Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-959
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.04.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.27/24(827) Հոդ.487
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
19.04.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
19.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2011

 ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

19 ապրիլի 2011 թ.

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի հունիսի 18-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության միջև Հայաստանում արտակարգ իրավիճակներին արձագանքելու համակարգին օժանդակության վերաբերյալ տեխնիկական և ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 28.03.2011թ.:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հ. Մխիթարյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության միջև Հայաստանում արտակարգ իրավիճակներին արձագանքելու համակարգին օժանդակության վերաբերյալ տեխնիկական և ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրն ստորագրվել է 2010 թվականի հունիսի 18-ին Երևանում` Հայաստանում արտակարգ իրավիճակներին արձագանքելու համակարգին օժանդակության ծրագրի իրականացման նպատակով: Ծրագրի նպատակն է նպաստել աղետներին արձագանքելու բուժօգնության կարողությունների զարգացմանը` հիմնադրելով համապարփակ կարողություններով օժտված օպերատիվ արտակարգ բժշկական խմբեր:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

ապահովել, որպեսզի Հայաստանի կառավարությունը որպես համաձայնագրի կիրառման և Ծրագրի իրականացման համար պատասխանատու մարմին նշանակի արտակարգ իրավիճակների նախարարությանը և առողջապահության նախարարությանը,

ապահովել, որպեսզի արտակարգ իրավիճակների նախարարությունը և առողջապահության նախարարությունը Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հետ համատեղ ստեղծեն ղեկավար կոմիտե, որը կուղղորդի և կվերահսկի Ծրագրի իրականացման աշխատանքները,

ապահովել, որպեսզի ՀՀ կառավարությունը տրամադրի և վճարի առողջապահության նախարարության և արտակարգ իրավիճակների նախարարության` պահանջվող հայկական ամբողջ անձնակազմի աշխատավարձերը և ապահովի Ծրագրի շրջանակներում նրանց պարտավորությունների կատարումը, ինչպես նաև ձեռնարկի բոլոր անհրաժեշտ գործողությունները` Ծրագրի իրականացումն ապահովելու համար,

ապահովել, որպեսզի Շվեյցարական ներդրման միջոցներով ձեռք բերված բոլոր նյութերը Ծրագրի իրականացման ընթացքում օգտագործվեն բացառապես Ծրագրի նպատակների համար և այլն:

3. Համաձայնագրի 12-րդ, 13-րդ, 15-րդ հոդվածների ուսումնասիրությունը վկայում է, որ կողմերի համագործակցությունը խարսխված է ժողովրդավարության սկզբունքների և մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքի, կոռուպցիայի դեմ պայքարի և համաձայնագրի նպատակների հետևողական իրականացման վրա: Կողմերը փոխադարձ պայմանավորվածությամբ իրենց իրավունք են վերապահել, որ «հատուկ հրատապություն» կառաջանա վերացնելու պայմանավորվածությունները, եթե կողմերից մեկը կոպիտ խախտում կատարի` համաձայնագրի 12-րդ հոդվածում նշված կարևոր դրույթների հետ կապված:

4. Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին շվեյցարական կողմին ծանուցելու օրվանից:

5. Համաձայնագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածին և բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման սահմանադրական սկզբունքից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության միջև Հայաստանում արտակարգ իրավիճակներին արձագանքելու համակարգին օժանդակության վերաբերյալ տեխնիկական և ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան


19 ապրիլի 2011 թ.
ՍԴՈ-959

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան