ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռ |
Քաղաքացիական գործ թիվ 3-1558(ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ | Տ. Սահակյան |
Դատավորներ` | Ն. Հովսեփյան |
Մ. Ասատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Անտոնյանի | |
Ս. Գյուրջյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ս. Սարգսյանի |
2007 թվականի դեկտեմբերի 12-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Նարինե Գասպարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 19.07.2007 թվականի թիվ 07-2269 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ՝ ըստ Վազգեն Մխիթարյանի հայցի ընդդեմ Նարինե Գասպարյանի՝ կտակը, ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու և ժառանգական գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել կտակը, ժառանգության իրավունքի վկայագիրը, և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի պետական գրանցումը, մասնակի անվավեր ճանաչել 31.05.2004 թվականի սեփականության իրավունքի գրանցման վկայականը և իրեն ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ Երևանի Թավրիզյան փողոցի 46 տան 1/2 մասի նկատմամբ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 27.04.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Դատարան) 19.07.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն վճռաբեկ բողոքը ներկայացրել է Նարինե Գասպարյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ, 334-րդ, 335-րդ, 1211-րդ, 1225-րդ, 1226-րդ, 1228-րդ, 1187-րդ, 1188-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Կտակի մասին նոտարական գործն անհիմն կերպով Դատարանը նույնացրել է ըստ կտակի ժառանգության նոտարական գործի հետ, որոնք միմյանցից տարբերվում են ոչ միայն բովանդակությամբ, այլև տարբեր նոտարական գրասենյակների տարբեր սեղանամատյաններում գրանցված լինելու փաստով, ինչպես նաև սեղանամատյաններում իրենց գրանցման համարներով: Այսպես, կտակի մասին նոտարական գործը գրանցված է Երևանի 26 Կոմիսարների պետական նոտարական գրասենյակի 1989 թվականի սեղանամատյանում՝ թիվ 1-8166 համարի տակ, մինչդեռ ըստ կտակի ժառանգության գործը գրանցված է Երևանի առաջին պետական նոտարական գրասենյակի 1994 թվականի սեղանամատյանում՝ թիվ 4-1010 համարի տակ որպես թիվ 799 ժառանգական գործ:
Նշվածն ապացուցվում է այն փաստերով, որ ի պատասխան Դատարանի հարցման՝ կապված 18.04.1989 թվականի կտակի բնօրինակը դատարան ուղարկելու հետ, ՀՀ Ազգային արխիվի Երևանի քաղաքային մասնաճյուղի վարիչի 17.04.2007 թվականի թիվ 01-20/643 գրությամբ հայտնվել է, որ թիվ 4-1010 ժառանգական գործի վարույթում առկա է 9 թերթ, իսկ դատարան ուղարկված 26.05.1994 թվականի թիվ 4-1010 ժառանգական գործի նյութերի ուսումնասիրությունից պարզվել է, որ դրանցում բացակայում է 18.04.1989 թ. արված կտակի բնօրինակը:
Մինչդեռ, թիվ 4-1010 ժառանգական գործի նյութերում կտակի բնօրինակը չէր կարող լինել, քանի որ Նարինե Մխիթարյանը կտակի բնօրինակ չի ունեցել, դիմել է կտակը կազմած նոտարական գրասենյակին և օրենքով սահմանված կարգով նոտարական գրասենյակում պահպանվող կտակի բնօրինակի հիման վրա ստացել է կտակի հաստատված կրկնակը, ինչի հիման վրա էլ Երևանի առաջին պետական նոտարական գրասենյակից ստացել է ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը:
Գործի փաստերը պատշաճ գնահատության չենթարկելու հետևանքով Դատարանը եկել է եզրահանգման, որ նոտարական գործի նյութերում կտակի բացակայությունը հիմք է տալիս հաստատված համարելու, որ իրականում կտակ՝ արված Վալոդյա Մխիթարյանի կողմից Նարինե Մխիթարյանի անվամբ, չի եղել և նման պայմաններում 17.05.1994 թ. տրված կտակի կրկնակը, դրա հիման վրա Ն.Մխիթարյանին 26.05.1994 թ. տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրն ու դրանից բխող իրավունքների պետական գրանցումը ենթակա է անվավեր ճանաչման:
Դատարանը գտել է, որ կտակի անվավերության պայմաններում Վալոդյա Մխիթարյանի ժառանգական գույքի նկատմամբ ըստ օրենքի առաջին հերթի ժառանգներ են հանդիսանում հայցվոր Վազգեն Մխիթարյանը, պատասխանող Նարինե Գասպարյանը (Մխիթարյանը) և Լևոն Մխիթարյանը: Վերջինս դեռևս 24.11.1986 թ. Վալոդյա Մխիթարյանից ստանալով 10.000 ռուբլի գումար, հրաժարվել է վիճելի բնակարանից, շարժական գույքից ու պարտավորվել է որևէ պահանջ չներկայացնել:
Նշվածները վկայում են, որ գործով ձեռք բերված ապացույցների ճիշտ գնահատման դեպքում հայցը ենթակա էր մերժման: Իսկ ինչ վերաբերում է Լևոն Մխիթարյանին փոխհատուցում տալուն և դրա հիման վրա վերջինիս անշարժ և շարժական գույքից հրաժարվելուն, թեև դա որևէ նշանակություն չունի տվյալ գործի համար, այնուհանդերձ նա այդ ամենից հրաժարվել է ժառանգատու Վոլոդիա Մխիթարյանի օգտին, որն էլ իր կազմած կտակով լուծել է գույքի ճակատագիրը հօգուտ պատասխանողի՝ հայցվորին զրկելով ժառանգական իրավունքից:
Գործով ձեռք բերված ապացույցների վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ 1983 թ., երբ մահացել է կողմերի մայրը, ժառանգություն է բացվել նրա բաժնի՝ վիճելի տան 1/2 մասի նկատմամբ: Թեև ըստ օրենքի ժառանգության իրավունքը ժառանգներից որևէ մեկը նոտարական կարգով չի ձևակերպել, այնուհանդերձ ժառանգության բացման պահին տվյալ տանը բնակվելիս են եղել հայցվորը, պատասխանողը, նրանց եղբայրը և հայրը, հետևաբար այդ մասից փաստացի տիրապետման ուժով հավասար բաժիններով ժառանգությունն օրենքի ուժով ընդունել են բոլոր ժառանգները: Այդ պահի դրությամբ հայցվորին հասանելիք ըստ օրենքի ժառանգության բաժինը կազմել է բաժնի 1/4 կամ ամբողջ տան 1/8 մասը: Ինչ վերաբերում է ժառանգներից Լևոն Մխիթարյանին, ապա նա 24.11.1986 թ. հորից ստանալով 10.000 ռուբլի, փաստորեն հրաժարվել է իր բաժնից հօգուտ իր հոր: Վոլոդիա Մխիթարյանը փաստորեն իր ունեցած բաժինը կտակել է պատասխանող Նարինե Մխիթարյանին:
Նախկին (1964 թ.) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 531-րդ հոդվածի համաձայն՝ ժառանգության բացման ժամանակ է համարվում ժառանգատուի մահվան օրը (տվյալ դեպքում՝ 03.11.1989 թվականը): Նույն օրենսգրքի 549-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա փաստորեն սկսում է տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հոդվածում նշված գործողությունները պետք է կատարվեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում, իսկ 5-րդ մասի համաձայն՝ ընդունված ժառանգությունը ժառանգի սեփականությունն է համարվում ժառանգության բացման պահից: Նույն դրույթները պարունակվում են նաև գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1187-րդ, 1188-րդ, 1226-րդ հոդվածներում:
Վազգեն Մխիթարյանը առնվազն 1994 թվականին գիտեր կտակի գոյության մասին և նույնիսկ օգնել է Նարինե Մխիթարյանին ըստ կտակի ժառանգությունը ձևակերպելու համար անհրաժեշտ փաստաթղթեր ձեռք բերել: Նշվածը վկայում է, որ կտակի գոյության և դրա հիման վրա Ն.Մխիթարյանի վիճելի տան սեփականատեր դառնալու մասին հայցվորն իմացել է առնվազն 1994 թվականին, սակայն հայցադիմումը ներկայացրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանված երեք տարվա հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո: Պատասխանողի ներկայացուցիչը դատարանին խնդրել է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված՝ հայցային վաղեմության ժամկետը: Պատասխանողի ներկայացուցիչը խնդրել է մերժել հայցը, նշելով, որ սույն դեպքի վրա չի կարող տարածվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետի բացառությունը, քանի որ հայցվորը սեփականատեր չէ:
2) Առկա է նոր երևան եկած հանգամանք:
Կից ներկայացվող կտակի բնօրինակի հաստատված պատճենը, այսինքն՝ Արաբկիրի նոտարական տարածքի նոտարական գրասենյակի արխիվում պահպանվող 18.04.1989 թվականի Վոլոդյա Մխիթարյանի կտակի բնօրինակը և 1989 թվականի սեղանամատյանը, որի 1-8166 համարի տակ գրանցված է տվյալ կտակը, ՀՀ Ազգային արխիվի Երևան քաղաքի մասնաճյուղի 26.07.2007 թ. թիվ 01-20/1334 գրության մեջ նշված փաստերը ՀՀ քաղաքացիաիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանքներ են, որոնք հայտնի են եղել գործին մասնակցող անձ Նարինե Մխիթարյանին (Գասպարյանին), բայց նրանից անկախ պատճառներով, այն է՝ դրանք չունենալու արդյունքում, չեն ներկայացվել դատարան:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 19.07.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Երևանի Թավրիզյան փողոցի թիվ 46 տունը սեփականության իրավունքով պատկանել է Վոլոդյա Մխիթարյանին:
2) Վոլոդյա Մխիթարյանը 18.04.1989 թվականին իր ամբողջ գույքը կտակել է Նարինե Մխիթարյանին:
3) Վոլոդյա Մխիթարյանը մահացել է 03.11.1989 թվականին:
4) Նարինե Մխիթարյանը 26.05.1994 թվականին ստացել է ժառանգության իրավունքի վկայագիր:
5) Ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու համար հիմք է հանդիսացել կտակի կրկնակը:
6) Պատասխանող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությամբ:
7) 1989 թվականին Վոլոդյա Մխիթարյանի մահվանից հետո Վազգեն Մխիթարյանը բնակվել է վիճելի հասցեի տանը և կատարել կոմունալ և այլ վճարումները:
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Նույն օրենսգրքի 218-րդ հոդվածի համաձայն՝ վճռի մեջ պետք է նշվեն վերաքննիչ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով վերաքննիչ դատարանը մերժում է այս կամ այն ապացույցները, ինչպես նաև այն օրենքները, ՀՀ միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ հայցային վաղեմությունը չի տարածվում սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ամեն մի խախտման վերացման պահանջների վրա, թեկուզև այդ խախտումները կապված չեն եղել տիրապետումից զրկելու հետ (հոդված 277):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետը, քանի որ նշված դրույթը վերաբերում է նեգատոր հայցին և որևէ կապ չունի սույն վեճի հետ: Վիճելի տան սեփականատերը Նարինե Մխիթարյանն է, իսկ հայցվորը դիմել է սեփականության իրավունքի ճանաչման, և ոչ թե սեփականատիրոջ իրավունքի խախտումները վերացնելու հայցապահանջով: Այսինքն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վեճի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ մասը կիրառելի չէ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, գործում եղած ապացույցները չի գնահատել բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, ինչի արդյունքում մասնավորապես չի պարզել այն հանգամանքը, թե Վազգեն Մխիթարյանը երբ է իմացել իր՝ որպես ժառանգի իրավունքների խախտման մասին: Այս հանգամանքի պարզումը սույն վեճի լուծման համար ունի էական նշանակություն, քանի որ իրավունքի խախտման մասին իմանալու պահից անմիջապես հետո սկսվում է հայցային վաղեմության ժամկետի հոսքը:
Նման պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս փաստարկների քննարկմանը Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում:
2) բողոքն երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտի վերանայման հիմք են՝ գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքը կարող է ճանաչվել որպես նոր երևան եկած հանգամանք միայն այն դեպքում, երբ այն գոյություն է ունեցել գործի քննության ժամանակ, սակայն դատավարության մասնակիցների համար օբյեկտիվ պատճառներով դրա ներկայացնելը դատարանին անհնարին էր:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն բողոքին կից ներկայացված՝ կտակի բնօրինակի հաստատված պատճենը, այսինքն՝ Արաբկիրի նոտարական տարածքի նոտարական գրասենյակի արխիվում պահպանվող 18.04.1989 թվականի Վոլոդյա Մխիթարյանի կտակի բնօրինակը և 1989 թվականի սեղանամատյանը, որի 1-8166 համարի տակ գրանցված է տվյալ կտակը, ՀՀ Ազգային արխիվի Երևան քաղաքի մասնաճյուղի 26.07.2007 թ. թիվ 01-20/1334 գրության մեջ նշված փաստերը ՀՀ քաղաքացիաիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ սույն գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանքներ չեն կարող որակվել, քանի որ դրանք հայտնի են եղել գործին մասնակցող անձ Նարինե Մխիթարյանին (Գասպարյանին), և գործի քննության ընթացքում դրանց ներկայացնելը դատարան անհնար չէր:
Այսպիսով, բողոքի առաջին հիմքի մասնակիորեն հիմնավոր լինելը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն՝ վճռաբեկ բողոքը բավարարելու և ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 19.07.2007 թվականի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 19.07.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ՝ |
Ս. Անտոնյան |
Ս. Գյուրջյան | |
Է. Հայրիյան | |
Ս. Սարգսյան |