակին։
Մասնավորապես ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման կողմից ներկայացված վարձակալության վկայականի (թիվ 0102773) պատճենից ակնհայտ է, որ դեղատնային կրպակի տարածքում բացակայում է սանհանգույցը։
Միևնույն ժամանակ հայտատուն նույն կեղծ տեղեկությունները ներկայացրել է նաև դեղատնային կրպակի տարածքների և տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության մասին տեղեկանքում՝ մասնավորապես, ներկայացնելով սանհանգույցը 3.0 քմ։
Փաստորեն, անհատ ձեռնարկատեր Արթուր Գազազյանի կողմից հայտ ներկայացնելիս չեն պահպանվել ՀՀ կառավարության 2002 թ. հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, բժշկական միջին մասնագիտական ու բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեության իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» թիվ 867 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգով» սահմանված լիցենզավորման պարտադիր պայմանները ու պահանջները։
Մասնավորապես, դեղատնային կրպակի սանհանգույցը բացակայում է, իսկ ՀՀ կառավարության վերը նշված որոշմամբ հաստատված նշված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերությամբ պարտադիր է 2 քառ. մետր մակերեսով սանհանգույցի առկայությունը։
ՀՀ կառավարության 2002 թ. հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, բժշկական միջին մասնագիտական ու բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեության իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» թիվ 867 որոշմամբ դեղատնային կրպակի սանհանգույցի առկայությունը լիցենզիա ստանալու համար հանդիսանում է պարտադիր պայման, և դրա չպահպանման դեպքում լիցենզիայի տրամադրումը մերժվում է, քանի որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի և ՀՀ օրենսդրության պահանջներին։
Այսպիսով, անհատ ձեռնարկատեր Արթուր Գազազյանը չի ապահովել օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջները և պայմանները և լիցենզիա ստանալու համար 2004 թ. նոյեմբերի 25-ին ՀՀ առողջապահության նախարարություն է ներկայացրել լիցենզիա ստանալու մասին հայտ, որում /կից փաստաթղթերում/ ներկայացրել է ակնհայտ կեղծ և խեղաթյուրված տեղեկություններ, ինչի արդյունքում 2004թ. փետրվարի 17-ին ստացել է դեղատնային գործունեության թիվ Ա-XX-000146 լիցենզիան։
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 5-րդ մասի, ՀՀ կառավարության 2001 թ. սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 895 որոշման 1-ին կետի «գ» ենթակետի վկայակոչմամբ հայցվորի ներկայացուցիչը խնդրել է ուժը կորցրած ճանաչելով դադարեցնել անհատ ձեռնարկատեր Արթուր Գազազյանին 2004 թ. փետրվարի 17-ին տրված դեղատնային գործունեության թիվ Ա-XX-000146 լիցենզիայի գործողությունը, ինչը պնդեց նաև դատաքննության ընթացքում։
Պատասխանողի ներկայացրած փաստերը, հիմնավորումները.
Հայցի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ ինքը՝ որպես դեղատնային գործունեություն իրականացնող, չի պահպանել «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, բժշկական միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2002 թ. հունիսի 29-ի թիվ 867 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգ»-ով սահմանված պահանջները, մասնավորապես, նշելով, որ «դեղատնային կրպակի տարածքում բացակայում է սանհանգույցը», այն դեպքում, որ կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերության համաձայն դեղատնային կրպակի տարածքում սանհանգույցի առկայությունը պարտադիր է։
Նախ և առաջ, պետք է նշել, որ դեղատնային կրպակի տարածքում սանհանգույցի բացակայության մասին հայցվորի փաստարկն անհիմն է, որովհետև փաստացի սանհանգույցն առկա է և անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականի հատակագծում այն համապատասխանում է «6» թվով համարակալված տարածքին։ Այլ հարց է, որ սանհանգույցը արտացոլված չէ հատակագծում որպես վարձակալած տարածք։ Սանհանգույցի բացակայության մասին հայցվորի եզրակացությունն ամբողջությամբ հիմնված է անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականի (դրա լուսապատճենի) ուսումնասիրության վրա, որն, իր կարծիքով, իրականությանը չի համապատասխանում։ Քանի որ դեղատնային կրպակի տարածքում սանհանգույցի առկայության, դրա չափերի և անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականում դրա՝ որպես վարձակալած տարածք արտացոլված լինելու փաստերն ունեն էական և վճռորոշ նշանակություն սույն գործի քննության և լուծման համար, անհրաժեշտություն է առաջանում ճշգրտելու նշված հանգամանքները ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ որպես անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնի հետ։
Դեղատնային կրպակի տարածքում սանհանգույցի առկայության հանգամանքը ստուգվել է հայցվորի կողմից լիցենզիայի տրամադրման ժամանակ։ Հակառակ պարագայում՝ սանհանգույցի բացակայության դեպքում, լիցենզիա ստանալու մասին հայտը հայցվորի կողմից կմերժվեր։
Ինքն առարկում է նաև հայցադիմումում նշված այն հայտարարության դեմ, համաձայն որի «հայտատուն նույն կեղծ տեղեկությունները ներկայացրել է նաև դեղատնային կրպակի տարածքների և տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության մասին տեղեկանքում՝ մասնավորապես, ներկայացնելով սանհանգույցը 3.0 քմ», որովհետև ինքը ներկայացված տեղեկությունները կեղծելու, խեղաթյուրելու կամ այլ կերպ աղավաղելու դիտավորություն կամ նպատակ չի ունեցել։ Տեղեկանքում նշված տեղեկությունները դեղատնային գործունեության լիցենզիայի տրամադրման ժամանակ հայցվորի կողմից նույնպես ստուգվել են։
Վերոգրյալ հիմնավորումներով պատասխանողը խնդրել է ՀՀ առողջապահության նախարարության հայցը մերժել, ինչը պնդեց նաև դատաքննության ժամանակ։
Դատաքննությամբ պարզված և հաստատված հանգամանքները.
● Անհատ ձեռնարկատեր Արթուր Գազազյանը դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա ստանալու համար 2004 թ. հունվարի 29-ին ՀՀ առողջապահության նախարարություն է ներկայացրել համապատասխան հայտ` մուտքի համարը 39, որին կից, ի թիվս այլ փաստաթղթերի, ներկայացվել է նաև անշաժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցման թիվ 0102773 վկայականի պատճենն ու տեղեկանք տարածքների և հագեցվածության մասին.
● 2004 թ. փետրվարի 17-ին անհատ ձեռնարկատեր Արթուր Գազազյանը ՀՀ առողջապահության նախարարությունից ստացել է դեղատնային գործունեության թիվ Ա-XX-000146 լիցենզիան։
Առաջնորդվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածում ամրագրված` գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքով, լսելով դատավարության մասնակիցների բացատրությունները, հետազոտելով գործում առկա գրավոր ապացույցները, և դրանցից յուրաքանչյուրը գնահատելով բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, դատարանը եզրակացրեց, որ հայցվորի պահանջը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ։
Սույն վեճի լուծման համար նշանակություն ունեցող պարզման ենթակա հարցերը,
ՀՀ վարչական դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
ՀՀ կառավարության 2002 թ. հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, բժշկական միջին մասնագիտական ու բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» թիվ 867 որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգը», որով սահմանվել է լիցենզավորման պարտադիր պահանջները և պայմանները, որի 24-րդ կետով սահմանված են Հայաստանի Հանրապետությունում դեղատների և դեղատնային կրպակների տարածքների թույլատրելի նվազագույն չափերը։ Համաձայն նշված կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերության դեղատնային կրպակի համար պարտադիր է 2 քառ. մետր մակերեսով լվացարանով սանհանգույցի առկայությունը։
Լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտին կից անհատ ձեռնարկատեր Արթուր Գազազյանը ՀՀ առողջապահության նախարարությանն է ներկայացրել նաև անշաժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցման թիվ 0102773 վկայականի պատճենը, որում կատարված գրառումների համաձայն վարձակալության առարկան է հանդիսացել Արաբկիր համայնքի Կոմիտասի պողոտայի թիվ 51 տարածքի 173,0 քմ ընդհանուր մակերեսից ըստ գծագրի թիվ 9 և 10 սենյակները, որի չափը (մակերեսը) նշված է եղել 45,2։
Անհատ ձեռնարկատեր Արթուր Գազազյանի կողմից ՀՀ առողջապահության նախարարություն ներկայացրած անշաժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցման թիվ 0102773 վկայականի հատակագիծը բաժնում վարձակալած թիվ 9 սենյակում արտացոլված է 3,0 քմ մակերեսով սանհանգույց։
Դատարանի պահանջով ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի կողմից դատարան է ուղարկվել անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցման թիվ 0102773 վկայականի բնօրինակը, որում պարունակվող տեղեկությունները էականորեն տարբերվում են անհատ ձեռնարկատեր Արթուր Գազազյանի կողմից ՀՀ առողջապահության նախարարություն ներկայացրած նույն համարի վկայականի պատճենում ներառված տեղեկություններից։
Այսպես. թիվ 0102773 վկայականի բնօրինակի համաձայն վարձակալության առարկան է հանդիսանում Արաբկիրի համայնքի Կոմիտասի պողոտայի թիվ 51 տարածքի 173,0 քմ ընդհանուր մակերեսից ըստ գծագրի թիվ 9 և 10 սենյակները, որի չափը (մակերեսը) նշված է 34,6, իսկ հատակագիծը բաժնում վարձակալած թիվ 9 սենյակում 3,0 քմ մակերեսով սանհանգույց արտացոլված չէ։
Բացի վերոգրյալից, անհատ ձեռնարկատեր Արթուր Գազազյանը լիցենզիա ստանալու հայտին կից ներկայացրել է նաև տարածքների և հագեցվածության մասին տեղեկանք, որում տեղեկություններ է ներառել այն մասին, որ տարածքում կա 3,0քմ մակերեսով սանհանգույց, լվացարան, մշտական հոսող ջուր։
Վարձակալության իրավունքի պետական գրանցման թիվ 0102773 վկայականի բնօրինակի և անհատ ձեռնարկատեր Արթուր Գազազյանի կողմից ՀՀ առողջապահության նախարարություն ներկայացրած նույն համարի վկայականի պատճենի, տարածքների և հագեցվածության մասին տեղեկանքի համադրումից հաստատվում է հայցվորի պնդումն այն մասին, որ անհատ ձեռնարկատեր Արթուր Գազազյանը չի ապահովել օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներն ու պայմանները և լիցենզիա ստանալու համար 2004թ. նոյեմբերի 25-ին լիցենզիա ստանալու մասին հայտին կից ներկայացված փաստաթղթերի միջոցով ՀՀ առողջապահության նախարարությանն է ներկայացրել ակնհայտ կեղծ և խեղաթյուրված տեղեկություններ։
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված, ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին։
Սույն գործում առկա գրավոր ապացույցների հիման վրա դատարանը հաստատված է համարում, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2004 թ. փետրվարի 17-ին անհատ ձեռնարկատեր Արթուր Գազազյանին դեղատնային գործունեության թիվ Ա-XX-000146 լիցենզիան տրամադրելիս առկա են եղել վերը նշված հոդվածով նախատեսված լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու հիմքեր, այն է` վարձակալության իրավունքի պետական գրանցման թիվ 0102773 վկայականի պատճենը ակնհայտ խեղաթյուրված է եղել, ուստի այն չի համապատասխանել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, ինչի արդյունքում անհատ ձեռնարկատեր Արթուր Գազազյանին տրամադրվել է ոչ իրավաչափ իրավունք։
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել` լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում։
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է դատական կարգով` լիցենզավորող մարմնի դիմումի համաձայն։
ՀՀ կառավարության 2001 թ. սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 895 որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` դեղատնային գործունեության լիցենզավորող մարմին է հանդիսանում ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այսպիսով դատարանը հանգում է այն եզրակացության, որ առկա է 17.02.2004 թ. ՀՀ առողջապահության նախարարության կողմից անհատ ձեռնարկատեր Արթուր Գազազյանին տրամադրված դեղատնային գործունեության թիվ Ա-XX-000146 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված իրավական հիմք, ուստի հայցվորի պահանջը ենթակա է բավարարման։
Դատական ծախսերը.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով քննարկելով դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման հարցը` ՀՀ վարչական դատարանը եզրակացրեց, որ Արթուր Գազազյանից հօգուտ հայցվորի ենթակա է բռնագանձման 4.000 դրամ, որպես վերջինիս կողմից կրած դատական ծախսի փոխհատուցում, քանի որ այդ ծախսն անհրաժեշտ է եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ, 112-115-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով, ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ կետով, դատարանը
ՎՃՌԵՑ
ՀՀ առողջապահության նախարարության հայցը բավարարել` 2004թ. փետրվարի 17-ին Արթուր Գազազյանին տրված դեղատնային գործունեության թիվ Ա-XX-000146 լիցենզիայի գործողությունը դադարեցնել լիցենզիան ուժը կորցրած ճանաչելով։
Արթուր Գազազյանից հօգուտ հայցվորի բռնագանձել 4.000 դրամ, որպես վերջինիս կողմից կրած դատական ծախսերի փոխհատուցում։
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել վերաքննության կարգով՝ ՀՀ վարչական վերաքննիչ դատարան։
Օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամովին չկատարելու դեպքում վճիռը կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին։
Նախագահող դատավոր |
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ |
_______________________________________-ին վճիռը մտել է օրինական ուժի մեջ։
Նախագահող դատավոր |
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի վճիռ Նախագահող դատավոր` Ռ. Հակոբյան |
Վարչական գործ թիվ ՎԴ/4857/05/11 |
21 փետրվարի 2013 թվական |
ք. Երևան |
Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող դատավոր դատավոր դատավոր Աշոտ Սարգսյան, Հովսեփ Բեդևյան, Արա Բաբայան,
մասնակցությամբ` պատասխանող Արթուր Գազազյանի
դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի ՀՀ առողջապահության նախարարության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արթուր Գազազյանի` 17.02.2004 թվականին ստացած դեղատնային գործունեության թիվ Ա-XX-000146 լիցենզիայի գործողությունը, լիցենզիան ուժը կորցրած ճանաչելով, դադարեցնելու պահանջի մասին, թիվ ՎԴ/4857/05/11 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 22.10.2012 թվականի վճռի դեմ անհատ ձեռնարկատեր Արթուր Գազազյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
ՀՀ առողջապահության նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան (այսուհետ` Դատարան) ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արթուր Գազազյանի` 17.02.2004 թվականին ստացած դեղատնային գործունեության թիվ Ա-XX-000146 լիցենզիայի գործողությունը, լիցենզիան ուժը կորցրած ճանաչելով, դադարեցնելու պահանջի մասին։
Դատարանի 22.10.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է։
Նշված վճռի դեմ անհատ ձեռնարկատեր Արթուր Գազազյանը բերել է վերաքննիչ բողոք։
Վերաքննիչ դատարանի 29.11.2012 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ։
Վերաքննիչ բողոքի պատասխան է ներկայացրել Նախարարությունը։
2. Վերաքննիչ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վերաքննիչ բողոքը քննվում է հետևյալ պահանջի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ, 22-րդ, 24-րդ և 49-րդ հոդվածների պահանջները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջը։
Գործի լուծման համար անհրաժեշտ հանգամանքների մասին Դատարանի եզրահանգումը պետք է բխի Դատարանի կողմից հետազոտված ապացույցներից։ Ապացույցները ճիշտ գնահատելու համար Դատարանը տվյալ գործով ձեռք բերված յուրաքանչյուր ապացույց պետք է հետազոտի բազմակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվ։ Դա էական երաշխիք է ճշմարտությունը բացահայտելու և արդարադատության խնդիրների իրականացման համար։
Դատարանի գործողությունները սուբյեկտիվ են, խախտվել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի պահանջները։
Այսպես, 29.01.2004 թվականին անհատ ձեռնարկատեր Արթուր Գազազյանը հայտ է ներկայացրել Նախարարություն և պահանջվող փաստաթղթերը պատշաճ կերպով ներկայացրել է համապատասխան հայտի հետ միասին։ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված։ Նման պարագայում հարց է առաջանում, թե Դատարանն ինչու հետամուտ չի լինում պարզաբանելու այն հանգամանքը, որ հայտատուն, ինչպես հայցվորն է պնդում, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված փաստաթուղթ ներկայացնելով, պետք է մերժվեր հենց հայտ ներկայացնելուց` 2004 թվականին։
Ավելին, Դատարանի կողմից որևէ անդրադարձ չի կատարվում պատասխանողի կողմից արված այն հայտարարությանը, որ լիցենզավորող մարմնի կողմից մինչև լիցենզիայի տրամադրելը կատարվել է տեղազննություն, իսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը։ Այդուհանդերձ, պատասխանողին 17.02.2004 թվականին տրամադրվել է լիցենզիա։
Դատարանի պահանջով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ուղարկվել է գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցման թիվ 0102773 վկայականի բնօրինակը, այնինչ անհրաժեշտ էր պահանջել տրամադրել Երևանի Կոմիտասի պողոտայի 51-րդ շենքի թիվ 61 տարածքի ողջ կադաստրային գործը։ Նշված հանգամանքը գործի քննության համար էական նշանակություն ունի այնքանով, որ պատասխանողը հանդիսանում է վարձակալ, և 2003 թվականից մինչև այսօր տարբեր հանգամանքների բերումով սեփականատերի և պատասխանողի միջև փոփոխվել է վարձակալության պայմանագիրը։ Հետևաբար այդ պայմանագրից ծագած իրավունքները, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 611-րդ հոդվածի, ենթակա են գրանցման անշարժ գույքի պետական կադաստրի համապատասխան ստորաբաժանումում, ինչը և իրականացվել է պատասխանողի կողմից։
Վարձակալության պայմանագրի 2.4.1-րդ կետի համաձայն` վարձակալը պարտավոր է ժամանակին մուծել գույքն օգտագործելու համար նախատեսված վարձավճարները, էլեկտրաէներգիայի, ջրի, հեռախոսի միջքաղաքային վարձերը, որպիսի պարտավորությունից ակնհայտ է դառնում նշված տարածքում հոսող ջրի և սանհանգույցի առկայությունը։
Դատարանը ներքին համոզմունք ձևավորելու նպատակով կարող էր, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկել ողջամիտ միջոցներ, այն է` նշանակել տեղազննություն, ինչի արդյունքում ապացուցված կհամարվեր այն հանգամանքը, որ պատասխանողի կողմից վարձակալված և դեղատնային կրպակի գործունեություն ծավալած Երևանի Կոմիտասի պողոտայի 51-րդ շենքի թիվ 61 տարածքում առկա է սանհանգույց։
Դատարանը որևէ կերպ չի անդրադառնում պատասխանողի կողմից թե՛ հայցադիմումի պատասխանում ներկայացված և թե՛ հետագայում բանավոր հայտնած այն դիրքորոշմանը, որ այլ հարց է, որ սանհանգույցն արտացոլված չէ հատակագծում` որպես վարձակալած տարածք, և որ պատրաստ է ժամանակ տրամադրելու դեպքում տեխնիկական սխալները շտկել։
ՀՀ կառավարության 29.06.2002 թվականի թիվ 867 որոշմամբ հաստատված կարգով սահմանվել են լիցենզավորման պարտադիր պահանջները և պայմանները, որպիսի կարգի 24-րդ կետով սահմանված են դեղատների և դեղատնային կրպակների տարածքների թույլատրելի նվազագույն չափերը։ Դատարանը, անդրադառնալով այս հանգամանքին, նշում է, որ նշված կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերությամբ դեղատնային կրպակի համար պարտադիր է 2 քմ մակերեսով լվացարանով սանհանգույցի առկայությունը։ Դատարանն ուղղակի անդրադարձ չի կատարում գործի համար էական նշանակություն ունեցող շատ կարևոր գործոն հանդիսացող նույն կարգի 26-րդ կետին, որտեղ հստակ նշվում է, որ սույն կարգով նախատեսված դեղատների կամ դեղատնային կրպակների համար հատկացված տարածքները պետք է տեղակայված լինեն միևնույն շինության կամ շենքի տարածքում և ունենան գործառնական կապ։ Սույն պահանջը չի տարածվում այն գյուղական համայնքների դեղատների կամ դեղատնային կրպակների վրա, որոնք միացված չեն ջրահեռացման կենտրոնական համակարգին։ Վերոգրյալն ապացուցում է, որ պատասխանողը կարիք չուներ խեղաթյուրելու փաստաթուղթը, քանի որ դեղատնային կրպակի գործունեության համար պահանջվող նվազագույն մակերեսն ընդհանուր 28 քմ է, իսկ պատասխանողի վարձակալած տարածքը, վկայականի հիման վրա, այդ չափից ավելի է, առկա է նաև մյուս պայմանը, այն է` դեղատների կամ դեղատնային կրպակների համար հատկացված տարածքները պետք է տեղակայված լինեն միևնույն շինության կամ շենքի տարածքում և ունենան գործառնական կապ։
Նշված փաստերի և ապացույցների չպարզաբանված և չպատճառաբանված լինելու պարագայում անհասկանալի է դառնում, թե Դատարանն ինչ ներքին համոզմամբ է կայացրել վճիռը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ, 22-րդ, 24-րդ, 43-րդ, 49-րդ և 117.1-117.4-րդ հոդվածներով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատություների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներով` բողոքաբերը խնդրել է Դատարանի 22.10.2012 թվականի վճիռը բեկանել և փոփոխել` հայցը մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության։
2.1. Վերաքննիչ բողոքի պատասխանի իրավական դիրքորոշումը և դրա հիմնավորումները.
Վերաքննիչ բողոքի դեմ Նախարարությունն առարկել է հետևյալ պատճառաբանություններով.
Պատասխանողի այն պնդումը, որ Դատարանի կողմից խախտվել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ, 22-րդ, 24-րդ և 49-րդ հոդվածներով սահմանված պահանջները, ամբողջովին անհիմն է, քանի որ Դատարանն ապահովել է, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, այդ թվում՝ յուրաքանչյուր կողմին ընձեռել է քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն։
Բացի այդ, Դատարանը, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով և չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկել է ողջամիտ միջոցներ, մասնավորապես` պահանջել է վարչական վարույթի նյութեր, տեղեկություններ, ապացույցներ, ինչպես նաև ստացել հայտատուի կողմից ներկայացված անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման թիվ 0102773 վկայականի բնօրինակը, որով ևս հավաստվում է պատասխանողի կողմից լիցենզավորման ժամանակ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն ներկայացնելու հանգամանքը։
Ինչ վերաբերում է պատասխանողի այն դիրքորոշմանը, որ Դատարանի կողմից պետք է նշանակվեր տեղազննություն, ինչպես նաև այն, որ ինքը տեխնիկական սխալները պատրաստ է ուղղելու (ընդ որում, պատասխանողն ինքն ընդունում է, որ սանհանգույցն արտացոլված չի եղել հատակագծում), ապա ՀՀ կառավարության 29.06.2002 թվականի թիվ 867 որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի համաձայն` նվազագույն թույլատրելի չափաքանակով սանհանգույցի` լվացարանով առկայությունը հանդիսանում է լիցենզիա ստանալու համար պարտադիր պայման, իսկ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել` լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում։
Այսինքն՝ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի վկայակոչված հոդվածը լիցենզիայի գործողությունը դադարեցնելու հիմք է դիտարկում լիցենզիա ստանալու ժամանակ ներկայացված փաստաթղթերում կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելը՝ չկարևորելով հետագայում օրենքի պահանջներին լիցենզավորման կարգով սահմանված պայմանները համապատասխանեցնելու հանգամանքը։
ՀՀ կառավարության 29.06.2002 թվականի թիվ 867 որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետի համաձայն` սույն կարգով նախատեսված դեղատների կամ դեղատնային կրպակների համար հատկացված տարածքները պետք է տեղակայված լինեն միևնույն շինության կամ շենքի տարածքում և ունենան գործառնական կապ։ Սույն պահանջը չի տարածվում այն գյուղական համայնքների դեղատների կամ դեղատնային կրպակների վրա, որոնք միացված չեն ջրահեռացման կենտրոնական համակարգին։
Նշված դրույթի վերլուծությունից պատասխանողը հանգել է այն եզրակացության, որ ինքը կարիք չուներ խեղաթյուրել համապատասխան փաստաթուղթը, քանի որ դեղատնային կրպակի նվազագույն մակերեսը (28 քմ) ապահովված է եղել։
ՀՀ կառավարության վկայակոչված որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետով լրացուցիչ պահանջ է առաջադրվում` դեղատնային կրպակների համար հատկացված տարածքների շինության կամ շենքի տարածքում տեղակայված լինելու, ինչպես նաև գործառնական կապ ունենալու առումով, իսկ փաստաթղթերի խեղաթյուրման հետ կապված որևէ դրույթ կամ կարգավորում այն չի նախատեսում։
Ինչ վերաբերում է դեղատնային կրպակի տարածքների թույլատրելի նվազագույն չափաքանակի հետ կապված պատասխանողի արտահայտած դիրքորոշմանը, ապա ՀՀ կառավարության նշված որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` դեղատնային կրպակի բոլոր տարածքներին (առևտրի սրահ, սպասասրահ՝ 18 քմ, գրասենյակ, հանգստի սենյակ` 8 քմ, սանհագույց` լվացարանով` 2 քմ) առանձին-առանձին առաջադրվում է նվազագույն չափ (մակերես) ունենալու պահանջ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջով` Նախարարությունը խնդրել է մերժել անհատ ձեռնարկատեր Արթուր Գազազյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ։
3. Վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Անհատ ձեռնարկատեր Արթուր Գազազյանը 29.01.2004 թվականին դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա ստանալու համար Նախարարություն է ներկայացրել համապատասխան հայտ (մուտքի համար` 39)` կից փաստաթղթերով։
2) Անհատ ձեռնարկատեր Արթուր Գազազյանի կողմից դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտին կից Նախարարություն է ներկայացվել նաև անշաժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցման թիվ 0102773 վկայականի պատճենը, որում կատարված գրառումների համաձայն` վարձակալության առարկան են հանդիսացել Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 51 տարածքի 173 քմ ընդհանուր մակերեսից ըստ գծագրի` թիվ 9 և թիվ 10 սենյակները, որոնց չափը (մակերեսը) նշված է եղել` 45.2։ Նշված վկայականի հատակագիծը բաժնում վարձակալված թիվ 9 սենյակում արտացոլված է 3 քմ մակերեսով սանհանգույց։
3) Անհատ ձեռնարկատեր Արթուր Գազազյանը 17.02.2004 թվականին Նախարարությունից ստացել է դեղատնային գործունեության թիվ Ա-XX-000146 լիցենզիան։
4) Դատարանի պահանջով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից Դատարան է ուղարկվել անշաժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցման թիվ 0102773 վկայականի բնօրինակը, որի համաձայն` վարձակալության առարկան են հանդիսանում Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 51 տարածքի 173 քմ ընդհանուր մակերեսից ըստ գծագրի` թիվ 9 և թիվ 10 սենյակները, որոնց չափը (մակերեսը) նշված է` 34.6, իսկ հատակագիծը բաժնում վարձակալված թիվ 9 սենյակում 3 քմ մակերեսով սանհանգույց արտացոլված չէ։
4. Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումները.
Քննելով վերաքննիչ բողոքը նշված պահանջի սահմաններում` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման ժամանակ լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել իրավական ակտերով, այդ թվում՝ նաև լիցենզավորման կարգերով … տվյալ գործունեության իրականացման համար նախատեսված պարտադիր պահանջները կամ պայմանները։
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել` լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում։
ՀՀ կառավարության 29.06.2002 թվականի թիվ 867 որոշմամբ հաստատված (Հավելված թիվ 3) «Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման» կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` …Դեղատան և դեղատնային կրպակի տարածքների թույլատրելի նվազագույն չափերն են` դեղատնային կրպակ`
ա. առևտրի սրահ, սպասասրահ` 18 քառ. մետր,
բ. գրասենյակ, հանգստի սենյակ` 8 քառ. մետր,
գ. սանհանգույց` լվացարանով` 2 քառ. մետր։
Վերոգրյալ նորմերից հետևում է, որ լիցենզավորված անձը լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ պարտավոր է պահպանել նաև այդ գործունեության իրականացման համար լիցենզավորման կարգով սահմանված պարտադիր պահանջները և պայմանները։ Այսպես, դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգով հստակ սահմանված են դեղատնային կրպակի տարածքների թույլատրելի նվազագույն չափերը, որպիսի տարածքների մեջ է մտնում նաև սանհանգույցը` լվացարանով` 2 քմ մակերեսից ոչ պակաս չափով։ Միաժամանակ, լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվության հայտնաբերումը հիմք է հանդիսանում այդ լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստերը վարչական դատարանը պարզում է ի պաշտոնե («ex օfficiօ»)։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը սույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ապացույցներ են վկայի ցուցմունքը, փորձագետի ցուցմունքը, գրավոր ապացույցները և իրեղեն ապացույցները։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող իրավական ակտերը, տեղեկանքները, գործարար և մասնավոր թղթակցությունը և այլ գրավոր նյութեր (փաստաթղթեր)։ Գրավոր ապացույցներ են համարվում նաև էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով ստացված նյութերը, եթե առկա է հաղորդակցության իսկությունն ապացուցելու հնարավորություն։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գրավոր ապացույցները ներկայացվում են բնօրինակով կամ պատճենի ձևով։ Դատարանը, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ, կարող է պատճենի ձևով գրավոր ապացույց ներկայացրած գործին մասնակցող անձից պահանջել ներկայացնելու պատշաճ վավերացված պատճենը …։
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` փաստաթղթերի բնօրինակները պարտադիր ներկայացվում են այն դեպքում, երբ համապատասխան փաստերը, օրենքներին կամ նորմատիվ իրավական այլ ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն բնօրինակով …։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 45-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր փաստաթղթի իսկության վերաբերյալ վեճ լինելու դեպքում ապացույց ներկայացնողը պետք է ապացուցի դրա իսկական լինելը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի …։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` փաստաթղթի իսկությունը կարող է ստուգվել նաև դատարանի նախաձեռնությամբ։
Վերոգրյալ նորմերից հետևում է, որ Դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով, իսկ դրանց հաստատված լինելու հարցը որոշում է` անմիջականորեն գնահատելով գործում եղած ապացույցները` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Միաժամանակ, ապացույցներ են հանդիսանում նաև գրավոր ապացույցները, որոնք են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող իրավական ակտերը, տեղեկանքները, գործարար և մասնավոր թղթակցությունը և այլ գրավոր նյութերը (փաստաթղթերը), որպիսի ապացույցները պետք է ներկայացվեն բնօրինակով կամ պատճենի ձևով, իսկ գրավոր փաստաթղթի իսկության վերաբերյալ վեճ լինելու դեպքում ապացույց ներկայացնողը պարտավոր է ապացուցել դրա իսկական լինելը։ Ավելին, այդ փաստաթղթի իսկությունը կարող է ստուգվել նաև Դատարանի նախաձեռնությամբ` ի պաշտոնե։
Սույն գործի փաստերի համաձայն` անհատ ձեռնարկատեր Արթուր Գազազյանը 29.01.2004 թվականին դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա ստանալու համար Նախարարություն է ներկայացրել հայտ` կից փաստաթղթերով, այդ թվում նաև` անշաժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցման թիվ 0102773 վկայականի պատճենը, որում կատարված գրառումներով հաստատվում է, որ վարձակալության առարկան են հանդիսացել Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 51 տարածքի 173 քմ ընդհանուր մակերեսից ըստ գծագրի` թիվ 9 և թիվ 10 սենյակները, որոնց չափը (մակերեսը) նշված է եղել` 45.2, իսկ նույն վկայականի հատակագծում վարձակալված թիվ 9 սենյակում արտացոլված է 3 քմ մակերեսով սանհանգույց։ Անհատ ձեռնարկատեր Արթուր Գազազյանը 17.02.2004 թվականին Նախարարությունից ստացել է դեղատնային գործունեության թիվ Ա-XX-000146 լիցենզիան։ Դատարանի պահանջով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից Դատարան է ուղարկվել անշաժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցման թիվ 0102773 վկայականի բնօրինակը, որով հաստատվում է, որ վարձակալության առարկան են հանդիսանում Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 51 տարածքի 173 քմ ընդհանուր մակերեսից ըստ գծագրի` թիվ 9 և թիվ 10 սենյակները, որոնց չափը (մակերեսը) նշված է` 34.6, իսկ նույն վկայականի հատակագծում վարձակալված թիվ 9 սենյակում 3 քմ մակերեսով սանհանգույց արտացոլված չէ։
Տվյալ դեպքում Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ վարձակալության իրավունքի պետական գրանցման թիվ 0102773 վկայականի բնօրինակի և անհատ ձեռնարկատեր Արթուր Գազազյանի կողմից Նախարարություն ներկայացված նույն համարի վկայականի պատճենի, տարածքների և հագեցվածության մասին տեղեկանքի համադրումից հաստատվում է հայցվորի պնդումն այն մասին, որ պատասխանողը չի ապահովել օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներն ու պայմանները և լիցենզիա ստանալու համար լիցենզիա ստանալու մասին հայտին կից ներկայացված փաստաթղթերի միջոցով Նախարարությանն է ներկայացրել ակնհայտ կեղծ և խեղաթյուրված տեղեկություններ։
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունն ամբողջությամբ հիմնավոր է, քանի որ սույն գործում առկա ապացույցներով, մասնավորապես` Դատարանի պահանջով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ներկայացված անշաժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցման թիվ 0102773 վկայականով (բնօրինակով), հաստատվում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստական հանգամանքը, որ վարձակալության առարկա հանդիսացող Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 51 տարածքի ըստ գծագրի` թիվ 9 սենյակում 3 քմ մակերեսով սանհանգույց արտացոլված չէ։ Մինչդեռ, անհատ ձեռնարկատեր Արթուր Գազազյանի կողմից դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտին կից Նախարարություն ներկայացված անշաժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցման նույն համարի վկայականի պատճենում վարձակալված նույն թիվ 9 սենյակում արտացոլված է նաև 3 քմ մակերեսով սանհանգույց։
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված իրավական հիմք` անհատ ձեռնարկատեր Արթուր Գազազյանի կողմից 17.02.2004 թվականին Նախարարությունից ստացված դեղատնային գործունեության թիվ Ա-XX-000146 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար, քանի որ սույն գործով հաստատվում է այդ լիցենզիան ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն ներկայացնելու հանգամանքը։
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ անհիմն է համարում վերաքննիչ բողոքի հիմնավորումն այն մասին, որ Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ, 22-րդ, 24-րդ և 49-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները։
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը եզրակացնում է, որ վերաքննիչ բողոքն անհիմն է և այն չի կարող հիմք հանդիսանալ Դատարանի վճիռը բեկանելու համար։
Անդրադառնալով սույն գործով առաջացած դատական ծախսերի բաշխման հարցին և հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը մերժվելու պայմաններում այդ հարցը պետք է համարել լուծված։
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ, 117.13-րդ և 117.14-րդ հոդվածներով, 117.16-րդ հոդվածի 1-ին մասով և 118.3-րդ հոդվածի 1-ին մասով` Վերաքննիչ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վերաքննիչ բողոքը մերժել և Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 22.10.2012 թվականի վճիռը թողնել անփոփոխ։
2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան։
Նախագահող դատավոր Ա. Սարգսյան |
Դատավոր Հ. Բեդևյան |
Դատավոր Ա. Բաբայան |
