Գլխավոր տեղեկություն
Номер
N 135-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.03.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.02.24/15(1195) Հոդ.133
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.02.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.02.2016
Дата вступления в силу
05.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 փետրվարի 2016 թվականի N 135-Ն

 

ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՍՏՈՒԳՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄ ՉՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 136-րդ հոդվածի 11-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ստուգման արդյունքներով ստուգվող ապրանքների տեղափոխման հետ կապված` մաքսային գործին վերաբերող օրենսդրության դրույթների խախտում չհայտնաբերվելու դեպքում առգրավված ապրանքների պահպանման ծախսերի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. փետրվարի 22

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
փետրվարի 18-ի N 135-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՍՏՈՒԳՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄ ՉՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են արտագնա մաքսային ստուգման արդյունքներով ստուգվող ապրանքների` մաքսային գործին վերաբերող օրենսդրության խախտում չհայտնաբերվելու դեպքում առգրավված ապրանքների պահպանման համար անձի կողմից կատարված ծախսերը մաքսային մարմինների կողմից փոխհատուցման հետ կապված հարաբերությունները:

2. Մաքսային միության մաքսային օրենսգրքի 132-րդ հոդվածին համապատասխան իրականացված արտագնա մաքսային ստուգման արդյունքում առգրավված և ժամանակավոր պահպանության պահեստում տեղակայված ապրանքների պահպանման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, եթե մաքսային ստուգման ընթացքում Եվրասիական տնտեսական միության և Հայաստանի Հանրապետության` մաքսային գործին վերաբերող օրենսդրության դրույթների խախտումներ չեն բացահայտվել:

3. Մաքսային մարմինների կողմից ծախսերը փոխհատուցվում են «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 136-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված անձի դիմումի (այսուհետ` դիմում) հիման վրա:

4. Դիմումը ներկայացվում է այն մաքսային մարմնի ղեկավարի անվամբ, որն առգրավել է ապրանքները:

5. Դիմումում նշվում են հետևյալ տեղեկությունները՝

1) դիմումատուի անունը, հայրանունը, ազգանունը.

2) դիմումատուի անձնագրի տվյալները.

3) դիմումատուի փաստացի բնակության վայրը.

4) ծախսերի փոխհատուցման հիմքը.

5) ապրանքները ժամանակավոր պահպանության պահեստում տեղակայելու ամսաթիվը.

6) ժամանակավոր պահպանության պահեստը տիրապետողի անվանումը.

7) դրամական միջոցների փոխանցման նպատակով բանկային հաշվի վավերապայմանները:

6. Դիմումին կից ներկայացվում են՝

1) ժամանակավոր պահպանության պահեստում ապրանքների պահպանման ծախսերի կատարումը հավաստող փաստաթղթերի բնօրինակները.

2) մաքսային ստուգման ժամանակ առգրավված ապրանքների վերադարձման վերաբերյալ արձանագրության կրկնօրինակը:

7. Դիմումը մաքսային մարմնի կողմից ուսումնասիրվում է այն ներկայացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետի ընթացքում մաքսային մարմինն ընդունում է որոշում ծախսերի փոխհատուցման կամ փոխհատուցման իրականացումը մերժելու մասին, որում նշվում են մերժման հիմքերը: Մաքսային մարմինը դիմումի ուսումնասիրության արդյունքների հիման վրա համապատասխան որոշում ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին է ուղարկում ընդունված որոշման պատճենը:

8. Դիմողի կողմից ներկայացված՝ սույն կարգի 5-րդ և (կամ) 6-րդ կետերում նշված փաստաթղթերն ու տեղեկությունները թերի լինելու դեպքում մաքսային մարմինը դիմողին գրավոր ծանուցում է թերի ներկայացված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները համալրելու անհրաժեշտության մասին, ընդ որում, սույն կարգի 7-րդ կետում նշված ժամկետը կասեցվում է դիմողին նշված ծանուցումը ներկայացնելու պահից մինչև դիմողի կողմից փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ ներկայացվելը, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:

9. Դիմողի կողմից ներկայացված՝ սույն կարգի 5-րդ և (կամ) 6-րդ կետերում նշված փաստաթղթերը և (կամ) տեղեկություններն ակնհայտ կեղծ լինելու դեպքում, ինչպես նաև սույն կարգի 8-րդ կետում նշված ժամկետում լրացուցիչ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները չստանալու դեպքում մաքսային մարմինն ընդունում է որոշում փոխհատուցման իրականացումը մերժելու մասին և տեղեկացնում է դիմողին սույն կարգի 7-րդ կետում նշված ձևով ու ժամկետներում` հաշվի առնելով սույն կարգի 8-րդ կետով սահմանված` որոշման ընդունման ժամկետի կասեցման վերաբերյալ դրույթները:

10. Մաքսային մարմնի կողմից ծախսերի փոխհատուցման մասին որոշում ընդունվելու դեպքում մաքսային մարմնի կողմից դրամական միջոցների փոխանցումը դիմումում նշված բանկային հաշվին իրականացվում է մաքսային մարմնի կողմից ծախսերի փոխհատուցման մասին որոշման ընդունումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան