Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.10.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.11.29-2021.12.12 Պաշտոնական հրապարակման օրը 08.12.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
08.10.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
08.10.2021
Дата вступления в силу
08.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԼԴ2/0016/01/17

Գործ թիվ ԼԴ2/0016/01/17

Նախագահող դատավոր՝  Լ. Աբգարյան

Դատավորներ՝

 Ռ. Բարսեղյան

 Տ. Սահակյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

2021 թվականի հոկտեմբերի 8-ին

ք. Երևանում

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Դավիթ Ռոբերտի Բաբայանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման դեմ պաշտպան Հ.Հովսեփյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան), դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, 2017 թվականի մարտի 29-ի դատավճռով Դավիթ Ռոբերտի Բաբայանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակել կալանք` 1 (մեկ) ամիս ժամկետով:

Վերոնշյալ դատավճիռը չի բողոքարկվել և 2017 թվականի մայիսի 2-ին մտել է օրինական ուժի մեջ:

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի մարտի 29-ի դատավճռի դեմ 2020 թվականի փետրվարի 14-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարան (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) բողոք է ներկայացրել Դ.Բաբայանի պաշտպան Հ.Հովսեփյանը: Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ պաշտպանի բողոքը թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ։

3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Դ.Բաբայանի պաշտպան Հ.Հովսեփյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի մայիսի 11-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

4. Նոր հանգամանքի հիմքով ներկայացված վերաքննիչ բողոքում պաշտպան Հ.Հովսեփյանը խնդրել է վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելը համարել հարգելի և վերականգնել, Առաջին ատյանի դատարանի դատավճիռն ամբողջությամբ բեկանել՝ Դ.Բաբայանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով արդարացնել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ Մասնավորապես, պաշտպան Հ.Հովսեփյանն իր բողոքում ընդգծել է, որ Դ.Բաբայանին մեղսագրվող թմրամիջոցի չափը 2018 թվականի հունիսի 27-ից հանդիսանում է ոչ թե զգալի, այլ մանր չափ, ուստի այդ պահից սկսած արարքը դադարել է հանցավոր լինելուց1:

5. Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով պաշտպանի կողմից ներկայացված բողոքը, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(…) Ինչ վերաբերում է բողոքաբերի կողմից վկայակոչված 2018 թվականի հունիսի 27-ի ուժի մեջ մտած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը որպես նոր հանգամանք դիտելու և այդ հիմքով վարույթի հարցը քննության առնելու հանգամանքին, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նոր հանգամանքով դատական ակտի բողոքարկումը հնարավոր է այն պահից սկսած երեք ամսվա ընթացքում, երբ բողոք բերող անձն իմացել էր կամ կարող էր իմանալ դրա ի հայտ գալու մասին: Այլ կերպ՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը ուժի մեջ է մտել 2018 թվականի հունիսի 27-ին, իսկ պաշտպան Հովսեփ Հովսեփյանը վերաքննիչ բողոքը ներկայացրել է 2020 թվականի փետրվարի 14-ին՝ խախտելով օրենքով նախատեսված նոր հանգամանքի ուժով 3-ամսյա ժամկետում վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախատեսված պահանջը:

Վերաքննիչ դատարանը նաև փաստում է, որ պաշտպան Հովսեփ Հովսեփյանն իր վերաքննիչ բողոքին կից չի ներկայացրել հիմնավորված միջնորդություն՝ կից ապացույցներով, որոնք հնարավորություն կտային հետազոտել բողոքարկման ժամկետի բաց թողնման պատճառները և գալ համապատասխան եզրահանգման (…)»2։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Բողոքաբերի կարծիքով Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը քննության չառնելը հիմնավորված և պատճառաբանված չէ։

Բողոք բերած անձը, հղում կատարելով ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշմանը, 2018 թվականի հունիսի 27-ին օրինական ուժի մեջ մտած՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին, վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածը, ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը և քրեական օրենքի հետադարձ ուժով կիրառելիության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, նշել է, որ Վերաքննիչ դատարանը պետք է բավարարեր վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու մասին պաշտպանի միջնորդությունը և կայացներ նոր հանգամանքի հիման վրա վերանայման վարույթ հարուցելու որոշում, քանի որ կատարված արարքի ապաքրեականացման պայմաններում Դ.Բաբայանի դատվածությունը առաջացնում է անբարենպաստ հետևանքներ և դրանով խաթարվում է արդարադատության բուն էությունը, խախտվում սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

7. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 24-ի որոշումը, և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք պաշտպան Հ.Հովսեփյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:

9. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 69-րդ հոդվածի համաձայն` «Հանցանք կատարելու համար դատապարտված յուրաքանչյուր ոք ունի իր նկատմամբ կայացված դատավճռի` օրենքով սահմանված հիմքերով և կարգով վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»:

10. Դատարանի մատչելիության իրավունքի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես ընդգծել է, որ այն ունի բացառիկ նշանակություն անձի իրավունքների պաշտպանության իրավական համակարգում, ենթադրաբար խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման հիմնական նախապայմանն է, որի միջոցով է կենսագործվում դատարան դիմելու (locus standi) և արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու անձի իրավունքը: Հետևաբար, դատարանի մատչելիության իրավունքի իրացմանն առնչվող դատավարական կարգավորումները դատարանների կողմից պետք է ճկուն մեկնաբանման ենթարկվեն` ելնելով դատարանի մատչելիության իրավունքի գերակայությունից` քրեադատավարական օրենքով նախատեսված ընթացակարգային առանձնահատկությունների նկատմամբ3:

Անդրադառնալով ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածով ամրագրված համաչափության սկզբունքին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակի համարժեք հարաբերակցությունը ենթադրում է, որ միջամտության սահմանների խորությունը չպետք է անհամարժեք լինի սահմանափակվող հիմնական իրավունքի արժեբանական նշանակությանը և կշռին, և որ կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև պետք է լինի արդարացի հավասարակշռություն4:

11. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(…) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար, նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ, ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն5:

11.1. Արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան) թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում և արձանագրել, որ ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով6:

Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար7։

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «(…) Նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու համար բողոք կարող է բերվել 3 ամսվա ընթացքում այն պահից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին (…)»:

Այսպիսով, արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանքի կառուցակարգով կիրառելու պայմաններում ստացվում է, որ անձը կարող է օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վերանայելու համար բողոք ներկայացնել երեք ամսվա ընթացքում այն պահից, երբ իմացել է կամ կարող էր իմանալ նոր հանգամանքի ի հայտ գալու մասին։ Այլ կերպ՝ քրեական օրենքը հետադարձության կարգով կիրառելու հնարավորությունը սահմանափակված է եռամսյա ժամկետով, ինչը ենթադրում է, որ այդ ընթացքում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով համապատասխան բողոք չներկայացնելու դեպքում անձը, չնայած շարունակում է կրել նախկինում գործող օրենքի քրեաիրավական հետևանքները, զրկվում է իր նկատմամբ կայացված դատական ակտը վերանայելու հնարավորությունից՝ անկախ այն հանգամանքից, որ նոր ընդունված քրեական օրենքով վերանում է կատարված արարքի հանցավորությունը, մեղմանում է պատիժը կամ այլ կերպ բարելավվում է հանցանք կատարած անձի վիճակը, ինչը Վճռաբեկ դատարանի համոզմամբ անընդունելի է։

Այսպես՝ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողությունը սահմանող ընդհանուր՝ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» սկզբունքը և դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող՝ անձի վիճակի բարելավման հիմքով քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու կանոնը, համընդհանուր ճանաչում ստացած, միջազգային-իրավական կարևորագույն փաստաթղթերով, ինչպես նաև սահմանադրորեն երաշխավորված հիմնարար սկզբունքներ են և իրավունքի գերակայության կարևորագույն տարր, հետևաբար այդ իրավունքի իրացման համար նոր հանգամանքի հիմքով բողոք բերելու եռամսյա ժամկետ նախատեսելը վտանգում է անձի վիճակի բարելավման հիմքով դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը և խաթարում վերոնշյալ իրավունքի բուն էությունը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող նոր քրեական օրենքին հետադարձ ուժ տալու հնարավորության ժամկետային սահմանափակումը համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին, ինչի արդյունքում անհամաչափորեն սահմանափակվում են անձի՝ դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքները։ Հետևաբար, դատական ակտի դեմ անձի վիճակի բարելավման հիմքով բողոքարկման ժամկետները չպետք է խոչընդոտեն դատական մատչելիության իրավունքի իրականացմանը:

12.1. Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ անկախ սահմանված ժամկետում համապատասխան դատական ակտը չբողոքարկելու պատճառներից՝ անձը կարող է օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու բողոք ներկայացնել, եթե նոր ընդունված օրենքը վերացնում է արարքի հանցավորությունը, մեղմացնում պատիժը կամ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը, և եթե անձը շարունակում է կրել նախկինում գործող օրենքի քրեաիրավական հետևանքները, այսինքն՝ վերջինս պատիժ է կրում կամ կրել է, սակայն ունի դատվածություն։ Ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատվածություն չունեցող են համարվում այն անձինք, ովքեր պատիժը կրել են այնպիսի արարքի համար, որի հանցավորությունն ու պատժելիությունը վերացված են օրենքով: Վերոնշյալը հատկապես կարևոր է ներկայիս կարգավորումների պայմաններում, երբ հանցանքի ապաքրեականացումը դիտարկվում է որպես քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու արդարացնող (ռեաբիլիտացիոն) հիմք, ուստի անձը չի կարող կրել նախկին դատապարտումից բխող որևէ բացասական հետևանք, այդ թվում՝ դատվածության առումով8։

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Դ.Բաբայանն Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի մարտի 29-ի դատավճռով դատապարտվել է կալանքի՝ մեկ ամիս ժամկետով, ինչը Վերաքննիչ դատարան չի բողոքարկվել և 2017 թվականի մայիսի 2-ին մտել է օրինական ուժի մեջ9:

2020 թվականի փետրվարի 14-ին դատապարտյալ Դ.Բաբայանի պաշտպան Հ.Հովսեփյանը նոր հանգամանքի հիմքով բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան10:

Վերաքննիչ դատարանը 2020 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 29-ի դատավճռի դեմ պաշտպանի ներկայացրած բողոքը թողել է առանց քննության՝ պատճառաբանելով, որ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2018 թվականի հունիսի 27-ին, իսկ պաշտպան Հ.Հովսեփյանը վերաքննիչ բողոքը ներկայացրել է 2020 թվականի փետրվարի 14-ին՝ խախտելով օրենքով նախատեսված նոր հանգամանքի հիմքով 3-ամսյա ժամկետում վերաքննիչ բողոք ներկայացնելու պահանջը: Վերաքննիչ դատարանը նաև փաստել է, որ պաշտպան Հ.Հովսեփյանն իր վերաքննիչ բողոքին կից չի ներկայացրել վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին հիմնավորված միջնորդություն11։

13.1. Ըստ գործում առկա՝ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված օպերատիվ տեղեկատու քարտադարանի տեղեկատվության՝ Դ.Բաբայանը կալանք պատժատեսակի կրումից ազատվել է 2017 թվականի հունիսի 9-ին, իսկ 2017 թվականի հունիսի 21-ին կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքը, որի համար 2018 թվականի ապրիլի 23-ին դատապարտվել է ազատազրկման՝ երկու տարի վեց ամիս ժամկետով։ Մեկ այլ՝ 2020 թվականի սեպտեմբերի 22-ի դատավճռով Դ.Բաբայանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ երկու դրվագով, և ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտվել է ազատազրկման՝ երկու տարի ութ ամիս ժամկետով։ Դ.Բաբայանի պատժի կրման սկիզբը հաշվվել է 2020 թվականի հունվարի 15-ից։ 2021 թվականի մարտի 16-ին Դ.Բաբայանը հիվանդության հետևանքով ազատվել է պատժի կրումից12։

14. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով Դ.Բաբայանի դատվածությունը դեռևս չի մարվել։ Այսպես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ազատազրկումից ավելի մեղմ պատժի դատապարտված անձանց նկատմամբ դատվածությունը մարվում է նշանակված պատիժը կրելուց մեկ տարի անցնելուց հետո, իսկ նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ եթե անձը մինչև դատվածությունը մարվելը նոր հանցանք է կատարում, ապա դատվածության մարման ժամկետն ընդհատվում է: Առաջին հանցագործության համար դատվածությունը մարվելու ժամկետը հաշվարկվում է վերստին՝ վերջին հանցագործության համար պատիժը (հիմնական և լրացուցիչ) փաստորեն կրելուց հետո: Այդ դեպքում անձը երկու հանցագործությունների համար էլ դատված է համարվում մինչև դրանցից առավել ծանր հանցագործության համար դատվածությունը մարվելու ժամկետը լրանալը:

Այլ կերպ՝ Դ.Բաբայանը շարունակում է կրել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվելու բացասական քրեաիրավական հետևանքները, չնայած որ վերջինիս տվյալ հոդվածով մեղսագրված հանցավոր արարքը կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում դադարել է հանցավոր լինելուց։

15. Սույն որոշման 13-14-րդ կետերում մեջբերված և վերլուծված փաստական տվյալները գնահատելով 9-12.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ պաշտպանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ժամկետանց է, չի բխում ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքներից:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող նոր քրեական օրենքին հետադարձ ուժ տալու հնարավորության ժամկետային սահմանափակումը (նոր հանգամանքի հիմքով բողոք բերելու եռամսյա ժամկետը) համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին, ինչի արդյունքում չի ապահովվում անձի իրավունքների սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև արդարացի հավասարակշռությունը:

16. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պաշտպան Հ.Հովսեփյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի փետրվարի 24-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Դավիթ Ռոբերտի Բաբայանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի փետրվարի 24-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

____________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 2-3։

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 12-14։

3 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամվել Ղազարյանի գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵԿԴ/0018/11/17 որոշումը:

4 Համաչափության սկզբունքի վերաբերյալ, mutatis mutandis, տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵԿԴ/0056/11/17 և ՍԴ/0088/01/12 որոշումները։

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։

6 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշումը:

7 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Թաթուլ Պետրոսյանի գործով 2019 թվականի հունիսի 12-ի թիվ ԱՎԴ4/0026/01/15 որոշումը։

8 Միևնույն ժամանակ, հարկ է նկատել, որ 2020 թվականի հունիսի 4-ին ընդունված նոր քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածով անձին մեղսագրվող արարքի ապաքրեականացումը նախատեսվել է որպես քրեական հետապնդումը բացառող ոչ ռեաբիլիտացնող հանգամանք։

9 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:

10 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:

11 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

12 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 73-79, www.datalex.am դատական տեղեկատվական համակարգ, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի ապրիլի 23-ի թիվ ԼԴ2/0097/01/17 և 2020 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ ԼԴ/0105/01/20 դատավճիռները:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 դեկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան