ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2023 թվականի N 422-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 20-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման NN 1 և 4 հավելվածներով հաստատված կարգերի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, քաղ. Երևան, Արաբկիր, Կիևյան փողոց, 16 շենք, 9/2 տարածք հասցեում գտնվող, 68 քառ. մետր մակերեսով և 169.9 քառ. մետր մակերեսով ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքը, ինչպես նաև շենքի զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 3278 քառ. մետր մակերեսով հողամասից 68/6703 բաժնեմաս հանդիսացող հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03082022-01-0079 վկայական) (այսուհետ՝ գույք) օտարել դասական աճուրդով:
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2022 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը՝ 73 930 000 դրամ.
2) հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 4 628 910 դրամ.
3) աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 73 930 000 դրամ.
4) աճուրդին մասնակցելու նախավճարը՝ գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 3 696 500 դրամ, որն աճուրդի հաղթող մասնակցի (այսուհետ` գնորդ) համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Աճուրդի չհաղթող մասնակցին (մասնակիցներին) նախավճարը վերադարձվում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ իրենց կողմից ներկայացված հաշվեհամարին.
5) որ գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 156 192 դրամ գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում՝ գնահատողի համապատասխան հաշվին ու չի ներառվում աճուրդի արդյունքում գնորդի առաջարկած գնի մեջ.
6) որ աճուրդի արդյունքում գնորդի առաջարկած գինը ենթակա է վճարման արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10 օրվա ընթացքում։
3. Կոմիտեի նախագահին՝
1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ կոմիտեի պաշտոնական և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.
2) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.
3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել հերթական աճուրդներ՝ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 15 տոկոսի չափով, բայց ոչ պակաս գույքի վաճառքի մեկնարկային գնի 50 տոկոսի չափով.
4) սույն որոշման 2-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված վճարումներն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը։
4. Գնորդի կողմից սույն որոշման 2-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված ժամկետում վճարումները չկատարվելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած և լոտը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով առանց մեկնարկային գնի նվազման։
5. Սահմանել, որ գնորդը վճարումը կատարում է Հայաստանի Հանրապետության արժույթով, ընդ որում, աճուրդում առաջարկված գինը, նվազեցված վճարման ենթակա հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի չափով՝ 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հատկացված հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ համապատասխան գանձապետական հաշվին։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
30.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|