Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-28-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.06.2014-01.07.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.06.18/31(1044) Հոդ.472
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.05.2014
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.06.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի մայիսի 19-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 6-րդ հոդվածում`

 

1) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25) քննիչ` քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, ազգային անվտանգության, հարկային կամ մաքսային մարմինների պաշտոնատար անձ, որն իր իրավասության սահմաններում քրեական գործով կատարում է նախաքննություն.».

2) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26) քննչական բաժնի պետ` քննչական կոմիտեի նախագահը և նրա տեղակալները, հատուկ քննչական ծառայության պետը և նրա տեղակալները, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, ազգային անվտանգության, հարկային կամ մաքսային մարմինների քննչական վարչության, բաժնի, բաժանմունքի պետը և նրա տեղակալները, որոնք գործում են իրենց իրավասության սահմաններում.».

3) 26.2-րդ կետի «պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի քննիչները» բառերը փոխարինել «քննչական կոմիտեի ծառայողները» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 189-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Քրեական գործերով նախաքննություն կատարում են քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, ազգային անվտանգության հարկային և մաքսային մարմինների քննիչները:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 190-րդ հոդվածում`

 

1) 1-ին և 2-րդ մասերի «ոստիկանության», իսկ 5-րդ մասի «պաշտպանության նախարարության» բառերը փոխարինել «քննչական կոմիտեի» բառերով.

2) 6-րդ մասի երկրորդ պարբերությունը «որպես տուժող» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ցանկացած այլ քրեական գործ, եթե դրա փաստական հանգամանքներով պայմանավորված` առկա է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտություն» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Նախաքննությունը հատուկ քննչական ծառայության ծառայողների` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:».

4) 8-րդ մասը «հանցագործությունը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ և 6.1-ին մասերում նշված անձանց կատարած հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի» բառերով.

5) 10-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«10. Այս կարգը չի տարածվում սույն հոդվածի 6-րդ և 6.1-ին մասերով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի վրա, որոնցից 6-րդ մասով նախատեսված քրեական գործերի նախաքննությունը կատարում են բացառապես հատուկ քննչական ծառայության քննիչները, իսկ 6.1-ին մասով նախատեսված քրեական գործերի նախաքննությունը կատարում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննիչները:».

6) 10-րդ մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենսգրքի 193-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի 1-ին կետը «հանձնարարում է» և «գործը» բառերից հետո լրացնել «իրեն ենթակա» բառերով.

2) 1-ին մասի 2-րդ կետը «հետևում է» բառերից հետո լրացնել «իրեն անմիջականորեն ենթակա» բառերով.

3) 1-ին մասի 3-րդ կետը «ցուցումներ» բառից առաջ լրացնել «իրեն անմիջականորեն ենթակա քննիչներին» բառերով, իսկ «առանձին» բառից առաջ լրացնել «իրենց վարույթում գտնվող քրեական գործերով» բառերով.

4) 1-ին մասի 4-րդ կետը «հանձնարարում է» բառերից հետո լրացնել «իրեն ենթակա» բառերով.

5) 2-րդ մասը «մասնակցել» բառից հետո լրացնել «իրեն անմիջականորեն ենթակա» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 193.1-ին հոդվածով.

 

«Հոդված 193.1. Քրեադատավարական վերադասությունը նախաքննության մարմնում

 

1. Քննչական բաժնի պետը իրեն անմիջականորեն ենթակա քննիչի անմիջական վերադասն է:

2. Նախաքննության մարմնի ղեկավարի տեղակալի անմիջական վերադասը նախաքննության տվյալ մարմնի ղեկավարն է:

3. Նախաքննության մարմնի որևէ ստորաբաժանման կազմում չգտնվող ստորաբաժանման պետի անմիջական վերադասը նախաքննության մարմնի ղեկավարն է կամ նրա այն տեղակալը, որի համակարգման ներքո է տվյալ ստորաբաժանումը:

4. Նախաքննության մարմնի ստորաբաժանման պետի տեղակալի անմիջական վերադասը տվյալ ստորաբաժանման պետն է:

5. Նախաքննության մարմնի ստորաբաժանման պետի որևէ տեղակալի համակարգման ներքո չգտնվող ենթաստորաբաժանման պետի անմիջական վերադասը տվյալ ստորաբաժանման պետն է:

6. Նախաքննության մարմնի ստորաբաժանման պետի տեղակալի համակարգման ներքո գտնվող ենթաստորաբաժանման պետի անմիջական վերադասը ստորաբաժանման պետի տվյալ տեղակալն է:

7. Նախաքննության մարմնի` ենթաստորաբաժանում չունեցող ստորաբաժանման պետի տեղակալի համակարգման ներքո գտնվող քննիչների անմիջական վերադասը տվյալ տեղակալն է, իսկ այդ ստորաբաժանման մյուս քննիչների անմիջական վերադասը տվյալ ստորաբաժանման պետն է:

8. Նախաքննության մարմնի ղեկավարին կամ դրա որևէ ստորաբաժանման պետին առընթեր քննիչների անմիջական վերադասը նախաքննության տվյալ մարմնի ղեկավարն է կամ դրա համապատասխան ստորաբաժանման պետը:

9. Քննիչը տվյալ վարույթի շրջանակներում ունի մեկ անմիջական վերադաս:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Մինչև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում նշանակվելը ոստիկանության և պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի քննիչները, քննչական վարչության, բաժնի, բաժանմունքի պետերը և նրանց տեղակալները Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի իմաստով համարվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քննիչներ, քննչական վարչության, բաժնի, բաժանմունքի պետեր և նրանց տեղակալներ:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. հունիսի 10

Երևան

ՀՕ-28-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան