ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ 1967 թ.
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Սույն Արձանագրությանը Մասնակից Պետությունները.
Հաշվի առնելով, որ 1951 թ. հուլիսի 28-ին ժնևում ստորագրված Փախստականների Կարգավիճակին վերաբերող Համաձայնագիրը (ստորև` Համաձայնագիր) ընդգրկում է միայն այն անձանց, ովքեր փախստական են դարձել 1951 թ. հունվարի 1-ից առաջ տեղի ունեցած պատահարների հետևանքով,
Հաշվի առնելով, որ Համաձայնագրի ընդունումից հետո առաջացել են փախստականներին առնչվող նոր իրավիճակներ և որ նման փախստականներին այդ իսկ պատճառով կարող են համաձայնագրից դուրս մնալ,
Հաշվի առնելով, որ ցանկալի է, որ ըստ Համաձայնագրի սահմանման, փախստական համարվող բոլոր անձինք հավասար կարգավիճակ վայելեն, անկախ 1951 թ. հունվարի 1-ի վերջնաժամկետից, Համաձայնել են հետևյալի մասին.
ՀՈԴՎԱԾ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն Արձանագրության Անդամ Պետությունները հանձն են առնում Համաձայնագրի հոդվածներ 2-ից 34-ը ներառյալ կիրառել փախստականների հանդեպ, ինչպես սահմանված է ստորև:
2. Սույն Արձանագրության նպատակների համար «փախստական» եզրը, բացի սույն հոդվածի պարբերություն 3-ի կիրառության դեպքերից, պետք է վերաբերի ցանկացած անձի, որը բավարարում է Համաձայնագրի հոդված 1-ի սահմանմանը այն ձևակերպմամբ, եթե հոդված 1 Ա (2)-ում բաց թողնված լինեն «1951 թ. հունվարի 1-ից առաջ տեղի ունեցած պատահարների հետևանքով» և «այդպիսի երկյուղի պատճառով» բառերը:
3. Սույն արձանագրությունը Անդամ Պետությունների կողմից պետք է կիրառվի առանց որևէ աշխարհագրական սահմանափակման, բացի համաձայնագրին արդեն Մասնակից Պետությունների, ըստ Համաձայնագրի հոդված 1 Բ (1) (ա)-ի, նախկինում կատարած հայտարարությունները, որոնք, եթե ընդլայնված չեն Համաձայնագրի հոդված 1 Բ (2)-ին համապատասխան, նույնպես պետք է կիրառվեն ըստ սույն Արձանագրության:
ՀՈԴՎԱԾ II
ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՅԱԼ ԱԶԳԵՐԻ ՀԵՏ
1. Սույն Արձանագրության Անդամ Պետությունները պարտավորվում են համագործակցել Միացյալ Ազգերի Փախստականների գծով Գերագույն Հանձնակատարի Գրասենյակի կամ Միացյալ Ազգերի որևէ այլ գործակալության հետ, որն իր գործունեությամբ կփոխարինի վերջինիս, և մասնավորապես, պետք է հեշտացնեն սույն Արձանագրության դրույթների կիրառման վերահսկման վերջինիս պարտականությունները:
2. Որպեսզի Գերագույն Հանձնակատարի Գրասենյակին կամ Միացյալ Ազգերի դրան փոխարինած որևէ այլ գործակալությանը հնարավորություն տան զեկուցագիր պատրաստել Միացյալ Ազգերի իրավասու մարմինների համար, Պայմանավորվող Պետությունները պարտավորվում են համապատասխան ձևով նրանց ապահովել պահանջվող տեղեկություններով և վիճակագրական տվյալներով, որոնք վերաբերում են.
(ա) փախստականների վիճակին,
(բ) սույն Արձանագրության իրականացմանը,
(գ) փախստականներին առնչվող գործող կամ հետագայում ուժի մեջ մտցվելիք օրենքներին, կանոններին և հրամանագրերին:
ՀՈԴՎԱԾ III
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Պայմանավորվող պետությունները պետք է Միացյալ Ազգերի Գլխավոր Քարտուղարին հաղորդեն սույն Արձանագրության կիրառությունն ապահովելու համար իրենց կողմից ընդունվող օրենքների և կանոնների մասին:
ՀՈԴՎԱԾ IV
ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Սույն Արձանագրությանը Մասնակից Պետությունների միջև դրա մեկնաբանությանը կամ կիրառությանը վերաբերող ցանկացած վեճ, որը հնարավոր չէ լուծել այլ միջոցներով, վիճաբանող կողմերից ցանկացած պահանջով ուղարկվում է Միջազգային Արդարության Դատարանին:
ՀՈԴՎԱԾ V
ՄԻԱՑՈՒՄ
Սույն Արձանագրությունը միացման համար պետք է բաց լինի Համաձայնագրի Անդամ բոլոր Պետությունների, Միացյալ Ազգերի կամ վերջինիս մասնագիտացված գործակալությունների Անդամ Պետությունների, ինչպես նաև ցանկացած այլ Պետության համար, որին ստորագրելու հրավերով կդիմի Միացյալ Ազգերի Ընդհանուր ժողովը: Արձանագրությունն ուժի մեջ է մտնում միացման փաստաթուղթը Միացյալ Ազգերի Գլխավոր Քարտուղարին ի պահ հանձնելու միջոցով:
ՀՈԴՎԱԾ VI
ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ
Դաշնակցային կամ ոչ միակենտրոն Պետության դեպքում պետք է գործեն հետևյալ պայմանները.
(ա) Ինչ վերաբերում է Համաձայնագրի այն հոդվածներին, որոնք կիրառվում են սույն Արձանագրության հոդված 1-ի պարբերություն 1-ի առնչությամբ և որոնք մտնում են դաշնակցային օրենսդիր իշխանության իրավասության մեջ, Դաշնակցային Կառավարության պարտավորությունները նույնն են, ինչ դաշնակցային պետություն չհանդիսացող Մասնակիցներինը:
(բ) Ինչ վերաբերում է համաձայնագրի այն հոդվածներին, որոնք կիրառվում են սույն Արձանագրության հոդված 1-ի պարբերություն 1-ի առնչությամբ և որոնք մտնում են պետության մաս կազմող նահանգների, գավառների կամ «կանտոնների» օրենսդիր իշխանության իրավասության մեջ, որոնք ըստ դաշնակցային սահմանադրության, պարտավոր չեն համապատասխան օրենսդիր որոշումներ ընդունել, Դաշնակցային Կառավարությունը պետք է հնարավոր ամենավաղ ժամկետին նման հոդվածները նպաստավոր հանձնարարականով ներկայացնի նահանգների, գավառների կամ «կանտոնների» համապատասխան իշխանությունների ուշադրությանը:
(գ) Սույն Համաձայնագրի Մասնակից Դաշնակցային Պետությունը պետք է, ցանկացած այլ պայմանավորվող Պետության կողմից Միացյալ Ազգերի Գլխավոր Քարտուղարի միջոցով փոխանցված խնդրանքին ի պատասխան, պաշտոնական հաղորդագրություն տրամադրի Դաշնակցության և նրա բաղկացուցիչ միավորների կողմից սույն Համաձայնագրի ցանկացած պայմանի առնչությամբ օրենքի և գործողությունների վերաբերյալ, որը պետք է ցույց տա, թե ինչ չափով է այդ պայմանը, որը կիրառվում է սույն Արձանագրության հոդված 1-ի պարբերություն 1-ի առնչությամբ, իրագործվել օրենսդրական կամ այլ գործողություններով:
ՀՈԴՎԱԾ VII
ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Միացման ժամանակ ցանկացած Պետություն կարող է վերապահումներ անել սույն Արձանագրության հոդված IV-ի և սույն Արձանագրության հոդված 1-ին համապատասխան Համաձայնագրի ցանկացած հոդվածների կիրառման վերաբերյալ, բացի Համաձայնագրի հոդվածներ 1-ից, 3-ից, 4-ից, 16(1)-ից, 33-ից, պայմանով, որ Համաձայնագրի Անդամ Պետությունների պարագայում սույն հոդվածի համաձայն կատարված վերապահումները չպետք է տարածվեն այն փախստականների վրա, որոնց համար Համաձայնագիրը կիրառվում է:
2. Համաձայնագրի Անդամ Պետությունների վերապահումները, որոնք կատարվել են ըստ Համաձայնագրի հոդված 42-ի, կիրառվում են սույն Արձանագրությամբ նրանց պարտավորությունների հանդեպ, եթե ետ չեն վերցվում:
3. Սույն հոդվածի պարբերություն 1-ի համաձայն վերապահում անող պետությունը կարող է ցանկացած ժամանակ ետ վերցնել հիշյալ վերապահումը, այդ մասին Միացյալ Ազգերի Գլխավոր Քարտուղարին հասցեագրված ծանուցում հղելու միջոցով:
4. Սույն Արձանագրությանը միացած Համաձայնագրի Անդամ Պետության հայտարարությունները, որոնք կատարվել են ըստ Համաձայնագրի հոդված 40-ի պարբերություններ 1-ի և 2-րդ-ի, կիրառելի են համարվում սույն Արձանագրության վերաբերյալ, եթե միացման ժամանակ տվյալ Անդամ Պետությունը հակառակի մասին ծանուցում չի հասցեագրում Միացյալ Ազգերի Գլխավոր Քարտուղարին: Համաձայնագրի հոդված 40-ի պարբերություններ 2-րդի և 3-րդի և հոդված 44-ի պարբերություն 3-րդի դրույթները պետք է mutatis mutandis կիրառելի համարվեն սույն Արձանագրության նկատմամբ:
ՀՈԴՎԱԾ VIII
ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում միացման վեցերորդ փաստաթղթի հանձնման օրը:
2. Միացման վեցերորդ փաստաթղթի հանձնումից հետո Արձանագրությանը միացող պետությունների համար Արձանագրությունը ուժի մեջ է մտնում միացման փաստաթուղթը հիշյալ Պետության կողմից հանձնման օրը:
ՀՈԴՎԱԾ IX
ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԸ
1. Սույնի ցանկացած Անդամ Պետություն կարող է ցանկացած ժամանակ չեղյալ հայտարարել սույն Արձանագրությունը Միացյալ Ազգերի Գլխավոր Քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով:
2. Չեղյալ հայտարարումը տվյալ Անդամ Պետության համար ուժի մեջ է մտնում Միացյալ Ազգերի Գլխավոր Քարտուղարի կողմից ծանուցումը ստանալուց մեկ տարի անց:
ՀՈԴՎԱԾ X
ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ
Միացյալ Ազգերի Գլխավոր Քարտուղարի կողմից Միացյալ Ազգերի Գլխավոր Քարտուղարը տեղեկացնում է հոդված V-ում հիշատակված Պետություններին սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու ժամկետի, միացումների, վերապահումների, վերապահումները ետ վերցնելու, չեղյալ հայտարարելու, ինչպես նաև դրանց հետ կապված հայտարարությունների և ծանուցումների մասին:
ՀՈԴՎԱԾ XI
ի պահ հանձնումը միացյալ ազգերի քարտուղարության արխիվ
Սույն Արձանագրության պատճենը, որի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն շարադրանքները հավասարապես վավերական են, ստորագրված Ընդհանուր Ժողովի Նախագահի և Միացյալ Ազգերի Գլխավոր Քարտուղարի կողմից, ի պահ է հանձնվում Միացյալ Ազգերի Գլխավոր Քարտուղարության արխիվում: Գլխավոր Քարտուղարը վերջինիս վավերացված պատճենները կհանձնի Միացյալ Ազգերի բոլոր Անդամ Պետություններին և հոդված V-ում հիշատակված այլ Պետություններին: