ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
3 ապրիլի 2002 թ. |
N 25 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԿՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՊԱՌՈՂԻ ԵՎ ՆՐԱ ԵՆԹԱՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԻ» ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի նոյեմբերի 30-ի N 55 որոշումը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել «Երկսակագնային համակարգում սպառողի և նրա ենթասպառողների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի հաշվառման կարգը» (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀՀ էներգետիկայի կարգավորող |
Վ. Մովսեսյան |
Կ Ա Ր Գ
Երկսակագնային համակարգում սպառողի եվ նրա ենթասպառողների կողմից սպառած էլեկտրաէներգիայի քանակի հաշվառման
Սույնով սահմանվում է երկսակագնային համակարգում սպառողի և նրա ենթասպառողների կողմից սպառած էլեկտրաէներգիայի քանակի հաշվառման կարգը միաժամանակ երկսակագնային և միասակագնային հաշվառքի սարքեր օգտագործելու դեպքում։
1. Եթե սպառողը և բոլոր ենթասպառողները օգտվում են երկսակագնային հաշվիչներից, ապա՝
■ Սպառողի ցերեկային ժամերին օգտագործած էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է սպառողի երկսակագնային հաշվիչով գրանցված՝ ցերեկային ժամերին օգտագործված էլեկտրաէներգիայի քանակի և ենթասպառողների երկսակագնային հաշվիչներով գրանցված՝ ցերեկային ժամերին օգտագործված էլեկտրաէներգիայի գումարային քանակի տարբերությամբ։
■ Նույն սկզբունքով հաշվարկվում է գիշերային ժամերին օգտագործված էլեկտրաէներգիայի քանակը։
2. Եթե սպառողը և ենթասպառողների մի մասն են օգտվում երկսակագնային հաշվիչներից (մյուս մասն օգտվում է միասակագնային հաշվիչներից), ապա սպառողի օգտագործած էլեկտրաէներգիայի քանակը ցերեկային և գիշերային ժամերի համար հաշվարկվում է հետևյալ կերպ.
ա) հաշվարկի համար ընդունվում է, որ միասակագնային հաշվիչներով գրանցված ամբողջ էլեկտրաէներգիան օգտագործվել է ցերեկային ժամերին.
■ սպառողի ցերեկային ժամերին օգտագործած էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է նրա երկսակագնային հաշվիչով գրանցված՝ ցերեկային ժամերին օգտագործված էլեկտրաէներգիայի քանակի և ենթասպառողների երկսակագնային հաշվիչներով գրանցված՝ ցերեկային ժամերին օգտագործված էլեկտրաէներգիայի և միասակագնային հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի գումարային քանակի տարբերությամբ.
■ սպառողի գիշերային ժամերին օգտագործած էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է նրա երկսակագնային հաշվիչով գրանցված՝ գիշերային ժամերին օգտագործված էլեկտրաէներգիայի քանակի և ենթասպառողների երկսակագնային հաշվիչներով գրանցված՝ գիշերային ժամերին օգտագործված էլեկտրաէներգիայի գումարային քանակի տարբերությամբ.
բ) եթե սպառողի ցերեկային ժամերին օգտագործած էլեկտրաէներգիայի քանակը ա) կետում բերված մեթոդով հաշվարկելիս ստացվում է բացասական մեծություն, ապա՝
■ ընդունվում է, որ սպառողը ցերեկային ժամերին էլեկտրաէներգիա չի օգտագործել, հետևաբար դրա համար չի վճարում.
■ սպառողի գիշերային ժամերին օգտագործած էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է նրա երկսակագնային հաշվիչով գրանցված էլեկտրաէներգիայի գումարային քանակի և ենթասպառողների երկսակագնային հաշվիչներով գրանցված ամբողջ (գումարային) էլեկտրաէներգիայի և միասակագնային հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի գումարային քանակի տարբերությամբ։
3. Եթե սպառողը օգտվում է միասակագնային, իսկ ենթասպառողները՝ երկսակագնային և միասակագնային հաշվիչներից, ապա՝
■ սպառողի օգտագործած էլեկտրաէներգիայի քանակը հաշվարկվում է որպես սպառողի միասակագնային հաշվիչով գրանցված էլեկտրաէներգիայի քանակության և ենթասպառողների բոլոր հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի գումարային քանակների տարբերություն։
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|