ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/3644/02/17 2021 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/3644/02/17 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | |
Ս. Անտոնյան | ||
Հ. Բեդևյան | ||
Մ. Դրմեյան Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2021 թվականի հոկտեմբերի 19-ին
գրավոր ընթացակարգով քննելով Նաիրա Ավետիսյանի և անհատ ձեռնարկատեր Մհեր Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.03.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Երևանի Կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Նաիրա Ավետիսյանի և անհատ ձեռնարկատեր Մհեր Հարությունյանի` պատասխանողներին պատկանող սեփականությունը փոխհատուցման դիմաց օտարելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է փոխհատուցման դիմաց օտարել պատասխանողների սեփականությունը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Սարգսյան) (այսուհետ` Դատարան) 12.12.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.03.2020 թվականի որոշմամբ Նաիրա Ավետիսյանի և անհատ ձեռնարկատեր Մհեր Հարությունյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.12.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Նաիրա Ավետիսյանը և անհատ ձեռնարկատեր Մհեր Հարությունյանը (ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասը, 60-րդ հոդվածի 1-ին մասը, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը, 16-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և 381-րդ հոդվածի 5-րդ մասը։
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցվորը փոխհատուցման գումարը դատարանի դեպոզիտ հաշվին է փոխանցել օրենքով նախատեսված ժամանակահատվածի խախտմամբ, ինչն արդեն իսկ հիմք է սեփականությունը հանրության գերակա շահ ճանաչելու մասին բոլոր իրավական փաստաթղթերն անվավեր ճանաչելու և հայցը մերժելու համար։ Ավելին, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորը 08.06.2017 թվականին Նաիրա Ավետիսյանին է փոխանցել սեփականության օտարման պայմանագրի նախագիծը, որով առաջարկվել է անկախ գնահատողի կողմից հաշվարկված փոխհատուցում, սակայն սեփականության օտարման պայմանագրի նախագիծը Նաիրա Ավետիսյանին ուղարկելուց հետո 3 ամսվա ընթացքում անշարժ գույքի օտարման պայմանագիր չի կնքվել, ուստի ձեռքբերողը պարտավոր էր 08.09.2017 թվականից սկսած 1 ամսվա ընթացքում սեփականության օտարման դիմաց օրենքով սահմանված կարգով որոշված փոխհատուցման գումարը փոխանցել դատարանի կամ նոտարի դեպոզիտ հաշվին՝ այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնելով օտարվող սեփականության սեփականատիրոջը։ Մինչդեռ, սույն գործի փաստերից հետևում է, որ վերոնշյալ պահանջները չեն պահպանվել, ինչը պետք է հանգեցներ տվյալ սեփականության մասով հանրության գերակա շահ ճանաչելու մասին բոլոր իրավական փաստաթղթերի անվավերության։
Ինչ վերաբերում է անհատ ձեռնարկատեր Մհեր Հարությունյանին փոխհատուցման ենթակա գումարի չափին, ապա այն չի բխում օրենքով սահմանված փոխհատուցման կարգից, քանի որ գումարի չափը մի քանի անգամ ցածր է օրենքով հասանելի փոխհատուցման չափից։
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը չի կատարել փաստական հանգամանքների և օրենսդրական կարգավորումների վերաբերյալ վերլուծություն, որևէ ձևով չի պատճառաբանել դատական ակտը։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 27.03.2020 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Ընկերությունը Երևանի քաղաքապետի 26․10․2017 թվականի թիվ 3701-Ա որոշման համաձայն իրականացնում է ՀՀ կառավարության 06․10․2016 թվականի թիվ 1027-Ն որոշմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված գույքերի/հողերի օտարման համապատասխան գործընթաց, որը տարածվել է նաև Երևանի Շերամի փողոց թիվ 34 հասցեում գտնվող թիվ 01-007-0453-0046 ծածկագրով /վկայական թիվ 14122012-01-3425/ անշարժ գույքի նկատմամբ (հատոր 2-րդ, գ.թ. 10-23).
2) 14.12.2012 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 14122012-01-3425 վկայականի համաձայն՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Շերամի 34 հասցեի նկատմամբ գրանցվել է Նաիրա Ավետիսյանի սեփականության իրավունքը (հատոր 2-րդ, գ.թ. 24).
3) Հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականության նկարագրության արձանագրության համաձայն՝ օտարվող սեփականության նկարագրության արձանագրության մեկ օրինակն այն կազմելուց հետո ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում պատշաճ ձևով ուղարկվում է սեփականատիրոջը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցող անձանց, որոնք իրավունք ունեն արձանագրությունն ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում, այն բողոքարկել լիազոր մարմնին կամ դատարան: Նկարագրության մեջ նշված են՝ հողի կադաստրային ծածկագիրը` 0453-0046, ազդեցության ենթակա անձանց և հողի իրավական կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվություն` սեփականատեր` Նաիրա Ավետիսյան, ձեռնարկատիրական գործունեություն` Ա/Ձ Մհեր Հարությունյան, իրավունքի պետական գրանցման վկայական` 14122012-01-3425, 14.12.2014 թվական, հողամասի մակերեսն ըստ վկայականի` 742.20քմ, ազդեցության ենթակա մակերեսը` 285.13քմ (հատոր 2-րդ, գ.թ. 10-23).
4) 02.11.2017 թվականի թիվ 2022-1 վճարման հանձնարարագրի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանը թիվ 900012005063 հաշվից Կենտրոնական գանձապետարանի թիվ 900053423019 հաշվին փոխանցել է 20.428.139 ՀՀ դրամ, որպես ստացող նշված է «ՀՀ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան», վճարման հիմքը և նպատակը նշված է՝ «Շերամի փողոցի թիվ 34 հասցեում գտնվող թիվ 0453-0046 ծածկագրով Նաիրա Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի փոխհատուցման համար» (հատոր 2-րդ, գ.թ. 34):
5) 01.11.2017 թվականի թիվ 171101003062000-468 վճարման հանձնարարականի համաձայն՝ Ընկերությունը թիվ 90000901612 հաշվից թիվ 900053423019 հաշվին փոխանցել է 11.970.760 ՀՀ դրամ, որպես ստացող նշված է «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան», որպես նպատակ` «Շերամի փողոց, թիվ 34, Նաիրա Վարդգեսի Ավետիսյան» (հատոր 2-րդ, գ.թ. 35).
6) Ընկերության 06.11.2017 թվականի գրության համաձայն՝ Նաիրա Վարդգեսի Ավետիսյանը տեղեկացվել է, որ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված կարգով փոխհատուցման գումարը հանձնվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի հ/հ 900053423019 դեպոզիտ հաշվին (հատոր 2-րդ, գ.թ. 32-33):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի և 16-րդ հոդվածի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն փաստական հանգամանքներին, որոնք ենթակա են պարզման ձեռքբերողի կողմից ներկայացված՝ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման հայցի հիման վրա հարուցված քաղաքացիական գործն ըստ էության քննելիս և լուծելիս։
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:
ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:
ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:
<<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։ Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար։
ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վկայակոչված նորմերից հետևում է, որ սեփականության իրավունքի պաշտպանությունն իրականացվում է ինչպես սահմանադրաիրավական, այնպես էլ միջազգային-իրավական նորմերի ուժով: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածում գործածվող «սեփականություն» եզրույթը մեկնաբանելիս պետք է ելակետ ընդունել և հաշվի առնել սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) իրավակիրառ պրակտիկան:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում մեջբերել Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված՝ գույքից անարգել օգտվելու իրավունքի նկատմամբ միջամտության թույլատրելի սահմանների վերաբերյալ ՄԻԵԴ-ի կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքը, որի համաձայն՝ գույքից անարգել օգտվելու միջամտությունը կարող է թույլատրելի համարվել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
1) միջամտությունը նախատեսված է օրենքով,
2) միջամտությունը բխում է հանրային շահից,
3) միջամտությունը բավարարում է համաչափության պահանջներին:
Այսպես, ըստ ՄԻԵԴ-ի` Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի առաջին և կարևորագույն պահանջն այն է, որ գույքից անարգել օգտվելու իրավունքի նկատմամբ հանրային իշխանության միջամտությունը պետք է հիմնված լինի օրենքի վրա. այս պահանջը բխում է ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկի՝ իրավունքի գերակայության էությունից (տե՛ս Հունաստանի նախկին թագավորը և մյուսներն ընդդեմ Հունաստանի գործով ՄԻԵԴ-ի 23.11.2000 թվականի վճիռը, 79-րդ կետ): Հետևաբար, առաջին պայմանը ենթադրում է ոչ միայն ներպետական օրենսդրության շրջանակներում սեփականության իրավունքի տվյալ սահմանափակումը նախատեսող օրենքի առկայությունը, այլ նաև այդ օրենքի համապատասխանությունը իրավունքի գերակայության սկզբունքից բխող որոշակի որակական հատկանիշների (տե՛ս Ջեյմսը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով ՄԻԵԴ-ի 21.02.1986 թվականի վճիռը, 67-րդ կետ):
Սեփականության իրավունքի իրականացման միջամտության իրավաչափության երկրորդ պայմանի համաձայն՝ այդ միջամտությունը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ` ելնելով ընդհանուր, հանրային շահից, որի գնահատման հարցում հանրային իշխանության մարմիններն օժտված են որոշակի հայեցողությամբ (տե՛ս Ջեյմսը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով ՄԻԵԴ-ի 21.02.1986 թվականի վճիռը, 46-րդ կետ):
Սեփականության իրավունքից զրկելը Կոնվենցիայի տեսանկյունից իրավաչափ որակելու հարցը գնահատման առարկա դարձնելիս ՄԻԵԴ–ը անդրադառնում է նաև կիրառված միջոցի համաչափության պահպանման հարցին: Մասնավորապես, ՄԻԵԴ–ը արձանագրել է. «Բավարար չէ, որ սեփականության իրավունքից զրկման եղանակը հետապնդի «հանրության շահի» իրավաչափ նպատակը, նաև պետք է գոյություն ունենա համաչափության ողջամիտ հարաբերակցություն կիրառված միջոցների և դրված նպատակների միջև» (տե՛ս Ջեյմսը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով ՄԻԵԴ-ի 21.02.1986 թվականի վճիռը, կետ 50):
Սպորրոնգը և Լոննրոտն ընդդեմ Շվեդիայի գործով ՄԻԵԴ-ը նշել է. «Այնպիսի բարդ բնագավառում, ինչպիսին է քաղաքների կառուցապատումը, պայմանավորվող պետությունները օգտվում են լայն հայեցողության սահմանից` քաղաքաշինական քաղաքականության իրականացման համար» (տե՛ս Սպորրոնգը և Լոննրոտն ընդդեմ Շվեդիայի գործով ՄԻԵԴ-ի 23.09.1982 թվականի վճիռը, կետ 69): Չնայած դրան՝ ՄԻԵԴ-ը նույն գործով արձանագրել է անհամաչափ բեռի առկայություն` հաշվի առնելով միջամտության ժամանակի տևողությունը:
Սեփականության իրավունքի նկատմամբ միջամտության իրավաչափության երրորդ պայմանը նախատեսում է, որ միջամտությունը պետք է ապահովի արդարացի հավասարակշռություն հանրության ընդհանուր շահի և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև (տե՛ս Սպորրոնգը և Լոննրոտն ընդդեմ Շվեդիայի գործով ՄԻԵԴ-ի 23.09.1982 թվականի վճիռը, 69-րդ կետ):
Նույն գործով ՄԻԵԴ-ը նաև արձանագրել է, որ համաչափության սկզբունքը բնորոշ է ողջ Կոնվենցիային և արտացոլված է թիվ 1 արձանագրության 1–ին հոդվածի կառուցվածքում (տե՛ս վճռի կետ 69): Նշվածից հետևում է, որ անձի սեփականության նկատմամբ կատարված ցանկացած միջամտություն պետք է լինի համաչափ: Միջամտության համաչափությունը գնահատելիս Դատարանի կողմից հաշվի առնվող հանգամանքներն են`
- կամայականության արգելք,
- հետապնդվող նպատակին հասնելու այլ միջոցների բացակայություն,
- ընթացակարգային (պրոցեսուալ) երաշխիքների առկայություն,
- հասցեատերերի համար միջամտության հետևանքները:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում անդրադառնալ Օրենքի կարգավորումներին:
Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝
1. Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման սահմանադրական հիմքը բացառիկ` գերակա հանրային շահն է:
2. Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման սահմանադրական պայմաններն են՝
ա) օտարումը պետք է իրականացվի օրենքով սահմանված կարգով.
բ) օտարվող սեփականության դիմաց պետք է տրվի նախնական համարժեք փոխհատուցում (այսուհետ՝ փոխհատուցում):
Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ձեռքբերողը պարտավոր է մինչև բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշմամբ սահմանված սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետից օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին պատշաճ ձևով ուղարկել սեփականության օտարման պայմանագրի (այսուհետ՝ օտարման պայմանագիր) նախագիծը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սեփականությունը կարող է օտարվել ձեռքբերողի և օտարման ենթակա սեփականության սեփականատիրոջ միջև կնքվող պայմանագրի համաձայն: Այս դեպքում կողմերի համաձայնությամբ են միայն որոշվում օտարվող սեփականության դիմաց տրվող համարժեք փոխհատուցման չափը, ձևը, կարգը, ժամկետները, պայմաններն ու կողմերի պատասխանատվությունը: Եթե օտարվող սեփականության նկատմամբ կան ձեռքբերողին հայտնի գույքային իրավունքներ ունեցողներ, ապա օտարման պայմանագրի կողմ պետք է հանդիսանան նաև օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողները:
Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե օտարման պայմանագրի նախագիծն օտարվող սեփականության սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին ուղարկելուց հետո` երեք ամսվա ընթացքում, օտարման պայմանագիր չի կնքվում, ապա ձեռքբերողը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում սեփականության օտարման դիմաց ոչ պակաս, քան նույն օրենքով սահմանված կարգով որոշված փոխհատուցման ենթակա գումարը հանձնել դատարանի կամ նոտարի դեպոզիտ հաշիվ (այսուհետ՝ դեպոզիտ)՝ այդ մասին եռօրյա ժամկետում պատշաճ ձևով տեղեկացնելով օտարվող սեփականության սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ ձեռքբերողին հայտնի գույքային իրավունքներ ունեցողներին: Փոխհատուցման գումարի չափի հաշվարկը պետք է կատարված լինի այն դեպոզիտ հանձնելուց ոչ շուտ, քան մեկ շաբաթ առաջվա դրությամբ:
Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե ձեռքբերողի կողմից փոխհատուցման գումարը դեպոզիտ հանձնելուց հետո` յոթ օրվա ընթացքում, չի կնքվում օտարման պայմանագիրը, կամ նույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն սեփականությունը չի օտարվում, ապա ձեռքբերողը պարտավոր է մեկամսյա ժամկետում սեփականության օտարման հայցով դիմել դատարան: Այս դեպքում դատարանի քննարկման առարկա կարող է լինել միայն փոխհատուցման չափի հարցը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե դատարանը փոխհատուցման ենթակա գումարի չափը որոշելուց հետո պարզում է, որ եթե՝
ա) ձեռքբերողի կողմից դեպոզիտ հանձնած փոխհատուցման ենթակա գումարը համարժեք կամ ավելի է դեպոզիտ հանձնելու օրվա դրությամբ սեփականության օտարման դիմաց փոխհատուցման ենթակա գումարից, ապա սեփականությունը դատական կարգով օտարվում է դեպոզիտ հանձնած գումարի չափով փոխհատուցմամբ, ընդ որում, դեպոզիտ հանձնված ավել գումարը ձեռք բերողին չի վերադարձվում.
բ) ձեռքբերողի կողմից դեպոզիտ հանձնած գումարը պակաս է դեպոզիտ հանձնելու օրվա դրությամբ սեփականության օտարման դիմաց համարժեք փոխհատուցման ենթակա գումարից, ապա փոխհատուցման գումարը հաշվարկվում է դատարանի կողմից՝ այդ օրվա դրությամբ: Դատարանի վճռում պետք է նշվի դեպոզիտ հաշվին վճարման ենթակա փոխհատուցման լրացուցիչ գումարը։
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատական կարգով սեփականությունն օտարված է համարվում հետևյալ պայմաններով՝
ա) ձեռքբերողը պարտավոր է դատարանի կողմից սահմանված փոխհատուցման լրացուցիչ գումարը, եթե այդպիսին կա, դեպոզիտ հանձնել դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ օրվա ընթացքում.
բ) սեփականատերը պարտավոր է դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց և ձեռքբերողի կողմից փոխհատուցման լրացուցիչ գումարը (եթե այդպիսին նախատեսված է դատարանի կողմից) դեպոզիտ հաշվին հանձնելուց հետո` հինգ օրվա, իսկ անշարժ գույքը՝ նույն օրենքի 14-րդ հոդվածի երկրորդ մասում նշված ժամկետի ընթացքում օտարված սեփականությունը հանձնել ձեռքբերողին:
Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե ձեռքբերողը նույն օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում օտարվող սեփականության սեփականատիրոջը և գույքային իրավունք ունեցողին չի ուղարկում օտարման պայմանագրի նախագիծը կամ նույն օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում դեպոզիտ հաշվին չի հանձնում փոխհատուցման գումարը կամ նույն օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում չի դիմում դատարան սեփականության օտարման հայցով կամ նույն օրենքի 13-րդ հոդվածի վեցերորդ մասով սահմանված ժամկետում դեպոզիտ հաշվին չի փոխանցում դատարանի կողմից սահմանված փոխհատուցման լրացուցիչ գումարը, ապա համարվում է, որ ձեռքբերողը հրաժարվում է տվյալ սեփականությունը ձեռք բերելուց, և տվյալ սեփականության մասով բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին բոլոր իրավական փաստաթղթերը համարվում են անվավեր:
Վերոգրյալ իրավադրույթների համակարգային վերլուծությունից հետևում է, որ oրենսդիրը հստակ ամրագրել է, որ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման սահմանադրական հիմքը բացառիկ` գերակա հանրային շահն է, այսինքն՝ բացառիկ` գերակա հանրային շահի առկայությունն այն պայմանն է, որի պարագայում հնարավոր է դառնում սեփականության օտարումը պետության և հասարակության կարիքների համար, և գերակա հանրային շահի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց տվյալ սեփականության օտարման:
Միաժամանակ, օրենսդիրը սահմանել է որոշակի և հստակ կառուցակարգ, որի պահանջների պահպանմամբ միայն հնարավոր է իրականացնել գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշմամբ սահմանված սեփականության օտարման գործընթացը։ Ընդ որում, օրենսդիրը հանրային գերակա շահ ճանաչված սեփականությունը ձեռքբերողի համար իմպերատիվ կերպով սահմանել է որոշակի և հստակ ժամկետներ, որոնց պահպանմամբ միայն հնարավոր է իրականացնել գույքի օտարման գործընթացը։ Մասնավորապես, սահմանված առաջին նախապայմանը սեփականությունը ձեռքբերողի պարտականությունն է՝ մինչև գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշմամբ սահմանված սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետից օտարվող սեփականության սեփականատերերին և այդ սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին պատշաճ ձևով ուղարկելու սեփականության օտարման պայմանագրի նախագիծը։
Անհրաժեշտ է նկատել, որ օրենսդիրն Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանել է եռամսյա ժամկետ՝ սեփականատիրոջը և գույքային իրավունք ունեցող անձին օտարման պայմանագրի նախագիծն ուղարկելուց հետո սեփականության օտարման պայմանագիր կնքելու համար, իսկ չկնքվելու դեպքում ձեռքբերողը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում սեփականության օտարման դիմաց ոչ պակաս, քան նույն օրենքով սահմանված կարգով որոշված փոխհատուցման ենթակա գումարը հանձնել դատարանի կամ նոտարի դեպոզիտ հաշիվ՝ եռօրյա ժամկետում այդ մասին պատշաճ ձևով տեղեկացնելով օտարվող սեփականության սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ ձեռքբերողին հայտնի գույքային իրավունքներ ունեցողներին:
Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է ձեռքբերողի հաջորդ պարտականությունը՝ փոխհատուցման գումարը դեպոզիտ հանձնելուց հետո` յոթ օրվա ընթացքում օտարման պայմանագիրը չկնքվելու դեպքում մեկամսյա ժամկետում սեփականության օտարման հայցով դիմելու դատարան: Այդպիսի դեպքերում դատարանի քննարկման առարկա կարող է լինել միայն փոխհատուցման չափի հարցը:
Միևնույն ժամանակ, Օրենքի 16-րդ հոդվածով ամրագրված է, որ վերոնշյալ ժամկետով սահմանափակված ընթացակարգերը չպահպանելը հանգեցնում է տվյալ սեփականության մասով բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին բոլոր իրավական փաստաթղթերի անվավերության:
Վերոնշյալ իրավական կարգավորումների բովանդակությունից բխում է, որ հանրային գերակա շահ ճանաչված սեփականության օտարման գործընթացն իրենից ներկայացնում է միմյանց հաջորդող գործողությունների շղթա, երբ սեփականության ձեռքբերողի և սեփականատիրոջ կամ այլ գույքային իրավունք ունեցող անձի միջև որևէ հարցի շուրջ համաձայնությունը չկայանալու դեպքում դրան հաջորդող գործողություն կատարելու համար սահմանված է որոշակի ժամանակահատված։ Ընդ որում, յուրաքանչյուր գործողություն իրականացնելու համար օրենքով սահմանված ժամկետի ցանկացած խախտում օրենքի իմաստով մեկնաբանվում է որպես հանրային գերակա շահ ճանաչված սեփականությունը ձեռքբերողի կողմից տվյալ սեփականությունը ձեռք բերելուց հրաժարում, ինչը հանգեցնում է գերակա հանրային շահ ճանաչելու մասին բոլոր իրավական փաստաթղթերի անվավերության:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերությունը Երևանի քաղաքապետի 26․10․2017 թվականի թիվ 3701-Ա որոշման համաձայն իրականացնում է ՀՀ կառավարության 06․10․2016 թվականի թիվ 1027-Ն որոշմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված գույքերի/հողերի օտարման համապատասխան գործընթաց, որը տարածվել է նաև Երևանի Շերամի փողոց թիվ 34 հասցում գտնվող թիվ 01-007-0453-0046 ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ, որի սեփականատերն է Նաիրա Ավետիսյանը։
02.11.2017 թվականի թիվ 2022-1 վճարման հանձնարարականի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանը թիվ 900012005063 հաշվից Կենտրոնական գանձապետարանի թիվ 900053423019 հաշվին փոխանցել է 20.428.139 ՀՀ դրամ, որպես ստացող նշված է «ՀՀ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան», վճարման հիմքը և նպատակը նշված է՝ «Շերամի փողոցի թիվ 34 հասցեում գտնվող թիվ 0453-0046 ծածկագրով Նաիրա Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի փոխհատուցման համար»
01.11.2017 թվականի թիվ 304 վճարման հանձնարարականի համաձայն՝ Ընկերությունը թիվ 90000901612 հաշվից թիվ 900053423019 հաշվին փոխանցել է 11.970.760 ՀՀ դրամ, որպես ստացող նշված է «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան», որպես նպատակ` «Շերամի փողոց, թիվ 34, Նաիրա Վարդգեսի Ավետիսյան»։
Ընկերությունը 06.11.2017 թվականի գրությամբ Նաիրա Ավետիսյանին տեղեկացրել է, որ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված կարգով փոխհատուցման գումարը հանձնվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի հաշվեհամարի դեպոզիտ հաշվին։
Դատարանը հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ սույն գործում առկա չէ ապացույց այն մասին, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում կողմերի միջև կնքվել է բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված գույքի օտարման պայմանագիր, կամ գույքն օտարվել է Օրենքի 12-րդ հոդվածի համաձայն, ինչը հիմք է հանդիսացել «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության օտարման հայցով դատարան դիմելու համար: Դատարանը հաստատված է համարել այն փաստը, որ պատասխանող Նաիրա Ավետիսյանին տրամադրվելիք փոխհատուցման արժեքը ընդհանուր առմամբ կազմում է 38.605.801 ՀՀ դրամ, որը հայցվորի կողմից փոխանցվել է Դատարանի դեպոզիտ հաշվին: Ինչ վերաբերում է պատասխանող կողմի այն առարկությանը, որ հայցվորը բաց է թողել համապատասխան գործողություններ կատարելու օրենքով սահմանված ժամկետները, ինչը հանգեցրել է տվյալ սեփականությունը ձեռք բերելուց ձեռքբերողի /հայցվորի/ հրաժարվելուն և տվյալ սեփականության մասով հանրության գերակա շահ ճանաչելու մասին բոլոր իրավական փաստաթղթերի անվավերության` Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, ապա Դատարանն արձանագրել է, որ հայցվորը փոխհատուցման գումարը Դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո օրենքով սահմանված կարգով հայց է ներկայացրել Դատարան, որպիսի պայմաններում չի հիմնավորվում սեփականությունը ձեռք բերելուց ձեռքբերողի /հայցվորի/ հրաժարվելու հանգամանքը: Վերը նշվածը հիմք ընդունելով՝ Դատարանը գտել է, որ հաստատված է անհրաժեշտ փաստական կազմը՝ վեճի առարկա անշարժ գույքը փոխհատուցմամբ դատական կարգով օտարելու համար:
Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, վերահաստատել է Դատարանի պատճառաբանությունները և հավելել, որ անկախ Օրենքի 16-րդ հոդվածի՝ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշման անվավերության որևէ կամ բոլոր հիմքերի առկայությունից՝ դատարանը չի կարող քննության առարկա դարձնել օտարման գործընթացի իրավական փաստաթղթերի անվավերության հարցը, քանի որ քննվող գործի շրջանակներում որևէ վարչական ակտի իրավաչափությունը վիճարկելու պահանջի բացակայության պայմաններում դատարանն իրավասու չէ անդրադառնալ այդ հարցին և դրա` իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությանը: Ելնելով վերը շարադրված վերլուծություններից, համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
17.06.1998 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք)1 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:
Նույն օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը պետք է ոչ միայն նշի այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):
Սույն գործով ներկայացված հայցապահանջի մերժման կամ բավարարման հարցը լուծելու համար անհրաժեշտ է պարզել հետևյալ հարցը.
արդյո՞ք հանրային գերակա շահ ճանաչված սեփականության ձեռքբերողը պահպանել է օրենսդրությամբ սահմանված ժամկետային պահանջները, մասնավորապես՝
1) արդյո՞ք մինչև բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշմամբ սահմանված սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը ձեռքբերողն օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին պատշաճ ձևով ուղարկել է սեփականության օտարման պայմանագրի նախագիծը.
2) եթե ձեռքբերողն օտարման պայմանագրի նախագիծն օտարվող սեփականության սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին ուղարկելուց հետո երեք ամսվա ընթացքում չի կնքել սեփականության օտարման պայմանագիրը, արդյո՞ք ձեռքբերողը մեկ ամսվա ընթացքում սեփականության օտարման փոխհատուցման ենթակա գումարը հանձնել է դատարանի կամ նոտարի դեպոզիտ հաշիվ,
3) եթե ձեռքբերողի կողմից փոխհատուցման գումարը դեպոզիտ հանձնելուց հետո յոթ օրվա ընթացքում չի կնքվել օտարման պայմանագիրը կամ սեփականությունը չի օտարվել, արդյո՞ք ձեռքբերողը մեկամսյա ժամկետում է դիմել դատարան սեփականության օտարման հայցով։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վեճի լուծման համար էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ հանրային գերակա շահ ճանաչված սեփականության ձեռքբերողի վերոնշյալ գործողություններն իրականացված լինեն օրենքով սահմանված ժամկետներում: Վերոնշյալ ժամկետների պահպանման դեպքում միայն դատարանը կարող է սեփականության օտարման հայցի շրջանակներում քննության առնել փոխհատուցման չափի հարցը: Հետևաբար էական է, որ ստորադաս ատյաններում քննության առարկա դարձած լինեն վերոնշյալ հարցերը և դրանց պատասխանները լինեն հստակ՝ առանց հակասությունների։
Սույն գործի փաստերից հետևում է, որ Դատարանը գործի քննությունն իրականացնելիս չի անդրադարձել նշված բոլոր հարցերի պարզաբանմանը, ինչն էլ անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։ Սույն քաղաքացիական գործի ուսումնասիրությունից պարզ չէ, թե Ընկերությունը երբ է սեփականության օտարման պայմանագրի նախագիծը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին, և արդյոք դրանից հետո ձեռքբերողի կողմից պահպանվել են հաջորդող գործողություններից յուրաքանչյուրի իրականացման՝ օրենքով սահմանված ժամկետները: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենքով ամրագրված այդ ժամկետներն ուղղակիորեն փոխկապված են միմյանց հետ։
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել այն հարցերին, թե Ընկերության կողմից որ ժամկետում է կատարվել առաջին գործողությունը, այն է՝ մինչև բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշմամբ սահմանված սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին սեփականության օտարման պայմանագրի նախագիծը պատշաճ ձևով ուղարկելը, և արդյոք դրանից հետո օրենքով սահմանված ժամկետում է դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցվել պայմանագրով սահմանված փոխհատուցման գումարը, որից հետո միայն պարզ կլիներ մյուս գործողությունների կատարման ժամկետների պահպանված լինելու հարցը։ Վերաքննիչ դատարանը միայն արձանագրել է, որ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում կողմերի միջև բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված գույքի օտարման պայմանագիր չկնքվելու դեպքում Ընկերությունը համապատասխան հայցով դիմել է դատարան։
Վերոգրյալից հետևում է, որ ստորադաս ատյանները քննության առարկա չեն դարձրել և չեն բացահայտել վերոգրյալ հանգամանքները, որոնք էական նշանակություն ունեն գործի լուծման համար։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հայցվոր Ընկերությունը և բողոքաբերները այդ կապակցությամբ հայտնել են տարբեր տեղեկություններ՝ տարբեր ամսաթվեր, իսկ գործում բացակայում են ապացույցներն այն մասին, թե Ընկերությունը երբ է սեփականության օտարման պայմանագրի նախագիծը պատշաճ կարգով ուղարկել սեփականատիրոջը և գույքային իրավունք ունեցող անձին, և արդյոք դրանից հետո օրենքով սահմանված ժամկետում են կատարվել մյուս ընթացակարգերը։
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն չի իրականացվել, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ոչ բոլոր հանգամանքներն են բացահայտվել, որպիսի պարագայում առկա է գործը նոր քննության ուղարկելու անհրաժեշտություն: Գործի նոր քննության ընթացքում դատարանը, գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, պետք է որոշի սույն որոշմամբ առաջադրված հարցերը՝ ելնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.03.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
____________________
1 Սույն գործով հայցադիմումը վարույթ է ընդունվել 29.12.2017 թվականին, հետևաբար գործի քննության նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի 439-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով կիրառելի են 17.06.1998 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթները:
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ |
Ս. Անտոնյան | |
Հ. Բեդևյան | |
Մ. Դրմեյան Գ. Հակոբյան | |
Ս. Միքայելյան Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | |
Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան | |
Ն. Տավարացյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 ապրիլի 2022 թվական: