ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 07-437 |
Քաղաքացիական գործ թիվ 3-33(ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան | |
Դատավորներ՝ Տ. Սահակյան Ա. Թումանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Մկրտումյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Սարգսյանի | |
|
Դ. Ավետիսյանի | |
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի փետրվարի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Լևոն Ոսկանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 18.06.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Լևոն Ոսկանյանի ընդդեմ Կոլյա և Գրիգոր Անտոնյանների՝ երկաթյա դուռը քանդելու՝ մուտքն ազատելու պահանջի մասին և Գրիգոր Անտոնյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Լևոն Ոսկանյանի՝ մուտքի նկատմամբ օգտագործման կարգ սահմանելու և իրենց անհատույց օգտագործման իրավունքը 55քմ մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Լևոն Ոսկանյանը պահանջել է պարտավորեցնել Կոլյա և Գրիգոր Անտոնյաններին քանդելու իր հողամասում նրանց կողմից տեղադրված երկաթյա դուռը՝ հողամասը բերելով նախկին տեսքին:
Դիմելով դատարան՝ Գրիգոր Անտոնյանը պահանջել է մուտքի նկատմամբ սահմանել օգտագործման կարգ և ճանաչել իր ընտանիքի օգտագործման իրավունքը 55 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 09.11.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է, հակընդդեմ հայցը՝ մերժվել:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 18.06.2007 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը մերժվել են:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լևոն Ոսկանյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 132-րդ (իրականում՝ բողոքը ներկայացնելու ժամանակ գործող 218-րդ) հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը գործի ապացույցները չի հետազոտել դրանց լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտությամբ, ինչի արդյունքում գտել է, որ Անտոնյանների կողմից փաստացի օգտագործվում է 1470քմ մակերեսով հողամաս, որից 55քմ մակերեսի վրա ամրակայված է 19,4քմ մակերեսով բնակելի շինություն: Մինչդեռ, Անտոնյաններն իրենց հատկացված 1500քմ մակերեսով հողմասից պակաս հողամաս են զբաղեցնում: Վերաքննիչ դատարանը չի իրականացրել ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, որի արդյունքում պարզ կդառնար, որ Լևոն Ոսկանյանի կողմից Անտոնյանների հողամասից զավթում չի կատարվել:
Վերաքննիչ դատարանը չի գնահատել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր) կողմից կազմված հատակագիծը, որի համաձայն` Երևանի Դավթաշեն 5-րդ փողոցի թիվ 4 հասցեում Գրիգոր և Կոլյա Անտոնյանների կողմից օգտագործվող փաստացի 1470քմ մակերեսով հողամասից 55քմ մակերեսը և դրա վրա ամրակայված 19,4քմ մակերեսով բնակելի տունն ընկնում են Երևանի Դավթաշեն 5-րդ փողոցի թիվ 2 հասցեի հողամասի վրա: Այս ապացույցի գնահատման դեպքում ակնհայտ է, որ Անտոնյաններն առանց Ոսկանյանի համաձայնության, առանց որևէ իրավական հիմքի փաստացի օգտագործում են հայցվորին սեփականության իրավունքով պատկանող 55քմ մակերեսով հողամասը: Վերաքննիչ դատարանը չի գնահատել այս ապացույցը և սխալ եզրակացության է եկել այդ ապացույցով հաստատվելիք փաստի մասին: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Անտոնյանների հողամասը պակասում է Երևանի Դավթաշեն 5-րդ փողոցի թիվ 6 տան կողմից:
Վերաքննիչ դատարանը որպես ապացույց չի գնահատել նաև Վերաքննիչ դատարանին հասցեագրված Կադաստրի 26.04.2007 թվականի կղ-2967 գրությունը, որի համաձայն՝ Երևանի Դավթաշեն 5-րդ փողոցի թիվ 4 տան նկատմամբ որևէ իրավունք գրանցված չէ:
Փաստորեն Վերաքննիչ դատարանը չի գնահատել վերը նշված ապացույցները և չի պատճառաբանել այդ ապացույցը չգնահատելու պատճառները:
Վերաքննիչ դատարանը, որպես ապացույց ընդունել և գնահատել է Վերաքննիչ դատարանում ներկայացված Երևանի Դավթաշենի թաղապետի գրությունն այն մասին, որ Կոլյա և Գրիգոր Անտոնյանների կողմից վիճելի տարածքն օգտագործվել է դեռևս 1939 թվականից, այն դեպքում, երբ Կոլյա Անտոնյանն այդ ժամանակ եղել է երեք տարեկան, իսկ Գրիգոր Անտոնյանը ծնված չի եղել:
2) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը, որի արդյունքում խախտել է իր գույքը ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու անձի իրավունքը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հայցը մերժելու հիմք է համարել այն, որ Ոսկանյանների տանը կից տարածքը սեպաձև մտել է Անտոնյանների հողամասի մեջ: Վերաքննիչ դատարանի նման եզրահանգումից հետևում է, որ օրինական հիմքով հատկացված և սեփականության իրավունքով գրանցված հողամասի սեպաձև հատակագիծը հիմք է, որպեսզի սեփականատերը չկարողանա օգտագործել և տիրապետել իր հողամասը: Դրանով Վերաքննիչ դատարանը խախտել է Լևոն Ոսկանյանի սեփականության իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.06.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 09.11.2006 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Երևանի Դավիթաշենի 5-րդ փողոցի թիվ 4 և թիվ 2 տները գտնվում են հարևանությամբ:
2) Քննվող քաղաքացիական գործում առկա Կադաստրի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման 17.07.2006 թվականի գրության և դրան կից հատակագծի համաձայն՝ վերոհիշյալ երկու տներին կից հողամասերի սահմանները համադրվում են: Համադրվող տարածքում գտնվում է վեճի առարկա անշարժ գույքը:
3) Կադաստրի կողմից կազմված հատակագծի համաձայն` Երևանի Դավթաշեն 5-րդ փողոցի թիվ 4 հասցեում Գրիգոր և Կոլյա Անտոնյանների կողմից օգտագործվող փաստացի 1470քմ մակերեսով հողամասից 55 քմ մակերեսը և դրա վրա ամրակայված 19,4 քմ մակերեսով բնակելի տունն ընկնում են Երևանի Դավթաշեն 5-րդ փողոցի թիվ 2 հասցեի հողամասի վրա:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ երկաթյա դուռը քանդելու՝ մուտքն ազատելու (այսուհետ՝ մուտքն ազատելու) հայցապահանջը բավարարելու կամ մերժելու համար Վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնար և գնահատման առարկա դարձներ վեճի առարկա հողամասի պատկանելության հարցը:
Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ վճռի մեջ պետք է նշվեն վերաքննիչ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով վերաքննիչ դատարանը մերժում է այս կամ այն ապացույցները, ինչպես նաև այն օրենքները, ՀՀ միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006 թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ, (գումար բռնագանձելու պահանջով)):
Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե´ փաստական և թե´ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման, վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացնում է վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածից հետևում է, որ դատարանը պետք է նշեր ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբաներ, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե´ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների՝ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843(ՎԴ)):
Մինչդեռ սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի կողմից չեն ուսումնասիրվել և գնահատման առարկա չեն դարձվել Կադաստրի կողմից տրված գրություններն ու կազմված հատակագծերը, որոնց համաձայն` Երևանի Դավթաշեն 5-րդ փողոցի թիվ 4 հասցեում Գրիգոր և Կոլյա Անտոնյանների կողմից օգտագործվող փաստացի 1470քմ մակերեսով հողամասից 55քմ մակերեսով հողամասը, իր վրա ամրակայված 19,4քմ բնակելի շինությամբ, ընկնում է Երևանի Դավթաշեն 5-րդ փողոցի թիվ 2 տան հողամասի վրա:
2) Վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, վեճի առարկա հողամասի պատկանելության հարցը որոշված չլինելու պատճառով: Այս իրավական հարցին հնարավոր է պատասխանել գործի նոր քննության ժամանակ:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 18.06.2007 թվականի վճիռը՝ մուտքն ազատելու հայցապահանջի մասով և գործն այդ մասով ուղարկել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Հ. Մանուկյան |
Դատավորներ` |
Ա. Մկրտումյան |
|
Վ. Աբելյան |
|
Ս. Սարգսյան |
|
Դ. Ավետիսյան |
|
Հ. Ղուկասյան |
|
Ս. Օհանյան |