«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2006 թվականի N 303-Ն
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ԳՈՐԾԻ ՁԵՎԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 85-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
ա) փրկարարական ծառայության կենսաթոշակառուի գործի ձևը և վարման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) փրկարարական ծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների նշանակման ու սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ 2006 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության կողմից «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության զինծառայողներին նշանակված կենսաթոշակները վճարում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենին՝ սույն որոշման 2-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով երկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության զինվորական կենսաթոշակառուների գործերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի հետ համատեղ սույն որոշման 3-րդ կետի համաձայն ապահովել զինծառայողներին նշանակված կենսաթոշակների վճարման համար անհրաժեշտ գումարների վերահատկացումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ԳՈՐԾԻ ՁԵՎԻ ԵՎ ՎԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու, հաշվարկելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործը (փաստաթղթերը) վարելու կանոնները:
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող և բնակվող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց վրա:
3. Ազատազրկման վայրում գտնվող ազատազրկված փրկարարական ծառայողներին կենսաթոշակ նշանակվում և վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1457-Ն որոշմամբ սահմանված կարգով:
II. ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ
4. Կենսաթոշակի նշանակման համար անձը (այդ թվում` Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառում չունեցող անձը) իր գրավոր դիմումը` համաձայն N 1 ձևի, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմի սոցիալական ապահովության հարցերի ստորաբաժանում (այսուհետ՝ ստորաբաժանում):
(4-րդ կետը փոփ. 21.08.08 N 1042-Ն)
5. Անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված կամ մինչև 16 տարեկան անչափահաս անձին կենսաթոշակ նշանակելու համար ստորաբաժանում գրավոր դիմում է ներկայացնում ծնողը (որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն):
Եթե անչափահաս կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի օրինական ներկայացուցիչը համապատասխան կազմակերպությունն է (մանկատունը կամ հոգեբուժարանը), որտեղ գտնվում է անչափահաս կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձը, ապա նրան կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ստորաբաժանում է ներկայացնում այդ կազմակերպության ղեկավարը կամ նրա լիազորած անձը:
16 տարեկան անձն իրավունք ունի կենսաթոշակի համար դիմելու անձամբ:
6. Կենսաթոշակը վերահաշվարկելու կամ կենսաթոշակի տեսակը փոխելու համար դիմումը ներկայացվում է ստորաբաժանում:
Դիմումը գրանցվում է դիմումների հաշվառման մատյանում` համաձայն N 2 ձևի:
III. ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼԸ), ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿԸ ՓՈԽԵԼԸ, ԿԱՍԵՑՎԱԾ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՎԵՐՍԿՍԵԼԸ
7. Կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու) կամ կենսաթոշակի տեսակը փոխելու համար ներկայացված դիմումը և սահմանված անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ ստորաբաժանումը`
ա) դիմումում լրացված տվյալները համեմատում է անձնագրի և ներկայացված փաստաթղթերի տվյալների հետ.
բ) փաստաթղթերի բնօրինակները համեմատում է դրանց պատճենների հետ.
գ) հաշվառում է անձի դիմումը` դիմումների հաշվառման մատյանում և տալիս տեղեկանք` համաձայն N 1 ձևի, որտեղ նշում է դիմումն ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը, իսկ անհրաժեշտ փաստաթղթերը պակաս լինելու դեպքում` լրացուցիչ պահանջվող փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու ժամկետները.
դ) լրացուցիչ փաստաթուղթ ներկայացվելու դեպքում փաստաթղթի և դիմողին տրված նախկին ստացականի վրա, առանց տեքստը վնասելու, նշում է ստանալու օրը, ամիսը, տարեթիվը և ստորագրում:
8. Հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձի հաշմանդամությունը հավաստող տեղեկանքի հիման վրա, որի «Փորձաքննություն» տողում նշված առաջին ամսաթիվը համարվում է անձի հաշմանդամությունը սահմանելու օրը:
Հաշմանդամության կենսաթոշակը, հաշմանդամության խմբի փոփոխման դեպքում, վերահաշվարկվում է` առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի, բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձի հաշմանդամությունը հավաստող տեղեկանքի հիման վրա:
9. Ստորաբաժանումը դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո` օրենքով սահմանված ժամկետներում քննարկում և ընդունում է որոշում կենսաթոշակ նշանակելու կամ կենսաթոշակ նշանակելը մերժելու, կամ կենսաթոշակի տեսակը փոխելու, կամ կենսաթոշակի տեսակը փոխելը մերժելու մասին:
Ստորաբաժանումը կենսաթոշակի հաշվարկումը (վերահաշվարկումը), վճարման կասեցումը կամ դադարեցումը ձևակերպում է համապատասխան կենսաթոշակի հաշվարկի քարտով և եզրակացությամբ, որոնք կցվում են կենսաթոշակի գործին:
Կենսաթոշակի վճարումը դադարեցնելու մասին եզրակացության պատճենը 5 աշխատանքային օրվա ընթացքում անձին առաքվում է փոստով կամ տրվում է անձամբ:
10. Կերակրողին կորցնելու դեպքում, ընտանիքի անդամի պահանջով, կենսաթոշակի բաժին առանձնացնելիս` անհրաժեշտության դեպքում կազմվում է կենսաթոշակի նոր գործ` սույն կարգին համապատասխան:
11. 1992 թվականի մայիսի 15-ի «ԱՊՀ անդամ պետությունների զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության և պետական ապահովագրության մասին» համաձայնագրի մասնակից պետությունների` Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակ է նշանակվում` ըստ Հայաստանի Հանրապետությունում նրանց հաշվառման վայրի, եթե նախկին բնակության երկրում նրանց նշանակված կենսաթոշակի վճարումը դադարեցված է:
Կենսաթոշակը նշանակվում է նախկին բնակության երկրում կենսաթոշակի վճարումը դադարեցված լինելու մասին տեղեկանքի և կենսաթոշակ նշանակող մարմնից ստացված կենսաթոշակի գործի հիման վրա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
12. Ստորաբաժանումը կենսաթոշակները վերահաշվարկում է`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր անգամ բազային կենսաթոշակի չափի բարձրացման մասին որոշման ընդունումից հետո` առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի.
բ) կենսաթոշակառուի կողմից լրացուցիչ փաստաթուղթ ներկայացվելու դեպքում` գրավոր դիմումի հիման վրա:
13. Կասեցված կամ դադարեցված կենսաթոշակի վճարումը վերսկսվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով: Կենսաթոշակի վճարման կասեցումից կամ դադարեցումից հետո չստացված կենսաթոշակի գումարը հաշվարկվում է` հաշվի առնելով կասեցումից կամ դադարեցումից հետո ընկած ժամանակահատվածում կենսաթոշակի չափի հաշվարկման (վերահաշվարկման)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանների փոփոխությունները: Վճարման ենթակա կենսաթոշակի չափը հաշվարկվում է կենսաթոշակառուի դիմելու օրվա դրությամբ գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
14. Մինչև 1915 թվականը ներառյալ` Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում ծնված, Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին նշանակված (վերահաշվարկված) կենսաթոշակին տրվում է այդ կենսաթոշակի 50 տոկոսի չափով ամենամսյա հավելում:
15. Կենսաթոշակ նշանակելիս` օտար լեզվով ձևակերպված փաստաթղթերն ընդունվում են հայերեն թարգմանված, որոնց իսկությունը պետք է վավերացված լինի նոտարի կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկի կողմից:
IV. ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼԸ
16. Յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը կենսաթոշակառուին վճարվում է ստորաբաժանման կողմից վճարում իրականացնող մարմին ներկայացված հայտի հիման վրա:
17. Օտարերկրյա պետություն (բացի 1992 թվականի մայիսի 15-ի «ԱՊՀ անդամ պետությունների զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության և պետական ապահովագրության մասին» համաձայնագրի անդամ պետություններից) մշտական բնակության մեկնող կենսաթոշակառուին` հաշվառումից դուրս գալուց և ստորաբաժանում գրավոր դիմում ներկայացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում կենսաթոշակ է վճարվում օրենքով սահմանված չափով, որից հետո կենսաթոշակի վճարումը դադարեցվում է, իսկ կենսաթոշակի գործին կցվում են կենսաթոշակառուի դիմումը և անձնագրի պատճենը: Վճարման ենթակա ժամանակահատվածը հաշվարկվում է կենսաթոշակառուի դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Սույն կետով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալուց հետո ստորաբաժանում կենսաթոշակի նշանակման հարցով դիմած անձին կենսաթոշակ է նշանակվում դիմելու օրվանից, բայց օրենքով սահմանված ժամկետն ավարտվելուց ոչ շուտ, որի համար նրան նախապես կենսաթոշակ է վճարվել:
18. Հաշմանդամության խումբը փոխվելու դեպքում` օրենքով նշանակված հաշմանդամության կենսաթոշակը նոր չափով վճարվում է այդ հանգամանքն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող` ուսումնական հաստատությունում առկա ուսուցմամբ սովորողներին կենսաթոշակ վճարվում է` մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբեր ամիսը: Կենսաթոշակի վճարումը վերսկսվում է սեպտեմբեր ամսվանից, եթե ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանք է ներկայացվում` մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը: Նշված ժամկետից ուշ տեղեկանք ներկայացվելու դեպքում կենսաթոշակի վճարումը վերսկսվում է տեղեկանքը ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Ուսումնական տարվա ընթացքում ուսման դադարեցման դեպքում կենսաթոշակառուն դրա մասին տեղեկացնում է ստորաբաժանմանը, որը սահմանված կարգով դադարեցնում է կենսաթոշակի վճարումը: Կենսաթոշակի վճարումը վերսկսվում է կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելու օրվանից:
19. Անչափահաս կամ անգործունակ, կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի կենսաթոշակը վճարվում է ծնողին (որդեգրողին, խնամակալին, հոգաբարձուին):
16 տարեկան անձն իրավունք ունի կենսաթոշակ ստանալու անձամբ:
20. Կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա կենսաթոշակի 15-ապատիկի չափով (ներառյալ կենսաթոշակի նկատմամբ հաշվարկվող` օրենքով սահմանված հավելումները) վճարվում է թաղման նպաստ: Հուղարկավորությունը կատարած անձը թաղման նպաստ ստանալու համար` օրենքով սահմանված ժամկետում գրավոր դիմում է ստորաբաժանում` ներկայացնելով կենսաթոշակառուի մահվան վկայականը և դրա պատճենը: Մահվան վկայականի բնօրինակը կնքվում է վճարումն իրականացրած մարմնի կողմից, որի վրա կատարվում է գրառում` «Թաղման նպաստը վճարված է»: Կենսաթոշակառուի մահվան վկայականի պատճենը կարվում է կենսաթոշակի գործին, կենսաթոշակի գործը դադարեցվում է, իսկ բնօրինակը վերադարձվում դիմողին:
21. Հաշմանդամության փորձաքննության ժամկետը լրացած և 3 ամսվա ընթացքում փորձաքննության չներկայացած անձի մահվան դեպքում թաղման նպաստ վճարվում է ընտանիքի անդամի կամ հուղարկավորությունը կատարած անձի` օրենքով սահմանված ժամկետում ստորաբաժանում ներկայացրած գրավոր դիմումի, կենսաթոշակառուի մահվան վկայականի, դրա պատճենի և բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից տրված՝ անձի վերափորձաքննության չներկայանալու մասին տեղեկանքի հիման վրա:
22. Կենսաթոշակառուի մահվան պատճառով չստացված կենսաթոշակի գումարները վճարվում են նրա ընտանիքի անդամներին: Նշված գումարները վճարվում են, եթե դրա համար անհրաժեշտ փաստաթղթերը` դիմումի հետ միասին, ներկայացվում են օրենքով սահմանված 6-ամսյա ժամկետում, իսկ այդ ժամկետից ուշ` ժառանգության իրավունքի վկայագիրը ներկայացնող ժառանգին:
23. Ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո մահացած փրկարարական ծառայողի ընտանիքի անդամներին օրենքով սահմանված կարգով նշանակվում է սոցիալական կենսաթոշակ` կերակրողին կորցնելու համար:
V. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՐԾԻ ՁԵՎԸ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՐԾԵՐԸ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ) ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ
24. Կենսաթոշակի գործը հաշվառում և վարում է ստորաբաժանումը:
25. Կենսաթոշակի նշանակման (մերժման) մասին հաշվարկ-եզրակացության, փրկարարական ծառայության ժամկետի և ապահովագրական ստաժի հաշվարկի, կենսաթոշակի վկայականի և կենսաթոշակի հաշվարկի քարտի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենը:
(25-րդ կետը փոփ. 21.08.08 N 1042-Ն)
26. Կենսաթոշակ նշանակելու մասին հաշվարկ-եզրակացությունը, դիմումը և մյուս անհրաժեշտ փաստաթղթերը հաջորդաբար կարվում են, և կազմվում է կենսաթոշակի գործ, որի էջերը համարակալվում են: Կենսաթոշակի գործին տրվում է հերթական համար` գրանցելով կենսաթոշակի գործերի հաշվառման գլխավոր մատյանում` համաձայն N 3 ձևի:
27. Կենսաթոշակի տեսակը փոխվելիս` կենսաթոշակի գործի տիտղոսաթերթի վրա կենսաթոշակի տեսակի անվանման վրա գիծ է քաշվում, և ընդգծվում է նոր կենսաթոշակի անվանումը: Դիմումը և ներկայացված նոր փաստաթղթերը կարվում են գործին և համարակալվում:
28. Կենսաթոշակի գործին կարվում են բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձի հաշմանդամությունը հաստատող բոլոր տեղեկանքները:
29. Կենսաթոշակի նշանակումը մերժվելու դեպքում` դիմումը և մերժման մասին եզրակացությունը կարվում են, կազմվում է գործ և պահվում ստորաբաժանման արխիվում:
30. Ստորաբաժանումը կենսաթոշակառուին տալիս է կենսաթոշակի վկայական: Վկայականը կնքում և ստորագրում է ստորաբաժանման ղեկավարը:
Կենսաթոշակի վկայականի կորստի դեպքում ստորաբաժանումը կենսաթոշակառուին տալիս է նոր վկայական, որի առաջին էջում կատարվում է «Կրկնօրինակ» գրառումը:
31. Եթե կենսաթոշակառուն Հայաստանի Հանրապետության տարածքում փոխում է իր հաշվառման վայրը, ապա գրավոր դիմում է ստորաբաժանում` ներկայացնելով բնակության վայրի մասին տեղեկանք, որի հիման վրա կենսաթոշակառուին, նրա ցանկությամբ, կենսաթոշակ վճարվում է ըստ նոր հաշվառման վայրի:
Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող ընտանիքի անդամի` բնակության այլ վայր տեղափոխվելու դեպքում` նրա գրավոր դիմումի համաձայն ստորաբաժանումն առանձնացնում է կենսաթոշակի` այդ անձի բաժինը, կազմում կենսաթոշակի նոր գործ և կենսաթոշակի առանձնացված բաժինը, նրա ցանկությամբ, վճարվում է ըստ նոր հաշվառման վայրի՝ ներկայացված տեղեկանքի հիման վրա:
32. Դադարեցված կենսաթոշակի գործերը 10 տարի պահվում են ստորաբաժանումում` ըստ համարների հերթականության: Նշված ժամկետը լրանալուց հետո` դադարեցված կենսաթոշակի գործերն ուղարկվում են արխիվ` օրենքով սահմանված կարգով պահպանման:
33. 1992 թվականի մայիսի 15-ի «ԱՊՀ անդամ պետությունների զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության և պետական ապահովագրության մասին» համաձայնագրի անդամ պետությունների կամ կենսաթոշակային ապահովության մասին Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ պայմանագիր կնքած պետություն մշտական բնակության մեկնող անձի կենսաթոշակի գործը կարող է առաքվել փոստով կամ կարող է անձամբ տրվել կենսաթոշակառուին` հաշվառումից դուրս եկած լինելու և գրավոր դիմում ներկայացնելու, ինչպես նաև կենսաթոշակային ապահովություն իրականացնող մարմնի պահանջագրի հիման վրա:
Առաքվող կենսաթոշակի գործը թարգմանվում է ռուսերեն, որին կցվում է նաև կենսաթոշակի վերջին վճարման մասին տեղեկանք:
Նշված համաձայնագրի անդամ չհանդիսացող պետություն կենսաթոշակի գործ չի ուղարկվում:
Ելնելով կենսաթոշակառուի ծառայության առանձնահատկություններից` անհրաժեշտության դեպքում տրամադրվում է կենսաթոշակի գործից քաղվածք պահանջվող տեղեկությունների մասին:
34. Կենսաթոշակի գործի կորստի դեպքում ստորաբաժանումը մեկամսյա ժամկետում վերականգնում է այն։
(հավելվածը փոփ. 21.08.08 N 1042-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Երկարամյա ծառայության կենսաթոշակի նշանակման համար փրկարարական ծառայողի դիմումի հետ միասին ներկայացվում են՝
ա) տարիքը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ ծննդյան վկայականի պատճենը).
բ) ծառայության և աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթեր (քաղվածքներ անձնական գործից և աշխատանքային գրքույկից՝ վավերացված գործատուի կողմից).
գ) քաղվածք ծառայությունից ազատման մասին հրամանից.
դ) տեղեկանք բնակավայրից (քաղաքներում՝ թաղային համայնքից կամ բնակարանային շահագործման մարմնից, իսկ գյուղական վայրերում՝ գյուղական համայնքից)` իրենց խնամքի տակ գտնվող ընտանիքի անաշխատունակ անդամների մասին.
ե) ընտանիքի անաշխատունակ անդամների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները.
զ) դրամական բավարարման վկայականը.
է) 2 լուսանկար (3 x 4 չափսի).
ը) սոցիալական քարտի պատճենը:
2. Հաշմանդամության կենսաթոշակի նշանակման համար դիմումի հետ միասին ներկայացվում են՝
ա) սույն ցանկի 1-ին կետում նշված փաստաթղթերը.
բ) քաղվածք բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի (ԲՍՓՀ) բժշկական քննության ակտից.
գ) համապատասխան բժշկական հանձնաժողովի որոշումը ծառայության հետ հիվանդության պատճառական կապի մասին:
3. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի նշանակման համար դիմումի հետ միասին ներկայացվում են՝
ա) սույն ցանկի 1-ին կետում նշված փաստաթղթերը.
բ) կերակրողի մահվան վկայականի պատճենը (քաղվածք նրան անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճռից).
գ) տեղեկանք բնակության վայրից (քաղաքներում` թաղային համայնքից կամ բնակշահագործման մարմնից, իսկ գյուղերում՝ գյուղական համայնքից)` կերակրողի`
18 տարին չլրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված զավակների մասին,
18 տարին չլրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված եղբայրների, քույրերի և թոռների մասին՝ աշխատունակ ծնողներ չունենալու և չաշխատելու մասին նշմամբ,
կենսաթոշակային տարիքը լրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված ծնողների, կնոջ և ամուսնու մասին՝ չաշխատելու մասին նշմամբ,
8 տարին չլրացած զավակներին, եղբայրներին, քույրերին կամ թոռներին խնամող ծնողի, կնոջ (ամուսնու), պապի, տատի, եղբոր կամ քրոջ (անկախ տարիքից և աշխատունակությունից) մասին՝ չաշխատելու մասին նշմամբ,
պապի և տատի մասին՝ աշխատունակ զավակներ չունենալու և չաշխատելու մասին նշմամբ.
դ) խնամքի տակ գտնվող անաշխատունակ անձանց անձը հաստատող փաստաթղթերի պատճենները.
ե) քաղվածք բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի բժշկական քննության ակտից:
4. Օրենքով սահմանված երաշխիքներից և արտոնություններից օգտվելու համար՝
ա) անհայտ կորած և գերի ընկած փրկարարական ծառայողների ընտանիքների անդամները դիմումի հետ միասին ներկայացնում են գերվածի կամ անհայտ կորածի՝
ղեկավարության (հրամանատարության) կողմից տրված տեղեկանքը՝ անհայտ կորելու հանգամանքների մասին,
անձը հաստատող փաստաթղթերի պատճենները,
տեղեկանք` բնակավայրից,
լուսանկար (ցանկացած չափսի),
ամուսնության վկայականի պատճենը,
երեխաների ծննդյան վկայականների պատճենները.
բ) հաշմանդամ ճանաչված փրկարարական ծառայողները դիմումի հետ միասին ներկայացնում են՝
համապատասխան բժշկական հանձնաժողովի որոշման (տեղեկանքի) պատճենը,
հաշմանդամության խմբի մասին բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի որոշման պատճենը.
գ) զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիքների անդամները դիմումի հետ միասին ներկայացնում են զոհվածի (մահացածի)՝
ղեկավարության (հրամանատարության) կողմից տրված տեղեկանքը՝ զոհվելու (մահանալու) հանգամանքների, տեղի և ժամանակի մասին,
մահվան վկայականի պատճենը,
տեղեկանք մահվան մասին,
լուսանկար (4 x 6 չափսի),
ամուսնության վկայականի պատճենը,
երեխաների ծննդյան վկայականների պատճենները:
5. Փրկարարական ծառայողները և նրանց ընտանիքների անդամները սոցիալական ապահովության իրավունքներից ու երաշխիքներից օգտվելու համար ներկայացնում են՝
ա) անձնագիրը,
բ) երկարամյա ծառայության կենսաթոշակի վկայականը,
գ) հաշմանդամության կենսաթոշակի վկայականը,
դ) սոցիալական կենսաթոշակի վկայականը,
ե) տեղեկանք իրավունքներից և երաշխիքներից օգտվելու մասին՝ տրված համապատասխան պետական կառավարման մարմինների սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումների կողմից,
զ) տեղեկանք` տրված հրամանատարության կողմից (ըստ անհրաժեշտության),
է) տեղեկանք` տրված զինկոմիսարիատի կողմից (ըստ անհրաժեշտության):
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
Դ Ի Մ ՈՒ Մ
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ), ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Անձնագրի սերիան _________համարը __________________________
տրվել է ____________________________ում կողմից ____________
Սոցիալական քարտի համարը __________________________________
Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ____________սեռը _________________
Խնդրում եմ նշանակել կենսաթոշակ, վերահաշվարկել կենսաթոշակը, փոխել կենսաթոշակի տեսակը (ընդգծել)։
Կենսաթոշակի տեսակը _______________________________________
Այլ համակարգից կենսաթոշակ չի նշանակվել, նշանակվել է (ընդգծել)։
Աշխատում եմ, չեմ աշխատում (ընդգծել)։
Դիմումի գրանցման համարը ________օրը, ամիսը, տարեթիվը ________
Ինձ հայտնի է, որ գործող օրենսդրության համաձայն տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձին իր ընտրությամբ նշանակվում է մեկ կենսաթոշակ: Տեղյակ եմ նաև, որ կենսաթոշակի չափի փոփոխության կամ դրա վճարման դադարեցման դեպքում (ընտանիքի անդամների թվի, բնակության վայրի փոփոխության, աշխատանքի անցնելու և այլնի) պարտավոր եմ դրա մասին անմիջապես տեղյակ պահել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմի սոցիալական ապահովման ստորաբաժանմանը (այսուհետ` սոցիալական ապահովման ստորաբաժանում):
____ __________200 թ.
_________________________________________________________ |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Դիմումի գրանցման համարը ______օրը, ամիսը, տարեթիվը ______
Ինձ հայտնի է, որ գործող օրենսդրության համաձայն տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձին իր ընտրությամբ նշանակվում է մեկ կենսաթոշակ: Տեղյակ եմ նաև, որ կենսաթոշակի չափի փոփոխության կամ դրա վճարման դադարեցման դեպքում (ընտանիքի անդամների թվի, բնակության վայրի փոփոխության, աշխատանքի անցնելու և այլնի) պարտավոր եմ դրա մասին անմիջապես տեղյակ պահել սոցիալական ապահովման ստորաբաժանմանը: |
Ձև N 2
Մ Ա Տ Յ Ա Ն
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
NN |
Գրանցման ամսաթիվը |
Բնակավայրը |
Փրկարարական կոչումը |
Կենսաթոշակառուի անունը, հայրանունը, ազգանունը |
Կենսաթոշակի նշանակման կամ մերժման մասին որոշումը |
Ձև N 3
Գ Լ Խ Ա Վ Ո Ր Մ Ա Տ Յ Ա Ն
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Կենսա-թոշակառուի գործի համարը |
Գործի գրանցման ամսաթիվը |
Փրկարարական ծառայողի կամ կենսաթոշակ ստացողի անունը, հայրանունը, ազգանունը |
Բնակա-վայրը |
Նույն զոհված փրկարարական ծառայողի համար 2-րդ կենսաթոշակ ստացող ընտանիքի անդամի կենսաթոշակի գործի համարը |
Նշումներ կենսաթոշակի դադարեցման մասին |
Կենսա-թոշակի տեսակը |
Այլ նշումներ |