Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-38-Ո-Կ-16
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.08.09-2021.08.22 Պաշտոնական հրապարակման օրը 10.08.2021
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.07.2021
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
26.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2021

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

            Ք. Երևան

       26 հուլիսի 2021 թ.


ԲԴԽ-38-Ո-Կ-16

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

նախագահությամբ՝

Բարձրագույն դատական խորհրդի
նախագահի պաշտոնակատար

 


Գ
. Ջհանգիրյանի,

մասնակցությամբ՝
անդամներ

Գ. Բեքմեզյանի,
Դ. Խաչատուրյանի,
Մ. Մակյանի,
Լ. Մելիքջանյանի,
Ս
Միքայելյան,

Ա. Մխիթարյանի,
Ս. Չիչոյանի,
Վ. Քոչարյանի,

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի

նախագահի ժամանակավոր պաշտոնակատար

 

Ա. Փաշինյանի,

Կոռուպցիայի կանխարգելման

հանձնաժողովի նախագահի ներկայացուցիչ

 

Ն. Համբարձումյանի,

քարտուղարությամբ՝

Ա. Շիլաջյանի,

 

դռնբաց նիստում, քննության առնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ «Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2021 թվականի մայիսի 12-ի թիվ ԿՎ/03/2021 որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց.

 

1.Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից դատավորի վարքագծի կանոնները խախտելը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) օրենքով սահմանված դեպքերում և կարգով պատշաճ նյութեր և պարզաբանումներ չներկայացնելը:

Հանձնաժողովի 12․05․2021 թվականի թիվ ԿՎ/03/2021 որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

2.Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը

Վարույթ հարուցող մարմինը հայտնել է, որ Ռուբեն Վարդազարյանը, հանդիսանալով պետական պաշտոն զբաղեցնող անձ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգավորումների համաձայն կրում է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն։

Հանձնաժողովի կողմից իրականացվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից ներկայացված հայտարարագրերի վերլուծություն և 29.09.2020 թվականի թիվ Ե-086 գրությամբ Ռուբեն Վարդազարյանից հայցվել է պարզաբանում՝ հայտնաբերված և արձանագրված հայտարարագրման ենթակա տվյալների առերևույթ անհամապատասխանությունների առնչությամբ, 23.10.2020 թվականի թիվ Ե-7401 գրությամբ Ռուբեն Վարդազարյանը բարձրացրել է որոշակի հարցեր՝ նշելով, որ պարզաբանման ենթակա հարցերի առնչությամբ պատասխանները ներկայացված հիմնավորումներով չեն տրամադրվում։

01.12.2020 թվականի թիվ Ե-114 գրությամբ Հանձնաժողովը Ռուբեն Վարդազարյանին է ներկայացրել բարձրացված հարցերի վերաբերյալ պատասխանները։ 30.12.2020 թվականի թիվ Ե-115 գրությամբ Հանձնաժողովը կրկին դիմել է Ռուբեն Վարդազարյանին՝ հայցելով մինչև 13.01.2021 թվականը ներկայացնել հայտարարագրերի վերլուծության արդյունքների վերաբերյալ պարզաբանումներ։ 12.01.2021 թվականին Հանձնաժողով է մուտքագրվել Ռուբեն Վարդազարյանի թիվ Ե-3 գրությունը, որով վերջինս հայտնել է, որ Հանձնաժողովի կողմից իրեն ուղղված նամակներն իր կողմից ընդունվել են ի գիտություն։

Հիմք ընդունելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 25-րդ հոդվածի 9-րդ և 9.1-րդ մասերը՝ Հանձնաժողովը Ռուբեն Վարդազարյանի հայտարարագրերի վերլուծության արդյունքները և դրանց առնչվող նյութերն ուղարկել է Գլխավոր դատախազություն, իսկ թիվ ԿՎ/03/2021 որոշմամբ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ Հանձնաժողովը հարուցել է կարգապահական վարույթ։

Վարույթ հարուցող մարմինը վկայակոչել է 2005 թվականին Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված Միավորված ազգերի կազմակերպության Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 07.04.2007 թվականին) 11-րդ հոդվածի 1-ին մասը, Միավորված ազգերի կազմակերպության Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի «Հոդված 11-ի կիրառական ուղեցույց և գնահատման շրջանակ», 44-րդ կետը, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետը, 9-րդ և 9.1-րդ մասերը։ Նշել է նաև, որ գույքային դրության վերաբերյալ ամբողջական տվյալների ներկայացումը Վենետիկի հանձնաժողովի կողմից կոռուպցիայի կանխարգելման գործում դիտարկվել է որպես արժեքավոր զենք (տե՛ս «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկյան հանձնաժողով) CDL-AD(2014)008, 24 մարտի, 2014 կարծիք No. 712/2013)։ Կարևորելով ֆինանսական միջոցների, գույքի և այլ շահերի վերաբերյալ հաշվետվողականությունը՝ Վենետիկյան հանձնաժողովն անդրադարձել է նաև ֆինանսական միջոցների, գույքի և այլ շահերի հայտարարագրման պարտավորության չկատարման դեպքում պատասխանատվությանը և դրա համաչափությանը։ Ըստ Վենետիկյան հանձնաժողովի՝ ֆինանսական միջոցների, գույքի և այլ շահերի հայտարարագրման պարտավորության չկատարումը պետք է առաջացնի այնպիսի պատասխանատվություն, որը կարող է ծառայել կոռուպցիան զսպելու նպատակին։ Բացառություն կարող է կիրառվել հայտարարագրում մանր և ոչ դիտավորյալ բացթողումներ ունենալու համար, սակայն հայտարարագիր չներկայացնելը բավարար լուրջ խախտում է, և կարող է հանգեցնել պաշտոնից ազատման (Վենետիկյան հանձնաժողով CDL-AD(2015)042, 21 դեկտեմբերի, 2015 կարծիք Nօ. 825/2015)։

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի կարգավորումների համաձայն հայտարարագրման գործընթացը կանոնակարգելը, հայտարարագրերը ստուգելն ու վերլուծելը հանդիսանում են Հանձնաժողովի գործառույթները։

Ելնելով վերոգրյալից, վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասը, 69-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը, 85-րդ հոդվածի 1-ին մասը, 142-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով նշվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասով, 146-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 147-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով, 148-րդ հոդվածի 1-ին մասով, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 6.1-րդ մասով՝ վարույթ հարուցող մարմինը միջնորդել է քննության առնել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։

 

3. Ռուբեն Վարդազարյանի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրած առարկությամբ հայտնել է, որ Հանձնաժողովի կողմից ներկայացված իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող փաստարկները և հիմնավորումներն իրավաչափ չեն, չեն բխում օրինականության, իրավական որոշակիության սկզբունքից, հակասում են օրենքին, իրեն պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

Ռուբեն Վարդազարյանը հայտնել է, որ 29.09.2020 թվականի՝ իրեն հասցեագրված թիվ Ե-086 գրությամբ, Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը հայտնել է, որ Հանձնաժողովն իրականացրել է իր կողմից ներկայացված հայտարարագրերի համալիր վերլուծություն, որի արդյունքները 28.09.2020 թվականին ամփոփվել են թիվ ԲԴԽ-08 արձանագրությամբ (այսուհետ՝ Արձանագրություն): Գրությամբ առաջարկվել է հայտարարագրերի համալիր վերլուծության արդյունքում հայտնաբերված և արձանագրված առերևույթ անհամապատասխանությունների առնչությամբ 10-օրյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնել գրավոր պարզաբանում՝ դրան կցելով փաստարկների հիմնավորվածությունը հավաստող փաստաթղթերը։

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքով նախատեսված իր գործառույթներն ու լիազորություններն իրականացնելիս Հանձնաժողովը պետք է առաջնորդվի օրինականության սկզբունքով, ավելին, հայտարարատու պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրում ներառվող, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տվյալներն իրենց բնույթով անձնական տվյալներ են, հետևաբար հայտարարագիրը վերլուծելիս և այդ ընթացքում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ անձանցից հայտարարատուին առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ պահանջելու և ստանալու իրավասու մարմնի իրավունքի իրացումը կարող է համարվել թույլատրելի միջամտություն Սահմանադրության 31-րդ, 34-րդ և Կոնվենցիայի 8-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներին միայն այն դեպքում, երբ միջամտությունը սահմանված լինի օրենքով, հետապնդի իրավաչափ նպատակ և անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ հարկ է արձանագրել, որ Օրենքի «Եզրափակիչ և անցումային դրույթներ» վերտառությամբ 42-րդ հոդվածի 4.1-րդ մասը, որը լրացվել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 25.03.2020 թվականի թիվ ՀՕ-199-Ն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով, նախատեսում է. «Հայտարարագրերի վերլուծության վերաբերյալ սույն օրենքով սահմանված դրույթները կիրառելի են նաև 2017 թվականի հուլիսի 1-ից ներկայացված կամ ներկայացման ենթակա, հայտարարագրերի նկատմամբ»:

Այսինքն, նորմատիվ իրավական ակտի անցումային դրույթով օրենսդիրը հանձնաժողովին իրավասություն է վերապահել վերլուծել նաև մինչև իր կազմավորումը ներկայացված հայտարարագրերը՝ սահմանելով այդ լիազորության ժամկետային հստակ սահմանափակում, այն է՝ հանձնաժողովի կողմից պաշտոնատար անձանց հայտարարագրերը վերլուծելու դրույթները կիրառելու ելակետ է ընդունվել 01.07.2017 թվականը։

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 25.03.2020 թվականի թիվ ՀՕ-199-Ն օրենքի 14-րդ հոդվածով (,Եզրափակիչ մաս և անցումային դրույթներե) Հանձնաժողովի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի հայտարարագրերը վերլուծելու գործառույթները սահմանափակվել են հստակ ժամկետով։

Մասնավորապես, օրենսդիրը սահմանել է, որ հանձնաժողովը վերլուծում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների հայտարարագրերն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում (տես՝ նշված օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը)։ Հաշվի առնելով, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 25.03.2020 թվականի թիվ ՀՕ-199-Ն օրենքն ուժի մեջ է մտել 02.05.2020 թվականին, ուստի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի պահանջներին համապատասխան, սահմանված եռամսյա ժամկետի ավարտի օր է համարվում 03.08.2020 թվականը։

Ռուբեն Վարդազարյանը հայտնել է, որ իր հայտարարագրի վերլուծության արդյունքներն ամփոփվել են 28.09.2020 թվականին թիվ ԲԴԽ-08 արձանագրության կազմամբ, իսկ, ըստ Հանձնաժողովի 10.10.2020 թվականի թիվ Ե-094 գրության՝ Արձանագրության նախագիծը Հանձնաժողովի նիստում քննարկվել է 24.09.2020 թվականին։ Այսինքն, հայտարարագրի վերլուծության գործընթացն առնվազն մինչև 28.09.2020 թվականը դեռևս ավարտված չի եղել։

Սահմանադրությամբ ամրագրված է, որ բոլորը հավասար են օրենքի առջև։ Այս հոդվածի պահանջներին համապատասխան պետության պոզիտիվ սահմանադրական պարտականությունն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք նույն կարգավիճակն ունեցող անձանց հավասար հնարավորություն կտան իրացնելու, իսկ խախտման դեպքում պաշտպանելու իրենց իրավունքները, հակառակ դեպքում կխախտվեն ոչ միայն հավասարության, խտրականության արգելման, այլ նաև իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքները։ Եվ, եթե օրենքով սահմանված են ժամկետներ, ապա դրանց պահպանումը ևս բխում է օրինականության սկզբունքից, պարտադիր է բոլորի համար, յուրաքանչյուր դեպքում օրենքով սահմանված ժամկետներին վերաբերող պայմանները կրում են իմպերատիվ բնույթ, այսինքն՝ ժամկետ է համարվում այն որոշակի ժամանակահատվածը՝ տարի, ամիս, եռամսյակ, կամ ժամանակի պահը, օր, ժամ, որի անցնելու հետ օրենքը կապում է որոշակի իրավական հետևանքներ։ Տվյալ դեպքում Հանձնաժողովի կողմից ևս ժամկետի պահպանումը որպես օրենքի իմպերատիվ պահանջ է ընկալվում օրենսդրի կողմից, այսինքն՝ Հանձնաժողովի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի հայտարարագրերը վերլուծելու գործառույթները սահմանափակվել են հստակ ժամկետով, այն է՝ եռամսյա ժամանակահատվածով, որի ավարտին ակնկալվում է ունենալ արդեն ավարտված իրավական հետևանք։ Եթե ժամկետների պահպանումն իրավագիտության ոլորտում չունենար էական նշանակություն, ապա անձը կկարողանար իր խախտված իրավունքների վերականգման համար դատարան դիմել անգամ երեսուն տարի անց, ինչն ըստ էության կհանգեցներ իրավական քաոսի և անբարենպաստ հետևանքներ կառաջացներ կողմերի համար։ Ժամկետների պահպանման անհրաժեշտությունը և օրինական պահանջը վերաբերում է ինչպես քաղաքացիներին, այնպես էլ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին։ Այս դեպքում ևս Հանձնաժողովի կողմից Արձանագրության կազմումը ժամկետի պահպանմամբ բխում է օրենքի դրույթի հստակ կարգավորումից, քանի որ Արձանագրության կազմումը համարվում է հայտարարագիր վերլուծելու զործընթացի բաղկացուցիչ և ամփոփիչ տարր։ Վերլուծման գործընթացը չի կարող ավարտված համարվել առանց Արձանագրության փաստացի առկայության։ Եթե հայտարարագրերը վերլուծելու գործառույթները հնարավոր է ավարտին հասցնել առանց ամփոփաթերթ կազմելու, իսկ ամփոփաթերթի Արձանագրության կազմումը լիներ անժամկետ գործընթաց, ապա գործողությունը ժամանակին չկատարելը չէր նախատեսի որևէ իրավական հետևանք, և, միգուցե, ավելի նպատակահարմար լիներ դրա կազմումը տարիներ անց, օրինակ, համակարգելով հաջորդ տարիների հայտարարագրերի վերլուծությունները: Չէ՞ որ ժամկետների պահպանման պահանջն ինքնանպատակ չէ օրենսդրի կողմից, այլ հնարավորություն է ապահովել անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։

Այսպիսով, Օրենքի 25-րդ հոդվածը, 42-րդ հոդվածի 4.1-րդ մասը և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 25.03.2020 թվականի թիվ ՀՕ-199-Ն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը մեկնաբանելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջներին համապատասխան՝ անհրաժեշտ է արձանագրել, որ հայտարարագրերի ստուգման և վերլուծության գործառույթն իրականացնելիս Հանձնաժողովը պարտավոր էր Բարձրագույն դատական խորհրդի անդամի հայտարարագրերը վերլուծել 02.05.2020 թվականից մինչև 02.08.2020 թվականն ընկած ժամանակահատվածում, իրավասու էր ստուգել և վերլուծել միայն 01.07.2017 թվականից հետո ներկայացված հայտարարագրերը, իրավասու էր տեղեկություններ, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ պահանջել և ստանալ միայն 01.07.2017 թվականից հետո ներկայացված հայտարարագրերի վերաբերյալ։

Ավելին՝ անհրաժեշտ է արձանագրել, որ հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով սահմանված ժամկետներում չներկայացնելու կամ հայտարարագրերի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացնելու կամ հայտարարագրերում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար վարչական (տե՛ս «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 09.06.2017 թվականի թիվ ՀՕ-106-Ն օրենքի 8-րդ հոդվածը), իսկ հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու կամ դրանցում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար քրեական պատասխանատվություն է նախատեսվել 01.07.2017 թվականից (տե՛ս «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 09.06.2017 թվականի թիվ ՀՕ-102-Ն օրենքի 8-րդ հոդվածը)։

Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, երբ կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել։ Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին։

Այսպիսով՝ վերը ներկայացված իրավական նորմերի համալիր վերլուծությունից հետևում է, որ մինչև 01.07.2017 թվականը ներկայացված հայտարարագրերի վերլուծության շրջանակներում ստացված, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաև 02.08.2020 թվականից պահանջված և ստացված տեղեկություններ պարունակող նյութերը չեն կարող դրվել հայտարարատու անձի նկատմամբ պատասխանատվություն առաջացնող վարույթների հարուցման հիմքում, ավելին՝ հանցագործություններ սահմանելիս և պատիժներ նշանակելիս օրինականության սկզբունքից ելնելով, հայտարարատու անձը մինչև 01.07.2017 թվականը հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու կամ դրանցում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար չի կարող ենթարկվել պատասխանատվության։

Ռուբեն Վարդազարյանը հայտնել է, որ Արձանագրության բովանդակության ուսումնասիրությունից պարզել է, որ Հանձնաժողովն իր կողմից ներկայացված հայտարարագրերի վերլուծության ընթացքում վերլուծել է 2011 թվականից ներկայացված բոլոր հայտարարագրերը, դրանց վերաբերյալ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև այլ անձանցից պահանջել և ստացել անհրաժեշտ, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, հետևաբար, ենթադրելի է, որ Գլխավոր դատախազություն պետք է ուղարկվեին Հանձնաժողովի տիրապետության տակ առկա՝ 2011 թվականից ներկայացված բոլոր հայտարարագրերին առնչվող նյութերը։

Հանձնաժողովի նշված գործողությունները, սակայն, խիստ խնդրահարույց և մտահոգիչ են Սահմանադրությամբ նախատեսված օրինականության սկզբունքի ապահովման և երաշխավորման, ինչպես նաև հանրային իշխանության կրողի կողմից անձի հիմնարար իրավունքները հարգելու և պաշտպանելու տեսանկյունից, հատկապես այն դեպքում, որ Հանձնաժողովի առջև դրված գործառույթների և լիազորությունների բնույթով պայմանավորված այդ մարմնի գործունեության իրավաչափությունը կասկածի տակ դնելու առիթները պետք է հասցվեն նվազագույնի։ Այս առումով Հանձնաժողովի կողմից պահանջված և ստացված նյութերը, ինչպես նաև դրանք Գլխավոր դատախազություն ուղարկելու գործողությունն օրինականության հետ որևէ աղերս չունեն և չեն կարող դրվել որևէ իրավական գործընթացի հիմքում, քանի որ Հանձնաժողովն իրավասու չէր վերլուծելու իր կողմից մինչև 01.07.2017 թվականը ներկայացված հայտարարագրերը, այդ թվում՝ այդ ժամանակահատվածի համար պահանջել և ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, ավելին, հայտարարատու պաշտոնատար անձի կողմից հայտարարագիր չներկայացնելը, ինչպես նաև դրանում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը ներպետական օրենսդրությամբ, որպես պատասխանատվություն առաջացնող արարքներ նախատեսվել են միայն 01.07.2017 թվականից հետո:

Հանձնաժողովը բաց է թողել նյութերը Գլխավոր դատախազություն ուղարկելու օրենքով սահմանված ժամկետը։

Ավելին, Ռուբեն Վարդազարյանը հայտնել է, որ իրեն օրենքով չնախատեսված որևէ գործողության կատարմանը պարտավորեցնելը խախտում է իր՝ դատավորի անկախության սկզբունքը։ Դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս բացառապես օրենքին ենթարկվելու հիմնարար պահանջն ամրագրված է միջազգային իրավական բազմաթիվ փաստաթղթերում, Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքում, ՀՀ գործող դատական օրենսգրքում, ճյուղային դատավարական օրենքներում։ Որպես դատական իշխանության ներքին և արտաքին անկախության ապահովման ինստիտուցիոնալ երաշխիք Ռուբեն Վարդազարյանը նշել է, որ, թե իր մասնագիտական լիազորությունները կատարելիս, և թե լիազորությունների կատարումից դուրս ինքը՝ որպես դատավոր, կատարել է միայն օրենքով նախատեսված գործողություններ, ունի պարտականություններ, որոնք հստակ սահմանված են օրենքով և հաշվետու է միայն օրենքի առջև։

Անդրադառնալով Հանձնաժողովի կողմից նյութերը Գլխավոր դատախազություն ուղարկելուն՝ Ռուբեն Վարդազարյանը հայտնել է, որ Օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասը հնարավորություն է տալիս Հանձնաժողովին հայտարարագրերի վերլուծության արդյունքում հայտարարատուից հայցելու պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր, իսկ նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ եթե հայտարարատուն սահմանված ժամկետում չի տրամադրում պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր, կամ դրանք բավարար չեն առկա կասկածները փարատելու համար, ապա Հանձնաժողովը նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է Գլխավոր դատախազություն՝ ընդունելով վարույթը կասեցնելու մասին որոշում։ Այսինքն, պարզաբանում կամ նյութեր չտրամադրելուց, ինչպես նաև կասկածները չփարատվելուց հետո Հանձնաժողովը բացառապես իրավասու է նյութերը ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկել Գլխավոր դատախազություն։ Այլ կերպ ասած, Հանձնաժողովն օժտված չէ հայտարարատուի ներկայացրած նյութերի կամ պարզաբանման վերաբերյալ լրացուցիչ պարզաբանում հայցելու լիազորությամբ, իսկ Օրենքի 25-րդ հոդվածի 9-րդ մասով իրավադադարեցնող ժամկետի սահմանումն ինքնանպատակ չէ, քանզի այն ուղղված է իրավական որոշակիության սկզբունքի ապահովմանը, ինչպես նաև հայտարարատու անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը։

Ռուբեն Վարդազարյանը հայտնել է, որ Արձանագրության վերաբերյալ պարզաբանում ներկայացնելու առնչությամբ իր դիրքորոշումը Հանձնաժողովին ներկայացրել է Հանձնաժողովի նախագահին ուղղված 23.10.2020 թվականի թիվ Ե-7401 գրությամբ, որը նույն օրն առձեռն հանձնվել է Հանձնաժողովին, հետևաբար, պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր չներկայացնելու կամ դրանց՝ կասկածները փարատելու համար բավարար չլինելու փաստերը Հանձնաժողովն իրավասու էր գնահատել մինչև 26.10.2020 թվականի ժամը 24։00-ը։ Միաժամանակ, նշված ժամկետում նյութերը Գլխավոր դատախազություն չուղարկելը ոչ միայն փաստում է Հանձնաժողովի հետևությունը պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր ներկայացված լինելու կամ դրանց կասկածները փարատելու համար բավարար լինելու մասին, այլև սահմանափակվում է Հանձնաժողովի կողմից նյութերը Գլխավոր դատախազություն ուղարկելու լիազորության իրականացումը՝ բացառելով այն տվյալ ժամկետից հետո իրականացնելու իրավական հնարավորությունը։ Մինչդեռ, Հանձնաժողովի նախագահ Հ.Հարությունյանն իր 12.12.2020 թվականի թիվ Ե-114 և 30.12.2020 թվականի նամակներով, ինչպես նաև մինչև 13.01.2021 թվականը հայտարարագրերի համալիր վերլուծության արդյունքների վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու իրեն ուղղված առաջարկով ոչ իրավաչափորեն փորձել է ստեղծել Օրենքի 25-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված պահանջն իրացնելու արհեստական հիմք։

Այսպիսով, Հանձնաժողովը գրությամբ Գլխավոր դատախազություն է դիմել հունվարի 14-ին, չնայած այն հանգամանքին, որ իրավասու էր իր կողմից ներկայացված հայտարարագրին առնչվող Հանձնաժողովի մոտ առկա կասկածները փարատելու, անճշտությունների, անհամապատասխանությունների և պարզաբանման ենթակա այլ հարցերի վերաբերյալ Գլխավոր դատախազություն դիմել դեռևս հոկտեմբերի 26-ին, երբ իրենց համոզմամբ, իր կողմից թույլ են տրվել որոշակի խախտումներ կապված իր կողմից ներկայացված հայտարարագրերի վերաբերյալ հավելյալ պարզաբանումներ Հանձնաժողովին չտրամադրելու հետ։ Հանձնաժողովի կողմից 26.10.2020 թվականի ժամը 24:00-ից հետո Գլխավոր դատախազություն ուղարկված նյութերը չեն կարող օրինական հիմք լինել որևէ իրավական գործընթաց իրականացնելու համար։

Ավելին, Օրենքը 25-րդ հոդվածի 9-րդ մասում բառացիորեն ներկայացվում է ստույգ ընթացակարգը, որի կանոնների պահպանման դեպքում է միայն առաջանում հարցի լուծման համար նախատեսված օրինական հիմք։

Ռուբեն Վարդազարյանը հայտնել է, որ իր նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է Հանձնաժողովի 12.03.2021 թվականի «Կարգապահական վարույթ հարուցելու մասին» թիվ ԿՎ/03/2021 որոշմամբ։ Գլխավոր դատախազություն դիմելուց հետո երկու ամիս անց է իր նկատմամբ հարուցվել կարգապահական վարույթը և Բարձրագույն դատական խորհրդին միջնորդվել է լուծել իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Այս գործընթացը բացարձակ չի բխում օրենքի շահերից, քանի որ Գլխավոր դատախազություն դիմելուն միաժամանակ կասեցվում է արդեն իսկ հարուցված վարույթը, ինչպես որ ներկայացվել է Օրենքի վերոնշյալ հոդվածում։

Իրավական համակարգը սկզբունքորեն պետք է բացառի իրավակարգավորման այնպիսի երևույթ, ինչպիսին է թերի ու տարակարծությունների տեղիք տվող, ինչպես նաև հակասական իրավական ակտերի ընդունումը։ Այս խիստ կարևոր սահմանադրական սկզբունքի հիմնական երաշխիք է համարվում իրավական նորմերի, դրանցում օգտագործված եզրույթների անհրաժեշտ հստակությունը։ Իրավական որոշակիության սկզբունքի հետ աղերսներ ունեցող կոնկրետ իրավական ակտի կիրառման հետևանքով մարդկանց իրավունքների խախտման պարագայում տուժող կողմը ևս հակված է լինում վիճարկել տվյալ իրավական ակտը։

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին և այդ սկզբունքի շրջանակներում՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշին։ Մասնավորապես արձանագրվել է, որ արդար դատաքննության իրավունքը պահպանված է այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում՝ կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի։

Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որի համաձայն՝ պայմանավորվող կողմերի ընդհանուր ժառանգության մասն է իրավունքի գերակայությունը, որի հիմնարար հայեցակետերից է իրավական որոշակիության սկզբունքը, որն inter alia պահանջում է, որ դատարանի կողմից որևէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը կասկած չհարուցի (տես՝ Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի գործով Եվրոպական դատարանի 28.10.1999 թվականի վճիռը, գանգատ թիվ 28342/95, կետ 61), միաժամանակ նշել է, որ իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է res judicata սկզբունքի, այն է՝ դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքի պահպանում։ Այդ սկզբունքը պահանջում է, որ կողմերից ոչ մեկը չունենա իրավունք պահանջելու վերջնական և պարտադիր դատական ակտի վերանայում՝ ուղղակի գործի կրկնակի քննության և գործով նոր ակտի կայացման նպատակով։ Այսինքն՝ հարցի առնչությամբ երկու կարծիքի առկայության հնարավորությունը չպետք է հիմք հանդիսանա կրկնակի քննության համար։ Նահանջն այդ սկզբունքից արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է էական և անհերքելի բնույթ ունեցող հանգամանքներում։

Թիվ ՍԴՈ-630 որոշման համաձայն՝ սույն օրենքը պետք է համապատասխանի նաև Եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի՝ որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը։

Ամփոփելով վերոնշյալ մեկնաբանությունները՝ Ռուբեն Վարդազարյանը հայտնել է, որ միաժամանակ պետական երկու տարբեր մարմիններում հարուցված վարույթների քննությունը չի բխում իրավական որոշակիության սկզբունքից և գործի քննության ու ըստ էության լուծման արդյունքում կարող է տարակարծությունների տեղիք տալ և առաջացնել հակասական մեկնաբանությամբ իրավական ակտերի ընդունում, որի արդյունքում կխախտվեն իր՝ որպես դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահի իրավունքները և օրինական շահերը, ուստի իրավաչափ չի համարում միևնույն հիմքերով Գլխավոր դատախազությունում և Բարձրագույն դատական խորհրդում առկա վարույթների միաժամանակյա առկայությունը։

Վերոգրյալի հիմքով Ռուբեն Վարդազարյանը նշել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը պարտավոր է մերժել Հանձնաժողովի կողմից 12.05.2021 թվականին ներկայացված միջնորդությունը։

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները

1) Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի և նրա ընտանիքի անդամների հայտարարագրերի համալիր վերլուծության թիվ ԲԴԽ-08 արձանագրությունը կազմվել է 28.09.2020 թվականին:

2) Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին հասցեագրված 29.09.2020 թվականի թիվ Ե-086 գրությամբ հայտնել է, որ Հանձնաժողովն իրականացրել է վերջինիս կողմից ներկայացված հայտարարագրերի համալիր վերլուծություն, որի արդյունքները 28.09.2020 թվականին ամփոփվել են թիվ ԲԴԽ-08 արձանագրությամբ: Հայտարարագրերի վերլուծության արդյունքում հայտնաբերված և արձանագրված առերևույթ անհամապատասխանությունների առնությամբ խնդրվել է 10-օրյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնել գրավոր պարզաբանում՝ դրան կցելով փաստարկների հիմնավորվածությունը հավաստող փաստաթղթերը: Գրությանը կից ներկայացվել է արձանագրության օրինակը:

3) Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին հասցեագրված 23.10.2020 թվականի թիվ Ե-7401 գրությամբ հայտնել է հետևյալը. «Ամփոփելով վերոգրյալը՝ տեղեկացվում է.

- մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը ներկայացված հայտարարագրերի վերլուծության վերաբերյալ իմ կողմից պարզաբանումներ չեն ներկայացվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հանձնաժողովը վերոգրյալ իրավական վերլուծությունների շրջանակում չէր կարող վերլուծել մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը իմ կողմից ներկայացված հայտարարագրերը և ակնկալել դրանց վերաբերյալ Օրենքով սահմանված պարզաբանումներ:

-2017 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի վերաբերյալ հայտարարագրերի վերլուծության կապակցությամբ իմ կողմից պարզաբանումներ չեն ներկայացվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հանձնաժողովի կողմից բաց է թողնվել վերը նշված օրենքով՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի հայտարարագրերի վերլուծության համար սահմանված եռամսյա ժամկետը և Հանձնաժողովի կողմից ներկայումս իրականացվող այդ գործընթացն այլևս չի գտնվում օրինակության սկզբունքի շրջանակներում: »:

4) Ի պատասխան վերը նշված գրության՝ Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին հասցեագրված 01.12.2020 թվականի թիվ Ե-114 գրությամբ ներկայացրել է բարձրացված հարցերի վերաբերյալ պատասխանները:

5) Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն ի պատասխան Հանձնաժողովի 01.12.2020 թվականի թիվ Ե-114 և 30.12.2020 թվականի էլեկտրոնային փոստին ուղարկված նամակների՝ Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին հասցեագրված 11.01.2021 թվականի թիվ Ե-3 գրությամբ հայտնել է հետևյալը. « (…) այս գործընթացի վերաբերյալ իմ դիրքորոշումը և դրա մանրամասն հիմնավորումները դեռևս 2020թ. հոկտեմբերի 23-ի թիվ Ե-7401 գրությամբ ներկայացրել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Այդուհանդերձ, կրկին տեղեկացվում է, որ լրացել են ինչպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի հայտարարագրերի վերլուծության համար նախատեսված՝ օրենքով սահմանված ժամկետները, այնպես էլ՝ հայտարարագրերի համալիր վերլուծության արդյունքների և հայտարարատուի պարզաբանման հիման վրա «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված գործողություններն իրականացնելու համար սահմանված ժամկետները: Հետևաբար հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձեր վերը նշված նամակներում ձևակերպված չեն այն իրավական հիմքը, նպատակը և գործընթացը, որի շրջանակներում ինձ ներկայացվել է մինչև 2021 թվականի հունվարի 13-ը պարզաբանումներ ներկայացնելու առաջարկ, ուստի տեղեկացվում է, որ քննարկման առարկա նամակներն իմ կողմից ընդամենն ընդունվել են ի գիտություն: (…)»:

6) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանդիսանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդը («Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենք, 42-րդ հոդված, 6-րդ մաս):

 

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Հանձնաժողովի նախագահի, նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի և ներկայացուցչի պարզաբանումները, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը, իսկ 174-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը՝ դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից: (…): Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից Դատական օրենսգրքով սահմանված ժամկետով և կարգով ընտրում է խորհրդի նախագահ` հաջորդաբար դատավորների ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամին Բարձրագույն դատական խորհուրդը կարող է ենթարկել կարգապահական պատասխանատվության` սույն օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնները խախտելու համար: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ (…) Սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցում և նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ է դիմում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Իսկ ըստ նույն հոդվածի 3-րդ մասի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգապահական վարույթի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 19-րդ գլխի կանոնները՝ սույն հոդվածի պահանջների հաշվառմամբ:

Տվյալ դեպքում Ռուբեն Վարզադարյանը, հանդիսանալով դատավոր, 2019 թվականի հուլիսի 11-ից ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է, որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ, իսկ 2019 թվականի հուլիսի 19-ից ընտրվել է որպես Բարձրագույն դատական խորհրդի նախագահ: Վերջինիս կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում պատասխանել հետևյալ հարցադրումներին.

-արդյո՞ք Հանձնաժողովն իրավասու է վերուծել Բարձրագույն դատական խորհրդի անդամների կամ դատավորների մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը ներկայացված հայտարարագրերը,

-արդյո՞ք Հանձնաժողովի կողմից պահպանվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի (նախագահի) հայտարարագրերը վերլուծելու եռամսյա ժամկետը:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 4.1 մասը նախատեսում է. «Հայտարարագրերի վերլուծության վերաբերյալ սույն օրենքով սահմանված դրույթները կիրառելի են նաև 2017 թվականի հուլիսի 1-ից ներկայացված կամ ներկայացման ենթակա, հայտարարագրերի նկատմամբ»

Վերոգրյալից բխում է, որ օրենսդիրը հանձնաժողովին իրավասություն է վերապահել վերլուծել նաև մինչև իր կազմավորումը ներկայացված հայտարարագրերը՝ սահմանելով, որ այդ լիազորությունները կարող են կատարվել 01.07.2017 թվականից հետո ներկայացված կամ ներկայացվելիք հայտարարագրերի նկատմամբ։

Միևնույն ժամանակ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ հանդիսանալով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդը՝ Հանձնաժողովը տիրապետում է կամ կարող է տիրապետել հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց 2011 թվականից հետո ներկայացված հայտարարագրերը։

Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ելնելով հայտարարագրման նպատակներից, այն է՝ ապահովել հանրային ծառայողների գործունեության թափանցիկությունը, հասարակության կողմից վերահսկողության իրականցումը, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելումը, հայտարարագրերում նշված տեղեկությունների ամբողջականությունն ու ճշմարտացիությունը, հայտարարագրված նյութական միջոցների ծագման օրինականությունը և այլն ստուգելու համար, Հանձնաժողովը պետք է իրավունք և հնարավորություն ունենա 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ներկայացված տվյալները համադրել նախօրոք ներկայացված տվյալների հետ։ Ընդունելով և ևս մեկ անգամ փաստելով, որ Հանձնաժողովը չի կարող վերլուծել Օրենքով նախատեսված ժամկետից առաջ ներկայացված հայտարարագրերը՝ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Օրենքի նման կարգավորումը չի սահմանափակում Հանձնաժողովի իրավունքը 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ներկայացված հայտարարագրերը և դրանցում արտացոլված տվյալները համադրել մինչև 2017 թվականը ներկայացված և Հանձնաժողովի տիրապետության տակ գտնվող հայտարարագրերի տվյալների հետ՝ այդ նպատակով կատարելով հարցումներ իրավասու մարմիններին։

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում մնում են կասկածներ, որ հայտարարատու պաշտոնատար անձի կամ իր ընտանիքի կազմի մեջ մտնող անձի գույքի էական փոփոխությունը (գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը) կամ ծախսը ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ վերջիններիս մոտ առկա է չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, կամ եկամտի աղբյուրն օրինական կամ արժանահավատ չէ, ապա Հանձնաժողովն իրավասու է հայտարարատուից հայցելու պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր՝ դրանք ներկայացնելու համար տրամադրելով նվազագույնը 10, իսկ առավելագույնը՝ 30 օր ժամկետ: Իսկ ըստ նույն հոդվածի 9-րդ մասի՝ եթե հայտարարատուն սահմանված ժամկետում չի տրամադրում պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր, կամ դրանք բավարար չեն առկա կասկածները փարատելու համար, ապա Հանձնաժողովը նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է գլխավոր դատախազություն: Նույն հոդվածի 9.1-րդ մասի համաձայն՝ եթե սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված հայտարարատուն դատավոր կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամ է, ապա Հանձնաժողովը, նյութերը գլխավոր դատախազություն ուղարկելուն զուգահեռ, հարուցում է կարգապահական վարույթ։ Վարույթի ընթացքում ձեռք բերված նյութերը դատավորին կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հետ ներկայացվում են Բարձրագույն դատական խորհուրդ։

Վերը նշված հոդվածների վերլուծությունից բխում է, որ Հանձնաժողովին տրվել է լիազորություն օրենքով սահմանված ժամկետներում հայտարարատու պաշտոնատար անձի կամ իր ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից ներկայացված հայտարարագրերի վերլուծության արդյունքում ի հայտ եկած կասկածները փարատելու նպատակով վերջինիցս պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր հայցել: Միաժամանակ նշված պահանջի կատարման համար հայտարարատու անձի համար սահմանվել է որոշակի ժամանակահատված՝ նվազագույնը 10, իսկ առավելագույնը՝ 30 օր:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 25.03.2020 թվականին ընդունված և 02.05.2020 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-199-Ն օրենքի «Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ» վերտառությամբ 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, Հանձնաժողովը վերլուծում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների հայտարարագրերը:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամների հայտարարագրերը Հանձնաժողովը վերլուծում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 25.03.2020 թվականին ընդունված թիվ ՀՕ-199-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, այն է՝ 02.05.2020 թվականից մինչև 02.08.2020 թվականը:

Բարձրագույն դատական խորհուրդը կարևոր է համարում անդրադառնալ այն հարցին, թե ինչ է նշանակում «(․․․) վերլուծում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների հայտարարագրերը» օրենքի ձևակերպումը և ինչպես է ավարտվում վերլուծությունը։ Բարձրագույն դատական խորհուրդը չի կարող համաձայնվել Հանձնաժողովի կողմից տրված այն մեկնաբանման հետ, որ վերլուծությունը ներկայացված հայտարարագրի համակարգչային ծրագրով ամփոփումն է, որից հետո Հանձնաժողովն իրավասու է հայտարարատուից հայցելու պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր։ Նման մեկնաբանությունը չի կարող հիմնավոր համարվել, քանի որ Օրենքով չկան սահմանված ժամկետներ, թե երբ կարող է նման հարցումն արվել։ Սա նշանակում է, որ Հանձնաժողովը կարող է պարզաբանումներ ներկայացնելու հարցումն անել հայտարարագրի վերլուծությունից հետո անորոշ ժամկետում, ինչն անընդունելի է։ Դեռ ավելին, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 25.03.2020 թվականին ընդունված թիվ ՀՕ-199-Ն օրենքի անցումային դրույթների ուսումնասիրությունից ակնհայտ է, որ դրանում սահմանված հայտարարագրերի վերլուծության ժամկետներն ինքնանպատակ չեն։ Բարձրագույն դատական խորհրդի անդամների կողմից ներկայացված հայտարարագրերի համար նախատեսելով վերլուծության եռամսյա (հոդված 14, մաս 2), իսկ դատավորների կողմից ներկայացված հայտարարագրերի համար՝ երկու տարվա (հոդված 14, մաս 4) ժամկետ, Օրենքը նպատակ է ունեցել հնարավորինս կարճ ժամկետում ավարտին հասցնել Բարձրագույն դատական խորհրդի անդամների բարեվարքության ստուգումը, որպեսզի ստեղծվեն բոլոր իրավական հիմքերը՝ Խորհրդի կողմից դատավորների նկատմամբ հայտարարագրերի կապակցությամբ հարուցված հնարավոր կարգապահական վարույթները քննելու համար։ Բարձրագույն դատական խորհրդի անդամների հայտարարագրերի վերլուծության գործառույթի իրականացման համար կարճ ժամկետների սահմանումն ինքնանպատակ չէ, այլ միտված է ապահովելու Բարձրագույն դատական խորհուրդի անդամի՝ որպես անաչառ ու անկողմնակալ դատավորի բարձր կարգավիճակին համապատասխանությունը՝ հատկապես այն բոլոր դեպքերում, երբ Բարձրագույն դատական խորհուրդը կքննի Հանձնաժողովի՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում և կարգով ներկայացված միջնորդությունները՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին։

Այս կապակցությամբ Բարձրագույն դատական խորհուրդը կարևորում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և անդամների կողմից բարեվարքության ստուգման ընթացքում անհրաժեշտության առաջացմամբ գույքի և եկամուտների վերաբերյալ պարզաբանում ներկայացնելու պարտականության կատարումը:

Օրենքի վերոնշյալ հոդվածների այլ կերպ մեկնաբանումը փաստացի անհնար է դարձնում Օրենքով նախատեսված նպատակներին հասնելը։

Այնուհանդերձ, Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 25.03.2020 թվականին ընդունված թիվ ՀՕ-199-Ն օրենքով սահմանված վերոհիշյալ եռամսյա ժամկետը չպահպանելը նույն օրենքի պահանջի խախտում է: Հետևաբար, այն պարագայում, եթե Հանձնաժողովն օրենքով սահմանված ժամկետում չի կատարում հայտարարագրի վերլուծությունը և չի իրացնում պարզաբանում հայցելու իրեն վերապահված լիազորությունը, ապա հայտարարատու անձի կողմից իրավաչափ է գնահատվում նշված ժամկետների սահմանազանցմամբ ներկայացված պահանջների չկատարումը՝ նկատի ունենալով, որ օրենքով սահմանված պահանջն ինքնանպատակ չէ, և, ի թիվս այլնի, հանդիսանում է հայտարարատու անձ հանդիսացող Բարձրագույն դատական խորհրդի անդամի գործունեության երաշխիքների ապահովման միջոց, միտված է ապահովել վերջինիս՝ որպես դատարանների և դատավորների անկախության երաշխավորի, Սահմանադրական դատարանի և մյուս դատավորների համեմատ հայտարարագրերն ավելի սեղմ ժամկետում վերլուծելու օրենսդրի պահանջը:

Միաժամանակ օրենսդրի կողմից ժամկետների սահմանումը և պահպանումն իրավական որոշակիության սկզբունքի պահպանման երաշխիք են: Սահմանադրական դատարանն իր թիվ ՍԴՈ-630 և թիվ ՍԴՈ-1142 որոշումներում անդրադառանալով իրավական որոշակիության սկզբունքին՝ գտել է, որ այն անհրաժեշտ է որպեսզի համապատասխան հարաբերության մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները և վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների և պարտականությունների հարցում:

Սահմանադրության 1-ին հոդվածով հռչակված իրավական պետության կարևորագույն տարրերից է օրինականության սկզբունքը, որը ենթադրում է նաև, որ իրավական ակտերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության պահանջներին և գործողության մեջ դրվեն օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում՝ իրավունքի բոլոր սուբյեկտների, այդ թվում` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու նրանց պաշտոնատար անձանց կողմից այդ ակտերի պահանջների պարտադիր կատարման պայմանով:

Իրավական պետությունում պետական կարգավորման բոլոր ոլորտների հիմքում ընկած է օրինականության սկզբունքը՝ որպես համաիրավական բնույթի սկզբունք-մեթոդ, որը ենթադրում է իրավունքի համընդհանրություն, օրենքի գերակայություն, օրենքի առջև բոլորի հավասարություն, իրավունքների իրացման և պաշտպանության կառուցակարգերի առկայություն, իրավակարգի կայունություն: Որպես համընդհանուր բնույթ ունեցող սկզբունք՝ օրինականության սկզբունքը պահանջում է որակյալ, ոչ հակասական օրենսդրության առկայություն և օրենսդրական նորմերի անշեղ կատարում բոլոր հասցեատերերի՝ պետական իշխանության մարմինների, պաշտոնատար անձանց, քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից: Այս կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ օրենքը պետք է լինի բավականաչափ մատչելի, նորմը կարող է որակվել որպես «օրենք», եթե այն բավականաչափ հստակ է, ինչը հնարավորություն է տալիս անձին համապատասխանեցնելու իր վարքագիծը և կանխատեսելու դրա հետևանքները (տե´ս Sunday times v. The United Kingdom, 26/04/1979 թ. վճիռ, գանգատ թիվ 6538/74, կետ 49):

Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում անդրադառնալ նաև Հանձնաժողովի իրավական կարգավիճակին ու դրանով պայմանավորված իրավասության սահմաններին:

 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանձնաժողովն ինքնավար պետական մարմին է, իսկ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասն ամրագրում է, որ ինքնավար պաշտոններ են նաև անկախ պետական մարմինների անդամների պաշտոնները:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը սահմանում է Հանձնաժողովի գործառույթները, իսկ 24-րդ հոդվածը՝ Հանձնաժողովի լիազորությունները:

Նշված հոդվածների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Հանձնաժողովը, լինելով պետական, անկախ և ինքնավար մարմին, իր գործունեության ընթացքում առաջին հերթին կոչված է ապահովելու հանրային բնագավառում իշխանական պաշտոն զբաղեցրած անձանց կողմից ներկայացված հայտարարագրերի վերլուծության և վարույթների անցկացման հետ կապված հարաբերությունների կազմակերպումն ու իրականացումը: Այսինքն, Հաձնաժողովի գործառնական բովանդակությունն ունի հանրային բնույթ:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածում ամրագրված Հանձնաժողովի լիազորությունների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ այդ մարմնի գործունեությունն ունի արտաքին ներգործության բնույթ, կոչված է հետևելու իր կողմից սահմանված բարեվարքության չափորոշիչների նկատմամբ, ինչպես նաև օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների վերաբերյալ պետական և տեղականի ինքանակառավարման մարմինների համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պահպանմանը և ուղղված է կոնկրետ հասցեատերերի համար հանրային բնագավառում իրավական հետևանքներ առաջ բերելուն:

Հիշատակվածը թույլ է տալիս եզրակացնել, որ Հանձնաժողովը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի իմաստով, հանդիսանում է պետական վարչական մարմին, իսկ նույն մասի 2-րդ կետի համաձայն՝ իր լիազորությունների շրջանակում իրականացնում է վարչարարություն, այն է՝ արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, որը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ, ինչպես և անձանց համար առաջացնում փաստական հետևանքներ:

Վերոգրյալը թույլ է տալիս եզրակացնել նաև, որ վարչարարություն իրականացնելիս, Հանձնաժողովի վրա ամբողջությամբ տարածվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթների պահանջները: Այդ համատեքստում Հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդության իրավաչափության պարզման համար, Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նշված օրենքի շրջանակներում վարչարարության իրականցմանը ներկայացվող ժամկետների վերաբերյալ ամրագրված սահմանափակումներին:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ վարչական մարմինն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է գործել այնպես, որպեսզի առանց իր լիազորությունների կատարմանը վնասելու` առավել սեղմ ժամկետում, առավել բարենպաստ արդյունքի հասնելու համար ապահովի իր տնօրինմանը հանձնված միջոցների առավել արդյունավետ օգտագործումը, իսկ նույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական վարույթը պետք է իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետում: Ընդ որում, եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտ ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո` ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:

Վերոգրյալ իրավակարգավորումները թույլ են տալիս եզրակացնել, որ վարչական մարմնի վրա օրենսդրի կողմից ներկայացվել է հրամայական պահանջ՝ վարչարարությունն իրականացնել հնարավորին սահմանափակ ժամկետներում, վարչական մարմնի կողմից ապահովել արագ գործելու պարտականությունը, ինչպես նաև վարչարարության տնտեսվարության սկզբունքը: Այդուհանդերձ օրենսդիրը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածում ամրագրել է վարչական վարույթի ընդհանուր ժամկետները, որի համաձայն.

1. Վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ:

2. Վարչական վարույթի ժամկետն սկսվում է դիմումը տվյալ վարչական մարմնում մուտքագրելու օրվանից, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ ընդունվելիք վարչական ակտերի համար` նախաձեռնության օրվանից:

3. Սույն օրենքով նախատեսված ժամկետները հաշվարկվում են օրացուցային օրերով:

Եթե ժամկետը լրանում է ոչ աշխատանքային օրը, ապա ժամկետն ավարտված է համարվում այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա ժամը 18:00-ին:

Վերը նշված իրավանորմը հանդիսանում է բացարձակ որոշակի իրավանորմ և կամայական կամ հայեցողական փոփոխության ենթակա չէ: Ընդ որում, ժամկետային սահմանափակումն ինքնանպատակ չէ: Վարչական վարույթի ավարտի համար սահմանված ժամկետի սպառմամբ, դադարում է նաև վարաչարարության համար օրենքով վարչական մարմնին տրված լիազորությունը:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ այն բոլոր դեպքերում, երբ վարչական վարույթի իրականացման համար օրենսդրի կողմից հատուկ ժամկետներ չեն սահմանվել, ապա վարույթի ավարտը չի կարող առանց «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի կիրառման երկարաձգման, կամ վարչարարություն իրականացնող մարմնի կողմից փոփոխության ենթարկվել: Ընդ որում, ժամկետի երկարաձգումը պետք է իրականացվի պատճառաբանված որոշմամբ՝ բոլոր դեպքերում պահպանելով հնարավորին սահմանափակ ժամկետներում վարչական մարմնի արագ գործելու պարտականությունը, ինչպես նաև վարչարարության տնտեսվարության սկզբունքը:

Ամփոփելով վերոգրյալը Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ վարչարարության համար սահմանված ժամկետները կոչված են ապահովելու՝

1. վարչարարության տնտեսվարությունը,

2. վարչական մարմնի կողմից վարչարարության իրականացման արդյունավետությունը,

3. վարչական մարմնի կողմից վարչարարության չարաշահման բացառումը,

4. վարչարարությամբ կամայականության բացառումը:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ վարչարարության համար օրենքով սահմանված ժամկետի ավարտմամբ, դադարում է նաև այդ վարչարարության իրականացման համար օրենսդրի կողմից վարչական մարմնին տրված լիազորությունը: Ուստի ժամկետի խախտմամբ վարչարարության իրականացմումը չի կարող որակվել իրավաչափ վարչարարություն, ինչով և պայմանավորված չի կարող առաջ բերել իրավական հետևանք, բացառությամբ այն հետևանքների, որոնք վերաբերում են ոչ իրավաչափ հետևանքների վերացմանը: Ավելին, վարչարարության համար տրված ժամկետների ավարտը հանդիսանում է այն իրավաբանական փաստը, որի ուժով դադարում է նաև վարչաիրավական իրավահարաբերությունը և դրա բացակայության պայմաններում վարչական մարմնի գործողությունները չեն կարող որակվել ոչ միայն իրավաչափ, այլև օրինական, քանի որ հակասության մեջ կլինեն օրենքի պահանջի հետ: Այդ առումով Բարձրագույն դատական խորհուրդն առանձնացնում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում նշել նաև, որ օրենսդրի կողմից ժամկետի նախատեսումն ինքնանպատակ չէ. ժամկետ նախատեսելով և վարույթ հարուցող մարմնին այդ ժամկետներով սահմանափակելով՝ օրենսդիրը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է՝ երաշխավորել տվյալ իրավահարաբերության մասնակիցների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: Այդ ժամկետն օրենքով նախատեսված այն որոշակի ժամանակահատվածն է, որի ընթացքում վարույթի մասնակիցներն իրավունքն ունեն (պարտավոր են) կատարելու օրենքով նախատեսված գործողություններ:

Միաժամանակ Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ որոշակի ժամկետներով այդօրինակ գործողությունների սահմանափակումը կոչված է ապահովելու իրավահարաբերությունների կայունությունը, որոշակիությունը, հստակությունը, ինչպես նաև կոչված է կանխելու և բացառելու «կամայականության վտանգ»-ը՝ տալով համապատասխան սուբյեկտներին իրենց վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու գործնական հնարավորություն:

Քննարկվող պարագայում Ռուբեն Վարդազարյանի և իր ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց վերաբերյալ հայտարարագրերի վերլուծության արդյունքներն ամփոփվել են 28.09.2020 թվականի թիվ ԲԴԽ-08 արձանագրությամբ։ Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը 29.09.2020 թվականի թիվ Ե-086 գրությամբ է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանից խնդրել 10-օրյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնել գրավոր պարզաբանում հայտարարագրերի վերլուծության արդյունքում հայտնաբերված և արձանագրված առերևույթ անհամապատասխանությունների առնչությամբ, այսինքն՝ Օրենքով նախատեսված եռամսյա ժամկետից շուրջ երկու ամիս անց:

Ամփոփելով վերոգրյալը՝ Բարձրագույն դատական խորհուրդը փաստում է, որ տվյալ դեպքում Հանձնաժողովի կողմից չի պահպանվել Բարձրագույն դատական խորհրդի անդամի հայտարարագրերը վերլուծելու օրենքով հստակ սահմանված եռամսյա ժամկետը, որպիսի պարագայում Ռուբեն Վարդազարյանին դատավորի վարքագծի կանոնների խախտում վերագրվել չի կարող:

Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդազարյանի փաստարկներին առ այն, որ Հանձնաժողովը բաց է թողել նյութերը Գլխավոր դատախազություն ուղարկելու օրենքով սահմանված եռօրյա ժամկետը, ապա Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Հանձնաժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի հայտարարագիրը վերլուծելու օրենքով հստակ սահմանված եռամսյա ժամկետը խախտելու հիմքը բավարար է միջնորդությունը մերժելու համար, ուստի Ռուբեն Վարդազարյանի այլ փաստարկներին անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է։

Միաժամանակ Բարձրագույն դատական խորհուրդը կարևոր է համարում արձանագրել նաև, որ անկախ օրենսդրական կարգավորումներից, թե՛ Բարձրագույն դատական խորհրդի անդամների, և թե՛ դատական իշխանության ներկայացուցիչների պարտականությունն է իրենց վարքագծով ապահովել դատական իշխանության բարձր հեղինակությունը։ Դատական իշխանության ներկայացուցիչների կողմից բարեվարքության վերաբերյալ պարզաբանումներ տալուց խուսափելը, թեկուզ և օրենսդրորեն նման իրավունքների իրացման սահմաններում, չի կարող դրական ազդեցություն ունենալ դատական իշխանության հեղինակության վրա։ Հայտարարագրի վերաբերյալ պարզաբանումներ տալուց ցանկացած հրաժարում կարող է հանրության մոտ ողջամիտ կասկածներ առաջացնել հայտարարագրված տեղեկությունների ճշմարտացիության վերաբերյալ, ինչը իր հերթին բացասական ազդեցություն կունենա դատական իշխանության անկախության նկատմամբ հանրության ընկալման հարցում։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը մերժում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, եթե առկա է սույն օրենսգրքի 146-րդ հոդվածի 6-րդ մասով և 147-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված որևէ հիմք:

Նույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարույթ հարուցած մարմինը կարճում է կարգապահական վարույթը, եթե առկա չէ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք:

Վերոգրյալից ելնելով և ղեկավարվելով Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասերով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 155-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց.

 

1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջնորդությունը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։

 

ԱՆԴԱՄՆԵՐ՝

Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ

 

Մ. ՄԱԿՅԱՆ

 

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

Ա. ՄԽԻԹԱՐՅԱՆ

 

Ս. ՉԻՉՈՅԱն

 

Վ. Քոչարյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 օգոստոսի 2021 թվական: