Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 146-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.08.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.08.01/23(592) Հոդ.243
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
07.07.2017
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
12.07.2017
Дата вступления в силу
11.08.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

7 հուլիսի 2017 թ.

թիվ 146-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կանոնակարգում արտացոլել «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունները և լրացումները, ինչպես նաև լուծել կանոնակարգի կիրառման ընթացքում մինչ այժմ ի հայտ եկած խնդիրները,

հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը, 36-րդ հոդվածի 2-րդ մասը, 68-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ մասերը, և

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի ««Ներդրումային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը» կանոնակարգ 10/04-ը հաստատելու մասին» թիվ 335-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը» կանոնակարգ 10/04-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ֆոնդի ակտիվների և պարտավորությունների արժեքը որոշվում է Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների կամ Կենտրոնական բանկի կողմից ընդունելի և միջազգային պրակտիկայում նման ֆոնդերի համար ընդունված սկզբունքների համաձայն, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով:»,

2) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1 կետով.

«9.1. Ֆոնդի ակտիվների գնահատման օրը այն օրն է, որի համար հաշվարկվում է ֆոնդի զուտ ակտիվների արժեքը: Ֆոնդի կանոնները սահմանում են այն պահը (այսուհետ՝ կտրման պահ), որի դրությամբ հաշվարկվում են տվյալ գնահատման օրվա ֆոնդի զուտ ակտիվների արժեքը:»,

3) Կանոնակարգի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Արտարժույթը և արտարժութային ակտիվներն արտացոլվում են Հայաստանի Հանրապետության դրամով ֆոնդի զուտ ակտիվների արժեքի գնահատման օրվա կտրման պահի դրությամբ՝ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտարժույթի առուվաճառքի սակարկություններ իրականացնող անձի կողմից կազմակերպված արտարժույթի շուկայում տվյալ արտարժույթով առևտրային նստաշրջանի վերջին գործարքի գնով, իսկ դրա բացակայության դեպքում` տվյալ արտարժույթի համար գնահատման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած հաշվարկային փոխարժեքով:»,

4) Կանոնակարգի 13-րդ և 14-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Բանկային հաշիվներում, դրամական միջոցների հաշվառման հաշիվներում առկա միջոցների և բանկային ավանդների (սույն գլխում այսուհետ՝ հաշիվ) արժեքը որոշվում է ֆոնդի կանոններով սահմանված կտրման պահի դրությամբ տվյալ հաշիվներում առկա մնացորդային գումարների և հաշվեգրված ու չստացված տոկոսագումարների հանրագումարով:

14. Հաշիվների համար հաշվարկված, սակայն դեռևս չստացված տոկոսները հաշվառվում են որպես հաշվեգրված եկամուտ ֆոնդի կանոններով սահմանված կտրման պահի դրությամբ:»,

5) Կանոնակարգը 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1 կետով.

«14.1 Սույն կանոնակարգի 13-րդ կետում նշված դրամական միջոցների հաշվառման հաշիվը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 242-Ն որոշմամբ հաստատված «Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից լրացուցիչ գործունեության տեսակները, դրանց իրականացման կարգը և պայմանները» կանոնակարգ 5/09-ով նախատեսված՝ դրամական միջոցների հաշվառման նպատակով Կենտրոնական դեպոզիտարիայում բացված հաշիվն է:»,

6) Կանոնակարգի 15-րդ կետում «օրը տվյալ արժեթղթի» բառերը փոխարինել «օրվա տվյալ արժեթղթի գնահատման օրվա» բառերով,

7) Կանոնակարգի 16-րդ կետում «(առկա չէ)» բառերից հետո լրացնել «գնահատման օրվա կտրման պահի դրությամբ» բառերը,

8) Կանոնակարգի 17-րդ կետում «Կանոնակարգի 17.1 և 17.2 կետերով նախատեսված դեպքերի» բառերը փոխարինել «կանոնակարգի 17.2 կետով նախատեսված դեպքի» բառերով, իսկ «օրը» բառը փոխարինել «օրվա» բառով,

9) Կանոնակարգի 17.1 կետը ուժը կորցրած ճանաչել,

10) Կանոնակարգի 17.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17.2. Օտարերկրյա պարտքային արժեթուղթը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից թողարկված արտարժույթով արտահայտված արժեթուղթը կարող է գնահատվել միջազգային ֆինանսական շուկայում ընդունված տեղեկատվական աղբյուրներից ստացված գնով, եթե տեղեկատվական աղբյուրները սահմանվում են ֆոնդի կանոններով կամ կառավարչի ներքին իրավական ակտերով:»,

11) Կանոնակարգի 19-րդ կետում «16-րդ և 18-րդ» բառերը փոխարինել «15-18-րդ» բառերով,

12) Կանոնակարգի 19-րդ կետը «որոշված գինը:» բառերից հետո լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Եթե օտարերկրյա արժեթղթերի գծով գնահատման օրվան հաջորդող ոչ աշխատանքային օրվա համար առկա է սույն կանոնակարգի 15-18-րդ կետերով սահմանված նոր գին, ապա տվյալ արժեթղթի գնահատման համար կարող է հիմք ընդունվել այդ կետերի համաձայն ստացված նոր գինը:»,

13) Կանոնակարգի 21-րդ կետում «ձևավորված գինը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի» բառերը,

14) Կանոնակարգի 22-րդ կետում հանել «` անհրաժեշտության դեպքում հաշվի առնելով տվյալ արժեթղթի ցածր իրացվելիության համար նվազեցումը» բառերը,

15) Կանոնակարգի 23-րդ կետը «սույն գլխով:» բառերից հետո լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Եթե օտարերկրյա ֆոնդերի փայերի (բաժնետոմսերի) գծով գնահատման օրվան հաջորդող ոչ աշխատանքային օրվա համար հրապարակվել է սույն կետով սահմանված նոր հաշվարկային արժեք, ապա տվյալ ֆոնդի փայի (բաժնետոմսի) գնահատման համար կարող է հիմք ընդունվել նոր հրապարակված հաշվարկային արժեք:»,

16) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ գլուխ 11.1-ով.

 

«ԳԼՈՒԽ 11.1

 

ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

35.1. Պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդի ակտիվներում ներառված՝ Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված պետական արժեթղթերը գնահատվում են գնահատման օրվա կտրման պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակվող Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի հիման վրա:

35.2. Պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդի ակտիվներում ներառված օտարերկրյա կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթուղթը գնահատվում է գնահատման օրվա կտրման պահի դրությամբ միջազգային ֆինանսական շուկայում ընդունված տեղեկատվական աղբյուրներից տվյալ արժեթղթի համար ստացված գնով, եթե տեղեկատվական աղբյուրները սահմանվում են ֆոնդի կանոններով կամ կառավարչի ներքին իրավական ակտերով: Սույն կետում նշված տեղեկատվական աղբյուրները սահմանող կառավարչի ներքին իրավական ակտերը (ներառյալ դրանցում փոփոխությունները) տրամադրվում են Կենտրոնական բանկին, ինչպես նաև համապատասխան ֆոնդի պահառուին:

35.3. Եթե սույն կանոնակարգի 35.1 և 35.2 կետերով սահմանված գները հասանելի չեն (առկա չեն) գնահատման օրվա դրությամբ վերջին 30 աշխատանքային օրերից ոչ մեկի համար, ապա պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդի ակտիվներում ներառված կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթղթի արժեքը որոշվում է սույն կանոնակարգի 4-րդ գլխով սահմանված կարգով:

35.4. Պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդի ակտիվներում ներառված կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված փակ կամ միջակայքային ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) արժեքը որոշվում է գնահատման օրը կտրման պահի դրությամբ տվյալ ֆոնդի փայի (բաժնետոմսի) վերջին հրապարակված հաշվարկային արժեքով, իսկ դրա բացակայության դեպքում՝ գնահատման օրը գնահատման պահի դրությամբ տվյալ ֆոնդի փայի (բաժնետոմսի) վերջին հայտնի փակման գնով: Եթե փակ կամ միջակայքային ֆոնդերի փայերի (բաժնետոմսերի) գծով գնահատման օրվան հաջորդող ոչ աշխատանքային օրվա համար հրապարակվել է սույն կետով սահմանված նոր հաշվարկային արժեք, ապա տվյալ ֆոնդի փայի (բաժնետոմսի) գնահատման համար կարող է հիմք ընդունվել նոր հրապարակված հաշվարկային արժեք:»,

17) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ գլուխ 17-ով.

 

«Գ Լ ՈՒ Խ 17

 

ՖՈՆԴԻ ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՍԽԱԼՆԵՐԻ ԷԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԷԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ԵՎ ՖՈՆԴԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

42. Ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկում սխալ տեղի ունենալու դեպքում կառավարիչը պարտավոր է ճշգրտել այն՝ բացառելով սխալի առկայությունը ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հետագա հաշվարկում:

43. Կառավարիչը պարտավոր է ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկում բացահայտված էական սխալի մասին անմիջապես տեղեկացնել Կենտրոնական բանկին և տվյալ ֆոնդի պահառուին: Եթե սույն կանոնակարգի 44-րդ կետի համաձայն կառավարիչը էական սխալի պատճառով պետք է հատուցի մասնակիցներին և(կամ) ֆոնդին պատճառված վնասները, ապա տեղեկացումը պետք է առնվազն ներառի հետևյալ տեղեկությունները (ներկայացվում է ըստ յուրաքանչյուր ֆոնդի, եթե սխալը վերաբերում է մեկից ավելի ֆոնդերի).

1) սկզբունքները, որոնցով կառավարիչն առաջնորդվելու է պատճառված վնասի հատուցման չափը որոշելիս,

2) պատճառված վնասի հատուցման ժամկետները,

3) վնաս կրած անձանց ցուցակը (առկայության դեպքում), բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի, որի դեպքում ներկայացվում է պահառուից ստացված տեղեկատվություն վնաս կրած անձանց քանակի վերաբերյալ,

4) տեղեկատվությունը, որը բացահայտվելու է վնաս կրած անձանց:

44. Կառավարիչը պարտավոր է հատուցել ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկում տեղի ունեցած էական սխալի պատճառով մասնակիցներին և(կամ) ֆոնդին պատճառված վնասները, որոնք ներառում են.

1) ֆոնդի կրած վնասը՝ ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) մարման գծով մասնակիցներին ավել վճարված կամ ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) ձեռքբերման համար մասնակիցներից պակաս ստացված գումարի չափով,

2) համապատասխան մասնակիցների կրած վնասները՝ ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) մարման գծով պակաս ստացված կամ ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) ձեռքբերման համար մասնակիցների ավել վճարած գումարի չափով,

3) ֆոնդին կամ մասնակիցներին պատճառված այլ վնասներ, որոնք ներառված չեն սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում:

45. Ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկում էական սխալ բացահայտելու կամ դրա մասին տեղեկանալու դեպքում կառավարիչը, ի լրումն սույն կանոնակարգի 42-րդ և 43-րդ կետերով սահմանված պահանջների, պետք է ողջամիտ ժամկետում որոշի յուրաքանչյուր մասնակցին (ֆոնդին) պատճառված վնասի չափը, վնաս կրած անձանց ծանուցի պատճառված վնասի, դրա չափի և հատուցումը ստանալու կարգի ու ժամկետների մասին և իրականացնի պատճառված վնասի հատուցում: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի դեպքում կառավարիչը վնաս կրած անձանց մասին մասնակիցների ռեեստրը վարողից ստանում է միայն ամփոփ (ոչ անհատական) տեղեկատվություն, իսկ յուրաքանչյուր մասնակցին պատճառված վնասի չափի որոշումը, վնաս կրած անձանց ծանուցումը, ինչպես նաև հատուցումը իրականացնում է մասնակիցների ռեեստրը վարողը՝ կառավարչի հաշվին:

46. Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է ողջամիտ ժամկետներում ձեռնարկել բոլոր այն քայլերը, որոնք անհրաժեշտ են սույն կանոնակարգի 45-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը կառավարչին տրամադրելու, ինչպես նաև նույն կետով նախատեսված հատուցումը իրականացնելու համար:

47. Սույն գլխի իմաստով սխալը համարվում է էական, եթե.

1) դրա հետևանքով ֆոնդի զուտ ակտիվների արժեքի փոփոխությունը գերազանցում է`

ա. ֆոնդի զուտ ակտիվների արժեքի 0.25 տոկոսը՝ դրամական շուկայի ֆոնդերի համար,

բ. ֆոնդի զուտ ակտիվների արժեքի 0.3 տոկոսը՝ կենսաթոշակային ֆոնդերի համար,

գ. ֆոնդի զուտ ակտիվների արժեքի 0.5 տոկոսը, եթե ֆոնդի կանոնների (կանոնադրության) համաձայն ֆոնդի ակտիվները հիմնականում ներդրվում են պարտքային արժեթղթերում և նմանատիպ այլ գործիքներում,

դ. ֆոնդի զուտ ակտիվների արժեքի 1 տոկոսը՝ այլ ֆոնդերի համար, կամ

2) այն չի գերազանցում սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված մեծությունը, սակայն Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով էական է, հաշվի առնելով.

ա. դրա պարբերական բնույթը, կամ

բ. դրա` կառավարչի ներքին հսկողության պատշաճ գործընթացների բացակայության (դրանց չպահպանման) հետևանքով առաջանալու հանգամանքը:

48. Սույն կանոնակարգի 47-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքում վնասի մասին ծանուցումը, ինչպես նաև հատուցումը իրականացվում է միայն այն մասնակիցների գծով, որոնցից յուրաքանչյուրի կրած վնասը գերազանցում է սույն կանոնակարգի 47-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափը:

49. Պատճառված վնասի հատուցումը պետք է իրականացվի էական սխալի առկայության ողջ ժամանակահատվածի համար:

50. Ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկում էական սխալ բացահայտելու կամ դրա մասին տեղեկանալու դեպքում կառավարիչը պարտավոր է ըստ անհրաժեշտության վերանայել իր ներքին ընթացակարգերը զուտ ակտիվների արժեքի հաշվարկման սխալների հետագա կրկնությունները բացառելու նպատակով:

51. Ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկում կատարված սխալի էականությունը գնահատելիս պետք է դիտարկել միաժամանակ կամ հաջորդաբար կատարված սխալների (այդ թվում՝ ոչ էական) գումարային ազդեցությունը ֆոնդի զուտ ակտիվների արժեքի վրա:

52. Էական սխալների շտկման, ինչպես նաև հատուցման հետ կապված ծախսերը կատարվում են կառավարչի հաշվին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2017 թ. հուլիսի 12

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան