Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 247-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 04.01.2023
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.12.2022
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿՈԴ

050.0247 Ն. 27.12.22

 

27 դեկտեմբերի 2022 թվականի

թիվ 247-Ն

 

ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կազմակերպել Հայաստանի Հանրապետության դրամանիշերի շրջանառությունը,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, 41-րդ և 42-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. 2023 թվականի հունվարի 23-ից շրջանառության մեջ դնել սույն որոշման Հավելվածով սահմանված նմուշի և նկարագրությամբ հազար դրամ անվանական արժեքով 2022 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները:

2. Սահմանել, որ հազար դրամ անվանական արժեքով 2022 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց, առանց ժամկետային սահմանափակումների: Հազար դրամ անվանական արժեքով 1999, 2001, 2011, 2015 և 2018 թվականների թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան 

 

2022 թ. դեկտեմբերի 29

ք. Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2022 թվականի դեկտեմբերի 27-ի

թիվ 247-Ն որոշման

 

Հազար դրամ անվանական արժեքով 2022 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի նմուշը

 

Ներմուծեք նկարագրությունը_22585

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Հազար դրամ անվանական արժեքով 2022 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի

 

1000 դրամ անվանական արժեքով 2022թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի չափերն են՝ 130 x 72 մմ: Թղթադրամը տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, որը երկու կողմերից պոլիէսթերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է: Թղթադրամը պարունակում է Պարույր Սևակի դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաև անվանական արժեքն արտահայտող երկերանգ ջրանիշ: Թղթադրամի հիմնական գույնն է՝ մանուշակագույնը:

 

Դիմերես

Թղթադրամի վերին մասում խորը տպագրության եղանակով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև մանրատառաշարով՝ կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 1000 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը:

Թղթադրամի ձախ հատվածում Պարույր Սևակի դիմանկարն է և «ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ» գրառումը: Դիմանկարից ձախ ուղղահայաց տպագրված են թղթադրամի անվանական արժեքը թվերով՝ «1000» և սև գույնով թղթադրամի համարանիշը՝ բաղկացած «ԱԲ» տառերից (թղթադրամի սերիան) և ութ թվերից (թղթադրամի համարը)։ Դրանց ներքևում առկա է օպտիկապես փոփոխական ներկով տպագրված պաշտպանական հատկանիշ, որն ունի շրջանակի տեսք և պարունակում է փետրագրչի պատկերն ու հորիզոնական «լողացող» 3D վառ էլեմենտ։

Պարույր Սևակի դիմանկարի ֆոնին՝ իր ձեռագրերից հատվածներ և զանգերի պատկերներ։ Թղթադրամի անվանական արժեքը բառերով և թվերով՝ «ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 1000» տպագրված է ներքևի աջ մասում:

Թղթադրամի մեջտեղում առկա է պատուհանաձև պաշտպանական ներգիծ կարմիրից կանաչի գունափոխման հատկանիշով. պարունակում է «լողացող» 3D վառ պատկերներ անկյունակների տեսքով, ՀՀ դրամի գրանշանի պատկերը, ինչպես նաև «1000» ապամետաղականացված գրառումը։

Թղթադրամի վերևի աջ հատվածում, սև գույնով, տպագրված է թղթադրամի համարանիշը, որից ներքև ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրություններն են: Դրանցից աջ գտնվում է թափանցիկ պատուհան՝ փետրագրչի հստակ պատկերով։

Թղթադրամի աջ եզրին հորիզոնական տպագրված է թողարկման տարեթիվը «2022», և ուղղահայաց՝ «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»:

Տկարատեսների համար թղթադրամի ձախ և աջ եզրերին առկա են շոշափելի ուղղահայաց գծեր:

 

Դարձերես

Թղթադրամի վերին մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» գրառումն է, իսկ դրանից ներքև՝ մանրատառաշարով կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 1000 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը:

Թղթադրամի վերևի ձախ անկյունում գտնվում է թափանցիկ պատուհան՝ փետրագրչի հստակ պատկերով։

Թղթադրամի մեջտեղի հատվածում՝ Պարույր Սևակի տունը իր ծննդավայր Զանգակատուն գյուղի համապատկերին: Այս պատկերների մեջտեղում տպագրված է երկգույն մարգարտափայլ ժապավեն։

Թղթադրամի աջ մասում Պարույր Սևակի արձանի պատկերն է, որից աջ առկա են ուղղահայաց «1000» թիվը և «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը։

Թղթադրամի ներքևի ձախ մասում օպտիկապես փոփոխական ներկով տպագրված է անվանական արժեքը թվերով՝ «1000», իսկ կենտրոնական մասում բառերով՝ «ՀԱԶԱՐ ԴՐԱՄ»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հունվարի 2023 թվական: