ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2017 թվականի N 1732-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1551-Ա, 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1451-Ա ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 614-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Կորյունի 15-17-19 հասցեում գտնվող՝ 7594.5 քառ. մետր մակերեսով մասնաշենքերը և 53.5 քառ. մետր մակերեսով կաթսայատունը հետ վերցնել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամից:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Կորյունի 15-17-19 հասցեում գտնվող 5-րդ մասնաշենքը, 511.5 քառ. մետր մակերեսով մարզադահլիճը` հանդերձարաններով, իսկ 53.5 քառ. մետր մակերեսով կաթսայատունը համատեղ օգտագործման իրավունքով, Մյասնիկյան պող. 2 հասցեում գտնվող՝ 1521.7 քառ. մետր մակերեսով շենքը, 32.6 քառ. մետր մակերեսով կաթսայատունը` դրանց զբաղեցրած և սպասարկման համար հատկացված 0.1772 հեկտար հողատարածքով (որից` 0.0863 հեկտար ընդհանուր օգտագործման, այսուհետ՝ անշարժ գույք), անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին:
3. Առաջարկել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի տնօրենին և Միջպետական բանկի Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությանը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում լուծել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի N 1551-Ա որոշման համաձայն կնքված վարձակալության պայմանագիրը:
4. Առաջարկել Երևանի քաղաքապետին և Միջպետական բանկի Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությանը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մեկամսյա ժամկետում, լուծել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 21-ի N 1451-Ա որոշման համաձայն կնքված վարձակալության պայմանագիրը:
5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Միջպետական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1999 թվականի հունվարի 27-ին կնքված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում Միջպետական բանկի գտնվելու պայմանների մասին համաձայնագրի 3-րդ և 4-րդ հոդվածների համաձայն կաջակցի Միջպետական բանկի Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության գործառույթների կազմակերպման նպատակով ներկայացուցչության միջոցների հաշվին անհրաժեշտ տարածքի վարձակալության հարցում:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերում նշված աշխատանքների ավարտից հետո, երկամսյա ժամկետում, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հետ կնքել 2013 թվականի հունվարի 17-ին կնքված N 15/0013 ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո, երկամսյա ժամկետում, հիմք ընդունելով չափագրման արդյունքում ստացված մակերեսները, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին:
7. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մեկամսյա ժամկետում, ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 17-ի N 614-Ա որոշման համաձայն «Երևանի Ա. Գրիբոյեդովի անվան N 41 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Վարդանանք» կրթահամալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված վարձակալության պայմանագրի լուծումը:
8. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն քաղ. Երևան, Մյասնիկյան պող. 2 հասցեում գտնվող անշարժ գույքի հիմնանորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու վերաբերյալ:
9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին ամրացված գույքի մասը վարձակալության հանձնելու մասին» N 1551-Ա, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 21-ի «Հողամասը վարձակալության հանձնելու թույլտվության մասին» N 1451-Ա և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 17-ի «Երևանի Ա. Գրիբոյեդովի անվան N 41 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության մասին պայմանագիր կնքելու թույլտվություն տալու մասին» N 614-Ա որոշումները:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. հունվարի 15 Երևան |
|