Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-307-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.01.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.26/100(1553) Հոդ.1255
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի դեկտեմբերի 19-ին

 

«ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական հանրաքվեի մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-347-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 4-րդ մասերով.

«1.1. Կառավարության կողմից համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության դեպքում համապատասխան համայնքների բնակիչները համայնքների միավորման կամ բաժանման հարցով կարող են նախաձեռնել տեղական հանրաքվե: Համայնքի միավորման կամ բաժանման հարցով անցկացված տեղական հանրաքվեի արդյունքները կրում են խորհրդատվական բնույթ:».

 «4. Սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված տեղական հանրաքվեի դրվող հարցը ձևակերպվում է հետևյալ կերպ. «Համաձա՞յն եք …. (նշվում են Կառավարության ներկայացրած նախագծում ներառված բոլոր համայնքների անվանումները) համայնքների միավորմանը (բաժանմանը):»:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

 «2. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքում տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունեն տվյալ համայնքում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող մինչև նախաձեռնության գրանցման օրը տասնութ տարին լրացած անձինք:»:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին հոդվածով.

 

 «7.1. Համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության դեպքում համայնքի բնակիչների կողմից հարցը տեղական հանրաքվեի դնելու կարգը

 

1. Համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության դեպքում Կառավարության լիազոր պետական մարմինը պաշտոնապես ծանուցում է համապատասխան համայնքների ղեկավարներին:

2. Լիազոր պետական մարմնի ծանուցելուց հետո համայնքների ղեկավարները եռօրյա ժամկետում իրազեկում են համապատասխան համայնքների բնակիչներին համայնքի ավագանու նստավայրում, ինչպես նաև այն վայրերում, որոնք մատչելի են համայնքի յուրաքանչյուր մասի բնակչի համար (առնվազն մեկ տեղ յուրաքանչյուր հինգ հարյուր բնակչի համար), ծանուցումը փակցնելու և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու միջոցով:

3. Սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցված նախաձեռնող խումբը դիմում է համայնքի ղեկավարին` համայնքի բյուջեում տեղական հանրաքվե նախապատրաստելու և անցկացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության կամ օրենքով չարգելված այլ ֆինանսական միջոցներ ներգրավելու հնարավորության վերաբերյալ հարցմամբ:

4. Հարցումն ստանալուց հետո համայնքի ղեկավարը երեք աշխատանքային օրվա ընթացքում դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով և ոստիկանություն՝ համայնքում տեղական հանրաքվե նախապատրաստելու և անցկացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափի վերաբերյալ հարցմամբ:

5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված մարմինները երեք աշխատանքային օրվա ընթացքում համայնքի ղեկավարին տրամադրում են անհրաժեշտ տեղեկատվությունը:

6. Տեղեկատվությունն ստանալուց հետո համայնքի ղեկավարը հինգ աշխատանքային օրվա ընթացքում նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչին տրամադրում է տեղական հանրաքվե նախապատրաստելու և անցկացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության կամ դրանց բացակայության վերաբերյալ տեղեկանք:

7. Անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության վերաբերյալ տեղեկանք ստանալու դեպքում նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը նախաձեռնում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հարցի վերաբերյալ նախաձեռնությանը միանալու ստորագրահավաք:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված նախաձեռնությանը տվյալ համայնքում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց առնվազն 20 տոկոսի միանալու դեպքում նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը դիմում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված համապատասխան ընտրական հանձնաժողով՝ ստորագրությունների վավերականությունը հաստատելու համար:»:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «7-րդ» բառից հետո լրացնել «7.1-ին» բառով.

2) 1-ին մասը «հակասում է օրենքին» բառերից հետո լրացնել «, կամ չեն տրամադրվել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ» բառերով.

3) 3-րդ մասը «որոշումն ընդունելուց» բառերից հետո լրացնել «կամ նախաձեռնող խմբի կողմից հավաքված և անհրաժեշտ քանակի ստորագրությունների վավերականության հաստատման մասին համապատասխան ընտրական հանձնաժողովի որոշումն ստանալուց» բառերով.

4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշումը և տեղական հանրաքվե նախապատրաստելու և անցկացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների տրամադրումը հավաստող փաստաթղթերը համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով կամ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով: Ներկայացված փաստաթղթերի թերի լինելու դեպքում համապատասխան ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տալիս դրանք լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում փաստաթղթերը չլրացնելու դեպքում ներկայացված փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կամ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի գրությամբ վերադարձվում են համայնքի ղեկավարին:».

5) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1 Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված հարցի նախաձեռնության դեպքում նախաձեռնող խումբը գրանցման համար կարող է դիմել սույն օրենքի 7.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով համայնքի ղեկավարի իրազեկելուց հետո՝ հնգօրյա ժամկետում:».

2) 17-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Նախաձեռնող խումբն ստորագրություններ հավաքելու գործընթացը կազմակերպում է գրանցվելուց հետո՝

1) 60 օրվա ընթացքում.

2) սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում՝ 90 օրվա ընթացքում.

3) սույն օրենքի 7.1-ին հոդվածով սահմանված դեպքում՝ 30 օրվա ընթացքում:»:

 

Հոդված 6. Օրենքի 30-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

 «5) իսկ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հարցով անցկացված տեղական հանրաքվեի դեպքում՝ տեղական հանրաքվեն կայացած համարելու մասին:».

 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

 «2.1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հարցով անցկացված տեղական հանրաքվեն համարվում է կայացած, եթե դրան մասնակցել է ոչ պակաս, քան տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց 50 տոկոսը:»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2019 թ. դեկտեմբերի 26

Երևան

ՀՕ-307-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան