Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-301-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (03.11.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.16-2023.10.29 Պաշտոնական հրապարակման օրը 24.10.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.10.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 3-ին

 

«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում «դատական, վարչական ակտերի, կատարողական մակագրության թերթերի» բառերը փոխարինել «օրենքով նախատեսված կատարման ենթակա ակտերի» բառերով։

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում`

1) վերնագրից հանել «Դատական ակտերի» բառերը.

2) 1-ին մասի «օրենքով նախատեսված» բառերից հետո «դատական ակտերի» բառերը փոխարինել «կատարման ենթակա ակտերի» բառերով.

3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հարկադիր կատարման ծառայությունը կազմված է հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմնից, որը կարող է ունենալ բաժիններ և բաժանմունքներ, և տարածքային մարմիններից (բաժիններից), որոնք կարող են ունենալ բաժանմունքներ։»։

 

Հոդված 3 Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում «կենտրոնական մարմնի բաժնի պետ, Երևանի քաղաքային բաժնի պետ, մարզային բաժնի պետ» բառերը փոխարինել «բաժնի պետ» բառերով։

 

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ավագ հարկադիր կատարող, առաջատար խորհրդատու, առաջին կարգի խորհրդատու կարող է նշանակվել այն անձը, որն զբաղեցրել է գլխավոր հարկադիր կատարողի կամ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի կամ հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի պաշտոն կամ առնվազն մեկ տարի՝ առաջատար խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` երկու տարվա աշխատանքային ստաժ:».

2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Տեսուչի և հարկադիր կատարողի պաշտոնները սույն օրենքով սահմանված կարգով զբաղեցվում են առանց աշխատանքային ստաժի և փորձի:»:

 

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հարկադիր կատարողը ենթակա է վերապատրաստման «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով՝ կատարողականի գնահատականի արդյունքներով գնահատված անհատական վերապատրաստման կարիքի հիման վրա, ինչպես նաև հարկադիր կատարողների՝ հարկադիր կատարման գործառույթների արդյունավետ իրականացմանն ուղղված հատուկ մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների զարգացման անհրաժեշտության դեպքում, սակայն ոչ ուշ, քան երեք տարին մեկ անգամ: Հարկադիր կատարման ծառայության գործառույթների արդյունավետ իրականացմանն ուղղված հատուկ մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների զարգացման համար անհրաժեշտ վերապատրաստման կարգը սահմանում է համապատասխան նախարարը:»։

 

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 16. Հարկադիր կատարողին այլ պաշտոնի փոխադրելը և ժամանակավոր թափուր պաշտոնի նշանակում կատարելը

 

1. Հարկադիր կատարողն առանց իր համաձայնության կարող է փոխադրվել`

1) ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ պաշտոնի` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո (իսկ մինչև մեկ տարին լրանալը՝ միայն իր համաձայնությամբ). ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված փոխադրման դեպքերը սահմանվում են Կառավարության որոշմամբ.

2) բաժնի պետի, բաժնի պետի տեղակալի, բաժանմունքի պետի պաշտոնում առավելագույնը հինգ տարի ծառայելուց հետո՝ պարտադիր ռոտացիայի կարգով.

3) իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող խմբում ավելի ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ.

4) զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ կամ ավելի ցածր պաշտոնի՝ առողջական վիճակից ելնելով` բժշկական եզրակացության հիման վրա:

2. Հարկադիր կատարողն իր դիմումի համաձայն կարող է փոխադրվել իր զբաղեցրած պաշտոնին հավասարազոր կամ ցածր այլ պաշտոնի, այդ թվում՝ ծառայության այլ վայր:

3. Հարկադիր կատարողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, կին ծառայողի հղիության կամ ծննդաբերության արձակուրդում գտնվելու, ինչպես նաև ծառայողի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու, հարկադիր կատարողի լիազորությունները կասեցվելու դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցնել այլ բաժնի (բաժանմունքի) հավասարազոր պաշտոն զբաղեցնող հարկադիր կատարողը կամ ավելի բարձր պաշտոն զբաղեցնող հարկադիր կատարողը՝ վերջինիս իր համաձայնությամբ տվյալ պաշտոնին փոխադրելով, կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով։

4. Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակված անձը, սույն օրենքի իմաստով, համարվում է հարկադիր կատարող, և նրա նկատմամբ կիրառվում են հարկադիր կատարողի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև սոցիալական երաշխիքները:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքերի վերացման դեպքում փոխադրված ծառայողը շարունակում է ծառայել իր նախկին պաշտոնում, իսկ վերակազմակերպմամբ և (կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված հաստիքների և (կամ) հարկադիր ծառայության պաշտոնների կրճատման և (կամ) հաստիքների առավելագույն քանակի կրճատման հետևանքով նախկին պաշտոնում ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում իր համաձայնությամբ նշանակվում է հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոնի, իսկ հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոնի նշանակվելու անհնարինության դեպքում ազատվում է հարկադիր կատարման ծառայությունից:»։

 

Հոդված 8 Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 11-րդ կետի «մարզային (Երևանի քաղաքային) բաժինների պետերի» բառերը փոխարինել «բաժինների պետերի» բառերով.

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով․

«4. Գլխավոր հարկադիր կատարողի բացակայության դեպքում նրան փոխարինում է տեղակալներից մեկը՝ համապատասխան նախարարի հանձնարարությամբ, իսկ հանձնարարության բացակայության դեպքում՝ տվյալ մարմնում մարմնի ղեկավարի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը:»։

 

Հոդված 9. Օրենքի 23-րդ հոդվածի վերնագրում և տեքստում «Մարզային (Երևանի քաղաքային) բաժնի» բառերը փոխարինել «Բաժնի» բառով:

 

Հոդված 10. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) վերնագրի և 1-ին մասի «դատական ակտերի» բառերը փոխարինել «կատարման ենթակա ակտերի» բառերով․

2) 1-ին մասի 1-ին կետի «կատարողական թերթի կամ նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթի» բառերը փոխարինել «կատարման ենթակա ակտերի» բառերով.

3) 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) միջոցներ է ձեռնարկում օրենքով սահմանված դեպքերում և կարգով անձանց վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու ուղղությամբ.»․

4) 2-րդ մասի «Դատական ակտերի» բառերը փոխարինել «Կատարման ենթակա ակտերի» բառերով․

5) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) կատարման ենթակա ակտերի կատարման փաստն ստուգելու համար հարցումներ իրականացնելու իրավաբանական անձանց (այսուհետ` կազմակերպություններ), ֆիզիկական անձանց, պետական մարմիններ, ինչպես նաև հասցե այցելելու միջոցով տեղում ստուգելու այդ ակտերի կատարման ընթացքը, եթե դա հնարավոր չէ ստուգել առանց հասցե այցելելու.»․

6) 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) կատարողական վարույթի շրջանակներում կազմակերպությունների, ֆիզիկական անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց վերաբերյալ կայացնելու որոշակի գործողություններ կատարելու կամ կատարելուց ձեռնպահ մնալու մասին պարտավորեցնող որոշում, եթե առանց դրա հնարավոր չէ ապահովել հարկադիր կատարումը՝ հիմնավորելով նման անհնարինությունը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում տալու հանձնարարություններ.».

7) 2-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) հարկադիր կատարումն ապահովելու համար օրենքով սահմանված կարգով և չափով արգելանք դնելու պարտապանի հաշիվներում, ավանդներում կամ բանկերում և այլ վարկային կազմակերպություններում պահպանվող դրամական միջոցների և այլ արժեքների վրա.».

8) 2-րդ մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) օրենքով նախատեսված դեպքերում պարզաբանման դիմում ներկայացնելու իրավասու մարմին.»։

 

Հոդված 11․ Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1-ին հոդվածով.

 

«Հոդված 28.1.

Հարկադիր կատարողին բնակելի տարածությամբ ապահովելը

 

1. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետի հիմքով հարկադիր կատարողին իր մշտական բնակության վայրից այլ վայր ծառայության փոխադրելու դեպքում հարկադիր կատարողը Կառավարության սահմանած կարգով ապահովվում է բնակելի տարածությամբ: Հարկադիր կատարողին բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում տրվում է դրամական փոխհատուցում` Կառավարության սահմանած կարգով և չափով:»։

 

Հոդված 12․ Օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5․ Ծառայության առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է ծառայության վեց ամիսը լրանալուց հետո, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված դեպքերի։ Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել նաև մինչև անընդհատ ծառայության վեց ամիսը լրանալը։»։

 

Հոդված 13. Օրենքի 34-րդ հոդվածում՝

1) վերնագրի և 1-ին մասի «հարկադիր կատարողներ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «հարկադիր կատարման ծառայության հանրային ծառայողներ» բառերով, իսկ 3-րդ մասի «հարկադիր կատարողը կարող է» բառերը՝ «հարկադիր կատարման ծառայության հանրային ծառայողները կարող են» բառերով.

2) 2-րդ մասը «միայն մեկ անգամ» բառերից հետո լրացնել «, և եթե սույն հոդվածի 2.1-ին մասի հիմքով վերջինիս չի շնորհվել արտահերթ կոչում» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Հարկադիր կատարողին, որպես խրախուսանք, կարող է շնորհվել տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը, որը հարկադիր կատարողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել մեկ անգամ, և եթե սույն հոդվածի 2-րդ մասի հիմքով վերջինիս չի շնորհվել արտահերթ կոչում:»։

 

Հոդված 14 Օրենքի 35-րդ հոդվածի վերնագրում «Հարկադիր կատարողի» բառերը փոխարինել «Հարկադիր կատարման ծառայության հանրային ծառայողների» բառերով, իսկ 1-ին, 3-րդ և 5-րդ մասերում «հարկադիր կատարողներ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «հարկադիր կատարման ծառայության հանրային ծառայողներ» բառերով։

 

Հոդված 15 Օրենքի 36-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հարկադիր կատարողի վարքագծի կանոնները խախտելու և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները, անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում նշանակված ծառայողական քննությունն անցկացնում է հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովը (սույն հոդվածում այսուհետ՝ հանձնաժողով):

2. Հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են գլխավոր հարկադիր կատարողի տեղակալներից մեկը և հարկադիր կատարման ծառայության երեք աշխատակից՝ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով, և արդարադատության նախարարի հրամանով նշանակված երեք ներկայացուցիչ:

3. Հանձնաժողովը նախագահում է հանձնաժողովի կազմում ընդգրկված գլխավոր հարկադիր կատարողի տեղակալը: Հանձնաժողովի նախագահը կատարում է աշխատանքների բաշխում հանձնաժողովի անդամների միջև:

4. Հանձնաժողովը որոշումներն ընդունում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ: Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում քննարկման դրված հարցը համարվում է մերժված:

5. Հանձնաժողովը ծառայողական քննության վերաբերյալ եզրակացություն ընդունում է՝ գումարելով հանձնաժողովի նիստ: Նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է հանձնաժողովի առնվազն հինգ անդամ:

6. Հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը սահմանում է համապատասխան նախարարը:»։

 

Հոդված 16. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ կետով․

«15) եթե առաջացել է սույն օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքը։»։

 

Հոդված 17. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասը «ծառայությունից ազատվածներին» բառերից հետո լրացնել «(բացառությամբ վարչական պաշտոն զբաղեցնողի)» բառերով:

 

Հոդված 18. Օրենքի 51-րդ հոդվածում «գլխավոր հարկադիր կատարողը» բառերը փոխարինել «հարկադիր կատարման ծառայության գլխավոր քարտուղարը» բառերով:

 

Հոդված 19. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 6-րդ, 7-րդ, 11-րդ և 15-րդ հոդվածները գործում են նշված նորմերով նախատեսված իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից։

3. Սույն օրենքով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2023 թ. հոկտեմբերի 23

Երևան

ՀՕ-301-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հոկտեմբերի 2023 թվական: