«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 2002 թվականի N 1885-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՀԻՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի (Մատենադարանի) վերակազմակերպման մասին» N 205 որոշման 6-րդ կետը և ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության` «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ինստիտուտ) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնադրության համաձայն:
2. Ինստիտուտի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Ինստիտուտն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան:
3. Ինստիտուտն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանումներով կլոր կնիք, պաշտոնաթերթ, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
4. Ինստիտուտը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Ինստիտուտը կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
5. Ինստիտուտի սեփականությունը ձևավորվում է ինստիտուտի հիմնադրման` պետական հիմնարկից պետական կազմակերպության վերակազմակերպման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև ինստիտուտի գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից:
6. Ինստիտուտն իրավունք ունի օրենքի հիմնադրի որոշումներին և (կամ) իր կանոնադրությանը համապատասխան, իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
7. Հիմնադիրը ինստիտուտին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ իրավունքներ չունի` բացառությամբ ինստիտուտի լուծարումից հետո մնացած գույքի:
8. Ինստիտուտի սեփականության պահպանման հոգսը կրում է ինստիտուտը:
9. Ինստիտուտի սեփականության վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատական կարգով:
10. Ինստիտուտն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվ:
11. Ինստիտուտի անվանումն է`
հայերեն լրիվ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն.
հայերեն կրճատ` «Մատենադարան»
ռուսերեն լրիվ` Государственная некоммерческая организация научно-исследовательский институт древних рукописей “Матенадаран” им. Месропа Маштоца, Министерства науки и образования Республики Армения.
ռուսերեն կրճատ` “Матенадаран”
անգլերեն լրիվ` The Ministry of Science and Education of RA "Matenadaran" Mashtots Institute of Ancient Manuscripts State Non- commercial Organizatiօn.
անգլերեն կրճատ` "Matenadaran":
12. Ինստիտուտի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մաշտոցի 53:
II. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ
13. Ինստիտուտի գործունեության առարկան և նպատակը հին ձեռագրերի, արխիվային վավերագրերի, հայագիտական գրականության ու մամուլի հետազոտումը և պահպանումն է, ինչպես նաև դրանց պատճենահանումը միկրոժապավենների և թվային (էլեկտրոնային) կրիչների վրա, վերականգնումը, ձեռագրացուցակների, մատենագիտական ուղեցույցների, բնագրերի և ուսումնասիրությունների պատրաստումը:
14. Ինստիտուտն իր առջև դրված խնդիրների իրագործման նպատակով`
ա) կազմակերպում է ուսումնամեթոդական և գիտամանկավարժական խորհրդակցություններ, սեմինարներ և համաժողովներ.
բ) համագործակցում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա համանման կազմակերպությունների հետ.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական, ինչպես նաև ֆիզիկական անձանց հետ կնքում է պայմանագրեր:
15. Ինստիտուտը, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակ, կարող է զբաղվել ցուցահանդեսների կազմակերպումով, ձեռագրերի, արխիվային վավերագրերի և հայագիտական գրականության ու մամուլի թարգմանությամբ` օտար լեզուներով, և հրատարակությամբ:
16. Ինստիտուտը ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործում է իր կանոնադրությամբ նախատեսված խնդիրների իրականացման համար: Շահույթի 50-70 տոկոսը նպատակաուղղվում է ինստիտուտի տեխնիկական վերազինմանը, մնացած մասը` ինստիտուտի այլ կարիքները հոգալուն, այդ թվում` շինարարական և վերակառուցման աշխատանքների իրականացմանը, անհրաժեշտ գույքի ու կահույքի ձեռքբերմանն ու համաժողովների կազմակերպմանը:
17. Ինստիտուտի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ուղղակիորեն նախատեսված միջոցների սահմաններում ինստիտուտի կողմից պետությանը մատուցվող ծառայությունների աշխատանքների և ապրանքների գնումն իրականացվում է մեկ աղբյուրից` գնումների կատարման ձևով:
III. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
18. Ինստիտուտի կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նախարարությունը, գործադիր մարմինը և կոլեգիալ կառավարման մարմինը:
19. Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`
ա) ինստիտուտի հիմնադրումը.
բ) ինստիտուտի գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.
գ) ինստիտուտի կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխություն կատարելը.
դ) ինստիտուտի վերակազմակերպումը և լուծարումը:
20. Նախարարությունը`
ա) իրականացնում է ինստիտուտի կանոնադրությամբ սահմանված կարգով նրա կառավարման մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
բ) իրականացնում է ինստիտուտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը.
գ) լսում և քննարկում է ինստիտուտի գործունեության մասին հաշվետվությունները.
դ) վերահսկողություն է իրականացնում ինստիտուտի սեփականության պահպանության նկատմամբ.
ե) հաստատում է ինստիտուտին սեփականության իրավունքով հանձնվող` պետությանը պատկանող գույքի կազմը.
զ) սահմանում է ինստիտուտի կառավարման համակարգը.
է) հաստատում է ինստիտուտի տարեկան ծախսերի նախահաշիվը.
ը) իրականացնում է հիմնադրի որոշմամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ.
թ) հաստատում է ինստիտուտի խորհրդի կազմը և կանոնակարգը:
(20-րդ կետը լրաց. 21.06.07 N 705-Ն)
21. Ինստիտուտի ընթացիկ գործունեության անմիջական ղեկավարումը կատարվում է գործադիր մարմնի` ինստիտուտի տնօրենի (այսուհետ` տնօրեն) կողմից:
22. Նախարարությունը տնօրենի հետ կնքում է պայմանագիր, որտեղ սահմանվում են տնօրենի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունն ու փոխհարաբերությունը նախարարության հետ, աշխատանքի վարձատրման պայմանները, պայմանագրի դադարման` օրենքով նախատեսված բոլոր հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերը կգտնեն անհրաժեշտ:
23. Տնօրենը`
ա) ընտրվում է խորհրդի նիստում` հինգ տարի ժամկետով.
բ) իրականացնում է կազմակերպության ընթացիկ և ամենօրյա գործունեության ղեկավարումը.
գ) առանց լիազորագրի հանդես է գալիս ինստիտուտի անունից, ներկայացնում նրա շահերը, կնքում պայմանագրեր և գործարքներ.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և նախարարության որոշումներով ու սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է ինստիտուտի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
ե) տալիս է ինստիտուտի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
զ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է ինստիտուտի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ ու կարգապահական տույժեր.
է) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
ը) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
թ) սահմանում է ինստիտուտի կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
ժ) հաստատում է ինստիտուտի գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը, ինչպես նաև ստորաբաժանումների կանոնակարգերը.
ժա) օրենքով և ինստիտուտի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ և հրահանգներ.
ժբ) լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով ինստիտուտին և (կամ) պետությանը պատճառված վնասի համար.
ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:
(23-րդ կետը խմբ. 21.06.07 N 705-Ն)
24. Ինստիտուտի կոլեգիալ կառավարման մարմինը ինստիտուտի խորհուրդն է (այսուհետ` խորհուրդ):
(24-րդ կետը փոփ. 21.06.07 N 705-Ն)
25. (կետն ուժը կորցրել է 21.06.07 N 705-Ն)
26. Խորհրդի հերթական նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր տարին մեկ անգամ: Արտահերթ նիստեր գումարվում են խորհրդի անդամների առնվազն 1/3-ի պահանջով կամ խորհրդի նախագահի որոշմամբ:
27. Խորհուրդը կարող է որոշումներ ընդունել, եթե նրա նիստերին մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:
28. Խորհրդի որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:
29. Խորհուրդը`
ա) ընտրում է ինստիտուտի տնօրենին,
բ) քննարկում է ինստիտուտի գիտական գործունեության հիմնական ուղղությունները, գիտահետազոտական աշխատանքների, գիտական կադրերի պատրաստման, գիտական աշխատությունների հրատարակման նախագծերը.
գ) քննարկում է ինստիտուտի գիտական և գիտակազմակերպչական գործունեության մասին հաշվետվությունները.
դ) հաստատում է ինստիտուտի տարեկան ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, ինչպես նաև քննարկում է ինստիտուտի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի (վերստուգման) արդյունքները, ներառյալ` տարեկան ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության աուդիտի (վերստուգման) արդյունքները:
(29-րդ կետը խմբ. 21.06.07 N 705-Ն)
IV. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
30. Ինստիտուտի գույքը բաղկացած է սեփականության իրավունքով իրեն հանձնված գույքից և անհատույց օգտագործման իրավունքով նրան ամրացված գույքից:
31. Ինստիտուտի ֆինանսական միջոցները ձևավորվում են`
ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված միջոցներից.
բ) ձեռնարկատիրական գործունեության իրականացումից.
գ) միջազգային ծրագրերի կատարումից.
դ) բարեգործական ներդրումներից, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց նվիրատվություններից.
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
32. Ինստիտուտի ֆինանսական գործունեությունը ենթակա է աուդիտի (վերստուգման) հիմնադրի, լիազորված պետական մարմնի, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական մարմինների կողմից:
V. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
33. Ինստիտուտը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Ինստիտուտը կարող է վերակազմակերպվել 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կամ հիմնադրամի:
34. Ինստիտուտը դատական կարգով կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
35. Ինստիտուտը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Ինստիտուտը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:
36. Ինստիտուտը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
37. Ինստիտուտի լուծարման դեպքում ինստիտուտի պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
38. Ինստիտուտի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում `է առանց իրավունքներն ու պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 21.06.07 N 705-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.05.2008, N 705-Ն | 17.07.2008, N 1885-Ն | |
21.06.2007, N 705-Ն | 03.07.2007, N 1885-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|