Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.03.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
10.03.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
10.03.2023
Дата вступления в силу
10.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ԿԴ/0013/04/18

2023 թ.

Նախագահող դատավոր

 լ Հովհաննիսյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ անունից

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

Նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. Միքայելյան

տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2023 թվականի մարտի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով անհատ ձեռնարկատեր Հայկանուշ Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.06.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ անհատ ձեռնարկատեր Հայկանուշ Սարգսյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պահանջել է անհատ ձեռնարկատեր Հայկանուշ Սարգսյանին ճանաչել սնանկ:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր Տ. Փոլադյան) 05.05.2020 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Ն. Կարապետյան, դատավորներ Ա. Մխիթարյան, Ա. Մկրտչյան) 08.09.2020 թվականի որոշմամբ անհատ ձեռնարկատեր Հայկանուշ Սարգսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ ՀՀ սնանկության դատարանի 05.05.2020 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր Ս. Թադևոսյան) 22.04.2021 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր Ս. Թադևոսյան) 30.04.2021 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Սամվել Մանուկյանը:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր Ս. Թադևոսյան) 01.04.2022 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ Սամվել Մանուկյանի միջնորդությունը բավարարվել է՝ թույլատրվել է հրապարակային սակարկությունների միջոցով վաճառել ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի 23 փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրը:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր Ս. Թադևոսյան) (այսուհետ` Դատարան) 25.04.2022 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ Սամվել Մանուկյանի միջնորդությունը բավարարվել է՝ ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի 23 փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրի հրապարակային սակարկություններով իրացումն ընդհատվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.06.2022 թվականի որոշմամբ «Յունիվերսալ Կրեդիտ ՈՒՎԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` նաև Ընկերություն) վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 25.04.2022 թվականի «Հրապարակային սակարկություններով գույքի իրացումը ընդհատելու մասին» որոշումը վերացվել է:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել անհատ ձեռնարկատեր Հայկանուշ Սարգսյանը (ներկայացուցիչ Գորիկ Միրզոյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10.2-րդ մասը և 47-րդ հոդվածը:

Բողոքաբերը նշված պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Վահագն Սարգսյանի սնանկության վերաբերյալ գործը հարուցվել է 12.12.2019 թվականին, իսկ ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-294-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ է մտնել 15.04.2020 թվականին, և սնանկության գործով հրապարակային սակարկությունները դադարեցվել են, քանի որ Վահագն Սարգսյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված և աճուրդի ներկայացված գույքը ենթակա էր իրացման նրա սնանկության վարույթի շրջանակներում:

Այս գործը և Վահագն Սարգսյանի սնանկության վերաբերյալ գործն Ընկերության պահանջի մասով փոխկապված են, քանի որ երկու դեպքում էլ խոսքը գնում է միևնույն պարտավորության մասին, որտեղ Վահագն Սարգսյանը հանդես է գալիս որպես վարկառու, իսկ Հայկանուշ Սարգսյանը՝ գրավատու: Հետևաբար Վահագն Սարգսյանի սնանկության վերաբերյալ գործով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10.2-րդ մասը կիրառելի լինելու պարագայում այն կիրառելի է նաև սույն սնանկության գործով:

Թեև Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ սնանկության վարույթում պարտատերերը պետք է հնարավորություն ունենան իրենց դիրքորոշումը հայտնելու այն գույքի հետ կապված, որի կազմի փոփոխությունն ազդելու է պարտավորությունների բավարարում ստանալու հավանականության վրա և որ այդ պահանջի չկատարումը իրական ռիսկ է ստեղծում մրցակցության սկզբունքի խախտման առումով, այս գործով պարտատիրոջ նշված իրավունքը պահպանված է: Սնանկության կառավարչի կողմից ամենախոշոր հինգ պարտատերերն անհապաղ տեղեկացվել են հրապարակային սակարկություններով գույքի իրացումն ընդհատելու մասին դատարանի որոշման մասին, և պարտատերն էլ նշված հարցի շուրջ իր դիրքորոշումը հայտնել է՝ վերաքննիչ բողոք ներկայացնելով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 13.06.2022 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումը՝ անհատ ձեռնարկատեր Հայկանուշ Սարգսյանին սնանկ ճանաչելու մասին, վարույթ է ընդունվել ՀՀ սնանկության դատարանի (դատավոր Տ. Փոլադյան) 04.05.2018 թվականի որոշմամբ (հավելված, գ.թ. 1):

2. 10.06.2021 թվականին Դատարանում մուտքագրվել է պարտապանի նկատմամբ Ընկերության գրավոր պահանջը՝ 271.978,30 ԱՄՆ դոլարի և 3.499.185 ՀՀ դրամի չափով, որպես ապահովված պահանջ գրանցելու մասին: Պահանջի հիմքում դրվել են հետևյալ հանգամանքները՝

Ներմուծեք նկարագրությունը_1371 Ընկերության, որպես վարկատուի, և անհատ ձեռնարկատեր Վահագն Սարգսյանի, որպես վարկառուի, միջև 19.12.2014 թվականին կնքված թիվ ՎԼ02625 վարկային պայմանագրով Ընկերությունը պատրաստակամություն է հայտնել վարկառուին տրամադրել 244.000 ԱՄՆ դոլարի չափով գումար:

Ներմուծեք նկարագրությունը_1371 Ընկերության, որպես վարկատուի, անհատ ձեռնարկատեր Վահագն Սարգսյանի, որպես վարկառուի, և Հայկանուշ Սարգսյանի, որպես գրավատուի, միջև 19.12.2014 թվականին կնքված գույքի գրավի հիփոթեքի թիվ 02625-Հ/Ա պայմանագրով Վահագն Սարգսյանին և Հայկանուշ Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի 23 փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրը գրավադրվել է՝ ի ապահովումն 19.12.2014 թվականի թիվ ՎԼ02625 վարկային պայմանագրով ստանձնած պարտավորության կատարման (հավելված, գ.թ. 21-23):

3. Դատարանի 11.11.2021 թվականի որոշմամբ հաստատվել է պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը, որում Ընկերության 271.978,30 ԱՄՆ դոլարի չափով պահանջը գրանցվել է որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով գրավով ապահովված պահանջ (հավելված, գ.թ. 24-31):

4. 11.08.2020 թվականին Ընկերությունը ներկայացրել է Վահագն Սարգսյանին սնանկ ճանաչելու մասին դիմում, որը ՀՀ սնանկության դատարանի (դատավոր Տ. Փոլադյան) 12.08.2020 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ, և 27.05.2021 թվականի վճռով բավարարվել է (հավելված, գ.թ. 44-46):

5. Հայկանուշ Սարգսյանի ներկայացուցիչ Գորիկ Միրզոյանը 15.04.2022 թվականին դիմել է սնանկության գործով կառավարիչ Սամվել Մանուկյանին՝ հայտնելով, որ 27.05.2021 թվականին Վահագն Սարգսյանը ճանաչվել է սնանկ, ուստի ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի 23 փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10.2-րդ մասի հիման վրա չի մտնում սույն գործով պարտապանի գույքի կազմի մեջ (հավելված, գ.թ. 42):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է՝

Ներմուծեք նկարագրությունը_1371 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կիրառած՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10.2-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր,

Ներմուծեք նկարագրությունը_1371 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 43-րդ հոդվածի 10.2-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի կիրառման հարցին՝ այն դեպքում, երբ պարտապաններից մեկի սնանկության վարույթը հարուցվել է մինչև 12.12.2019 թվականի ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-294-Ն ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը, իսկ մյուսի սնանկության վարույթը՝ այդ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:

 

Մինչև 12.12.2019 թվականի ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-294-Ն ՀՀ օրենքով գործող խմբագրությամբ (այսուհետ՝ Նախկին խմբագրությամբ) Օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետի համաձայն` մորատորիումի գործողությունը չի տարածվում ապահովված իրավունք ունեցող պարտատիրոջ ապահովված իրավունքի առարկայի վրա, եթե դատարանը սույն օրենքով սահմանված կարգով պարտատիրոջը թույլատրել է դրա իրացումը արտադատական կարգով:

Նախկին խմբագրությամբ Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքի կազմում է ներառվում պարտապանին պատկանող ցանկացած գույք, իրավունք կամ այլ ակտիվ, ներառյալ` մտավոր սեփականության օբյեկտ: Ի ապահովումն պարտապանի` սույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած ապահովված իրավունքով պարտատիրոջ առջև ստանձնած պարտավորության համար ապահովված իրավունքի առարկան (այդ թվում` երրորդ անձին պատկանող) չի ընդգրկվում պարտապանի գույքի կազմում, բացառությամբ դրա իրացումից ստացված միջոցների, որոնք պարտապանի գույքի կազմում են ընդգրկվում նույն օրենքի 43-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում:

Նախկին խմբագրությամբ Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապահովված իրավունքի առարկան իրացնելու մասին դիմումը բավարարելու վերաբերյալ դատարանի որոշմամբ ապահովված պարտատերը չի ընդգրկվում սնանկության գործով պարտատերերի ցանկում, և նրա ապահովված պահանջները բավարարվում են բացառապես այդ պարտավորության համար ապահովված իրավունքի առարկայի իրացման հաշվին: (…):

Նախկին խմբագրությամբ Օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե ապահովված պարտատերն ընդգրկվում է սնանկության գործով պարտատերերի ցանկում, ապա նա իր ապահովված պահանջների բավարարումը ստանում է նույն հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ մասերով սահմանված կարգով:

Նախկին խմբագրությամբ Օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատերը կարող է պահանջել` ապահովված պարտավորությունը առաջնահերթ կերպով բավարարել ապահովված իրավունքի առարկայի վաճառքից ստացված միջոցների հաշվին:

Նախկին խմբագրությամբ Օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ եթե պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջն ապահովված է երրորդ անձի գույքով, ապա այդ անձն իրավունք ունի դադարեցնելու իր գույքով պահանջի ապահովումը` սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ փոխանցելով`

1) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափը գերազանցելու դեպքում` ապահովված պահանջի, գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը.

 2) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափից պակաս լինելու դեպքում` վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի չափով:

ՀՀ վճռաբեկ դատարանը Նախկին խմբագրությամբ Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի մեկնաբանության շրջանակներում անդրադարձել է նաև իրավական այն հարցադրմանը, թե արդյոք ի ապահովումն սնանկ ճանաչված պարտապանի պարտավորությունների կատարման երրորդ անձին պատկանող գրավադրված գույքը կարող է սնանկության վարույթի շրջանակներում ընդգրկվել պարտապանի գույքի կազմում:

ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես արձանագրել է, որ (…) ընդհանուր կանոնի համաձայն` գրավով ապահովված պարտատիրոջ առջև ստանձնած պարտավորության կատարման համար գրավադրված գույքը չի ընդգրկվում սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում և ապահովված պարտատերը կարող է այդ գույքից իր պահանջների բավարարում ստանալ սնանկության վարույթից դուրս ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով, սակայն միայն այն դեպքում, երբ տեղեկանալով պարտապանի սնանկ ճանաչվելու վերաբերյալ` ապահովված պարտատերը ծանուցել է դատարանին մորատորիում չտարածելու մասին: Այսինքն` օրենսդիրը, պարտապանի սնանկ ճանաչվելու դեպքում հնարավորություն ընձեռելով ապահովված պարտատիրոջը ստանալու իր պահանջների բավարարումը գրավադրված գույքի հաշվին` շրջանցելով սնանկության գործով վարույթը, միաժամանակ սահմանել է այն պարտադիր պայմանը, որի պահպանման դեպքում միայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կանոնը կարող է գործել: Նշված պայմանի չպահպանման դեպքում` գրավադրված գույքը ներառվում է սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում և ապահովված պարտատերը դրանից բավարարում կարող է ստանալ բացառապես սնանկության վարույթի շրջանակներում` ընդգրկվելով պարտատերերի ցանկում: Ընդ որում, վերը նշված կարգավորումները հավասարապես կիրառելի են նաև այն դեպքերում, երբ սնանկ ճանաչված պարտապանի պարտավորությունների ապահովման համար գրավադրվել է երրորդ անձին պատկանող գույք: Նման եզրահանգումը բխում է ինչպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի, նույն օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերի իրավակարգավորումից, այնպես էլ գրավի ինստիտուտի էությունից: Հետևաբար` այն դեպքում, երբ ի ապահովումն սնանկ ճանաչված պարտապանի պարտավորությունների կատարման` գրավադրված է երրորդ անձին պատկանող գույք և պարտատերը դատարանին չի ծանուցել մորատորիում չտարածելու մասին, վերջինս չի կարող գրավադրված գույքից բավարարում ստանալ ընդհանուր կարգով՝ շրջանցելով սնանկության վարույթը: Նմանատիպ փաստական հանգամանքների դեպքում ապահովված պարտատերը կարող է բավարարում ստանալ միայն սնանկության վարույթի շրջանակներում` ընդգրկվելով պարտատերերի ցանկում (տե'ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ «Կալաչ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ ԵԿԴ/0469/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Նախկին խմբագրությամբ Օրենքի կարգավորումների և դրանց կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապահովված պարտատիրոջ պահանջը երրորդ անձի գույքով ապահովված լինելու դեպքում պարտապանի և երրորդ անձ գրավատուների միաժամանակյա սնանկության դեպքում պարտատիրոջ պահանջի բավարարման, ինչպես նաև երրորդ անձ գրավատուի սնանկության պայմաններում այդ գույքի իրացման հարցերը Նախկին խմբագրությամբ Օրենքով կարգավորված չէին: Նշված կարգավորումներով միայն սահմանված էր, որ գրավի առարկան ներառվում է պարտապանի գույքի կազմում՝ բացառությամբ օրենքով նախատեսված այն դեպքի, երբ պարտատերը դատարանին ծանուցել է մորատորիում չտարածելու մասին, և դատարանը թույլատրել է արտադատական կարգով դրա իրացումը: ՀՀ վճռաբեկ դատարանն էլ իր որոշմամբ արձանագրել էր, որ նույն կարգավորումը գործում է երրորդ անձին պատկանող գրավի առարկայի դեպքում նույնպես:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքում 12.12.2019 թվականի ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-294-Ն ՀՀ օրենքով կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում կարգավորվեցին սնանկ ճանաչված պարտապանի և սնանկ ճանաչված երրորդ անձ գրավատուի գրավի առարկա գույքի վաճառքի հետ կապված հարցերը, և լուծում ստացավ պարտապանի և երրորդ անձի միաժամանակյա սնանկության դեպքում ապահովված իրավունքի առարկայի իրացման հարցը:

12.12.2019 թվականի ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-294-Ն ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 5-րդ մասով «Սնանկության մասին» ՀՀ օրենքը լրացվեց հետևյալ բովանդակությունն ունեցող 10.1-10.4-րդ մասերով՝

«(...) 10.2. Եթե պարտապանը և երրորդ անձ գրավատուն ճանաչվել են սնանկ, ապա սույն հոդվածի 10-րդ մասում նշված գույքի իրացումը կատարվում է պարտապանի սնանկության վարույթում, իսկ եթե գույքը ծանրաբեռնված է տարբեր պարտապանների սնանկության վարույթներով ապահովված պահանջներով, ապա այն իրացվում է սնանկության այն վարույթում, որտեղ այդ գույքով ապահովված իրավունքն առաջնային է: Սնանկության որևէ վարույթում գույքի իրացվելուց և ապահովված պահանջները բավարարելուց հետո պահանջների չափի և գույքի իրացման արժեքի տարբերությունը փոխանցվում է երրորդ անձի սնանկության վարույթի հատուկ հաշվին: (...)»:

12.12.2019 թվականի ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-294-Ն ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ից և տարածվում է նույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված սնանկության գործերի վրա: Մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված սնանկության գործերը վարվում են մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի նորմերով:

Սույն սնանկության գործով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումը՝ անհատ ձեռնարկատեր Հայկանուշ Սարգսյանին սնանկ ճանաչելու մասին, Դատարանի 04.05.2018 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:

10.06.2021 թվականին Դատարանում մուտքագրվել է պարտապանի նկատմամբ Ընկերության գրավոր պահանջը՝ 271.978,30 ԱՄՆ դոլարի և 3.499.185 ՀՀ դրամի չափով, որպես ապահովված պահանջ գրանցելու մասին: Պահանջի հիմքում դրվել են հետևյալ հանգամանքները՝

Ներմուծեք նկարագրությունը_1371 Ընկերության, որպես վարկատուի, և անհատ ձեռնարկատեր Վահագն Սարգսյանի, որպես վարկառուի, միջև 19.12.2014 թվականին կնքված թիվ ՎԼ02625 վարկային պայմանագրով Ընկերությունը պատրաստակամություն է հայտնել վարկառուին տրամադրել 244.000 ԱՄՆ դոլարի չափով գումար:

Ներմուծեք նկարագրությունը_1371 Ընկերության, որպես վարկատուի, անհատ ձեռնարկատեր Վահագն Սարգսյանի, որպես վարկառուի, և Հայկանուշ Սարգսյանի, որպես գրավատուի, միջև 19.12.2014 թվականին կնքված գույքի գրավի հիփոթեքի թիվ 02625-Հ/Ա պայմանագրով Վահագն Սարգսյանին և Հայկանուշ Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի 23 փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրը գրավադրվել է՝ ի ապահովումն 19.12.2014 թվականի թիվ ՎԼ02625 վարկային պայմանագրով ստանձնած պարտավորության կատարման (հավելված, գ.թ. 21-23):

Դատարանի 11.11.2021 թվականի որոշմամբ հաստատվել է պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը, որում Ընկերության 271.978,30 ԱՄՆ դոլարի չափով պահանջը գրանցվել է որպես Օրենքի 43-րդ հոդվածով գրավով ապահովված պահանջ (հավելված, գ.թ. 24-31):

Դատարանի 01.04.2022 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ Սամվել Մանուկյանի միջնորդությունը՝ գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու և ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի 23 փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառել թույլատրելու մասին, բավարարվել է:

Դատարանը 25.04.2022 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ Սամվել Մանուկյանի միջնորդությունը՝ ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի 23 փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրի հրապարակային սակարկություններով իրացումն ընդհատելու մասին, բավարարել է գործող խմբագրությամբ Օրենքի 43-րդ հոդվածի 10.2-րդ մասի հիման վրա՝ այն փաստերի վկայակոչմամբ, որ «Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 27.05.2021թ. վճռով Վահագն Վարդանի Սարգսյանը ճանաչվել է սնանկ և այն, որ «Յունիվերսալ Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ապահովված պահանջ է ներկայացրել նաև հիմնական վարկառու Վահագն Վարդանի Սարգսյանի սնանկության գործով, (…)»:

Վերաքննիչ դատարանը 13.06.2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարել է՝ վերացրել է Դատարանի 25.04.2022 թվականի որոշումն այն պատճառաբանությամբ, որ «(…) թիվ ՍնԴ/0013/04/18 սնանկության գործով դիմումը Դատարան է ներկայացվել 19.04.2018 թվականին և 04.05.2019 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ, իսկ ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 12.12.2019 թվականի թիվ ՀՕ-294-Ն ՀՀ օրենքը ուժի մեջ է մտել 15.04.2020 թվականին, որպիսի պայմաններում ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 12.12.2019 թվականի թիվ ՀՕ-294-Ն ՀՀ օրենքով «Սնանկության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները և լրացումները կիրառելի չեն սույն սնանկության գործի նկատմամբ, (…):

(…) քանի որ տարբեր դիմումներով հարուցված սնանկության վարույթները հանդիսանում են առանձին դատավարություններ, ուստի «Սնանկության մասին» ՀՀ օրենքում նշված հարցի կապակցությամբ հատուկ կարգավորման բացակայության պայմաններում կիրառելի է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործի քննության կամ առանձին դատավարական գործողության կատարման ժամանակ գործող օրենքով, իսկ նշված կանոնից որևէ բացառություն, այդ թվում՝ փոխկապակցված երկրորդ գործի առկայությամբ պայմանավորված, սահմանված չէ: (…)»:

Արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրահանգման, որ «(…) անկախ սույն սնանկության վարույթի հարուցումից հետո պարտավորաիրավական հարաբերություններում փոխկապակցված անձի սնանկ ճանաչված լինելուց, գրավադրված գույքը սույն սնանկության գործով արդեն իսկ հանդիսացել է Պարտապանի գույքի կազմում ներառված գույք, ուստի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի կիրառելի խմբագրությամբ նորմերի հիման վրա, այն ենթակա էր իրացման սույն սնանկության վարույթում, ինչը և թույլատրվել էր Դատարանի կողմից 01.04.2022 թվականին կայացված որոշմամբ: (…)»:

Վերոշարադրյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վահագն Սարգսյանի սնանկության վարույթը հարուցվել է, Ընկերության հարկադրված սնանկության դիմումը ՀՀ սնանկության դատարանը վարույթ ընդունել է 12.08.2020 թվականին:

Հայկանուշ Սարգսյանի սնանկության վարույթը հարուցվել է, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկադրված սնանկության դիմումը ՀՀ սնանկության դատարանը վարույթ ընդունել է 04.05.2018 թվականին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության հանդեպ ստանձնած նույն պարտավորության շրջանակներում գրավատու հանդիսացող անձի սնանկության վարույթը հարուցվել է 04.05.2018 թվականին, երբ 12.12.2019 թվականի ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-294-Ն ՀՀ օրենքը դեռևս ուժի մեջ չէր մտել (ուժի մեջ է մտել 15.04.2020 թվականին), մինչդեռ հիմնական պարտապան Վահագն Սարգսյանի սնանկության վարույթը հարուցվել է այդ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 12.08.2020 թվականին:

Տվյալ դեպքում Ընկերության նկատմամբ ստանձնած պարտավորության շրջանակում պարտապան Վահագն Սարգսյանի և երրորդ անձ գրավատու Հայկանուշ Սարգսյանի սնանկության վարույթները ժամանակագրական առումով հարուցվել են այնպես, որ սույն գործով սնանկության վարույթի նկատմամբ կիրառելի է Նախկին խմբագրությամբ Օրենքը, իսկ հիմնական պարտապանի սնանկության վարույթի նկատմամբ՝ 12.12.2019 թվականի ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-294-Ն ՀՀ օրենքով լրացված և փոփոխված Օրենքի խմբագրությունը: Սույն գործով սնանկության վարույթի նկատմամբ Նախկին խմբագրությամբ Օրենքի դրույթները կիրառելու արդյունքում ապահովված առարկա ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի 23 փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրը պետք է ներառվի Հայկանուշ Սարգսյանի գույքի կազմում՝ որպես նրան պատկանող գույք, մինչդեռ Վահագն Սարգսյանի սնանկության վարույթի շրջանակներում Օրենքի 43-րդ հոդվածի 43-րդ հոդվածի 10.2-րդ մասի հիման վրա այն պետք է իրացվի այդ սնանկության վարույթում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապահովված առարկայի՝ ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի 23 փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրի, իրացման հարցը սնանկության երկու վարույթների միջև փոխադարձ կապվածություն լինելու պայմաններում չպետք է մեկուսի քննարկվի և լուծվի: Տվյալ դեպքում պետք է առաջնորդվել որոշակիության, կանխատեսելիության պահանջները պահպանելու, մատչելի և արդյունավետ ընթացակարգերի կիրառման առաջնահերթությունն ապահովելու կանոնով: Հիմնական պարտապանի և երրորդ անձ գրավատուի սնանկության վարույթները թեև առանձին վարույթներ են, այդուհանդերձ առնվազն ապահովված առարկայի մասով դրանք փոխկապակցված են, ուստի առաջանում է զուգահեռ ընթացող սնանկության վարույթների հարաբերակցությունը և հավասարակշռությունն ապահովելու անհրաժեշտություն: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այդ անհրաժեշտությունը բխում է Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված՝ իրավական պետության և հատկապես վերջինիս կարևորագույն հատկանիշներից` իրավունքի գերակայության պահանջից, որի ապահովման գլխավոր պահանջներից է իրավական որոշակիության սկզբունքը:

Անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին` ՀՀ Սահմանադրական դատարանը 02.04.2019 թվականի թիվ ՍԴՈ-1452 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է ինչպես հնարավորինս հստակ իրավակարգավորման առկայություն, այնպես էլ դրա կանխատեսելիության ապահովում: Մասնավորապես, իրավակարգավորման ձևակերպումը պետք է հնարավորություն տա անձին ոչ միայն դրան համապատասխան ձևավորելու իր վարքագիծը, այլև կանխատեսելու, թե ինչպիսին կարող են լինել հանրային իշխանության գործողությունները, և ինչ հետևանքներ կառաջանան տվյալ իրավակարգավորման կիրառման արդյունքում:

ՀՀ Սահմանադրական դատարանը 03.05.2016 թվականի թիվ ՍԴՈ-1270 որոշմամբ արձանագրել է, որ նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել՝ նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով: 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այս և Վահագն Սարգսյանի սնանկության վարույթների միջև հավասարակշռված և որոշակի հարաբերակցություն ապահովելու պահանջը միտված է նաև երաշխավորելու վարույթների ընթացքի կանխատեսելիությունը և արդյունավետությունը, քանի որ պարտապանների գույքի կազմը որոշակի և հստակ լինելու պայմաններում վարույթի մասնակիցները, առավելապես պարտատերերն ի վիճակի կլինեն կանխատեսել վրա հասնող հնարավոր հետևանքները և դրսևորել համապատասխան վարքագիծ՝ ապահովելով ողջամիտ հավասարակշռություն իրենց իրավունքների և օրինական շահերի միջև:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործի փաստերը մեկուսի գնահատելու դեպքում թեև իրավաչափ է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Օրենքի 43-րդ հոդվածի 10.2-րդ մասը սույն գործի նկատմամբ կիրառելի չէ, այդուհանդերձ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ այն կիրառելի է Վահագն Սարգսյանի սնանկության վարույթի նկատմամբ, իսկ սնանկության երկու վարույթների միջև կանխատեսելի և ողջամիտ հարաբերակցություն ու հավասարակշռություն ապահովելու կանոնը պահանջում է այդ հանգամանքի գնահատում: Ավելին՝ ապահովված առարկայի իրացման հարցը լուծելիս Վերաքննիչ դատարանը խախտել է նաև Նախկին խմբագրությամբ Օրենքի 43-րդ հոդվածը և անտեսել է գրավի՝ որպես իրային իրավունքի, առանձնահատկությունները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ սեփականատերեր չհամարվող անձինք կարող են ունենալ հետևյալ գույքային իրավունքները` (...) 4) գրավի, (...): Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի անցումն այլ անձի հիմք չէ այդ գույքի նկատմամբ սեփականատեր չհամարվող անձանց գույքային իրավունքների դադարման համար, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավի իրավունքը () գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավ դրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանում է իր ուժը:

Գրավատուի իրավահաջորդը զբաղեցնում է գրավատուի տեղը և կրում նրա բոլոր պարտականությունները, եթե այլ բան նախատեսված չէ գրավառուի հետ համաձայնությամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ գրավի իրավունքը կամ գրավը պարտավորությունների՝ իրային-իրավական ապահովման միջոց է, որը գրավառուին իրավունք է վերապահում հիմնական պարտավորության չկատարման դեպքում գրավատուի այլ պարտատերերի հանդեպ նախապատվության իրավունքով բավարարում ստանալու գրավի առարկայի արժեքից: Վերոգրյալ բնորոշումից բխում է, որ գրավով ապահովված պարտավորության պարտատերը գրավի առարկայի արժեքից իր պահանջի բավարարման նախապատվության իրավունք ունի մյուս պարտատերերի նկատմամբ, այսինքն՝ գրավով ապահովված պարտավորության պարտապանի մյուս պարտատերերի համեմատությամբ գրավով ապահովված պարտավորության պարտատիրոջ պահանջը ենթակա է բավարարման նախապատվության իրավունքով:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ գրավի իրավունքն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իրային իրավունքների շարքում: Ի տարբերություն այլ իրային իրավունքների` գրավն առաջանում և իրավական արժևորում է ստանում այնքանով, որքանով այն անհրաժեշտ է օգտագործել հիմնական պարտավորության կատարումն ապահովելու համար: Այդ իսկ պատճառով գրավը, որպես այդպիսին, ունի երկակի բնույթ. այն բնութագրվում է որպես պարտավորաիրավական բնույթի իրային-իրավական ապահովման միջոց: Գրավի իրավունքին բնորոշ են իրային իրավունքներին ներհատուկ հետևյալ առանձնահատկությունները.

- «բացարձակ իրավունքը». գրավի իրավունքին համապատասխանում է բոլորի և յուրաքանչյուրի պարտականությունը՝ ձեռնպահ մնալու այդ իրավունքի իրականացումը խախտող կամ խոչընդոտող արարքներից (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 241-րդ հոդված),

- «հետևելու իրավունքը». գրավի իրավունքի կրողը պահպանում է իր իրավունքն անգամ այն դեպքում, երբ գրավի առարկան անցնում է այլ անձի սեփականության ներքո (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին կետ) (տե´ս, «Սեյվր» ՍՊԸ-ն ընդդեմ Նշան Ալեքսանյանի թիվ ԵԿԴ/0169/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

Վերոշարադրյալի լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գրավի՝ ապահովված պարատավորությանը հետևելու և նախապատվության հիմքով ապահովված պարտատիրոջ պահանջի բավարարմանն ուղղվելու սկզբունքն ամրագրված էր թե՛ Նախկին և թե՛ գործող խմբագրությամբ Օրենքով: Երկու դեպքում էլ գրավով ապահովված պահանջի առկայության դեպքում ապահովված պարտատերը պարտապանի այլ պարտատերերի նկատմամբ նախապատվության իրավունքով գրավի առարկայի հաշվին բավարարում ստանալու իրավունք ուներ: Այսինքն՝ Նախկին խմբագրությամբ Օրենքի 43-րդ հոդվածն այս սնանկության գործի նկատմամբ կիրառելու պայմաններում անգամ Վերաքննիչ դատարանն անտեսել է գրավի, այս դեպքում՝ ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի 23 փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրի, Վահագն Սարգսյանի ստանձնած վարկային պարտավորությանը հետևելու կանոնը:

Մինչդեռ սույն գործով վարույթի շրջանակներում ապահովված առարկայի իրացման հարցի լուծումը կանխորոշելու է մյուս՝ հիմնական պարտապան Վահագն Սարգսյանի սնանկության վարույթում իրավական նորմի կիրառման հնարավորությունը և նույն առարկայի իրավական ճակատագիրը: Հետևաբար՝ սույն գործով գնահատման է ենթակա Վահագն Սարգսյանի սնանկ ճանաչելու ժամանակահատվածը և գրավի իրավահարաբերությունների առկայությունը, ուստիև կիրառման է ենթակա այդ ժամանակահատվածի նկատմամբ կիրառելի Օրենքի 43-րդ հոդվածի 10.2-րդ մասը։

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ եթե դատարանը երկու իրավաչափ հնարավորություն ունի մեկնաբանելու նորմը, ապա դատարանը պետք է նախընտրություն տա նորմի այնպիսի մեկնաբանությանը, որով ավելորդ չի դարձնի երկու նորմերից որևէ մեկի գործողությունը։

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով վարույթի շրջանակներում ապահովված առարկան պարտապանի գույքի կազմում ներառելու և հրապարակային սակարկությունների միջոցով դրա իրացումը թույլատրելու դեպքում Վահագն Սարգսյանի սնանկության վարույթի շրջանակներում Օրենքի 43-րդ հոդվածի 10.2-րդ մասի կիրառումն օբյեկտիվորեն դառնալու է անհնար՝ վտանգելով իրավակարգավորման և դատավարության կանխատեսելիությունն ու սնանկության վարույթի մասնակիցներին զրկելով համապատասխան վարքագիծ դրսևորելու հնարավորությունից: Վերաքննիչ դատարանն անտեսել է սնանկության երկու վարույթների փոխկապակցվածության հարցը և չի գնահատել դրանց միջև հարաբերակցությունն ու հավասարակշռությունն ապահովելու անհրաժեշտությունը, ինչի հետևանքով հանգել է սխալ եզրահանգման:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ իրավական պետությունում անթույլատրելի է, որ հստակ և որոշակի շարադրված իրավանորմը, տվյալ դեպքում՝ պարտապանի և երրորդ անձ գրավատուի միաժամանակյա սնանկության դեպքում ապահովված առարկան պարտապանի սնանկության վարույթում իրացնելու մասին Օրենքի 43-րդ հոդվածի 10.2-րդ մասը, կորցնի իր կիրառելիությունը՝ վտանգելով իրավական որոշակիության պահանջը:

Վերոշարադրյալ պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները, և վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար՝ Վերաքննիչ դատարանի 13.06.2022 թվականի որոշումը վերացնելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված խախտումը հանգեցրել է հարցի սխալ լուծման, որի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը։

Նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի 13062022 թվականի դատական ակտի վերացման հետևանքով օրինական ուժի մեջ է մտնում ՀՀ սնանկության դատարանի 25.04.2022 թվականի «Հրապարակային սակարկություններով գույքի իրացումը ընդհատելու մասին» որոշումը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան՝ նոր դատական ակտ կայացնելու անհրաժեշտությունը բացակայում է։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջանկյալ դատական ակտ բողոքարկված լինելու պայմաններում դատական ծախսեր չեն առաջացել:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.06.2022 թվականի որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. Հակոբյան

Զեկուցող

Ա. Մկրտչյան

ա. բԱՐսեղյան

Ս. Միքայելյան

Տ. պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: