Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1598
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.06.2021
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
10.06.2021
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
10.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2021

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

10 հունիսի 2021 թ.

 

ՀԱՅԿ ԵՐԵՄՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 94-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 109-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ Հայկ Երեմյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչներ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանի, Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության պետ Գ. Աթանեսյանի և Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Մոսինյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայկ Երեմյանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 5-րդ մասի և 109-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը (ՀՕ-95-Ն, այսուհետ՝ Դատական օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 7-ին, Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2018 թվականի փետրվարի 10-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ին:

Դատական օրենսգրքի՝ «Բարձրագույն դատական խորհրդի ակտերը և դրանց ընդունման կարգը» վերնագրով 94-րդ հոդվածի 5-րդ մասը դիմողի նկատմամբ կիրառված շարադրանքով սահմանում է.

«5. Դատավորների թեկնածուների հավակնորդների, դատավորների թեկնածուների, ներառյալ՝ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները կազմելու և հաստատելու, նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկելու դեպքերում Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` գաղտնի քվեարկությամբ»:

Դատական օրենսգրքի «Բարձրագույն դատական խորհրդի ակտերը և դրանց ընդունման կարգը» վերնագրով 94-րդ հոդվածի 5-րդ մասը փոփոխվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Ազգային ժողովի կողմից 2020 թվականի մարտի 25-ին ընդունված ՀՕ-197-Ն սահմանադրական օրենքով, որի 23-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն «Օրենքի 94-րդ հոդվածում՝ (…) 2) 5-րդ մասի «գաղտնի քվեարկությամբ» բառերը փոխարինել «խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ» բառերով.»։

Դատական օրենսգրքի՝ «Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի կազմումը և հաստատումը» վերնագրով 109-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է.

«4. Յուրաքանչյուր մասնագիտացման բաժնի համար քվեարկության արդյունքներով Բարձրագույն դատական խորհրդի կողմից կազմվում է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակ, որում ընդգրկվում են անհրաժեշտ քանակին հավասար քանակի առավելագույն, սակայն ոչ պակաս, քան Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ ստացած հավակնորդները»:

Գործի քննության առիթը Հայկ Երեմյանի կողմից 2020 թվականի դեկտեմբերի 14-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, վերլուծելով Դատական օրենսգրքի վերաբերելի դրույթները և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումը

Դիմումի առարկան Դատական օրենսգրքի 94-րդ հոդվածի 5-րդ և 109-րդ հոդվածի 4-րդ մասերի՝ Բարձրագույն դատական խորհրդի, ինչպես նաև դատարանների կողմից իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, սահմանադրականության հարցն է:

Ըստ դիմողի՝ Բարձրագույն դատական խորհուրդը և դատարանները Դատական օրենսգրքի 94-րդ հոդվածի 5-րդ և 109-րդ հոդվածի 4-րդ մասերին տվել են հակասահմանադրական մեկնաբանություն, որի արդյունքում խախտվել են դիմողի՝ Սահմանադրության 49-րդ հոդվածով ամրագրված՝ հանրային ծառայության անցնելու և 50-րդ հոդվածով ամրագրված՝ պատշաճ վարչարարության իրավունքները:

Դիմողի կարծիքով վիճարկվող դրույթներին դատարանների կողմից տրված մեկնաբանությունը, ըստ որի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թիվը Սահմանադրության 174-րդ հոդվածով սահմանված թիվն է՝ տասը, և, հետևաբար, երբ օրենքը որոշումներ կայացնելու համար պահանջում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնություն, անհրաժեշտ է առնվազն վեց «կողմ» կամ «դեմ» ձայն, օրենքի դրույթների զուտ քերականական մեկնաբանություն է, որի պարագայում հաշվի չի առնվել Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված՝ մարդու իրավունքները հարգելու և պաշտպանելու հանրային իշխանության պարտականությունը:

Դիմողը գտնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր հաստիքին ձայնի իրավունք վերապահելը և այդ ձայնը քննարկվող դեպքում հավակնորդի դեմ մեկնաբանելն օրենքի հակասահմանադրական մեկնաբանություն է, քանի որ նման մեկնաբանությամբ ակնհայտ անհավասար պայմաններ են ստեղծվում այն հավակնորդների միջև, որոնք հարցազրույցի են մասնակցում մի դեպքում՝ Բարձրագույն դատական խորհրդի բոլոր տասն անդամների, մյուս դեպքում՝ չհամալրված կազմի, իր դեպքում՝ ութ անդամների մասնակցությամբ, քանի որ առաջին դեպքում հարցազրույցի փուլն անցնելու համար անհրաժեշտ է ձայների 60%-ի, իսկ երկրորդ դեպքում՝ 75%-ի ապահովում:

Դիմողի կարծիքով՝ Բարձրագույն դատական խորհրդի ամբողջական, համալրված կազմի բացակայության պայմաններում պետք է օրենսդրական այնպիսի կարգավորում նախատեսված լինի, որ քաղաքացու վերաբերյալ որոշում ընդունելիս այդ որոշման կայացմանը մասնակից չդարձած անդամների ձայներն ի սկզբանե չդիտվեն որպես դեմ, հակառակ դեպքում տեղ է գտնում անարդար մոտեցում, ինչն էլ բերում է Սահմանադրությամբ ամրագրված՝ անձի հիմնական իրավունքների և ազատությունների խախտման:

 

2. Պատասխանողի դիրքորոշումը

Պատասխանողի դիրքորոշմամբ վիճարկվող իրավադրույթները համապատասխանում են Սահմանադրությանը, քանի որ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար Դատական օրենսգրքի 97-րդ հոդվածում նախատեսված են ընդհանուր հիմքերը, իսկ դատավորի պաշտոնի առանձնահատկություններից ելնելով՝ նախատեսվել է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու հստակ կառուցակարգ՝ որակավորման գրավոր քննություն և հարցազրույց։ Անձի՝ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար անհրաժեշտ հաջորդ պայմանը տվյալ թեկնածուի օգտին Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության «կողմ» ձայների առկայությունն է, ինչը համահունչ է Սահմանադրության 49-րդ հոդվածին և Սահմանադրական դատարանի կողմից այս սահմանադրական դրույթին տրված մեկնաբանություններին։

 

3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն սահմանադրաիրավական վեճի բովանդակությունը ոչ ամբողջական կազմով Բարձրագույն դատական խորհրդի կողմից որոշումների ընդունման համար որպես մեծամասնության հաշվարկի հիմք Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թիվը (10 անդամ) ընդունելն է, որի արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի տվյալ նիստից բացակա անդամների ձայները չեն համարվում «կողմ» քվեարկած ձայներ:

Սույն գործի քննությամբ Սահմանադրական դատարանը գնահատում է վիճարկվող իրավադրույթների սահմանադրականությունը՝ Սահմանադրության 49-րդ հոդվածի, 174-րդ հոդվածի 1-3-րդ մասերին և 175-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին և նույն հոդվածի 4-րդ մասին համապատասխանության շրջանակում։ Վիճարկվող իրավադրույթների սահմանադրականությունը որոշելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել, թե՝

3.1. արդյոք Դատական օրենսգրքի 94-րդ հոդվածի 5-րդ մասով և 109-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգավորումները համապատասխանում են Սահմանադրության 174-րդ հոդվածի 1-3-րդ մասերի և 175-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և նույն հոդվածի 4-րդ մասի պահանջներին.

3.2. արդյոք Դատական օրենսգրքի 94-րդ հոդվածի 5-րդ մասով և 109-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգավորումները համապատասխանում են Սահմանադրության 49-րդ հոդվածով սահմանված «ընդհանուր հիմունքներ»-ին։

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Սահմանադրության 49-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր քաղաքացի ունի ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով»:

Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ «Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը»:

Սահմանադրության 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից»:

Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն «Բարձրագույն դատական խորհուրդը` կազմում և հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները»:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով»:

4.2. Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ հանրային ծառայության անցնելու իրավունքի շրջանակներին՝ 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է.

«4.1. Սահմանադրության 49-րդ հոդվածի առաջին նախադասության համաձայն՝ յուրաքանչյուր քաղաքացի ունի ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունք: Ընդ որում, այս հիմնական իրավունքը` իր սահմանադրական ձևակերպման շրջանակներում, որևէ սահմանափակման ենթակա չէ, սակայն այն կանոնակարգող մանրամասները պետք է սահմանվեն օրենքով (Սահմանադրության 49-րդ հոդվածի երկրորդ նախադասություն):

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրության 49-րդ հոդվածի ձևակերպումներից հետևում է, որ հանրային ծառայության անցնելու իրավունքը սահմանադրորեն երաշխավորված է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, այս իրավունքի իրականացման համար օրենսդիրը պարտավոր է ապահովել ընդհանուր հիմքեր՝ բացառելով որևէ խտրականություն:

Մյուս կողմից՝ ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի իրականացման կառուցակարգերը կարող են էապես տարբերվել միմյանցից՝ կախված հանրային պաշտոնի առանձնահատկություններից և հանրային ծառայության տեսակից»:

4.3. Հանրային իշխանության կոլեգիալ մարմնի գործունեության առանձնահատկությունները 2017 թվականի նոյեմբերի 10-ի ՍԴՈ-1384 որոշմամբ քննարկելիս Սահմանադրական դատարանն արձանագրել է.

«6. վեճի առարկա իրավակարգավորումների առանձնահատկություններն առաջին հերթին պայմանավորված են ընդհանրապես հանրային իշխանության կոլեգիալ մարմնի և, մասնավորապես՝ համայնքի ավագանու իրավազորության որոշման հստակեցմամբ, ելնելով հատկապես այն մեկնակետից, որ «քվորումը» հանրային իշխանության կոլեգիալ (ներկայացուցչական) մարմնի կամաարտահայտման իրացման (այս կամ այն լիազորության իրականացման) առաջնահերթ (պարտադիր) իրավական պայմանն է:

Իրավագիտական առումով «կոլեգիալություն» եզրույթի բնորոշումը հիմնականում հանգում է հետևյալին. կոլեգիալությունը կառավարման սկզբունք է, որի պայմաններում ղեկավարումն իրականացվում է մի խումբ լիազորված անձանց կողմից։ Կոլեգիալության կարգով որոշումների կայացումը ենթադրում է կարծիքների նախնական քննարկում և կոլեկտիվ քննարկման արդյունքում պաշտոնական փաստաթղթի մշակում ու ընդունում։

Հանրային իշխանության իրականացումն ինչպես միանձնյա, այնպես էլ կոլեգիալ սկզբունքներով սահմանադրաիրավական պայման է, որն անմիջականորեն բխում է ՀՀ Սահմանադրության անփոփոխելի 2-րդ հոդվածի իրավակարգավորումից և պայմանավորված է կառավարման ժողովրդավարական սկզբունքների շարունակական իրացման անհրաժեշտությամբ: Կոլեգիալ կառավարման անհրաժեշտությունը, մասնավորապես, նպատակ ունի բազմակարծության ապահովման (2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդված), սուբյեկտիվիզմի և կամայականության հաղթահարման, ինչպես նաև հանրության օբյեկտիվ շահերի առավել արտահայտման միջոցներով երաշխավորել տվյալ մարմնի առջև Սահմանադրությամբ և օրենքներով առաջադրված հանրային կարևորություն ունեցող գործառույթների արդյունավետ իրականացումը։

Ելնելով այս կամ այն մարմնի իրավական կարգավիճակի (գործառույթների շրջանակի) առանձնահատկություններից՝ հանրային իշխանության բնագավառում կոլեգիալ և միանձնյա կառավարման տարանջատման չափանիշներից են հանրային իշխանության մարմինների կողմից ընդունվող պաշտոնական փաստաթղթերի (որոշումների) ընդունման պայմաններն ու կարգը: Կոլեգիալ մարմինների հանրային-իշխանական գործունեության կարգավորման հիմքում առաջնահերթ կարևորվում են որոշում (կամ պաշտոնական այլ փաստաթուղթ) ընդունելու իրավական անհրաժեշտությունը, իսկ որոշ դեպքերում՝ հրատապությունը, մյուս կողմից՝ օբյեկտիվ պատճառներով կոլեգիալ մարմնի նիստին տվյալ մարմնի բոլոր անդամների մասնակցությունն ապահովելու անհնարինության պայմաններում այդ մարմնի բնականոն գործունեությունն ապահովող նվազագույն պայմանների, այն է՝ կոլեգիալ մարմնի անհրաժեշտ նվազագույն թվով անդամների մասնակցությամբ որոշումների ընդունման երաշխավորումը։ Ընդ որում, դեպքերից որևէ մեկին նախապատվություն չի կարող տրվել։ Անհրաժեշտ է ողջամիտ հավասարակշռություն նշված դեպքերի միջև՝ այն հաշվով, որպեսզի չխաթարվի ժողովրդավարական պետության էությունը։

Սահմանադրական դատարանի գնահատմամբ այդպիսի հավասարակշռությունը ենթադրում է կոլեգիալ մարմնի նիստերին տվյալ մարմնի անդամների անհրաժեշտ այնպիսի թվաքանակի ներկայություն, որը ճանաչելի կդարձնի տվյալ մարմինը որպես այդպիսին, կերաշխավորի նրա կողմից լեգիտիմ որոշումներ կայացնելու կարողունակությունը։ Այսինքն՝ կոլեգիալ մարմնի նիստի իրավազորության առումով կոլեգիալ մարմնի նիստին տվյալ մարմնի անդամների ընդհանուր թվի առնվազն պարզ մեծամասնության ներկայությամբ է պայմանավորվում ժողովրդավարական պետությունում կոլեգիալ մարմնի լեգիտիմ գործունեությունը»։

4.4. Սահմանադրության 49-րդ հոդվածով հռչակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունքը, որի իրականացման մանրամասների սահմանումը նույն հոդվածով վերապահվել է օրենսդրին։ Սահմանադրության նշված հոդվածով նախատեսված իրավունքը պաշտպանվում էր 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 30.2-րդ հոդվածով նախատեսված դրույթով, որի 2-րդ մասը Սահմանադրության 49-րդ հոդվածով նախատեսված «մանրամասներ»-ի կարգավորումը օրենսդրի հայեցողությանը թողնելու փոխարեն նախատեսում էր, որ օրենսդրի կողմից կարգավորման ենթակա էին այս իրավունքի շրջանակում «հանրային ծառայության սկզբունքները և կազմակերպման կարգը»։

4.5. Սահմանադրության 49-րդ հոդվածով նախատեսված՝ ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունքի պաշտպանությունը նախատեսված է նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններով, մասնավորապես՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1966 թվականի դեկտեմբերի 16-ի 2200 Ա (XXI) բանաձևով ընդունած «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրով, որի 25-րդ հոդվածի գ) կետի համաձայն՝ «Յուրաքանչյուր քաղաքացի, առանց 2-րդ հոդվածում հիշատակվող որևէ խտրականության և առանց անհիմն սահմանափակումների, պետք է իրավունք և հնարավորություն ունենա իր երկրում հավասարության ընդհանուր պայմաններով մտնել պետական ծառայություն»:

Մեկնաբանելով հիշյալ դրույթը՝ Միացյալ ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների կոմիտեն հաստատել էր, որ սույն իրավունքը չի երաշխավորում հանրային ծառայության մեջ աշխատանք՝ որպես վերջնարդյունք, այլ նման աշխատանք ստանալու արդարացի հնարավորություն: Հիշյալ դրույթը վերաբերում է քաղաքացիների իրավունքին՝ ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության պաշտոններին հավակնելու հարցում։ Կոմիտեն այս առումով հաստատել է, որ հանրային ծառայությանն անցնելու հավասար հիմունքներն ապահովելու համար անհրաժեշտ է, որ հանրային ծառայության անցնելու, հանրային ծառայության մեջ առաջխաղացման, պաշտոնանկության համար նախատեսված չափորոշիչները և վարույթներն ապահովեն օբյեկտիվության և ողջամտության պահանջները։ Այս իրավունքի պաշտպանության համար հատուկ կարևորություն ունի հիշյալ դաշնագրի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով խտրականության արգելքի ապահովումը բոլոր այն քաղաքացիների նկատմամբ, որոնք նույն դաշնագրի 25-րդ հոդվածի գ) կետի համաձայն հավակնում են հանրային ծառայության (General Comment No. 25: The right to participate in public affairs, voting rights and the right of equal access to public service (Art. 25): 12/07/96. CCPR/C/21/Rev.1/Add.7, General Comment No. 25. (General Comments), para. 23):

4.6. Սահմանադրության 49-րդ հոդվածի և Սահմանադրության 81-րդ հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումների հաշվառմամբ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 25-րդ հոդվածի գ) կետի համալիր վերլուծությունից բխում է, որ Սահմանադրության 49-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված հանրային ծառայության անցնելու իրավունքով սահմանադրորեն երաշխավորված է՝

ա) հանրային ծառայության անցնելու համար օրենսդրի կողմից ընդհանուր հիմունքներ սահմանված լինելու դեպքում Սահմանադրության 29-րդ հոդվածով նախատեսված խտրականության բացառումը,

բ) հանրային ծառայության անցնելու կամ հանրային ծառայության մեջ առաջխաղացման սահմանափակման կամ պաշտոնանկության կամ լիազորությունների այլ կերպ դադարեցման հիմքերը «օբյեկտիվ և ողջամիտ» չափանիշներին համապատասխանելու անհրաժեշտությունը։

4.7. Սահմանադրության 49-րդ հոդվածով նախատեսված հանրային ծառայության անցնելու իրավունքի իրացման մանրամասների սահմանումը սահմանադրի կողմից վերապահվել է օրենսդրի հայեցողությանը։ Այսինքն՝ հանրային ծառայության անցնելու, դրանում առաջխաղացման և այն դադարելու և դադարեցնելու պայմանները, հիմքերը և կարգը սահմանվում են օրենքով։ Հետևաբար՝ հանրային ծառայության անցնելու իրավունքի ընթացակարգային կողմը լիովին վերապահված է օրենսդրի հայեցողությանը, որը, միաժամանակ, կաշկանդված է խտրականության սահմանադրական արգելքով հանրային ծառայության անցնելու (տես՝ ՍԴՈ-1488, կետ 4.1) և հանրային ծառայությանը միջամտության (տես՝ ՍԴՈ-1224, կետ 22) հիմքեր և պայմաններ սահմանելիս։

Միաժամանակ, Սահմանադրության 49-րդ հոդվածով օրենսդրին վերապահված ընդարձակ հայեցողության վերապահման նպատակը հանրային ծառայության պաշտոններում գործառույթների բազմազանության պայմանում այդ պաշտոններից յուրաքանչյուրի առանձնահատկություններին հանրային ծառայության անցնելու կառուցակարգերի համապատասխանությունն ապահովելն է (տես՝ ՍԴՈ-1488, կետ 4.1)։

4.8. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի կողմից բարձրացված խնդիրը՝ վիճարկվող իրավակարգավորումների սահմանադրականությունը, գտնվում է մի կողմից հանրային ծառայության անցնելու անհատական իրավունքի, իսկ մյուս կողմից՝ Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման և գործունեության վերաբերյալ սահմանադրական կարգավորումների տիրույթում։

Որպես Սահմանադրության 49-րդ հոդվածով նախատեսված անհատական իրավունքի իրացմանը վերաբերող ընթացակարգային կանոններ՝ վիճարկվող իրավադրույթները օրինականության սկզբունքի թելադրանքով նախ և առաջ պետք է համապատասխանեն դիմողի կողմից բարձրաձայնված խնդրին վերաբերելի մասով Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման և դրա կողմից որոշումների կայացման վերաբերյալ Սահմանադրության 174-րդ հոդվածի 1-3-րդ մասերի և 175-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին մասի և նույն հոդվածի 4-րդ մասի պահանջներին։

Մասնավորապես, սահմանելով Բարձրագույն դատական խորհրդի կազմը և դրանում Ազգային ժողովի և դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվող անդամների թիվը՝ հինգական անդամ (Սահմանադրության 174-րդ հոդվածի 1-3 մասեր), ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները՝ սահմանադիրն այդ լիազորությունների իրականացման ընթացակարգային մանրամասների սահմանումը, որպես Բարձրագույն դատական խորհրդի գործունեության կարգի բաղադրիչ, պատվիրակել է օրենսդրին (Սահմանադրության 175-րդ հոդվածի 4-րդ մաս)։

Այսինքն՝ Բարձրագույն դատական խորհրդի կազմում հավասարապես ներկայացված են օրենսդիր և դատական իշխանությունների կողմից ընտրված անդամները, ինչով և շահեկանորեն ընդգծված է այս ատյանի ժողովրդավարական լեգիտիմությունը, որպես պետական իշխանության 2 ճյուղերի կողմից համատեղ ձևավորված ատյան, որի սահմանադրական լիազորությունների իրականացումը ապահովվում է պետական իշխանության նշված երկու ճյուղերի կողմից Բարձրագույն դատական խորհրդում ընտրված անդամների համաձայնությամբ։

Սահմանադրական դատարանը նկատում է, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորի թեկնածուի հավակնորդին համապատասխան ցուցակ ներառելու մասին կայացվող որոշումներն այս ատյանի ձևավորման վերը նշված նպատակին համահունչ կայացնելու համար օրենսդրի կողմից իրավացիորեն ընտրվել է որոշումների կայացման ձայների այնպիսի քանակ, որն ապահովի պետական իշխանության երկու ճյուղերից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամների համաձայնությունը, ինչը, տվյալ դեպքում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունն է՝ առնվազն 6 ձայն։ Սա բխում է դատական իշխանության ձևավորման՝ ներառյալ դատավորներ նշանակելու ընթացակարգի բաղադրիչ համարվող մասերին վերաբերող որոշումներին առաջադրվող ժողովրդավարական լեգիտիմության պահանջից։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող իրավադրույթներով նախատեսված կարգն առնչվում է քաղաքացու՝ հանրային ծառայության, տվյալ դեպքում՝ դատավորի պաշտոնի անցնելու իրավունքին, այն նախատեսում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից այս տեսակի որոշումների ընդունման ընդհանուր կարգ՝ առանց թույլատրելի բացառության։ Հաշվի առնելով, որ վիճարկվող իրավադրույթներով կայացվող որոշումները դասվում են դատական իշխանության դատարանակազմական կարևոր գործառույթի առանցքային որոշումների շարքին, Սահմանադրական դատարանն արդարացված է համարում նման որոշումները Բարձրագույն դատական խորհրդի առնվազն 6 անդամների «կողմ» ձայներով ընդունելու մասին օրենսդրի ընտրությունը։ Տվյալ դեպքում նման իրավակարգավորման նպատակը դատական իշխանության ձևավորման ընթացքում դատավորի պաշտոնի համար այնպիսի թեկնածուի ընտրությունն է, որն արժանացել է Բարձրագույն դատական խորհրդի անդամներից առնվազն վեցի հավանությանը, այսինքն՝ Բարձրագույն դատական խորհրդի այնքան անդամների համաձայնությամբ, որը բացառում է միայն դատավորների ընդհանուր ժողովի կամ միայն Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամների կողմից որոշումների կայացումը՝ ապահովելով, որ դատավորի նշանակման այս առանցքային ընթացակարգում ապահովվի որոշումների կայացումը պետական իշխանության երկու ճյուղերի կողմից ընտրված անդամների համաձայնությամբ։

Հետևաբար՝ վիճարկվող իրադրույթները բխում են Բարձրագույն դատական խորհրդի ստեղծման և գործունեության հիմքում ընկած սահմանադրի նպատակներից։

4.9. Դիմողի կողմից Սահմանադրության 49-րդ հոդվածով նախատեսված իր հանրային ծառայության անցնելու իրավունքի շրջանակում բարձրացված հարցադրումը վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդի չհամալրված կազմի կողմից որոշման կայացման դեպքում բացակա անդամների ձայների չափով քվեարկության վերջնարդյունքի՝ հանրային ծառայության անցնելու հավակնություն ունեցող անձի համար հնարավոր անբարենպաստ ելքին։

Վերահաստատելով կոլեգիալ մարմինների գործունեության արդյունավետության վերաբերյալ ՍԴՈ-1384 որոշմամբ վերը մեջբերված դիրքորոշումը Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Բարձրագույն դատական խորհրդի գործունեության կարգավորման հիմքում առաջնահերթ կարևորվում է որոշում (կամ պաշտոնական այլ փաստաթուղթ) ընդունելու իրավական անհրաժեշտությունը, իսկ որոշ դեպքերում՝ հրատապությունը և որոշման նկատմամբ վստահության բարձր աստիճանը։

Վիճարկվող իրավադրույթներով որոշումների ընդունման նախատեսված կարգը, ըստ էության, օրենսդրի կողմից ընտրված այն տարբերակն է, որն առավելագույն չափով է ապահովում մրցակցող շահերի հավասարակշռությունը։ Սահմանադրի վերը թվարկված նպատակների իրականացման հանրային շահն անտեսված կլիներ այն պայմաններում, երբ Բարձրագույն դատական խորհրդի նիստերից բացակա անդամների ձայները հաշվարկվեին որպես «կողմ», քանի որ այս իրավիճակում հնարավոր է դառնում Բարձրագույն դատական խորհրդի նիստին ներկա ընդամենը 2 «կողմ» ձայնի պայմաններում և 4 բացակա անդամի դեպքում ունենալ Հայաստանի Հանրապետության դատավորների թեկնածուների կամ թեկնածուի հավակնորդների, ինչպես նաև առաջխաղացման հնարավորություն ունեցող դատավորների թեկնածուների հաստատված ցուցակներ։

Սահմանադրական դատարանը ողջամիտ է համարում օրենսդրի՝ վիճարկվող իրավադրույթներով նախատեսված կարգով որոշումներ կայացնելու կարգի ընտրությունը, հաշվի առնելով, որ Սահմանադրությամբ սահմանված տասը հնարավոր ձայներից չորս ձայն ստացող հավակնորդով դատարան կազմակերպելը չի ապահովում դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության՝ ժողովրդավարական պետության համար ընդունելի բարձր աստիճանի ձևավորումը։

Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող իրավադրույթներով՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից որոշում կայացնելու համար նախատեսված անհրաժեշտ ձայների քանակը ընդհանուր բնույթի պայման է և հավասարապես վերաբերում է դատավորի բոլոր թեկնածուներին և թեկնածուների հավակնորդներին, այսպիսով բավարարելով նաև Սահմանադրության 49-րդ հոդվածով նախատեսված «ընդհանուր հիմունքներ» եզրի պահանջը։

Անդրադառնալով դիմողի կողմից բարձրաձայնած հանրային ծառայության անցնելու իր իրավունքին Բարձրագույն դատական խորհրդի չհամալրված կազմով որոշում կայացնելով միջամտության հարցին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այս առնչությամբ դիմողի փաստարկը հիմնված է իր հետ անցկացված հարցազրույցին Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի (10 անդամի) մասնակցության դեպքում 6 «կողմ» ձայն հավաքելու հավանականության վրա։ Սահմանադրական դատարանը նման հավանականությունը չի համարում բավարար Բարձրագույն դատական խորհրդի կողմից վիճարկվող իրավադրույթներով սահմանված կարգով որոշումների կայացմամբ անձի հանրային ծառայության անցնելու իրավունքին միջամտությունը հաստատված համարելու համար։

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 170-րդ հոդվածով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 5-րդ մասը և 109-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող`

Ա. ԴիլանՅԱՆ

 

10 հունիսի 2021 թվականի 

ՍԴՈ-1598

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունիսի 2021 թվական: