Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.12.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.02.22/9(883).1 Հոդ.136.30
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.12.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ 

դատարանի որոշում 

Վարչական գործ թիվ ՎԴ/0195/05/10

Վարչական գործ թիվ ՎԴ/0195/05/10

2011 թ.

Նախագահող դատավոր`

Դատավորներ`

Լ. Սոսյան
Ա. Սարգսյան

Հ. Բեդևյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Վ. Աբելյանի

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

 

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

 

2011 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ֆլորա Թադևոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 01.06.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ֆլորա Թադևոսյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վաղարշապատի տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր), երրորդ անձինք Ռուզաննա, Ֆլորա, Վազգեն Սիմոնյանների՝ Էջմիածնի Բաղրամյան փողոցի թիվ 16 շենքի թիվ 16 հասցեի անշարժ գույքի 2/3 մասի նկատմամբ Վազգեն Սիմոնյանին սեփականատեր գրանցելը մասնակիորեն անվավեր ճանաչելու, նույն հասցեի անշարժ գույքի 1/2 մասի նկատմամբ Ֆլորա Թադևոսյանի սեփականության իրավունքը ճանաչելու և այդ մասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ֆլորա Թադևոսյանը պահանջել է մասնակիորեն անվավեր ճանաչել Էջմիածնի Բաղրամյան փողոցի թիվ 16 շենքի թիվ 16 հասցեի անշարժ գույքի 2/3 մասի նկատմամբ Վազգեն Սիմոնյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, նույն հասցեի անշարժ գույքի 1/2 մասի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը և պարտավորեցնել Կադաստրին այդ մասի նկատմամբ կատարելու սեփականության իրավունքի պետական գրանցում:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Ծատուրյան) (այսուհետ` Դատարան) 28.12.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.06.2011 թվականի որոշմամբ Ֆլորա Թադևոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն: Որոշվել է մասնակիորեն` ըստ հայցի Ֆլորա Թադևոսյանի ընդդեմ Կադաստրի, երրորդ անձինք Ռուզաննա, Ֆլորա, Վազգեն Սիմոնյանների՝ Էջմիածնի Բաղրամյան փողոցի թիվ 16 շենքի թիվ 16 հասցեի անշարժ գույքի 1/2 մասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և այդ մասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասով բեկանել Դատարանի 28.12.2010 թվականի վճիռը, և այդ մասով գործի վարույթը կարճել, իսկ մնացած մասով վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ֆլորա Թադևոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել 19.04.2005 թվականին ուժը կորցրած ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 20-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածը, 31.10.1990 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ֆլորա Թադևոսյանը և նրա ամուսինը՝ Զավեն Սիմոնյանը, մինչև 1990 թվականն ամբողջությամբ մարել են վիճելի բնակարանի համար ստացած 8.775 ռուբլի պետական վարկը և օրենքի ուժով այդ կոոպերատիվ բնակարանի նկատմամբ հավասար բաժիններով ձեռք են բերել սեփականության իրավունք: Այսինքն՝ անկախ այն հանգամանքից, որ Ֆլորա Թադևոսյանի համաձայնությամբ բնակարանի սեփականատեր գրանցվել է Զավեն Սիմոնյանը, Ֆլորա Թադևոսյանն օրենքի ուժով վիճելի բնակարանի 1/2-րդ մասի սեփականատերն է:

Վերաքննիչ դատարանը, փաստելով, որ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 16.05.2008 թվականի թիվ ԱՐԴ1/0118/02/08 օրինական ուժի մեջ մտած վճռով Վազգեն Սիմոնյանը ճանաչվել է հոր՝ Զավեն Սիմոնյանի մահից հետո ժառանգությունն ընդունած ժառանգ, հաշվի չի առել այն հանգամանքը, որ նշված վճռով չի նշվել, թե իրենից ինչ է ներկայացնում ժառանգական զանգվածը: Ավելին, ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 04.09.2008 թվականի որոշմամբ մերժվել է Վազգեն Սիմոնյանի՝ վերը նշված վճիռը պարզաբանելու վերաբերյալ դիմումը՝ նշելով, որ գործով ներկայացվել է ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, այլ ոչ թե ժառանգական զանգվածի և դրա բաժանման մասին պահանջ: Այսինքն՝ դատարանը չի հաստատել այն, որ Զավեն Սիմոնյանը հանդիսացել է բնակարանի միակ սեփականատերը, ինչպես նաև այն, որ Վազգեն Սիմոնյանը ճանաչվել է ամբողջ գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ:

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և գնահատել գործում առկա ապացույցները, ինչպես նաև չի տվել որոշման իրավական հիմնավորումները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.06.2011 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 06.07.1965 թվականի թիվ 192323 ամուսնության վկայականի համաձայն՝ Զավեն Սիմոնյանի և Ֆլորա Թադևոսյանի ամուսնությունը գրանցվել է 06.07.1965 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 9):

2. Էջմիածնի գործկոմի 24.01.1973 թվականի որոշման հիման վրա 15.05.1975 թվականին տրված թիվ 3 միասնական օրդերի համաձայն՝ Էջմիածնի Բաղրամյան փողոցի թիվ 16 շենքի թիվ 16 բնակարանը չորս մարդուց բաղկացած ընտանիքով զբաղեցնելու համար տրվել է Զավեն Սիմոնյանին: Նույն օրդերի համաձայն՝ Զավեն Սիմոնյանի հետ համատեղ բնակելի տարածության իրավունք ունեցողներ են նշվել կինը՝ Ֆլորա Թադևոսյանը, որդիները՝ Արայիկ և Վազգեն Սիմոնյանները (հատոր 1-ին, գ.թ. 10):

3. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի թիվ 468042 մահվան վկայականի համաձայն՝ Զավեն Սիմոնյանը մահացել է 23.09.1993 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 11):

4. ՀՀ կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ տեխնիկական գույքագրման վարչության Էջմիածնի տեղամասի կողմից տրված սեփականության վկայագրի համաձայն՝ 04.12.1995 թվականի թիվ Ս-5620 գրանցման գրքում Էջմիածնի Բաղրամյան փողոցի թիվ 16 շենքի թիվ 16 բնակարանի սեփականատեր է գրանցվել Զավեն Սիմոնյանը (հատոր 1-ին, գ.թ. 12-13):

5. Կադաստրի 16.03.2010 թվականի թիվ 409ա գրության համաձայն՝ «Էջմիածնի Բաղրամյան փողոցի թիվ 16 շենքի թիվ 16 բնակարանի կադաստրային գործում առկա փաստաթղթերի համաձայն՝ վերոգրյալ բնակարանը կոոպերատիվ բնակարանային ֆոնդի բնակարան է: Համաձայն Հայէկոնոմ բանկի Էջմիածնի մասնաճյուղի կառավարչի 28.11.1995 թվականի թիվ 436-26-4 տեղեկանքի, բնակարանի արժեքն ամբողջությամբ մարված է» (հատոր 1-ին, գ.թ. 17):

6. ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 16.05.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ ԱՐԴ1/0118/02/08 վճռով Վազգեն Սիմոնյանը ճանաչվել է իր հոր՝ Զավեն Սիմոնյանի մահից հետո մնացած գույքի նկատմամբ ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգ (հատոր 1-ին, գ.թ. 18-19):

7. ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 04.09.2008 թվականի վճռի պարզաբանումը մերժելու մասին որոշմամբ մերժվել է ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 16.05.2008 թվականի թիվ ԱՐԴ1/0118/02/08 վճիռը պարզաբանելու մասին Վազգեն Սիմոնյանի դիմումը: Նշված որոշմամբ դատարանն արձանագրել է, որ «Դատարանի 16.05.2008 թվականի վճռով հայցվոր Վազգեն Սիմոնյանը ճանաչվել է իր հոր՝ Զավեն Սիմոնյանի մահից հետո մնացած գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ: Սույն քաղաքացիական գործով պահանջ է ներկայացվել ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու մասին, այլ ոչ թե ժառանգական զանգվածի և դրա բաժանման մասին» (հատոր 1-ին, գ.թ. 20):

8. ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 27.02.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ ԱՐԴ1/0782/02/08 վճռով Ֆլորա Թադևոսյանի, Մարիամ Զավենի Սիմոնյանի և Արայիկ Զավենի Սիմոնյանի հայցն ընդդեմ Վազգեն Սիմոնյանի՝ ըստ բաժինների չափի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին մերժվել է, իսկ Ռուզաննա Ավետիսի Սիմոնյանի և Ֆլորա Վազգենի Սիմոնյանի հակընդդեմ հայցը բավարարվել է, այն է՝ ճանաչվել է Ռուզաննա Ավետիսի Սիմոնյանի և Ֆլորա Վազգենի Սիմոնյանի սեփականության իրավունքը Էջմիածնի Բաղրամյան փողոցի թիվ 16 շենքի թիվ 16 բնակարանի նկատմամբ՝ յուրաքանչյուրին 1/6 բաժնի չափով (հատոր 1-ին, գ.թ. 21-25):

9. 25.11.2009 թվականի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման թիվ 2418673 վկայականի համաձայն՝ Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 04-002-4-47 մատյանի թիվ 000125 համարի տակ Էջմիածնի Բաղրամյան փողոցի թիվ 16 շենքի թիվ 16 բնակարանի նկատմամբ գրանցվել է Վազգեն Սիմոնյանի սեփականության իրավունքը 2/3 բաժնեմասով, իսկ Ռուզաննա Ավետիսի Սիմոնյանի և Ֆլորա Վազգենի Սիմոնյանի սեփականության իրավունքը՝ յուրաքանչյուրին 1/6 բաժիններով (հատոր 1-ին, գ.թ. 14-16):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ բնակարանային, բնակարանաշինարարական, ավտոտնակային և այլ կոոպերատիվի այն անդամը, որը լրիվ մուծել է իր փայը բնակարանի, ամառանոցի, ավտոտնակի, իր օգտագործմանը տրված այլ շինության կամ տեղի համար, ձեռք է բերում այդ գույքի սեփականության իրավունք:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 20-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության ընթացքում ամուսինների վաստակած գույքը նրանց ընդհանուր սեփականությունն է: Ամուսիններն այդ գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու հավասար իրավունքներ ունեն: Ամուսինները գույքի նկատմամբ հավասար իրավունքներ ունեն նաև այն դեպքում, երբ նրանցից մեկը զբաղված է եղել տնային տնտեսությամբ, երեխաների խնամքով կամ այլ հարգելի պատճառով ինքնուրույն վաստակ չի ունեցել: Ամուսինները կարող են օրենքով թույլատրելի ամեն տեսակի գույքային գործարքներ կնքել միմյանց հետ: Ամուսինների միջև կայացած այն համաձայնությունները, որոնք նպատակ ունեն նվազեցնելու նրանցից որևէ մեկի գույքային իրավունքները, անվավեր են:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ամուսինների կողմից ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը, անկախ նրանից, թե այն ձեռք է բերվել ընդհանուր, թե ամուսիններից մեկի միջոցներով, ստեղծվել է կամ պատրաստվել է երկուսի, թե մեկի կողմից, ում անունով է կատարված իրավունքի պետական գրանցումը, միևնույն է, հանդիսանում է ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունը:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ «օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատվում է, որ Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 16 շենքի 16-րդ բնակարանը սեփականության իրավունքով պատկանում էր Զավեն Սիմոնի Սիմոնյանին, Վազգեն Զավենի Սիմոնյանը ճանաչվել է իր հոր՝ Զավեն Սիմոնի Սիմոնյանի մահից հետո մնացած գույքի նկատմամբ ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգ, նաև ճանաչվել է Ռուզաննա Սիմոնյանի և Ֆլորա Վազգենի Սիմոնյանի սեփականության իրավունքը նույն բնակարանի նկատմամբ, յուրաքանչյուրին՝ 1/6 բաժինների չափով» և նշել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիքի 27-րդ հոդվածի ուժով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված փաստերն ապացուցման կարիք չունեն:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ քանի դեռ դատական ակտերն օրենքով սահմանված կարգով չեն բեկանվել, դատարանն իրավասու չէ դրանց հիման վրա սույն գործով երրորդ անձի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումն ապօրինի համարելու և անվավեր ճանաչելու:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում պետք է քննարկման առարկա դարձվի հետևյալ իրավական հարցը՝ արդյո՞ք սույն գործով վկայակոչված և նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռներով հաստատված փաստերը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով ունեն նախադատելի նշանակություն քննվող գործի համար:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախկինում քննված քաղաքացիական կամ վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված փաստերը միևնույն կողմերի մասնակցությամբ սույն օրենսգրքով նախատեսված որևէ գործ քննելիս վերստին չեն ապացուցվում:

Վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է վերը նշված իրավական խնդրին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ վերոհիշյալ իրավական հարցադրմանը պետք է պատասխանել նախադատելիության կամ պրեյուդիցիայի (լատիներեն praejսdicialis-ից) դատավարական ինստիտուտի, դատական ակտերի պրեյուդիցիալ կապի և նման կապի օբյեկտիվ սահմանների վերլուծության լույսի ներքո:

Այսինքն՝ օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով արդեն իսկ հաստատված փաստերին:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը նշել է, որ գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները, փաստերը հետագա դատավարություններում հերքելու արգելք:

Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն ներմուծելու նման հանգամանքը, փաստերը նոր կայացվող դատական ակտում: Որպես կանոն, դատական ակտերի պրեյուդիցիալ կապը ենթադրում է դատական ակտի նախադատելիության տարածում ամբողջ ծավալով թե՛ գործին մասնակցող անձանց, թե՛ դատարանի վրա: Հետևաբար, նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության օբյեկտիվ սահմանները որոշվում են հանգամանքների այն շրջանակով, որոնք պետք է հաստատված լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ դատարանը սույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

 Նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում գտնվող այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները, իսկ վարչական մարմինը պարտավոր է նաև ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում գտնվող այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները: Նշված նորմերը պարունակում են վերը բարձրացված իրավական խնդրի լուծման տեսանկյունից կարևոր երկու դատավարական կանոն, այն է`

1) վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը դատարանը պարզում է միայն օրենքով նախատեսված կարգով ձեռք բերված և հետազոտված ապացույցների միջոցով (բացառություն են կազմում միայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածով նախատեսված դեպքերը).

2) դատարանը պարզում է միայն գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը (վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքներ): Այս կանոնը կիրառելիս դատարանը պարտավոր է առաջնորդվել հայցվորի կողմից կանխորոշված հայցի առարկայի և հիմքի սահմաններով, որի փոփոխման բացառիկ իրավունքը պատկանում է հայցվորին (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդված):

Վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ նախադատելիության օբյեկտիվ սահմանների որոշման համար էական նշանակություն ունի վերը հիշատակված երկու դատավարական կանոնների պահպանումը:

Վճռաբեկ դատարանը հատկապես կարևորություն է տվել ապացուցման առարկայի` վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների ճիշտ որոշման հարցին, քանզի դատարանի կողմից ապացուցման առարկայի սահմանների կամայական (առանց դատավարական նախադրյալի` հայցվորի կամահայտնության) ընդլայնումը բերում է այդ գործով կայացված դատական ակտով հաստատված որոշակի հանգամանքների նախադատելիության բացառման (տե՛ս «Սաթնէ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների՝ հողի վարձակալության իրավունքի առուվաճառքի պայմանագիրը լուծելու, Ընկերությանը պատկանող և 17.02.2003 թվականին կնքված հողի վարձակալության իրավունքի առուվաճառքի պայմանագրով ձեռք բերված օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում 0,04 հա հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը վերադարձնել պարտավորեցնելու պահանջի մասին գործով Վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի թիվ 3-93(ՎԴ) որոշումը):

Սույն գործում առկա ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած 16.05.2008 թվականի վճռի համաձայն` Վազգեն Սիմոնյանի հայցի առարկան ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջն էր: Նշված վճռով արձանագրվել է, որ Էջմիածնի Բաղրամյան փողոցի թիվ 16 շենքի թիվ 16 բնակարանը սեփականության իրավունքով պատկանել է Զավեն Սիմոնի Սիմոնյանին և Վազգեն Սիմոնյանը ճանաչվել է իր հոր՝ Զավեն Սիմոնյանի մահից հետո մնացած գույքի նկատմամբ ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգ: ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.02.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ ԱՐԴ1/0782/02/08 վճռով Ֆլորա Թադևոսյանի, Մարիամ Զավենի Սիմոնյանի և Արայիկ Զավենի Սիմոնյանի հայցի առարկան ըստ բաժինների չափի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջն էր, որը մերժվել էր:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերի համադրմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 16.05.2008 թվականի վճռով հաստատված այն հանգամանքը, որ Էջմիածնի Բաղրամյան փողոցի թիվ 16 շենքի թիվ 16 բնակարանը սեփականության իրավունքով պատկանել է Զավեն Սիմոնի Սիմոնյանին, սույն գործով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով չունի նախադատելի նշանակություն, քանի որ Ֆլորա Թադևոսյանն իրավահարաբերության ծագման ժամանակ գործող ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 20-րդ հոդվածի ուժով Էջմիածնի Բաղրամյան փողոցի թիվ 16 շենքի թիվ 16 բնակարանի 1/2 բաժնի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք, անկախ իրավունքի պետական գրանցումից:

Բացի այդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաբերելի է այն ապացույցը, որը ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է: Վերաբերելի ապացույցը թույլատրելի է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, ինչպես նաև պարզում է այս կամ այն ապացույցի վերաբերելիության հարցը և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշում հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և գնահատել ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 16.05.2008 թվականի վճիռը, նույն դատարանի 04.09.2008 թվականի վճռի պարզաբանումը մերժելու մասին որոշումը, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 27.02.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ ԱՐԴ1/0782/02/08 վճիռը:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ 16.05.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Վազգեն Սիմոնյանը ճանաչվել է իր հոր՝ Զավեն Սիմոնյանի մահից հետո մնացած գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ, իսկ 04.09.2008 թվականի վճռի պարզաբանումը մերժելու մասին որոշմամբ արձանագրվել է, որ գործով պահանջ է ներկայացվել ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու մասին, այլ ոչ թե ժառանգական զանգվածի և դրա բաժանման մասին: Բացի այդ, 27.02.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Ֆլորա Թադևոսյանի հայցի առարկան ըստ բաժինների չափի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելն էր, մինչդեռ սույն գործով Ֆլորա Թադևոսյանի հայցի առարկան է նաև վիճելի անշարժ գույքի 1/2-րդ մասի նկատմամբ օրենքի ուժով սեփականության իրավունքի ճանաչումը:

Վերը նշվածը հաշվի առնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի լուծման համար թե՛ 16.05.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով և թե՛ 27.02.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքները նախադատելի նշանակություն չունեն, հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը սույն գործով կիրառելի չէ:

Միաժամանակ, սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Էջմիածնի Բաղրամյան փողոցի թիվ 16 շենքի թիվ 16 բնակարանը՝ որպես համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույք, հավասար բաժիններով սեփականության իրավունքով պատկանել է Ֆլորա Թադևոսյանին և Զավեն Սիմոնյանին, հետևաբար Զավեն Սիմոնյանի մահից հետո մնացած ժառանգական զանգվածը կազմել է վերը նշված բնակարանի 1/2 մասը, որի նկատմամբ էլ Վազգեն Սիմոնյանը կարող էր ճանաչվել ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգ:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը պետք է ուղարկվի Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ ներկայացվում են երկու և ավելի հայցապահանջներ, որոնք ունեն տարբեր առարկայական ընդդատություն, ապա հայցը պետք է քննվի այն դատարանում, որի առարկայական ընդդատությանն է ենթակա ներկայացված հիմնական պահանջը:

Սույն գործով հայցի առարկան է Էջմիածնի Բաղրամյան փողոցի թիվ 16 շենքի թիվ 16 բնակարանի 1/2-րդ մասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, նույն բնակարանի 2/3-րդ մասի նկատմամբ Վազգեն Սիմոնյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և Կադաստրին պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հիմնական պահանջը սեփականության իրավունքի ճանաչումն է, իսկ Վազգեն Սիմոնյանի անվամբ 25.11.2009 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելը և Կադաստրին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջն առաջինի իրավական հետևանքներն են:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը Վարչական դատարանում քննության ենթակա չէ (տես նաև՝ Ռուբեն Սարգսյանի հայցն ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի, երրորդ անձինք Ռաֆայել Սարգսյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստորաբաժանման` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին գործով Վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի թիվ ՎԴ/1070/05/08 որոշումը):

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 01.06.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Դատավորներ`

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

  Վ. ԱԲԵԼՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
  Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
  Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
  Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

  Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան