ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ՀՅՔԴ4/0048/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ՀՅՔԴ4/0048/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան | |
Դատավորներ՝ Գ. Մատինյան Ն. Տավարացյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Է. Հայրիյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. Խունդկարյան | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի դեկտեմբերի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ժաննա Մանուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.02.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ Սուսաննա Մովսիսյանի հայցի ընդդեմ Ժաննա Մանուկյանի, Սյուզաննա, Լուսինե և Սեդա Մովսիսյանների, երրորդ անձ Գյումրու նոտարական տարածքի նոտարի` անարժան ժառանգներին ժառանգությունից մեկուսացնելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, նոտարական գործարքն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Սուսաննա Մովսիսյանը պահանջել է Ժաննա Մանուկյանին, Սյուզաննա, Լուսինե և Սեդա Մովսիսյաններին որպես անարժան ժառանգներ մեկուսացնել ժառանգությունից և մոր` Սեդա Բիչախչյանի և եղբոր` Վարդան Մովսիսյանի ժառանգական գույքի` Գյումրու Օրջոնիկիձեի թիվ 159 տան նկատմամբ ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ:
Դիմելով դատարան՝ Սուսաննա Մովսիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Գյումրու Օրջոնիկիձեի թիվ 159 տան նկատմամբ Ժաննա Մանուկյանի անվամբ 19.11.2007 թվականին կատարված ժառանգության իրավունքի գրանցումը և դրա հիման վրա տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը:
ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 02.07.2008 թվականի որոշմամբ վերոնշյալ գործերը միացվել է մեկ վարույթում:
Դատարանի 14.10.2008 թվականի վճռով հայցերը մերժվել են:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 06.02.2009 թվականի որոշմամբ Սուսաննա Մովսիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն: Որոշվել է. «դատարանի 14.10.2008թ. թիվ 4/0048/02/08 վճիռը մասնակիորեն բեկանել և այն փոփոխել՝ անվավեր ճանաչել Սեդա Բիչախչյանի ժառանգության վերաբերյալ Ժաննա Մանուկյանին 19.11.2008թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, Սուսաննա Մովսիսյանին ճանաչել Սեդա Բիչախչյանի ժառանգությունն ընդունած ժառանգ»: Վճիռը մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ժաննա Մանուկյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սուսաննա Մովսիսյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ, 53-րդ, 54-րդ հոդվածները, 220-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ ենթակետը, որի արդյունքում խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ Սահմանդրության 31-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, 1226-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 6-րդ մասը, 1227-րդ և 1232-րդ հոդվածների 1-ին մասերը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, որի արդյունքում առանց թույլատրելի ապացույցների Սուսաննա Մովսիսյանին ճանաչել է Սեդա Բիչախչյանի ժառանգական գույքը փաստացի տիրապետման և կառավարման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Սեդա Բիչախչյանի ժառանգական գույքը փաստացի տիրապետման և կառավարման հիմքով ժառանգությունն ընդունել է որդին` Վարդան Մովսիսյանը՝ մոր մահվանից հետո միջոցներ ձեռնարկելով վիճելի տունը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից և հավակնություններից պաշտպանելու համար, իր հաշվին կատարելով գույքը պահպանելու ծախսեր: Ավելին, Վերաքննիչ դատարանը, Սուսաննա Մանուկյանին ճանաչելով Սեդա Բիչախչյանի ժառանգությունն ընդունած ժառանգ, չի նշել նրա բաժինը: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը որոշման «Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումները» բաժնում նշել է. «Վերաքննիչ դատարանը գտավ, որ Վճիռը՝ Սեդա Բիչախչյանի ժառանգության վերաբերյալ Ժաննա Մանուկյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, դրա վերաբերյալ հայցվորին ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին հայցը մերժելու մասով պետք է բեկանել և փոփոխել՝ նշված վկայագիրն անվավեր ճանաչել, հայցվորին ճանաչել իր մոր՝ Սեդա Բիչախչյանի ժառանգությունն ընդունած ժառանգ՝ ժառանգական գույքի 3/4-րդ մասի կեսի վերաբերյալ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մյուս մասը ժառանգել է Վարդան Մովսիսյանը, վճիռը մնացած մասով պետք է թողնել օրինական ուժի մեջ», մինչդեռ, Վերաքննիչ դատարանը եզրափակիչ մասում նշել է. «14.10.2008 թվականի թիվ 4/0048/02/08 վճիռը մասնակիորեն բեկանել և փոփոխել՝ անվավեր ճանաչել Սեդա Բիչախչյանի ժառանգության վերաբերյալ Ժաննա Մանուկյանին 19.11.2008թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, Սուսաննա Մովսիսյանին ճանաչել Սեդա Բիչախչյանի ժառանգութունն ընդունած ժառանգ»:
Այսինքն, Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերը չեն համապատասխանում միմյանց:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.02.2009 թվականի որոշման` հայցը բավարարելու մասը և այն փոփոխել` հայցը մերժել, կամ բեկանել Վերաքննիչ դատարանի 06.02.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 14.10.2008 թվականի վճռին:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, նշված որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման: Մասնավորապես, Սեդա Բիչախչյանի ժառանգության վերաբերյալ Ժաննա Մանուկյանին տրվել է ոչ իրավաչափ ժառանգության իրավունքի վկայագիր, այն է՝ Ժաննա Մանուկյանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1221-րդ հոդվածով նախատեսված սուբյեկտ չէ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Սուսաննա և Վարդան Մովսիսյանները Սեդա Բիչախչյանի զավակներն են, Ժաննա Մանուկյանը Վարդան Մովսիսյանի կինն է, իսկ Սյուզաննա, Լուսինե և Սեդա Մովսիսյանները Վարդան Մովսիսյանի զավակներն են:
2. Սեդա Բիչախչյանը մահացել է 10.12.2005 թվականին, իսկ Վարդան Մովսիսյանը` 03.05.2007 թվականին (հատոր 1-ին, գ.թ.22,23):
3. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման 17.03.2008 թվականի թիվ Կգ-392 գրության համաձայն` Գյումրու Օրջոնիկիձեի թիվ 159 տունը սեփականության իրավունքով պատկանել է Անուշավան Մովսիսյանին, հիմք` 09.07.1957 թվականի առուվաճառքի պայմանագիրը: 03.06.1986 թվականի ըստ օրենքի ժառանության իրավունքի թիվ 1-2213 և թիվ 1-2212 վկայագրերի հիմքով նշված տան սեփականատերեր են Սեդա Բիչախչյանը 3/4 բաժնով, իսկ Վարդան Մովսիսյանը 1/4 բաժնով (հատոր 1-ին, գ.թ.12):
4. 19.11.2007 թվականի թիվ 7014 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` 10.12.2005 թվականին մահացած Սեդա Բիչախչյանի ժառանգական գույքի` Գյումրու Օրջոնիկիձեի թիվ 159 տան 3/4 բաժնի նկատմամբ ժառանգ է ճանաչվել հարսը` Ժաննա Մանուկյանը, իսկ թոռները` Սյուզաննա, Լուսինե և Սեդա Մովսիսյանները, հրաժարվել են ժառանգությունից հօգուտ իրենց մոր` Ժաննա Մանուկյանի (հատոր 1-ին, գ.թ.17):
5. 19.11.2007 թվականի թիվ 7015 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` 03.05.2007 թվականին մահացած Վարդան Մովսիսյանի ժառանգական գույքի` Գյումրու Օրջոնիկիձեի թիվ 159 տան 1/4 բաժնի նկատմամբ ժառանգ է ճանաչվել կինը` Ժաննա Մանուկյանը, իսկ դստրերը` Սյուզաննա, Լուսինե և Սեդա Մովսիսյանները, հրաժարվել են ժառանգությունից հօգուտ իրենց մոր` Ժաննա Մանուկյանի (հատոր 1-ին, գ.թ.31):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը`
1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.
2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր.
3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական և փաստական հիմնավորումները:
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը (տե՛ս, Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների, Քանաքեռավանի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման՝ Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշումը, սեփականության իրավունքի պետական գրանցումը, գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու և համասեփականատեր ճանաչելու և Արմեն Խաչատրյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Թեհմինե Խաչատրյանի՝ բնակության իրավունքը դադարեցնելու և բնակելի տարածությունից վտարելու պահանջների մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ ԿԴ03/0026/02/08):
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով գործում առկա ապացույցները և կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ-1227-րդ հոդվածները, որոշման պատճառաբանական մասում իրավացիորեն նշել է, որ ժառանգատու Սեդա Բիչախչյանի որդու` Վարդան Մովսիսյանի կինը` պատասխանող Ժաննա Մանուկյանը, Սեդա Բիչախչյանի ժառանգական գույքը ներկայացման իրավունքով ժառանգելու սուբյեկտ չէ, ավելին, Սեդա Բիչախչյանի ըստ օրենքի ժառանգներ են Սուսաննա և Վարդան Մովսիսյանները, որոնք փաստացի տիրապետման և կառավարման հիմքով ընդունել են ժառանգությունը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գալով այն եզրահանգման, որ «Դատարանի վճիռը Սեդա Բիչախչյանի ժառանգության վերաբերյալ Ժաննա Մանուկյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, դրա վերաբերյալ հայցվորին ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին հայցը մերժելու մասով պետք է բեկանել և փոփոխել` նշված վկայագիրն անվավեր ճանաչել, հայցվորին ճանաչել իր մոր` Սեդա Բիչախչյանի ժառանգությունն ընդունած ժառանգ` ժառանգական գույքի վիճելի տան 3/4-րդ մասի կեսի վերաբերյալ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մյուս մասը ժառանգել է Վարդան Մովսիսյանը, վճիռը մնացած մասով պետք է թողնել օրինական ուժի մեջ», միաժամանակ իր իսկ որոշման եզրափակիչ մասում նշել է, որ Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանել և փոփոխել, այն է` «անվավեր ճանաչել Սեդա Բիչախչյանի ժառանգության վերաբերյալ Ժաննա Մանուկյանին 19.11.2008թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, Սուսաննա Մովսիսյանին ճանաչել Սեդա Բիչախչյանի ժառանգությունն ընդունած ժառանգ: Վճիռը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ»:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշման եզրափակիչ մասը չի բխում պատճառաբանական մասում կատարված եզրահանգումից, այն է` որոշման եզրափակիչ մասում չմասնավորեցնելով ժառանգության իրավունքի վկայագրի անվավեր ճանաչվող մասը` անվավեր է ճանաչվել վեճի առարկա ժառանգության իրավունքի վկայագիրն ամբողջությամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սեդա Բիչախչյանի ժառանգական գույքի` Գյումրու Օրջոնիկիձեի թիվ 159 տան 3/4 բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգներ են Սուսաննա և Վարդան Մովսիսյանները: Մասնավորապես, Սուսաննա Մովսիսյանի բաժինը կազմում է 3/8 (3/4 :2), իսկ Վարդան Մովսիսյանի բաժինը` 5/8(3/4 :2+1/4), որի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ է Ժաննա Մանուկյանը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի նշված խախտման առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.02.2009 թվականի որոշման` հայցը բավարարելու մասը և այն փոփոխել. Ճանաչել Սուսաննա Մովսիսյանի սեփականության իրավունքը Գյումրու Օրջոնիկիձեի թիվ 159 տան 3/8 բաժնի նկատմամբ և այդ մասով անվավեր ճանաչել Գյումրու Օրջոնիկիձեի թիվ 159 տան նկատմամբ Ժաննա Մանուկյանի անվամբ 19.11.2007 թվականին կատարված ժառանգության իրավունքի գրանցումը և դրա հիման վրա տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը: Ճանաչել Ժաննա Մանուկյանի սեփականության իրավունքը Գյումրու Օրջոնիկիձեի թիվ 159 տան 5/8 բաժնի նկատմամբ: Հայցը մնացած մասով մերժել:
2. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.02.2009 թվականի որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Է. Հայրիյան |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Ե. Խունդկարյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |