ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2009 թվականի N 1333-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 124 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման ոչ տարիֆային կարգավորման մասին» N 124 որոշման 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Ռազմական նշանակության արտադրանք չհամարվող պայթուցիկ նյութերի, միջուկային նյութերի (ներառյալ ջերմաարտադրիչների տեսքով նյութերը) տեխնոլոգիաների, սարքավորումների, տեղակայանքների, հատուկ ոչ միջուկային նյութերի և դրանց հետ կապված ծառայությունների, իոնացնող ճառագայթման աղբյուրների, ինչպես նաև թմրադեղերի արտահանման և ներմուծման թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Առողջապահության բնագավառում oգտագործվող` կարճ երաշխիքային ժամկետ ունեցող և ռազմական նշանակության արտադրանք չհամարվող իոնացնող ճառագայթման աղբյուրների (սարքավորումներ, ռադիոակտիվ նյութեր, պատրաստուկներ) արտահանման և ներմուծման թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը` արտահանման ժամանակ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:
Ռազմական նշանակության արտադրանք համարվող ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, միջուկային նյութերի (ներառյալ ջերմաարտադրիչների տեսքով նյութերը) տեխնոլոգիաների, սարքավորումների, տեղակայանքների, հատուկ ոչ միջուկային նյութերի և դրանց հետ կապված ծառայությունների, իոնացնող ճառագայթման աղբյուրների արտահանումը և ներմուծումը լիցենզավորման ենթակա գործունեություն է և իրականացվում է օրենքով սահմանված կարգով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2009 թ. նոյեմբերի 26 Երևան
վարչապետ Տ. Սարգսյան