Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-160-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (29.07.2023-18.11.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.08.05/39(705) Հոդ.901
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
10.07.2009
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
23.07.2009
Дата вступления в силу
15.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2009 թվականի հուլիսի 10-ին

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, կարգավորում է հանրակրթության գործընթացին մասնակից ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավահարաբերությունները, ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված բոլորի համար հավասար կրթության իրավունքի, անվճար պարտադիր միջնակարգ կրթության հնարավորության հիմքերը:

(1-ին հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-200-Ն, խմբ. 08.04.15 ՀՕ-21-Ն)

 

Հոդված 2. Հանրակրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

1. Հանրակրթության բնագավառը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն օրենքով, ոլորտը կարգավորող այլ օրենքներով և իրավական ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

(2-րդ հոդվածը փոփ. 01.12.14 ՀՕ-200-Ն, լրաց. 23.03.18 ՀՕ-243-Ն)

 

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) հանրակրթություն` անձի ուսուցման և դաստիարակության գործընթաց, որն իրականացվում է նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ կրթության հիմնական և լրացուցիչ ծրագրերով.

2) տարրական կրթություն՝ պարտադիր կրթության առաջին մակարդակ, որը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի առաջին աստիճանը.

3) հիմնական կրթություն` պարտադիր կրթության երկրորդ մակարդակ, որը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի առաջին և երկրորդ աստիճանները.

4) միջնակարգ կրթություն` հանրակրթության երրորդ մակարդակ, որը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի երեք աստիճանները.

5) հանրակրթության պետական չափորոշիչ` նորմատիվ փաստաթուղթ, որը, ըստ կրթական ծրագրի աստիճանների, սահմանում է սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը, սովորողների գնահատման համակարգի սկզբունքները, ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները և հանրակրթական միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաները).

6) հանրակրթական ծրագիր (հիմնական և լրացուցիչ)` առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների և ուսուցման կազմակերպման ձևերի ամբողջություն, որոնք ապահովում են հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված վերջնարդյունքներն ու կարողունակությունները.

6.1) հեռավար (դիստանցիոն) կրթություն՝ կրթական ծրագրի իրականացման ձև, որի շրջանակներում անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի և ուսուցչի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով, սակայն հիմնական հանրակրթական ծրագրերի կազմակերպման ընթացքում կարող է կիրառվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով՝ բացառիկ դեպքերում և որոշակի ժամկետով.

6.2) կրեդիտային համակարգ՝ միջնակարգ կրթության ուսումնական գործընթացի կազմակերպման, սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ և ամփոփիչ գնահատման, կրթական ծրագրերի յուրացման կրեդիտների միջոցով չափման, հաշվառման և փոխանցման համակարգ.

6.3) այլընտրանքային ծրագիր` հանրակրթական ծրագրից ուսումնական պլանով, ուսուցման կազմակերպման ձևով և առարկայական ծրագրերով տարբերվող, հանրակրթական պետական չափորոշչի վերջնարդյունքներն ու կարողունակություններն ապահովող և օրենսդրությամբ սահմանված կարգով որպես այլընտրանքային երաշխավորված հանրակրթական ծրագիր։

Այլընտրանքային կրթական ծրագրերն են՝

ա. հեղինակային կրթական ծրագիր՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հեղինակած և օրենսդրությամբ սահմանված կարգով որպես հեղինակային երաշխավորված հանրակրթական ծրագիր,

բ. փորձարարական կրթական ծրագիր՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված կրթական աստիճանի առավելագույն տևողությամբ ներդրված հանրակրթական ծրագիր,

գ. միջազգային կրթական ծրագիր` միջազգային պայմանագրի հիման վրա կամ տասը և ավելի օտարերկրյա պետություններում իրականացվող հանրակրթական ծրագիր.

7) հանրակրթական ուսումնական հաստատություն (այսուհետ` ուսումնական հաստատություն)` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է հանրակրթական հիմնական ծրագիր(եր).

8) հանրակրթական դպրոց` մեկ կամ մի քանի ընդհանուր, այդ թվում՝ հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցմամբ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության տեսակ.

9) մասնագիտացված հանրակրթական դպրոց` ռազմագիտության, սպորտի, արհեստների, արվեստի կամ գիտության որևէ բնագավառում հանրակրթական հիմնական մասնագիտացված ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության տեսակ.

10) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության, զարգացման ապահովման համար կրթական ծրագիր և աջակցություն իրականացնող մանկավարժահոգեբանական և այլ օժանդակող կրթական ծառայություններ մատուցող ուսումնական հաստատության տեսակ.

10.1) կրթության առանձնահատուկ պայմաններ` անձի հանրակրթական հիմնական ծրագրի յուրացմանը նպատակաուղղված առարկայական ծրագրերի և ուսուցման մեթոդների, ուսուցման անհատական տեխնիկական միջոցների, հարմարեցված միջավայրի, ինչպես նաև մանկավարժական, սոցիալական և այլ ծառայությունների ամբողջություն.

10.2) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ՝ խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտի (մտավոր), հուզական, վարքի, շարժունակության և այլ խնդիրներով պայմանավորված՝ ուսուցման հետ կապված դժվարություններ ունեցող, ինչպես նաև բացառիկ ընդունակություններ ունեցող անձ, որին հանրակրթական հիմնական ծրագրերը յուրացնելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ, ներառյալ՝ խելամիտ հարմարեցումներ.

10.3) ներառական կրթություն` յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովում.

10.4) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ ուսումնամեթոդական, հոգեբանական և մանկավարժական աջակցություն, որը ցուցաբերվում է սովորող երեխային, նրա ծնողին և մանկավարժական աշխատողին.

10.5) երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում՝ անձի կրթական ծրագրերին մասնակցության դիտարկում, երեխայի զարգացման հնարավորությունների բացահայտում և կրթության առանձնահատուկ անհրաժեշտ պայմանների սահմանում.

10.6) մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն՝ երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը գնահատող, կրթությանն աջակցող մանկավարժահոգեբանական և այլ օժանդակող ծառայություններ մատուցող կազմակերպություն.

10.7) (կետն ուժը կորցրել է 09.02.22 ՀՕ-35-Ն)

10.8) անհատական ուսուցման պլան` հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչների, ծրագրերի և երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի հիման վրա կազմված փաստաթուղթ, որը սահմանում է սովորողի կրթության կազմակերպման տարեկան նպատակը, խնդիրները և դրանց հասնելու գործողությունները (ներառյալ՝ աջակցող ծառայությունները).

10.9) ուսուցչի օգնական` կրթության կազմակերպման գործընթացում ուսուցչին աջակցող մանկավարժական աշխատող.

11) բազմահամակազմ դասարան` տարբեր դասարանների առարկայական ծրագրեր յուրացնող սովորողներից բաղկացած ուսումնական խումբ.

12)  մանկավարժական աշխատող` սովորողների կողմից հանրակրթական ծրագրերի յուրացմանը նպաստող և (կամ) կրթության բովանդակության պահանջները ապահովող ուսումնական հաստատության, ինչպես նաև մանկավարժահոգեբանական կենտրոնների աշխատակից.

13) ուսուցիչ` ուսումնական հաստատությունում սովորողների կողմից առարկայական ծրագրերի յուրացումը դասապրոցեսի միջոցով ապահովող և այդ գործընթացի համար անմիջականորեն պատասխանատու մանկավարժական աշխատող.

14) ուսուցչի ատեստավորում` ուսուցչի գիտելիքների, աշխատանքային կարողությունների, հմտությունների՝ զբաղեցրած պաշտոնին համապատասխանության որոշման գործընթաց.

14.1) ուսուցչի վերապատրաստում` վերապատրաստող կազմակերպություններում ուսուցչի կողմից կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած` ուսուցչի վերապատրաստման չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան մասնագիտական նոր գիտելիքների, հմտությունների և ունակությունների յուրացում ու կատարելագործում.

14.2) տարակարգ` ուսուցչի մասնագիտական չափանիշներին համապատասխանող աստիճանակարգ.

14.3) մասնագիտական չափանիշ՝ ուսուցչի մասնագիտական զարգացման և գիտելիքների, աշխատանքային գործունեության, կարողությունների, պատասխանատվության նկարագիր.

14.4) ուսումնադաստիարակչական գործառույթ՝ հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության վարչական և մանկավարժական աշխատողների կողմից իրականացվող ուսումնական և դաստիարակչական գործընթացների մշակմանը, կազմակերպմանը, իրականացմանը և համակարգմանն ուղղված աշխատանքներ.

14.5) դասագիրք՝ հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան՝ տվյալ հանրակրթական առարկայի կամ դրա մի մասի հիմնական բովանդակությամբ թղթային կամ էլեկտրոնային գիրք.

15) դասագրքի փորձաքննություն` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով հանրակրթության պետական չափորոշիչներին դասագրքի համապատասխանության գնահատման գործընթաց:

(3-րդ հոդվածը փոփ. 10.12.09 ՀՕ-228-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-30-Ն, փոփ., լրաց. 06.10.11 ՀՕ-264-Ն, խմբ., լրաց. 01.12.14 ՀՕ-200-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-243-Ն, լրաց. 06.03.20 ՀՕ-101-Ն, խմբ., լրաց., փոփ. 09.02.22 ՀՕ-35-Ն)

(09.02.22 ՀՕ-35-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 4. Հանրակրթության բնագավառում պետական քաղաքականությունը

1. Հայաստանի Հանրապետությունը հռչակում և երաշխավորում է հանրակրթության բնագավառի զարգացումը` որպես անհատի և հասարակության անվտանգության և կայուն զարգացման ապահովման, հայ ինքնության պահպանման կարևոր երաշխիք:

2. Հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված և մասնագիտական կողմնորոշում ունեցող անձի ձևավորումն է:

2.1. Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։ Ներառական կրթության քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովմանը։

3. Հայաստանի Հանրապետությունն ապահովում է կրթության ժողովրդավարական և աշխարհիկ բնույթը:

4. Միջնակարգ կրթությունը պարտադիր է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

5. Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:

6. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է 12-ամյա միջնակարգ կրթություն:

7. Հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է:

8. Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն:

Կրոնական գործունեությունը և քարոզչությունն ուսումնական հաստատություններում արգելվում են, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

9. Հայաստանի Հանրապետությունում հանրակրթությունն իրականացվում է գրական հայերենով` «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

10. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հանրակրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով` հայերենի պարտադիր ուսուցմամբ:

(4-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-30-Ն, 01.12.14 ՀՕ-200-Ն, խմբ. 08.04.15 ՀՕ-21-Ն)

 

Հոդված 5. Հանրակրթության նպատակները և պետական քաղաքականության սկզբունքները

1. Հանրակրթությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր սովորողի՝

1) մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական զարգացմանը.

2) մարդկային արժանապատվության պահպանմանը.

3) իր ընդունակություններին, կարողություններին և առողջությանը համապատասխան ուսումնական միջավայրում նրա հասարակական հարմարեցմանը.

4) ինքնասպասարկման ունակությունների ձեռք բերմանը և ինքնուրույն կյանքի նախապատրաստմանը.

5) մասնագիտական կողմնորոշմանը և մասնագիտական աշխատանքային գործունեության նախապատրաստմանը.

6) ընտանեկան կյանքին պատրաստվածության ապահովմանը.

7) որպես ապագա քաղաքացու ձևավորմանը։

2. Հանրակրթության բնագավառում պետությունը երաշխավորում է հետևյալ սկզբունքների ապահովումը.

1) հանրակրթության մարդասիրական բնույթը, ազգային և համամարդկային արժեքների, մարդու կյանքի ու առողջության, անհատի ազատ և համակողմանի զարգացման առաջնայնությունը, քաղաքացիական գիտակցության կարևորումը, անհատի և նրա իրավունքների ու ազատությունների նկատմամբ հարգանքը, արժանապատվությունը, հայրենասիրությունը, աշխատասիրությունը, պատասխանատվությունը, հանդուրժողականությունը, բնապահպանական աշխարհայացքի ձևավորումը.

2) հանրակրթության հավասար հնարավորությունները, մատչելիությունը, շարունակականությունը, հաջորդականությունը և համապատասխանությունը սովորողների զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին.

3) հանրակրթության բնագավառում ժողովրդավարական կառավարման սկզբունքների ապահովումը.

4) ուսումնական հաստատություններում ստեղծագործական աշխատանքի խթանումը, սովորողների վերլուծական, քննադատական մտածողության, գիտելիքների ինքնուրույն ձեռքբերման և կիրառման, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ունակությունների զարգացման առաջնայնությունը.

5) հանրակրթության որակի շարունակական բարելավումը, միջազգային չափանիշներին համապատասխանությունը, ինչպես նաև միջազգային կրթական համակարգին ինտեգրումը.

6) ուսումնական հաստատությունների ինքնավարության և պետական վերահսկողության հավասարակշռումը.

7) անկախ կազմակերպական-իրավական ձևից` ուսումնական հաստատությունների և դրանցում սովորողների ու աշխատողների իրավահավասարությունը.

8) հանրակրթական և այլ կրթական ծրագրերի փոխհամաձայնեցվածությունը:

(5-րդ հոդվածը խմբ. 01.12.14 ՀՕ-200-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

Հոդված 6. Հանրակրթության պետական չափորոշիչը

1. Հանրակրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի`

1) ուսումնական բնագավառներն ու կրթության բովանդակության բաղադրիչները.

2) ուսումնական պլանների ընդհանրական կառուցվածքը և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները.

3) սովորողների գնահատման սկզբունքներն ու ձևերը.

4) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաները) և ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները։

2. Հանրակրթության պետական չափորոշչի պահանջները պարտադիր են կրթական ծրագրերի և ուսումնական հաստատությունների համար:

3. Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքը, ըստ կրթական աստիճանների, ներառում է ուսումնական բնագավառները, դրանց հատկացվող ժամաքանակները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը:

5. Ուսումնական բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակը հիմնական դպրոցում չի կարող լինել ընդհանուր նորմատիվային ժամաքանակի կեսից պակաս, իսկ ավագ դպրոցում` 30 տոկոսից պակաս:

(6-րդ հոդվածը խմբ., փոփ. 01.12.14 ՀՕ-200-Ն, խմբ. 09.02.22 ՀՕ-35-Ն)

(09.02.22 ՀՕ-35-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 7. Հանրակրթական ծրագրերը

1. Հանրակրթական հիմնական ծրագրերն ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, դրանց համապատասխան ուսուցման կազմակերպման ձևերի, միջոցների ու մեթոդների ամբողջությունն են, որոնք ապահովում են հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված` շրջանավարտներին ներկայացվող նվազագույն որակական պահանջները, կարողունակություններն ու վերջնարդյունքները` ըստ կրթական աստիճանների:

2. Հանրակրթական լրացուցիչ ծրագրերը նպատակաուղղված են հիմնական ծրագրերից դուրս սովորողների նախասիրությունների և կրթական պահանջմունքների բավարարմանը: Հանրակրթական լրացուցիչ ծրագիր կարող է իրականացնել ուսումնական հաստատությունը կամ այլ կազմակերպություն` համաձայն իր կանոնադրության:

3. Հանրակրթական հիմնական ծրագրերն են նախադպրոցական, ինչպես նաև միջնակարգ կրթության հետևյալ ծրագրերը.

1) տարրական հանրակրթական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ).

2) հիմնական հանրակրթական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ).

3) միջնակարգ հանրակրթական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ):

Հանրակրթական ընդհանուր ծրագրերը ներառում են նաև հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցման ծրագրերը:

Նախադպրոցական ծրագրերն իրականացվում են ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխան:

4. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը մշակում և հաստատում է տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր (այսուհետ` հանրակրթական պետական ծրագիր):

Հանրակրթական պետական ծրագիրը ներառում է ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքը և ուսումնական պլանի կազմման կանոնները, առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը, երաշխավորված դասագրքերի ցանկը, ծրագրի իրականացումն ապահովող իրավական այլ ակտեր:

5. Հանրակրթական պետական ծրագրի ուսումնական պլանը կազմված է պետական, դպրոցական և անհատական (ընտրովի) հետևյալ բաղադրիչներից.

1) պետական բաղադրիչը ներառում է պարտադիր առարկայացանկը և դրան հատկացվող ժամաքանակները.

2) դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է ուսումնական հաստատության սահմանած առարկաներին, ինչպես նաև կարող է հատկացվել պետական բաղադրիչով սահմանված առարկաներին: Ուսումնական հաստատության սահմանած առարկաների ծրագրերը սահմանված կարգով երաշխավորում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը.

3) անհատական (ընտրովի) բաղադրիչով կրթության պետական կառավարման լիազորված մարմինը սահմանում է տվյալ դասարանում սովորողի ընտրությամբ հետազոտական աշխատանքներին, խմբակներին հատկացված նվազագույն ժամաքանակները՝ ըստ անհրաժեշտության համագործակցելով այլ հաստատությունների հետ։

5.1. Հանրակրթական պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունն ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքի հիման վրա մշակում և հաստատում է իր ուսումնական պլանը:

6. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է հաստատել այլընտրանքային հանրակրթական հիմնական, այդ թվում՝ փորձարարական, հեղինակային և միջազգային ծրագրեր, որոնք չեն հակասում հանրակրթության պետական չափորոշչին:

6.1. Ուսումնական հաստատությունները կարող են միջազգային ծրագրեր իրականացնել և օտար լեզուներով կրթություն կազմակերպել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումով։ Ուսումնական հաստատությանը օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու կարգը մշակում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը։

Օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները։

Օտար լեզվով կրթական ծրագրեր իրականացնող` սույն մասով սահմանված ուսումնական հաստատություններում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հայոց լեզվի և հայագիտական առարկաների հայերենով ուսուցումը պարտադիր է՝ հանրակրթության պետական չափորոշիչին համապատասխան։

Սույն մասով սահմանված ուսումնական հաստատությունների առավելագույն թիվը Հայաստանի Հանրապետությունում 11-ն է, որից`

1) երկուսը կարող են ստեղծվել որպես ոչ պետական ուսումնական հաստատություններ Դիլիջան և Ջերմուկ քաղաքներում և կրթություն կազմակերպել առնվազն 6-րդ դասարանի հիմքի վրա (7-րդ դասարանից).

2) ինը կարող են ստեղծվել նաև միջազգային պայմանագրերի հիման վրա և իրականացնել միջնակարգ կրթության երրորդ աստիճանի հանրակրթական ծրագրեր։

Նույն օտար լեզվով կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առավելագույն թիվը 4-ն է:

Սույն մասով սահմանված ուսումնական հաստատությունները չեն կարող ունենալ մասնաճյուղ կամ ստորաբաժանում:

7. Հանրակրթական հիմնական ծրագրերը կառուցվում են հաջորդականության և շարունակականության սկզբունքով: Հանրակրթական հիմնական ծրագրերը, ըստ կրթական աստիճանների, դասակարգվում են.

1) 1-ին աստիճանի` տարրական.

2) 2-րդ աստիճանի` հիմնական.

3) 3-րդ աստիճանի` միջնակարգ:

Հանրակրթական ծրագրերի յուրացման արդյունքներն ամփոփվում են կրթական յուրաքանչյուր աստիճանի ավարտին: Հանրակրթական ծրագրի նախորդ աստիճանը չյուրացրած սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթության հաջորդ աստիճան:

8. Միջնակարգ կրթության նորմատիվային ժամկետը 12 տարի է` եռաստիճան համակարգով.

1) 1-ին աստիճան՝ 4 տարի, 1-4-րդ դասարաններ.

2) 2-րդ աստիճան՝ 5 տարի, 5-9-րդ դասարաններ.

3) 3-րդ աստիճան՝ 3 տարի, 10-12-րդ դասարաններ:

9. Մասնագիտացված հանրակրթական, արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների և այլընտրանքային կրթական ծրագրերի իրականացման համար կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է սահմանել այլ ժամկետներ:

10. Հանրակրթական հիմնական ծրագրերը, որպես անբաժանելի մաս, կարող են ներառել`

1) ուսումնական հաստատության կողմից իրականացվող ուսումնամեթոդական, փորձարարական, հետազոտական աշխատանքները.

2) մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառումները.

3) սովորողների համար հանրակրթական լրացուցիչ դասընթացների կազմակերպումը.

4) սովորողների առողջության պահպանման միջոցառումները.

5) սովորողների սննդի կազմակերպումը.

6) սովորողների տրանսպորտային կազմակերպված փոխադրումները.

7) սովորողների երկարօրյա ուսուցման և (կամ) գիշերակացի կազմակերպումը.

8) ուսումնաարտադրական բազաներում, մարզաառողջարարական ճամբարներում սովորողների ուսուցման, դաստիարակության ու հանգստի կազմակերպումը:

11. Հանրակրթական հիմնական ծրագրերից յուրաքանչյուրի (այդ թվում` նախադպրոցական) իրականացումը լիցենզավորման ենթակա գործունեություն է:

Հանրակրթական ծրագրերի իրականացման լիցենզիան տալիս է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` լիցենզավորման գործընթացը կարգավորող օրենքով սահմանված կարգով:

(7-րդ հոդվածը փոփ. 08.12.10 ՀՕ-240-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-30-Ն, խմբ., լրաց. 01.12.14 ՀՕ-200-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-243-Ն, խմբ., լրաց. 09.02.22 ՀՕ-35-Ն, փոփ. 26.06.23 ՀՕ-244-Ն)

(հոդվածը 09.02.22 ՀՕ-35-Ն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի փոփոխության մասով ուժի մեջ կմտնի 01.09.26 թվականին)

(09.02.22 ՀՕ-35-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 26.06.23 ՀՕ-244-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման ժամանակացույցի համաձայն)

(26.06.23 ՀՕ-244-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 8. Ուսումնական հաստատության տեսակները

1. Ուսումնական հաստատությունը, ըստ դրանում իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի, դասվում է հետևյալ տեսակների.

1) հանրակրթական դպրոց.

2) մասնագիտացված հանրակրթական դպրոց.

3) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն:

2. Մասնագիտացված և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն հանրակրթական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև բժշկական հաստատություններում երկարատև բուժում ստացող կամ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց համար հանրակրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների գործունեությունը և դրանց առանձնահատկությունները սահմանվում են օրենքով, դրանց կանոնադրություններով և իրավական այլ ակտերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, այլընտրանքային հանրակրթական ծրագրերին համապատասխան, կարող են ստեղծվել այլ տեսակի ուսումնական հաստատություններ, այդ թվում՝ փորձարարական-հետազոտական:

4. (մասն ուժը կորցրել է 09.02.22 ՀՕ-35-Ն)

5. Ուսումնական հաստատությունը, ըստ իրականացվող կրթական ծրագրերի աստիճանի, լինում է`

1) տարրական դպրոց (1-4-րդ դասարաններ).

2) միջին դպրոց (5-9-րդ դասարաններ).

3) հիմնական դպրոց (1-9-րդ դասարաններ).

4) ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ).

5) վարժարան (5-12-րդ դասարաններ).

6) միջնակարգ դպրոց (1-12-րդ դասարաններ):

(8-րդ հոդվածը խմբ., փոփ. 09.02.22 ՀՕ-35-Ն)

(09.02.22 ՀՕ-35-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 9. Ուսումնական հաստատությունների կազմակերպական-իրավական ձևերը

1. Ուսումնական հաստատությունը կարող է ունենալ օրենքով սահմանված ցանկացած կազմակերպական-իրավական ձև:

2. Ուսումնական հաստատությունը կարող է գործել նաև կրթահամալիրի կազմում:

3. Սովորողների անվճար հանրակրթությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, հիմնադրում է ուսումնական հաստատություններ պետական ոչ առևտրային կազմակերպության կազմակերպական-իրավական ձևով (այսուհետ` պետական ուսումնական հաստատություն):

4. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետով սահմանված պետական ավագ դպրոցների համար լիազոր մարմինը կրթության պետական կառավարման լիազորված մարմինն է:

5. Պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ոչ պետական ուսումնական հաստատության կանոնադրությունը հաստատում է հիմնադիրը` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած օրինակելի կանոնադրությունը։

6. Ոչ պետական ուսումնական հաստատության կանոնադրությունը չպետք է հակասի «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն օրենքի դրույթներին:

6.1. Ոչ պետական ուսումնական հաստատության կառավարման համակարգի առանձնահատկությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

7. Ուսումնական հաստատությունը կարող է ունենալ կնիք, որի վրա նշվում է ուսումնական հաստատության անվանումը:

8. Պետական ուսումնական հաստատությունները անվանակոչվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

(9-րդ հոդվածը փոփ. 13.04.11 ՀՕ-108-Ն, լրաց. 06.03.20 ՀՕ-101-Ն, 09.02.22 ՀՕ-35-Ն)

(09.02.22 ՀՕ-35-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 10. Պետական ուսումնական հաստատության կառավարումը
(վերնագիրը խմբ. 09.02.22 ՀՕ-35-Ն)

 

1. Պետական ուսումնական հաստատության կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և պետական ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:

2. Պետական ուսումնական հաստատությունն ունի կոլեգիալ կառավարման մարմին` խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ): Օրենսդրությամբ սահմանված կարգով մի քանի հաստատության համար կարող է ձևավորվել նաև միասնական խորհուրդ։

3. Պետական ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը` տնօրենը և վարչատնտեսական մասի համակարգողը (այսուհետ՝ համակարգող), որոնք նշանակվում, ազատվում, և նրանց լիազորությունները դադարում են օրենսդրությամբ սահմանված կարգով և տվյալ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված դեպքերում:

 4. Պետական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրականացնում է ուսումնական հաստատության համակարգողը կամ լիազոր մարմնի պատվիրակած իրավաբանական անձը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 5. Պետական ուսումնական հաստատությունում ուսումնադաստիարակչական գործընթացի համակարգումն ու մեթոդական ղեկավարումն իրականացնում է տնօրենը:

6. Պետական ուսումնական հաստատության կառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով, այլ իրավական ակտերով և պետական ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

7. Պետական ուսումնական հաստատության կրթական գործունեության արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական, ծնողական, աշակերտական խորհուրդներ, առարկայական մեթոդական միավորումներ, որոնց ձևավորման կարգը և իրավասությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ: Մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդները Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով կարող են ներգրավվել տվյալ պետական ուսումնական հաստատության տնօրենի նշանակման գործընթացում: Պետական ուսումնական հաստատության կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաև այլ խորհրդակցական մարմիններ` հոգաբարձուների և այլ խորհուրդներ:

8. Պետական ուսումնական հաստատության կառավարմանը մասնակցում են ուսումնական հաստատության աշակերտական խորհրդի անդամները` խորհրդակցական ձայնի իրավունքով:

(10-րդ հոդվածը լրաց. 06.03.20 ՀՕ-101-Ն, խմբ. 09.02.22 ՀՕ-35-Ն)

(09.02.22 ՀՕ-35-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 11.   Պետական ուսումնական հաստատության խորհրդի լիազորություններն ու դրանց դադարեցման հիմքերը

 

1. Պետական ուսումնական հաստատության խորհուրդը՝

1) աջակցում է ուսումնական հաստատության զարգացման ծրագրի կատարմանը, վերահսկում է զարգացման ծրագրի ժամանակացույցով սահմանված տարեկան գործողությունների իրականացումը, լսում է զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվությունը և տալիս եզրակացություն.

2) հաստատում է դպրոցի կազմակերպական կառուցվածքը, ներքին կարգապահական, այդ թվում՝ աշխատողների և սովորողների վարքագծի կանոնները.

3) քննարկում է ուսումնադաստիարակչական գործունեության, այդ թվում՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների իրականացման մասին հաշվետվությունները.

4) քննարկում է ներքին և արտաքին գնահատման արդյունքները.

5) լիազորված մարմին է ներկայացնում առաջարկություններ՝ ուսումնական հաստատության գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան.

6) հաստատում է իր աշխատակարգը, նիստերի օրակարգը, ժամանակացույցը և ընտրում խորհրդի նախագահ.

7) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն տրված եզրակացության հիման վրա խորհրդի անդամների (մանկավարժական և ծնողական խորհուրդների դեպքում՝ միայն տվյալ հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների առաջադրած անդամների) ընդհանուր թվի երկու երրորդի համաձայնությամբ, հիմք ընդունելով լիազոր մարմնի սահմանած կատարողական ցուցանիշներն ու պահանջները, կարող է անվստահություն հայտնել տնօրենին և նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հիմնավոր առաջարկությամբ դիմել համապատասխան լիազոր մարմնի ղեկավարին.

8) իրականացնում է օրենքով, հիմնադրի կողմից իրեն վերապահված կամ դպրոցի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

2. Պետական ուսումնական հաստատության խորհրդի անդամը պարտավոր է`

1) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել խորհրդի նիստերին, գործել բարեխղճորեն՝ ի նպաստ երեխայի շահերի և կրթության արդյունավետության.

2) պատշաճորեն կատարել սույն օրենքով, ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված և խորհրդի որոշումներով (հանձնարարականներով) իրեն վերապահված պարտականությունները.

3) կատարել խորհրդի, իրեն ներկայացրած լիազոր մարմնի այն հանձնարարությունները, որոշումները, որոնք բխում են ուսումնական հաստատության կանոնադրական նպատակներից։

3. Պետական ուսումնական հաստատության խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են լիազորված մարմնի կողմից`

1) այդ մասին անձնական դիմում ներկայացնելու,

2) անդամին առաջադրած մարմնի կողմից հետկանչի,

3) խորհրդի որոշմամբ` հիմնավորված առաջարկություն ներկայացնելու,

4) մեկ տարվա ընթացքում խորհրդի առնվազն երեք նիստի չներկայանալու,

5) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելու,

6) պետական ուսումնական հաստատության լուծարման կամ վերակազմակերպման,

7) խորհրդի կազմում սահմանված կարգի խախտմամբ ընդգրկված լինելու,

8) մանկավարժական կամ ծնողական խորհրդի առաջադրած անդամների՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած պահանջներն այլևս չբավարարելու,

9) նրա մահվան դեպքերում։

(11-րդ հոդվածը խմբ., լրաց. 01.12.14 ՀՕ-200-Ն, խմբ. 09.02.22 ՀՕ-35-Ն)

(09.02.22 ՀՕ-35-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 12. Պետական ուսումնական հաստատության տնօրենը, համակարգողը և նրանց իրավասությունները
(վերնագիրը խմբ. 09.02.22 ՀՕ-35-Ն)

 

1. Պետական ուսումնական հաստատության տնօրենը և համակարգողը նշանակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով:

2. Տնօրենի թափուր պաշտոնում կարող է նշանակվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստացած անձը։

3. Պետական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն անձը, որն ունի կրթության ոլորտի բարձրագույն կրթություն և վերջին 10 տարվա ընթացքում գիտամանկավարժական կամ մանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

4. Հավաստագրումն անցկացվում է հետևյալ փուլերով.

1) փաստաթղթերի համապատասխանության ճանաչում՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած փաստաթղթերի ցանկի.

2) մասնակցություն վերապատրաստումներին՝ դիմողի նախաձեռնությամբ.

3) քննություն՝ թեստավորման միջոցով.

4) պետական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրում՝ հինգ տարի ժամկետով։

5. Քննությունների և հավաստագրման ընթացակարգերը, պետական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման դեպքերն ու ընթացակարգը, ինչպես նաև հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։

6. Սահմանված կարգով քննություն հանձնած անձը ճանաչվում է պետական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած։

7. Քննության արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմին՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի։

8. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձը կարող է հավաստագիրն ստանալու օրվանից հետո` հինգ տարվա ընթացքում, մասնակցել տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին։

9. Տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթը հայտարարում է համապատասխան լիազոր մարմինը: Մրցույթի անցկացման նպատակով կրթության պետական կառավարման լիազոր մարմինը ձևավորում է մասնագիտական հանձնաժողով, որի դրական եզրակացությունը հիմք է տնօրենի նշանակման համար:

10. Տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար տնօրենի թեկնածուն լիազոր մարմին է ներկայացնում`

1) սահմանված ցանկին համապատասխան փաստաթղթերը.

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիրը.

3) ուսումնական հաստատության հինգ տարվա զարգացման իր ծրագիրը:

11. Սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքած պետական ուսումնական հաստատության տնօրենը պաշտոնավարում է մինչև իր լիազորությունների ավարտը՝ անկախ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի հնգամյա ժամկետը լրանալուց։

12. Պաշտոնավարման ընթացքում պետական ուսումնական հաստատության տնօրենը դպրոցի զարգացման ծրագրի կատարման արդյունքների հիման վրա հինգ տարին մեկ անգամ անցնում է ատեստավորում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով։

13. Ատեստավորման արդյունքներով պաշտոնին համապատասխանելու մասին եզրակացության դեպքում տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը երկարաձգվում է հինգ տարի ժամկետով, որից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, տնօրենը խորհուրդ է ներկայացնում ուսումնական հաստատության հաջորդ հինգ տարվա զարգացման իր ծրագիրը և դրա իրականացումն ապահովող տարեկան գործողությունների ժամանակացույցը:

14. Ատեստավորման արդյունքներով պաշտոնին չհամապատասխանելու մասին եզրակացությունը հիմք է տնօրենի պաշտոնավարության և հավաստագրի գործողության դադարեցման համար:

15. Ատեստավորման արդյունքներով պաշտոնին չհամապատասխանելու մասին եզրակացության դեպքում տվյալ անձը ուսումնական հաստատության տնօրեն կարող է նշանակվել միայն սույն հոդվածի 6-րդ մասի համաձայն ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար սահմանված կարգով քննություն հանձնելու և հավաստագիր ստանալու դեպքում։

16. Տնօրենը՝

1) խորհուրդ է ներկայացնում ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը և դրա իրականացումն ապահովող տարեկան գործողությունների ժամանակացույցը.

2) ուսումնական պլանի հիման վրա կրթության կառավարման տեղեկատվական համակարգում իրականացնում է դասաբաշխում, որի հիման վրա ձևավորվում է տարիֆիկացիան և հաստատվում նրա կողմից.

3) կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորում և հաստատում է ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ հաստիքների անվանացանկը.

4) ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ կարիքները տրամադրում է համակարգողին` պահանջվող ծախսերը գնահատելու, նախահաշիվ կազմելու և լիազոր մարմին ներկայացնելու համար.

5) հսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների ուսումնական ծանրաբեռնվածության, առաջադիմության և հաստատության ներքին կարգապահական, այդ թվում՝ աշխատողների և սովորողների վարքագծի կանոնների նկատմամբ.

6) խորհրդի հավանությանն է ներկայացնում դպրոցական մակարդակում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կազմը.

7) մանկավարժական խորհրդի ներկայացմամբ հաստատում է դպրոցի ուսումնական պլանը, ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանը և տնօրենի տեղակալների, դասղեկների, առարկայական մեթոդական միավորումների նախագահների ու մանկավարժների հաշվետվությունները.

8) մասնակցում է խորհրդի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով.

9) աջակցում է դպրոցի խորհրդակցական մարմինների աշխատանքներին.

10) նախարարության հաստատած ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգի հիման վրա մշակում և խորհրդի հաստատմանն է ներկայացնում դպրոցի ուսուցչի թափուր տեղի համար անցկացվելիք մրցույթի կարգը, դպրոցի կազմակերպական կառուցվածքը, ներքին կարգապահական, այդ թվում՝ աշխատողների և սովորողների վարքագծի կանոնները.

11) համաձայն պաշտոնների անվանացանկի և պաշտոնի նկարագրի` անցկացնում է ուսուցչի թափուր տեղի համար մրցույթը, մանկավարժական կադրերի, դպրոցի օպերատորի և գործավարի (օգնականի), իր տեղակալների, մասնաճյուղի, կառուցվածքային ստորաբաժանումների (մեթոդական միավորումների) ղեկավարների ընտրությունը, կնքում և լուծում է աշխատանքային պայմանագրերը, բաշխում աշխատանքը.

12) ղեկավարում է մանկավարժական խորհրդի և առարկայական մեթոդական միավորումների աշխատանքները.

13) կազմում է ուսումնական պարապմունքների դասացուցակը և ուսումնադաստիարակչական աշխատանքների վիճակի մասին հաշվետվությունները.

14) խրախուսում և խթանում է աշխատողների ստեղծագործական նախաձեռնությունը.

15) աջակցում է ուսուցիչների մասնակցությանը հերթական և կամավոր ատեստավորումներին.

16) խրախուսում է մասնակցային կառավարումն ուսումնական հաստատության մարմիններում.

17) իրականացնում է վերահսկողություն դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, առաջադիմության, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, դպրոցի աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.

18) ապահովում է արտադասարանական խմբակների և ուսումնական լաբորատորիաների, մասնագիտական կողմնորոշման կենտրոնների բնականոն գործունեությունը.

19) ուսումնական պլանին համապատասխան՝ ապահովում է կրթական ծրագրերի իրականացումը, կրթական գործընթացի կազմակերպումը և կրում է պատասխանատվություն կրթության որակի և բովանդակության համար.

20) ապահովում է լիազորված մարմնի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.

21) ապահովում է դպրոցում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորումը.

22) ապահովում է դպրոցում գործածության ենթակա փաստաթղթերի վարումը և պահպանումը.

23) սահմանված կարգով ձևավորում է դպրոցի սովորողների համակազմը, օրենսդրությամբ սահմանված կարգով քայլեր է ձեռնարկում նրանց սոցիալական պաշտպանվածության ապահովման ուղղությամբ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն ստանալու իրավունքը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սովորողի (ընտանիքի) հայտնաբերման դեպքում եռօրյա ժամկետում տեղեկացնում է տարածքը սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին).

24) օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ներկայացնում է դպրոցը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ կազմակերպություններում, տալիս է լիազորագրեր.

25) օրենքով և դպրոցի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

26) իրականացնում է օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

17. Պետական ուսումնական հաստատության տնօրենը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն իրականացնող մարմինների արձանագրած՝ սույն հոդվածի 16-րդ մասով, օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթների, օրենքների, հիմնադրի, նախարարության, լիազորված մարմնի և խորհրդի որոշումների և կնքված պայմանագրերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, այդ թվում՝ մանկավարժական աշխատողների իրավունքների և ազատությունների պաշտպանության, սովորողների և աշխատակիցների կյանքի, առողջության պահպանման համար:

18. Պետական ուսումնական հաստատության համակարգող կարող է լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին հինգ տարվա ընթացքում «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված հանրային պաշտոններում կամ հանրային ծառայության պաշտոններում կամ ղեկավարման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից) առնվազն երեք տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

19. Պետական ուսումնական հաստատության համակարգողը՝

1) լիազոր մարմին է ներկայացնում դպրոցի ֆինանսատնտեսական գործունեության մասին հաշվետվությունը, հաջորդ տարվա բյուջեի նախագիծը և բյուջետային ֆինանսավորման մասին հայտը՝ դրանում առանձին տողով ներկայացնելով մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները, արտաքին և ներքին գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկանքը.

2) հաստատում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված տարիֆիկացիան.

3) կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորում և հաստատում է վարչատնտեսական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ հաստիքների անվանացանկը.

4) գնահատում է տնօրենի տրամադրած՝ ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով անհրաժեշտ կարիքների համար պահանջվող ծախսերը, կազմում է նախահաշիվը և ներկայացնում է լիազոր մարմին.

5) ապահովում է գնումների գործընթացի կազմակերպման և իրականացման աշխատանքները.

6) համաձայն պաշտոնների անվանացանկի և պաշտոնի նկարագրի՝ անցկացնում է վարչատնտեսական աշխատակիցների թափուր տեղի համար մրցույթը, կնքում և լուծում է աշխատանքային պայմանագրերը.

7) ապահովում է արտադասարանական խմբակների և ուսումնական լաբորատորիաների, մասնագիտական կողմնորոշման կենտրոնների բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմանները.

8) ապահովում է անհրաժեշտ պայմաններ՝ ուսումնական պլանին համապատասխան կրթական ծրագրերի իրականացման, կրթական գործընթացի կազմակերպման համար.

9) ապահովում է բյուջետային հատկացումների, հիմնադրի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից օրենքով սահմանված կարգով ստացված միջոցների արդյունավետ օգտագործումը, ուսումնանյութական բազայի հաշվառումը, պահպանումը, համալրումը.

10) ապահովում է հաշվապահական հաշվառման իրականացումը և օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ.

11) ապահովում է դպրոցում գործածության ենթակա վարչատնտեսական փաստաթղթերի վարումը և պահպանումը.

12) օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ներկայացնում է դպրոցը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ կազմակերպություններում, բացում է հաշվարկային հաշիվներ, տալիս է լիազորագրեր.

13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է դպրոցի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

14) օրենքով և դպրոցի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

15) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է խորհրդի նիստերին, ինչպես նաև խորհրդին ներկայացնում ամենամյա հաշվետվություն սույն մասով սահմանված գործառույթների կատարման մասին.

16) աջակցում է ուսումնական հաստատության խորհրդակցական մարմինների աշխատանքներին.

17) ապահովում է լիազորված մարմնի՝ օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.

18) իր պաշտոնի նկարագրին համապատասխան՝ մասնակցում է վերապատրաստումների Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն.

19) իրականացնում է օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

20. Պետական ուսումնական հաստատության համակարգողը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն իրականացնող մարմինների արձանագրած՝ սույն հոդվածի 19-րդ մասով, օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթների, օրենքների, հիմնադրի, նախարարության, լիազորված մարմնի, խորհրդի որոշումների և կնքված պայմանագրերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, այդ թվում՝ անվտանգության տեխնիկայի ապահովման, վարչատնտեսական աշխատողների իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինչպես նաև սովորողների և աշխատակիցների կյանքի, առողջության և ուսումնական հաստատության սանիտարահիգիենիկ վիճակի պահպանման համար անհրաժեշտ պայմանների ապահովման համար:

21. Պետական ուսումնական հաստատության տնօրեն և համակարգող չի կարող առաջադրվել, նշանակվել այն անձը՝

1) որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) որը դատական կարգով զրկվել է մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

3) որը տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական կամ վարչական գործունեության կատարումը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

4) որը դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.

5) որի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով.

6) որը կուսակցության ու նրա տարածքային ստորաբաժանումների ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների անդամ է:

22. Նույն պետական ուսումնական հաստատության տնօրեն և համակարգող չեն կարող առաջադրվել, նշանակվել միմյանց հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) կապված անձինք:

(12-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ.  01.12.14 ՀՕ-200-Ն, խմբ. 06.03.20 ՀՕ-101-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-188-Ն, խմբ. 09.02.22 ՀՕ-35-Ն, փոփ., խմբ. 26.06.23 ՀՕ-244-Ն)

(09.02.22 ՀՕ-35-Ն օրենքի 6-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 12-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կրթության ոլորտի բարձրագույն կրթություն ունենալու պահանջն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից)

(09.02.22 ՀՕ-35-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(26.06.23 ՀՕ-244-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Հոդված 13. Ուսումնական հաստատության կրթական ծրագրերը

1. Ուսումնական հաստատությունը հանրակրթական ծրագիր(եր) կարող է իրականացնել համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում` համաձայն իր կանոնադրության: Ուսումնական հաստատության կողմից իրականացվող հանրակրթական ծրագրերն ամրագրվում են իր կանոնադրությամբ:

2. Ուսումնական հաստատությունը հիմնադրի որոշմամբ հանրակրթական ծրագիրը կարող է իրականացնել ցերեկային, երկարօրյա և (կամ) գիշերօթիկ աշխատակարգով:

 

Հոդված 14. Ուսումնական պլանները

1. Ուսումնական հաստատությունում կրթական գործընթացը կազմակերպվում է` համաձայն հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական հաստատության տարեկան ուսումնական պլանի:

2. Ուսումնական հաստատությունում իրականացվող յուրաքանչյուր հանրակրթական ծրագրի համար կազմվում է առանձին ուսումնական պլան` հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան:

3. Հանրակրթական պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունն իր ուսումնական պլանները կազմում է ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքի և ուսումնական պլանի կազմման կանոնների հիման վրա, որի համաձայն՝ դպրոցական բաղադրիչով նախատեսված ժամաքանակը ուսումնական հաստատությունը բաշխում է պետական բաղադրիչով սահմանված կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած առարկաներին:

4. Ուսումնական հաստատությունը վճարովի հիմունքներով կարող է իրականացնել հանրակրթական և (կամ) մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրեր, ինչպես նաև այլ ծառայություններ՝ համաձայն իր կանոնադրության և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի:

Սովորողների մասնակցությունը լրացուցիչ վճարովի պարապմունքներին կամավոր է և իրականացվում է ուսումնական հաստատության և ծնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա, որի օրինակելի ձևը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

(14-րդ հոդվածը խմբ. 26.06.23 ՀՕ-244-Ն)

(հոդվածը 26.06.23 ՀՕ-244-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման ժամանակացույցի համաձայն)

(26.06.23 ՀՕ-244-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 15. Ուսումնական տարին

1. Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից և ավարտվում է օգոստոսի 31-ին:

2. Ուսումնական տարին բաղկացած է ուսումնական շաբաթներից, քննաշրջաններից և արձակուրդներից:

3. Ուսումնական շաբաթների քանակը որոշվում է ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքով սահմանված տարեկան ժամաքանակների ապահովմամբ:

4. Պետական ուսումնական հաստատությունում ուսումնական շաբաթվա հնգօրյա կամ վեցօրյա տևողությունը սահմանում է ուսումնական հաստատությունը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում՝ հիմնադիրը։ Ուսումնական հաստատությունն այդ մասին որոշումը կայացնում է մինչև սեպտեմբերի 1-ը և առնվազն տասնօրյա ժամկետում այդ մասին տեղեկացնում է կրթության պետական կառավարման և տարածքային (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին) կառավարման լիազորված մարմիններին:

5. Ուսումնական տարվա ընթացքում կարող են սահմանվել քննաշրջաններ: Պետական ավարտական քննությունների ժամկետները և անցկացման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

6. Ուսումնական տարվա ընթացքում նախատեսվում են աշնանային, ձմեռային, գարնանային և ամառային արձակուրդներ` հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան: Պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների ժամկետները և տևողությունը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում` հիմնադիրը` այդ մասին տեղյակ պահելով պետական կառավարման լիազորված մարմնին։

(15-րդ հոդվածը խմբ. 01.12.14 ՀՕ-200-Ն, լրաց., փոփ. 09.02.22 ՀՕ-35-Ն)

(09.02.22 ՀՕ-35-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 16. Սովորողների ընդունելությունը, փոխադրումը, տեղափոխումը և ազատումը

1. Սովորողների ընդունելությունը ուսումնական հաստատություն իրականացվում է տնօրենի հրամանով` դպրոցահասակ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի (այսուհետ` ծնող) դիմումի և հաստատության ու ծնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա` սույն օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով: Պետական ուսումնական հաստատությունների համար պայմանագրի օրինակելի ձևը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

1.1. Սովորողների ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթություն տրվում է՝

1) տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաներին.

1.1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների, խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաներին.

1.2) տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաներին.

2) տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին:

2. Ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն արգելվում է:

3. Հանրակրթական դպրոցի առաջին դասարան երեխայի ընդունելության ժամանակ արգելվում է գիտելիքների ստուգումը:

4. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն կատարվում է ընդհանուր հիմունքներով:

5. Դպրոցական տարիքի երեխային ուսումնական հաստատություն ընդգրկելու համար պատասխանատու է ծնողը՝ օրենքով սահմանված կարգով:

6. Ուսումնական հաստատությունը, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինները ապահովում են դպրոցական տարիքի երեխայի ընդգրկումը ուսումնական հաստատություն:

7. Սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթությունը կազմակերպվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

8. Ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելը և ազատելը կատարվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած կարգով հետևյալ դեպքերում.

1) ծնողի դիմումի հիման վրա.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:

9. Ոչ պետական ուսումնական հաստատությունում, մասնագիտացված հանրակրթական դպրոցում կամ այլընտրանքային ծրագրում ընդգրկված սովորողի ազատումը կամ այլ ուսումնական հաստատություն տեղափոխումը կարող է կատարվել նաև ծնողի և տվյալ ուսումնական հաստատության միջև կնքված պայմանագրային դրույթները սովորողի կամ ծնողի կողմից չպահպանվելու դեպքում:

10. Սովորողների կողմից կրթական ծրագրի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման, սովորողի փոխադրման և ավարտման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

Տվյալ ուսումնական տարվա հանրակրթական հիմնական ծրագիրը չյուրացրած սովորողի հաջորդ դասարան փոխադրվելու, ինչպես նաև տվյալ ուսումնական տարվա ծրագրի բաց թողնված նյութը լրացնելու կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

11. Ուսումնական պարապմունքներից բացակայություններ ունեցող սովորողների հետագա ուսումնառության կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

(16-րդ հոդվածը լրաց., խմբ. 14.04.11 ՀՕ-128-Ն, փոփ., խմբ. 01.12.14 ՀՕ-200-Ն, լրաց. 06.03.20 ՀՕ-101-Ն, լրաց., փոփ. 09.02.22 ՀՕ-35-Ն)

(09.02.22 ՀՕ-35-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 17. Ուսումնական գործընթացի կազմակերպումը

1. Ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացն իրականացվում է խմբային կամ անհատական ուսուցման եղանակով:

2. Ուսումնական խմբերը` դասարանները, կազմավորվում են ըստ սովորողների տարիքի և նրանց կողմից ուսումնական ծրագրի յուրացման արդյունքի: Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի համաձայն՝ կարող են կազմավորվել բազմահամակազմ դասարաններ:

Պետական ուսումնական հաստատության դասարանի կազմավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Ուսումնական հաստատությունում խմբային ուսուցման կազմակերպման հիմնական ձևը դասն է: Դասի տևողությունը սահմանվում է հանրակրթության պետական չափորոշիչով:

Առանձին առարկաների դասաժամերին դասարանը կարող է բաժանվել խմբերի` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

Խմբային ուսուցումը կարող է կազմակերպվել նաև ուսումնաարտադրական, փորձարարական բազաներում և մարզաառողջարարական ճամբարներում:

4. Սովորողների անհատական ուսուցման կազմակերպման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

5. Առողջական վիճակի պատճառով ուսումնական հաստատություններ հաճախել չկարողացող սովորողների համար կազմակերպվում է տնային ուսուցում՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի։ Տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

5.1. Երեխայի կրթության իրավունքն ապահովելու նպատակով հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում հանրակրթական ծրագրերին համապատասխան կազմակերպվում է երկարատև (ոչ պակաս, քան 21 օր) բուժման մեջ գտնվող երեխաների ուսուցումը:

Այն իրականացվում է տվյալ բժշկական կազմակերպությունում և ուսումնական հաստատության միջև պայմանագրի հիման վրա, որի օրինակելի ձևը հաստատվում է կրթության պետական կառավարման և առողջապահության պետական կառավարման լիազորված մարմինների ղեկավարների համատեղ հրամանով։ Պայմանագրի պատճենը ներկայացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմին։

6. Ուսումնական հաստատություններում գործածվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով փորձաքննություն անցած և երաշխավորված դասագրքեր և ձեռնարկներ` ուսումնական հաստատության ընտրությամբ:

7. Ուսումնական հաստատությունը կրթական ծառայությունների մատչելիությունը, որակն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կրթական գործընթացի մասնակիցներին (սովորող, ծնող, մանկավարժական աշխատողներ և այլն) տրամադրում է կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ: Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

(17-րդ հոդվածը խմբ., լրաց. 01.12.14 ՀՕ-200-Ն)

 

Հոդված 17.1.

Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները

1. Երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները տրամադրվում են երեք մակարդակում.

1) ուսումնական հաստատության մակարդակ՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության կողմից.

2) տարածքային մակարդակ՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից.

3) հանրապետական մակարդակ՝ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից։

2. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը իրականացնում են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները:

3. (մասն ուժը կորցրել է 09.02.22 ՀՕ-35-Ն)

4. Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի՝ երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում ծնողը կարող է արդյունքները բողոքարկել հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն։

5. Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները՝

1) իրականացնում են երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում.

2) կազմում են համապատասխան եզրակացություն՝ երեխայի կրթության կազմակերպման համար անհրաժեշտ կրթության առանձնահատուկ պայմանների վերաբերյալ.

3) մատուցում են կրթության կազմակերպման աջակցության ծառայություններ.

4) ուսումնական հաստատություններին տրամադրում են խորհրդատվություն.

5) կազմակերպում և անցկացնում են սեմինարներ, ինչպես նաև իրենց սպասարկման տարածքում գտնվող հանրակրթական դպրոցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների և մասնագետների վերապատրաստումներ.

6) իրականացնում են օրենսդրությամբ և իրենց կանոնադրությամբ սահմանված այլ գործառույթներ։

6. Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը`

1) սահմանում է մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման միասնական մոտեցում և մշակում է մեթոդական ուղեցույցներ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների վերաբերյալ.

2) մշակում է մանկավարժահոգեբանական ծառայությունների ոլորտը կարգավորող իրավական ակտերը.

3) համակարգում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների աշխատանքները.

3.1) մշտադիտարկում է մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների աշխատանքները.

4) մշակում է գիտամեթոդական և ուսումնամեթոդական նյութեր և ուղեցույցներ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատող մանկավարժահոգեբանական մասնագետների համար, այդ թվում՝ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի միջոցով.

5) կազմակերպում և իրականացնում է վերապատրաստումներ, տրամադրում մասնագիտական խորհրդատվություն, այդ թվում՝ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի միջոցով.

6) համակարգում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգում առկա «Տվյալների բազա» բաժնի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տվյալների տեղեկատվական համակարգը, իրականացնում տվյալների վերլուծություն և տալիս առաջարկություններ քաղաքականության մշակման և իրականացման վերաբերյալ.

7) իրականացնում է օրենսդրությամբ և իր կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ ու գործառույթներ։

7. Տարածքային և հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնների օրինակելի կանոնադրությունները և ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

8. Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները և տարածքային ու հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնների գործունեության ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

9. Հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոններն ունեն պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ։

10. Հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների տնօրենները նշանակվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից։

11. Երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության եռամակարդակ ծառայություններ տրամադրող մանկավարժական աշխատողների մեկ հինգերորդը տարեկան անցնում է համապատասխան վերապատրաստում՝ ըստ ուսումնական հաստատության և համապատասխան մանկավարժահոգեբանական կենտրոնի ղեկավարի կազմած ժամանակացույցի։

Երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության եռամակարդակ ծառայություններ տրամադրող մանկավարժական աշխատողների վերապատրաստումը կազմակերպվում է սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված՝ ուսուցչի վերապատրաստման ընթացակարգերով։

12. Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողները կարող են դիմել և մասնակցել կամավոր ատեստավորմանը:

13. Կամավոր ատեստավորման գործընթացում մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ցուցաբերած համապատասխան արդյունքը հիմք է հինգ տարի ժամկետով հավելավճարի սահմանման համար։ 

(17.1-ին հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-200-Ն, փոփ. խմբ., լրաց. 09.02.22 ՀՕ-35-Ն, փոփ. 17.01.23 ՀՕ-3-Ն, լրաց. 26.06.23 ՀՕ-244-Ն)

(09.02.22 ՀՕ-35-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(26.06.23 ՀՕ-244-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 17.2.

Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը

1. Կրթության առանձնահատուկ պայմաններ սահմանելու նպատակով երեխան կարող է ներկայացվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման՝ ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա կամ երեխայի կրթության վայր հանդիսացող ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի դիմումի հիման վրա, եթե դիմումին կցված է ծնողի ստորագրած համաձայնագիրը, կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի դիմումի հիման վրա։

2. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի մանկավարժահոգեբանական գնահատումը կազմակերպվում է ծնողի (կամ նրա այլ օրինական ներկայացուցչի) մասնակցությամբ։

3. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքի գնահատումը իրականացվում է երեխայի կենսագործունեության բնական միջավայրում (ընտանիք, ուսումնական հաստատություն և երեխայի կենսագործունեության այլ միջավայրում)։

(17.2-րդ հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-200-Ն, լրաց., փոփ. 09.02.22 ՀՕ-35-Ն)

(09.02.22 ՀՕ-35-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 17.3.

Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրումը

(հոդվածն ուժը կորցրել է 17.01.23 ՀՕ-3-Ն)

 

Հոդված 18. Սովորողների գնահատումը և ատեստավորումը

1. Սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ և ամփոփիչ (կիսամյակային և տարեկան) գնահատումը, դրանց ձևերի, մեթոդների, հաճախականության, առաջադրանքների բովանդակության ընտրությունը կատարում է ուսումնական հաստատությունը` հանրակրթության պետական չափորոշչին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:

2. Տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի ավարտին իրականացվում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին սովորողների համապատասխանության ստուգում` պետական ամփոփիչ ատեստավորում:

3. Ուսումնական հաստատության շրջանավարտին տրվում է ավարտական փաստաթուղթ: Ավարտական փաստաթղթերի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

 

Հոդված 19. Կրթական գործընթացի մասնակիցները ուսումնական հաստատությունում

1. Ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցներն են՝

1) սովորողը.

2) սովորողի ծնողը.

3) ուսուցիչը և մանկավարժական այլ աշխատողներ.

4) վարչական աշխատողները.

5) խորհրդում և խորհրդակցական մարմիններում ընդգրկված՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և այլ անձինք։

 

Հոդված 20. Սովորողի իրավունքներն ու պարտականությունները

1. Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

2. Սովորողն իրավունք ունի`

1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.

2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.

3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.

3.1) ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն.

4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.

5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.

6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.

7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.

9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:

3. Սովորողը պարտավոր է`

1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.

3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.

4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:

(20-րդ հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-200-Ն)

 

Հոդված 21. Սովորողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Ուսումնական հաստատությունում կարգապահությունն ապահովվում է օրենքով, ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով սահմանված կարգով:

2. Ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոնները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում սույն օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով միջին և ավագ դպրոցների սովորողների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն:

3. Սովորողի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կարգապահական տույժը կարող է հանվել, եթե սովորողը կարգապահական նոր խախտում թույլ չի տվել և դրսևորել է իրեն որպես բարեխիղճ, օրինակելի, կարգապահ սովորող:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը մեկ ուսումնական տարվա ընթացքում նույն սովորողի նկատմամբ կրկնակի կիրառվելու դեպքում ուսումնական հաստատությունը կարող է`

1) առաջարկել ծնողին սովորողին տեղափոխել այլ ուսումնական հաստատություն.

2) դիմել սոցիալական աջակցության բնագավառի լիազոր մարմնին` երեխային սոցիալական աջակցության ծառայություն կազմակերպելու առաջարկով:

5. Եթե ոչ պետական ուսումնական հաստատության, մասնագիտացված հանրակրթական դպրոցի, ինչպես նաև այլընտրանքային ուսուցման համակարգում սովորողը կամ նրա ծնողը չի պահպանել պայմանագրային դրույթները, կամ սովորողը չի ապահովել կրթության բովանդակությանն ու ծավալի յուրացմանը ներկայացվող նվազագույն պահանջները, ապա տվյալ ուսումնական հաստատությունը կարող է միակողմանի լուծել պայմանագիրը՝ այդ մասին տասն օր առաջ տեղյակ պահելով ծնողին:

6. Ուսումնական պարապմունքներից սովորողի հաճախակի անհարգելի բացակայության համար պատասխանատվություն է կրում ծնողը` օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 22. Սովորողների առողջության պահպանումը

1. Ուսումնական հաստատությունն ապահովում է կրթական ծրագրի կատարման անվտանգ և ապահով պայմաններ, բնականոն աշխատանքային ռեժիմ, բժշկական օգնություն և սպասարկում, սովորողների ֆիզիկական զարգացման ու առողջության ամրապնդման համար անհրաժեշտ պայմաններ, ձևավորում է անձնական հիգիենայի և առողջ ապրելակերպի հմտություններ՝ համաձայն առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:

2. Սովորողների առողջության պահպանման և ֆիզիկական ու մտավոր զարգացման դժվարությունները կանխարգելելու, վերականգնելու նպատակով յուրաքանչյուր սովորող տարին առնվազն մեկ անգամ անցնում է բժշկական (պրոֆիլակտիկ) հետազոտություն` ուսումնական հաստատության բժշկական սպասարկման ծառայության կողմից, իսկ դրա անհնարինության դեպքում` տարածքային սպասարկման առողջապահական կազմակերպության կողմից` պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

Հոդված 23. Սովորողների խրախուսումը

1. Սովորողների համար ուսումնական հաստատության, նրա հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր։

 

Հոդված 24. Մանկավարժական աշխատողները

1. (մասն ուժը կորցրել է 09.02.22 ՀՕ-35-Ն)

2. Մանկավարժական աշխատողի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, որը`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության կատարմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:

3. Պետական ուսումնական հաստատությունում ուսուցչի թափուր տեղ առաջանալու դեպքում այն համալրվում է մրցութային հիմունքներով՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած մրցույթի օրինակելի կարգի և ուսումնական հաստատության կանոնադրության, բացառությամբ նպատակային ուղեգրով մասնագիտական կրթություն ստացած թեկնածուի առկայության կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից մարզերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղվելու դեպքում, եթե մինչ այդ առնվազն 1 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չի համալրվել:

(24-րդ հոդվածը լրաց., փոփ. 01.12.14 ՀՕ-200-Ն, փոփ. 09.02.22 ՀՕ-35-Ն, 09.06.22 ՀՕ-188-Ն, փոփ. 26.06.23 ՀՕ-244-Ն)

(09.02.22 ՀՕ-35-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(26.06.23 ՀՕ-244-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 25. Ուսումնական հաստատության աշխատողների աշխատաժամանակը և մանկավարժական ստաժը

1. Ուսումնական հաստատության աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Ուսումնական հաստատության մանկավարժական և վարչական աշխատողների մանկավարժական աշխատանքային ստաժը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Պետական ուսումնական հաստատության ուսուցչի մեկ դրույքի լրիվ ուսումնական ծանրաբեռնվածությունը (դասավանդման ծավալը) չի կարող գերազանցել շաբաթական քսաներկու դասաժամը:

4. Պետական ուսումնական հաստատության մեկ դրույքով պաշտոնավարող վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:

Կես դրույքով պաշտոնավարող և համապատասխան որակավորում ունեցող պետական ուսումնական հաստատության վարչական աշխատողը համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև տասնչորս դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում վարչական աշխատողը կարող է դասավանդել միայն այն դեպքում, երբ տվյալ առարկայի ուսուցիչները ապահովված են առնվազն մեկ դրույք ծանրաբեռնվածությամբ, իսկ թափուր մնացած ժամերի համար առնվազն երկու անգամ հայտարարվել է մրցույթ, և համապատասխան առարկայի ուսուցչի թափուր տեղը չի համալրվել սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին համապատասխան, ինչպես նաև մինչև տվյալ առարկայի թափուր տեղը մրցութային կարգով համալրվելը: Մինչև 100 սովորող ունեցող հանրակրթական ուսումնական հաստատության վարչական աշխատողը կարող է արտամրցութային հիմունքներով աշխատանքային պայմանագրի հիման վրա դասավանդել այլ հանրակրթական ուսումնական հաստատությունում:

(25-րդ հոդվածը լրաց. 09.02.12 ՀՕ-3-Ն, 09.02.22 ՀՕ-35-Ն, խմբ. 17.01.23 ՀՕ-3-Ն, լրաց. 26.06.23 ՀՕ-244-Ն)

(09.02.22 ՀՕ-35-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(26.06.23 ՀՕ-244-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 26. Ուսուցիչը, նրա վերապատրաստումը, ատեստավորումը և տարակարգի շնորհումը

(վերնագիրը խմբ. 06.10.11 ՀՕ-264-Ն)

 

1. Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որն ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ։

2. Առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարող անձով չհամալրվելու դեպքում ուսուցչի տվյալ թափուր տեղի համար հայտարարված հաջորդ մրցույթին կարող է դիմել նաև`

1) տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող և տվյալ մասնագիտական կրթական ծրագրով կամ առանձին մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 30 կրեդիտ հավաքած անձը.

2) բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ) առարկաների մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձը՝ աշխատանքի ընդունվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով առնվազն 30 կրեդիտ հավաքելու պայմանով.

3) ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության առնվազն բակալավրի կրթական ծրագրով ուսումնառող ավարտական կուրսի ուսանողը՝ գյուղական բնակավայրի ուսումնական հաստատությունում աշխատելու նպատակով, որի համար աշխատանքային պայմանագրով նախատեսված ժամանակահատվածը կհաշվարկվի որպես աշխատանքային ստաժ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դասընթացը կարող է կազմակերպել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կազմակերպությունը կամ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կրթական ծրագրով (մոդուլով)։

4. Զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով պետությունն իրականացնում է ուսուցչի հերթական ատեստավորում՝ ուսուցչի մասնագիտական չափանիշներով սահմանված մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխան։ Ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ և իր միջոցներով վերապատրաստվել և դիմել ատեստավորման, բայց ոչ շուտ, քան հերթական ատեստավորումից մեկ տարի հետո։

5. Տնօրենը ապահովում է ուսուցչի մասնակցությունը մասնագիտական զարգացման կարիքի հիման վրա իրականացվող վերապատրաստմանը:

6. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ոչ ուշ, քան երեք ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:

7. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը պետական ուսումնական հաստատության միջոցների հաշվին նախապես անցնում է վերապատրաստում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած՝ ուսուցչի մասնագիտական չափանիշներով սահմանված մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխան։

8. Հերթական ատեստավորման ենթակա չէ`

1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ուսուցիչը.

2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը, եթե նա նման հայտ չի ներկայացրել:

9. Հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը հերթական ատեստավորման ենթակա է արձակուրդից վերադառնալուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նա ավելի վաղ ատեստավորվելու հայտ չի ներկայացրել:

10. Հերթական ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ ճանաչված ուսուցիչը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` չորսամսյա ժամկետում:

11. Յուրաքանչյուր ուսուցիչ, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջները բավարարող յուրաքանչյուր անձ կարող են դիմել և մասնակցել կամավոր ատեստավորմանը:

12. Կամավոր ատեստավորման գործընթացում ուսուցչի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ցուցաբերած համապատասխան արդյունքը հիմք է ուսուցչի դրույքաչափի փոփոխության և հինգ տարի ժամկետով հավելավճարի սահմանման համար։

13. Հերթական և կամավոր ատեստավորման հանձնաժողովների` ուսուցչի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշումը հիմք է ուսուցչի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար:

14. Հերթական և կամավոր ատեստավորման հանձնաժողովների որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն։ Ուսուցչի ազատումը զբաղեցրած պաշտոնից հետաձգվում է մինչև բողոքարկման արդյունքով վերջնական որոշում կայացնելը:

15. Զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում անձը չի զրկվում մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։

16. Կրթական քաղաքականության փոփոխման դեպքում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է կազմակերպել ուսուցիչների արտահերթ պարտադիր վերապատրաստում պետական բյուջեի կամ այլ միջոցների հաշվին:

17. Սույն օրենքով սահմանված կարգերով ատեստավորված ուսուցիչը իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել ուսուցչի տարակարգի շնորհման գործընթացին:

18. Ուսուցչի տարակարգը քառաստիճան է և շնորհվում է ուսուցչի մասնագիտական չափանիշներին համապատասխան։

19. Ուսուցչի տարակարգի շնորհման մասին որոշումն ընդունվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային եղանակով, ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի (այսուհետ` Հանրապետական հանձնաժողով) կողմից։

20. Ուսուցչի տարակարգերը համապատասխանում են ուսուցչի մասնագիտական չափանիշներին, որոնք սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` հիմք ընդունելով ուսուցչի գիտելիքների, մանկավարժական աշխատանքային հմտությունների և ունակությունների ծավալը, ստեղծագործական-հետազոտական գործունեության արդյունավետությունը, մասնագիտական աշխատանքային ստաժը, մանկավարժական գործունեության որակական այլ ցուցանիշներ (ներառյալ՝ պարգևատրումը, համապատասխան մրցույթների մասնակցությունը, մասնագիտական կատարելագործմանն ուղղված վերապատրաստումները և այլն):

21. Հանրապետական հանձնաժողովը փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) ենթակա է համապատասխան տարակարգի շնորհման.

2) ենթակա չէ համապատասխան տարակարգի շնորհման:

22. Հանրապետական հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել կրթության պետական կառավարման լիազորված մարմին կամ դատական կարգով:

23. Հանրապետական հանձնաժողովի որոշումը հիմք է կրթության պետական կառավարման մարմնի կողմից ուսուցչին համապատասխան տարակարգ շնորհելու և 5 տարի ժամկետով հավելավճար սահմանելու համար։

24. Տարակարգ ստացած ուսուցչին տրվում է համապատասխան հավելավճար ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

25. Բողոքի առկայության դեպքում ուսուցչին տարակարգ շնորհելը հետաձգվում է մինչև վերջնական որոշում կայացնելը։

26. Ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխվող ուսուցչի տարակարգը և կամավոր ատեստավորման արդյունքով սահմանվող դրույքաչափը և հավելավճարը պահպանվում են։

27. Ոչ պետական ուսումնական հաստատության ուսուցիչը կարող է սույն օրենքով սահմանված կարգերով մասնակցել կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհման գործընթացին հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին։

(26-րդ հոդվածը փոփ. 10.12.09 ՀՕ-228-Ն, խմբ. 06.10.11 ՀՕ-264-Ն, լրաց. 04.06.21 ՀՕ-263-Ն, խմբ. 09.02.22 ՀՕ-35-Ն, լրաց., խմբ. 26.06.23 ՀՕ-244-Ն)

(09.02.22 ՀՕ-35-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(26.06.23 ՀՕ-244-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
 

Հոդված 27. Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները

1. Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`

1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.

3) մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.

4) բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

5) առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ.

6) օգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.

7) ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողական նյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.

8) պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.

9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.

10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

11) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան՝ մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.

12) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.

13) (կետն ուժը կորցրել է 26.06.23 ՀՕ-244-Ն)

13.1) ինքնուրույն և իր միջոցներով մասնակցելու վերապատրաստումների.

14) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

2. Մանկավարժական աշխատողը պարտավոր է`

1) հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը.

2) նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.

3) նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.

4) ապահովել սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներով նկարագրված գիտելիքը, հմտությունները, արժեքները և դիրքորոշումները, նպաստել կարողունակությունների ձևավորմանը.

5) հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.

6) համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.

7) համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

7.1) իր պաշտոնի նկարագրին համապատասխան՝ մասնակցել վերապատրաստումների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն.

8) պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով, ներքին կարգապահական կանոններով և ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոններով (վարքականոնով) սահմանված պահանջները, ապահովել ուսումնադաստիարակչական գործառույթները.

9) սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.

10) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ:

3. Մանկավարժական աշխատողների համար ուսումնական հաստատության, նրա հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր։

(27-րդ հոդվածը լրաց., խմբ. 09.02.22 ՀՕ-35-Ն, փոփ. 26.06.23 ՀՕ-244-Ն)

(09.02.22 ՀՕ-35-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(26.06.23 ՀՕ-244-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 28. Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները

1. Սովորողի ծնողն իրավունք ունի`

1) երեխայի ուսուցման համար ընտրելու ուսումնական հաստատությունը.

2) համագործակցելու ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների հետ իր երեխայի կրթության կազմակերպման հարցերով.

2.1) մասնակցելու երեխայի անհատական ուսուցման պլանի մշակմանն ու իրականացմանը.

2.2) ստանալու անհրաժեշտ խորհրդատվություն երեխայի կրթության կազմակերպման աջակցության ծառայությունների վերաբերյալ.

3) դիմելու համապատասխան մարմիններին երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության հարցերով.

4) պաշտպանելու իր և իր երեխայի օրինական շահերը համապատասխան մարմիններում.

5) մասնակցելու հանրակրթական ծրագրերի իրականացման և դրանց արդյունավետության գնահատման գործընթացին.

6) մասնակցելու ուսումնական հաստատության ներքին գնահատմանը.

7) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը՝ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Սովորողի ծնողն ունի նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

2. Սովորողի ծնողը պարտավոր է`

1) երեխայի համար ընտանիքում ապահովել համապատասխան պայմաններ կրթություն ստանալու համար.

2) մշտապես հոգալ երեխայի ֆիզիկական առողջության և հոգեկան վիճակի մասին, ստեղծել համապատասխան պայմաններ երեխայի հակումների և ընդունակությունների զարգացման, կրթական կարիքների բավարարման համար.

3) հարգել երեխայի արժանապատվությունը, դաստիարակել աշխատասիրություն, բարություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն, գթասրտություն, հարգալից վերաբերմունք ընտանիքի, մեծահասակների, պետական և մայրենի լեզվի, ժողովրդական ավանդույթների և սովորույթների նկատմամբ.

4) դաստիարակել հարգանք ազգային, պատմական, մշակութային արժեքների և հայրենիքի նկատմամբ, հոգատար վերաբերմունք պատմամշակութային հարստության և շրջակա միջավայրի նկատմամբ, հանդուրժողական վերաբերմունք այլ ժողովուրդների և մշակույթների նկատմամբ.

5) դաստիարակել հարգանք ուսումնական հաստատության և մանկավարժական աշխատողների նկատմամբ.

6) սույն օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածներով սահմանված ժամկետներում երեխային բերել ուսումնական հաստատություն.

7) հատուցել իր, ինչպես նաև իր երեխայի կողմից ուսումնական հաստատությանը հասցված վնասը.

8) սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ նյութեր, զենք, զինամթերք, թունավոր, պայթուցիկ, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ արգելված այլ նյութեր օգտագործելուց:

(28-րդ հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-200-Ն, փոփ. 06.03.20 ՀՕ-101-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 29. Հանրակրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

1. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`

1) հանրակրթության բնագավառում իրականացնում է պետական քաղաքականությունը.

2) հաստատում է հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը.

3) հաստատում է հանրակրթության պետական չափորոշիչը.

3.1) սահմանում է այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային) կրթական ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման կարգը.

4) հիմնադրում է ուսումնական հաստատություններ.

5) հաստատում է պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունները.

6) հաստատում է պետական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման կարգը.

6.1) հաստատում է լիազորված մարմնի՝ պետական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումը իրավաբանական անձին պատվիրակելու կարգը.

6.2) հաստատում է պետական ուսումնական հաստատության համակարգողի նշանակման կարգը.

7) հաստատում է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայությունը խոչընդոտում է մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը.

8) սահմանում է պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգը.

9) հաստատում է հիմնական և միջնակարգ կրթության ավարտական փաստաթղթերի ձևերը.

10) սահմանում է ուսումնական հաստատության և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը.

11) սահմանում է ուսումնական հաստատության աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները.

12) հաստատում է ուսումնական հաստատության ուսուցչի հերթական ատեստավորման կարգը.

12.1) սահմանում է հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման կարգը.

12.2) սահմանում է ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը.

12.3) սահմանում է ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգը.

12.4) հաստատում է կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը.

12.5) հաստատում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման կարգը և կամավոր ատեստավորման արդյունքով տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողներին հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը.

13) սահմանում է ուսուցիչների ատեստավորման տարածքային հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգը.

14) սահմանում է տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը.

15) հաստատում է ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը.

16) սահմանում է ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը.

17) սահմանում է պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման ենթակա ոչ պետական ուսումնական հաստատությանը ներկայացվող պահանջները և չափանիշները.

18) սահմանում է ուսումնական հաստատությունների լրացուցիչ ֆինանսավորման մրցույթի կարգը.

18.1) սահմանում է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը.

19) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

(29-րդ հոդվածը փոփ. 10.12.09 ՀՕ-228-Ն, խմբ., լրաց. 06.03.20 ՀՕ-101-Ն, 09.02.22 ՀՕ-35-Ն, խմբ. 17.01.23 ՀՕ-3-Ն, փոփ., լրաց. 26.06.23 ՀՕ-244-Ն)

(09.02.22 ՀՕ-35-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(26.06.23 ՀՕ-244-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 30. Հանրակրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները

1. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններն են`

1) մշակում և հաստատում է հանրակրթական պետական ծրագրերը, հաստատում է հանրակրթական այլընտրանքային, այդ թվում՝ փորձարարական, հեղինակային և միջազգային հիմնական ծրագրեր.

2) սահմանում է մասնագիտացված հանրակրթական, արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների և այլընտրանքային կրթական ծրագրերի իրականացման ժամկետները.

3) տալիս է հանրակրթական ծրագրերի իրականացման լիցենզիաներ.

4) օրենքով սահմանված կարգով համաձայնություն է տալիս այլ տեսակի ոչ պետական ուսումնական հաստատության ստեղծմանը.

5) համարվում է պետական ավագ դպրոցների, ինչպես նաև տարածքային ու հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնների պետական կառավարման լիազորված մարմինը.

6) սահմանում է պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգը, բացառությամբ կրթահամալիրի, որի խորհրդի ձևավորման կարգը սահմանվում է կրթահամալիրի կանոնադրությամբ.

6.1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նշանակում է իր լիազորության տակ գտնվող ուսումնական հաստատության տնօրենին և համակարգողին և նրանց հետ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով վաղաժամկետ դադարեցնում է տնօրենի և համակարգողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը.

7) փորձագիտական եզրակացություն է տալիս պետական ուսումնական հաստատության տնօրենի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ.

8) հաստատում է երաշխավորված դասագրքերի ցանկը.

9) (կետն ուժը կորցրել է 01.12.14 ՀՕ-200-Ն)

10) սահմանում է պետական ուսումնական հաստատություններում արձակուրդների ժամկետները և տևողությունը.

11) սահմանում է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը և աշխատակարգը.

12) հաստատում է պետական ուսումնական հաստատության և ծնողի միջև կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը.

13) սահմանում է դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու կարգը.

14) սահմանում է սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման կարգը.

15) մշակում և հաստատում է ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողի փոխադրման և ավարտման կարգը.

16) կազմակերպում է ամփոփիչ ատեստավորում և որոշում ուսումնական հաստատության շրջանավարտների համապատասխանությունը հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին.

17) հաստատում է ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգը.

18) սահմանում է բազմահամակազմ դասարան կազմավորելու, առանձին առարկաների դասաժամերին դասարանը խմբերի բաժանելու կարգերը.

19) հաստատում է սովորողների անհատական ուսուցման, ինչպես նաև դրսեկության ձևով հանրակրթության կազմակերպման կարգերը.

20) ապահովում է առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների, դասամատյանների ձևերի մշակումը, փորձաքննությունը և հրատարակումը.

21) մշակում և հաստատում է ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգը.

22) սահմանում է մանկավարժական աշխատողների և տնօրենի վերապատրաստման բովանդակությանը ներկայացվող պահանջները, համաձայնություն է տալիս ուսուցիչների վերապատրաստման ծրագրերին.

23) իրականացնում է ուսումնական հաստատությունների գործունեության գնահատում, հրապարակում է ուսումնական հաստատությունների վարկանիշային ցանկը.

24) մասնակցում է ուսումնական հաստատության արտաքին գնահատմանը.

25) հաստատում է սովորողների հանրապետական և դպրոցական առարկայական օլիմպիադաների, մրցույթների, ռազմամարզական խաղերի, սպարտակիադաների, մանկավարժական աշխատողների մասնագիտական մրցույթների կազմակերպման և անցկացման կարգերն ու կանոնադրությունները.

26) առաջարկում է մրցութային հիմունքներով ուսումնական հաստատությանը հատկացնել լրացուցիչ նպատակային ֆինանսավորում պետական բյուջեի միջոցներից.

26.1) տրամադրում է լուծարված ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի կրկնօրինակը` արխիվային հիմքերի առկայության դեպքում.

26.2) սահմանում է հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը.

26.3) սահմանում է միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգը.

26.4) սահմանում է պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը.

26.5) սահմանում է հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը.

26.6) սահմանում է ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները (վարքականոնը).

26.7) սահմանում է ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը և հաստատում դրանց լրացման (գործածման) կարգերը.

26.8) մշակում և հաստատում է պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման ձևաչափը և զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության կատարողական ցուցանիշներն ու պահանջները.

26.9) սահմանում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգը.

26.10) սահմանում է «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերը, դրանց պահանջները և անցկացման կարգերը.

26.11) սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից մարզերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգը.

26.12) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցները և նորմատիվները, ֆինանսավորման կարգերը.

26.13) հաստատում է Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգը.

26.14) սահմանում է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը.

26.15) հաստատում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում դասագրքերը և ուսումնական այլ նյութերը գործածության երաշխավորելու կարգը.

26.16) սահմանում է ուսուցչի մասնագիտական չափանիշները.

 26.17) սահմանում է պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների գնահատման չափանիշները.

 26.18) սահմանում է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ատեստավորման կարգը.

26.19) սահմանում է ուսումնական հաստատության դպրոցական և անհատական բաղադրիչով սահմանված առարկաների ծրագրերի և խմբակների երաշխավորման կարգը.

26.20) սահմանում է ատեստավորման ենթակա ուսուցչի կողմից հավաքվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափանիշները և նվազագույն չափաքանակը.

26.21) սահմանում է սովորողների տնային ուսուցման կարգը.

26.22) սահմանում է ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկի ձևավորման կարգը.

27) իրականացնում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և կառավարության որոշումներով սահմանված այլ լիազորություններ:

(30-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-128-Ն, լրաց., խմբ., փոփ. 01.12.14 ՀՕ-200-Ն, լրաց., փոփ. 06.03.20 ՀՕ-101-Ն, լրաց., խմբ. 09.02.22 ՀՕ-35-Ն, փոփ. 17.01.23 ՀՕ-3-Ն, լրաց. 26.06.23 ՀՕ-244-Ն)

(09.02.22 ՀՕ-35-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(26.06.23 ՀՕ-244-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 31. Հանրակրթության բնագավառում տարածքային կառավարման մարմնի և Երևանի քաղաքապետի իրավասությունները

1. Մարզպետի (Երևան քաղաքում` քաղաքապետի) իրավասություններն են`

1) ապահովում է մարզի տարածքում (Երևան քաղաքում) պետական կրթական քաղաքականության իրականացումը.

2) վերահսկում է ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը, կրթական ծրագրերի իրականացումը` հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան.

3) համակարգում և վերահսկում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում է նրանց ընդգրկումը ուսումնական հաստատություն.

4) ապահովում է պետական ուսումնական հաստատություններին օգտագործման իրավունքով հանձնված շենքերի կառուցումը, շահագործումը և պահպանումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նշանակում է իր լիազորության տակ գտնվող ուսումնական հաստատության տնօրենին և համակարգողին և նրանց հետ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով վաղաժամկետ դադարեցնում է տնօրենի և համակարգողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը.

6) աջակցում է ուսումնական հաստատություններում սովորողների և շրջանավարտների գիտելիքների գնահատման կամ թեստավորման գործընթացին.

6.1) աջակցում է ուսուցչի ատեստավորման գործընթացին.

7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ։

(31-րդ հոդվածը խմբ., լրաց. 01.12.14 ՀՕ-200-Ն, խմբ. 09.02.22 ՀՕ-35-Ն, փոփ. 17.01.23 ՀՕ-3-Ն)

(09.02.22 ՀՕ-35-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 32. Հանրակրթության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմնի իրավասությունները

1. Համայնքի ղեկավարի իրավասություններն են`

1) աջակցում է համայնքի տարածքում պետական կրթական քաղաքականության իրականացմանը` օրենքով սահմանված կարգով.

2) իրականացնում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություն.

3) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 33. Ուսումնական հաստատության գործունեության վերահսկողությունը

1. Ուսումնական հաստատության գործունեության վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, ինչպես նաև օրենքով նախատեսված պետական կառավարման այլ մարմիններ:

2. Ուսումնական հաստատությունում կրթության բնագավառի օրենսդրության պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է հանրակրթության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

(33-րդ հոդվածը խմբ. 06.03.20 ՀՕ-101-Ն)

 

Հոդված 34. Ուսումնական հաստատության գործունեության գնահատումը

1. Ուսումնական հաստատության գործունեությանը տրվում է ներքին և արտաքին գնահատական, որոնց չափանիշները և իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

2. Ներքին գնահատումը ուսումնական հաստատության կողմից իր գործունեության վերլուծությունն է։ Ներքին գնահատումն իրականացվում է տարեկան մեկ անգամ` մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը։ Ներքին գնահատմանը մասնակցում են վարչական և մանկավարժական աշխատողները, սովորողները և ծնողները։

3. Ներքին գնահատման հաշվետվությունը համակարգողը մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-ը ներկայացնում է ուսումնական հաստատության խորհրդին, ծնողական, աշակերտական և այլ գործող խորհուրդներին, ինչպես նաև ապահովում դրա հրապարակումը:

4. Ուսումնական հաստատության արտաքին գնահատման նպատակը դրա գործունեության արդյունավետության գնահատումն է` նմանատիպ մյուս հաստատությունների համեմատությամբ։ Արտաքին գնահատման չափանիշները միասնական են բոլոր ուսումնական հաստատությունների համար:

5. Արտաքին գնահատումը կատարվում է ուսումնական հաստատության գիտությամբ` անկախ կազմակերպության կողմից:

6. Արտաքին գնահատմանը մասնակցում են ծնողները, սովորողները, կրթության պետական և տարածքային կառավարման լիազորված մարմինները, տեղական ինքնակառավարման մարմնի և ուսումնական հաստատության ներկայացուցիչները։

7. Ուսումնական հաստատության արտաքին գնահատումն իրականացվում է սովորողին մատուցվող կրթական ծառայությունների որակի և հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին շրջանավարտների համապատասխանության հիման վրա:

8. Արտաքին գնահատման ընթացքում օգտագործվում են հանրակրթության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի իրականացրած ստուգումների արդյունքները։

9. Կրթական ծառայությունների որակի գնահատման հիմքը ուսումնական հաստատությունների միջին վիճակագրական տվյալների ցուցանիշներն են:

10. Շրջանավարտների համապատասխանության աստիճանը հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին որոշվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կազմակերպած ամփոփիչ ատեստավորման արդյունքներով։

11. Արտաքին գնահատման արդյունքներով կրթության պետական կառավարման լիազորված մարմինը հրապարակում է ուսումնական հաստատությունների վարկանիշային ցանկը:

(34-րդ հոդվածը խմբ. 06.03.20 ՀՕ-101-Ն, փոփ. 09.02.22 ՀՕ-35-Ն)

(09.02.22 ՀՕ-35-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Հոդված 35. Ուսումնական հաստատության ֆինանսավորումը

1. Ուսումնական հաստատության ֆինանսական միջոցները գոյանում են պետական բյուջեից և օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

2. (մասն ուժը կորցրել է 09.02.22 ՀՕ-35-Ն)

3. Ուսումնական հաստատության ֆինանսավորումը պետական բյուջեից կատարվում է ըստ իրականացվող հանրակրթական ծրագրերի: Ոչ պետական ուսումնական հաստատությունը պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջներին և չափանիշներին համապատասխանելու դեպքում:

3.1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների պահպանման ծախսերում պետական բյուջեի միջոցներից տրամադրվում են համապատասխան միջոցներ հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների համար, ինչպես նաև տրամադրվում է նպատակային ֆինանսավորում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով։

3.2. (մասն ուժը կորցրել է 17.01.23 ՀՕ-3-Ն)

4. Ուսումնական հաստատությունը կարող է մրցութային հիմունքներով պետական բյուջեից ստանալ լրացուցիչ ֆինանսավորում հետևյալ նպատակներով.

1) իրականացնել հատուկ կամ լրացուցիչ կրթական ծրագրեր արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների համար.

2) իրականացնել ուսումնամեթոդական գիտափորձ և (կամ) այլընտրանքային ծրագիր.

3) կազմակերպել դպրոցականների միջազգային օլիմպիադաների նախապատրաստական հավաքներ և դասընթացներ.

4) ստեղծել ուսումնամեթոդական ձեռնարկներ և ուսումնական նյութեր (այդ թվում՝ էլեկտրոնային):

Ուսումնական հաստատությունը կարող է մրցութային հիմունքներով պետական բյուջեից կրթության պետական կառավարման լիազորված մարմնի առաջարկությամբ ստանալ լրացուցիչ ֆինանսավորում նաև այլ նպատակներով:

5. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանրակրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական ուսումնական հաստատությունը կարող է իր կրթական ծառայությունները կազմակերպել վճարովի հիմունքներով, այդ թվում՝ սովորողներից գանձել ուսման վարձավճար` համաձայն տվյալ ուսումնական հաստատության կանոնադրության։

6. Հայաստանի Հանրապետության սահմանամերձ, բարձրլեռնային և լեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների համար սահմանվում է հավելյալ աշխատավարձ՝ համաձայն տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքի, բայց ոչ պակաս, քան նախատեսված է ընթացիկ տարվա պետական բյուջեով:

(35-րդ հոդվածը փոփ. 10.12.09 ՀՕ-228-Ն, լրաց. 01.12.14 ՀՕ-200-Ն, փոփ. 06.03.20 ՀՕ-101-Ն, փոփ., խմբ. 09.02.22 ՀՕ-35-Ն, փոփ. 17.01.23 ՀՕ-3-Ն)

(09.02.22 ՀՕ-35-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 36. Ուսումնական հաստատության ձեռնարկատիրական գործունեությունը

1. Ուսումնական հաստատությունը ձեռնարկատիրական գործունեությամբ կարող է զբաղվել միայն օրենքով կամ հիմնադրի որոշմամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում և գործունեության տեսակներով: Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով ուսումնական հաստատությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:

2. Պետական ուսումնական հաստատության գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է դրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար: Ուսումնական հաստատության շահույթի օգտագործման կարգը սահմանում է հիմնադիրը:

3. Ուսումնական հաստատության ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով։

 

Հոդված 37. Հանրակրթության պետական երաշխիքները

1. Պետությունը հանրակրթության համակարգի պետական ուսումնական հաստատությունների գործունեության կարիքների համար երաշխավորում է ամենամյա համապատասխան բյուջետային հատկացումներ:

2. Պետական կրթական չափորոշիչների սահմաններում հանրակրթություն ստանալու պետական երաշխիքի հիմքը պետական ֆինանսավորումն է՝ օրենքով սահմանված կարգով:

3. Պետությունը ուսումնական հաստատություններին, անկախ կազմակերպական-իրավական ձևից, երաշխավորում է գործունեության հավասար իրավական դաշտ` կանոնադրությամբ նախատեսված հանրակրթական գործունեության մասով:

4. Հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացման նկատմամբ կիրառվում է օրենքով սահմանված հարկային արտոնությունների համակարգ։

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 38. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի և 7-րդ հոդվածի 8-րդ մասի գործողությունը չի տարածվում մինչև 2006 թվականը հանրակրթական դպրոցների առաջին դասարան ընդունված 6.5 և բարձր տարիքի սովորողների վրա: Նրանց կրթությունը շարունակվում է` «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի համաձայն:

2. Պետական ուսումնական հաստատությունների տեսակների համապատասխանեցումը սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներին իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամանակացույցով` մինչև 2011-2012 ուսումնական տարին:

3. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույթները չեն տարածվում մինչև օրենքի ուժի մեջ մտնելը ընտրված տնօրենների վրա՝ մինչև օրենքով սահմանված նրանց լիազորությունների ժամկետի ավարտը։ Իսկ անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող տնօրենները մինչև 2011 թվականի օգոստոսի 1-ը վերապատրաստվում են, ստանում ուսումնական հաստատության կառավարման իրավունքի հավաստագիր և մասնակցում տնօրենի ընտրության համար մրցույթին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի և ժամանակացույցի։ Բացառություն է կազմում վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում ստացած մանկավարժական աշխատողների կամ անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող այն տնօրենների հավաստագրումը, որոնց 61 և ավելի տարին լրանում է մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Նրանց հավաստագրումը իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած ընթացակարգով՝ թեստավորման միջոցով։ Համապատասխան հավաստագիր չստացած կամ մրցույթում չհաղթած տնօրենի լիազորությունները դադարեցվում են։

4. Սույն օրենքի 26-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2010 թվականի մարտի 1-ից:

5. Ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ը, բացառությամբ այն դեպքերի, երբ ապահովվում են ուսուցչին ներկայացվող պահանջները, կամ մասնակցել են կամավոր ատեստավորմանը և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համարվել ատեստավորված։ Կամավոր ատեստավորումն անցած և ատեստավորված անձը կարող է տվյալ կամ այլ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում իրականացնել (շարունակել) մանկավարժական աշխատողի գործունեությունը։ Կամավոր ատեստավորման հայտ ներկայացրած և, անկախ պատճառներից, չմասնակցած ուսուցիչների մասնագիտական գործունեությունը դադարեցվում է համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած՝ 2023 թվականի ժամանակացույցի՝ տվյալ առարկայի կամավոր ատեստավորմանը հաջորդող օրվանից: եթե մինչև այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները:

6. Սույն օրենքի 34-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2012 թվականի օգոստոսի 1-ից:

7. Սույն օրենքի դրույթներին չհամապատասխանող նորմատիվ իրավական ակտերը մինչև 2010 թվականի օգոստոսի 20-ը համապատասխանեցվում են սույն օրենքի պահանջներին:

8. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6.2-րդ կետով սահմանված կրեդիտային համակարգը ներդրվում է միայն միջնակարգ կրթության երրորդ աստիճանում (10-12-րդ դասարաններ):

(38-րդ հոդվածը լրաց. 12.05.11 ՀՕ-146-Ն, խմբ. 06.10.11 ՀՕ-264-Ն, փոփ. 21.06.18 ՀՕ-363-Ն, լրաց. 06.03.20 ՀՕ-101-Ն, 26.06.23 ՀՕ-244-Ն)

(26.06.23 ՀՕ-244-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 39. Եզրափակիչ դրույթ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ս. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 23
Երևան
ՀՕ-160-Ն