Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(2002 թվականի համաձայնություն)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը,
ելնելով Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև առկա բարեկամական հարաբերություններից,
կամենալով ամրապնդել և խորացնել առկա բարեկամական հարաբերությունները գործընկերային ֆինանսական համագործակցության միջոցով,
գիտակցելով, որ այդ հարաբերությունների պահպանումը սույն Համաձայնագրի հիմքն է կազմում,
մտադրություն ունենալով նպաստել Հայաստանի Հանրապետության սոցիալական և տնտեսական զարգացմանը,
վկայակոչելով 2002 թ. ապրիլի 22-ից մինչև 23-ը Երևանում կայացած միջկառավարական խորհրդակցությունների արդյունքների արձանագրությունը,
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
1) Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը հնարավորություն է ընձեռում Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ երկու կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ դրամաշնորհ ընդունողներին Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկից (KfW) ստանալ`
1. մինչև 3.834.689,11 (բառերով` երեք միլիոն ութ հարյուր երեսունչորս հազար վեց հարյուր ութսունինը եվրո տասնմեկ ցենտ) ընդհանուր գումարի դրամաշնորհ` «Հարավային Կովկաս - Հայաստան. տարածաշրջանային վարկային երաշխիքների հիմնադրամ» ծրագրի իրականացման համար, եթե ծրագրի իրականացմանը նախորդող ուսումնասիրությամբ հավաստվել է, որ ծրագիրը խրախուսման արժանի է, ինչպես նաև` որ այն, որպես միջին ձեռնարկությունների համար ստեղծվող վարկային երաշխիքների հիմնադրամ, համապատասխանում է դրամաշնորհի միջոցով վերջիններիս խթանմանը ներկայացվող հատուկ պահանջներին.
2. մինչև 511.291,88 (բառերով` հինգ հարյուր տասնմեկ հազար երկու հարյուր իննսունմեկ եվրո ութսունութ ցենտ) ընդհանուր գումարի դրամաշնորհ` վարկային երաշխիքների հիմնադրամ ծրագրի իրականացման և սպասարկման համար անհրաժեշտ հարակից միջոցառումների իրականացման համար, եթե ծրագրի իրականացմանը նախորդող ուսումնասիրությամբ հավաստվել է, որ ծրագիրը խրախուսման արժանի է, ինչպես նաև` որ այն, որպես միջին ձեռնարկությունների համար ստեղծվող վարկային երաշխիքների հիմնադրամ, համապատասխանում է դրամաշնորհի միջոցով վերջիններիս խթանմանը ներկայացվող հատուկ պահանջներին:
2) Ծրագրի նպատակն է երաշխիքային հիմնադրամի միջոցով տեղական բանկերի համար մոբիլիզացնել փոխատվական միջոցներ, որպեսզի ապահովվի փոքր և միջին ձեռնարկությունների համար փոխատվական միջոցների շուկայի երկարաժամկետ մատչելիությունը:
3) Եթե սույն հոդվածի 1-ին կետում նշված ծրագրի համապատասխանությունը ներկայացվող պահանջներին չի հավաստվում, ապա Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը հնարավորություն է ընձեռում Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերոնշյալ ծրագրի իրականացման համար Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկից (KfW) նշված դրամաշնորհի չափով վարկ ստանալ:
4) Սույն հոդվածի 1-ին կետում նշված ծրագիրը կարող է, Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների փոխադարձ համաձայնությամբ, փոխարինվել այլ նախագծերով: Եթե սույն հոդվածի 1-ին կետում նշված ծրագիրը փոխարինվում է շրջակա միջավայրի պահպանության, սոցիալական ենթակառուցվածքների բարելավման, միջին ձեռնարկությունների համար վարկային երաշխիքների հիմնադրամի ստեղծման ծրագրերով կամ կանանց հասարակական դիրքի ամրապնդմանը, աղքատության նվազեցման ծրագրի շրջանակներում ինքնօգնության կազմակերպմանը նպատակաուղղված միջոցառումներով, որոնք համապատասխանում են դրամաշնորհի տրամադրման միջոցով վերջիններիս խրախուսմանը ներկայացվող հատուկ պահանջներին, ապա կարող է տրամադրվել դրամաշնորհ, հակառակ դեպքում կտրամադրվի վարկ:
5) Եթե Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը հնարավորություն է ընձեռում հետագայում ևս Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկից (KfW) վարկեր կամ դրամաշնորհներ ստանալ սույն հոդվածի 1-ին կետում նշված ծրագրի նախապատրաստման նպատակով կամ այլ դրամաշնորհներ ստանալ նախագծերի իրականացման և սպասարկման նպատակով ձեռնարկվող հարակից միջոցառումների համար, ապա վերջիններիս նկատմամբ կիրառվում է սույն Համաձայնագիրը:
6) Այն դեպքերում, եթե սույն Համաձայնագրի սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում և 5-րդ կետում նշված նախապատրաստական և հարակից միջոցառումների համար հատկացվող դրամաշնորհները վերոնշյալ միջոցառումների իրականացման նպատակով չեն օգտագործվում, ապա փոխարկվում են վարկի:
Հոդված 2
1) Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված գումարների օգտագործումը, վերջիններիս տրամադրման պայմանները, ինչպես նաև կապալ տալու կարգը սահմանվում են Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկի (KfW) և վարկառուների միջև հետագայում կնքվելիք պայմանագրերով, որոնք ենթակա են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող իրավական նորմերին:
Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետում նշված գումարների տրամադրման վերաբերյալ համաձայնությունն անվավեր է համարվում, եթե տրամադրման տարվանից սկսած` 8 տարվա ընթացքում վարկի տրամադրման (ֆինանսավորման) մասին համապատասխան պայմանագրեր չեն կնքվում:
Վերոնշյալ գումարների համար ժամկետը լրանում է 2010 թվականի դեկտեմբերի 31-ին:
2) Այն դեպքերում, երբ դրամաշնորհներն ընդունողը Հայաստանի Հանրապետության կառավարությունը չէ, ապա վերջինս երաշխավորում է, որ սույն հոդվածի առաջին կետի համաձայն հետագայում կնքվելիք պայմանագրերի հիման վրա վերադարձման պահանջի ներկայացման դեպքում տրամադրված դրամաշնորհների գումարները կվերադարձվեն Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկին (KfW):
Հոդված 3
Վերականգնման վարկերի բանկը (KfW) ազատվում է այն բոլոր հարկերից և պետական այլ վճարումներից, որոնք կապված են Հայաստանի Հանրապետությունում սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում հիշատակված պայմանագրերի կնքման և իրականացման հետ:
Վերոհիշյալ հարկերից և պետական այլ վճարումներից ազատվում են ծրագիրը իրականացնող կազմակերպությունները և ծրագրի իրականացման նպատակով անմիջականորեն ծրագիրը իրականացնող կազմակերպությունների հետ պայմանագիր կնքած կազմակերպությունները:
Հոդված 4
Վարկերի, ինչպես նաև դրամաշնորհների տրամադրումից բխող` ցամաքով, ջրով և օդով իրականացվող մարդկանց և ապրանքների փոխադրումների պարագայում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ուղևորներին և առաքողներին փոխադրող ընկերությունների ընտրության ազատություն է ընձեռում, չի ձեռնարկում այնպիսի միջոցառումներ, որոնք բացառում կամ խոչընդոտում են իրենց նստավայրը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում հաստատած փոխադրող ձեռնարկությունների իրավահավասար մասնակցությունը փոխադրումների իրականացմանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այդ ընկերությունների մասնակցությունն արտոնող թույլտվություններ է տալիս:
Հոդված 5
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում այն օրվանից, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությանը ծանուցում է Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված ներպետական ընթացակարգերի կատարման ավարտի մասին: Հիմք է ընդունվում ծանուցման ստացման օրը:
Կատարված է Բեռլին քաղաքում 2003 թվականի հունվարի 14-ին` երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և գերմաներեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2003 թվականի հոկտեմբերի 24-ից:
