ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
25 մայիսի 2022 թվականի |
N 234-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 253-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասը, «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել էներգետիկայի բնագավառում և ջրային ոլորտում կարգավորվող անձանց գործունեության մոնիթորինգի իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 14-ի «Էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգի իրականացման կարգը հաստատելու մասին» N 253-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ |
25 մայիսի 2022 թ. ք. Երևան |
Հավելված Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 25-ի N 234-Ն որոշման |
ԿԱՐԳ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում են էներգետիկայի բնագավառում և ջրային ոլորտում կարգավորվող անձանց (այսուհետ՝ կարգավորվող անձ) գործունեության մոնիթորինգի (այսուհետ՝ մոնիթորինգ) իրականացմանն առնչվող հարաբերությունները:
2. Մոնիթորինգն իրականացվում է կարգավորվող անձանց գործունեությունը «Էներգետիկայի մասին» օրենքին և Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) իրավական ակտերին, լիցենզիայի պայմաններին համապատասխանության ստուգման, հանձնաժողով ներկայացվող հաշվետվությունների և տեղեկատվության հավաստիության, ինչպես նաև սակագների վրա ազդեցություն ունեցող գործոնների գնահատման համար (ծախսեր, ներդրումներ, գնումներ, սպառման ծավալներ և այլն):
3. Մոնիթորինգի ընթացքում կարգավորվող անձի և հանձնաժողովի փոխհարաբերությունները կարգավորվում են «Էներգետիկայի մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, սույն կարգով և հանձնաժողովի այլ իրավական ակտերով:
4. Կարգավորվող անձանց գործունեության մոնիթորինգն իրականացվում է՝
1) հանձնաժողովում՝ կարգավորվող անձի կողմից հանձնաժողով ներկայացվող հաշվետվությունների և այլ տեղեկատվության ուսումնասիրության միջոցով.
2) կարգավորվող անձի տարածքում՝ կարգավորվող անձի գտնվելու կամ գործունեության վայրում` կարճաժամկետ (մինչև հինգ աշխատանքային օր) կամ երկարաժամկետ (վեցից մինչև հիսուն աշխատանքային օր): Կարգավորվող անձի տարածքում հերթական երկարաժամկետ մոնիթորինգը կարող է իրականացվել ոչ շուտ, քան նախորդ երկարաժամկետ մոնիթորինգի ավարտի օրվանից մեկ տարի հետո:
5. Սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված մոնիթորինգն իրականացվում է հանձնաժողով ներկայացվող հաշվետվությունների ու տեղեկատվության ուսումնասիրության միջոցով՝ հանձնաժողովի աշխատանքային գործունեության կազմակերպմանն առնչվող ներքին կանոնակարգերին համապատասխան:
6. Սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված մոնիթորինգն իրականացվում է հանձնաժողովի նախագահի՝ կարգավորվող անձի տարածքում մոնիթորինգ իրականացնելու մասին հրամանի (այսուհետ՝ հրաման) հիման վրա, որում նշվում են հանձնաժողովի անվանումը, կարգավորվող անձի անվանումը, մոնիթորինգի առարկան, նպատակը, ժամանակահատվածը, իրականացման եղանակը և վայրը, մոնիթորինգի ընթացքում ընտրանք կատարելու դեպքում կիրառվող ընտրանքի մեթոդները (դրանց համակցությունը), մոնիթորինգի արդյունքների կիրառման շրջանակը, մոնիթորինգ իրականացնող անձի (անձանց) անունը, ազգանունը և պաշտոնը:
7. Սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված մոնիթորինգը ներառում է՝
1) մոնիթորինգի իրականացման ձևաչափի քննարկում կարգավորվող անձի հետ.
2) այցելություն հրամանում նշված տարածք.
3) անհրաժեշտ փաստաթղթերի, նյութերի և այլ տեղեկությունների ստացում և (կամ) համապատասխան շենքերի, շինությունների, ենթակառուցվածքների ու սարքավորումների ակնադիտական զննություն.
4) ստացված փաստաթղթերի, նյութերի և այլ տեղեկությունների որակական ու քանակական վերլուծություն և մոնիթորինգի գործընթացի փաստաթղթավորում:
8. Բացառությամբ սույն կարգի 9-րդ կետով նախատեսված դեպքերի՝ կարգավորվող անձի տարածքում մոնիթորինգի իրականացումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ հանձնաժողովն այդ մասին գրավոր (այդ թվում՝ էլեկտրոնային փոստի միջոցով) տեղեկացնում է վերջինիս՝ հայտնելով մոնիթորինգի առարկան, նպատակը, ժամանակահատվածը և իրականացման վայրը։
9. Առանձին դեպքերում անհրաժեշտությունից ելնելով՝ կարգավորվող անձի տարածքում մոնիթորինգը, վերջինիս համաձայնությամբ, կարող է սկսվել սույն կարգի 8-րդ կետով սահմանված ժամկետից ավելի շուտ: Կարգավորվող անձի կողմից ակնհայտ խախտում կատարելու վերաբերյալ ողջամիտ կասկած առաջանալու դեպքում նրա տարածքում մոնիթորինգը կարող է իրականացվել անհապաղ և առանց նրան տեղեկացնելու։
10. Սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված մոնիթորինգի ընթացքում ընտրանքը կարող է կատարվել պատահական, համակարգված, կամայական, շղթայական, դրամական միավորի և ըստ օգտագործման ծավալի (քանակի) մեթոդներով կամ այդ մեթոդների որոշակի համակցությամբ:
11. Պատահական ընտրանքի մեթոդի կիրառման դեպքում համակարգչային ծրագրերի միջոցով ուսումնասիրության շրջանակից պատահականորեն ընտրվում են որոշակի քանակությամբ տարրեր:
12. Համակարգված ընտրանքի մեթոդի կիրառման դեպքում ուսումնասիրության շրջանակից ընտրվում են իրարից նախապես որոշված միջակայքերում գտնվող տարրեր:
13. Կամայական ընտրանքի մեթոդի կիրառման դեպքում ուսումնասիրության շրջանակից կամայականորեն ընտրվում են համակցության տարրեր:
14. Շղթայական ընտրանքի մեթոդի կիրառման դեպքում ուսումնասիրության շրջանակից ընտրվում է կամայական գործարք, և ուսումնասիրվում են վերջինիս հետ կապակցված փաստաթղթերը, նյութերը և այլ տեղեկությունները:
15. Դրամական միավորի ընտրանքի մեթոդի կիրառման դեպքում ուսումնասիրության շրջանակից ընտրվում են դրամական արտահայտությամբ համեմատաբար մեծ արժեք ունեցող տարրեր:
16. Ըստ օգտագործման ծավալի (քանակի)՝ ընտրանքի մեթոդի կիրառման դեպքում ուսումնասիրության տիրույթից ընտրվում են որոշակի ծավալային (քանակական) շեմից ավելի կամ պակաս տարրեր։
17. Մոնիթորինգի ընթացքում կարող են կատարվել լուսանկարահանում, տեսագրում և ձայնագրում:
18. Անհրաժեշտության դեպքում մոնիթորինգի իրականացմանը կարող են ներգրավվել փորձագետներ և այլ մասնագետներ՝ օրենքով սահմանված կարգով։
19. Կարգավորվող անձն իրավունք ունի ծանոթանալ մոնիթորինգին վերաբերող փաստաթղթերին, մոնիթորինգի ընթացքում դրան մասնակից դարձնել փորձագետների, այլ մասնագետների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով բողոքարկել մոնիթորինգ իրականացնող անձի գործողությունները։
20. Կարգավորվող անձը պարտավոր է մոնիթորինգ իրականացնող անձի պահանջով տրամադրել մոնիթորինգի առարկային առնչվող փաստաթղթերը, նյութերը և այլ տեղեկությունները, տալ պարզաբանումներ, չխոչընդոտել մոնիթորինգի իրականացման ընթացքին և ստեղծել անհրաժեշտ պայմաններ մոնիթորինգ իրականացնող անձի (անձանց) գործունեության համար:
21. Մոնիթորինգ իրականացնող անձն իրավունք ունի անարգել մուտք գործել հրամանում նշված տարածք, պահանջել և ստանալ մոնիթորինգի առարկային առնչվող փաստաթղթեր, նյութեր, այլ տեղեկություններ, պարզաբանումներ և էլեկտրոնային շտեմարանների տեղեկատվությանը հասանելիություն:
22. Մոնիթորինգ իրականացնող անձը պարտավոր է մոնիթորինգի ընթացքում պահպանել օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները, կարգավորվող անձի պաշտոնատար անձանց ծանոթացնել մոնիթորինգին առնչվող իրենց իրավունքներին և պարտականություններին, անաչառ և համակողմանի հավաքագրել ու արձանագրել մոնիթորինգի առարկային առնչվող փաստաթղթերը, նյութերը, այլ տեղեկությունները և չխոչընդոտել կարգավորվող անձի բնականոն աշխատանքին:
23. Մոնիթորինգի արդյունքներով, հրամանում նշված ժամկետի ավարտից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է արձանագրություն (այսուհետ՝ մոնիթորինգի արձանագրություն) և ուղարկվում կարգավորվող անձին:
24. Մոնիթորինգի արձանագրությունը ներառում է՝
1) հանձնաժողովի անվանումը.
2) մոնիթորինգի ենթարկված կարգավորվող անձի անվանումը.
3) մոնիթորինգն իրականացնելու վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը կամ ժամանակահատվածը.
4) մոնիթորինգի առարկան.
5) մոնիթորինգի արդյունքները.
6) մոնիթորինգն իրականացնող անձի (անձանց) անունը, ազգանունը և պաշտոնը.
7) արձանագրության կազմման վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը, մոնիթորինգ իրականացրած անձի (անձանց) ստորագրությունը:
25. Մոնիթորինգի շրջանակում ստացված լուսանկարները, տեսագրությունները, ձայնագրությունները և այլ փաստաթղթերը կցվում են մոնիթորինգի արձանագրությանը:
26. Մոնիթորինգի արձանագրության վերաբերյալ կարգավորվող անձը, այն ստանալու օրվանից հետո՝ յոթնօրյա ժամկետում, իրավունք ունի ներկայացնելու առարկություններ կամ առաջարկություններ:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2022 թվական: