Գլխավոր տեղեկություն
Номер
N 1431-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.08.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 24.08.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.08.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.08.2023
Дата вступления в силу
25.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 օգոստոսի 2023 թվականի N 1431-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 8471 30 000 0, 8517 11 000 0, 8517 13 000 0, 8517 14 000 0 ԵՎ 8517 18 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 153-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 396.1-ին հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 8471 30 000 0, 8517 11 000 0, 8517 13 000 0, 8517 14 000 0 և 8517 18 000 0 ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը (այսուհետ ծրագիր)՝ համաձայն հավելվածի։

2․ Սահմանել, որ՝

1) ծրագրի իրականացման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն է.

2) ծրագիրը և ծրագրի արդյունքների գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Ե․ Կողբացի 83, պետական գրանցման համարը՝ 269.110.1117158, հարկ վճարողի հաշվառման համարը՝ 02284645) ընկերության կողմից՝ ԱՏԳ ԱԱ 8471 30 000 0, 8517 11 000 0, 8517 13 000 0, 8517 14 000 0 և 8517 18 000 0 ծածկագրերին դասվող ապրանքախմբերի համար՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև այդ օրը ներառող ամսվան հաջորդող երրորդ ամսվա 1-ը.

3) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետի ավարտի օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում ծրագրի գնահատման արդյունքները։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

24.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

 օգոստոսի 24-ի N 1431-Լ որոշման

 

ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 8471 30 000 0, 8517 11 000 0, 8517 13 000 0, 8517 14 000 0 ԵՎ 8517 18 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Սույն ծրագրով նախատեսվում է, կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաները և մեթոդները, Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ՝ ՀՀ) ստեղծված թվային համակարգի միջոցով ավելի արդյունավետ դարձնել շրջանառվող ապրանքների հետագծելիությունը և վերահսկողությունը, որը գործում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) օրենսդրությանը և կարգավորումներին համապատասխան, որն ինտեգրված է ԵԱՏՄ երկրների համանման համակարգերի հետ և հարթակ է ծառայում լրացուցիչ G2B և B2B թվային ծառայությունների զարգացմանը։

 

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

2. Դրոշմապիտակների և դրոշմանիշերի վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգը ՀՀ-ում ներդրվել է 2014 թվականից: Այդ ժամանակ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքները եղել են 20-ը։ Տարիների ընթացքում ավելացել է դրոշմավորման ենթակա ապրանքների քանակը՝ հասնելով 111 տեսակի։ Սակայն ներկայում կիրառվող մոդելն ունի որոշակի սահմանափակումներ։ Ապրանքի հետագծելիությունը ապրանքի ներմուծումից կամ արտադրումից մինչև վերջնական սպառում վերոնշյալ մոդելի կիրառմամբ հնարավոր չէ ապահովել, քանի որ ապրանքի իրացման դեպքում տվյալները լիարժեք չեն փոխանցվում ՀՀ պետական եկամուտների կոմիտե (այսուհետ՝ ՊԵԿ)՝ հսկիչ դրամարկղային մեքենաների (այսուհետ՝ ՀԴՄ) և հարկային հաշիվների էլեկտրոնային համակարգի միջոցով։ ՊԵԿ են փոխանցվում իրացված ապրանքների վերաբերյալ տվյալներ, սակայն դրոշմավորման վերաբերյալ տվյալները բացակայում են։ Դրոշմապիտակների կոդերի գեներացման տրամաբանությունը անհասանելի է, ուստի այն չի կարող օգտագործվել ապրանքների իրացման ժամանակ ՊԵԿ տվյալների փոխանցման համար։

3. 2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից ստորագրվել է «ԵԱՏՄ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը: Համաձայնագրի հիմնական խնդիրը ԵԱՏՄ ամբողջ տարածքում մեքենայաընթեռնելի և միմյանց հետ փոխկապակցված նշաններով ապրանքների դրոշմավորման գործընթացների միասնականացումն է։ Այս դեպքում անհրաժեշտություն է առաջանում դրոշմավորելու արտահանվող ապրանքները ԵԱՏՄ օրենսդրությանը համապատասխան, սակայն ներկայիս համակարգը թույլ չի տալիս դա իրագործել։

 

III. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

 

4. Ծրագրի հիմնական նպատակն է տեխնոլոգիական նոր լուծումների կիրառմամբ ՀՀ-ում ներդրված ապրանքների շրջանառության հետագծելիության էլեկտրոնային համակարգի միջոցով ունենալ շուկայում շրջանառվող ապրանքների նկատմամբ ճշգրիտ և իրատեսական պատկեր և խոչընդոտել անորակ և կեղծ ապրանքների տարածումը, ինչը լուրջ խնդիր է ինչպես սպառողների, այնպես էլ արտադրողների համար։

5. Ներկայում առկա խնդիրներն են՝

1) հարկ վճարողի կողմից իրացված ապրանքների վերաբերյալ ՊԵԿ փոխանցված տեղեկատվության մեջ ոչ միշտ է հնարավոր իրականացնել վաճառված ապրանքների նույնականացում։ Հատկապես դա վերաբերում է տեխնիկական հագեցվածություն չունեցող մանրածախ առևտրի կետերին.

2) չի ապահովվում ապրանքների շրջանառության ամբողջ շղթայի լիարժեք հետագծելիությունը։

6. Ծրագրի իրագործմամբ առաջադրվում են մի շարք նպատակներ․

1) պետության համար՝

ա․ ստվերի նվազեցում և բիզնես միջավայրի առավել թափանցելիություն,

բ․ լրացուցիչ հարկային եկամուտներ,

գ․ապրանքային շուկաների վերահսկման համար բյուջետային ծախսերի կրճատում,

դ․իրական ժամանակում վիճակագրական տվյալների առկայություն՝ երկրի կտրվածքով,

ե․ ԵԱՏՄ երկրների վերահսկող մարմինների համագործակցության ավտոմատացում և համակարգում.

2) բիզնեսի համար՝

ա․ թափանցիկ միջավայրում գործող մասնակիցների մրցունակության աճ՝ ստվերի կրճատման հաշվին,

բ․ ՀՀ-ում գործող կարգավորումները ԵԱՏՄ կանոնակարգերի հետ ներդաշնակեցնելու արդյունքում պարզեցվելու է ապրանքների շրջանառությունը ԵԱՏՄ տարածքում,

գ․ թվայնացման արդյունքում լոգիստիկ շղթայում ապրանքների տեղափոխման վերաբերյալ լրացուցիչ ծառայությունների մատուցման հնարավորության ստեղծում.

3) սպառողների համար՝

ա․ կեղծ և անորակ ապրանքների շրջանառության սահմանափակման արդյունքում քաղաքացիների կյանքի և առողջության պաշտպանություն,

բ․ հասարակական վերահսկողություն,

գ․սպառողների իրավունքների պաշտպանություն։

7․ Ծրագրի իրականացումը նպատակ է հետապնդում ՀՀ-ում ստեղծել թվային էկոհամակարգ, որը ներդաշնակ ինտեգրված կլինի ԵԱՏՄ երկրների տնտեսության հետ և կծառայի ՀՀ-ում շրջանառվող ապրանքների քանակի և որակի իրական ժամանակում վերահսկողությանը (real-time trace and control)։ Ինչպես նաև համակարգը կնպաստի թվային տնտեսության հետագա զարգացմանը՝ հնարավորություն տալով ինտեգրվելու նաև այլ G2B և B2B էլեկտրոնային ծառայությունների հետ, օրինակ՝ էլեկտրոնային հարկային հաշիվներ, ռիսկերի գնահատում, շուկայի գնահատում, ապահովագրություն և այլն։

 

IV. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

8. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ներկայիս մակարդակը թույլ է տալիս ինչպես ավելի բարձր մակարդակով իրականացնել հետագծելիության և վերահսկողության գործառույթները, այնպես էլ համապատասխանեցնել այդ գործառույթները ԵԱՏՄ օրենսդրությանը և ինտեգրել հայկական թվային լուծումները ԵԱՏՄ երկրների համակարգերի հետ։

9. Տվյալ ծրագիրը ՀՀ-ում Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված տեղեկատվական համակարգի (ԱԴԱՏՀ) արդիականացում է, որը կապահովի տվյալ որոշումով նախատեսվող ապրանքների շրջանառության հետագծելիությունը շրջանառության բոլոր փուլերում։

10. Ծրագրի իրականացման հիմք են հանդիսացել՝

1) «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը՝ ստորագրված 2018 թվականի փետրվարի 2-ին.

2) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի N 19 որոշումը «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպական մոդելի մասին»։

11. Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված համակարգը կենտրոնացված տեղեկատվական ռեսուրս է, որն ապահովում է նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա, հետագա օգտագործման և վերահսկման նպատակներով ՀՀ տարածքում արտադրված, ներմուծված և իրացված ապրանքների մասին տեղեկատվություն:

12. Ապրանքների դրոշմավորումն իրականացվելու է ապրանքի հատուկ տվյալների մատրիցային Data Matrix կոդով մակնշման միջոցով։ Թվային դրոշմավորման կոդը չկեղծվող է, ունիկալ և չկրկնվող՝ ապրանքների յուրաքանչյուր միավորի համար։ Դրոշմավորման կոդերը արտադրողներին և ներմուծողներին տրամադրելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 10-ի N 312-Լ որոշմամբ սահմանված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորը (այսուհետ՝ ազգային օպերատոր)՝ թվային եղանակով։

13. Ապրանքների հետագծելիությունը հիմնվում է ապրանքի միավորների կամ ապրանքների խմբաքանակի եզակի նույնականացման իրականացման վրա, ինչն ապահովում է միավորի կամ բեռների շարժի հետագծելիությունը բաշխման ամբողջ շղթայով՝ շրջանառության մեջ մտնելուց (արտադրություն կամ ներմուծում) մինչև շրջանառությունից դուրս գալը (վաճառք, արտադրական նպատակով օգտագործում, արտահանում կամ ոչնչացում): Այսպիսով՝ յուրաքանչյուր ապրանքի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է դառնում իրական ժամանակում շրջանառության բոլոր փուլերում:

14. ԱԴԱՏՀ-ի փոխգործակցությունը ապրանքների շրջանառության մասնակիցների տեղեկատվական համակարգերի հետ պետք է իրականացվի տեղեկատվական էլեկտրոնային ծառայությունների միջոցով՝ օգտագործելով պրոտոկոլներ և էլեկտրոնային փոխազդեցության միջերեսներ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունն օպերատորի կողմից տեղադրվում է ինտերնետում օպերատորի պաշտոնական կայքում:

15. Բջջային հավելվածը, որի ստեղծումը նույնպես մտնում է սույն նախագծի շրջանակների մեջ, սպառողներին կօգնի հեշտությամբ ստուգել ապրանքի ծագման օրինականությունը և ունենալ ապրանքի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը՝ այսպիսով սահմանելով որակի նկատմամբ հասարակական անուղղակի վերահսկողություն։

16. Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված տեղեկատվական համակարգն ինտեգրվելու է հետևյալ էլեկտրոնային համակարգերին՝

1) ՊԵԿ-ի տեղեկատվական համակարգ.

2) Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի (ԷԿԵՆԳ) տեղեկատվական համակարգ.

3) այլ պետական համակարգերի հետ՝ ըստ անհրաժեշտության։

17․ Ապրանքների շրջանառության մասնակիցների՝ այլ պետական տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական համակարգերի հետ ԱԴԱՏՀ-ի տեղեկատվական փոխգործակցությունը կիրականացվի ՀՀ կառավարության սահմանած կարգով:

18․ Փորձնական ծրագրի ընթացքը հնարավորություն կընձեռի իրականացնելու՝

1) նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մեխանիզմների և տեղեկատվական համակարգի ֆունկցիոնալության (գործառույթների) փորձարկումը և գործընթացի հղկումը.

2) ծրագրի մասնակիցների էֆեկտիվ (արդյունավետ) փոխգործակցության կազմակերպումը.

3) ծրագրի մասնակիցների տեղեկատվական համակարգերի ինտեգրումը և փորձարկումը օպերատորի տեղեկատվական համակարգի հետ.

4) դրոշմավորման ենթակա ապրանքների ապրանքաշրջանառության ամբողջ ցիկլի (դրոշմապիտակ պատվիրելուց մինչև շրջանառությունից դուրս գալը) գործառույթների փորձարկումը և կարգավորումը։

 

V. ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

19. Ծրագրի մասնակիցներն են՝

1) ՊԵԿ-ը.

2) ապրանքաշրջանառության մասնակիցները.

3) տեղեկատվական համակարգի օպերատորը։

20. Ապրանքաշրջանառության մասնակիցները փորձնական ծրագրին մասնակցում են կամավոր հիմունքներով:

21. Ծրագրի իրականացման լիազորված մարմինը ՊԵԿ-ն է, որը կապահովի՝

1) ազգային օպերատորի հետ աշխատանքների համակարգումը.

2) ազգային օպերատորի հետ համատեղ փորձնական ծրագրի պլանի, ժամանակացույցի և մեթոդական առաջարկությունների մշակումը և հաստատումը.

3) փորձնական ծրագրի արդյունքների գնահատումը և ներկայացում ՀՀ կառավարությանը։

22. Ազգային օպերատորը կապահովի՝

1) տեղեկատվական համակարգի պահանջների մշակումը.

2) համակարգի տեղեկատվական անվտանգության պահանջների մշակումը.

3) տեղեկատվական համակարգի ներդրումը և շահագործումը.

4) փորձնական ծրագրի շրջանակներում ծրագրի մասնակիցներին նույնականացման միջոցների տրամադրումը՝ անհատույց սկզբունքով։

 

VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

23. Որպես ծրագրի իրականացման արդյունք ակնկալվում է հետևյալը՝

1) տեսանելի հեռանկարում ունենալ մեկ դրոշմապիտակի ձև ամբողջ ԵԱՏՄ-ի համար, ինչը զգալիորեն կպարզեցնի ապրանքների արտադրման գործընթացը.

2) համակարգի ինտեգրումը համապատասխան պետական մարմինների հետ կապահովի ապրանքների շրջանառության ամբողջ ցիկլի վերահսկումը՝ արտադրությունից (կամ ներմուծումից) մինչև սպառում.

3) ապրանքների նույնականացում և հետևաբար շրջանառության վերահսկում մինչև մեկ հատի ճշտությամբ.

4) ապրանքների իսկության վերահսկում հանրության կողմից՝ հատուկ բջջային հավելվածի միջոցով.

5) հնարավոր կլինի շատ ավելի ճշգրիտ գնահատել շրջանառվող ապրանքների քանակը և հետևաբար՝ զգալիորեն նվազեցնել ստվերը։

 

VII. ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԵՐԸ

 

24. Ինչպես ցանկացած ծրագիր, այս նախագիծը նույնպես պարունակում է որոշակի ռիսկեր։ Ծրագրի իրականացման գնահատված ռիսկերը հետևյալն են․

1) հնարավոր է անհրաժեշտություն լինի, որ վաճառքի կետերը ձեռք բերեն Data Matrix կոդ ընթերցող սկաներներ (յուրաքանչյուրի գինը՝ սկսած մոտ 20 000 դրամից) և համակարգիչներ.

2) տվյալ ապրանքատեսակների դրոշմավորման գործընթացի համար լրացուցիչ ժամանակային ռեսուրսի ավելացում՝ կապված ապրանքների տեխնիկական բնութագրի հավաքագրման և համակարգում լրացման հետ:

25. Չնայած նշված ռիսկերին՝ կանխատեսվող դրական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա զգալիորեն գերազանցում է ակնկալվող ծախսերը՝ հատկապես երկարաժամկետ հեռանկարում։

 

VIII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐԸ

 

26․ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորում չի նախատեսվում։

27․ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում ծրագրի իրականացման նպատակով կատարվող փոփոխությունները լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջ չեն առաջացնելու։

28․ Ծրագրի իրականացման ընթացքում դրոշմանիշերի տրամադրման հետ կապված ծախսերն իրականացնելու է օպերատորը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

24.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ