«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 նոյեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 10004304
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 օգոստոսի 2004 թ. |
N 768-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի N 890 որոշման 2-րդ կետը.
Հրամայում եմ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գործավարության կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2003 թվականի մարտի 14-ի N 153 հրամանի 1-ին կետը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:
Նախարար |
Ն. Դավիդյան |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գործավարության կարգը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գործավարության կազմակերպումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմը (այսուհետև` աշխատակազմ):
3. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու է ստորաբաժանման ղեկավարը:
4. Նախարարի տեղակալների, խորհրդականների, օգնականի և մամլո քարտուղարի գործունեության ընթացքում գործավարությունը կազմակերպվում է նախարարության աշխատակազմի քարտուղարության կողմից:
5. Գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
II. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում ստացված թղթակցության ընդունումը, գրանցումն ու շարժը
6. ՀՀ առողջապահության նախարարությունում ստացված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունն ընդունվում և գրանցվում է աշխատակազմի քարտուղարությունում (այսուհետև քարտուղարություն)` մատյանների օգնությամբ և միևնույն ժամանակ համակարգչային եղանակով, որտեղ արտացոլվում են փաստաթղթի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը:
7. Գրանցված փաստաթղթի 1-ին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում են մտից գրանցման համարը և ամսաթիվը: Ստացված փաստաթղթի մտից գրանցման համարը բաղկացած է քարտուղարության դասակարգիչներով թղթակցին տրված պայմանանիշից և նրա հերթական համարից:
8. Քարտուղարությունում բացվում են ստացված բոլոր ծրարները (նաև էլեկտրոնային), բացի «Անձամբ», «Գաղտնի» մակագրությամբ ծրարներից և անձնական էլեկտրոնային ստորագրությամբ փակված փաստաթղթերի էլեկտրոնային օրինակներից (ֆայլերից):
9. Քարտուղարության աշխատողները պարտավոր են ծրարը բացելիս ստուգել փաստաթղթերի առկայությունը (ներառյալ հավելվածները), առդիր թերթերի քանակը, փաստաթղթերի համարները համեմատել ծրարի վրա նշվածների հետ:
10. Փաստաթղթի կամ ֆայլերի բացակայության կամ վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ` 3 օրինակից, որոնցից մեկը մնում է քարտուղարությունում, երկրորդը կցվում է փաստաթղթին, իսկ երրորդն ուղարկվում է այն կազմակերպություն, որտեղից ստացվել է ծրարը:
11. Եթե ծրարում կամ ֆայլում հայտնաբերվում են սխալմամբ դրված փաստաթղթեր, դրանք նոր ծրարներով կամ համակարգչային ցանցով ուղարկվում են ըստ պատկանելության` փաստաթղթերին կցելով այն ծրարները (նաև` էլեկտրոնային), որոնցով դրանք ստացվել են, անհրաժեշտության դեպքում տեղյակ պահելով այն կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը:
12. Ծրարները (նաև էլեկտրոնային), որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթին են կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն կամ, եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար:
13. Նախարարությունում ստացվող էլեկտրոնային նամակները տպվում են թղթի վրա և պահվում էլեկտրոնային թղթագրության համար նախատեսված թղթապանակներում:
14. Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից ստացված նյութերը և «Շտապ» թղթակցությունն անհապաղ գրանցվում ու հանձնվում են զեկուցման: Մյուս թղթակցությունը հասցեատերերին է տրվում առձեռն կամ հաղորդվում է լոկալ ցանցով աշխատանքային մեկ օրվա ընթացքում` սույն կարգին համապատասխան: Հանգստյան օրերին ստացված հեռագրերը կամ հեռախոսագրերը ընդունվում են նախարարի ընդունարանում` հերթապահ աշխատողի կողմից և շտապ լինելու դեպքում անհապաղ զեկուցվում են նախարարին կամ նրա տեղակալներին:
12. ՀՀ առողջապահության նախարարությանը հասցեագրված և մուտքագրված գրությունները, նամակները և մյուս փաստաթղթերը գրանցումից հետո ուղարկվում են աշխատակազմի ղեկավարին` նախարարին զեկուցելու համար: Նորմատիվ և անհատական իրավական ակտերի նախագծերը, ինչպես նաև պետական կառավարման մարմինների կողմից կարծիքի առաքված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ պատասխան գրությունները նախարարին են զեկուցվում աշխատակազմի ղեկավարի կողմից` նախարարի իրավական խորհրդականի հետ համատեղ:
13. Նախարարը ստացված թղթակցությունը մակագրում է նախարարի առաջին տեղակալին, նախարարի տեղակալներին, աշխատակազմի ղեկավարին, նախարարի իրավական խորհրդականին կամ նախարարի խորհրդականներին: Բացառիկ դեպքերում` նախարարի հայեցողությամբ մուտք եղած փաստաթուղթը կարող է մակագրվել անմիջականորեն ստորաբաժանման ղեկավարին:
14. Մակագրված փաստաթղթերի կատարման ժամկետները արտացոլվում են քարտուղարությունում և զեկուցվում աշխատակազմի ղեկավարին:
15. Աշխատակազմի ղեկավարը հսկողություն է իրականացնում մակագրված փաստաթղթերի կատարման նկատմամբ և կարող է դրանց հետ կապված հանձնարարականներ տալ ստորաբաժանումների ղեկավարներին:
16. Նախարարի տեղակալներին և խորհրդականներին մակագրված փաստաթղթերի կատարման կետանցի դեպքում աշխատակազմի ղեկավարը կամ վերջինիս հանձնարարությամբ քարտուղարության պետը գրավոր ծանուցում է համապատասխան նախարարի տեղակալին կամ խորհրդականին:
17. ՀՀ առողջապահության նախարարին հանձնված գրությունները, նամակները և մյուս փաստաթղթերը հաջորդ օրը վերադարձվում են քարտուղարություն և նույն օրը ըստ մակագրությունների բաժանվում կատարողներին:
18. Նախարարությունում մի կառուցվածքային ստորաբաժանումից մյուսին թղթակցության հանձնումը կատարվում է միայն քարտուղարության միջոցով:
19. Յուրաքանչյուր ստորաբաժանում համաձայն ստացված փաստաթղթում արված մակագրության, բարձրացված հարցերին ընթացք տալուց կամ հարցերը լուծելուց հետո վերադարձնում է փաստաթուղթը քարտուղարություն, կցելով պատասխանի պատճենը, կատարման մասին տեղեկատվությունը կամ համապատասխան նշումը:
20. Նախարարության աշխատողները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանման համար և պարտավոր են խնամքով վերաբերել դրանց: Արգելվում է նախարարությունում ստացված փաստաթղթերի բնագրային տեքստում որևէ շտկում կատարելը: Նախարարության աշխատողներին արգելվում է փաստաթղթերը նախարարությունից դուրս բերել:
21. Քարտուղարությունը` գործին կցելու համար փաստաթուղթն ընդունում է այն դեպքում, երբ փաստաթղթին կից` նախարարի, նախարարի տեղակալների կամ աշխատակազմի ղեկավարի կողմից ներկայացված համապատասխան հիմնավորման վրա առկա է «Գործին» մակագրությունը:
22. Արձակուրդ գնալիս, երկարատև գործուղման մեկնելիս կամ այլ պատճառներով բացակայելիս` աշխատողը պարտավոր է իր մոտ եղած փաստաթղթերը հանձնել իրեն փոխարինողին, կամ ստորաբաժանման գործավարին: Աշխատանքից ազատվելիս, աշխատողը պարտավոր է իր մոտ գտնվող փաստաթղթերը հանձնել իրեն փոխարինողին կամ ստորաբաժանման գործավարին, լրացնել շրջանցիկ թերթիկ և այն հանձնել հաշվապահական հաշվառման վարչություն:
23. Նախարարության ձևաթղթերը, կնիքները, դրոշմակնիքները պատրաստվում են և գործողության մեջ են դրվում նախարարի թույլտվությամբ:
24. Նախարարության կնիքների և ձևաթղթերի օգտագործման հսկողությունը իրականացվում է աշխատակազմի ղեկավարի կողմից:
III. Ստացված փաստաթղթերի ներքին շրջանառությունը
25. Նախարարի կողմից մակագրված փաստաթղթերը նախարարի տեղակալների և աշխատակազմի ղեկավարի կողմից կարող են մակագրվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին:
26. Նախարարի առաջին տեղակալը ստացված գրությունները մակագրում է իր համակարգման ոլորտի ստորաբաժանումների ղեկավարներին: Նախարարի բացակայության դեպքում նախարարի առաջին տեղակալը կարող է գրություններ մակագրել ցանկացած ստորաբաժանման ղեկավարին:
27. Նախարարի տեղակալը գրություններ է մակագրում միայն իր համակարգման ոլորտի ստորաբաժանման ղեկավարին: Նախարարի այլ տեղակալի համակարգման ոլորտի վարչության կարծիքը ստանալու նպատակով նախարարի տեղակալը գրությունը առաքում է միայն նախարարի համապատասխան տեղակալի կամ աշխատակազմի ղեկավարի միջոցով:
28. Նախարարի խորհրդականներին մակագրված փաստաթղթերը կատարվում են անմիջականորեն վերջիններիս կողմից, եթե մակագրության մեջ նշված չեն այլ ստորաբաժանումներ, որի դեպքում գրությունները կատարվում են ստորաբաժանման կողմից` նախարարի համապատասխան խորհրդականի հետ համատեղ:
29. Նախարարի խորհրդականը կարող է ստացված հանձնարարականը կատարելու առնչությամբ հայցել համապատասխան ստորաբաժանման կարծիքը` նախարարի տեղակալի, աշխատակազմի ղեկավարի կամ անմիջապես ստորաբաժանման ղեկավարի միջոցով:
30. Ստորաբաժանման ղեկավարը ստացված գրություններին սահմանված կարգով ընթացք է տալիս` ստորաբաժանման աշխատակիցների միջոցով: Այլ ստորաբաժանման կարծիքը ստանալու նպատակով ստորաբաժանման ղեկավարը կարող է հայցել այլ ստորաբաժանումների կարծիքները` համակարգող տեղակալի, իսկ բացառիկ դեպքերում անմիջականորեն ստորաբաժանման ղեկավարի միջոցով:
31. Որպես կանոն այլ ստորաբաժանման կարծիքը հայցելու դեպքում նշված ստորաբաժանմանը ներկայացվում է պատասխանի (կամ համապատասխան փաստաթղթի) նախագիծը: Չի թույլատրվում ստացված գրության վերահասցեագրումը այլ ստորաբաժանմանը մեկ այլ ստորաբաժանման ղեկավարի կողմից:
IV. Նախարարությունում փաստաթղթերի կատարման ժամկետները
32. Նախարարություն վերադաս մարմիններից մուտք գործած փաստաթղթերի կատարման համար սահմանվում են հետևյալ ժամկետները (եթե փաստաթղթում ժամկետներ չեն նախատեսված)`
- լրացուցիչ ուսումնասիրություններ չպահանջող հարցերի համար` մինչև 5 օր.
- լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պահանջող հարցեր` մինչև 10 օր:
Նախարարություն մուտք գործած դիմում-բողոքների համար (եթե այլ ժամկետներ չեն նախատեսված) սահմանվում են հետևյալ ժամկետները`
- լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ չպահանջող փաստաթղթերի, դիմում-բողոքների համար` մինչև 15 աշխատանքային օր,
- լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ պահանջող փաստաթղթերի համար` մինչև մեկ ամիս:
Առանձին դեպքերում կատարման ժամկետը կարող է երկարացվել, միայն հանձնարարությունը տվող ղեկավարի կողմից` ըստ հայեցողության:
IV. Փաստաթղթի նախապատրաստումը եվ առաքումը
33. Նախարարության աշխատողը նախարարին ներկայացվող փաստաթղթերը նախապատրաստելիս պարտավոր է ուսումնասիրել փաստաթղթի բովանդակությունը և անհրաժեշտության դեպքում հավաքել տեղեկատվական նյութեր, կազմել տեղեկանքներ:
34. Նախարարի ստորագրմանը ներկայացվող փաստաթղթերը պարտադիր կարգով պետք է նշագրվեն համապատասխան նախարարի տեղակալի, նախարարի իրավական խորհրդականի, ստորաբաժանման ղեկավարի կողմից: Ֆինանսական նյութեր պարունակող փաստաթղթերը պետք է նշագրվեն էկոնոմիկայի ու հաշվապահական հաշվառման վարչության պետի, իսկ բուժօգնության կազմակերպման հետ կապված հարցեր պարունակող փաստաթղթերի նախագծերը` բուժօգնության կազմակերպման վարչության պետի կողմից: Փաստաթղթի հակառակ էջի ձախ անկյունում գրվում է կատարողի անունը, ազգանունը և հեռախոսահամարը:
35. Բացի 34-րդ կետում նշված պաշտոնատար անձանցից նախարարի ստորագրությանը ներկայացվող գրությունները պետք է պարտադիր կարգով նշագրվեն այն պաշտոնատար անձանց կողմից, ում մակագրվել էր գրությունը:
36. Քարտուղարությունում նախարարությունից ելքագրման համար ստացված գրությունները քարտուղարության պետի կողմից ստուգվում են սույն կարգի 34 և 35 կետերում նշված նշագրումների առկայության մասով:
37. Նախարարության աշխատողների կողմից պատրաստված զեկուցագրերը, տեղեկանքները, պաշտոնական նամակները և այլ գրությունները նախարարին են ներկայացվում աշխատակազմի ղեկավարի, նախարարի տեղակալների, գլխավոր պետական սանիտարական բժշկի, նախարարի խորհրդականների, օգնականի կամ ստորաբաժանումների ղեկավարների միջոցով:
38. Նյութերը նախարարի հանձնարարականներով և ցուցումներով քարտուղարության միջոցով ուղարկվում են հասցեատերերին:
V. Նախարարության հրամանների, հանձնարարականների, արձանագրությունների ձեվակերպումն ու առաքումը
39. Նախարարության հրամանները տպագրվում են համապատասխան ձևաթղթի վրա, առանց ուղղումների ու ջնջումների ընդունված կարգի համաձայն նախարարին կամ աշխատակազմի ղեկավարին ստորագրման ներկայացնելու համար:
40. Բոլոր հրամանների, հանձնարարականների, արձանագրությունների առաջին օրինակները համարակալվում և պահվում են քարտուղարությունում:
41. Նախարարի, աշխատակազմի ղեկավարի (ինչպես նաև կադրային` աշխատանքի նշանակման և ազատման) հրամանների համար սահմանվում է առանձին համարակալում:
42. Հրաման նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը պարտավոր է կատարել նշագրում հրամանի առաջին օրինակի վերջին էջում և ծանոթացնել հրամանի նախագծին աշխատակազմի ղեկավարին, նախարարի իրավական խորհրդականին ու բոլոր շահագրգիռ անձանց, որոնք ստորագրում են հրամանի առաջին օրինակի վերջին էջի ներքևի ձախ անկյունում, անհամաձայնության դեպքում ներկայացնելով գրավոր հատուկ կարծիք:
43. Հրամանը ստորագրվելուց հետո պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը պարտավոր է այն ներկայացնել քարտուղարություն համարակալման: Հրամանի հետ միասին պատասխանատու անձը ներկայացնում է այն հասցեատերերի ցանկը, որոնց պետք է առաքվի հրամանը:
44. Հրամանի բազմացումը ըստ առաքվող ստորաբաժանումների և կազմակերպությունների թվի կատարվում է քարտուղարությունում կամ բացառիկ դեպքերում կատարող ստորաբաժանման կողմից:
45. Քարտուղարությունում համապատասխան կնիքով կնքվում են հրամանների պատճենները և ապահովվում է դրանց ժամանակին առաքումը հասցեատերերին:
46. Քարտուղարության կողմից կազմակերպություններին և աշխատակազմի աշխատակիցներին հրամանների լրացուցիչ օրինակներ չեն տրվում` առանց աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի ցուցումի:
47. Հրամաններում ուղղումներ կատարվում են բացառապես ակնհայտ տեխնիկական վրիպակների դեպքում` աշխատակազմի ղեկավարի գրավոր ցուցումով, և առաքվում` ըստ սկզբնական հասցեատերերի:
48. Գործակարգավարական խորհրդակցության արձանագրումը կազմում է նախարարի օգնականը:
49. Գործակարգավարական խորհրդակցության արձանագրությունները ըստ հանձնարարականների բազմացվում և կատարողներին է հանձնվում քարտուղարության միջոցով:
50. Նախարարի, նրա տեղակալների, աշխատակազմի ղեկավարի մոտ կայացած խորհրդակցությունների արձանագրությունները ստորագրվում են նախագահողի կողմից, համարակալվում են քարտուղարությունում: Դրանց պատճենները քարտուղարության կողմից կնքվելուց հետո ուղարկվում են համապատասխան ստորաբաժանումներին կամ կազմակերպություններին:
VI. Ելից թղթակցության ձեվակերպումը
51. Նախարարությունում ելից փաստաթղթերը ստորագրվում են նախարարի, նախարարի առաջին տեղակալի, նախարարի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի կողմից:
52. Նախարարի մակագրության դեպքում, կամ նախարարի համապատասխան հանձնարարականը կատարելու նպատակով ելից փաստաթղթերի ստորագրման իրավունք ունեն նախարարի իրավական խորհրդականը, նախարարի խորհրդականներն ու օգնականը և ստորաբաժանման ղեկավարը:
53. Աշխատակազմի ղեկավարը իր հրամանով սահմանում է այն գրությունների տեսակները, որոնք նախարարությունից կարող են ելքագրվել ստորաբաժանումների ղեկավարների ստորագրությամբ:
54. Նախարարի տեղակալները իրավունք ունեն ստորագրել միայն իրենց համակարգման ոլորտին վերաբերող գրություններ: Նախարարի առաջին տեղակալը, նախարարի բացակայության դեպքում, սահմանված կարգով իրավունք ունի ստորագրել նախարարության անունից առաքվող ցանկացած գրություն:
55. Ստորագրության ներկայացվող գրությանը կցվում է երկրորդ օրինակը` նախագիծը պատրաստող ստորաբաժանման և այլ անհրաժեշտ նշագրումներով:
56. Գրությունների տեքստի տակ, որոնց կցվում են լրացուցիչ նյութեր, նշվում են կցվող նյութի անվանումը, ամսաթիվը, համարը և թերթերի թիվը: Այն դեպքում, երբ նամակներն ուղարկվում են որպես վերադաս կազմակերպություններից, նախարարություններից ստացված փաստաթղթերի պատասխաններ, ապա հասցեատիրոջ անվան տակ վերևի ձախ անկյունում նշվում է այդ գրությունների ամսաթիվը և համարը:
57. Նամակի ելից համարը կազմված է պայմանանիշից և համարից:
58. Ելից թղթակցությունը 2 օրինակից, բաց վիճակում հիմքերի հետ միասին հանձնվում է քարտուղարություն համարակալելու և առաքելու համար` նշելով հասցեատերերի հասցեները:
59. Ելից փաստաթղթի մեկ օրինակը` հիմքերով, առաքվող թղթակցության ցուցակները, հասցեատերերի ստորագրությունները պահվում են քարտուղարությունում:
60. Հեռագրերը հանձնվում են քարտուղարություն` անհրաժեշտ քանակությամբ պատճեններով (հասցեատերերի թվին գումարած մեկ օրինակ` գործի համար): Քարտուղարությունը հեռագրատանն է հանձնում հեռագրերի պատճենները: Հեռագրի բնագրերը (ստորագրված օրինակը նշագրումով) հեռագրատան դրոշմակնիքով պահվում է հեռագրերի գործում:
61. Շտապ կամ սովորական թղթակցությունը քարտուղարության կողմից հասցեատերերին է առաքվում ցրիչի կամ սուրհանդակի միջոցով:
62. Նախարարի անունից ելքագրվող փաստաթղթերը պատրաստվում են հասարակ թղթի վրա, սույն կարգին համապատասխան նշագրվում, որի հիման վրա քարտուղարությունից ստացվում է նախարարի համարակալված ձևաթուղթ:
63. Նախարարի համարակալված ձևաթուղթ ստանալու իրավունք ունեն միայն նախարարի տեղակալները, խորհրդականները, աշխատակազմի ղեկավարն ու ստորաբաժանումների ղեկավարները:
64. Նախարարի տեղակալներին, խորհրդականներին, աշխատակազմի ղեկավարին և ստորաբաժանումների ղեկավարներին տրամադրված նախարարի ձևաթղթերը հաշվառվում են հատուկ մատյաններում, որտեղ ձևաթուղթ ստացողը համապատասխան նշագրում է կատարում:
65. Ոչ պիտանի դարձած նախարարի համարակալված ձևաթղթերը հանձնվում են քարտուղարություն, խոտանվում են քարտուղարության պետի կողմից` ձևաթղթի վրա «Անվավեր» նշագրում կատարելու միջոցով: Նշված համարի դիմաց ձևաթղթերի մատյանում համապատասխան գրառում է կատարվում:
VII. Քաղաքացիների առաջարկություններին, դիմումներին եվ բողոքներին ընթացք տալու եվ քննարկելու կարգը
66. Քաղաքացիների կողմից ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները ստացման օրը գրանցվում են քարտուղարությունում: «Անձամբ» մակագրությամբ ծրարները գրանցվում և փակ վիճակում հանձնվում են հասցեատերերին:
67. Քաղաքացիների անհատական ընդունելությունը կատարվում է հատուկ կանոնակարգով: Ընդունելության ժամանակ գրավոր առաջարկությունները, դիմումները և բողոքները ենթակա են գրանցման սույն կարգի պահանջներին համապատասխան:
68. Գրանցման համարանիշը (կոդը) բաղկացած է հերթական համարից և դիմողի ազգանվան առաջին տառից:
69. Կոլեկտիվ առաջարկության, դիմումի և բողոքի ստացման դեպքում գրանցվում է «կոլ» պայմանանիշով:
70. Անանուն նամակները գրանցման ենթակա չեն և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:
71. Միևնույն անձից միևնույն հարցով ստացված դիմումները գրանցվում են նույն համարի տակ, ավելացնելով հերթական համարը կոտորակի միջոցով:
72. Նախարարության համապատասխան ստորաբաժանումը պարտավոր է ապահովել առաջարկություններում, դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի բազմակողմանի ու խոր ուսումնասիրությունը և մակագրության համաձայն ու սահմանված ժամկետներում տալ դրանց լուծումը:
73. Առաջարկությունների, դիմումների, բողոքների վերաբերյալ տրված հանձնարարականների (մակագրությունների) կատարման վերահսկողությունը իրականացնում է քարտուղարությունը:
74. Նամակների քննարկման արդյունքների մասին սույն կարգի պահանջներին համապատասխան գրավոր կամ, դիմողի համաձայնությամբ, բանավոր տեղեկացվում է դրանց հեղինակներին: Այս նպատակով պատասխանը նախապատրաստվում է 2 օրինակից` մեկ օրինակը պահպանվում է քարտուղարությունում, իսկ մեկ օրինակը և հիմքերը` համապատասխան ստորաբաժանումում: Պատասխանի պայմանանիշը կազմված է գրանցման պայմանանշանից և այն գործի համարից, որի մեջ կարվում է տվյալ հարցին վերաբերող գրագրությունը:
VIII. Կատարողական կարգապահության վերահսկումը
75. Նախարարությունում կատարողական կարգապահության վերահսկումը կազմակերպում է քարտուղարությունը համակարգչի միջոցով` համապատասխան ծրագրով:
76. Վերադաս կազմակերպություններից ստացված բոլոր փաստաթղթերի, նախարարի, աշխատակազմի ղեկավարի հրամանների, հանձնարարականների, մակագրությունների, քաղաքացիների դիմումների նկատմամբ սահմանվում է վերահսկողություն:
77. Քարտուղարությունում պարբերաբար պատրաստվում են տեղեկանքներ ժամկետանց և կատարվելիք գրությունների և հանձնարարականների մասին և բաժանվում ըստ ստորաբաժանումների: Յուրաքանչյուր շաբաթվա վերջում կատարվածի մասին տեղեկանքը ներկայացվում է աշխատակազմի ղեկավարին:
78. Հանձնարարականները հսկողությունից հանվում են ներկայացված պատասխանի, տեղեկանքի (զեկուցագրի) հիման վրա:
79. Հանձնարարականի ժամկետը կարող է երկարացվել միայն հանձնարարությունը տվող ղեկավարի կողմից:
IX. Նախարարության կնիքների եվ դրոշմների օգտագործումը եվ պահպանումը
80. Նախարարության կնիքները և դրոշմները պատվիրվում են աշխատակազմի ղեկավարի կողմից:
81. Նախարարության` Հայաստանի Հանրապետության զինանշանով կլոր կնիքով կնքվում են ֆինանսատնտեսական փաստաթղթերը, աշխատանքային գրքույկները, պայմանագրերը, ծառայողական վկայականները, ինչպես նաև այն փաստաթղթերը, որոնք պահանջում են նախարարության կողմից անհրաժեշտ վավերացում:
82. Նախարարության հրամանների համար կլոր կնիքով կնքվում են հրամանների պատճենները և դրանց քաղվածքները:
83. Նախարարության կնիքները դրվում են նախարարի, նախարարի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի ստորագրությունը պարունակող փաստաթղթերի վրա, ինչպես նաև ստորաբաժանման ղեկավարների և նախարարի խորհրդականների ստորագրությունները պարունակող գրությունների վրա` սույն կարգի 44 և 45 կետերով նախատեսված դեպքերում:
84. Իրավական փաստաթղթերը (մասնավորապես կանոնադրությունները, դատական, դատախազության, իրավապահ մարմիններ, դատական ակտերի հարկադիր ծառայությանը հասցեագրված և այլն) կարող են կնքվել նաև նախարարի իրավական խորհրդականի ստորագրության առկայության դեպքում:
85. Կնիքները և դրոշմները պահվում են քարտուղարությունում:
X. Փաստաթղթերի պահպանումը
86. Նախարարության ընթացիկ արխիվ են հանձնվում նախորդ տարվա մշտական և ժամանակավոր պահպանման ենթակա գործավարության բոլոր փաստաթղթերը, արձանագրությունները:
87. Նախարարության արխիվում փաստաթղթերի պահպանումն իրականացվում է «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:
88. Անհրաժեշտության դեպքում նախարարության արխիվից կարելի է օգտվել` գործերը դուրս բերել կամ դրանցից փաստաթղթեր պատճենահանել` միայն աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալի կամ քարտուղարության պետի թույլտվությամբ:
89. Նախարարության արխիվը պահպանության համար փաստաթղթերն ընդունում է ըստ ցանկերի:
90. Նախարարության արխիվային գործի մասնագետը (արխիվարիուսը) քարտուղարության գործերի ընդունման համար ստորագրում է ցանկերի բոլոր օրինակների վրա, նշում է գործերի ընդունման ամսաթիվը և քանակը: Ցանկի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են աշխատակազմի արխիվում:
XI. Նախարարության առանձնացված ստորաբաժանումների գործավարության կարգը
91. Առանձնացված ստորաբաժանումներում գործավարությունը կազմակերպվում է սույն կարգի պահանջներից ելնելով:
92. Առանձնացված ստորաբաժանումում գրանցվում է ամբողջ թղթակցությունը հատուկ գրանցամատյանների միջոցով:
93. Նախարարի, աշխատակազմի ղեկավարի հանձնարարականների, հրամանների, մակագրված փաստաթղթերի ժամկետային և պատշաճ կատարման համար պատասխանատու է անմիջականորեն առանձնացված ստորաբաժանման ղեկավարը:
94. Առանձնացված ստորաբաժանման ղեկավարը իրավունք ունի ստորագրել այն ելից փաստաթղթերը, որոնք պատասխան են անմիջապես իր անունով ստացված գրությունների և (կամ) հարցի լուծումը անմիջականորեն իր լիազորությունների շրջանակներում է:
95. Առանձնացված ստորաբաժանման ղեկավարի ստորագրությամբ փաստաթղթերի ելքի համարակալումը համապատասխան կոդի և հերթական համարի միջոցով, ինչպես նաև առաքումը կատարվում է այդ ստորաբաժանման միջոցով:
96. Մնացած բոլոր դեպքերում ելից փաստաթղթերի ստորագրումը, ելքագրումը, առաքումը կանոնակարգվում է սույն կարգի 7-րդ գլխին համապատասխան:
97. Առանձնացված ստորաբաժանման ղեկավարի ստորագրությամբ, յուրաքանչյուր ամսվա վերջին օրը, նրա կողմից լիազորված աշխատակցի միջոցով քարտուղարություն է ներկայացվում ելից գրանցամատյանի համապատասխան էջերի լուսապատճենները, որոնք ելքագրվել են տվյալ ամսվա ընթացքում:
98. Առանձնացված ստորաբաժանումների տարածքային կենտրոնների ղեկավարները իրավունք ունեն ստորագրել այն ելից փաստաթղթերը, որոնք պատասխան են անմիջապես իրենց անունով ստացված գրությունների և (կամ) հարցի լուծումը անմիջականորեն իր լիազորությունների շրջանակներում է:
99. Առանձնացված ստորաբաժանումների տարածքային կենտրոններում գործավարությունը կազմակերպվում է սույն կարգի պահանջներից ելնելով:
100. Առանձնացված ստորաբաժանման տարածքային կենտրոնի ղեկավարի ստորագրությամբ, յուրաքանչյուր եռամսյակը մեկ, նրա կողմից լիազորված աշխատակցի միջոցով առանձնացված ստորաբաժանում է ներկայացվում ամփոփ տեղեկանք` կատարված, ժամկետանց հանձնարարականների ընթացքի վերաբերյալ և ելից գրանցամատյանի համապատասխան էջերի լուսապատճենը, որոնք կատարվել են տվյալ եռամսյակի ընթացքում:
101. Նախարարության առանձնացված ստորաբաժանումներին և վերջիններիս տարածքային կենտրոններին նախարարության քարտուղարության կողմից հատկացվում է հատուկ ծածկագիր` ելից փաստաթղթերը ձևակերպելու համար:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.02.2010, N 02-Ն | 11.03.2010, N 768-Ն | |
25.05.2007, N 927-Ն | 11.08.2007, N 768-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|