«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 ապրիլի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 05009174
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
7 ապրիլի 2009 թ. |
թիվ 83-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
««ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 5/06»-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 135-րդ հոդվածը, 136-րդ հոդվածի 2-րդ մասը, 207-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել ««Կարգավորվող շուկայի օպերատորի կողմից իր ինտերնետային կայքում հրապարակվող տեղեկությունների ծավալը և հրապարակման կարգը» կանոնակարգ 5/06»-ը` համաձայն հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2009 թ. ապրիլի 10 ք. Երևան |
Հավելված ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի ապրիլի 7-ի թիվ 83-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ 5/06
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄ
ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Գ Լ ՈՒ Խ 1
ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.
1) «Առավելագույն գին». արժեթղթով կնքված գործարքների արդյունքում տվյալ արժեթղթի միավորի առավելագույն գինը պահանջվող ժամանակահատվածի համար,
2) «Առևտրային նստաշրջան». առևտրային օրվա այն ժամանակահատվածը, որի ընթացքում շուկայի կանոններով սահմանված կարգով իրականացվում է առևտուր շուկայում,
3) «Առևտրային օր». աշխատանքային օր, որի ընթացքում շուկայում իրականացվում է առևտուր,
4) «Բացման գին». առևտրային նստաշրջանի ընթացքում տվյալ արժեթղթով առաջին գործարքի արդյունքում տվյալ արժեթղթի միավորի գինը,
5) «Եկամտաբերություն». արժեթղթի ընթացիկ շուկայական գնի նկատմամբ եկամտաբերություն,
6) «Միջին կշռված գին». շուկայի կանոններով կամ սույն կանոնակարգի 12-րդ կետում սահմանված կարգով հաշվարկվող` արժեթղթերի միջին կշռված գինը,
7) «Նվազագույն գին». արժեթղթով կնքված գործարքների արդյունքում տվյալ արժեթղթի միավորի նվազագույն գինը պահանջվող ժամանակահատվածի համար,
8) «Շրջանառություն». արժեթղթով կնքված գործարքների ծավալը (ՀՀ դրամով, ցանկության դեպքում` նաև արտարժույթով) պահանջվող ժամանակահատվածի համար,
9) «Փակման գին». առևտրային նստաշրջանի ընթացքում տվյալ արժեթղթով կնքված վերջին գործարքի արդյունքում տվյալ արժեթղթի միավորի գինը,
10) «Օրենք». «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք:
2. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն Օրենքում կիրառվող նշանակությունը:
Գ Լ ՈՒ Խ 2
ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
3. Օպերատորի կողմից կայքում հրապարակվում են Օրենքով, սույն կանոնակարգով, շուկայի կանոններով և (կամ) այլ իրավական ակտերով սահմանված տեղեկությունները:
4. Սույն կանոնակարգը սահմանում է կարգավորվող շուկայի օպերատորի (այսուհետ` օպերատոր) կողմից իր պաշտոնական ինտերնետային կայքում (այսուհետ` կայք) հանրության համար հրապարակվող տեղեկությունների նվազագույն ծավալը և հրապարակման կարգը:
5. Օպերատորի կողմից հրապարակվում են շուկայում առևտրին թույլատրված որևէ արժեթղթի առևտրի կասեցման, կասեցման դադարեցման մասին որոշումները` դրանց ընդունումից առավելագույնը 3 րոպեի ընթացքում:
6. Օպերատորի կողմից հրապարակվում են որևէ արժեթղթի` շուկայում առևտրին թույլտվության կամ թույլտվության դադարեցման մասին որոշումները` դրանց ընդունման օրվան հաջորդող առևտրային օրվա ավարտից ոչ ուշ:
7. Շուկայի կանոններով արժեթղթերի միջին կշռված գնի հաշվարկման բանաձև սահմանված չլինելու դեպքում` այն հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ԳՄԿ= |
n ∑ i=1 |
Գiգ * Գi / |
n ∑ i=1 |
Գi |
որտեղ`
ԳՄԿ-ն արժեթղթի միջին կշռված գինն է` հաշվարկված անհրաժեշտ առևտրային օրվա կամ ժամանակաշրջանի համար,
Գiգ-ն անհրաժեշտ առևտրային օրվա կամ ժամանակշրջանի ընթացքում արժեթղթով կնքված i-րդ գործարքի գումարն է,
Գi-ն արժեթղթով կնքված i-րդ գործարքի ծավալն է:
8. Օպերատորի կողմից իր ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ տրված աուդիտորական եզրակացությունը հրապարկվում են կայքում մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի մեկը:
9. Օպերատորի տարեկան ֆինանսական հաշվետվությունները, աուդիտորական եզրակացությունները պահպանվում են կայքում և հանրության համար հասանելի են լինում հրապարակումից հետո առնվազն 5 տարվա ընթացքում:
Գ Լ ՈՒ Խ 3
ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԹԱՑԻԿ ԱՌԵՎՏՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ
10. Օպերատորի կողմից առևտրային նստաշրջանի բացման պահից մինչև դրա ավարտը շարունակաբար հրապարակվում են շուկայի ընթացիկ առևտրի վերաբերյալ տեղեկություններ՝ ըստ յուրաքանչյուր կազմակերպվող շուկայի, ենթաշուկայի կամ հարթակի:
11. Ընթացիկ առևտրի վերաբերյալ տեղեկությունների կազմում առնվազն ներառվում են առևտրային նստաշրջանի ընթացքում արժեթղթերով կնքված գործարքների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները (ըստ կիրառելիության).
1) գործարքում ներառված արժեթղթերի թողարկողի անվանումը,
2) օպերատորի կողմից արժեթղթին շնորհված հապավումը և տարբերակիչ ծածկագիրը,
3) այն արժույթի ISO կոդը, որով տվյալ արժեթուղթը գնանշվում է կարգավորվող շուկայում,
4) յուրաքանչյուր արժեթղթի գինը, տարեկան եկամտաբերությունը գործարքի կնքման պահին,
5) կնքված նախորդ գործարքի նկատմամբ գնի, եկամտաբերության բացարձակ և տոկոսային փոփոխությունները,
6) տվյալ առևտրային նստաշրջանի ընթացքում արձանագրված նվազագույն և առավելագույն, բացման գները, տարեկան եկամտաբերությունները,
7) կնքված վերջին գործարքի գինը, տարեկան եկամտաբերությունը, գործարքի ծավալը, գործարքում ներառված արժեթղթերի քանակը, ծավալային արժեթղթերի դեպքում՝ ծավալը,
8) ստանդարտացված ածանցյալ գործիքներով գործարքների կնքման դեպքում՝ նաև գործարքների ժամկետները, տարեկան տոկոսադրույքները,
9) ռեպո գործարքների կնքման դեպքում՝ նաև ռեպո գործարքների ժամկետները, տարեկան ռեպո տոկոսադրույքները, արժեթղթերի վաճառքի և հետգնման գները,
10) նշում այն մասին, որ արժեթղթով գործարքը իրականացվել է տվյալ արժեթղթի ընթացիկ շուկայական գնից տարբեր գնով,
11) նշում այն մասին, որ գործարքը հասցեական է եղել,
12) տվյալ արժեթղթի շրջանառությունը` առևտրային նստաշրջանի բացման պահից մինչև հրապարակման պահի դրությամբ կնքված վերջին գործարքի կնքման պահն ընկած ժամանակահատվածի համար,
13) գործարքի կնքման և հրապարակվող տեղեկությունների վերջին թարմացման ամսաթվերը՝ հաջորդաբար նշելով վերջին թարմացման օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն, վայրկյանը:
12. Օպերատորի կողմից կայքում ընթացիկ առևտրի վերաբերյալ տեղեկությունները հրապարկվում են իրական ժամանակի ռեժիմից առավելագույնը 30 րոպե ուշացումով:
13. Յուրաքանչյուր առևտրային օրվա առևտրային նստաշրջանի ընթացքում սույն գլխով սահմանված և օպերատորի կողմից հրապարակված տեղեկությունները պահպանվում են կայքում և ապահովվում է տեղեկությունները պարունակող էջերի հասանելիությունը կայքում հանրության համար՝ մինչև տվյալ առևտրային նստաշրջանի ավարտը:
14. Կնքված գործարքների գների արտահայտումը տարբեր արժույթներով իրականացվում է համաձայն տվյալ օրվա համար Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող միջին փոխարժեքների ցանկի:
15. Օպերատորի կողմից արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման դեպքում արտարժույթի ընթացիկ առևտրի վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի օգոստոսի 30-ի թիվ 444-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզավորումը, կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 11-ի համապատասխան դրույթներով:
Գ Լ ՈՒ Խ 4
ԱՐԺԵԹՂԹԵՐՈՎ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ
16. Շուկայում առևտրին թույլատրված արժեթղթերով կնքված գործարքների վերաբերյալ օրական կտրվածքով` ըստ յուրաքանչյուր կազմակերպվող շուկայի, ենթաշուկայի կամ հարթակի պետք է հրապարակվեն առնվազն հետևյալ տեղեկությունները (ըստ կիրառելիության).
1) գործարքում ներառված արժեթղթերի թողարկողի անվանումը,
2) օպերատորի կողմից արժեթղթին շնորհված հապավումը և տարբերակիչ ծածկագիրը,
3) այն արժույթի ISO կոդը, որով տվյալ արժեթուղթը գնանշվում է կարգավորվող շուկայում,
4) առևտրային օրվա առևտրային նստաշրջանի բացման, փակման գները, տարեկան եկամտաբերությունները՝ ըստ յուրաքանչյուր արժեթղթի,
5) տվյալ առևտրային օրվա ընթացքում կնքված գործարքների նվազագույն, առավելագույն և միջին կշռված գները, տարեկան եկամտաբերությունները,
6) տվյալ առևտրային օրվա առևտրային նստաշրջանի ընթացքում կնքված ցանկացած տիպի գործարքների (բացառությամբ՝ օպցիոնների և վարրանտների կամ համանման ածանցյալ գործիքների իրականացումը) քանակը, յուրաքանչյուր գործարքում ներառված արժեթղթի քանակը (ծավալային արժեթղթերի դեպքում՝ արժեթղթերի ծավալը), կնքված գործարքների ծավալը (արտահայտված ՀՀ դրամով, ցանկության դեպքում` նաև արտարժույթով)` ըստ գործարքների առանձին տեսակների,
7) ստանդարտացված ածանցյալ գործիքներով գործարքների կնքման դեպքում՝ նաև գործարքների ժամկետները, տարեկան տոկոսադրույքները,
8) ռեպո գործարքների կնքման դեպքում՝ նաև ռեպո գործարքների ժամկետները, տարեկան ռեպո տոկոսադրույքները, արժեթղթերի վաճառքի և հետգնման գները,
9) նշում այն մասին, որ արժեթղթով գործարքը իրականացվել է տվյալ արժեթղթի ընթացիկ շուկայական գնից տարբեր գնով,
10) նշում այն մասին, որ գործարքը հասցեական է եղել,
11) հրապարակված և կայքում առկա տեղեկությունների ցանկացած լրացում կամ փոփոխություն:
17. Օպերատորի կողմից հրապարակվում են յուրաքանչյուր առևտրային օրվա ընթացքում 5 առավելագույն և 5 նվազագույն գներով կնքված արժեթղթերով գործարքներում ներառված արժեթղթերի, ինչպես նաև գնի կամ եկամտաբերության տեսանկյունից առավելագույն աճ և նվազում ունեցած արժեթղթերի ցանկը՝ համապատասխանաբար նշելով.
1) գործարքում ներառված արժեթղթերի թողարկողի անվանումը,
2) օպերատորի կողմից արժեթղթին շնորհված հապավումը և տարբերակիչ ծածկագիրը,
3) այն արժույթի ISO կոդը, որով տվյալ արժեթուղթը գնանշվում է շուկայում,
4) տվյալ առևտրային օրվա փակման, բացման, նվազագույն, առավելագույն գները կամ տարեկան եկամտաբերությունները,
5) տվյալ և նախորդ օրերի փակման գների կամ տարեկան եկամտաբերությունների միջև տարբերությունները՝ թվային և տոկոսային արտահայտություններով:
18. Օպերատորի կողմից կայքում սույն գլխով սահմանված տեղեկությունները հրապարակվում են տվյալ առևտրային օրվա առևտրային նստաշրջանի ավարտից առավելագույնը 30 րոպեի ընթացքում:
19. Սույն գլխով սահմանված տեղեկությունների հրապարակման դեպքում նշվում են գործարքների կնքման և հրապարակվող տեղեկությունների վերջին տեղադրման ամսաթվերը` հաջորդաբար նշելով վերջին թարմացման օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն, վայրկյանը:
20. Օպերատորը պահպանում է սույն գլխով սահմանված և հրապարակված տեղեկությունները կայքում և ապահովում է տեղեկությունները պարունակող էջերի հասանելիությունը կայքում հանրության համար՝ տեղեկությունների հրապարակումից հետո առնվազն 1 տարվա ընթացքում:
21. Օպերատորի կայքը պետք է հնարավորություն ընձեռի կայքի հաճախորդներին ստանալ սույն գլխով սահմանված և կայքում օրական կտրվածքով հրապարակված տեղեկությունները այդ տեղեկությունների՝ կայքում պահպանվելու ժամանակահատվածից ոչ ավելի ցանկացած ժամանակահատվածի օրերի համար՝ xls, csv կամ այլ էլեկտրոնային ֆորմատով:
22. Կնքված գործարքների գների արտահայտումը տարբեր արժույթներով իրականացվում է համաձայն սույն կանոնակարգի 14-րդ կետի:
23. Օպերատորի կողմից արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման դեպքում շուկայում կնքված արտարժույթի առուվաճառքի գործարքների վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի օգոստոսի 30-ի թիվ 444-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզավորումը, կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 11-ի համապատասխան դրույթներով:
Գ Լ ՈՒ Խ 5
ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՑ ԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ
24. Օպերատորի կողմից հրապարակվում են հաշվետու թողարկողների և նրանց թողարկած արժեթղթերի վերաբերյալ օրենքի, նորմատիվ իրավական ակտերի և շուկայի կանոնների համաձայն նրանցից ստացված էական փաստերը, տարեկան հաշվետվությունները և աուդիտորական եզրակացությունը, միջանկյալ հաշվետվությունները, ինչպես նաև հաշվետու թողարկողի հայեցողությամբ օպերատորին տրամադրած այլ տեղեկություններ, որոնք օպերատորի կարծիքով էական ազդեցություն ունեն կամ կարող են ունենալ հաշվետու թողարկողի թողարկած արժեթղթերի շուկայական գնի վրա և հաշվի կառնվեն ողջամիտ ներդրողի կողմից ներդրումային որոշումներ կայացնելիս:
25. Օպերատորի կողմից հրապարակվում են ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից կնքված Օրենքի 129-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն բացառություն կազմող գործարքի վերաբերյալ օպերատորին տրամադրված տեղեկությունները:
26. Օպերատորի կողմից կայքում հրապարակվում են շուկայի մասնակիցներից ստացված հետևյալ տեղեկությունները.
1) շուկայի մասնակցի լրիվ և կրճատ անվանումները,
2) օպերատորի կողմից մասնակցին շնորհված հապավումը,
3) այն շուկաների, ենթաշուկաների կամ հարթակների ցանկը, որոնց մասնակցության իրավունք ունի տվյալ շուկայի մասնակիցը,
4) շուկայի մասնակցի փոստային հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի և ինտերնետային կայքերի հասցեները:
27. Օպերատորը կայքի օգտագործման պայմանների էջում տեղադրում է հայտարարություն այն մասին, որ օպերատորը պատասխանատվություն չի կրում շուկայի մասնակիցներից և հաշվետու թողարկողներից ստացված հրապարակված տեղեկությունների բովանդակության և ստույգության համար:
28. Առևտրային նստաշրջանի ընթացքում սույն գլխով սահմանված հրապարակման ենթակա տեղեկությունները (բացառությամբ հաշվետու թողարկողների ֆինանսական հաշվետվություների և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացության) օպերատորը հրապարակում է կայքում՝ դրանք ստանալուց հետո առավելագույնը 30 րոպեի ընթացքում, իսկ առևտրային նստաշրջանից հետո ստացված հրապարակման ենթակա տեղեկությունները՝ մինչև հաջորդ առևտրային օրվա առևտրային նստաշրջանի սկսվելը՝ հղում կատարելով այդ տեղեկությունների ստացման աղբյուրներին:
29. Օպերատորը հաշվետու թողարկողների տարեկան ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ տրված աուդիտորական եզրակացությունները հրապարակում է կայքում՝ դրանք ստանալուց հետո մեկօրյա ժամկետում:
30. Հաշվետու թողարկողների տարեկան ֆինանսական հաշվետվությունները, աուդիտորական եզրակացությունները պահպանվում են կայքում և հանրության համար հասանելի են լինում հրապարակումից հետո առնվազն 5 տարվա ընթացքում, իսկ շուկայում առևտրին թույլատրված արժեթղթերի առևտրի ազդագրերն իրենց լրացումներով հանրության համար հասանելի են լինում կայքում մինչև տվյալ ազդագրով շուկայում առևտրին թույլատրված արժեթղթերով առևտրի ավարտը, իսկ հաշվետու թողարկողներից և շուկայի մասնակիցներից ստացված այլ հրապարակված տեղեկությունները պահպանվում են կայքում և ապահովվում է տեղեկությունները պարունակող էջերի հասանելիությունը կայքում հանրության համար տեղեկությունների հրապարակումից հետո առնվազն 1 տարվա ընթացքում:
31. Սույն գլխով սահմանված տեղեկությունները հրապարակելիս այդ տեղեկություններում, անհրաժեշտության դեպքում, գործարքների գների արտահայտումը տարբեր արժույթներով իրականացվում է համաձայն սույն կանոնակարգի 14-րդ կետի: