Գլխավոր տեղեկություն
Համար
N 181-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (25.11.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.02.06-2023.02.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.02.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.02.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 փետրվարի 2023 թվականի N 181-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ, ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ՏՆՕՐԵՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 23.11.23 N 2039-Ն)

 

«Հանրակրթության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը խմբ. 23.11.23 N 2039-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N 319-Ն որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրը և տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարվող մրցույթի արդյունքում ծագած հարաբերության վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

10.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

փետրվարի 9-ի N 181-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ, ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ՏՆՕՐԵՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ

(վերնագիրը խմբ. 23.11.23 N 2039-Ն)

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կամ մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ լիազոր մարմին) համապատասխան ստորաբաժանումը, ըստ ենթակայության, տվյալ հաստատության տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվանից հաշված, առավելագույնը 45 աշխատանքային օր առաջ, բայց ոչ պակաս, քան 40 աշխատանքային օր առաջ հայտարարում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ, որը բաղկացած է 3 փուլից՝ հավակնորդների հայտերի ընդունում, զարգացման ծրագրի փորձաքննություն և հարցազրույցի անցկացում:

3. Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ չի հայտարարվում և չի անցկացվում հուլիսի 9-ից մինչև օգոստոսի 20-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում։ Նշված ժամանակահատվածը չի ներառվում նաև սույն կարգի 2-րդ և 7-րդ կետերով սահմանված ժամկետների հաշվարկում։

4. Տնօրենի պաշտոնավարման պայմանագրի ժամկետը լրանալու, անձնական դիմումի հիման վրա պաշտոնից ազատման, մահվան, դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական (վարչական կամ մանկավարժական պաշտոն զբաղեցնելու սահմանափակման, ազատազրկման) դատավճռի առկայության դեպքերում, ինչպես նաև սույն կարգի 10-րդ կետով սահմանված դեպքում լիազոր մարմինը՝ ըստ ենթակայության, թափուր տեղ առաջանալուց հետո՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում, նշանակում է հաստատության տնօրենի պարտականությունները կատարող կամ ժամանակավոր պաշտոնակատար։

5. Տվյալ հաստատության տնօրենը, որի լիազորությունների դադարեցման արդյունքում առաջացել է տնօրենի պաշտոնի թափուր տեղ, չի կարող նշանակվել նույն հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կամ տնօրենի պարտականությունները կատարող:

6. Հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կամ տնօրենի պարտականությունները կատարող կարող է նշանակվել տվյալ հաստատության խորհրդի անդամ չհանդիսացող`

1) տնօրենի տեղակալը.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն անձը, որն ունի կրթության ոլորտի բարձրագույն կրթություն և վերջին 10 տարվա ընթացքում գիտամանկավարժական կամ մանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

7. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված դեպքերում (բացառությամբ տնօրենի պաշտոնավարման պայմանագրի ժամկետը լրանալու դեպքի) լիազոր մարմինը տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու օրվանից` 3 աշխատանքային օրվա ընթացքում, հայտարարում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ: Տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու օրվանից հետո՝ 45 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ պակաս, քան 40 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպվում և անցկացվում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ՝ սույն կարգի պահանջների համաձայն:

8. Լիազոր մարմինը հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը՝ համաձայն N 1 ձևի, ներկայացնում է հրապարակման`

1) www.azdarar.am կայքում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 174-Ն որոշմամբ սահմանված կարգով.

2) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) պաշտոնական կայքում, իսկ մարզպետների աշխատակազմերի և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների դեպքում՝ նաև համապատասխան մարզպետի աշխատակազմի կամ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

9. Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունում է տվյալ լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումը՝ www.azdarar.am կայքում հայտարարության հրապարակման օրվանից սկսած 15 աշխատանքային օրվա ընթացքում:

10. Մասնակցության հայտերի բացակայության դեպքում լիազոր մարմինը հայտերի ընդունման վերջին օրվանից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, հայտարարում է նոր մրցույթ՝ սույն կարգի պահանջների համաձայն:

11. Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն անձը, որը`

1) չունի «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով նշված սահմանափակումներ.

2) ունի հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր).

3) մասնակցել է սույն կարգի 16-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հանդիպումներին:

12. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` լիազոր մարմնի ղեկավարի անունով՝ համաձայն N 2 ձևի.

2) անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակի տեսաներածված տարբերակը (բնօրինակի հետ).

3) հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) բնօրինակի տեսաներածված տարբերակը (բնօրինակի հետ).

4) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ նաև՝ նախարար) 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 35-Ն հրամանով հաստատված ձևաչափին համապատասխան տվյալ հաստատության զարգացման իր ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև հայտերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով).

5) սույն կարգի 16-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հանդիպումների արձանագրությունները.

6) ինքնակենսագրություն` համաձայն N 3 ձևի:

13. Լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումը փաստաթղթերի բնօրինակի տեսաներածված տարբերակները համեմատում է բնօրինակների հետ, բնօրինակները վերադարձնում է հավակնորդին: Փաստաթղթերն ամբողջական չլինելու կամ կարգի պահանջներին չհամապատասխանելու դեպքում հավակնորդը 2 աշխատանքային օրվա ընթացքում հնարավորություն է ունենում թերությունները շտկելու:

14. Հավակնորդը կարող է փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին: Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում բնօրինակները ներկայացվում են հարցազրույցի օրը: Ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանության դեպքում հավակնորդը չի մասնակցում հարցազրույցին:

15. Հավակնորդը, www.azdarar.am կայքում հայտարարության հրապարակման օրվանից սկսած, հաստատության զարգացման ծրագիր կազմելու համար դիմումը ներկայացնելուց առնվազն 4 աշխատանքային օր առաջ գրավոր դիմում է հաստատության տնօրենին (տնօրենի պաշտոնակատարին (պարտականությունները կատարողին) (այսուհետ` տնօրեն)՝ տվյալ հաստատության գործունեության վերաբերյալ իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրելու և մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդների հետ առանձին հանդիպումներ կազմակերպելու համար:

16. Հաստատության տնօրենը պարտավոր է՝

1) հավակնորդի դիմումն ստանալու հաջորդ աշխատանքային օրը սույն կարգի 15-րդ կետով սահմանված հանդիպման մասին տեղեկատվությունը հրապարակել հաստատության պաշտոնական կայքում և 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել հավակնորդի առանձին հանդիպումները տվյալ հաստատության մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդների հետ՝ զարգացման ծրագիրը կազմելու համար առաջարկություններ լսելու նպատակով.

2) հավակնորդի կողմից ներկայացված գրավոր դիմումն ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրել գրավոր տեղեկատվություն հաստատության գործունեության վերաբերյալ (տվյալներ մանկավարժական, աշակերտական համակազմի, ուսումնադաստիարակչական, արտադպրոցական գործունեության, կառավարման և խորհրդակցական մարմինների մասին, ինչպես նաև հաստատության գործունեության վերաբերյալ հավակնորդի կողմից պահանջվող անհրաժեշտ տեղեկատվություն)՝ պահպանելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջները.

3) սույն կարգի 16-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հանդիպման արձանագրությունները՝ հանդիպումից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել հավակնորդին:

17. Տնօրենի պաշտոնի թափուր տեղը չհամալրվելու դեպքում հայտարարված նոր մրցույթին կրկին դիմելու դեպքում նախորդ մրցույթի հավակնորդը կարող է չդիմել սույն կարգի 16-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսվող հանդիպումներին մասնակցելու համար:

18. Սույն կարգի 16-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հանդիպումներն անցկացնելուց հետո համապատասխան խորհուրդները 1 աշխատանքային օրվա ընթացքում կազմում են արձանագրություն հանդիպումը կայանալու մասին և ներկայացնում հրապարակման՝ հաստատության պաշտոնական կայքում:

19. Սույն կարգի 16-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հանդիպումներից որևէ մեկին չմասնակցելու դեպքում հավակնորդը չի կարող մասնակցել մրցույթին:

20. Հավակնորդների զարգացման ծրագրերի փորձաքննության ներկայացման և հավակնորդների ընտրության նպատակով նախարարի հրամանով ձևավորվում է մասնագիտական հանձնաժողով:

21. Մասնագիտական հանձնաժողովը կազմված է 7 անդամից, ընդ որում՝

1) նախարարության ենթակայության հաստատության մրցույթի դեպքում՝ 6, մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատության մրցույթի դեպքում՝ 4 ներկայացուցիչ՝ նախարարությունից: Նախարարության ենթակայության հաստատության մրցույթի դեպքում ընդգրկվում է նաև մեկ ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից (իրենց առաջարկով).

2) մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների մրցույթի դեպքում հանձնաժողովի կազմում ընդգրկվում է նաև երեք ներկայացուցիչ՝ համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից կամ Երևանի քաղաքապետարանից (իրենց առաջարկով).

3) մասնագիտական հանձնաժողովի ընթացիկ աշխատանքները համակարգում է քարտուղարը, որը հանձնաժողովի անդամ չէ:

22. Մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը տեղի է ունենում մասնագիտական հանձնաժողովի կազմը հաստատվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:

23. Մասնագիտական հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք արձանագրվում են մասնագիտական հանձնաժողովի ընթացիկ աշխատանքները համակարգող քարտուղարի կողմից: Նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է մասնագիտական հանձնաժողովի 5 անդամ:

24. Մասնագիտական հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ մասնագիտական հանձնաժողովի առնվազն 5 անդամի կողմ քվեարկելու դեպքում:

25. Մասնագիտական հանձնաժողովն առաջին նիստից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, նախարարության պաշտոնական կայքում հրապարակման է ներկայացնում մասնագիտական հանձնաժողովի հետ (ըստ անհրաժեշտության) կապ հաստատելու համար նախատեսված հեռախոսահամարը և հավակնորդի զարգացման ծրագիրը ներկայացնելու համար նախատեսված էլեկտրոնային փոստի հասցեն:

26. Մասնագիտական հանձնաժողովը մշակում և նախարարի հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 35-Ն հրամանի պահանջներին համապատասխան՝ հավակնորդի զարգացման ծրագրի գնահատման չափանիշները:

27. Լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումը սույն կարգի 8-րդ կետով սահմանված մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունելու ժամկետն ավարտվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, հավակնորդների՝ սույն կարգի 12-րդ կետով սահմանված փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնում է մասնագիտական հանձնաժողովին:

28. Մասնագիտական հանձնաժողովը հավակնորդի զարգացման ծրագիրն ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, այն ներկայացնում է փորձաքննության` առանց հավակնորդի անձնական տվյալները նշելու:

29. Մասնագիտական հանձնաժողովը հավակնորդի զարգացման ծրագիրն ստանալուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, էլեկտրոնային ծրագրի միջոցով համակարգում առկա բազայի հիման վրա ստուգում է հավակնորդի կողմից զարգացման ծրագրի ինքնուրույն մշակված լինելու հանգամանքը: 30 և ավելի տոկոս արտագրության փաստի բացահայտման, ինչպես նաև զարգացման ծրագրի որևէ բաղադրիչ ամբողջությամբ արտագրված լինելու դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում զարգացման ծրագիրը վերադարձվում է հավակնորդին՝ կցելով հիմք հանդիսացող ծրագրային վերլուծության լուսապատկերը: Արտագրության սահմանված շեմը չգերազանցող զարգացման ծրագիրը հանձնաժողովը 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է փորձաքննության՝ առանց հավակնորդի անձնական տվյալները նշելու:

30. Փորձաքննությունն իրականացվում է ուղղակի կամ մրցութային դրամաշնորհի արդյունքում ընտրված կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) կողմից:

31. Կազմակերպությունը զարգացման ծրագիրն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, իրականացնում է փորձաքննություն՝ գնահատման չափանիշների համաձայն:

32. Փորձաքննության արդյունքում կազմակերպությունը յուրաքանչյուր զարգացման ծրագրի մասին կազմում է տեղեկանք, որը ներկայացնում է մասնագիտական հանձնաժողովին:

33. Տեղեկանքում նշվում են հիմնավորումներ նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 35-Ն հրամանով հաստատված ձևաչափին զարգացման ծրագրի համապատասխանության, ձևաչափով սահմանված յուրաքանչյուր բաժնի բովանդակության, ներկայացվող ցուցանիշների չափելիության մասին:

34. Կազմակերպության ներկայացրած փորձաքննության արդյունքների հիման վրա մասնագիտական հանձնաժողովը քննարկում և 3 աշխատանքային օրվա ընթացքում հավակնորդի զարգացման ծրագրի վերաբերյալ տալիս է դրական կամ բացասական եզրակացություն: Դրական եզրակացության դեպքում մասնագիտական հանձնաժողովի քարտուղարը հավակնորդին 2 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է հարցազրույցի օրվա մասին, իսկ բացասական եզրակացության դեպքում գրավոր տեղեկացնում է լիազոր մարմնին՝ հավակնորդին փոխանցելու նպատակով՝ նշելով բացասական եզրակացության պատճառները: Բոլոր հավակնորդների զարգացման ծրագրերի վերաբերյալ բացասական եզրակացության դեպքում լիազոր մարմինը բացասական եզրակացությունները ստանալու օրվանից հաշված՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, հայտարարում է նոր մրցույթ՝ սույն կարգի պահանջներին համապատասխան:

35. Փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան հայտերի ընդունման վերջին օրվանից 30 աշխատանքային օր հետո, մասնագիտական հանձնաժողովը դրական եզրակացություն ունեցող բոլոր հավակնորդների հետ անցկացնում է հարցազրույց՝ հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրի, նրա մասնագիտական գործունեության, անձնային որակների, բարեվարքության և կարողունակությունների շրջանակներում (տրամաբանելու, հաղորդակցման հմտություններին տիրապետելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, հանրակրթության բովանդակային մասի վերաբերյալ հստակ պատկերացում, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն, սթրեսային և խնդրահարույց իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու կարողություն): Հիմնական հարցերի վերաբերյալ կարող են տրվել նաև լրացուցիչ հարցեր:

36. Յուրաքանչյուր հավակնորդի հետ անցկացվում է առանձին հարցազրույց, որի ամբողջ ընթացքը ձայնագրվում է: Համաձայն N 4 ձևի՝ մասնագիտական հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից արդյունքներն արձանագրվում են, և տրվում է դրական կամ բացասական եզրակացություն հավակնորդների հարցազրույցի արդյունքների վերաբերյալ:

37. Հանձնաժողովի առնվազն 5 անդամի դրական եզրակացություն ստացած մասնակիցները համարվում են հարցազրույցի փուլը հաղթահարած:

38. Բոլոր հավակնորդների հետ հարցազրույցն անցկացնելուց հետո վերջիններս հրավիրվում են հարցազրույցի անցկացման սենյակ, որից հետո հանձնաժողովի նախագահը բարձրաձայն հայտարարում է հաղթող հավակնորդի (հավակնորդների) ազգանունը, անունը և հայրանունը:

39. Մասնագիտական հանձնաժողովը հաղթող հավակնորդի (հավակնորդների) տվյալները հարցազրույցի օրվանից հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, եթե առկա չէ գրավոր բողոք, ներկայացնում է համապատասխան լիազոր մարմնին (նախարարության ենթակայության հաստատությունների դեպքում՝ համապատասխան ստորաբաժանմանը): Լիազոր մարմինը, պահպանելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» ենթակետով սահմանված պահանջը, 5 աշխատանքային օրվա ընթացքում հաղթող հավակնորդի, մի քանի հաղթող հավակնորդների պարագայում՝ հավակնորդներից մեկի հետ կարող է կնքել աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով:

40. Մասնագիտական հանձնաժողովի կողմից մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո` մեկ ժամվա ընթացքում, դրանք կարող են գրավոր բողոքարկվել մասնակցի կամ մասնագիտական հանձնաժողովի անդամի կողմից: Բողոքարկման ենթակա է միայն մասնագիտական հանձնաժողովի կայացրած որոշումը:

41. Մրցույթի արդյունքները բողոքարկվում են բողոքարկման հանձնաժողովին, որը ձևավորվում է նախարարի հրամանով: Մասնագիտական հանձնաժողովի անդամները չեն կարող ընդգրկվել բողոքարկման հանձնաժողովի կազմում:

42. Բողոքարկման հանձնաժողովը կազմվում է 5 անդամից, որոնցից մեկ ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնից, մեկ ներկայացուցիչ նախարարության իրավաբանական վարչությունից, մեկական ներկայացուցիչներ անձնակազմի կառավարման և հանրակրթության վարչություններից: Հանձնաժողովի անդամները տեղեկացվում են նիստի օրվա և ժամի վերաբերյալ: Բողոքարկման հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե նախարարության գլխավոր քարտուղարն է: Բողոքարկման հանձնաժողովի անդամի մասնակցության անհնարինության դեպքում հանձնաժողովի կազմում կարող է կատարվել փոփոխություն: Բողոքարկման հանձնաժողովի նախագահը նշանակում է քարտուղար, որը հանձնաժողովի անդամ չէ:

43. Բողոքարկման հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի առնվազն 4 անդամ:

44. Բողոքը քննվում է բողոքարկման հանձնաժողովի կողմից՝ բողոքարկմանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում: Բողոքի քննարկման գործընթացում ուսումնասիրվում են տվյալ մրցույթի հարցազրույցի փուլում մասնակցի պատասխանները, դրանց վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը: Անհրաժեշտության դեպքում բողոքի քննմանը կարող է հրավիրվել մասնագիտական հանձնաժողովի անդամներից մեկը (կամ անդամները):

45. Բողոքարկման հանձնաժողովը ստացված բողոքն օրենսդրությամբ սահմանված կարգով ուսումնասիրելուց հետո ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) մրցույթի արդյունքները թողնել անփոփոխ.

2) մրցույթի արդյունքները ճանաչել անվավեր։

46. Բողոքարկման արդյունքում մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում լիազոր մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտարարում է նոր մրցույթ՝ սույն կարգի պահանջներին համապատասխան:

47. Բողոքի քննման արդյունքներով բողոքի վերաբերյալ կազմվում է եզրակացություն, որը ներկայացվում է մասնագիտական հանձնաժողովին՝ այն նաև բողոքը ներկայացնողին տրամադրելու համար: Բողոքարկման արդյունքների վերաբերյալ բողոքը ներկայացնողը մասնագիտական հանձնաժողովի ընթացիկ աշխատանքները համակարգող քարտուղարի կողմից ծանուցվում է էլեկտրոնային փոստով՝ բողոքարկման արդյունքները մասնագիտական հանձնաժողովին տրամադրելու հաջորդ աշխատանքային օրը՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը:

48. Բողոքարկման հանձնաժողովի եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում մրցույթի արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով:

49. Մասնագիտական հանձնաժողովի կողմից բոլոր հավակնորդների զարգացման ծրագրերի վերաբերյալ բացասական եզրակացություն տրամադրվելու կամ հարցազրույցին հավակնորդներից ոչ մեկի չներկայանալու կամ հարցազրույցի արդյունքում հավակնորդներից որևէ մեկի հաղթող չճանաչվելու դեպքում մասնագիտական հանձնաժողովը 1 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է լիազոր մարմնին (նախարարության ենթակայության հաստատությունների դեպքում՝ հավակնորդին):

50. Մրցույթի արդյունքում հաղթող չունենալու դեպքում լիազոր մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտարարում է նոր մրցույթ՝ սույն կարգի պահանջներին համապատասխան, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է գրավոր բողոք:

51. Հավակնորդը նույն հաստատության տնօրենի թափուր տեղի համար հայտարարված հաջորդ մրցույթին (մրցույթներին) դիմելու դեպքում կարող է մասնակցել հարցազրույցի փուլին՝ նախորդ մրցույթին ներկայացրած իր զարգացման ծրագրի փորձաքննության արդյունքում ստացած դրական եզրակացության և զարգացման ծրագրում որևէ փոփոխություն չիրականացնելու պարագայում:

 

Ձև N 1

 

Մրցույթի հայտարարություն

 

«________________________________________________________________» ՊՈԱԿ-ի

(ուսումնական հաստատության անվանումը)

 

տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման կարգը հաստատելու մասին» N 181-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ, 4-րդ, 7-րդ կամ 41-րդ կետերի համաձայն (նշել կետը)՝ հայտարարվում է մրցույթ՝

«__________________________________________________________________________________» ՊՈԱԿ-ի

(ուսումնական հաստատության անվանումը)

տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

2) հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիրը).

3) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը:

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` լիազոր մարմնի ղեկավարի անունով (Ձև N 2).

2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի պատճենը.

4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով.

5) ինքնակենսագրություն (Ձև N 3):

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ բնօրինակները ներկայացնել հարցազրույցի օրը:

Փաստաթղթերն ընդունվում են ____________________________________-ում

(լիազոր մարմնի անվանումը և հասցեն)

 

20 ___ թվականի _________ -ից մինչև _________ -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը ____ -ից մինչև ժամը ____ -ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

«էլեկտրոնային դիմումներն ուղարկել _________ էլեկտրոնային փոստի հասցեին»

 

Ձև N 2

 

 

 

 

3x4

 

 

լուսանկար

 

_________________________________

_________________________________

_________________________________

_________________________________

_________________________________

լիազոր մարմնի ամբողջական անվանում,

մարմնի ղեկավարի պաշտոն

 

_____________________________________ -ին

_____________________________________ -ից

դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

______________________________________

դիմողի հաշվառման վայրը

______________________________________

դիմողի հեռ. (աշխ., բնակ., բջջ.)

______________________________________

անձնագրի կամ նույնականացման քարտի սերիան,

համարը, երբ և ում կողմից է տրվել

 

ծնված ____________________________________

օրը, ամիսը, տարին, վայրը

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Ծանոթացել եմ _______________________________________________________________________________

(լիազոր մարմնի անվանումը)

 

կողմից հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու մասին հայտարարությանը:

 

Իմ մասին հայտնում եմ.

 

Քաղաքացիությունը

_____________________________________________________________________________________________

(Հայաստանի Հանրապետության, իսկ երկքաղաքացիության դեպքում` նշել կարգավիճակի ստացման ժամկետը և երկիրը)

 

Հայտնում եմ, որ «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով սահմանված սահմանափակումներ չունեմ:

 

Համակարգչային գրագիտություն

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

(տիրապետման մակարդակը, համակարգչային ծրագրերի իմացությունը)

 

Նախազգուշացված եմ կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 

Դիմող՝ _____________________

                          ստորագրություն

 

___ ______________20____ թ.

 

 

Ձև N 3

 

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Անունը, հայրանունը, ազգանունը

 

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

 

Ծննդյան վայրը, երկիրը

 

Հաշվառման բնակավայրը

 

Մշտական բնակավայրը

 

Քաղաքացիությունը

 

Այլ քաղաքացիություն, եթե կա

 

Ընտանեկան դրությունը (պարտադիր չէ պատասխանել)

 

Օտար լեզուների իմացությունը. բանավոր (նշել լեզուն և իմացության մակարդակը՝ վատ, բավարար կամ լավ)

 

Օտար լեզուների իմացությունը. գրավոր (նշել լեզուն և իմացության մակարդակը՝ վատ, բավարար կամ լավ)

 

Ուսումնառությունը, կրթությունը. (թվել կրթօջախները, տարիները, մասնագիտությունը (մասնագիտությունները)

 

Աշխատանքային գործունեությունը.

(թվել աշխատավայրը (աշխատավայրերը), տարիները, պաշտոնը (պաշտոնները)

 

Մասնագիտական ոլորտներում գործունեության փորձի նկարագիրը. (թվել հիմնարկը (հիմնարկները) կամ կազմակերպությունը (կազմակերպությունները), տարիները, մասնագիտությունը (մասնագիտությունները)

 

Վերապատրաստումները. (թվել տարիները, ծրագրերը,

մասնակցության կարգավիճակը)

 

Այլ տեղեկություններ. (գիտական հոդվածներ, մենագրություններ, պետական, կառավարական և այլ պարգևներ: Հնարավորության դեպքում նշել համացանցային հղումները)

 

Այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ եք համարում տրամադրել

 

Հեռախոսահամար

 

Էլեկտրոնային հասցե

 

Փոստային հասցե

 

Անհատական բլոգը կամ համացանցային էջը (առկայության դեպքում)

 

 

Ձև N 4

 

Հարցազրույցի արդյունքների ամփոփաթերթ

 

(համապատասխան ՊՈԱԿ-ի անվանումը, հավակնորդի ազգանունը, անունը, հայրանունը)

____________________________________________________________________________________________

 

NN

ը/կ

Հարցերի շրջանակը

Պատասխանի արդյունքը (V)

Դրական                   Բացասական

1.

Մասնագիտական գիտելիքներ

   

2.

Կարողունակություններ

   

3.

Անձնային որակներ

   

4.

Զարգացման ծրագիր

   

5.

Լրացուցիչ հարցեր

   

Եզրակացություն ______________________________________________________________________________

դրական/բացասական                             ստորագրություն

 

Հանձնաժողովի անդամի ազգանունը, անունը

______________________________________________________________________

(հավելվածը խմբ. 23.11.23 N 2039-Ն)

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

10.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 փետրվարի 2023 թվական: