Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
ձգտելով ամրապնդել երկու երկրների միջև բարեկամական կապերը և ընդլայնել համագործակցությունը տնտեսության և զբոսաշրջության ոլորտներում,
ցանկանալով հեշտացնել բեռների և ուղևորների միջազգային փոխադրումները իրենց երկրների միջև, ինչպես նաև տարանցիկ փոխադրումները միմյանց տարածքով,
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Սույն Համաձայնագրի կիրառումը տարածվում է երկու երկրների միջև, ինչպես նաև տարանցիկ` իրենց տարածքով, երրորդ երկիր ուղևորների և բեռների միջազգային ցամաքային փոխադրումների վրա, որոնք կկատարվեն Պայմանավորվող կողմերից մեկի երկրում գրանցված տրանսպորտային միջոցով:
Հոդված 2
Համաձայնագրում օգտագործվող տերմինները նշանակում են.
ա) «փոխադրող» տերմինը նշանակում է ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կամ Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի կամ ռեզիդենտ, որին, ըստ Պայմանավորվող կողմերի երկրներում գործող օրենքների, թույլատրված է կատարել ուղևորների և բեռների միջազգային փոխադրումներ դրանց համար նախատեսված ճանապարհներով,
բ) «տրանսպորտային միջոց» տերմինը նշանակում է մեխանիկական ընթացք ունեցող ճանապարհային միջոց, որը նշանակում է.
- ուղևորների փոխադրումների ժամանակ` տրանսպորտային միջոց, որը նախատեսված է ուղևորներ փոխադրելու համար և ունի ոչ պակաս 9 նստատեղ և գրանցված է Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում,
- բեռների փոխադրումների ժամանակ` բեռնատար ավտոմեքենա, բեռնատար քարշակ կամ նշված ավտոմեքենաները կցորդով կամ կիսակցորդով, որոնք գրանցված են Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում,
գ) «ուղևորների կանոնավոր փոխադրում» տերմինը նշանակում է ուղևորների փոխադրում նախօրոք համաձայնեցված երթուղով, ժամանակացույցով, որտեղ նշված են ուղևորների` սկզբնական, վերջնական և միջանկյալ նստեցման և իջեցման կետերը` նախապես սահմանված սակագներով,
դ) «կազմակերպված տարանցիկ փոխադրման ծառայություն» տերմինը նշանակում է ուղևորների և նրանց անձնական իրերի տարանցիկ փոխադրում, որն սկսվում է Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում և վերջանում մի երրորդ երկրի տարածքում` մյուս Պայմանավորվող կողմի երկրի տարածքով, առանց վերջինիս տարածքում որևէ ուղևոր վերցնելու կամ իջեցնելու,
ե) «փակ դռների ծառայություն» (զբոսաշրջիկների փոխադրում) տերմինը նշանակում է ուղևորների որոշակի խմբի փոխադրում ճանապարհորդության երթուղով, որը սկսվում և վերջանում է տրանսպորտային միջոցի գրանցման երկրում` առանց մյուս երկրում ուղևորների իջեցման կամ նստեցման,
զ) «ոչ կանոնավոր փոխադրում» տերմինը նշանակում է, որ ճանապարհորդությունը սկսվում է Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում, որտեղ գրանցված է տրանսպորտային միջոցը, և վերջանում ժամանման կետում, որը գտնվում է մյուս Պայմանավորվող կողմի տարածքում` պայմանով, որ տրանսպորտային միջոցը դատարկ վերադառնա գրանցման երկիր և ուղևորները վերադառնալու համար օգտագործեն այլ տրանսպորտային միջոց:
Հոդված 3
Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի տրանսպորտային միջոցները և ուղևորները իրենց անձնական ուղեբեռով մուտք են գործում մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք տվյալ երկրում գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 4
Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի տրանսպորտային միջոցները և ուղևորները, իրենց անձնական ուղեբեռով, Պայմանավորվող կողմերի տարածքով երրորդ երկրի տարածք կարող են անցնել տարանցիկ համարվող ճանապարհներով` Պայմանավորվող կողմերի երկրներում գործող օրենսդրությունների համապատասխան:
Հոդված 5
Պայմանավորվող կողմերին պատկանող դատարկ տրանսպորտային միջոցները չեն կարող մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործել առանց վերջինիս համաձայնության` տրանսպորտային միջոցի պատկանելության Պայմանավորվող կողմի պետության տարածք կամ երրորդ երկիր ուղևորներ փոխադրելու համար:
Հոդված 6
Պայմանավորվող կողմերի ուղևորներ փոխադրող կազմակերպություններին կամ գործակալություններին թույլատրվում է իրենց ներկայացուցչությունները կամ գործակալությունները բացել մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում տվյալ երկրում գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 7
Պայմանավորվող կողմերից մեկի արտոնագրված փոխադրողը կարող է կատարել կանոնավոր, ինչպես նաև տարանցիկ փոխադրումներ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում Պայմանավորվող կողմի իրավասու մարմիններից նախապես մեկ տարվա համար թույլատվություն ստանալուց հետո:
Հոդված 8
1. Զբոսաշրջիկների փոխադրումը տեղի է ունենում այն դեպքում, երբ գրանցված տրանսպորտային միջոցը փոխադրում է ուղևորների խումբ, հետևյալ դեպքերում.
ա) փակ դռների ծառայություն (զբոսաշրջիկներ),
բ) ոչ կանոնավոր փոխադրում,
գ) պատահական տարանցիկ փոխադրման ծառայություն:
2. Պատահական զբոսաշրջության փոխադրումը չի ենթարկվում նախնական արտոնագրման, բայց ենթարկվում է Պայմանավորվող կողմերի երկրներում գործող օրենքներին և ակտերին:
Հոդված 9
Պայմանավորվող կողմերի տարածքում գրանցված տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է յուրաքանչյուր ուղևորության ընթացքում իր հետ ունենալ փոխադրվող ուղևորների ցուցակը (մանիֆեստը)` հավելումն այն փաստաթղթերի, որոնք կնախատեսի սույն Համաձայնագրում սահմանված կարգով ստեղծված Համատեղ հանձնաժողովը:
Հոդված 10
1. Մինչև Համատեղ հանձնաժողովի նիստի կայացումը և իր իրավասության շրջանակներում որոշման ընդունումը, համաձայն 27-րդ Հոդվածի, ուսումնասիրելու համար Պայմանավորվող կողմերի միջև բեռների փոխադրման և տարանցիկի կազմակերպման հարցերը, խնդրո առարկա փոխադրումը կունենա բոլոր հնարավոր դյուրացումները Պայմանավորվող կողմերի տարածքներում` համաձայն Պայմանավորվող կողմերի երկրներում գործող օրենքների և նույնանման գործարքների սկզբունքի, եթե այդ փոխադրումը կատարվում է Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում գրանցված տրանսպորտային միջոցով:
2. Համատեղ հանձնաժողովը բեռնափոխադրման կազմակերպման հարցերն ուսումնասիրելու համար իր առաջին նիստը գումարում է ոչ ուշ, քան 3 ամիս անց սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, և իր առաջարկությունները ներկայացնում է Պայմանավորվող կողմերի իրավասու պետական մարմիններին` համապատասխան որոշումներ ընդունելու համար:
Հոդված 11
Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում բեռնված տրանսպորտային միջոցը, որը ուղևորվում է դեպի մյուս Պայմանավորվող կողմի տարածք, կարող է վերադարձի ճանապարհին բեռներ փոխադրել իր գրանցման երկիր կամ այլ երկիր` մյուս Պայմանավորվող կողմի իշխանությունների հատուկ թույլտվությունն ստանալուց հետո:
Հոդված 12
Զենքերի, զինամթերքի, ռազմական սարքավորումների, պայթուցիկ նյութերի և այլ վտանգավոր նյութերի փոխադրումները Պայմանավորվող կողմերի միջև և նրանց տարածքով երրորդ երկիր կարող են կատարվել միայն հատուկ և բացառիկ թույլատվության դեպքում:
Արգելվում է այն նյութերի փոխադրումը և տարանցումը, որոնք կարող են վնաս հասցնել մարդկանց առողջությանը, ինչպես նաև շրջակա միջավայրին և կենդանական աշխարհին:
Հոդված 13
Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի փոխադրողները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում փոխադրումներ կատարելիս վճարում են այն բոլոր հարկերը, մաքսերը և այլ վճարները, որոնք նախատեսված են տվյալ Պայմանավորվող կողմի երկրում գործող օրենսդրությամբ:
Հոդված 14
Սույն Համաձայնագրի դրույթները Պայմանավորվող կողմերից որևէ մեկի փոխադրողին իրավունք չեն ընձեռում կատարել ուղևորների կամ բեռների փոխադրում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գտնվող երկու կետերի միջև:
Հոդված 15
Պայմանավորվող կողմերից մեկի փոխադրողները չեն կարող ուղևորների և բեռների փոխադրում կատարել մյուս Պայմանավորվող կողմի և այլ` երրորդ երկրի տարածքների միջև մինչև մյուս Պայմանավորվող կողմի համապատասխան իրավասու պետական մարմինների կողմից տրված հատուկ թույլատվություն չլինի:
Հոդված 16
Եթե Պայմանավորվող կողմերից մեկին պատկանող տրանսպորտային միջոցի քաշն ու չափերը գերազանցում են մյուս Պայմանավորվող կողմի երկրի կողմից սահմանվածները, ապա համապատասխան իրավասու պետական մարմիններից պետք է ստանալ հատուկ համաձայնություն փոխադրում կատարելու համար:
Հոդված 17
Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում տրանսպորտային միջոցի կամ նրա վարորդի հետ ճանապարհատրանսպորտային պատահար տեղի ունենալու դեպքում այն Պայմանավորվող կողմի համապատասխան իրավասու պետական մարմինները, որի տարածքում տեղի է ունեցել պատահարը, մյուս Պայմանավորվող կողմի համապատասխան իրավասու պետական մարմինների պահանջով ուղարկում են պատահարի մասին կազմված արձանագրության պատճենը:
Հոդված 18
Սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան փոխադրում կատարող յուրաքանչյուր տրանսպորտային միջոց պարտավոր է իր հետ ունենալ բոլոր իրավական փաստաթղթերը, որոնք պահանջվում են տվյալ երկրում գործող օրենսդրությամբ, որտեղ կատարվում է փոխադրումը:
Հոդված 19
1. Վառելիքը, որը գտնվում է տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գործարանային արտադրության բաքերում, ազատվում է ցանկացած հարկերից, մաքսերից և այլ վճարներից:
2. Պայմանավորվող կողմերից մեկի խափանված մեքենաների վերանորոգման համար նախատեսված պահեստամասերը սույն Համաձայնագրի դրույթների հիման վրա փոխադրում կատարելու ընթացքում համարվում են ժամանակավոր ներմուծման իրավիճակում և ազատվում են դրանց փոխադրման համար սահմանված հարկերից, մաքսերից և այլ վճարներից:
Օգտագործված պահեստամասերը հետ տանելը կամ դրանց ոչնչացումը պետք է կատարվի Պայմանավորվող այն կողմի մաքսային վարչության հսկողության տակ, որի տարածքում կատարվել է վերանորոգումը (պահեստամասերի փոխումը), կամ անվճար հանձնվի համապատասխան իշխանություններին:
Հոդված 20
Պայմանավորվող կողմերից մեկին պատկանող տրանսպորտային միջոցի վարորդները և փոխադրողները փոխադրումներ կատարելիս ղեկավարվում են տվյալ երկրում գործող օրենսդրությամբ, ճանապարհային փոխադրման և երթևեկության կանոններով և այլ ակտերով, որոնք գործում են տվյալ Պայմանավորվող կողմի տարածքում:
Հոդված 21
1. Եթե Պայմանավորվող կողմերից մեկի փոխադրողը սույն Համաձայնագրի դրույթների խախտում է կատարում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ապա մյուս Պայմանավորվող կողմի համապատասխան իշխանությունները կարող են առանց խախտելու այն երկրի գործող դրույթները (օրենքները), որի տարածքում կատարվել է խախտումը, տեղեկացնել Պայմանավորվող առաջին կողմի համապատասխան իշխանություններին:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված խախտման դեպքում Պայմանավորվող կողմի համապատասխան իրավասու պետական մարմինները, որի տարածքում կատարվել է խախտումը, կարող են դիմել մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմիններին.
ա) օրինախախտ փոխադրողին կատարել գրավոր զգուշացում, որտեղ նշվում է, որ խախտման կրկնության դեպքում օրինախախտը մասնակիորեն կամ լրիվ զրկվում է իրեն պատկանող կամ իր կողմից օգտագործվող տրանսպորտային միջոցով փոխադրումներ կատարել այն Պայմանավորվող կողմի պետության տարածքում, որտեղ կատարվել է խախտումը,
բ) օրինախախտ փոխադրողին ժամանակավորապես, մասնակիորեն կամ լրիվ զրկել փոխադրումներ կատարելու իրավունքից այն Պայմանավորվող կողմի տարածքում, որտեղ կատարվել է խախտումը:
3. Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները տեղեկացնում են միմյանց օրինախախտ փոխադրողի նկատմամբ կիրառված միջոցառումների մասին:
Հոդված 22
Ֆինանսական վճարումները, որոնք ծագում են սույն Համաձայնագրի դրույթների իրագործման ընթացքում, կատարվում են մուտքի և տարանցման երկրում` համաձայն փոխանցման մասին ֆինանսական օրենքների, ակտերի և հրամանագրերի:
Հոդված 23
Սույն Համաձայնագրի դրույթների հիման վրա կատարվող բեռնափոխադրումը ենթարկվում է Պայմանավորվող կողմերի երկրներում գործող օրենսդրությանը:
Ցանկացած տրանսպորտային միջոց, որը կատարում է միջազգային փոխադրում, պետք է իր հետ ունենա Պայմանավորվող կողմերի երկրներում գործող օրենսդրություններին համապատասխան պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Հոդված 24
Պայմանավորվող կողմերը պարտավորվում են ձեռնարկել այն բոլոր միջոցառումները, որոնք հնարավորին չափ դյուրացնում, պարզեցնում և արագացնում են մաքսային, ինչպես նաև ուղևորների և բեռների փոխադրումների հետ կապված ձևականությունները:
Պայմանավորվող կողմերը երաշխավորում են, որ հնարավորության սահմաններում օգնություն կցուցաբերեն մյուս Պայմանավորվող կողմի` իրենց տարածքում ուղևորներ և բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցներին:
Հոդված 25
Սույն Համաձայնագրի դրույթներով` տրանսպորտային միջոցների, ուղևորների և բեռների ապահովագրությունը ենթարկվում է տրանսպորտային միջոցների գրանցման երկրի` գործող ապահովագրության դրույթների կազմակերպչական կետերին և երկրի օրենսդրությամբ կիրառվում է վնասների նկատմամբ, որոնք կարող են պատահել փոխադրման ընթացքում:
Հոդված 26
Բեռների տարանցիկ փոխադրումը Պայմանավորվող կողմերից մեկի տարածքով ենթարկվում է տվյալ Կողմի մաքսային ապահովագրությունների օրենքներին:
Համատեղ հանձնաժողովը կից արձանագրությամբ սահմանում է այս ապահովագրությունների վճարման ուղիները և ձևերը` համաձայն Պայմանավորվող կողմերի երկրներում գործող օրենսդրությունների:
Հոդված 27
Սույն Համաձայնագրի կատարման ապահովման նպատակով Պայմանավորվող կողմերից հավասար թվով ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծվում է Համատեղ հանձնաժողով, որի իրավասությունների մեջ մտնում են.
ա) հսկել սույն Համաձայնագրի իրագործումը,
բ) ուսումնասիրել և պատրաստել առաջարկություններ այն հարցերի լուծման շուրջ, որոնք արգելակում են սույն Համաձայնագրի լրիվ իրագործումը, և որոնք համապատասխան իշխանությունների կողմից անմիջական լուծում չեն գտնում,
գ) քննել այն բոլոր հարցերը, որոնք մտնում են սույն Համաձայնագրի շրջանակների մեջ, և առաջարկություններ անել դրանց անհրաժեշտ լուծում տալու համար,
դ) քննել ճանապարհային փոխադրման հետ կապված բոլոր հարցերը համատեղ համաձայնության գալու մասին,
ե) տեղական իշխանությունների համագործակցությամբ որոշել սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածով նախատեսված ներկայացուցչությունների և գործակալությունների տեղերը:
Համատեղ հանձնաժողովը պարբերաբար հրավիրվում է Հայաստանի Հանրապետությունում և Սիրիայի Արաբական Հանրապետությունում` Պայմանավորվող կողմերից որևէ մեկի պահանջով:
Համատեղ հանձնաժողովի աշխատանքների ցանկը կազմվում է Պայմանավորվող կողմերի կողմից դիվանագիտական ուղիներով:
Համատեղ հանձնաժողովի նիստերի որոշումներն ու առաջարկությունները արձանագրության առարկա են և ենթակա են հաստատման Պայմանավորվող կողմերի իրավասու պետական մարմինների կողմից` հնարավորինս կարճ ժամկետում:
Համատեղ հանձնաժողովը կարող է հոդվածներում լրացումներ և փոփոխություններ կատարելու առաջարկություններ անել, որոնք ենթակա են հաստատման Պայմանավորվող կողմերի համապատասխան իրավասու պետական մարմինների կողմից:
Հոդված 28
Սույն Համաձայնագրի կատարման համար պատասխանատու են`
ա) հայկական կողմից` տրանսպորտի և հաղորդակցության նախարարությունը,
բ) սիրիական կողմից` տրանսպորտի նախարարությունը:
Հոդված 29
Պայմանավորվող կողմերը պայմանավորվում են, որ անհրաժեշտ միջոցառումներ կիրականացնեն միմյանց երկրների միջև բեռների երկաթուղային փոխադրումների իրականացման և զարգացման ուղղությամբ:
Հոդված 30
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի երկրներում գործող օրենսդրությունների համաձայն` այն հաստատելու վերաբերյալ հայտագրերի փոխանակման պահից:
Սույն Համաձայնագիրը կնքվում է 1 տարի ժամանակով: Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը Համաձայնագրի ժամկետը լրանալուց երեք ամիս առաջ գրավոր չհայտնի մյուս Կողմին այն դադարեցնելու իր ցանկության մասին, ապա Համաձայնագրի գործողությունը ինքնաբերաբար կերկարաձգվի ևս 1 տարի և այդպես շարունակ:
Կատարված է Դամասկոս քաղաքում 1995 թվականի մարտի 16-ին, երկու բնօրինակով, հայերեն և արաբերեն, ընդ որում երկու բնօրինակներն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի փետրվարի 21-ից:
