Գլխավոր տեղեկություն
Համար
N 958-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.31-2021.06.13 Պաշտոնական հրապարակման օրը 11.06.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.06.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
10.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 2021 թվականի N 958-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 369-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 369-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝

1) հավելվածի «ներածություն» բաժինը, 4-րդ, 5-րդ, 13-րդ, 16-րդ կետերը, 35-րդ կետի 1-ին, 2-րդ և 10-րդ ենթակետերը «տավարաբուծություն» բառից հետո իր հոլովաձևերով լրացնել «և գոմշաբուծություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) հավելվածի «ներածություն» բաժինը «կովերի» բառից հետո լրացնել «և մատակների» բառերով.

3) հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Գոմշաբուծությամբ զբաղվում են Տավուշի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում։ Ներկայումս, ըստ օպերատիվ տվյալների, Հայաստանի Հանրապետությունում առկա է շուրջ 700 գլուխ գոմեշ։».

4) հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Հայաստանում գոմշաբուծությամբ զբաղվում են հին ժամանակներից։ Տարեկան միջին կաթնատվությունը տատանվում է 600-800 կգ-ի սահմաններում։ Գոմեշներից ստացված բարձր յուղայնությամբ կաթից ստանում են բարձրորակ և բարձրարժեք կաթնամթերք, որն էլ մեծ պահանջարկ ունի արտաքին շուկայում։».

5) հավելվածի 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Անհրաժեշտ է նպաստավոր միջավայր ձևավորել նաև կաթնային գոմշաբուծության զարգացման համար, ինչը հնարավորություն կտա խթանել գոմեշի կաթի և մածունի, ինչպես նաև գոմեշի կաթից ստացվող բարձրարժեք գյուղատնտեսական արտադրանքի՝ մոցառելլա պանրի արտադրության կազմակերպումը։».

6) հավելվածի 15-րդ կետը «3500-4000 կգ կաթ» բառերից հետո լրացնել «, իսկ գոմեշներից՝ 1500-2000 կգ» բառերով.

7) հավելվածի 35-րդ կետի 4-րդ ենթակետը «մինչև 3500-4000 կգ» բառերից հետո լրացնել «, իսկ մեկ գլուխ գոմեշի հաշվով՝ մինչև 1500-2000 կգ» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան

 

10.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունիսի 2021 թվական: