Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-118-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.07.2008-20.03.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.07.11/43(633) Հոդ.740
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.06.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2008 թվականի հունիսի 9-ին

 

ԱՆԱՍՆԱԿԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է անասնակերի (այսուհետ՝ կեր), կերի հետ շփվող նյութերի և կերային հավելումների ներմուծման և արտահանման, արտադրության (արտադրության անվտանգության ապահովման), պահման, պահեստավորման, փոխադրման, օգտագործման, իրացման, մակնշման և փաթեթավորման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն օրենքը չի տարածվում սեփական խոտհարքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում տարանցիկ փոխադրվող կերի, կերի հետ շփվող նյութերի և կերային հավելումների վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ տարանցիկ փոխադրումը կատարվում է բաց տարաներով, որը կարող է վտանգ ներկայացնել կենդանիների և մարդկանց առողջությանը, ինչպես նաև շրջակա միջավայրին:

 

Հոդված 2. Հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվող հասկացություններն են`

կերային նյութեր՝ բուսական, կենդանական, հանքային ծագման, ինչպես նաև արհեստական (կենսաբանական, մանրէաբանական, քիմիական) նյութեր, որոնք օգտագործվում են որպես անասնակեր.

կերի միավոր՝ կերի ընդհանուր սննդարարության գնահատման չափի միավոր.

օրգանական կեր՝ օրգանական գյուղատնտեսության վարման արդյունքում արտադրված կամ վերամշակված կեր.

սենաժ՝ կանաչ խոտի տևական թառամեցումից հետո պահպանման դրված պահածոյացված կեր, որի խոնավությունը կազմում է 45 %-55 %.

սիլոս՝ խոնավության լրիվ պահպանմամբ կանաչ զանգվածից պահածոյացվող կեր` հիմնված բնական կաթնաթթվային խմորման վրա.

խտացրած կեր՝ քիչ քանակությամբ ջուր և թաղանթանյութ պարունակող, տարբեր կերերի (բակլազգի, հացազգի), խոտալյուրի խառնուրդից ստացված, սննդանյութերով հարուստ, փոքրածավալ կեր.

համակցված (կոմբինացված) կեր՝ կերերի տարբեր քանակական հարաբերությամբ պատրաստված խառնուրդ.

ալրային կեր՝ կենդանու ոսկորների վերամշակումից ստացված կեր.

կոպիտ կեր՝ մեծածավալ և զգալի չափով թաղանթանյութ պարունակող, համեմատաբար ցածր սննդարարություն ունեցող բուսական ծագման կեր.

հյութալի կեր ՝ շատ ջուր պարունակող, մեծածավալ, բուսական ծագման կեր.

կանաչ կեր՝ կերաբույսերի վերգետնյա թարմ զանգված՝ օժտված չոր նյութի կենսաբանական լիարժեքությամբ.

կենսաբանական ակտիվ նյութեր (ԿԱՆ)՝ վիտամիններ, հակաբիոտիկներ, ֆերմենտներ, հորմոններ, ամինաթթուներ, կտղուցածիններ, օրգանական և սինթետիկ այլ միացություններ.

կերային հավելումներ՝ սովորաբար որպես կեր չօգտագործվող և կերի բաղադրամաս չհամարվող նյութեր` անկախ կերի սննդային արժեքից, որոնք տեխնոլոգիական մշակման կամ վերամշակման ժամանակ նպատակային ավելացվում են կերին՝ ցանկալի հատկանիշներ ստանալու համար.

մակնշում՝ կերին առնչվող տեղեկատվության, բառի, տարրի, ապրանքային նշանի, անվանման, խորհրդանիշի զետեղումը կերի հետ շփվող նյութերի կամ ուղեկցող փաստաթղթերի վրա.

լիազոր մարմնի տեսուչ՝ գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կազմում գործող համապատասխան պետական տեսչության պաշտոնատար անձ.

կերի հետ շփվող նյութեր՝ կեր չհամարվող ցանկացած նյութ, որն օգտագործվում է կերի արտադրության, պահման, փոխադրման, իրացման, փաթեթավորման, մակնշման ժամանակ և անմիջական շփման մեջ է մտնում կերի հետ.

վտանգավոր կեր՝ կեր, կերի հետ շփվող նյութեր և կերային հավելումներ, որոնք`

չեն համապատասխանում նորմատիվ փաստաթղթերի պահանջներին, զգայորոշման (օրգանոլեպտիկ) ցուցանիշներով վտանգավոր լինելու կասկած են հարուցում, չեն համապատասխանում մակնշմամբ ներկայացված տեղեկատվությանը, և որոնց վերաբերյալ կան կեղծված լինելու հիմնավոր, ակնառու կասկածներ.

կերի անվտանգություն՝ կենդանու կյանքի և առողջության համար ռիսկի բացառում, որը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով տվյալ կերի և կերի հետ շփվող նյութերի և կերային հավելումների համար սահմանված տեխնիկական կանոնակարգերին, սանիտարական կանոններին, անասնաբուժասանիտարական, բուսասանիտարական և հիգիենիկ նորմերի պահանջներին դրա համապատասխանությամբ.

տեխնոլոգիական գործընթացներ՝ կեր արտադրելու համար անհրաժեշտ գործողություններ, որոնց միջոցով կերային նյութերը ենթարկվում են որոշակի տեխնոլոգիական մշակման.

կերաբաժին՝ մեկ օրվա համար պահանջվող կերի քանակություն, որը կազմվում է` ելնելով կենդանու տեսակից և սեռահասակային կազմից.

կերապահեստ՝ կերի պահման համար նախատեսված տարածք.

պահեստաման՝ կերի տեղափոխման համար նախատեսված տարա:

 

Հոդված 3. Կերի մասին օրենսդրությունը

 

1. Կերի անվտանգության բնագավառում ծագած հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և այլ իրավական ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 4. Կերի անվտանգության ապահովման ուղղությամբ կիրառվող պետական քաղաքականությունը

 

1. Կերի անվտանգության ապահովման պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն ու խնդիրներն են՝

1) կենդանիների կյանքի, առողջության պահպանման նպատակով անվտանգ կերի ապահովումը.

2) կերի արտադրության հետ առնչվող գործառնությունների բոլոր փուլերում շրջակա միջավայրի պաշտպանության ապահովումը, կերի բաղադրամասերի ընդունված չափանիշներով պահպանման նպատակով կերի վերահսկողության իրականացումը.

3) կերարտադրության, վերամշակման և իրացման փուլերում ռիսկերի վերլուծության և վտանգի կանխարգելման նպատակով հետագծելիության ապահովումը.

4) կերի անվտանգության ապահովման նպատակով միջազգային և տարածաշրջանային համապատասխան կազմակերպությունների հետ համագործակցության ապահովումը և տեղեկատվության փոխանակումը.

5) Հայաստանի Հանրապետությունում կերի անվտանգության միջազգային չափանիշների ու պահանջների ներդրման ապահովումը:

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

 

1. Հայաստանի Հանրապետությունում կերի արտադրության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ կառավարություն) իրավասություններն են`

1) կերարտադրության բնագավառում նոր տեխնոլոգիաների` գիտության և տեխնիկայի, առաջավոր փորձի ու մեթոդների ներդրման պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.

2) կերի, կերի հետ շփվող նյութերի և կերային հավելումների ներմուծման և արտահանման կարգի սահմանումը.

3) կերարտադրության և կերօգտագործման, ինչպես նաև կերիրացման բնագավառում միջազգային համագործակցության իրականացումը.

4) ըստ տեսակների` կերարտադրության և կերի պահման պայմանների սահմանումը.

5) կերարտադրության նպատակով օգտագործվող օրգանական, անօրգանական, թունավոր, անցանկալի նյութերի ցանկի հաստատումը.

6) տեխնոլոգիական հրահանգին ներկայացվող պահանջների սահմանումը.

7) վտանգավոր կերի, կերի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր կերային հավելումների օգտահանման և ոչնչացման կարգի սահմանումը.

8) կերի փորձաքննության և նմուշառման կարգի սահմանումը.

9) սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորությունների իրականացումը:

 

Հոդված 6. Պետական կառավարման լիազորած մարմնի իրավասությունները

 

1. Կերի, դրա հավելումների ներկրման, կերարտադրության և կերօգտագործման բնագավառներում օրենսդրական պահանջների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորած մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) իրավասություններն են՝

1) կերարտադրության նպատակով ծրագրերի և այլ միջոցառումների մշակումը և իրականացումը.

2) կերարտադրության և կերօգտագործման բնագավառներում օրենքով սահմանված դեպքերում և կարգով լիազոր մարմինն իրականացնում է պետական վերահսկողություն.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԿԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հոդված 7. Կերի արտադրությանը ներկայացվող պահանջները

 

1. Կերի արտադրությանը ներկայացվող պահանջներն են՝   

1) կերի պատրաստման, մշակման և վերամշակման գործընթացներում արգելված կերային նյութերի, կերային հավելումների, կենսաբանական ակտիվ նյութերի (ԿԱՆ-ի) և լրացակերերի օգտագործման բացառումը.

2) արտադրվող կերատեսակների որակի ստուգման լաբորատոր հետազոտության առկայությունը.

3) կերարտադրության տեղակայումն առանձնացված շենքում կամ ցանկապատված անասնապահական ֆերմայի կցակառույցում.

4) կերարտադրության կազմակերպումն օդափոխիչներով, կոյուղով, լուսավորությամբ, սանհանգույցով, հանդերձարանով, տաք և սառը ջրով ապահովված տարածքներում.

5) կերարտադրության կազմակերպումը կոպիտ, խտացրած, հյութալի և կանաչ կեր մանրացնող մեքենաների, կերախառնիչների, փոխադրիչների, շոգեգոյացուցիչների, արմատապալարապտուղներ լվացող ու կեր եփող տարաների առկայությամբ.

6) կերի արտադրության բոլոր փուլերի՝ սկսած առաջնայինից և շրջանառության, ներառյալ` դրանց շուկա ներմուծման կամ արտահանման նկատմամբ հսկողության իրականացումը (կերերի առաջնային արտադրությունը ներառում է ապրանքներ, որոնք ենթարկվում են միայն թեթև ֆիզիկական մշակման, ինչպիսիք են լվացումը, փաթեթավորումը, պահեստավորումը, բնական չորացումը կամ սիլոսացումը).

7) կերի անվտանգությունն ապահովելու նպատակով վտանգի աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (ՎԱՎԿԿՀ) համակարգի սկզբունքների վրա հիմնված ինքնահսկման համակարգի ներդրումը:

Կերի, կերի հետ շփվող նյութերի և կերային հավելումների փաթեթավորումը պետք է ապահովի դրանց անվտանգությունն արտադրության և շրջանառության բոլոր փուլերում՝ համաձայն տեխնոլոգիական հրահանգի:

Վտանգի աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգն ընդգրկում է հետևյալ սկզբունքները՝

ա. վտանգի աղբյուրների վերլուծություն,

բ. յուրաքանչյուր հսկման կրիտիկական կետի կրիտիկական սահմանի որոշում և դրա դիտարկման ու վերլուծության համակարգի ստեղծում,

գ. ի հայտ եկած շեղումների վերացման նպատակով ուղղիչ գործողությունների ծրագրի մշակում,

դ. վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի արդյունավետությունն ստուգող ընթացակարգերի սահմանում,

ե. նշված սկզբունքների և դրանց կիրառմանն առնչվող ընթացակարգերի փաստաթղթավորում և գրանցումների համակարգի ստեղծում.

8) կերի թափոնների՝ միայն եփելուց հետո օգտագործումը.

9) կեղտաջրերի և թափոնների հեռացումն առանց սարքավորումները, կերի որակն ու անվտանգությունը վնասելու.

10) վնասատուների և կրծողների դեմ պայքարի իրականացումը:

 

Հոդված 8. Կերի փոխադրմանը ներկայացվող պահանջները

 

1. Կերի փոխադրմանը ներկայացվող պահանջներն են՝

1) տրանսպորտային միջոցներով փոխադրման ժամանակ կերի անվտանգության ապահովումը.

2) տրանսպորտային միջոցներով կերի հետ միաժամանակ դրա որակական ցուցանիշների վրա ազդող կամ կերի անվտանգությունը վտանգող նյութերի փոխադրման բացառումը.

3) կերի հետ թունաքիմիկատների փոխադրման բացառումը.

4) վերամշակված կերի չվերամշակված կերային նյութերի և հավելումների հետ փոխադրման բացառումը.

5) պատրաստի կերի փոխադրման համար շարժական փոխադրամիջոցների (ավտոմեքենաներ, տրակտորներ, էլեկտրասայլակներ և կերաբաշխիչներ) օգտագործումը: Մսուրներին հեղուկ կեր կամ սննդի մնացորդներ հասցնելու համար պնևմատիկ օդաճնշիչ հարմարանքների օգտագործումը.

6) կերի փոխադրման, պահեստավորման, օգտագործման և չափումների համար օգտագործվող պահեստամանների և սարքավորումների մաքրության ապահովումը, ախտահանող նյութերի և լուծույթների օգտագործման սահմանափակումը:

 

Հոդված 9. Կերի պահպանմանը ներկայացվող պահանջները

 

1. Կերի պահպանմանը ներկայացվող պահանջներն են՝

1) համակցված կերի, ալրային կերի, սենաժի մաքուր, չոր, լավ օդափոխվող սենքերում պահպանումը.

2) կերապահեստ միայն արտադրողի կողմից լիազորված անձանց մուտքի իրավունքի սահմանումը.

3) կերապահեստի արտածծող խողովակներով հագեցվածությունը.

4) թունաքիմիկատների՝ առողջապահության ոլորտի լիազոր պետական կառավարման մարմնի սահմանած սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան պահպանության ապահովումը:

 

Հոդված 10. Վտանգավոր կերի, կերի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր կերային հավելումների` շուկայից հետկանչումը, օգտահանումը և ոչնչացումը

 

1. Վտանգավոր կերը, կերի հետ շփվող վտանգավոր նյութերը և վտանգավոր կերային հավելումները ենթակա են առանձին հաշվառման ու պահման, շուկայից հետկանչման և փորձաքննության:

2. Վտանգավոր կեր, կերի հետ շփվող վտանգավոր նյութեր և վտանգավոր կերային հավելումներ տնօրինողը դրա վտանգավոր լինելու կամ վտանգավոր լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած ունենալու դեպքում կամ այդ մասին տեղեկացվելուց հետո պարտավոր է անհապաղ սկսել հետկանչման գործընթաց` ձեռնարկելով հետևյալ քայլերը՝

1) տվյալ խմբաքանակի կերը, կերի հետ շփվող նյութերը և կերային հավելումները ենթարկել առանձին հաշվառման ու պահման.

2) այդ մասին տեղեկացնել տվյալ կերի, կերի հետ շփվող նյութերի և կերային հավելումների մատակարարին, ձեռք բերողին և լիազոր մարմնին:

3. Լիազոր մարմինն իրականացնում է հայտնաբերված վտանգավոր կերի, կերի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր կերային հավելումների ամբողջ խմբաքանակի` շուկայից հետկանչման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը, դրա շրջանառության հետ կապված ռիսկի տեսակի, ծավալի և աստիճանի վերլուծությունը, ինչպես նաև այդ մասին, ըստ անհրաժեշտության, զանգվածային լրատվության միջոցներով իրազեկում է ազգաբնակչությանը:

Եթե վտանգավոր կերը, կերի հետ շփվող վտանգավոր նյութերը և վտանգավոր կերային հավելումներն իրացվել են սպառողին, ապա վաճառողը պարտավոր է հետ վերցնել այդ կերը, կերի հետ շփվող նյութերը և կերային հավելումները և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բավարարել սպառողների պահանջները:

4. Օրենքով սահմանված կարգով հավատարմագրված լաբորատորիայի կողմից կատարված փորձաքննության բացասական արդյունքների հիման վրա վտանգավոր խմբաքանակի կերը, կերի հետ շփվող վտանգավոր նյութերը և վտանգավոր կերային հավելումները ենթակա են օգտահանման կամ ոչնչացման:

5. Վտանգավոր կերի, կերի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր կերային հավելումների հետկանչումը, փորձաքննությունը, փոխադրումը, պահումը, օգտահանումը կամ ոչնչացումը կատարվում են տվյալ կերը, կերի հետ շփվող նյութերը և կերային հավելումները տնօրինողի միջոցների հաշվին:

 

Հոդված 11. Կերի, կերի հետ շփվող նյութերի և կերային հավելումների մակնշմանը և փաթեթավորմանը ներկայացվող պահանջները

 

1. Հայաստանի Հանրապետությունում իրացվող կերը, կերի հետ շփվող նյութերը և կերային հավելումները պետք է բավարարեն կերի անվտանգության ապահովման ոլորտի տեխնիկական կանոնակարգերով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները:

2. Հայաստանի Հանրապետությունում արտադրված, վերամշակված և փաթեթավորված կերը, կերի հետ շփվող նյութերը և կերային հավելումները մակնշվում են հայերենով:

3. Հայաստանի Հանրապետությունում իրացվող կերի, կերի հետ շփվող նյութերի և կերային հավելումների մակնշումը հայերենով ներառում է հետևյալ տեղեկությունները՝

1) կերի տեսակի ճշգրիտ նկարագիրը.

2) կենդանիների տեսակները, որոնց համար նախատեսված է կերը.

3) օգտագործման ուղղությունները.

4) կերի պահպանման նվազագույն ժամկետը.

5) բաղադրամասերը.

6) պիտակավորման համար պատասխանատու անձի ինքնությունը:

4. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կերի, կերի հետ շփվող նյութերի և կերային հավելումների մակնշումը հայերենով ներառում է տեղեկություններ, որոնց ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջները՝ ըստ առանձին տեսականու, սահմանում է կառավարությունը:

5. Արգելվում է շուկայահանված կերի, կերի հետ շփվող նյութերի և կերային հավելումների պիտակի վրա զետեղված տեղեկությունների փոփոխությունը:

6. Արգելվում է պիտանիության ժամկետը լրացած կերի իրացումը, վերամշակումը և վերափաթեթավորումը:

7. Կերի և կերային հավելումների փաթեթավորման, սպառողական տարայի, պիտակի, լրացուցիչ պիտակի կամ ներդրակի վրա զետեղված տեղեկությունները պետք է լինեն ընթեռնելի, ամբողջական ու հավաստի:

8. Կերի, կերի հետ շփվող նյութերի և կերային հավելումների փաթեթավորումը պետք է ապահովի դրանց անվտանգությունն արտադրության և շրջանառության բոլոր փուլերում՝ համաձայն տեխնոլոգիական հրահանգի:

9. Արգելվում է վնասված փաթեթավորումով և մակնշումով կերի, կերի հետ շփվող նյութերի և կերային հավելումների իրացումը:

 

Հոդված 12. Կերի անվտանգության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինների համագործակցությունը

 

1. Կերի, կերի հետ շփվող նյութերի և կերային հավելումների արտադրության շրջանառության փուլերում դրանց անվտանգությանն առնչվող գործառույթներ իրականացնող պետական կառավարման լիազոր մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում կատարած ուսումնասիրությունների, վերլուծությունների, բացահայտած խախտումների ու թերությունների, հայտնաբերած վտանգավոր կերի, կերի հետ շփվող նյութերի և կերային հավելումների մասին տեղեկատվությունը պարբերաբար փոխանցում են միմյանց:

Կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինները «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխանության գնահատման ազգային մարմին են ներկայացնում տեղեկատվություն՝ կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում իրականացված պետական վերահսկողության արդյունքների մասին:

2. Կերի, կերի հետ շփվող նյութերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում դրանց անվտանգությանն առնչվող գործառույթներ իրականացնող պետական կառավարման լիազոր մարմինները կերային թունավորումների և համաճարակների բռնկման դեպքում համատեղ մշակում և իրականացնում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ:

 

Հոդված 13. Կերի, կերի հետ շփվող նյութերի և կերային հավելումների անվտանգության պետական վերահսկողությունը

 

1. Արտադրության և շրջանառության բոլոր փուլերում կերի, կերի հետ շփվող նյութերի և կերային հավելումների անվտանգության պետական վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան լիազորած մարմինների միջոցով:

Պետական վերահսկողությունն իրականացվում է՝

1) կերի, կերի հետ շփվող նյութերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում օգտագործվող տեղափոխման միջոցների, արտադրամասերի, պահեստային և այլ տարածքների նորմատիվ իրավական ակտերով ներկայացվող պահանջներին և կանոններին համապատասխանության նկատմամբ.

2) կերի արտադրության համար օգտագործվող հումքին, ջրին, օժանդակ նյութերին, կերային հավելումներին, կերի հետ շփվող նյութերին և վերամշակված կերին տեխնիկական կանոնակարգերով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով ներկայացվող պահանջների և պահման պայմաններին ներկայացվող պահանջների ապահովման նկատմամբ.

3) տեխնոլոգիական հրահանգներում ամրագրված տեխնոլոգիական սարքավորումների և տեխնոլոգիական գործելակարգերի (ռեժիմների) ապահովման նկատմամբ.

4) ախտահանող նյութերի և կրծողների ու վնասատուների դեմ պայքարի միջոցների օգտագործմանը ներկայացվող պահանջների և դրանց պահման պայմանների ապահովման նկատմամբ.

5) մակնշմանը ներկայացվող պահանջների ապահովման նկատմամբ.

6) օրենքով նախատեսված այլ գործընթացների նկատմամբ:

2. Կերի անվտանգության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԿԵՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԵՐՈՒՄ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 14. Կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի իրավունքները և պարտականությունները

 

1. Կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն իրավունք ունեն՝

1) լիազոր մարմնից ստանալու կերի անվտանգության ապահովման ոլորտի իրավական ակտերի, ինչպես նաև կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն.

2) վերադասության կամ դատական կարգով բողոքարկելու լիազոր մարմնի և վերահսկողություն իրականացնող տեսուչի գործողությունների և որոշումների դեմ:

2. Տնտեսավարող սուբյեկտն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում արտադրության փուլում վտանգավոր կեր թողարկելու համար:

Վտանգի աղբյուրը վերացնելու ուղղությամբ կիրառվող միջոցառումները տնտեսավարող սուբյեկտն իրականացնում է իր միջոցների հաշվին:

Կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են՝

1) ապահովել կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների հետ կապված գործառնությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների կատարումը.

2) տրամադրել սույն օրենքով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթեր, ապահովել պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի տեսուչների մուտքը համապատասխան արտադրամասեր, անվճար տրամադրել փորձաքննության համար անհրաժեշտ նմուշներ.

3) ռիսկի վերլուծության նպատակով լիազոր մարմնին տրամադրել տվյալներ վտանգավոր կերի, կերի հետ շփվող վտանգավոր նյութերի կամ վտանգավոր կերային հավելումների հետագծելիությունը որոշելու համար.

4) իրենց գործունեության ընթացքում ապահովել շրջակա միջավայրի պաշտպանությունը:

 

Հոդված 15. Կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի տեսուչների իրավունքները և պարտականությունները

 

1. Կերարտադրության և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի տեսուչներն իրավունք ունեն՝

1) վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի համապատասխան թույլտվության դեպքում առանց խոչընդոտների ստանալու իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, մուտք գործելու համապատասխան արտադրամասեր, պահեստային և այլ տարածքներ և վերցնելու փորձաքննության համար անհրաժեշտ նմուշներ.

2) վերահսկողության ընթացքում կերի և կերային հավելումների հետ կապված գործառույթները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտումների հայտնաբերման և կերի, կերի հետ շփվող նյութերի կամ կերային հավելումների վտանգավոր լինելու վերաբերյալ փաստացի հիմնավորված կասկածների դեպքում սույն օրենքի դրույթների և իրենց իրավասությունների շրջանակներում կիրառելու սահմանափակումներ՝ տրված եզրակացության, կայացրած որոշման և պարտադիր կատարման ենթակա ցուցումների հիման վրա.

3) համապատասխան ոլորտը կարգավորող այլ օրենքներով սահմանված իրավունքներ:

2. Պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի տեսուչները պարտավոր են՝

1) բացահայտված խախտումներն ու թերությունները վերացնելու նպատակով տալ պարտադիր կատարման համար գրավոր ցուցումներ և հսկողություն սահմանել դրանց իրականացման նկատմամբ.

2) ապահովել իրենց լիազորությունների իրականացման ընթացքում ձեռք բերված առևտրային գաղտնիք համարվող տեղեկատվության գաղտնիությունը.

3) վերահսկողության իրականացման ընթացքում անհարկի չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտների բնականոն գործունեությունը:

3. Վտանգավոր կերի կամ վտանգավոր կերային հավելումների թողարկում հայտնաբերելու դեպքում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինն իրավունք ունի խախտումը հայտնաբերած տեսուչի եզրակացության հիման վրա արգելելու տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները:

Արտադրական գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթների արգելման մասին լիազոր մարմնի ղեկավարը կայացնում է որոշում, որն ուժի մեջ է մտնում տնտեսավարող սուբյեկտին պատշաճ ձևով հանձնելու պահից:

Խախտում հայտնաբերած լիազոր մարմնի տեսուչն իրավունք ունի անմիջապես ժամանակավորապես կասեցնելու արտադրական գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները և տնտեսավարող սուբյեկտին տալու հանձնարարականներ ու ցուցումներ՝ խախտումը կամ վտանգի աղբյուրը վերացնելու համար կայացված որոշման մեկ օրինակը:

Եթե արտադրական գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթների կասեցման մասին որոշումը կայացնելու օրվանից հետո` 3 օրվա ընթացքում, խախտումը հայտնաբերած տեսուչի եզրակացությունը վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ չի հաստատվում, ապա կասեցման մասին որոշումը համարվում է անվավեր:

Տնտեսավարող սուբյեկտն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում արտադրության փուլում վտանգավոր կեր թողարկելու համար:

Վտանգի աղբյուրը վերացնելու ուղղությամբ կիրառվող միջոցառումները տնտեսավարող սուբյեկտն իրականացնում է իր միջոցների հաշվին:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 16. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

 

Սույն օրենքի դրույթները խախտողները կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 17. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. հուլիսի 2

Երևան

ՀՕ-118-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.06.2014, ՀՕ-141-Ն 09.08.2014, ՀՕ-118-Ն
04.02.2010, ՀՕ-11-Ն 20.03.2010, ՀՕ-118-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան