110.0148.12.06.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
12 հունիսի 1998 թ. |
N 148-Մ |
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թ. փետրվարի 1-ի թիվ 36 որոշմամբ հաստատված ՀՀ կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, ՀՀ պետական հանրակրթական դպրոցի ընդունելությունը կազմակերպելու նպատակով
Հրամայում եմ`
1. Հաստատել «ՀՀ պետական հանրակրթական դպրոցի ընդունելության կարգը»:
2. Նշված կարգը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման համար:
Նախարար |
Լ. Մկրտչյան |
Հաստատում եմ` |
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
Կ Ա Ր Գ
1. Երեխայի ընդունելությունը առաջին դասարան
1.1. ՀՀ Պետական հանրակրթական դպրոցի առաջին դասարան ընդունվում են տվյալ օրացուցային տարում յոթ տարին լրացած երեխաները: Ընդունելությունը դպրոցում կազմակերպվում է տվյալ տարվա հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը:
1.2. Մարզպետարանի կրթության բաժինը յուրաքանչյուր դպրոցի համար որոշում է դրա սպասարկման տարածք: Դպրոցի տնօրինությունը պարտավոր է տվյալ տարածքում բնակվող դպրոցահասակ բոլոր երեխաներին ընդունել դպրոց: Տարածքից դուրս բնակվող և տվյալ դպրոցում սովորող եղբայր կամ քույր ունեցող երեխայի ընդունելությունը տվյալ դպրոց պարտադիր է: Մնացած դեպքերում, դպրոցի տարածքից դուրս բնակվող երեխայի ընդունելությունը թույլատրվում է տվյալ դպրոցում սահմանված սանիտարական նորմերին համապատասխան պայմանների առկայության դեպքում:
1.3. Ընդունելության ժամանակ երեխայի գիտելիքների ստուգում չի թույլատրվում:
1.4. ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց երեխաների ընդունելությունը կատարվում է հայերենով ուսուցմամբ դպրոցում:
Ազգային փոքրամասնությանը պատկանող քաղաքացիների երեխաների ընդունելությունը կատարվում է երեխայի ազգային լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող դպրոցում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում հայերենով ուսուցմամբ դպրոցում:
1.5. Օտարերկրյա քաղաքացիների երեխաների ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են երեխաների ծնողները կամ նրանց օրինական ներկայացուցիչները:
1.6. Տվյալ օրացուցային տարում յոթ տարին չլրացած երեխաների ընդունելությունը իրականացնում են հանրակրթական դպրոցները, մարզային բժշկամանկավարժական հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Հանձնաժողովը ստեղծվում է մարզպետի (Երևանի քաղաքապետի) կարգադրությամբ և գործում է օգոստոսի 15-ից 30-ը: (1.6-րդ կետը խմբ. 01.07.99 N 246-Մ)
1.7. Հատուկ կրթության ենթակա երեխաների ընդունելությունը հանրակրթական դպրոց կատարվում է ծնողի ցանկությամբ` ընդհանուր հիմունքներով:
1.8. Ընդունելության համար երեխայի ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) դպրոց է ներկայացնում.
- երեխայի ծննդյան վկայականի պատճենը.
- տեղեկանք երեխայի առողջության մասին (սպասարկող բուժհիմնարկից):
1.9. Երեխայի ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) դպրոցում լրացնում է առաջին դասարանցու անձնական թերթիկ:
2. Աշակերտի դպրոցից դպրոց տեղափոխումը
2.1. Միևնույն համայնքի ներսում աշակերտի տեղափոխությունը դպրոցից դպրոց կատարվում է ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ, պահպանելով 1.2. կետով նախատեսված պայմանները:
2.2. Մի համայնքի դպրոցից մյուս համայնքի դպրոց աշակերտի տեղափոխությունը կատարվում է ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ, պահպանելով 1.2. կետով նախատեսված պայմանները: Տեղափոխությունը արձանագրվում է համապատասխան մարզպետարանի կրթության բաժնում (մարզպետարանների կրթության բաժիններում):
2.3. Այլ երկրներից տեղափոխման կարգով աշակերտի ընդունելությունը հանրապետության դպրոցներ կատարվում է ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ պահպանելով 1.2. կետով նախատեսված պայմանները: Տեղափոխությունը արձանագրվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության միջնակարգ կրթության վարչությունում:
2.4. Նախկինում մինչև 7-րդ դասարանը այլ երկրների ռուսերեն ուսուցմամբ դպրոցներում անընդմեջ սովորած աշակերտները Հայաստան վերադառնալիս ստանում են իրավունք մեկ տարի ռուսերեն ուսուցմամբ դասարանում սովորելու` այդ ընթացքում հայերենի իմացությունը ապահովելու և հաջորդ ուսումնական տարվանից հայերեն ուսուցմամբ դասարան տեղափոխվելու պայմանով:
2.5. Մինչև 8-րդ և բարձր դասարանները նախկինում այլ երկրների ռուսերեն ուսուցմամբ դպրոցներում սովորած աշակերտները Հայաստան վերադառնալուց հետո իրավունք ունեն ուսումը շարունակելու ռուսերենով ուսուցմամբ դասարաններում:
2.6. Դպրոցից դպրոց տեղափոխվող աշակերտը ներկայացնում է.
- դպրոցից դպրոց տեղափոխման թերթիկ, որը լրացնում են երկու դպրոցների տնօրենները
- աշակերտի անձնական գործը
- տեղեկանք երեխայի առողջության մասին (սպասարկող բուժհիմնարկից)
- 8-ամյա կրթության վկայականի բնօրինակը (9-րդ և 10-րդ դասարանցիների դեպքում):
3. Աշակերտի ընդունելությունը ավագ դպրոցի 9-րդ դասարան
3.1. Ութամյա (հիմնական, պարտադիր) կրթության վկայական ստացած բոլոր աշակերտները իրավունք ունեն ուսումը շարունակելու ավագ դպրոցի 9-րդ դասարանում:
3.2. Ավագ դպրոցի ընդհանուր և արհեստագործական դասարաններում աշակերտի ընդունելության ժամանակ գիտելիքների ստուգում չի թույլատրվում:
3.3. Ավագ դպրոցի վարժարանային դասարաններում ընդունելությունը կատարվում է դպրոցի (վարժարանի) սահմանած և նախարարության կողմից հաստատված կարգով:
* Ընդունելությունը հատուկ և գիշերօթիկ հաստատություններում սահմանվում է առանձին կարգով
Սույն կարգը ընդունվում է ՀՀ «Լեզվի մասին» օրենքին, ՀՀ Կառավարության 1996 թ.-ի մայիսի 15-ի «ՀՀ պետական հանրակրթական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 150 որոշմանը, ՀՀ Վարչապետի 1996 թ.-ի փետրվարի 1-ի «ՀՀ Կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 36 որոշմանը համապատասխան:
(կարգը խմբ. 01.07.99 N 246-Մ)
Միջնակարգ կրթության վարչություն
Գրանցված է
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 հունիսի 1998 թ.
Պետական գրանցման թիվ 129800142