ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1617/02/09 2014 թ.
դատարանի որոշում
Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան
Դատավորներ` |
Ա. Պետրոսյան |
Ա. Խառատյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2014 թվականի դեկտեմբերի 26-ին |
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 63.322.540 ՀՀ դրամ, որից 1.540.000 ՀՀ դրամը՝ 2.800կգ կոկոսի քերուկի արժեքը, 6.555.000 ՀՀ դրամը՝ 4.750կգ կայունարարի արժեքը, 28.185.280 ՀՀ դրամը՝ 13.844կգ փաթեթավորման թղթի արժեքը, 18.586.950 ՀՀ դրամը՝ 21.867կգ պոլիմերային թաղանթի արժեքը, 6.885.000 ՀՀ դրամը՝ 7.650կգ փայտիկների արժեքը, 1.570.310 ՀՀ դրամը՝ 22.433 հատ գրիչի արժեքը, ինչպես նաև 18.07.2008 թվականից սկսած մինչև գույքի ամբողջ արժեքի վճարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքին համապատասխան:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Հարթենյան) (այսուհետ` Դատարան) 14.02.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն. վճռվել է Կազմակերպությունից հօգուտ Ընկերության բռնագանձել 63.322.540 ՀՀ դրամ՝ որպես ի պահ հանձնված ապրանքի արժեքը: Հայցը`18.07.2008 թվականից մինչև 18.01.2010 թվականը հաշվեգրված 11.427.895,8 ՀՀ դրամ տոկոսի գումարի և 18.01.2010 թվականից մինչև պարտավորության կատարման օրը 63.322.540 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսի հետագա հաշվեգրման մասով, մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.06.2014 թվականի որոշմամբ Վարշամ Ղարիբյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.02.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարշամ Ղարիբյանի ներկայացուցիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 109-րդ և 219-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցի առարկան ի պահ հանձնված ապրանքների, այսինքն` դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով վերադարձման ենթակա ապրանքների արժեքի բռնագանձման պահանջն է, որը նույն դատարանի կողմից բավարարվել է, հետևաբար նույն գործողության համար ներկայացվել է կրկնակի պատասխանատվության պահանջ` մի դեպքում գույքի, մյուս դեպքում` գումարի տեսքով, մինչդեռ կրկնակի պատասխանատվությունն օրենքով արգելվում է:
Վերաքննիչ դատարանը, հակասելով ինքն իրեն, մի պարագայում նշել է, որ բողոք բերող կողմը խնդրել է կարճել գործի վարույթը կամ մերժել հայցը` անհիմն լինելու պատճառաբանությամբ, մյուս պարագայում նշել է, որ բողոք բերողի պահանջը տարանջատված չի եղել «կամ» շաղկապով, որպիսի պարագայում բանավոր կարգով ճշտել է արդեն իսկ վարույթ ընդունված բողոքի պահանջը և եզրահանգումներ է արել միայն գործի վարույթի կարճման վերաբերյալ պահանջի մասով, արդյունքում՝ Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի դրույթները, արհեստականորեն նեղացրել է բողոքի պահանջները, ինչը ազդել է գործի ելքի վրա:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ սույն գործի շրջանակներում Դատարանին բացի թիվ ԵԱԴԴ/1000/02/08 քաղաքացիական գործում առկա ապացույցներից` հաշիվ- ապրանքագրերից, որևէ այլ ապացույց չի ներկայացվել: Գործի նյութերում առկա չէ որևէ ապացույց այն մասին, թե որքան է կազմում ի պահ հանձնված ապրանքների արժեքը` հայցապահանջը բավարարելու օրվա դրությամբ. ինչպես թիվ ԵԱԴԴ/1000/02/08, այնպես էլ թիվ ԵԱԴԴ/1617/02/09 քաղաքացիական գործերի քննության ընթացքում ի պահ հանձնված ապրանքների արժեքները չեն որոշվել: Դատարանը որպես հիմք` ընդունել է 2004-2008 թվականների արժեքները և հաստատված է համարել, որ Ընկերությունը 63 միլիոն ՀՀ դրամի չափով կրել է վնաս, որը ենթակա է հատուցման Կազմակերպության կողմից: Դատարանին չեն ներկայացվել նաև նշված ապրանքների ձեռքբերման փաստաթղթերը և որակի հավաստագրերը, որտեղ արտացոլված կլինեին ապրանքների պիտանիության ժամկետները, ինչը հնարավորություն կընձեռեր որոշել տվյալ ապրանքների` պահանջը ներկայացնելու օրվա` 19.11.2009 թվականի դրությամբ շուկայական արժեքը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվոր և պատասխանող ընկերությունները կառավարվում են մեկ անձի կողմից. թե՛ Ընկերության սեփականատերը, և թե՛ Կազմակերպության 70 տոկոս բաժնեմասի սեփականատերը հանդիսանում է նույն անձը` Մանվել Ղարիբյանը: Նման պայմաններում սույն վեճն արհեստական բնույթ է կրում, քանի որ Ընկերության նպատակը Կազմակերպության 30 տոկոս բաժնեմաս ունեցող մասնակցին` սույն գործով երրորդ անձին վնաս պատճառելն է:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.06.2014 թվականի որոշումը և քաղաքացիական գործի վարույթը կարճել կամ գործն ուղարկել նոր քննության։
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Թիվ ԵԱԴԴ/1000/02/08 քաղաքացիական գործով հայցի հիմքերն ու առարկան տարբերվում են թիվ ԵԱԴԴ/1617/02/09 քաղաքացիական գործի հայցի հիմքերից ու առարկայից ինչպես ներկայացված պահանջներով, այնպես էլ հայցի հիմքում դրված փաստերով, ուստի առկա չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական գործի վարույթը կարճելու հիմքը:
Վերաքննիչ դատարանը գործը քննել է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում` հաշվի առնելով բողոքաբերի դիրքորոշումը բողոքում ներկայացված պահանջների վերաբերյալ, ուստի դատարանը թույլ չի տվել բողոքաբերի իրավունքների խախտում, քանի որ այն դեպքում, երբ բողոքաբերը դատարանին հայտնում է, որ չի պնդում վերաքննիչ բողոքում բերված պահանջները և ցանկանում է որպեսզի բողոքը քննվի միայն մեկ պահանջով, ապա վերանում է վերաքննիչ բողոքը չպնդած պահանջի հիմքով քննելու անհրաժեշտությունը:
Վարշամ Ղարիբյանը դիմում է ներկայացրել Կազմակերպության տնօրենին` Կազմակերպությունից դուրս գալու մասին, ուստի տվյալ դեպքում սույն քաղաքացիական գործով կայացվող դատական ակտը չի կարող անդրադառնալ նրա իրավունքներին և պարտականություններին, քանի որ վերջինս այլևս չի հանդիսանում Կազմակերպության մասնակից:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Վարշամ Ղարիբյանի անունից 19.03.2014 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքում Դատարանի վճիռը բողոքարկվել է հետևյալ հիմքերի սահմաններում.
ա) Դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում, այն է՝ Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ նույն անձանց միջև նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ.
բ) Դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի խախտում, այն է՝ վնասի չափը որոշվում է տվյալ պահին առկա շուկայական գներով, մինչդեռ Դատարանը վեճը լուծելիս հիմք է ընդունել պահատվության պայմանագրի կնքման ժամանակ ի պահ հանձնված ապրանքների արժեքը՝ 2004-2007 թվականների գներով.
գ) Դատարանի կողմից թույլ է տրվել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 6-րդ կետի խախտում, մասնավորապես` Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ընկերության կողմից չի ներկայացվել որևէ ապացույց՝ ապրանքների պիտանիության ժամկետների, ինչպես նաև դրանց՝ պահանջի ներկայացման օրվա դրությամբ շուկայական գների վերաբերյալ:
Վարշամ Ղարիբյանի բողոքի խնդրամասում նշվել է հետևյալը. «Սույն վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ: Բեկանել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.02.2014 թվականի թիվ ԵԱԴԴ/1617/02/09 քաղաքացիական գործով կայացված վճիռը և այն փոփոխել.
ա) բողոքի առաջին հիմքում ընկած հիմնավորումների պարագայում` կարճել քաղաքացիական գործի վարույթը.
բ) հայցը մերժել բողոքի երկրորդ հիմքում նշված հիմնավորմամբ` անհիմն լինելու կապակցությամբ.
գ) գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության» (հատոր 5-րդ, գ.թ. 3-8).
2) 12.06.2014 թվականին կայացած դատական նիստի ընթացքում Վերաքննիչ դատարանի դատական կազմի նախագահողը փորձել է հստակեցնել բողոք բերած անձի դիրքորոշումը վերաքննիչ բողոքով ներկայացված պահանջների վերաբերյալ: Բողոք բերած անձի ներկայացուցիչը հայտնել է, որ գտնում է, որ գործի վարույթը կամ պետք է կարճվի կամ հայցը պետք է մերժվի: Ի պատասխան նախագահողի այն հարցադրմանը, թե որն է բողոք բերած անձի վերջնական պահանջը` ներկայացուցիչը նշել է «կարճել» (հիմք` դատական նիստերի արձանագրությունների կրիչը, հատոր 5-րդ, գ.թ. 84):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք վերաքննիչ բողոք բերող անձի կողմից վերաքննիչ բողոքում մի քանի հիմքեր և մի քանի պահանջներ ներկայացնելու պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից այդ հիմքերից ու պահանջներից միայն մեկին իր որոշմամբ անդրադառնալը չի հանդիսանում արդարադատության մատչելիության սկզբունքի խախտում և չի սահմանափակում անձի` օրենսդրությամբ երաշխավորված բողոքարկման իրավունքի իրացումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությանը՝ արձանագրելով, որ նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե դատարանները սահմանափակվեն զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնան այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ (տե՛ս Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը)։
Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումը, հարկ է համարում հավելել, որ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու պահանջը ոչ միայն կոչված է ապահովել վերաքննիչ բողոքի արդյունավետ քննությունը, այլև՝ երաշխավորել անձի վերաքննիչ բողոքարկման իրավունքի լիարժեք իրականացումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`
1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վերաքննիչ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.
2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մնում է օրինական ուժի մեջ.
3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը.
4) մասնակիորեն բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.
5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը:
Վկայակոչված հոդվածով ամրագրված են գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում Վերաքննիչ դատարանի կիրառման ենթակա լիազորությունները: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ թվարկված լիազորությունների կիրառումը պետք է պայմանավորված լինի բացառապես վերաքննիչ բողոքում շարադրված հիմքերի և հիմնավորումների քննարկման և դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ կայացված եզրահանգումներով: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ Վերաքննիչ դատարանը, կաշկանդված լինելով վերաքննիչ բողոքի հիմքերով և հիմնավորումներով, կաշկանդված չէ բողոքում ներկայացված պահանջով և իր լիազորություններից օգտվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ ըստ դատական պաշտպանության իրավունքի իրականացման, դատավարական նպատակահարմարության և արդարադատության արդյունավետության:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է նաև վերաքննության փուլում տնօրինչականության սկզբունքի դրսևորման առանձնահատկություններին՝ նշելով, որ վերաքննիչ բողոքի հիմքերը կարող են փոփոխվել և/կամ լրացվել բացառապես վերաքննության հարուցման փուլում` մինչև բողոքարկման իրավունքի իրացման ժամկետը լրանալը (տե՛ս, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ընդդեմ «Գորիս-Ապակի» ՍՊԸ-ի թիվ ՍԴ3/0055/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը)։
Վերահաստատելով նշված դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ նման սահմանափակումը վերաբերում է նաև վերաքննիչ բողոքի պահանջին: Վերաքննիչ բողոքով ներկայացված պահանջը ևս կարող է փոփոխվել բացառապես վերաքննության հարուցման փուլում, սակայն նման փոփոխությունն անթույլատրելի է վերաքննիչ վարույթի հարուցումից՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, պատճառաբանել է, որ բողոք բերող անձի` վերաքննիչ բողոքում ներկայացված երեք պահանջներն առանց «կամ» շաղկապի օբյեկտիվորեն անհամատեղելի են, իսկ նիստի ընթացքում բողոք բերող անձի դիրքորոշումը պարզելու նպատակով վերջինիս ներկայացուցչին ուղղված հարցերի արդյունքում ներկայացուցիչը պնդել է միայն վճիռը բեկանելու և գործի վարույթը կարճելու մասին դատական ակտ կայացնելու պահանջը, հետևաբար վերաքննիչ բողոքը քննության է առել միայն այդ պահանջին վերաբերող հիմքի շրջանակներում և հանգել է այն եզրակացության, որ թիվ ԵԱԴԴ/1000/02/08 և թիվ ԵԱԴԴ/1617/02/09 քաղաքացիական գործերով տարբեր են ինչպես հայցի առարկան, այնպես էլ հայցի հիմքը, ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմաններն առկա չեն:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.
Ի տարբերություն առաջին ատյանի դատարանի, որը կաշկանդված է հայցապահանջով և պարտավոր է գործը քննել ու լուծել ներկայացված պահանջի շրջանակներում, Վերաքննիչ դատարանը, կաշկանդված լինելով բողոքի հիմքերով, քննության է առնում դրանից յուրաքանչյուրի հիմնավորվածության հարցը` համապատասխանաբար կիրառելով օրենսդրի կողմից իրեն վերապահված լիազորություններից որևէ մեկը: Հետևաբար բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոքում մի քանի պահանջների միաժամանակյա ներկայացումը որևէ կերպ չի կարող խոչընդոտել վերաքննության բնականոն ընթացքը` նկատի ունենալով այն հանգամանքը, որ դատական ակտի վերանայումը կոնկրետ պահանջի շրջանակներում իրականացնելու սահմանափակում գործող օրենսդրությամբ նախատեսված չէ: Նման պայմաններում սույն գործով Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ «բողոք բերող անձի` վերաքննիչ բողոքում ներկայացված երեք պահանջներն առանց «կամ» շաղկապի օբյեկտիվորեն անհամատեղելի են», անհիմն է: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է համարում նաև արդեն իսկ հարուցված վերաքննության վարույթում Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի հստակեցմանն ուղղված դատավարական գործողությունների իրականացումը` հաշվի առնելով այն, որ նման դատավարական կարգ գործող օրենսդրությամբ նախատեսված չէ, ինչպես նաև այն, որ վերաքննիչ բողոք բերող անձը համապատասխան գործողությունն իրականացնելու հնարավորություն ունի միայն վերաքննության հարուցման փուլում:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր էր քննության առնել վերաքննիչ բողոքում ներկայացված բոլոր հիմքերը և եզրահանգումներ անել դրանցից յուրաքանչյուրի հիմնավորվածության վերաբերյալ` չսահմանափակվելով միայն գործի վարույթը կարճելու մասին դատական ակտ կայացնելու պահանջով:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի հիմքում նշված մյուս փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ կողմի դատավարական իրավունքի վերը նշված տեսքով սահմանափակման արդյունքում այդ փաստարկները Վերաքննիչ դատարանում ներկայացված լինելով հանդերձ քննության առարկա չեն դարձվել, դրանց հնարավոր չի համարում անդրադառնալ:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.06.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.11.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Վ. Ավանեսյան | |
Վ. Աբելյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|