Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-985
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.08.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.09.07/51(854) Հոդ.1277
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
30.08.2011
Подписан
Նախագահող
Дата подписания
30.08.2011
Дата вступления в силу
30.08.2011

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

30 օգոստոսի 2011 թ.


2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ԼԱՅՊՑԻԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Խաչատրյանի,  Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2011 թվականի մայիսի 26-ին Լայպցիգում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ավտոմոբիլային ճանապարհներով միջազգային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 3 օգոստոսի 2011թ. ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով Համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ավտոմոբիլային ճանապարհներով միջազգային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին համաձայնագիրն ստորագրվել է 2011 թվականի մայիսի 26-ին` Լայպցիգում:

Համաձայնագրի նպատակն իրավահավասար և փոխշահավետ սկզբունքների հիման վրա Կողմերի պետությունների միջև և իրենց տարածքների տարանցմամբ ավտոմոբիլային ճանապարհներով իրականացվող միջազգային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների դյուրացումն ու կանոնակարգումն է` Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան:

Համաձայնագրով մանրակրկիտ կերպով նախատեսված են Կողմերի միջև կանոնավոր փոխադրումների և ոչ կանոնավոր փոխադրումների իրականացման կարգը և առանձնահատկությունները:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս այլնի, պարտավորվում է`

- երկկողմ և տարանցիկ տրանսպորտային երթևեկության կանոնավոր փոխադրումներ իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրամադրել առավելագույնը հինգ տարի ժամկետով թույլտվություն, որը տրամադրվում է երկկողմ համաձայնագրով` Կողմերի ներքին օրենսդրությանը համապատասխան,

- ոչ կանոնավոր փոխադրումների համար, բացառությամբ Համաձայնագրով նշվածների, ստանալ Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի թույլտվությունը` դրա համար դիմումն ուղիղ կապով ուղարկելով Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնին փոխադրումների մեկնարկից առնվազն չորս շաբաթ առաջ,

- Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնից փոխադրողների համար ստանալ թույլտվություն` ավտոտրանսպորտային միջոցներով Համաձայնագրի երկու կողմերի միջև բեռնափոխադրում իրականացնելու կամ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տարածքով տարանցում կատարելու համար,

- ապահովել, որպեսզի Գերմանիայի Դաշնային Հանրապետության տարածքում տեղակայված երկու վայրերի միջև ուղևորների փոխադրում չիրականացվի ՀՀ տարածքում գրանցված ավտոբուսով (կաբոտաժի արգելք),

- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության տարածքում հաստատված փոխադրողները չփոխադրեն բեռներ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տարածքում գտնվող երկու վայրերի միջև (կաբոտաժի արգելք)` բացառությամբ Համաձայնագրով նախատեսված դեպքերի,

- ձեռնարկել միջոցներ, որպեսզի փոխադրման թույլտվություն չպահանջվի այն դեպքերում, որոնք նախատեսված են Համաձայնագրով,

- ապահովել, որպեսզի Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխադրողների տրանսպորտային գործընթացը և դատարկ վազքը, որոնք իրականացվում են Համաձայնագրին համապատասխան, ազատվեն մաքսային ձևակերպումների ժամանակ գանձվող մաքսային վճարներից և այլ հարկերից ու տուրքերից, ինչպես նաև թույլտվության պահանջից` Հայաստանի Հանրապետության տարածք Համաձայնագրով նախատեսված կոնկրետ ապրանքները ներմուծելու ժամանակ,

- խրախուսել, որպեսզի շրջակա միջավայրի պահպանության նպատակներից ելնելով միջազգային ավտոմոբիլային փոխադրումներում կիրառվեն մաքուր և ցածր ձայն արձակող ավտոմոբիլային միջոցներ, որոնք հագեցած կլինեն բարձրակարգ անվտանգության սարքավորումներով,

- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության փոխադրողները ենթարկվեն Գերմանիայի Դաշնային Հանրապետության տարածքում գործող ճանապարհատրանսպորտային և մաքսային օրենսդրության կանոններին,

- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության փոխադրողի կամ վարորդի կողմից Գերմանիայի Դաշնային Հանրապետության տարածքում գործող օրենքի կամ Համաձայնագրի դրույթների կոպիտ կամ շարունակական խախտումների դեպքում, Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները, Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմինների պահանջով, որի տարածքում կատարվել են նշված խախտումները, իր տարածքում գրանցված ավտոմոբիլային միջոցների համար գործող օրենքների շրջանակներում ձեռնարկվեն Համաձայնագրով նախատեսված` խախտումները վերացնելու միջոցներ,

- Համաձայնագրի դրույթներին համապատասխան ձևավորել Համատեղ հանձնաժողով` Համաձայնագրի հստակ կատարումը երաշխավորելու, Համաձայնագրին առնչվող այլ հարցերը, որոնք վերաբերում են ավտոմոբիլային ճանապարհներով միջազգային փոխադրումներին, պատշաճ կերպով լուծելու համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2011 թվականի մայիսի 26-ին Լայպցիգում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ավտոմոբիլային ճանապարհներով միջազգային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

30 օգոստոսի 2011 թ.
ՍԴՈ-985

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան